Կյանք, չկրակես, ախր անզեն եմ
Jul 21, 2017 · 1 min read
Կյանք, չկրակես, ախր անզեն եմ,
Կյանք, գուցե խաղա՞ս խղճիդ դեբյուտը,
Հարբում ես, ախր, երբ շատ ես խմում
Երակներիս մեջ հոսող էս հյութը:
Համառ ես հաստատ, ինձնից էլ համառ՝
Չես ուզում փոխել քո հին դրվածքը,
Ու ցուցադրաբար՝ մոմած պարանիդ,
Կախում ես հոգուս խոնավ լվացքը:
Ինչու՞ ես կապտած տեղերիս խփում,
Ինչու՞ ես բացում նոր փակված վերքը,
Կյանք, ընկածներին չեն խփում, ախր,
Կյանք, ընկածներին մեկնում են ձեռքը:


