Հիմարների տներն ավելի մեծ են

#1 Սեդա Հախվերդյան

Երկուշաբթի առավոտյան, ինչպես ընդունված էր իր շրջապատի կանանց մոտ, տիկին Հախվերդյանն ամուսնու նախաճաշը ննջասենյակ էր տարել` երկու խաշած և նախօրոք մաքրած ձու, լոլիկով ու սոխով աղցան, պանիր ու, թեև Վրեժը փորձում էր խուսափել սպիտակ հաց ուտելուց, նաև երկու կտոր սպիտակ հաց՝ ամեն ինչ մեկ մեծ ափսեի մեջ, որպեսզի ողջ օրվա ընթացքում խիստ կարևոր որոշումներով ծանրաբեռնված նախագահի առջև ևս մեկ որոշում ընդունելու անհրաժեշտություն չառաջանա՝ ուտում է ամեն ինչ, ասես մեկ ուտեստ, ու բարի ճանապարհ։ Երկրին պետք չէ նախագահ, ով առավոտյան արդեն իսկ բարդությամբ է ընտրություն կատարում աղցանի և սպիտակ հացի միջև. նախաճաշը մի քանի ափսեում մատուցելը Բարբարա Բուշի հիմնական սխալն էր։ Պաշտոնական շրջանակներում բամբասանքներ էին պտտվում, որ վերջինս նաև հաճախ մոռանում էր սեղանին անձեռոցիկ դնել. հագուստն ուշացումով լվացքատուն ուղարկելու հետ մեկտեղ, դա իսկական աղետ էր։ Ամուսինն, ասում են, այդպես էլ յուղոտ տաբատով էր աշխատանքի գնում։ Ինչ-ինչ, բայց այդ հարցերում Բարբարան տիկին Սեդայից սովորելու շատ բան ունի։ Ահա նա՝ արթնացել է վեցն անց կես, կարգի բերել իրեն, սրճել խոհարարի հետ, թերթել բոլոր այն թերթերը, որտեղ ամուսնու երեսին ցեխ չեն շպրտում (միևնույն է, մանկուց ռուսերեն էր կարդում), ընտրել նախագահի այդ օրվա հագուստը, թողել այն ննջասենյակում, նույն խոհարարի օգնությամբ (ինչ էին առանց նրա անելու) նախաճաշ պատրաստել, ու յոթն անց կես արդեն պատրաստ է հրաժեշտից առաջ ժպտալ, երեսուն տարվա ամուսնությունից հետո անգամ համբուրել ամուսնուն, մաղթանքի տակ քողարկված մի քանի խորհուրդ տալ, որպեսզի աշխատանքային օրվա ընթացքում նա իրեն միայնակ չզգա ու նոր պառկել մարդավարի քնելու։

Դա տեղի ունեցավ, երբ Վրեժը լոգարանում էր։ Բակից երեխայի ձայն լսվեց, Սեդան զարմացավ՝ իրենց զավակներն արդեն երեխաներ չեն, նրանց զավակներն էլ, դժվար է հավատալ, բայց նույնպես վաղուց երեխայի պես չեն հնչում։ Մոտենում էր պատուհանին, տեսներ, թե ով է ու ահա, հենց այդ պահին էլ, պատուհանից մի քանի քայլ այն կողմ կանգնած՝ տեսավ Քրիստոսին՝ սպիտակ զգեստով, երկար մազերով, համարյա այնպիսին, ինչպիսին գրքերում են նկարում, միայն առանց մորուքի, ասես նոր սափրված (տեր Աստված, մտածեց, ներիր, որ քո որդուն սափրված համարեցի, եթե դա մեղք է)։ Սեդան ձեռքը սրտին դրեց, Քրիստոսը ժպտաց։ Սեդան քիչ էր մնում խաչակնքվեր, բայց պահի տակ հավաքեց իրեն, որոշեց չհիշեցնել մարդուն հին վերքերը, ու (հետագայում նա դրա համար ամոթից գետինն է մտնելու) կիսատ-պռատ արտասանեց․ «Քրիստոս, դու՞…»։ Քրիստոսն էլ ձեռքը լոգարանի կողմ պարզեց, ոչինչ չարտասանեց, բայց ասաց Սեդային, թե գնա ու դուռը դրսից կողպիր, թող ամուսինդ ներսում մնա։ Առաջին տիկինը պատրաստ էր երդվել, որ ում-ում, բայց Աստծո խոսքը նա հստակ էր լսում։ Վախենում էր շուռ գալ ու կորցնել Քրիստոսին, բայց էլ ավելի վախեցավ կորցնել նրան, եթե չշրջվի։ Գնաց ու կողպեց դուռը՝ թող այդպես էլ լինի։ Շրջվեց, ու Քրիստոսն արդեն չկար, նստեց առաջին պատահած աթոռին, վերջապես հանգիստ խաչակնքվեց ու սկսեց լաց լինել՝ այնքան բան էր պատահել այդ րոպեի ընթացքում, մինչև չարտասվեր, չէր կարող սթափվել։ Իսկ երբ գիտակցությունը վերադարձավ, Վրեժն արդեն համարյա կոտրում էր լոգարանի դուռը։ Այն գուցե և կոտրվեր, եթե ներսում չլիներ ՀՀ նախագահը։ Այդ հարցում Վրեժի բախտն, իհարկե, չէր բերել։

֊ Վրեժիկ, թող բացատրեմ, — Սեդան աթոռը լոգարանի դռան մոտ էր դրել ու սպասում էր, մինչև ամուսինն հանգստանա, — Աստված ոչ անի կաթված ստանաս, անցած անգամ, հիշու՞մ ես, ինչ հրաշքով խուսափեցիր։ Հրաշքով, Վրեժիկ, հրաշքով։
- Դուռը, Սեդա։
- Չես հավատում, բայց հրաշքով, Վրեժիկ, Աստծո կամոք։
- Դուրս եմ գալու, Սեդա, դու մի մոռացիր։
- Ասում եմ քեզ, Աստծո կամոք ես ողջ։ Հավատաս, թե՝ չէ, Քրիստոսն էր, Վրեժիկ։ Ինքն էր, որ կար։ Ասեց՝ փակիր դուռը։ Գնա, Սեդա ջան, ու փակիր։ Դու՛ ասա, ի՞նչ անեի։ Բա եթե իրո՞ք Քրիստոսը լիներ։ Թող Աստված կասկածներս ների, բայց ինձ էլ էր դժվար հավատալ, որ իրական Քրիստոսն էր, Վրեժիկ, ես էլ դժվար հավատացի։
Լոգարանում լռություն էր։
- Ճիշտ, թե սխալ, Աստծո խոսքն եմ կատարել։ Աստծո կամքը, Վրեժիկ։ Քո խնդիրներից խուսափելու համար ինձ իմ Աստծուց մի հեռացրու։ Ուզես, թե չուզես, պիտի անեմ այն, ինչ պիտի անեմ։ Ասաց փակիր, փակել եմ։ Արի սպասենք մի քիչ, Վրեժիկ։ Ո՞վ գիտի՝ կգա էլի, մի բան էլ կասի, կամ նշան կանի։ Քեզ նեղության մեջ չի թողել ու չի թողնի։ Սպասենք, տեսնենք, թե ինչ կլինի։ Վրեժի՞կ։
Ներում առաջվա պես լուռ էր։
- Վրե՞ժ։
Վերջ, մտածեց, ամուսնուս հենց նոր սպանեցի, ՀՀ նախագահին էլ հետը։ Կգան հիմա շտապօգնությունից, դիակը կհանեն լոգարանից, ես էլ մեղքս թաքցնելու համար ևս մեկ մեղք կգործեմ՝ կխաբեմ, թե երկար ժամանակ դուրս չէր գալիս, բացեցի դուռը ու տեսա, որ հատակին ընկած է, այդպես էլ, Քրիստոսի ձայնը լսելով, միանգամից երկու մեղք կգործեմ։ Ցանկացավ բացել դուռը, հետո սթափվեց՝ Քրիստոսի կամքը ճշմարիտն է, այդ ինքն է կասկածում։ Աստված ասաց, որ դուռը պիտի փակվի, ուրեմն այն փակ էլ պիտի մնա։
- Սեդա՜, — լսվեց մի քանի րոպե անց, — Սեդա, քեզ բերողի գերեզմանը քանդեն, այ թուրք ասկյար։
Ու Սեդան թևեր առավ, քարը սրտից ընկավ ու պարզվեց, որ հենց այդ քարն էլ իրեն գետնին պինդ կանգնած էր պահում։ Քրիստոսին լսեց ու չսխալվեց։ Փաստորեն առաջին անգամ էլ չէր սխալվել։ Ուրեմն իսկապես պետք էր նախագահին լոգարանում փակել, ուրեմն կա դրա պատճառը։
- Երեսուն տարի հաշտ ենք ապրել, Վրեժիկ, ինձնից նման բան չես տեսել։ Ոչ գիժ եմ եղել, ոչ խանդոտ, ոչ խառնվել եմ քո գործերին, ոչ հարցեր տվել։ Խորանի առաջ ասել էի, որ հնազանդ եմ լինելու, ու հնազանդ էի։ Եթե հիմա, կյանքումս առաջին անգամ, հիմար բան եմ անում, առաջին անգամ քո դեմ եմ դուրս գալիս, առաջին անգամ իմ կամքն եմ թելադրում քեզ, խնդրում եմ, թույլ տուր, որ անեմ դա, չըմբոստանաս, իմ դեմ դուրս չգաս, ուղղակի կյանքում առաջին ու, հնարավոր է, վերջին անգամ էլ դու ինձ ենթարկվիր։
- Ու մնամ զուգարանու՞մ, Սեդա։
- Դուք՝ տղամարդիկդ, չափից դուրս վատատես եք, Վրեժիկ՝ լոգարանում մնա։

Սեդային թվաց, թե ամուսինը ծիծաղեց։ Նախկինում նրա՝ հիմար իրավիճակում ծիծաղելու ունակությունը միայն բարկացնում էր առաջին տիկնոջը, բայց այժմ, երկուսի համար բարդ այդ պահին, Սեդային միայն դա էր սփոփում՝ որքան էլ որ իր պատճառով տառապի ամուսինը, հումորի զգացումը նա չի կորցնում, ուրեմն դեռ կդիմանա։ Ինչ-որ ժամանակ գոնե՝ քանի դեռ Քրիստոսից լուրեր չկան։
Զանգեց աշխատավայր, տեղեկացրեց, որ նախագահն այնքան հիվանդ է, որ աշխատանքի չի կարող ներկայանալ, փոխանցեց Վրեժին շուտափույթ ապաքինման մաղթանքներն ու այն, որ բոլորը սպասում են նրա հրամաններին։ Ստեց, թե ամուսինը լրիվ կորցրել է ձայնն ու ի վիճակի չէ խոսել փոխնախագահի հետ, փոխանցեց, որ նախագահը կարգադրում է աշխատել այնպես, ինչպես նախկինում, ասես ինքն իր սենյակում նստած է, բոլոր փաստաթղթերն ուղարկել տուն, անհրաժեշտության դեպքում զանգահարել տիկնոջը։ Սպասարկող անձնակազմին խաբեց, թե նախագահի քթին այնպիսի պզուկ է եղել, որ նա չի ցանկանում որևէ մեկին տեսնել, իրականում հիվանդ չէ, բայց ամաչում է աշխատանքի գնալ ու, մինչև պզուկից ազատվելը, պիտի սենյակում ճաշի։ Բոլորին պատմած ստերը պատմեց նախագահին, ներողություն խնդրեց, որ նրան հիմար իրավիճակի մեջ է դրել, հիշեցրեց, որ որևէ մեկը չի համարձակվի նրա հետ այդ պզուկի մասին խոսել, արժանացավ ամուսնու գովեստին՝ ստի հանդեպ մասնագիտական մոտեցում ցուցաբերելու համար, նոր բացահայտված ունակության համար նաև նախագահի մամլո քարտուղարի պաշտոնը զբաղեցնելու առաջարկ ստացավ, մերժեց այն՝ նշելով, որ առաջին տիկինն իր թեկնածությանը դեմ կլինի (խանդի պատճառով, իհարկե՝ ամուսնու հետ չպիտի այդպիսի հմայիչ կին աշխատի), դռան տակից փոխանցեց առավոտյան իր թերթած թերթերը, բարի ժամանց մաղթեց, խոստացավ, որ նրան առանց նախաճաշի թողնելը կփոխհատուցի ավելի համեղ ճաշով ու իջավ ընտանիքի հետ նախաճաշելու։
- Պզու՞կ, — քմծիծաղ տալով համարյա բղավեց դուստրը ու նայեց սեղանի հակառակ կողմում նստած իր ամուսնուն։
Ասես այդ պզուկն ամենատարօրինակ բանն էր, ինչ կարող էր պատահել հոր հետ։ Հնարավոր չէ, չի լինում նման բան։ Նախագահի քթի՞ն։
- Որևէ մեկս ապահովագրված չենք, — փորձեց խոսակցությունն ավելի լուրջ հունով տանել Սեդան՝ հայացքն իր ձվածեղից չկտրելով, — Ասաց, որ չանհանգստացնենք։ Դուք նրան այդ տեսքով չեք տեսել ու չեք տեսնի։
- Գնամ պապիկի մոտ, — աթոռից վեր կացավ թոռը։
- Վրե՜ժ, — հոր ձայնն, ու նա նորից աթոռին էր։
- Մինչև դա չանցնի, — Սեդան ձևացրեց, թե դա այնքան ամոթալի է, որ այլևս հենց «դա» էլ կոչվելու է, — աշխատանքի չի գնա։ Ճաշն էլ սենյակ կբարձրացնեմ։
- Հազար տեսակ քսուկ կա, այլ միջոցներ, մամ…․
- Ողջ նախաճաշի ընթացքում այդ մասին խոսելն էլ մի բան չէ։ Դրանից միայն ախորժակներս կփակվի։
- Իսկ ես Անիմուսի օգնությամբ հետագայում ետ կգամ այս օր ու կտեսնեմ, թե պապիկին ինչ էր պատահել։ Չեք թողնում բարձրանամ, մի թողեք։ Միևնույն է տեսնելու եմ նրան։
- Անգամ չեմ ուզում իմանալ, թե ինչ ասացիր։ Վախենում եմ` մարդու անատոմիայի մասին պատկերացումներս դրանից հետո գլխիվայր շուռ գան։
- Անիմուսի, մամ, դրանով խաղի հերոսներն են գնում անցյալ։
- Ի՜նչ ես ասում։
- Տատ, տամպլիերների նախնիների ետևից են գնում, ձեր ժամանակ նման բաներ դեռ չկային։
- Կանացի հիգենիկ միջոցներ միշտ էլ եղել են, սիրելիս։ Առավել ևս` դրանց նախնիները։
- Տատիկի հումորի զգացումն հասկանալի պատճառներով այսօր ակտիվացել է, տղաս, նախաճաշդ վերջացրու, ֊ թեման փորձեց փակել դուստրը։
- Ասում ես այդ տամպլիերները միայն անցյա՞լ են գնում, ֊ հետաքրքրվեց առաջին տիկինը։
- Տամպլիերները ոչ մի տեղ էլ չեն գնում, ասասիններն են գնում նրանց ետևից։ Ու հա, միայն անցյալ են գնում։
- Իսկ ապագա, ասում ես, հնարավոր չէ, հա՞։
- Չգիտեմ։
- Ուզում ես տեսնել, թե ինչ կլինի այս երկրին, եթե հայրիկի պզուկը մի քանի օր անց չանհետանա՞։
- Նույնիսկ չեմ ուզում այդ մասին մտածել, քաղցրս։ Վախենում եմ պարզել, որ այդ պզուկը լավագույնն է, ինչ պատահել է այս երկրի հետ։ Պարզապես հետաքրքիր կլիներ, եթե անցյալից ինչ-որ մեկն այցելեր մեզ։ Բոլորիս հայտնի մեկը։ Չգիտեմ։
- Գոհար տատիկն, օրինակ։ Պատկերացնում ես՝ ինչքան կծիծաղեցներ մեզ։ Աստված իմ, ոնց էինք փակում մեր ականջները, երբ անպարկեշտ բառ էր ասում, հիշու՞մ ես։ Հիմա որ գար, էլ չէի փակի, ու ոչ էլ կամաչեի ծիծաղել։ Կամ հակառակը՝ Սամվել պապիկը գար։
- Գոհար տատիկի հակառակը Սամվել պապիկը չէ, աղջիկս։ Երբ ասում էի՝ բոլորիս հայտնի մեկը, հենց Գոհար տատիկի հակառակին էլ նկատի ունեի։
- Միայն չասեք, թե տեր Աստված, — խոսակցությանը միջամտեց փեսան։
Դուստրը նորից սկսեց ծիծաղել, փեսան, ինքն իր ասածից գոհ՝ նույնպես։ Իսկ Սեդային թվաց, թե իրեն բռնեցրել են ինչ-որ անհարմար պահի։ Դե արի ու ասա այս մարդկանց, որ հենց տեր Աստծուն էլ նկատի ունեիր, ու որ վերջինիս կամքը կատարելով՝ մեկ ժամում հասցրիր այնքան սուտ ասել, որքան տեսախցիկի առաջ ես ասել ամուսնուդ պաշտոնավարման յոթ տարիների ընթացքում միասին վերցրած։ Ու այդպես՝ ստի ճամփան բռնած էլ ճշմարտության ուղով է գնում։ Արդեն չգիտի էլ, թե ինչի համար հետագայում պիտի Աստծուց ներողություն խնդրի, իսկ ինչի համար՝ ոչ։ Ու դեռ որքան պիտի շարունակի ենթարկվել Քրիստոսի կամքին, եթե վերջինիցս նորություններ այլևս չլինեն։ Կգա՞ նորից, թե այդպես էլ կթողնի ամեն ինչ։ Գուցե խոսքը միայն մեկ ժամվա մասին էր, կամ մեկ օրվա։ Սեդան չէր հասկանում, թե Քրիստոսի ինչին էր դա պետք։ Ինչու՞ պիտի նեղություն կրի, գա իրենց տուն, խնդրի ամուսնուն լոգարանում փակել։ Ու հնարավո՞ր է դա արդյոք։ Հրաշքով կամ ինչ-որ անիմուսով, կարո՞ղ էր արդյոք Քրիստոսն իսկապես հայտնվել իրեն, այն էլ մարդկային կերպարանքով՝ ոչ ձայնի տեսքով, ոչ՝ երազի, ոչ՝ լույսի։ Հենց ինքը՝ Քրիստոսը։ Գուցե նա մեղավոր է ոչ միայն այսօրվա բոլոր ստերի ու ամուսնուն լոգարանում փակելու մեջ, այլ նաև սնապաշտության։ Կարող է, չէ՞, լինել այնպես, որ Քրիստոսը երբեք-երբեք չի երևում մարդկանց, իսկ եթե երևում է, ապա քեզ Սատանան է գայթակղում։

Տեր Եղիսաբեթին հիշեց։ Էլ ու՞մ կարող է դիմել, եթե ոչ նրան։ Վերջ ի վերջո՝ իր ու վարչապետի կնոջ ջանքերով է, որ նա առաջին կին քահանան դարձավ: Այդ պատմական օրն ասես երեկ լիներ, Սեդան ամեն ինչ հիշում էր, ամեն մանրամասն՝ թե Եղիսաբեթի այդ օրվա զգեստն՝ ի զարմանս իրենց, մուգ կապույտ, ոչ թե սև, թե արձագանքները սոցիալական ցանցերում, որոնք վարչապետի երիտասարդ կինը կարդում էր իր Այփեդով, իսկ Սեդան լսում այնպես, ինչպես դասական երաժշտություն կլսեր (վերջինիս դիմաց, ըստ իր կարծիքի, ողջ հանրապետությունում միայն ինքն էր ի վիճակի վճարել, ու եթե չհովանավորեր հերթական համերգը, Օպերայի և Բալետի թատրոնի դահլիճն այդ գիշեր վարձով կտրամադրվեր հերթական ճոխ հարսանիքին), հիշում էր նաև ամուսնու ու վարչապետի այդօրվա հումորները՝ թե տեսեք, տեսեք, մեր կանանց կին քահանա ենք նվիրել, և կաթողիկոսի հայտարարությունը՝ հավասարությունը, գրողը տանի, այնքան քրիստոնեական բան է, ասում էր։ Եղիսաբեթի՝ երեկոյան, հատուկ այդ առիթով կազմակերպած աղջիկների երեկույթի ժամանակ արտասանած ճառն էլ էր հիշում՝ թե եկեք ինձ տիրուհի անվանեք, ոչ թե տեր, ինչը վարչապետի կնոջը չափազանց բարկացրեց․ «Արի դու հազար տարվա ֆեմինիստին մի ասա, հա՞, թե որ բառերից հետո պիտի ավելացնել այդ «ունի»-ն», դա Վրեժի պաշտոնավարման այն եզակի օրերից մեկն էր, երբ ինքը՝ Սեդան էլ վերջապես հասկացավ, թե ինչ են զգում, երբ զգում են իշխանությունը։ Դա ասես Կոլայի՝ մեկ կումով խմած կես լիտրանոց բաժակ լիներ՝ սառը, ու քթիդ խփող գազի պղպջակներով, այնքա՜ն հաճելի ու այնքան անհամապատասխան իր «L» չափի տաբատների հետ, որոնց մեջ տեղավորվելը, մինչ այդ օրն, առաջին տիկնոջ «պաշտոնում» լինելիս գրանցված իր ամենակարևոր ձեռքբերումն էր համարում։ Այժմ նա կրկնակի հպարտությամբ էր հիշում այդ օրը։ Գրողը տանի, կա մեկը, ով բավականաչափ պարտական է իրեն, որպեսզի պահի իր բոլոր գաղտնիքները, դրան գումարած էլ՝ բոլոր այն մարդկանցից, ում անուն-ազգանունը նա գոնե գիտեր, միայն տեր Եղիսաբեթն էր, ով գուցե իր թոռան համեմատ ժամանակի մեջ ճամփորդելու մասին քիչ բան գիտեր, բայց ճամփորդներից մեկի հետ, թող Աստված ների, եթե այդպես չէ, բայց «դու»-ով էր խոսում․ «Քրիստո՜ս, դու Քրիստոս»։
- Քրիստո՞սը։
- Կարծում էի, թե նախկինում լսել եք այդ անունը։
- Իհարկե։ Իհարկե, տիկին Սեդա։ Աստծո հրաշագործություններին չափ ու սահման չկա։ Եթե կարծում եք, որ Քրիստոսն է ձեզ փոխանցել իր խոսքը, մի կասկածեք՝ այդպես էլ կա։
- Դուք դեռ չեք լսել այն, ինչ փոխանցել է։
- Հուսով եմ՝ անուղղելի սխալ չեք գործել։
- Վրեժին փակել եմ լոգարանում։
- Քրիստո՞սն այդպես ասաց։
- Չասաց, բայց…
- Ինչու՞ պիտի փակեիք նրան լոգարանում։
- Աստված գիտե։ Ես ի՞նչ իմանամ։
- Որքա՞ն ժամանակ նա մնաց լոգարանում։ Հուսով եմ՝ ողջ-առողջ է։
- Նա դեռ լոգարանում է, տեր Եղիսաբեթ։ Այդպես էլ փակված թողել եմ ու ձեզ մոտ եկել։ Չգիտեմ՝ հնարավոր է այդպես, որ Քրիստոսն ինքը գա քո տուն, երևա քեզ… Դե, ոչ հրեշտակներին ուղարկի, ոչ նման մի բան։ Հենց ինքը՝ իր շորով, իր մազերով, միայն առանց մորուքի։ Իսկ նա նախկինում մորուքո՞վ էր։
- Սեդա, — տիրոջ ձայնում նախատինք հնչեց։
- Գուցե դա իրական Քրիստոսը չէր։ Դե, մորուքո՞վ էր նա, թե առանց մորուքի։ Անկարևոր բան չէ։ Եթե մորուքով էր, ուրեմն, թու-թու-թու, այս Քրիստոսն իրական Քրիստոսը չէ։ Գնում եմ տուն ու Վրեժին բաց թողնեմ։ Մորուքով էր, չէ՞։
- Բոլոր տղամարդիկ մորուք ունեն, Սեդա, մինչև չսափրեն այն։
- Իսկ Քրիստոսը սափրու՞մ էր։ Տեր Աստված, ես այսօր տուն չեմ հասնելու։ Ինչ եկեղեցի մտա, ահա, ոտքերս դողում են, որքան եմ ես նրանից վախենում, տեր Եղիսաբեթ, չեմ ուզում սխալ գործել, եթե սա փորձություն է, ուզում եմ պատվով անցնել այն։ Եթե մորուքով էր… Տեր Աստված, այդպես մի նայեք, ամեն ինչ պարզ է՝ կարող էր մորուքով լինել, մեկ էլ՝ ահա, սափրվեց, ու առանց մորուքի է։ Քրիստոսն համ մորուքով էր, համ՝ առանց։ Այսինքն՝ դա կարող էր և Քրիստոսը լինել, չէ՞։
- Չի բացառվում։ Նախ համոզվեք, որ ձեզ հետ ամեն ինչ կարգին է։ Գուցե դեղեր եք խմել, որոնք ազդել են ձեր գիտակցության վրա, այդպես պատահում է։ Կամ գերհոգնած եք եղել, նախորդ օրը չափազանց բարդ է եղել, կամ ձեր ճնշումն էր չափազանց բարձր, կամ ցածր։ Պիտի վստահ լինեք, որ ձեզ դա չի թվացել։
- Տեր Եղիսաբեթ, — Սեդան ասաց, — Մի՞թե իսկապես կա մարդկությանը հայտնի մի եղանակ՝ պարզելու համար՝ Քրիստոսը քեզ թվացել է, թե հենց ինքն էր, որ կար։
- Դու չպիտի կորցնես, հավատդ, — հոգնակիից եզակիի անցավ կամ ինչ֊որ բան մեջբերեց Եղիսաբեթը, — Բայց և զգույշ եղիր Սատանայի կողմից գայթակղվելուց։ Բարի՞ խորհուրդ են արդյոք քեզ տվել։ Հարցրու ու Աստծո օգնությամբ կգտնես պատասխանը։
Սեդան էլ ավելի խճճվեց։ Խորհուրդն ինքնին բարի չէր, մտածում էր, բռնի ուժով անազատության մեջ պահել մարդուն, այն էլ սոված, այն էլ առանց պատճառի, այն էլ չկարողանալով անգամ ինքդ քեզ բացատրել, թե ինչ պիտի լինի հետո։ Բայց իրավունք ունե՞ր արդյոք ինքը՝ մեղավորը, դատել Քրիստոսի արարքները։ Բարի են նրա խորհուրդները, թե՝ չար, ինքը չպիտի որոշեր։ Մտածու՞մ էր արդյոք տեր Եղիսաբեթը, որ Քրիստոսը կարող է ոչ թե բարի լինել, այլ՝ արդար։ Ու արդա՞ր չէր արդյոք նրա կամքը, երբ խոսքը Վրեժի մասին էր։ Սեդան վարորդին խնդրեց իրեն ամենաերկար ճանապարհով տանել տուն, որպեսզի ժամանակ շահեր, որպեսզի հետաձգեր որոշումները, որոնք պիտի ընդուներ։ Տեսնես այդ պահին ի՞նչ էր անում Վրեժը։ Լոգանք էր ընդունում, գուցե, կամ քնել էր դատարկ ջակուզիի մեջ, փառք աստծո, լոգասենյակում գոնե երաժշտական կենտրոն կար՝ լիքը ռադիո, դասական երաժշտություն։ Նա վաղուց այդ ամենի համար ժամանակ չէր ունեցել, թող հանգստանա, թող իմանա, որ այլ ելք չունի, վերջապես կարող է ոչինչ չանել։ Վերջին, Աստված գիտե, թե քանի տարվա ընթացքում առաջին անգամ մի քանի արթուն ժամ ոչինչ չանել, ինչպես հազարավոր տղամարդիկ են անում, մինչ նախագահը լուծում է նրանց խնդիրները, նրանց զավակների համար ապագա կառուցում, փորձում պահել այն, ինչ նրանք ունեն ու, եթե ուժը պատի, նաև ավելացնել այդ ամենը։ Հենց այդպես՝ հոգին հանգիստ պառկել ու երաժշտություն լսել, ինչպես իր տարիքի հազարավոր այլ տղամարդիկ են հեռուստացույցի առաջ պառկած սպասում թոշակին, որը գոյանում է այն հարկերից, որոնք հազարավոր ավելի երիտասարդ տղամարդիկ փորձում են չվճարել։ Թող տանը (թեկուզ լոգարանում) փակված մնալը գերություն չթվա նրան, գուցե հենց դա է ազատությունը, եթե մարդկության մեծ մասը պատրաստ է ամեն ինչ անել հանուն դրա։ Քրիստոսն էլ գուցե դա ազատություն է համարել, եթե որոշել է Վրեժին տալ։
Նախագահի նստավայրի մոտ մարդիկ էին հավաքված։ Սեդան մտքերից կտրվեց, փորձեց կարդալ, թե ինչ է գրված նրանց պարզած պաստառների վրա ու չկարողացավ՝ ակնոցները տանն էր թողել։
Էլի այդ ձրիակերները, մտածեց, ինչպես էր Վրեժը նրանց ատում։ Ավելի լավ չէ՞ լոգարանում փակված մնալ, քանս թե լույսը չբացված աշխատանքի գալ, որպեսզի լուծես նրանց խնդիրներն, ովքեր ամեն ինչ անում են, որպեսզի նոր խնդիրներ ստեղծեն։ Թող ոչ գա, ոչ էլ տեսնի։ Էլի մի ագահ ամուսնու պաշտոնին է աչք դրել, համոզել մարդկանց, թե կարող է անել այն, ինչ Վրեժ Հախվերդյանն ի զորու չէ անել, ավելի լավ կյանք խոստացել, ամեն մեկի հետ տեղի ունեցող դժբախտության մեջ նախագահին մեղադրել, «Տեսեք, — ասել է, — նախագահը լավ է ապրում, դուք՝ ոչ։ Արդար չէ», կամ դրսից ստացած իր փողից մի քանի դրամ տվել ու փողոց հանել մարդկանց։ Թող խանգարեն նախագահին, թող խնդիրներ ստեղծեն, թող այնպես անեն, որ գործը նրան հեշտ չթվա։
- Տեսնես հիմա՞ ինչ են ուզում, — ինքն իրեն բարձրաձայն ասաց Սեդան։
- Ամեն օր մի բան, — պատասխանեց վարորդն ու շարունակեց իր ճամփան։
«Ամեն օր մի բան», մտքի մեջ կրկնեց Սեդան, ասես ամփոփելով ամուսնու ամենօրյա բողոքները՝ «ուզում են», «պահանջում են», «առաջարկում են»։ Ասում էր՝ ես փոխանակ սուլթան լինեմ, հարճ եմ միանգամից մի քանի հարեմում։ Իսկ սուլթաններին ի՜նչ կա, խմում են իրենց ջինը (դա նրանց սիրած ըմպելիքն է, սուլթաններն այն, ինչպես բրիտանացիները թեյը, թեյնիկի մեջ են պահում) ու թե՝ բերեք այսինչին, թող ծառայի ինձ։ Նազիր-վեզիրներն էլ, թե՝ այդինչը հիմա այլ սուլթանի մոտ է։ Սուլթանն էլ, թե՝ այլ սուլթան-մուլթան չկա, սուլթանաց-սուլթանը ես եմ։ Վրեժն էլ գլխացավի դեղը ալիբիների հետ միշտ գրպանում էր պահում։ Պատահում էր, օրը երկու-երեք հատ էր խմում։ Էլ մերսման էր գնում, էլ ասեղնաբուժության, ինչ ասես փորձում էր։ Վարչապետի կինը մի օր ասաց, թե իրեն յոգան է օգնում՝ նա նախ ուսուցիչ էր կանչել, հնդիկ իհարկե, հետո որոշեց, որ կարելի է այդ գումարը բարեգործության տալ (ընտրեց մի կազմակերպություն, որն օգնում էր այն կանանց, ում եղունգները չափազանց փխրուն էին ու շուտ էին կոտրվում), իսկ յոգայով սկսեց Յութուբի օգնությամբ զբաղվել։ Սեդան որոշեց նույնպես փորձել, ու ամուսնուն էլ ստիպել դրանով զբաղվել։ Ո՞վ գիտե, գուցե հենց դա կօգներ նախագահին գտնել կորցրած հավասարակշռությունը։ Սակայն, երբ գտավ Յութուբն ու տեսավ, թե այն ինչ սարսափներով է լեցուն, ընկավ այդ սարսափները նայելով, մեկը մյուսի ետևից սեղմեց հղումներն ու այդպես էլ մոռացավ յոգան։ Երբ ամիսներ անց վարչապետի կինն հիշեց ու հարցրեց յոգայի մասին, Սեդան արդեն գիտեր, որ Մադոննան նույնպես դրանով է զբաղվում։
Միևնույն է, ոչինչ չէր կարող օգնել ՀՀ նախագահին։ Աշխարհի բոլոր երջանկությունների մեջ նրա երջանկությունն ամենագերագնահատվածն է։ Սեդան, մինչ այդ օրը, չէր էլ մտածել, որ ամուսինն, հնարավոր է, սխալվում է։ Որ նրանից գուցե պահանջում են ուղղել սեփակա՛ն սխալները։ Նա՝ Սեդան, ամբողջ օրը տանը փակված, դիմավորում ու ճանապարհում էր մարդկանց, որոնց մեծ մասը Վրեժի պաշտոնավարությունից հետո, փառք Աստծո, մոռանալու է իրենց դռան տեղը (թեկուզ և դուռն այդ ժամանակ նույնպես փոխվելու է), զբաղվում էր թոռներով, սրճում սպասարկող անձնակազմի հետ, ապրում իրեն տրամադրած փոքրիկ աշխարհում ու ենթադրում էր, որ այն չափազանց մեծ է, չափազանց ճոխ։ Նախկինում ավելի հաճախ էր ճամփորդում, լինում երկրներում, որտեղ իրեն ոչ ոք չէր ճանաչում, նստում սովորական սրճարանում, քայլում սովորական փողոցներով, մտնում սովորական խանութ (հատկապես՝ քաղցրավենիքի)։ Սակայն ժամանակի ընթացքում դա էլ ձանձրացրեց, փախուստի այդ տեսակն այլևս չէր սփոփում ու չէր տեղավորվում որևէ այլ մեկնության մեջ՝ փախուստի տեսակ էր, որ կար։ Ճիշտ այնպիսին էր, ինչպիսին փոքրիկ Վրեժի անիմուսն ու ասասինները՝ իրականությունից որքան հնարավոր է հեռացված ժամանակի կտոր, որտեղ ավելի հեշտ է ինքնախաբեությամբ զբաղվելը։ Այդպես էլ դադարեց ճամփորդել։ Անգամ Վրեժի հետ, եթե խիստ անհրաժեշտություն չկար, չէր թռչում։ Մնում էր տանն, իր սովորական օրվա հետ՝ կրկնությունների շարքի, որը գոնե անկեղծ էր ու ապահով։ Քաղաք էր դուրս գալիս միայն հերթական հրավերի ժամանակ։ Նստում էր մեքենան, իջնում այնտեղ, ուր իրեն կանչել էին, անում այն, ինչ պիտի աներ ու նույն մեքենայով էլ վերադառնում իր աշխարհ։ Ուր էլ որ գնար, ամեն տեղ մաքուր էր, գեղեցիկ, իրականությունը որքան հնարավոր է շտկած էր ու հարմարեցված առաջին տիկնոջ աչքերին։ Մարդիկ ժպտում էին, ինքն էլ շինծու ժպիտով էր պատասխանում։ Թե ինչ էր կատարվում իր հեռանալուց հետո, Սեդա Հախվերդյանը նախընտրում էր չիմանալ։ Այսօ՛ր էլ այդպես կվարվեր։ Կտեսներ պաստառներն ամուսնու նստավայրի առաջ պարզած մարդկանց, հայացքը կկտրեր ու կմոռանար։ Բայց այսօր սովորական օր չէր, այսօր իր սենյակում էր եղել այն միակը, հանուն որի նախագահի նստավայրի առջև պաստառով կարող էր կանգնել նաև ինքը՝ առաջին տիկինը։ Ինքն իր հետ գոնե պիտի անկեղծ լիներ՝ եթե հարկ լինի ընտրություն կատարել Վրեժի ու Քրիստոսի միջև, Սեդան Քրիստոսին կընտրի։ Նա համոզված էր, որ լավագույնն, ինչ տեղի էր ունեցել իր կյանքում (այդ թվում և Վրեժի հետ ծանոթությունը) հենց Քրիստոսին ընտրելու շնորհիվ էր։

Տուն հասնելուն պես, սպասարկող անձնակազմին խնդրեց իր համար սղոցաթերթ գտնել, ասաց, թե ձեռքի աշխատանքով է որոշել զբաղվել, քիչ անց ստացավ այն, խոհանոցից վերցրեց Վրեժի կերակուրն ու սենյակ բարձրացավ։
- Հնարավոր չի, Սեդա, մի արա, — բղավեց Վրեժը, երբ տեսավ դռան տակից ներս մտնող սղոցաթերթը։
- Անհնար բան չկա, Վրեժ, ձեռքս հենց սովորի, կկարողանամ։ Այ, այս մի անկյունը եթե կտրենք, կերակուրը հնարավոր կլինի ներս մտցնել։
- Տո անաստված, ուրեմն դեռ երկար պիտի փակված մնամ, հա՞։
- Վրեժիկ, դեռ մի քանի ժամ ես էդտեղ, սպասենք, տեսնենք, թե ինչ կլինի։
- Վաղը առավոտ Ադոլֆ Հիտլերը կգա, Սեդա, ու կխնդրի, որ լոգարանը գազ լցնես։ Բաց արա, այ գիժ, ասում եմ։
- Եթե մյուս կողմից սղոցաթերթը բռնես, միասին տանենք-բերենք, գոնե սկիզբը կկտրվի։ Այս կողմում անցք կա, մի րոպե թելեմ։
- Ի՞նչը թելես, Սեդա, սղոցը չեն թելում, այ չստացված պապա Կառլո։
- Թելեմ, ձեռքիս կապեմ, որ ներս չքաշես, Վրեժ, քեզ շատ չկա՝ կվերցնես, ներսից ամբողջ դուռը կկտրես։
- Ոտքդ էլ ապահովության համար մահճակալից կկապես՝ չքաշեմ, սղոցի հետ ներս գաս։
- Գոնե կատակներ ես անում։ Գիտես, չէ՞, եկեղեցուց եմ գալիս։ Տեր Եղիսաբեթի մոտ գնացի, պատմեցի ամեն ինչ, սիրտս կասկած գցեց, իհարկե, բայց կոնկրետ բան չասաց։ Չէր ժխտում, որ առավոտյան իմ տեսածն հենց Քրիստոսը կարող է լինել։ Ասաց՝ սրտիդ ձայնը լսիր։ Իսկ ես, Վրեժիկ, վստահ եմ, որ Քրիստոսն էր, չեմ կասկածում։
Վրեժը բռնեց սղոցաթերթի մյուս ծայրն ու փորձեց օգնել կնոջը։
- Թվում է, թե հիմար բան կարգադրեց ինձ։ Դու՛ ասա, ինչու պիտի նախագահին փակել լոգարանում։ Ո՞ր մեղքի համար, Վրեժիկ։ Բայց Աստծո կամքն է։ Դու կհամարձակվեի՞ր հակառակվել։ Չէիր համարձակվի, ես քեզ լավ գիտեմ։ Եթե համոզված լինեիր, որ Աստծո հետ գործ ունես, չէիր համարձակվի։ Հազար ու մի հարց լուծելիս եմ քեզ տեսել՝ եթե գիտես, որ կարող ես շատ բան կորցնել, բերանդ փակ անում ես այն, ինչ ասում են, դեռ մի բան էլ ձևացնում, թե առանց ասելու էլ դա պիտի անեիր։ Իմ դեպքը մի փոքր այլ է, ես առանց Աստծո ասելու քեզ լոգարանում չէի փակի, իհարկե, բայց եթե Աստված ասաց, չանելը մեզ ի՞նչ կտա։ Ես պատժին չեմ հավատում, Վրեժիկ, չափից շատ է Աստված մեզ սիրում՝ ձեռքը չի գնա, թե պատժի։ Բայց ո՞վ գիտի, թե ինչ կկորցնենք, եթե չկատարենք նրա կամքը։
- Կկորցնենք, Սեդա, կկորցնենք։ Էդ Աստծուդ վատ կողմն էլ այն է, որ նա բոլորի Աստվածն է։ Իմ ու քո համար չէ, որ խնդրել է նման մեծ հիմարություն անես։ Հաստատ իմ ու քո համար չէ։
Սեդան գերադասեց չիմանալ, թե հանուն էլ ում կարող է Քրիստոսն իր ննջասենյակ մտնել։ Վրեժը թող ասի այն, ինչ ուզում է։ Նման հարցերում նա վերջինն է, ում կարծիքը կարելի է հաշվի առնել։ Եթե հանուն Աստծո լոգարանում փակվելը նրա համար չափազանց տհաճ է, թող հանուն իր սիրելի կնոջ փակված մնա։ Սեդան համոզված էր, որ անկախ ամեն տեսակ մանր ու միջին դավաճանություններից, առանց որոնց հնարավոր չէր լինի բարեկեցիկ ապրող հայ տղամարդու կյանքը (էլ ինչպե՞ս ինքն իրեն համոզի, որ ամեն ինչ ունի) Վրեժը դեռ սիրում էր իրեն, անցած բոլոր տարիներից հետո, սիրում էր ոչ ավել, որ պակաս, քան այն օրը, երբ առաջարկեց իր կինը դառնալ։ Դեռ այն ժամանակ Սեդան զգում էր, որ սովորական մարդուց չէ առաջարկ ստանում, և թեկուզ Վրեժին տարբեր հավաքույթների ժամանակ ընդամենը չորս անգամ էր տեսել, որոնցից երկուսը՝ հեռվից, համաձայնվեց։ «Ուզում եմ կյանքս խելացի կնոջ հետ անցկացնել, — ասաց Վրեժը՝ Սեդայի մտավոր կարողությունների մասին դատելով նրանով, որ վերջինս դպրոցում ֆիզիկա էր դասավանդում, — Որ օգնի ու ուղղորդի ինձ, իմ ընկերն ու խորհրդատուն դառնա…», և այլն, և այլն։ Ամեն ինչ, իհարկե, այնքան գեղեցիկ բառերով չասվեց, ինչպես այժմ սիրում էր պատմել Սեդան, բայց ընդհանուր միտքը հենց դա էր՝ Վրեժին պետք էր կին, ով կարող էր անել այն ամենն, ինչ պիտի ամուսինն աներ, սակայն չէր անում այն պարզ պատճառով, որ կին էր։ Սեդան, թեկուզ մինչ այդ երազել էր դաշնակահարի հետ ամուսնանալ, պատասխանից առաջ երկար չմտածեց։ Թող գրողի ծոցը գնան այդ դաշնակահարները՝ ու՞մ են նրանք պետք՝ հաստատ օրվա մեծ մասը տանն են, դեռ քիչ է, մի բան էլ իրենց ցնդած ընկերներին կարող են բերել։ Վրեժն այն ժամանակ իրենից մեծ բան չէր ներկայացնում, բայց արդեն քաղաքական գործիչ դառնալու ճանապարհին էր, Սեդայի համար միևնույն էր, թե ինչ գործիչ է ամուսինը դառնալու (հոգու խորքում, թեկուզ, երազում էր, որ մշակույթի նախարար դառնա և վրեժ լուծի բոլոր այն դաշնակահարներից, ովքեր իր հետ չամուսնացան), նրան դուր էր գալիս թեկուզ միայն այն միտքը, որ ամուսինը կարևոր գործերի է խառնվելու, փորձելու է լուծել բոլորի խնդիրները, ու նրա ընկերներն էլ, երբ իրենց տանը լինեն, ոչ նվագելու են, ոչ երգելու՝ լուրջ տղամարդիկ են լինելու, ովքեր լուրջ բաներից են խոսում, Սեդան էլ, նրանց մեկ սուրճ, մեկ ճաշ մատուցելով՝ մտածելու է, որ կարևոր գործի մասնակից է։ Նրանք, ովքեր իրենց ամուսինների ընկերներին տեսնելու մեծ ցանկություն չունեին, այժմ կարող են փաստել, որ դրանից նրանց ամուսինները միայն ավելի ու ավելի քիչ են դառնում ՀՀ նախագահ։ Իսկ Սեդան, Վրեժը թույլ չի տա ստել, մինչև գիշերվա հազարն էլ լիներ, պատրաստ էր էլի մի բան մատուցել, միայն թե խոսքը կիսատ թողած չգնան, միայն թե գործին ավելի պատրաստ լինեն, անելիքներն իմանան։ Եթե մի փոքր էլ խմած էին լինում, համարձակվում էր խառնվել խոսակցությանը, մի խոսք էլ ինքն ասեր, մի միտք էլ ինքը տար։ Ծիծաղում էին, իհարկե, թե․ «Սեդա քույրիկ, քեզանից հեղափոխական դուրս չի գա, դու սրա հետ ի՞նչ գործ ունես», բայց ականջ էին անում, եթե չափազանց վեր էին թռչել, իջնում էին ներքև, եթե չափազանց սառն էին դատում, սրտերը փափկում էր։ Հետագայում դեռ մի բան էլ իրենք էին շուռ գալիս, թե․ «Ձենդ չի լսվում, քույրիկ, դու՞ ինչ կասես»։ Ասում էր՝ եթե արդեն ինձ եք հերթ տալիս, ուրեմն ճաշելու ժամն է՝ կուշտ տղամարդը կնոջը ձայն չի տա։ Այդպես էլ, խոհանոց էր գնում, տղամարդիկ էլ իր ետևից գալիս էին, օգնում, սեղան գցում այն ամենից, ինչ կար, նստում ու մի քանի ժամ էլ էդպես՝ սեղանի շուրջ զրուցում։ Մեկը մյուսից լավն էին, ամեն մեկն էլ արժանի էր գլխավորը դառնալ, բայց Սեդա Հախվերդյանը համոզված էր, որ գլխավորը նա է դառնում, ում կինը կերակրում է մյուսներին։ Ընկերների հանդեպ այլ առավելություն Վրեժը պարզապես չուներ։
Դա դեռ այն ժամանակ, երբ Վրեժը չէր դարձել ՀՀ նախագահ։ Այժմ ընկերների մի մասը չկա, հոգիներին հանգստություն, մի մասը ցրվել է աշխարհով մեկ, մեկ-երկուսն են մնացել, օգնում են Վրեժին, հետը առաջ տանում երկիրը, բայց միևնույն է, էլ առաջվանը չեն։ Ինչպես Վրեժն է իր՝ Սեդայի միակ ընկերը մնացել, այնպես էլ Սեդան է մնացել Վրեժի միակ ընկերը։ Ու այն, ինչ նախկինում սեր էր, այժմ սիրուց էլ ուժեղ էր դարձել։ Թող որ զգացմունքներն այնքան ուժգին չեն, ինչպես երիտասարդ տարիքում, բայց այժմ Սեդա Հախվերդյանը զգում էր, որ իրար համար իրենք իսկապես տիեզերքում միակն են։
Գուցե հենց այդ պատճառով Վրեժը դեռ չի փորձում կոտրել լոգարանի դուռը, գուցե հենց այդ պատճառով տնով մեկ աղմուկ չի բարձրացրել՝ այն հույսով, որ ինչ-որ մեկը կլսի, ներս կգա ու ազատ կարձակի իրեն։ Ինչ էլ որ անեին մյուսները, անցած տասնյակ տարիներից հետո Վրեժ Հախվերդյանի համար պարզ էր դարձել մի բան, որ վերջում իր կողքին միևնույն է Սեդան է մնալու։ Սխալ լինեն իր որոշումները, թե՝ ճիշտ, սիրեն իրեն մարդիկ, թե՝ ոչ, Սեդան կա, Սեդան այստեղ է, ամեն գիշեր պառկում է կողքին, պատմում է օրը, լսում, Սեդան միշտ այնքան մոտիկ ու այնքան սովորական է՝ թվում է, թե հեռացնելով նրան, տիեզերքում ամեն ինչ մի փոքր կհեռացնես իրարից, ու Երկիրն ավելի ցուրտ կդառնա, ու լուսինն ավելի փոքր։ Հերիք է միայն Սեդան փոխվի ու կփոխվի ողջ նրա կյանքը, այն ամենն, ինչ սովորական ու ապահով է, վայրկյանի ընթացքում կդադարի այդպիսին լինել ու նա՝ վաթսունամյա նախագահը, ստիպված կլինի ամեն ինչ սկսել նորից։ Իսկ նրանք, ովքեր կարծում են, թե ամեն ինչ ճիշտ են անում, ամենից շատ վախենում են հենց նորից սկսելուց։ Եվ ահա, Վրեժը լռում է, զսպում իրեն, սպասում՝ որքան սպասելու ուժ իրեն ի վերուստ տրված է։ Թող խելառ կինը զվարճանա, թող կարծի, թե Քրիստոսն իսկապես իրեն այցելեց, թե ինքն էլ՝ ընտրյալը, Քրիստոսի խոսքն է կատարում։ Վրեժ Հախվերդյանը համոզված էր, որ իրեն երկար տանջելու ուժ կինը պարզապես չի գտնի։ Կթողնի մի գիշեր լոգարանում, ինքն էլ ամուսնու հետ չի քնի, ողջ գիշեր սենյակում կգնա-կգա, կհարցնի, թե ինչի կարիք ունի, մրսում է, թե չի մրսում, ինչես պիտի քնի, ինչպես է իրեն զգում։ Հազարերորդ անգամ կփորձի իր տեսակետը բացատրել, ներողություն խնդրել, իսկ առավոտվա կողմ, այ հենց այն ժամին երբ Սեդա Հախվերդյանի մեջ արթնանում է այն հին, քսանամյա Սեդան, կգա ու բացի կանի դուռը։ Գնա՜, կասի, ուր ուզում ես գնա, ես այլևս ուժ չունեմ, գնում եմ քնելու, դեռ մի բան էլ փառք կտա Աստծուն, որ այդ ամենն այդքան արագ ավարտվեց։
Ամեն ինչ ճիշտ այդպես էլ եղավ։ Մի բացառությամբ՝ Սեդան չբացեց դուռը։ Դուռը սղոցելուց ու անցքով սնունդ ներս մտցնելուց հետո նա նաև մի քանի ծածկոց ներս մտցրեց՝ քեզ համար անկողին սարքիր, ասաց, ողջ գիշեր քայլեց սենյակում, գնաց-եկավ, մեկ նստեց, մեկ պառկեց, Վրեժին մի պահ թվաց, թե քնեց էլ, խոսեց, խոսեց, ասես երկար տարիներ հետո կրկին գտել է ամուսնուն ու պիտի պատմի այն ամենն, ինչ նա բաց է թողել։ Էլ բաղադրատոմսերով կիսվեց, էլ՝ ֆիլմերի բովանդակությամբ, բամբասեց ողջ սպասարկող անձնակազմից, հին օրերն հիշեց, անգամ երկրի ապագայի մասին որոշ պատկերացումներով կիսվեց՝ ասաց, որ երկու տոն է պետք ավելացնել՝ նախագահի օրն ու ընդդիմության օրը, թող ինչպես մյուսներին են տարին մեկ անգամ հիշում, այնպես էլ նրանց մասին մեկ օր հիշեն, մյուս օրերին մոռանան, իր դժգոհությունն հայտնեց, որ Հայաստանում ավոկադո չի աճում՝ ամսագրերում գրված էր, որ այն պարզապես անփոխարինելի է ու անհրաժեշտ ցանկացած սննդակարգում, հիշեց նաև Սիսի Քեփվելին՝ հեռուստացույցով ասել էին, որ նա այդպես էլ չգտավ իր երջանկությունն ու մեռավ միայնակ։ Իսկ առավոտյան ժամը վեցին, երբ Վրեժն ամենից շատ էր ակնկալում կնոջ ձեռքում սպիտակ դրոշ տեսնել, Սեդան ասաց, որ լույսն արդեն բացվում է ու որ ինքը, որքան էլ որ տարօրինակ կհնչի, բայց կարծես լիցքավորված լինի, արթնացած ու առույգ, պատրաստ նոր օրվան։ Վրեժը ծածկոցները հատակին փռեց ու քնեց։
Իսկ Սեդան իսկապես լիցքավորված էր։ Ասես այդ ինքը չէր ողջ գիշեր արթուն մնացել ու նեղության պահին ամուսնու կողքին եղել, ասես ինքը չէր, առանց չափազանցելու, գիշերվա ութ ժամերից վեցն անցկացրել մենախոսելով։ Պահարանից հանեց իր լավագույն զգեստը՝ մուգ վարդագույնը։ Եթե ուզում ես, որ քեզ միաժամանակ և նկատեն, և ձևացնեն, թե չեն տեսնում՝ ավելի լավ գույն պարզապես չես գտնի։ Իջավ խոհանոց, ու ինչպես ամեն օր, այսօր էլ խոհարարի հետ սկսեց նախաճաշին պատրաստվել։
- Պարոն նախագահն իրեն լա՞վ է զգում, — հարցրեց խոհարարը։
- Ողջ գիշեր չքնեց, խեղճը, — պատասխանեց Սեդան, — Այ նոր՝ լուսադեմին կարողացավ աչքը կպցնել։ Չի էլ նախաճաշի։
Ու սովորական գործին անցան՝ Սեդան անում էր այն, ինչ ուզում էր, իսկ խոհարարը ճաշ էր պատրաստում։ Ահա Սեդան մաքրում է կանաչին, որը նախաճաշ պատրաստելիս պետք չի գալու, ահա նա լվանում է մաքուր բաժակը, ահա նա բացել է սառնարաններից մեկն ու երկար ժամանակ է, ինչ ներս է նայում, ասես բաց է արել տան մուտքի դուռն ու տեսել մեկին, ում ամենաքիչն էր սպասում իր տան շեմին տեսնել, ահա նա նստել է ճաշասեղանի մոտ և «այո» է պատասխանում խոհարարի բոլոր հարցերին, անգամ, երբ խոհարարը լուռ է։ Պարզից էլ պարզ էր՝ առաջին տիկնոջն գիշերն իսկապես ծանր է անցել։
- Որոշել եմ այսօր Վրեժի փոխարեն աշխատանքի գնալ։
- Նախագահի փոխարե՞ն, — հարցրեց խոհարարն ու միևնույն ժամանակ ասաց, որ դա անհնար է։
- Իհարկե՝ ոչ։ Պարզապես նրա աշխատավայր կգնամ։ Տեսնեմ ամեն ինչ կարգի՞ն է։ Ուզում եմ համոզվել, որ Վրեժի բացակայությունն ըմբռնումով են ընդունում։ Նախագահը նույնպես իրավունք ունի բացակայել։ Նա իրեն լավ չի զգում։
- Գիտեմ, տիկին Սեդա, — խոհարարի համար ամեն ինչ պարզ էր՝ այսօր Սեդան հատուկ մոտեցման է արժանի, — Ու դուք որոշել եք նրա աշխատավայր գնալ։
- Այո, — Սեդայի դեմքը միանգամից լուսավորվեց՝ կարծես նա ոչինչ չէր ասել իր մտադրության մասին ու խոհարարն հենց նոր կարդաց իր մտքերը։
- Լավ գաղափար է։
- Իսկ դուք, Հովիկ, կարծում եք՝ լա՞վ երկրում եք ապրում։
- Հրաշալի երկրում եմ ապրում, տիկին Սեդա։
- Ի՞սկ նախագահը, Հովիկ, նա…
- Նախագահը նույնպես հրաշալի երկրում է ապրում, տիկին Սեդա, — առաջին տիկնոջ հարցն ընդհատեց խոհարարը։
- Ճիշտ եք։ Զարմանալի է, թե որքան ճիշտ եք, — Սեդան ձևացրեց, թե չզգաց, որ իր հարցից խուսափեցին։
Մի՞թե Վրեժն այնքան վատն է, որ անգամ իրենց անձնական խոհարարը՝ մարդն, ում իրենք հսկայական գումար են վճարում, ում ընտանիքին ամեն տեսակ օգնություն են ցուցաբերում, չէր ցանկանում պատասխանել հարցին՝ թե ինչպիսի նախագահ է իր գործատուն։
Սեդան արագ խմեց իր լուծվող սուրճը, որի մեջ մոռացել էր սուրճ լցնել ու սենյակ բարձրացավ։ Լոգարանում լուռ էր։ Լոգանք ընդունեց երկրորդ լոգարանում, շպարվեց, հարդարեց մազերը, հագավ վարդագույն զգեստը, դրա հետ սև կոշիկներ և սև փոքրիկ պայուսակ ընտրեց, նախ որոշեց լայն շրջանակով ակնոցները դնել, հետո դրանք ընդհանրապես հանեց՝ թող չկարծեն, թե առաջին տիկինը վատ է տեսնում, օգնության կարիք ունի։ Պատվիրեց պատրաստել մեքենան, ընտանիքն այդ ընթացքում արդեն հավաքվել էր նախաճաշի սեղանի շուրջ, Սեդան նույնպես ճաշասենյակ իջավ, բարևեց բոլորին, պատմեց ամուսնու աշխատավայր գնալու իր մտադրության մասին, համբուրեց թոռանը, գովեստի խոսքեր ստացավ՝ փեսային նա թարմ էր թվացել, դստերը՝ չափազանց ոճային, անգամ թոռն հաճոյախոսեց՝ տատիկն այսօր տատիկի նման չէ։
Սեդա Հախվերդյանը մի պահ նույնիսկ մոռացավ, թե ուր է գնում ու ինչու։ Այնքան գեղեցիկ էր, որ գնում էր այնտեղ, ուր բոլոր գեղեցիկ կանայք են գնում (տեսնես ու՞ր)։ Խորհրդավոր ժպտաց ընտանիքին, վարորդին այնպես բարևեց, ասես նրանից մի բան է թաքցնում, թեկուզ մեքենայով, բայց միևնույն է թռչկոտելով ամուսնու աշխատավայր հասավ, նույնքան խորհրդավոր էլ անցավ Վրեժի աշխատասենյակ՝ շինծու ժպիտների ու փսփսոցների ուղեկցությամբ։ Իսկ երբ աշխատասենյակի դուռը ներսից փակվեց, Սեդան քիչ էր մնում հենց դռան տակ էլ նստեր՝ հատակին, միայն թե նստեր։ Թվում էր, թե միայն այդ պահին հասկացավ, թե ուր և ինչու է եկել։ Ահա նա՝ երկրի նախագահին փակել է իր սենյակի լոգարանում, դեռ մի բան էլ՝ սենյակի դուռն է դրսից փակել (իսկ տանը երկրորդ բանալի կա), եկել է նրա աշխատավայր ու չգիտի, թե ինչ պիտի անի։ Իսկ եթե որևէ մեկին դա կասկածելի՞ թվա։ Հենց այդ պահին էլ առաջին տիկինը գիտակցեց, որ իր արարքներն այժմ կասկածելի են թվում բոլորին։ Աղջիկը կամ փեսան, հերիք է իմանան, որ Սեդան նախագահի նստավայրում է եղել, անմիջապես իրար կանցնեն, կթակեն սենյակի դուռը, կփորձեն ամեն ինչ Վրեժից պարզել (սովորական պայմաններում լռակյաց ու անտարբեր փեսան այս իրավիճակում առաջին խոսողը կլինի, Վրեժը վստահում է նրան՝ եթե նախագահն ինքն է կնոջն աշխատավայր ուղարկել, փեսան այդ մասին առաջինը պիտի իմանար), Աստված ոչ անի, կարող են նաև բացել դուռը, կամ Վրեժն ինքը՝ լսելով, որ իրեն ձայն են տալիս, աղաղակ կբարձրացնի, օգնության կկանչի։ Սեդան ինքն իրեն հանցագործ էր թվում։ Եվ ինչու՞ է Աստված երբեմն Ասված գիտե, թե ինչ խնդրում։ Աշխատավայրում էլ այժմ իրեն էին քննարկում։ Առաջին տիկինն իր լավագույն զգեստով ներկայացել է ամուսնու աշխատավայր ու ուղիղ նրա սենյակ անցել։ Որևէ մեկին չի հանդիպել, որևէ մեկի հետ չի խոսել։ Այն էլ այն դեպքում, երբ նախագահն արդեն երկրորդ օրն է, ինչ չի ներկայանում։ Ոչ, Վրեժն այն նախագահներից չէ, ովքեր իրենց համարում են իրենց շրջապատող ողջ աշխարհի տերը, Վրեժն հաշվետու է բոլոր նրանց առաջ, ովքեր աշխատում են իր հետ, Վրեժն հաշվետու է բոլոր նրանց առաջ, ում համար նա ինքն է աշխատում՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու։ Սեդա Հախվերդյանն համոզված էր, որ առանց բացատրությունների նախագահի աշխատավայրում շրջելու իրավունք չունի անգամ նրա կինը։ Այ, հիմա նա վախից վեր կընկնի հենց այդտեղ՝ հատակին, իսկ ինչ-որ մեկն արդեն աշխատասենյակի ճանապարհին է։ Գալիս է՝ ամեն ինչ պարզելու, կարող է նաև նախատել առաջին տիկնոջը՝ այդ ի՞նչ իրավունքով է նա ներխուժում նախագահի աշխատասենյակ, ի՞նչ դավ է նյութում, չլինի՞ նախագահին էլ սպանել ու դիակը տանն է փակել։ Սեդան քիչ էր մնում բաց աներ դուռն ու բղավեր, որ անմեղ է, որ երկրի նախագահի գլխից մազ անգամ չի պակասել, համենայն դեպս՝ իր մեղքով։ Նա խորը շունչ քաշեց, մեկ անգամ ևս հիշեցրեց իրեն, որ այստեղ է ոչ թե Վրեժին հասկանալու համար, այլ Քրիստոսին, խաչակնքվեց, հավաքեց մտքերն ու ինչ-որ տեղ դրսում սավառնող իր բանականությունը ետ բերեց, տեղավորեց մարմնում։ Աչքն ընկավ նախագահի սեղանին դրված նկարի շրջանակին։ Տեսնես այնտեղ դեռ ի՞ր նկարն է։ Ահա հենց այդ մտքից հետո էլ Սեդան հասկացավ, որ իրեն տիրած ընկճախտն արդեն նահանջել է, որ Աստծո կամոք նա նորից շարունակելու ուժ ունի։ Պիտի դուրս գա, զրուցի մարդկանց հետ, պարզի, թե ինչ ծրագրեր ուներ Վրեժը, ինչ ուղիով էր տանում երկիրը, ինչ օրենքներ էր ստորագրում։ Անհրաժեշտ էր գտնել այն, ինչ դուր չէր եկել Քրիստոսին, ինչու պիտի Վրեժը փակված մնար սենյակում և ինչպես նրան այնտեղից դուրս թողնել ու չբարկացնել Աստծուն։ Բայց նախ Սեդան ստուգեց շրջանակը՝ այնտեղ արդեն փոքրիկ Վրեժի լուսանկարն էր։ Քիչ էր մնում լաց լիներ, բայց այնքան էր սիրում թոռանը, որ իսկույն ներեց ամուսնուն։ Եթե իրեն պիտի փոխեին մեկի հետ, ապա փոքրիկ Վրեժից ավելի լավ տարբերակ անհնար էր գտնել։ Վրեժի փոխարեն ինքն, իհարկե, մեկ այլ լուսանկար կընտրեր, այս մեկը, կարծես, առաջին պատահածը լիներ, բայց տղամարդիկ լուսանկարներ ընտրելու տաղանդով աչքի չեն ընկնում։ Իսկ երբ այդ գործն անհրաժեշտ է կանանցից թաքուն անել, այն կարելի է նախապես տապալված համարել։ Մի՞թե ամուսնուն իսկապես թվացել էր, թե նկարը փոխելու գաղափարը կվիրավորի Սեդային։ Ինչու՞ չէր ասել այդ մասին։ Թե՞ մեկ այլ կնոջ էր հանձնարարել անել դա։ Է՞լ ինչ է իրենից թաքցրել Վրեժը, կամ է՞լ ինչ է մոռացել պատմել, եթե նկարի մասին նույնպես մոռացել էր։ Սեդան հազիվ էր դիմանում ամուսնու դարակները բացելու գայթակղությանը։ Քրիստոսը չլիներ՝ կբացեր էլ։ Սակայն, երբ Աստծո առաքելությունը կատարելու ընթացքում նման գայթակղություն ես զգում, միանգամից պարզ է դառնում նաև գայթակղողի ով լինելը։ Սեդա Հախվերդյանը ժպտաց թոռան լուսանկարին ու այնքան ուժեղ գտնվեց, որպեսզի չբացի ամուսնու դարակները։
Հիմար չդիտվելու համար մի քանի րոպե էլ մնաց սենյակում՝ ներս մտնելուց երկու րոպե անց դուրս գալը հազիվ թե որևէ մեկին խելացի արարք թվար։ Այդ ի՞նչ կարելի է անել երկու րոպեում։ Այլ բան է հինգ րոպեն՝ հենց այդքան էր տևում Վրեժի ամանորյա ուղերձը։ Ինչպե՜ս էին իրենց տանը բոլորը սիրում այդ ուղերձը, պատրաստվում ու օգնում նախագահին։ Բարկանում էին, երբ այն ուրիշին էր հանձնարարվում գրել․ առաջին նախագահական ժամկետի ընթացքում մեծ մասամբ հենց այդպես էլ պատահում էր՝ ուղերձը գրողը, ասում էր Վրեժը, ավելի լավ գիտի թե ինչ ասել, որպեսզի ասելիքը չսահմանափակվի ընթացիկ հինգ տարիներով։ Դա, իհարկե, այդպիսի կատակ էր՝ բոլորն էլ գիտեին, որ այդ ժամկետն անհնար է սահմանափակել։ Էլ ո՞վ, եթե ոչ Վրեժը, պիտի լիներ երկրի նախագահը։ Մյուսներն իրենց տասը տարիները ղեկավարել են, լավ թե վատ՝ արդեն պատմության հարցն է, այժմ Վրեժի հերթն է, ու մյուսներից երկու անգամ պակաս ժամկետը պարզապես բավարար չէ նրանցից ավելի շատ բան անելու համար։ Ասված վկա, Վրեժն հենց դա էլ ուզում էր անել։ Բայց արի ու դա երկու միլիոն մարդուն բացատրիր տարեվերջյան հինգ րոպեների ընթացքում (Սեդան համոզված էր, որ ամեն ինչ հենց այդ հինգ րոպեների ընթացքում պիտի ասվեր՝ այլևս երբեք նախագահի խոսքն այդքան մարդ չի լսելու՝ կա՛մ հիմա, կա՛մ երբեք), այդ պատճառով էլ ըմբռնումով էին մոտենում ուղերձը պատվիրելու մտքին, կողքից, իհարկե, փորձում էին մի բան ասել, համոզել մի տող էլ իրենից ավելացնել, Վրեժն ամեն ինչ գրի էր առնում ու պահում մինչև հաջորդ նախագահական ժամկետը։ Իսկ երբ նորից նախագահ դարձավ, առաջին իսկ տարին, ամանորյա ուղերձի ընթացքում ասաց այն ամենն, ինչ ընտանիքն ուզում էր լսել։ Բացառությամբ, իհարկե, փոքրիկ Վրեժի այն նկատողության, որ Հայաստանի օդային տարածքը պիտի ազատ լինի սուպեր-հերոսների թռիչքների համար։ Հախվերդյաններն հետո ընտանիքով բացատրում էին երեխային, որ պապիկի, ազատ և անկախ երկրի մասին արտահայտությունը նաև ազատ թռիչքների մասին էր։ Փառք Աստծո, որ պապի խոսքից վայրկյաններ անց արդեն կենացներ էին, աղմուկ ու նաև ձմեռ պապիկ՝ փոքրիկ Վրեժն արագ մոռացավ վիրավորանքը։ Իսկ Սեդային այդ տարի բոլորից շատ ժամանակ բաժին հասավ, ամուսնու խոսքի հիսուն տոկոսն, առանց չափազանցելու, իրեն էր պատկանում։ Այդ նա էր հինգ տարի շարունակ, դեկտեմբերի մեկից՝ տոնածառը զարդարելու օրվանից սկսած, խոստումներ ու շնորհավորանքներ հորինում։ Այնքան էր սիրում դա անել, որ երբեմն անգամ ճաշի սեղանի շուրջ բարձրացնում էր հյութի կամ ջրի բաժակն ու այդօրվա հորինած ցանկություններից մեկն ասում, եթե նստածների մեծամասնությունը ծիծաղում կամ հուզվում էր, Սեդան միանգամից Վրեժի կողմ էր շուռ գալիս ու նայում այն հայացքով, որն իրենց ամուսնության տասնյակ տարիների ընթացքում սկսել էր նշանակել՝ դե հանիր քո այդ անիծյալ նոթատետրն ու գրի առ, Վրեժ տղա, կինդ էլի քեզանից խելացի բան ասաց։ Սեդա Հախվերդյանն, իհարկե, այդպես էլ չիմացավ, թե ամուսնու այդ տարվա ուղերձին ինչպես արձագանքեցին նրանք, ում այն ուղված էր, բայց հոգու խորքում առաջին տիկինն համոզված էր, որ վատ արձագանքելու իրավունք մարդիկ պարզապես չունեին։ Երանի այդ վստահության զգացումը նա ունենար այժմ, երբ իր ամուսնուց հետո՝ երկրի գլխավոր դեմքերին պիտի հնարավորինս լուրջ դեմքով ստեր։

Դուրս եկավ սենյակից, նորից ժպտաց բոլոր նրանց, ովքեր հետևում էին իրեն, հենց միջանցքում էլ կանգ առավ, զրույցի բռնվեց քարտուղարի հետ (փոխած նկարից հետո քարտուղարի՝ արական սեռի ներկայացուցիչ լինելը լավագույն սփոփանքն էր), պատմեց Վրեժի առողջական խնդիրների մասին, ձայնն, ասաց, այնպես է կտրվել, որ բարկությունից չի էլ փորձում խոսել, անգամ ճաշելիս բերանը չի ուզում բացել, մտածում է, թե մյուսներին կթվա՝ ինչ-որ բան է ուզում ասել, իսկ նա չի ասի ու կհիասթափեցնի։ Ժամանակն, ավելացնում էր տիկին Սեդան, այն ամեն ինչ բուժում է։ Նախագահի՛ն էլ, բնականաբար։ Ինքն էլ, ասաց, եկել է մի թղթի ետևից՝ նախագահի ամանորյա ուղերձի սևագիր տարբերակի։ Քարտուղարը զարմացավ, թե այդ ինչու են հոկտեմբերին ամանորյա ուղերձի սևագիրը գրում, բայց ինչ ասվել, այն ասվել էր, քիչ առաջ ամանորյա ուղերձի մասին հիշած առաջին տիկնոջ մտքով այդ պահին այլ բան չեկավ։ Ասաց, Վրեժն «անհատնում ներդրում» էր գրել այնտեղ, իսկ ինքը՝ Սեդան, առաջարկել է «անսպառ ներդրում» արտահայտությունն օգտագործել, այն, իհարկե, «անհատնում ներդրման» պես խելացի չի հնչում, բայց ավելի հասկանալի է, մարդկանց ականջին սովոր, մտերմության զգացողություն առաջացնող։ Այժմ էլ, երբ Վրեժն իրեն հակաճառելու ուժ չունի, համաձայնվել է «անհատնումն» «անսպառ» դարձնել ու Սեդան չի պատրաստվում գործը վաղվան թողնել՝ կլավանա, ով գիտի, ու կմոռանա խոստումը, թող հենց այսօր էլ ուղղի։ Քարտուղարն, հասկանալի է, նման հիմար պատճառ լսելով, փորձեց որքան հնարավոր է սիրալիր փակել խոսակցությունը։ Սեդան ինքն իրեն երդվեց, որ մի օր կապացուցի այդ մարդուն, թե ինքը որքան խելացի է՝ ֆիզիկայի ուսուցչուհու գրեթե տաս տարվա փորձ ունի, վերջ ի վերջո, հետո ի՞նչ, որ մեկ անգամ մի հիմարություն է դուրս տվել։ Ի սեր Աստծո է արել դա ու վերջ։ Չի փոշմանում։ Քարտուղարն արագ ապաքինում մաղթեց նախագահին, հույս հայտնեց, որ մինչև շաբաթ օրը նա ամբողջովին կապաքինվի ու ավելացրեց, որ աշխատակազմի ղեկավարը նույնպես ուրախ կլիներ տեսնել առաջին տիկնոջը, եթե իրեն տեղեկացնեին վերջինիս այցի մասին։ Սեդան համոզմունք հայտնեց, որ տեղեկացրել են, ու ասաց, որ հենց նրա աշխատասենյակ էլ ուղևորվում էր։ Ապա սթափվեց ու հասկացավ, որ խոսակցության կարևոր հատված է ականջների կողքով անցել։ Շաբաթ օ՞րը։
- Շաբաթ օրն ինչ-որ ծրագրե՞ր կան, — հարցրեց։
Քարտուղարը ծիծաղեց, ցույց տալով, իբր չի հավատում, թե տիկինն այդքան անտեղյակ է։
- Իհարկե, տիկին Սեդա, իհարկե։
Ծրագրերի մասին ոչինչ չասաց։ Ենթադրվում էր, որ Սեդան ամեն ինչ գիտի։
- Ախ հա՜, — Սեդան էլ փորձեց ձևացնել, թե կատակում է, — Ռուսաստանի կառավարության հավաքականի հետ ընկերական խաղը։ Իմ եռագույն շարֆն արդեն արդուկած է ու պատրաստ ծածանվելու։
- Ավելի ճիշտ չինաստանի կառավարության հավաքականի, — ի պատասխան ծիծաղեց քարտուղարը։
- Ա՜խ, այդ Ռուսաստանը… Դեռ շարունակում է չինական դրոշի տա՞կ խաղալ։
Սեդային պարզ դարձավ, որ նախ՝ շաբաթ օրն իրենք Չինաստանից հյուրեր ունեն, և երկրորդ՝ նա կյանքում առաջին անգամ քաղաքական հումոր հորինեց։ Վրեժն իրենով կհպարտանար։ Իզուր չէր նա այսքան տարի համբերատար լսում ամուսնուն ու ճոճում գլուխը։ Ափսոս, որ միայն մեկ ունկնդիր ուներ։ Նա ինքն իրեն խոստացավ կրկնել նույն հումորն աշխատակազմի ղեկավարի սենյակում, եթե նման հնարավորություն ընձեռնվի։ Հետո նաև խոստացավ ինքն իրեն ընձեռել այդ հնարավորությունը։
- Այդ դու՞ք եք մարզում մեր կառավարության թիմը։
- Տիկին Սե՜դա։ Բարև ձեզ։ Միայն թե չասեք, որ հանկարծակի ստուգումների եք եկել։
- Պատրաստում եք մեր հավաքականի առաջիկա ընկերական հանդիպմա՞նը, — չէր հանձնվում Սեդան։
- Պարոն նախագահն ավելի լավ կիմանա։ Գուցե հանդիպումն հետաձգելու կարի՞ք կա։
- Հարցրեք ձեր թիմի երկրպագուներին։ Նրանք դեռ երեկվանից շենքի բակում բղավում են ու պաստառներ բարձրացնում։
- Հա, այս շաբաթը բոլորիս էլ երկար է թվալու, — տրամադրությունը կտրուկ փոխեց աշխատակազմի ղեկավարն ու էլ ավելի կասկածելի նայեց առաջին տիկնոջը։
Սեդա Հախվերդյանն հանձնվեց։ Վերջ, այլևս ոչ մի հումոր։ Անհնար է այս մարդու հետ խոսակցության ընթացքում տեղավորել հենց այն նույն հումորը։ Կամ ընդհանրապես անհնար է որևէ հումոր տեղավորել։
- Սա անձնական այց էր, — ասաց Սեդան, իսկ իրականում ուզում էր ասել․ «Ես արդեն գնում եմ, միայն թե չհարցաքննեք ինձ, չփորձեք անգամ կապ գտնել իմ այցի ու ամուսնուս բացակայության միջև, լուռ, սուս ու փուս ձևացրեք, թե առաջին տիկինը խելագար է և թողեք հանգիստ փախչեմ տուն»։
Նա փորձեց սեղմել աշխատակազմի ղեկավարի ձեռքն ու սենյակից դուրս թռչել, սակայն ծրագրի երկրորդ հատվածն այնքան էլ հեշտ չէր իրականացնել, որքան առաջինը՝ աշխատակազմի ղեկավարը սեղմեց առաջին տիկնոջ ձեռքը (այն օդի մեջ հաստատ չէր թողնելու, տղամարդը տղամարդ է մնում), ապա սկսեց հարցեր տալ՝ ինչ հիվանդ է նախագահը, միթե ընդհանրապես ի վիճակի չէ խոսել, արդյոք գոնե ի՛ր այցը չի ընդունի, ում և ինչ կարգադրություններ է արել, ինչպես են պատրաստվելու չինական պատվիրակության այցին, արդյոք դա նախագահի ձեռագիրն է՝ աշխատանքը երկու օր անընդմեջ ինքնահոսի մատնել՝ ախր նա կիրակի օրերն էլ էր աշխատավայրում լինում, նախկինում հիվանդ լինելով էլ էր ներկայանում, իսկ բացակայելու դեպքում այնպիսի հսկողություն էր սահմանում, որ ավելի լավ էր չբացակայեր, զանգում էր, իսկ ավելի հաճախ կարգադրում էր ամեն կես ժամն էլփոստով իրեն զեկուցել այդ ընթացքում կատարվածի մասին։ Վերջին դիտողությունը զվարճալի թվաց Սեդային՝ Վրեժն ինքն էր ծիծաղում իր այդ կարգադրության վրա՝ էլփոստով ստացած այդ նամակները նա երբեք չէր բացում, փեսային խնդրել էր այնպես անել, որ դրանք հասնելուն պես տեղափոխվեն աղբարկղ։ Սեդան մի օր անգամ կարծիք էր հայտնել, որ աշխատակազմում Վրեժի այդ արարքի մասին հաստատ իմացել են ու վաղուց արդեն սկսել են դատարկ նամակներ ուղարկել։ Տեսնես իսկապե՞ս ուղարկում էին։ Առաջին տիկինն հազիվ դիմացավ հարցնելու գայթակղությանը։ Իսկ զրուցակցի մյուս հարցերին չպատասխանելու համար ավելի լավ պատասխան չկարողացավ ընտրել, քան՝ նախագահը նախագահ է, եթե որևէ բան չի կարգադրել, ուրեմն կարգադրել է ոչինչ չանել։ Առիթից օգտվելով ինքն էլ փորձեց աշխատակազմի ղեկավարին հարց ու փորձ անել՝ զրույցի ընթացքում դանդաղ տեղափոխվելով դեպի դուռը։
- Իսկ այդ պատվիրակությունը… Չինական պատվիրակությունն ինչու՞ է գալու։
- Երկկողմ համաձայնագրեր կնքելու, տիկին Սեդա։ Ամենաբարձր մակարդակով հանդիպում պիտի լինի։ Շատ կարևոր հանդիպում մեր երկրի ապագայի համար։
«Ինչպե՞ս կարող է Քրիստոսը Քրիստոնեությունը պետականորեն առաջինն ընդունած պետության նախագահին ետ պահել իրենց պատմության համար կարևոր այդ հանդիպումից», — մտքում ասաց Սեդան, իսկ իրականում լռեց։ Ասված գիտե այդ չինացիներին։ Աղոթում են, երևի, ինչ-որ կենդանու արձանի մոտ, այնքան են շատացել, որ մոլորակը մի կողմի վրա է շուռ եկել, դեռ մի բան էլ ուզում են Աստծո զայրույթին չարժանանալ։ Ա՜խ, ինչպես էր Սեդան հասկանում Քրիստոսին։ Հաստատ դրա համար էլ եկել էր։ Որոշեց շարունակությունը թերթերում կարդալ։ Այս մարդուց միևնույն է ոչինչ չէր պարզելու։ Երբ կարողացավ բարեհաջող դուրս թռչել նախագահի նստավայրից՝ ինքն իրենից մի փոքր հիասթափված ու բավարարված այն քչով, որ կարողացել էր անել, հասկացավ, որ ի սկզբանե պիտի թերթերը գներ, չպիտի այնտեղ երևար ու անտեղի խնդիրներ ստեղծեր։ Գուցե այդ քայլով արդեն իսկ մատնեց իրեն, իսկ դեռ քանի՜ օր պիտի կարողանար ամուսնուն լոգարանում պահել։
Վարորդին խնդրեց մոտակա թերթի կրպակից վերջին երկու օրվա բոլոր թերթերը վերցնել ու խնդրել դրանք անթափանց տոպրակով տալ։ Նա վաղուց էր իրեն արգելել տեղական թերթերը կարդալ ու չէր ուզում ընտանիքին ևս մեկ կասկածի տեղ տալ։ Այդպես էլ՝ թերթերը թաքուն իր սենյակ մտցրեց։ Ճանապարհին վարորդին ասաց, թե ուզում է երկրի իրական պատկերին ծանոթանալ։ Վերջինս քմծիծաղ տվեց․ «Թերթերի՞ց»։ Էլ որտեղից, մտածեց Սեդա Հախվերդյանը։ Սակայն, երբ բաց արեց թերթերը, հասկացավ, որ չի գտնելու այն, ինչ փնտրում է։ Գրում էին Չինաստանի նախագահի այցի, ինչ-որ պայմանագրերի մասին, թե ինչ կտան ու ինչ կխլեն դրանք Հայաստանից։ Սեդան կարևոր ոչինչ չնկատեց։ Ցանկացած դեպքում մի բան շահում ես, մի բան՝ կորցնում։ Նա բարձրաձայն կարդում էր բոլոր այն փոքրիկ հոդվածները, որոնք վերաբերվում էին Չինաստանի նախագահի այցին, իսկ Վրեժը լոգարանից բղավում էր․ «Ու հետո՞»։ Սեդան էլ ավելի շփոթվեց։ Միգուցե Քրիստոսը որևէ կոնկրետ պատճառով չէ, որ չի ցանկանում այդ պայմանագրերը ստորագրված տեսնել, միգուցե Չինացիներն ի սկզբանե նրան դուր չեն եկել, կամ մի բան են արել, որ Աստծո սրտով չի եղել։
- Իսկ եթե զուտ ապահովության համար ոչինչ էլ չստորագրես, Վրեժ։ Եթե ասես, որ փաստաթղթերը դեռ մշակման կարիք ունեն։ Դուք դա հազար անգամ արել եք նախկինում, երբ չեք ցանկացել ոչինչ անել։ Կարող ես սովորականի պես ասել, որ բանակցությունները պիտի շարունակել, ու շարունակես դրանք մինչև քո ժամկետի ավարտը։ Եթե Աստծուն դա հաճելի չէ, թող ուրիշն անի։
- Սեդա, նախագահն է գալիս։
- Նախագահը դու ես, Վրեժիկ։
Վրեժը լռեց ու Սեդան շարունակեց թերթերը թերթել։ Շպարվելու խորհուրդներ տեսավ ու հիշեց Յութուբը։ Այնտեղ ամենքն ասում է այն, ինչ ուզում է, ոչ ոք ոչ ոքի չի հարգում, տղամարդիկ հայհոյում են կանանց ներկայությամբ, իսկ կանայք պարզապես հայհոյում են։ Եթե պետք է բացասական մի բան գտնել, ապա այնտեղից լավ տեղ չկա։ Եվ Սեդա Հախվերդյանը որոշեց Յութուբում ամուսնուն փնտրել։
