Ա․Է․
Jul 28, 2017 · 1 min read
Դու գիտես ինձ բուժել,
Ներխուժել խոռոչները հոգուս,
Դու վերքերս նորից պատռված
Ներծծվող թելերով ես կարում։
Սատանա,
Դու հետին մտքերն իմ գիտես
Դպրոցում սովորած երգի պես,
Դարանած, չսպանած մի հրեշ
Դեռ կրակ է շնչում մեր մեջ։
Ինչ զարդեր եմ կրում ես այսօր,
Ինչ շորեր է սրտիս հագին,
Անիծյալ, տառ առ տառ գիտես,
Ամեն ինչ արել ես անգիր։
Պարզ է, մինչ դեղն հորինել,
Պետք է նախ հորինել մի ախտ,
Բայց ինչու՞, ինձ ասա, ես դարձա
Միակ փորձարկման առարկադ։
Եվ ինչու՞ քանի կանք, տականք,
Եռակցել են, ասես, ինձ ու քեզ,
Իմ դաժան, իմ խուժան աստված,
Իմ ամուլ, շնացած երկրորդ ես։