Այդպես էլ՝ ողջ գիշեր համակարգչի առջև նստեց։ Ինչ ասես չտեսավ։ Էլ հայհոյում էին, էլ ծիծաղի առարկա դարձնում, մեկ ամուսնու պատկերն էր ոչ ամուսնու ձայնով խոսում, մեկ ամուսնու ձայնով խոսում էր ինչ-որ անհայտ պատկեր։ Սեդա Հախվերդյանն, ապահովության համար, համակարգչի ձայնն այնքան իջեցրեց, որպեսզի լոգարանում չլսվի։ Տեսնես Վրեժն այս ամենը տեսե՞լ է։ Եթե ոչ, ապա ոչ էլ թող տեսնի։ Աստված իմ, ինչ չար էին այդ մարդիկ։ Ասում էին, Վրեժին ծնված օրն այդպես էին կոչել, քանի որ նրա հայրը, չարացած հայ ժողովրդի դեմ, դիտմամբ էր նման հրեշ ծնել, որպեսզի գնա ու բոլորին հոշոտի։ Ասում էին նաև, որ Վրեժի միջոցով Աստված է վրեժ լուծում իրեն մոռացած ժողովրդից։ Որքան սահմանափակ են մարդիկ, մտածեց Սեդան, ինչ էին նրանք ասելու, եթե Վրեժի անունն, օրինակ, Սամվել լիներ, կամ ավելի վատ՝ Սահակ։ Չինաստանի հետ կնքվելիք պայմանագրերն էլ էլեկտրոնային թերթերից մեկն անվանել էր «Վրեժի ծարավը», ու այժմ մյուս բոլոր թերթերը կրկնում էին դա։ Իբր թե ինքը՝ Վրեժ Հախվերդյանը, ծախում է սեփական երկիրը՝ մտածելով միայն սեփական կաշվի մասին։ Իբր այնքան վատ է ղեկավարել պետությունը, որ այժմ այլ քայլ պարզապես չի կարող անել։ Եթե չանի դա, ասում էին, մի քանի ամսում ամեն ինչ կքանդվի, իր՝ նախագահի գլուխն էլ, պարզ բան է, դրանից հետո ուսերի վրա չի մնա։ Միևնույն ժամանակ ասում էին, որ դեռ ուշ չէ հեռանալ։ Եթե հենց վաղը հրաժարական տա, եթե ընտանիքն առնի ու փախչի երկրից, քաղաքական ապաստան խնդրի Եվրոպայում, դեռ կարող է պատմության մեջ չհիշվել որպես ՀՀ ամենաբութ նախագահը։ Սեդան մի պահ տարվեց Եվրոպայի մասին մտքերով։ Չեխիան, երևի, իր համար լավագույն տարբերակը կլիներ, թեկուզ ընտանիքի ավելի երիտասարդ անդամներն հաստատ Ֆրանսիան կընտրեին․ որքա՜ն էր փոքրիկ Վրեժը սիրում Դիզնիլենդը։ Տեսնես հնարավո՞ր է միանգամից մի քանի երկրում քաղաքական ապաստան խնդրել։ Տեսանյութերում ասում էին, որ Վրեժն արդեն բավական գումար է գողացել ժողովրդից ցանկացած երկրում մինչև մահ ճոխ ապրելու համար։ Դա, երևի, իրենց արդար քրտինքով վաստակած գումարի մասին էր, որը հեռուստացույցի առաջ պառկած մարդիկ, պարզ բան է, չէին կարող աշխատանքի արդյունք համարել՝ իրենք, ախր, երբեք այդքան չեն աշխատել, որպեսզի իմանան, թե որտեղից է գալիս գումարը։ Այդ մարդիկ անկիրթ են, գրքեր չեն կարդում, ոչինչ չգիտեն փողի մասին, չեն էլ պատկերացնում, թե ինչպես այն պիտի շատանա։ Կյանքում երբեք ներդրումներ չեն անում, միայն ծախսում են ու ծախսում։ Ու որքան շատ են ծախսում, այնքան ավելի շատ են ուզում ծախսել։ Ու այժմ էլ, քիչ է նախանձում են ուրիշին, մի բան էլ տեսանյութեր նկարում ու տեղադրում համացանցում, որպեսզի իրենց պես հիմար մարդիկ էլ լսեն ու սկսեն նախանձել։ Սեդան սարսափած էր։ Այդ ինչպե՞ս է Վրեժը թալանել ժողովրդին։ Փողն ի՞նչ է, մի տեղ լցրած էր, Վրեժն էլ պարկերն առավ, գնաց, ծայրից-ծայր լցրեց ու տու՞ն եկավ։ Չէր եղել նման բան, ու Սեդան պատրաստ էր երդվել, որ չէր եղել։ Ինքն ամեն ինչ հիշում է՝ առաջին գործարանից, մինչև այժմյան ունեցվածքը, տասնյակ տարիների աշխատանքն ու ջանքերը, Վրեժի կարդացած հարյուրավոր գրքերն ու հարյուրավոր կապերը, որ իրենք փորձում էին ստեղծել։ Այցելություններն ու հանդիպումները, որոնցից յուրաքանչյուրը մեկ քար էր ավելացնում այն ամենի վրա, ինչ իրենք փորձում էին կառուցել։ Հիշում էր, թե ինչպես էր պատրաստվում հերթական ճաշին, ինչպես էր հրավերներ ուղարկում բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց կարող են օգտակար լինել, ինչպես էր նվերներ պատրաստում բոլոր նրանց զավակներին, ովքեր կարող են Վրեժին օգնել իր գործում՝ ամեն տոնի կապակցությամբ։ Հիշում էր իր հսկայական օրացույց-նոթատետրը, բոլոր կարևոր ամսաթվերով, ծննդյան օրերով, մարդկանց ցուցակներով, ում անհրաժեշտ է շնորհավորել, նվերներ ուղարկել։ Սեդա Հախվերդյանը պարզից էլ պարզ հիշում էր, թե իրենց համատեղ ջանքերի շնորհիվ որքան հազվադեպ էին իրենք լսում «ոչ» բառը։ Հիշում էր, թե ինչպես էր ժամանակին, թեև արդեն դուստր ուներ, իր թևի տակ առնում այլոց զավակներին, երբ զգում էր, որ նրանք արժանի են դրան, հիշում էր, թե ինչպես էր պայքարում նրանց ապագայի համար, տալիս նրանց այն ամենն, ինչ անհրաժեշտ էր Վրեժին օգտակար լինելու համար։ Սեդա Հախվերդյանին դժվար էր համոզվել, թե իրենք որևէ մեկին թալանում էին։ Բայց երկու օր առաջ իր ննջասենյակում էր ինքը՝ Քրիստոսը, ու պահանջում էր ամուսնուն լոգարանում փակել։ Նշանակում է՝ այն, ինչ առաջին տիկինը լսում էր Յութուբում, կարող էր և ճիշտ լինել։ Այո, իրենք ամեն ինչ արդար քրտինքով են վաստակել, բայց գուցե Վրեժն իսկապես կորցնելու բան ունի։ Գուցե այն, ինչին հասել են այդ տասնյակ տարիների ընթացքում, իսկապես կարող է հոդս ցնդել, գուցե ամուսնուն իսկապես սպառնում են զրկել ամենից։ Որքան ավելի շատ տեսանյութ էր դիտում, այնքան ավելի էր համոզվում, որ ժողովուրդն իրենց միայնակ է թողել։ Նրան մի պահ սկսեց թվալ, որ իրենք ապրում են աշխարհից կտրված մի դղյակում՝ որևէ երկրի տարածքում չգտնվող, որևէ հայտնի լեզվով չխոսող արարածներով բնակեցված, թվաց, թե այդ պահից սկսված տնից դուրս գալն արդեն ճամփորդություն է կոչվելու ու հարևան փողոց անցնելու համար անհրաժեշտ է լինելու Հայաստանի ուղետոմս գնել։ Սեդա Հախվերդյանն հուսահատությունից սկսեց լաց լինել։ Այլևս ի զորու չէր ղեկավարել իրեն։ Քիչ էր մնում գնար, բաց աներ լոգարանի դուռն ու պահանջեր ամուսնուց լուծել բոլոր խնդիրները, տեր լինել, ինչպես և խոստացել էր իրեն, վերջ դնել այդ իրավիճակին ու դադարեցնել իրենց հանդեպ ատելությունը, թքել աշխարհի ուժեղների վրա ու աշխարհում ամենաուժեղը լինել, ինչպես մինչ այժմ, այնպես էլ հիմա, լինել այն տղամարդն, ում կողքին ապահով է։ Քիչ էր մնում բաց աներ դուռը, բայց համոզված էր՝ որքան էլ ապահով լիներ Վրեժի կողքին, Աստծո կողքին անհամեմատ ավելի ապահով էր լինելու։
Ողջ այդ օրը չխոսեց ամուսնու հետ։ Չէր կարողանում ներել նրան այն ամենն, ինչ տեսավ։ Լուռ սենյակ էր բերում կերակուրը, դռան տակից մաքուր հագուստ էր տալիս, անում էր այն ամենն, ինչ Վրեժը կասեր։ Առանց խոսքերի, առանց պատասխանելու նրան, առանց բացատրելու իր պահվածքը։ Ընտանիքին այդ օրն անգամ ասաց, թե պապիկի վիճակը խիստ վատացել է։ Այդ պզուկն, ասաց, այլևս սովորական պզուկի նման չէ ու վաղը՝ հինգշաբթի օրը, իրենց պիտի Վրեժի բժիշկն այցելի, նախագահը ջերմում է ու զառանցում։ Ասաց՝ խոսքի մեջ անգամ պետական գաղտնիք բաց արեց, որն իրեն՝ Սեդային, բարեբախտաբար, արդեն հայտնի էր։ Այ, եթե սենյակում մեկն էլ լիներ, Վրեժի բանը բուրդ էր՝ նա Աստվածաշնչով է երդվել, որ կծառայի հանրապետությանը։ Իհարկե, նույն Աստվածաշնչով նա նաև երդվել է, որ Սեդայի հետ պիտի կիսի ամեն ինչ՝ երջանկությունն ու դժբախտությունը, և այլն։ Պետական գաղտնիքները, կարծում էր Սեդան, այդ թվում նույնպես կարող էին հայտնի դառնալ առաջին տիկնոջն ու չզայրացնել Աստծուն։ Եթե վաղը բժիշկն ասի, թե նախագահը լուրջ հիվանդ չէ, իրենք նաև երկրի լավագույն դիմահարդարին են հրավիրելու, թաքցնելու են այն, ինչը Վրեժին քանի օր է ննջասենյակում է պահում և ուրբաթ առավոտյան աշխատանքի են ուղարկելու։ Շաբաթ օրն, ասաց Սեդան, խիստ կարևոր է երկրի ապագայի համար։

Դօրիանի «Լալեյ» բանաստեղծության հիման վրա գրված՝ Աննա Պապյանի համանուն երգը։

Իսկ հինգշաբթի, բնականաբար, ոչ մի բժիշկ էլ չեկավ։ Նրան անգամ չէին զանգահարել։ Սեդան հույս ուներ, որ բոլորը կմոռանան այդ այցի մասին, չեն էլ փորձի ստուգել ու միայն երեկոյան՝ ընթրիքի ժամանակ, կհարցնեն, թե բժիշկն ինչ ասաց։ Թերթերն էլ, համացանցն էլ այդ օրն արդեն մտահոգությամբ էին հայտնում նախագահի բացակայության մասին։ Նախագահականի մոտ նստացույց անցկացնողները նկատել էին, որ երկրի ղեկավարի մեքենան անգամ չի մոտենում աշխատավայրին։ Փախել է, գրում էին, կամ վախենում է գալ։ Նաև կարծիք էին հայտնում, որ ժողովրդից է՛լ ավելի նա Չինաստանի ղեկավարից կվախենա՝ շաբաթ օրը խելոք կգա ու կանի իր սև գործը։ Դատելով պաստառներից՝ նախագահին սկսել էին «Հախվերդյան Հրեշ» կոչել, մեկն անգամ «Վրեժվածք» էր գրել, ոստիկանները ձեռքից պաստառն առել էին ու նա այժմ հարցազրույցներ էր տալիս։ Հախվերդյանն, ասում էր, ժողովրդի արյունն է ծծում, այն էլ արդեն քանի տարի։ Նաև ասում էր, որ շաբաթ օրը բոլորը պիտի հրապարակ դուրս գան ու վերջ դնեն ապօրինությանը։ «Հայաստանը չի ծախվում», ասում էր մամուլին արված հայտարարություններում, իսկ տեսանյութերում նույն բանը բղավում էր։ Սեդան այնքան սարսափած էր, որ հասկացավ՝ առանց Վրեժի այս իրավիճակից դուրս գալ չի կարող։ Ուր որ է կզանգեն, կպահանջեն նախագահի հետ զրուցել, կամ է՛լ ավելի վատ՝ կգան։ Ինչպե՞ս է դեռ երեք օր դիմանալու։ Փեսան էլ, ախր, տանն է։ Հարկ եղած դեպքում նա ուժ կիրառելով ներս կմտնի նախագահի ննջասենյակ։ Զոքանչին չի խփի, իհարկե, բայց Սեդան չափազանց թույլ է, որպեսզի չենթարկվի տղամարդու խիստ խոսքին՝ ամուսինը լինի, թե՝ փեսան։
- Վրեժի՞կ, — ձայն տվեց՝ ասես ներողություն խնդրելով։
- Չոռ քեզ։ Արդեն վախեցա՞ր։
- Այդ մարդիկ աշխատավայրիդ առաջ են քնում։ Ատում են քեզ, Վրեժիկ…
- Ամեն մեկն իր գործն է անում, Սեդա։ Ի՞նչ ես սրտիդ մոտ ընդունել։ Քեզ ասել էին, որ չեն բողոքելու ու խաբեցի՞ն։ Ի՛նչ էլ Քրիստոսդ ասի, շաբաթ օրն այս դուռը պիտի բաց անես։ Չեն թողնի, որ չբացես, Սեդա, կտեսնես, որ չեն թողնի։
- Աստծո կամոք…
- Չեն թողնի։
- Դեռ այսօր ու վաղը կա, Վրեժիկ։ Դեռ մի բան կփոխվի։ Աստված մի նշան կտա, կասի, թե ինչ անեմ, ինձ մենակ չի թողնի։ Հաստատ մենակ չի թողնի, Վրեժիկ։ Եթե զգա, որ մի բան ի զորու չեմ անել, ինքը կանի։
- Դու արդե՛ն ի զորու չես, թող անի։ Թե այսօր էլ մի կերպ ձգես, լավ է, բայց վաղն արդեն չես ձգի, Սեդա։ Գլխիդ փորձանք ես բերում։ Ո՞նց ես մարդկանց աչքերին նայելու։ Քեզ գժի տեղ են դնելու։
- Զանգիր մեկն ու մեկին։
- Ի՞նչ անեմ։
- Հեռախոսդ տամ, զանգիր մեկն ու մեկին։ Ասա, որ ամեն ինչ նորմալ է։
- Հետո՞։ Ի՞նչ ես ինձ խոստանալու փոխարենը, որ միանգամից չվերցնեմ ու չզանգեմ ում որ պետք է, ու հինգ րոպե հետո արդեն դրսում լինեմ։
- Խոստանալու եմ, որ եթե մինչև շաբաթ օրը Քրիստոսը նորից չգա, բաց կանեմ դուռը։ Եթե նշան չտա, եթե բան չկարգադրի, շաբաթ առավոտ շուտ՝ ժամը հինգին դուռը կբացեմ։ Դուրս կգաս ու կպատրաստվես։
- Եթե ասածդ չանեմ ավելի շուտ դուրս կգամ, Սեդա։ Ինչու՞ պիտի զանգեմ։ Ասածդ անելով ի՞նչ եմ շահում։
- Շահում ես այն, որ անում ես իմ ասածը, Վրեժ։ Կնոջդ ես հարգում ու պաշտպանում։ Դա տղամարդու համար շահում չի՞։
Ու Վրեժ Հախվերդյանը զանգեց։ Եթե Սեդան ասել է, որ բաց կանի դուռը, ուրեմն բաց կանի։ Այլ կերպ լինել չէր կարող։ Նախագահը կարգադրեց իր անունից հաղորդագրություն տարածել՝ առաջին տիկինը հիվանդ է, նախագահը նրա կողքին է և միևնույն ժամանակ շարունակում է գործերն իր տնից վարել։ Շաբաթ օրը նա աշխատավայրում կլինի, կներկայանա նախատեսված բոլոր հանդիպումներին, կստորագրի նախատեսված բոլոր փաստաթղթերը, որոնք այդքան կարևոր են երկրի ապագայի համար։ Խնդրեց նաև շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր չեն կորցնում երկրի ապագայի հանդեպ իրենց հավատն ու նաև ըմբռնումով են մոտենում այդ կարևոր իրադարձություններին զուգադիպած՝ առաջին տիկնոջ առողջական խնդիրների ընթացքում նախագահի՝ վերջինիս կողքին լինելուն։
Սեդան յոթներորդ երկնքում էր։ Համ իր մեղքն իր ուսերին էր, հետևաբար նաև իր խաչն ինքն էր կրելու, համ Վրեժի զանգը հանգստացրեց բոլորին և վստահեցրեց, որ նախագահի հետ ամեն ինչ կարգին է, համ աշխատավայրում բոլորն իմացան, որ նախագահը ստում է, հետևաբար կդադարեն հարց ու փորձ անել (չէ՞ որ մեկ օր առաջ առաջին տիկինը նախագահի աշխատավայրում էր և ճիշտ հակառակն էր ասում՝ այդ նախագահն է հիվանդ), համ էլ կկարողանա ընտանիքին բացատրել, թե ինչու բժիշկն իրեն չի այցելելու։ Նախագահի հետ ամեն ինչ կարգին է, կարդացեք նրա հայտարարությունը։ Վաղը Վրեժը կճաշի բոլորի հետ, իսկ մյուս օրն արդեն աշխատանքի կներկայանա։ Այդ հինգշաբթին Սեդային ավելի թեթև թվաց, քան նա սպասում էր։ Թվում էր, թե բոլորն հանգստացան, բոլորը գտան իրենց հարցերի պատասխանները։ Իրեն միայն մնում էր նստել ու սպասել Քրիստոսին։ Ողջ գիշեր կրկին չքնեց, շուռ ու մուռ եկավ, չորս կողմը նայեց, փնտրեց ու փնտրեց, սակայն ոչ ոք չկար։ Սենյակը ճիշտ այնպիսին էր, ինչպիսին միշտ եղել է, դեռ մի բան էլ ավելի դատարկ՝ առանց Վրեժի։ Իսկ ուրբաթ առավոտյան իրեն բոլորովին այլ հյուր էր սպասում։ Ոչ Քրիստոսը, ոչ հրեշտակները՝ մի փոքր ավելի ցածր։ Երբ իրեն տեղեկացրին հյուրի մասին, Սեդան վրան գցեց խալաթն ու հյուրասենյակ իջավ։ Այդ ի՞նչ պիտի պատահեր, որ առավոտյան ժամը յոթին իրեն անհանգստացնեին։
Տեր Եղիսաբեթը ծառայողական հագուստով էր։ Տեղավորվել էր հյուրասենյակում և Սեդայի ներս մտնելիս տեղից անգամ վեր չկացավ։ Միայն անհանգստացած, գուցե նաև խիստ, նայում էր առաջին տիկնոջն ու գրեթե ճոճում գլուխը։ Այդ շարժումը, եթե կար էլ, այնքան աննկատ էր, որ Սեդան անգամ մտածեց, թե իրեն թվում է։
- Հասկանալի պատճառով, Սեդա, նախագահի հետ հանդիպելու իմ ցանկությունը մերժեցին։ Այժմ ես այդ հանդիպումն առաջին տիկնոջից եմ խնդրում։
- Նախագահը չի կարող ընդունել ձեզ, — Սեդայի սիրտը կրծքից դուրս էր թռչում։ Եթե հենց այդ պահին չնստեր, կարող էր և ուշագնաց լինել։
- Ես ստիպված եմ պնդել։
Ի՞նչ պիտի աներ առաջին տիկինն՝ ասեր, թե նախագահն իրեն լավ չի զգում, թե դեմքին պզուկ է եղել։ Այս կնոջն հայտնի էր ողջ ճշմարտությունը, ու նա, եթե այդ մասին բարձրաձայն չասի էլ, կարող է այդ փաստը Սեդայի դեմ խաղարկել։
- Կարո՞ղ եմ իմանալ պատճառը, Սեդա, ինչու երկրի ղեկավարը չի կարող ընդունել ինձ։
- Հասկանալի պատճառներով, — փորձեց Եղիսաբեթի իսկ առաջ բերած եզրն օգտագործել Սեդան։
- Այդ ի՞նչ հասկանալի պատճառ է, որ չեմ հասկանում։
Ձայնագրու՞մ է, ինչ է, մտածեց Սեդան։ Թե մեկին բերել է հետն ու թաքցրել բազմոցի տակ։ Ինչ էլ որ լինի, ինքը՝ Սեդան, չէր պատրաստվում ասել այն, ինչ իրենից ակնկալում էին։ Եթե այդպես է, ինքն էլ կձևացնի, թե ոչինչ չի հասկանում։
- Նախագահն իրեն լավ չի զգում։
- Իր իսկ տարածած հաղորդագրության համաձայն նա այժմ հիվանդ կնոջ կողքին է, եթե չեմ սխալվում։
- Ճշմարտությունը տարածելու կարիք չունի, տեր Եղիսաբեթ, այն այսպես, թե այնպես կա։ Եթե ինչ-որ բան դիտավորյալ տարածվել է, ուրեմն դա սուտ է։
- Եթե նախագահն այնքան վատ է զգում իրեն, որ չի կարող ներկայանալ ինձ, ես ինքս եմ ցանկանում բարձրանալ նրա ննջասենյակ, տեսնել հիվանդին, օրհնել և արագ ապաքինում մաղթել։
- Ցավոք նախագահի կամոք ես ստիպված եմ լինելու մերժել ձեզ, տեր Եղիսաբեթ։
- Այդ դեպքում ես կսպասեմ այստեղ, — նա վճռորոշ էր տրամադրված, — Եթե մինչև երեկո նախագահը չիջնի, կամ թույլ չտա ինձ բարձրանալ իր սենյակ, ստիպված կլինեմ մեկ հայտարարություն էլ ինքս տարածել, Սեդա։
- Չեք կարող։
- Հանուն հայրենիքի, Սեդա։
- Ի սեր Աստծո՛, տեր Եղիսաբեթ, դուք նրա՛ն եք ծառայում։
- Վաղը չափազանց կարևոր օր է, Սեդա…
- Քրիստոսն ասաց։ Ես պնդում եմ, որ դա Աստծո կամքն է։ Ես չեմ կասկածում։ Իսկ դու՛ք, տեր Եղիսաբեթ, դու՛ք կասկածու՞մ եք։
- Աստված չէր կարող նման հիմարություն խնդրել։
- Իսկ դու՛ք չեք կարող դատել Աստծո արարքները։ Որքա՞ն հավատ կար ձեր մեջ, եթե դրա սպառվելու համար հերիք էր այսպիսի մանրուքը։
- Մի ամբողջ երկրի ապագան ու պատմությունը մանրուք չէ, Սեդա։ Եթե հանուն բարի գործի ստիպված լինեմ կասկածի տակ առնել… քո խոսքը…
- Աստծո խոսքը։
- Աստված ինձ ոչինչ չի փոխանցել։ Եթե հանուն բարի գործի ստիպված լինեմ կասկածի տակ առնել քո՛ խոսքը, և համապատասխան քայլեր ձեռնարկել, ապա ես կանեմ դա, Սեդա։ Խնդրում եմ, կարգադրիր ինձ թեյ բերել, ես դեռ երկար եմ մնալու այս սենյակում։
Սեդան կարգադրեց տիրոջը թեյ բերել, իսկ ինքը բարձրացավ սենյակ, կարգի բերեց իրեն, հագնվեց, Վրեժին պատմեց, թե ինչ է կատարվում ու նորից հյուրի մոտ իջավ։
- Գիտեի՞ք, որ մարդիկ դեմ են նախագահի որոշմանը, տեր Եղիսաբեթ։ Ես վերջերս Յութուբ եմ մտնում։ Այդ կայքը ստեղծողին, կարծում եմ, չի հաջողվի խուսափել դժոխքից։ Տեսե՞լ եք, թե ինչ է կատարվում այնտեղ։ Չէի էլ պատկերացնում, որ կարելի է այդպես չսիրել մեկին, ով իր կյանքը վատնում է հանուն ժողովրդի, հանուն պետության, ով օր ու դադար չունի, հոգու հանգստություն չունի։ Մի՞թե մարդիկ այդքան հեռու են գնացել մեզանից, թե՞ մենք ենք նրանցից հեռացել։ Ես հասկացա, որ չափազանց քիչ եմ դուրս եկել, մասնակցել երկրի կյանքին։ Նրանք մեզ օտարի պես են վերաբերվում և իմ մեղքը դրանում նույնպես կա, տեր Եղիսաբեթ։
- Գործելով այն հանցանքը, որը պատրաստվում ես գործել, Սեդա, դու ոչ մի քայլ չես մոտենա ժողովրդին։ Նրա՛նք քեզ չեն մոտենա։
- Ես միայն ցանկանում եմ Աստծուն հաճոյանալ, տեր Եղիսաբեթ։ Այդ մարդիկ չափազանց չար են, հանուն նրանց ես այս արարքը չէի գործի։
- Դուրս է գալիս, որ գործում ես։
- Եթե այդպես է, ուրեմն Աստված նույնպես նրանց կողմից է։
Տեր Եղիսաբեթը զարմացած՝ Սեդային նայեց։ Սեդան նստեց նրա դիմաց ու ինքն էլ իրեն թեյ լցրեց։ Այս կնոջ այցը, թեև իր դեմ էր ուղղված, բայց փոքր ինչ հանգստացնում էր Սեդային։ Թվում էր, թե այդ սենյակում նա համախոհ ունի, մարդ, ով տեղյակ է ամենից, ու թեկուզ իր կողմից չէ, կարող է խոսել իր հետ կատարվողի մասին, կարող է իսկապես բարի խորհուրդ տալ։ Հոգու խորքում նա, իհարկե, չէր ներում տեր Եղիսաբեթի հավատի պակասը, զայրացած էր ու իրեն դավաճանված էր զգում։ Կարծում էր, որ ճշմարտությունը պատմել է այն միակ մարդուն, ով Աստծուն իրենից շատ պիտի սիրի ու վստահի։ Սխալվել էր։ Ահա նա՝ քահանան։ Եկել է ու սպառնում է պատմել իրեն վստահված գաղտնիքը, եկել է, քանի որ չի հավատում, թե Սեդայի արարքը կարող էր իսկապես Քրիստոսը պատվիրել, եկել է ու կարծում է, որ այժմ ինքն է իրավիճակի տերը։
- Դու գոնե ծրագիր ունե՞ս, Սեդա։ Ի՞նչ պիտի անես, եթե ես չգնամ այստեղից։ Իսկ եթե ես պատմեմ ողջ ճշմարտությունը։
- Ես ի սկզբանե որևէ ծրագիր չունեի, տեր Եղիսաբեթ։ Քրիստոսն ասաց, ես արեցի։ Խոստացել եմ Վրեժին, որ եթե Տերը մինչև վաղն առավոտ որևէ նշան չանի, ամեն ինչ առաջվա պես եմ դարձնելու, — Սեդան դեռ փորձում էր հնարավորինս զգույշ խոսել։
- Մինչև ե՞րբ պիտի Տերը նշան տա քեզ։
- Առավոտյան հինգը։
- Չափազանց ուշ չէ՞։ Գրեթե հինգ օր է անցել ու որևէ նշան չկա։
- Ահա՝ դուք եք եկել, ու կորցրել եք ձեր հավատը։ Ի՞նչ պակաս նշան է։ Այժմ ես է՛լ ավելի քիչ եմ ուզում իմ հավատը կորցնել։
Տեր Եղիսաբեթը կուլ տվեց թուքն ու փախցրեց հայացքը։ Սեդան զգաց, որ փոքրիկ հաղթանակ տարավ։ Տեր Եղիսաբեթը վեր կացավ տեղից։
- Ես կաղոթեմ քո ողջախոհության համար, Սեդա։ Հուսով եմ, որ այս պատմությունը բարի ավարտ կունենա։ Միևնույն ժամանակ ես կպատրաստեմ իմ հայտարարությունը։ Եթե վաղը նախագահը չներկայանա, ստիպված կլինեմ հրապարակել այն։ Կայցելի քեզ Քրիստոսը, թե՝ ոչ, ցավոք սրտի, չեմ կարող հաշվի առնել։ Դժվար է ասել, թե ինչ է կատարվում քեզ հետ։
Եվ տեր Եղիսաբեթը խնդրեց ճանապարհել իրեն՝ նորից մենակ թողնելով Սեդային։ Սեդան հասկացավ, որ ցանկացած դեպքում պարտվելու է։ Բայց մի՞թե հնարավոր է հաղթել Աստծուն։ Նա որոշեց շարունակել իր գործը։ Ինչպես ծրագրել էր, այնպես էլ կանի, մնացածը թողնելով Աստծո հույսին։ Տեր Եղիսաբեթի հետ նա ոչինչ չի կարող անել և Աստծուն դա քաջ հայտնի է։ Եթե նրան անհրաժեշտ լինի լռեցնել, թող լռեցնի ինքը։ Իրեն կարգադրել են լոգարանում փակել ամուսնուն, նա էլ անում է այն, ինչ իրեն կարգադրել են։ Սեդան, այնուամենայնիվ, չափազանց թույլ էր զգում իրեն։ Փեսան սկսել էր հարցուփորձ անել, աշխատավայրից զանգում էին։ Նա պատասխանում էր, որ ծրագրերը նույնն են մնում, որ Վրեժը ոչ մի ժամ չի փոխարինելու, սուտը ճշմարտանման դարձնելու համար էլ ավելացնում էր, որ հանդիպումից անմիջապես հետո նախագահը վերադառնալու է տուն ու, հնարավոր է, մի քանի օր կրկին բացակայի, իր կողքին լինի։ Դա Վրեժի որոշումն է, ասում էր։ Իսկ օրվա երկրորդ կեսին արդեն հասկացավ, որ չի կարող շարունակել, հեռախոսը նորից տվեց ամուսնուն, ու նա ինքն էր արդարացնում իր բացակայությունը։ Վրեժից բոլորը վախենում էին, ավելորդ հարցեր չէին տալիս։ Դուստրը նույնպես, հավանաբար փեսայի ուղորդմամբ, մտահոգություն հայտնեց հոր առողջական վիճակի մասին, ասաց, որ անպայման պիտի տեսնի հորը։ Անգամ ննջասենյակ մտավ։ Վրեժը լոգարանից բղավեց, թե դուրս չի գա, մինչև սենյակում միայն Սեդան չլինի։ Փառք Աստծո, սղոցած դուռն աննկատ մնաց՝ դուստրն անգամ ամաչում էր հոր հետ խոսելիս լոգարանի կողմ նայել։ Ձևացնում էր, թե ձայնը կարող է ամեն տեղից հնչել, բացի լոգարանից։ Հավանաբար եղելությունն ամուսնուն էլ պատմեց, վստահեցրեց, որ հոր հետ ամեն ինչ կարգին է, թեև նա հրաժարվում է հանդիպել իր հետ։ Ճաշի ընթացքում արդեն փեսան լուռ էր, այլևս հարցեր չէր տալիս, պահում էր իրեն այնպես, ինչպես նախորդ օրերին։ Իհարկե կատակեց, թե հուսով է՝ Չինաստանի նախագահին ստիպված չեն լինի Վրեժի լոգարանի մոտ նստեցնել և դռան տակից փոխանցել փաստաթղթերը, սակայն դա եղավ նախագահի մասին արտասանած նրա միակ նախադասությունը։ Ո՛չ ճաշի ընթացքում, ո՛չ դրանից հետո Քրիստոսից նորություններ չկային։ Կեսգիշերից հետո Սեդան սկսեց աղոթել։ Աստված գիտե, թե քանի անգամ ասաց «Հայր մերը», այնքան, որ ինքն էլ հոգնեց ու սկսեց ազատ տեքստով աղոթել։ Երկրին խաղաղություն էր խնդրում, խնդրում էր մեղմել Վրեժի հանդեպ մարդկանց ատելությունը (դա լսելով՝ Վրեժը լոգարանից բղավեց, թե ոչ մի ատելություն էլ չկա, դա ընդդիմություն է կոչվում), խնդրեց օգնել իրենց ճիշտ որոշումներ կայացնել ու հաղթահարել այդ դժվար պահը։ Եթե պայմանագիրը չպիտի ստորագրվեր, խնդրեց, որ դա Հայաստանի դեմ շուռ չգա (իսկ սա լսելով՝ Վրեժը բղավեց, որ պայմանագիրը պիտի ստորագրվի, «Ես նախագահն եմ, — ասաց, — ու դա իմ քաղաքական որոշումն է»), Սեդան սկսեց աղոթել, որպեսզի Աստված Վրեժին ճիշտ ընտրելու հնարավորություն տա, օգնի ժողովրդի ու իր կաշվի միջև ընտրություն կայացնել (դրան Վրեժն արձագանքեց ծիծաղելով, խնդրեց աղոթքը ձայնագրել ու տեղադրել իր սիրելի Յութուբում): Որքան ավելի էր մոտենում ժամը հինգն, այնքան ավելի սրտանց էր աղոթում Սեդան, սակայն դեռ հինգը չլրացած սկսեց կորցնել հույսը։ Չի գալու, հաստատ չի գալու։ Ոչ էլ նշան է անելու։ Ինքն, հաստատ, ինչ-որ բան բաց է թողել։ Գուցե այս ընթացքում արդեն պատահել է այն, ինչի համար Վրեժին պիտի լոգարանում փակեր։ Գուցե մի բան փոխվել է, իսկ ինքն իր գործերով ու վախերով ընկած, չի էլ նկատել դա։ Գուցե այս ամենը նրա համար էր, որպեսզի իր աչքերը բացվեն, հասկանա, թե իրականում ինչ է կատարվում իր երկրում, կամ կորցնի հավատը տեր Եղիսաբեթի հանդեպ, ով իր հերթին արդեն կորցրել էր սեփական հավատը։ Հինգից հինգ պակաս Սեդան արդեն հուսահատված դադարեց այդ մասին մտածել, սկսեց նայել այն նույն պատուհանին, որի առջև Քրիստոսին էր տեսել, նայեց-նայեց, մի պահ թվաց, թե պատուհանի հետ ինչ-որ բան է կատարվում, շարժվում է, կամ գույներն է փոխում, «Ուր որ է կգա», մտածեց, բայց ոչ ոք այդպես էլ չեկավ։ Ժամը հինգն էլ լրացավ, հինգն անց հինգ էլ։

- Սեդա՞- ձայն տվեց Վրեժը, — Հայաստանի ժամով ժամը հինգին չեկավ, ճշտիր, թե որտեղից է գալիս։
Սեդան սուս ու փուս գնաց և բաց արեց լոգարանի դուռը։ Խոստացել էր, ուրեմն պիտի աներ։ Բաց արեց ու թվաց, թե աշխարհի մեծագույն մեղքն է գործում։ Ինչ է՝ փորձու՞մ էր Քրիստոսին, ստուգու՞մ էր նրան։ Արդյոք չպիտի խոսքը լուռ լսեր ու ենթարկվեր։
- Ասես սխալ գործած լինեմ, Վրեժիկ, — ասաց ամուսնուն։
- Ապրես։ Շատ ճիշտ ժամանակին գլխի ընկար, Սեդա։
- Քեզ բաց թողնելը նկատի ունեմ, Վրեժ, չպիտի անեի դա։ Քրիստոսն, ախր, եթե մի անգամ մեկին երևացել է, արդեն հրաշք է։ Ես ինչու էի սպասում, թե երկրորդ անգամ էլ պիտի գար։ Այնքան էի թերագնահատում նրա առաջին հայտնվելը, որ կարծում էի, թե դա բավական չէ մեծ գործ անելու համար։ Ախր մի հայացքն արդեն հերիք էր, կարող էր անգամ ձեռքը չշարժել։ Հրաշք էր ու հրաշք, Վրեժ, ինչպե՞ս չհավատամ։
- Դուրս արի, Սեդա, գնա գործերիդ։ Թող տեսնեմ, թե ինչ եմ անում։ Մարդկանց հիմա պիտի քնից հանեմ, տեսնեմ՝ ինչ են արել, ինչ չեն արել։
- Մի ստորագրիր այդ պայմանագրերը, Վրեժ։ Խնդրում եմ, մի ստորագրիր։
- Չստորագրելու պատճառ չկա, Սեդա։
- Կա։ Բա մարդի՞կ։ Նրանք չեն ուզում։
- Ինչ-որ բան չուզելը նրանց աշխատանքն է, Սեդա, պայմանագրերն այստեղ ի՞նչ կապ ունեն։ Եթե ես մի բան ուզում եմ՝ իրենք չեն ուզում, եթե մի բան ես չեմ ուզում՝ իրենք ուզում են։ Տեսածդ նյութերը ցույց տուր, բոլոր բողոքողների անուններն հատ-հատ ասեմ։ Քեզ պես անտեղյակների համար են դա անում, ոչ թե իմ։ Ես էլ հո իրենց լավ գիտեմ, իրենց ղեկավարներին էլ, իրենց գործելաոճն էլ։ Իրենց մեջտեղից էլ պատռեն, միևնույն է, հոգու խորքում համոզված են, որ ոչնչի չեն հասնելու։ Ինձ փոխելու համար չեն անում դա, Սեդա, քեզ փոխելու համար են անում։ Մի փոխվիր ու վերջ։ Հավատդ ու՞ր է։ Բա ի՛նձ էլ հավատա։
Ու Վրեժ Հախվերդյանն իր գործերին անցավ։ Միայնակ թողեց կնոջն իր մտքերի հետ։ Զանգերով ու թղթերով ընկավ։ Փեսային արթնացրեց, սենյակ բերեց։ Սեդան ստիպված էր դուրս գալ։ Գնաց խոհանոց, հյութի շիշը դրեց գազօջախի մոտ, տաքացրեց, ու սկսեց խմել։ Քիչ անց իրեն միացավ խոհարարը։ Ասաց, որ ընտանիքն այսօր տաքացրած սնունդ է ուտելու՝ ինքը պիտի արտասահմանյան հյուրերի համար կերակուր պատրաստի։ Սեդայի համար միևնույն էր՝ կարող էր և ընդհանրապես չուտել։ Այնքան դժբախտ էր զգում իրեն, հիասթափված, դավաճան ու միևնույն ժամանակ դավաճանված։ Տեր Եղիսաբեթից էլ զանգ ստացավ՝ շնորհակալություն էր հայտնում ողջախոհություն ցուցաբերելու համար։ Աստված գիտե, թե որտեղից արդեն տեղեկացել էր Վրեժի ազատման մասին։ Այժմ ինքը՝ Սեդան էլ հավանաբար ստիպված կլինի պատրաստվել տնից դուրս գալուն՝ նման դեպքերում իրեն ստիպում են նախագահի հետ գոնե մի քանի րոպե երևալ՝ թող ժողովուրդը տեսնի, որ ընտանիքը երկրի ղեկավարի կողքին է, որ նախագահի որոշումներին կինը նույնպես մասնակցում է (ասես կնոջ մասնակցությունը կարող է մեղմել դժգոհությունը)։ Թեև պարզ էլ չէր, թե վերջին դեպքերից հետո թույլ կտա՞ արդյոք Վրեժը կնոջն իր կողքին լինել, արդյոք ավելո՞րդ չի համարի Սեդայի մասնակցությունը։ Ո՞վ գիտե, թե ինչ կարող է անել իրեն հինգ օր շարունակ լոգարանում պահած կինը, այն էլ այն դեպքում, երբ այդ հինգ օրերից չորսն անցկացրել է Յութուբում։ Սեդան չէր էլ ցանկանում որևէ տեղ երևալ, ավելի լավ է տանը նստեր ու չմասնակցեր այդ ոչ աստվածահաճո գործին։ Ժողովուրդը դեռ հեչ, եթե հարկ լինի հանուն ամուսնու ողջ մարդկությանը դեմ դուրս գալ, նա դուրս կգա, ինչպես բոլոր այդ տարիներին, այնպես էլ այժմ Վրեժի հետ կպայքարի ու, եթե Աստված այդպես որոշի, կպարտվի ամուսնու հետ միասին։ Սեդան դա նույնիսկ պարտություն էլ չի համարի՝ հավատարմությունն արդեն իսկ հաղթանակ է, ի տարբերություն ամեն տեսակ այլ հաղթանակների, շատ ավելի դժվար տրվող։ Բայց Աստծո դեմ դուրս գալ նա չի կարող։ Թող որ նա պարտվեց, թող որ ետ կանգնեց Քրիստոսի ցույց տված ճանապարհից, բայց հավատը կորցնելով՝ նա կրկնակի մեղավոր կլինի։ Սեդա Հախվերդյանն ինքն իրեն խոստացավ, որ ցանկացած դեպքում տնից դուրս չի գալու ու Վրեժի կողքին չի կանգնելու այդ ճակատագրական սխալն անելու պահին։ Նա սուս ու փուս սկսեց նախաճաշին պատրաստվել, ինչպես ամեն օր՝ ձևացնելով, թե չգիտի էլ ամուսնու ծրագրերի մասին։ Վրեժն էլ, իր հերթին, ձևացնում էր, թե չի տեսնում ու չի լսում կնոջը։ Նա ընտանիքի հետ նախաճաշեց, զրուցեց թոռան հետ, դստեր հետ մի երկու խոսք փոխարինեց, այնպես նայեց փեսային, ասես նրա հետ նույնպես զրուցում է, իսկ Սեդային բառ անգամ չասաց, կնոջ կողմ անգամ չնայեց։
- Ինչ-որ բա՞ն է պատահել, — դա նկատելով՝ հարցրեց դուստրը։
Սեդան կտրուկ ամուսնու կողմ շուռ եկավ՝ սպասելով պատասխանին, բայց Վրեժն իր ջեմով հացն էր ծամում։ Միայն ձեռքով բացասական ժեստ ցույց տվեց, իբր ամեն ինչ կարգին է, ու շարունակեց նախաճաշը։ Սեդան սպասում էր, թե իրե՛ն երբ են նույն հարցը տալու, բայց հոր պատասխանը, կարծես, դստերը բավական էր։
- Հաջորդ անգամ մենք ենք Չինաստան գնալու, — ասաց փոքրիկ Վրեժը, — Ու կտեսնենք Քունգ-ֆու պանդային։
Նա ծիծաղեց ինքն իր ասածի վրա։ Պապը գլխով արեց՝ Քունգ-ֆու պանդային իրենք, իհարկե, չեն տեսնի, բայց ծիծաղելի էր։ Նրա լռությունը նաև նշանակում էր, որ թոռն, այնուամենայնիվ, իր հետ Չինաստան գնալու հավանականություն ունի, իսկ փոքրիկ Վրեժին միայն դա արդեն հերիք էր՝ նա այլևս չշարունակեց Չինաստանի մասին խոսակցությունը։ Ինչպես էր Սեդան ատում այդ երկիրը։ Երբ նկատեց դա, ինքն իրեն երդվեց, որ այդ ատելությունը ժամանակավոր բնույթ պիտի կրի։ Թող գնա ու ստորագրի իր այդ պայմանագրերը, ժողովուրդն ասում է, թե Երևանում Բուդդայի հսկայական արձան են կառուցելու, թող այն էլ կառուցեն։ Իսկ երբ ամեն ինչ ավարտվի, Սեդան այլևս չի ատի Չինաստանը։ Հնարավոր է նույնիսկ ցանկություն հայտնի ամուսնու հետ մեկ անգամ ևս այնտեղ լինել։ Իսկ եթե թոռանն էլ իրենց հետ տանեն, դա իրական տոն կլինի։ Ինչքա՜ն կծիծաղեցնի իրենց։ Երկուսով ճամփորդելն արդեն հետաքրքիր չէր Սեդայի համար, երևի իրենք չափազանց ծեր էին դրա համար։ Այլ բան է թոռան հետ՝ նա մեկ այս խանութն է ուզում մտնել, մեկ՝ մյուսը, մեկ սա է ուզում ուտել, մեկ՝ այն մի բանը, մեկ ատրակցիոններ է ուզում, մեկ՝ նավ ու գնացք, դեռ մի բան էլ, պապին ու տատին է ստիպում մասնակցել այդ ամենին․ ինչպես ցանկացած երեխա, նա կարողանում է արթնացնել այն, ինչ մեծերը տարիների ընթացքում սովորում են զսպել ու թաքցնում ինչ-որ տեղ ներսում։ Սեդա Հախվերդյանն այնքան երջանիկ էր այդ մտքից, որ մի պահ անգամ մոռացավ Քրիստոսին։ Երանի այդ ամենն արագ ավարտվի ու ամեն ինչ սովորականի պես դառնա, հեշտ գործ չէ Աստծուն ծառայելը, հոգու խորքում նա երազում էր, որ իր այդ ծառայությունը վերջինը լինի, թեկուզ ինքն իրեն անգամ դա չէր խոստովանի։
Վրեժը վերջացրեց նախաճաշը և վեր կացավ տեղից։ Փեսան հետևեց նրան, սակայն Վրեժը ժեստով ցույց տվեց, որ դրա կարիքը չկա։ Սեդան տեղից չշարժվեց։ Սովորաբար նա ամուսնու հետ ննջասենյակ է բարձրանում, օգնում հագնվել ու ճանապարհում նրան մինչև բակ։ Դուստրն է՛լ ավելի զարմացած նայեց մորը, սակայն ոչինչ չհարցրեց, քանի դեռ հայրը սենյակում էր։

-Մա՞մ, - ասաց միայն հոր դուրս գալուց հետո։
- Ես համաձայն չեմ նրա որոշման հետ։ Նախագահը պիտի ծառայի իր ժողովրդին, — բարկացած պատասխանեց Սեդան։ Դա դստեր բոլոր հարցերի պատասխանն էր։ Այո, իր ծնողների միջև նույնպես տարաձայնություններ են լինում։ Բայց քանզի Սեդա Հախվերդյանի համար քաղաքականությունը միշտ սահմանափակվել էր իր ամուսնով, դուստրը վստահ էր, որ այդ տարաձայնությունը լուրջ չէ։ Ինչպես վիճել է, այնպես էլ կհաշտվի։
- Ուզում եմ ապահարզան խնդրել, — պահի տակ որոշեց ու արտասանեց Սեդան՝ գուցե իր տեսակետի լրջությունը դստերն ապացուցելու համար։
Փեսայի դեմքը միանգամից գունատվեց, ասես այդ իրենից են ապահարզան խնդրում, թոռը ծիծաղեց։
- Բաժանվե՞ս պապիկից։
Սեդա Հախվերդյանն հասկացավ, որ ասածից նույն պահին չի կարող ետ կանգնել։
- Այո, չեմ կարող ապրել նրա հետ՝ հասկանալով, թե ինչ սխալներ է գործում։
- Մամ, — նրան ընդհատեց դուստրը, — Երկրի նախագահը չի բաժանվում իր կնոջից։ Այն էլ նման հիմար պատճառով։
Սեդան Հախվերդյանը ոչինչ չպատասխանեց։ Հանգիստ շարունակեց նախաճաշը, այժմ էլ ասես աղջկանից նեղացած։ Այդ ինչու՞ ինքը չի կարող բաժանվել ամուսնուց։ Այլ հարց է, որ իրականում նա նման ցանկություն չունի։ Բայց եթե ունենար, այդ ինչու՞ չպիտի բաժանվեր։ Երբ խմեց, վերջացրեց իր թեյն, այլևս չէր կարող լռել։
- Ինչու՞ ես կարծում, թե չեմ կարող բաժանվել հորիցդ։ Այն, որ նա երկրի նախագահն է…
- Նախագա՜հը, — բղավելով սենյակ մտավ սպասուհին։
Սեդան Հախվերդյանը վեր թռավ տեղից։ Փեսան նույնպես ոտքի կանգնեց։ Սպասուհին գրեթե լաց էր լինում։ Սեդա Հախվերդյանի սիրտը սկսեց ավելի ուժգին բաբախել։
- Ի՞նչ, — ինքն էլ գրեթե լաց լինելով հարցրեց առաջին տիկինը։
Սպասուհին չդիմացավ ու լաց եղավ։
- Մեքենաներն են պայթեցրել, տիկին, բոլորը պայթեցրել են։
Սեդան նորից նստեց։ Ասես միաժամանակ խլացավ ու կուրացավ, բռնեց գլուխն ու այդպես էլ սառած մնաց տեղում։
Փեսան կարգադրեց օգնել առաջին տիկնոջը, ինքը միացրեց հեռուստացույցն ու ոչինչ դեռ չլսած արդեն ինչ-որ համարով զանգեց։ Դուստրը բղավում էր ու կողքից հարցեր տալիս՝ չէր թողնում ամուսնուն խոսել։
- Հարձակում նախագահի ավտոշարասյան վրա, — լսվում էր հեռուստացույցից, — Նախնական տվյալներով՝ ոչ ոք կենդանի չի մնացել…
Սպասավորներն ինչ-որ բան էին ասում Սեդային, բարձրացնում էին գլուխը, ստուգում էին շնչառությունը։ Իսկ նա ասես մահացած լիներ, ասես հոգին դեռ մարմնում էր, բայց կորցրել էր այն կառավարելու ունակությունը, մի փոքր էլ, ու Սեդա Հախվերդյանն անկենդան կընկներ հատակին։ Նրան գրեթե գրկեցին ու վերև տարան, ճանապարհին համոզելով, որ չփակի աչքերը։ Բոլորը տղամարդիկ էին՝ խոհարարն էր, վարորդը, այգեպանն ու Քրիստոսը։ Սեդան նայում էր նրան ու զարմանում, թե որքան գեղեցիկ է, որքան լուսավոր, որքան բարի։ «Տեր Աստված», — հազիվ արտասանում էր առաջին տիկինը, կամ «Հայր մեր»։ Արցունքի մի քանի կաթիլ էր հավաքվել աչքերի մեջ ու ճոխ ջահերի արձակած լույսից փայլում էր։ Չնայած իր ողջ ցավին, առաջին տիկինը ժպտում էր, այլ կերպ չէր կարող ընդունել Տիրոջը։ Պարզում էր ձեռքը, փորձելով դիպչել նրան, աղերսանքով էր նայում, մեղքի զգացումով, որ չի կարողացել կատարել խոսքը։ Նա էլ Սեդային էր նայում, միաժամանակ օգնելով խոհարարին գրկած տանել առաջին տիկնոջը, օգնելով այգեպանին ու վարորդին՝ բացել դռները, ազատել տարածքը, չդիպչել տունը զարդարող թանկարժեք իրերին։ Ասես թռչում էր նրանց ետևից՝ ուժ տալիս ու հանգստությամբ լցնում սրտերը, որպեսզի կարողանան օգնել տիկնոջը։ Նրանց ետևից սենյակ մտավ, երբ Սեդային պառկեցրին անկողնուն, կանգնեց կողքին՝ պատուհանի մոտ, ու շարունակեց նայել։ Սեդան գնալով ավելի թեթև էր դառնում, ավելի էր կորցնում մարմնի հետ կապը, աշխարհն ավելի ու ավելի լուսավոր էր տեսնում, դանդաղ կորցնելով իրական պատկերները՝ իրեն շրջապատող մարդկանց, իր տունը, իր մարմինը։ Միայն նա՝ Քրիստոսն էր ավելի լուսավոր ու տեսանելի ողջ այդ լույսի մեջ։ Կանգնած էր արդեն ոչ մի բանի մոտ ու նայում էր։ Հետո շարժեց ձեռքն ու մի կողմ ցույց տվեց։ Լույսն այդ կողմում ցրվեց ու տեսանելի դարձավ լոգարանի դուռը։ Սեդա Հախվերդյանն ասես ինքն իրեն չկառավարելով վեր կացավ, մոտեցավ ու բաց արեց այն։ Իսկ այնտեղ Վրեժն էր՝ աշխատանքային հագուստով նստել էր զուգարանակոնքին ու բռնել գլուխը։ Կնոջը տեսնելով՝ բարձրացրեց հայացքն ու ճոճեց գլուխը։
- Քո տերը չմեռնի, Սեդա, էդ ո՞նց…