/Կյանքը՝ օբյեկտիվից/. Տեսնում եմ իրականությունից շատ հեռու մի աշխարհ. Անի Ամիրջանյան


Արևմտյան թիվիներում, սովորաբար, մեր սիրված նախագծերի երկրորդ եթերաշրջանը դիմավորում ենք երկու-երեք անց… անհամբեր սպասելով: Չեմ ասում, չեմ էլ պատրաստվում այս համեստ, բայց հարազատ դարձած նախագիծը համեմատել հանրահայտ ամերիկյան կամ եվրոպական շոուների հետ, բայց երազելը չի խանգարում: Օ՜յ, կներեք, պարզապես ցանկանում էի ազդարարել «Կյանքը՝ օբյեկտիվից» պատանեկան նախագիծը՝ արդեն «ԿինոPhile» հարթակի շրջանակներում: Եվ այսպես, երկրորդ սեզոնի մեկնարկի վահանակն այս անգամ հայտնվեց ևս մի շնորհալի երիտասարդով… մտածող դիմագծերով և խորունկ աչքերով, լակոնիկ ու նշանակետին խփող կոնկրետ մտածելակերպով ներկա/ապագա ռեժիսոր Անի Ամիրջանյանին, ով փոքր ժամանակ երազում էր Ակադեմիայի մրցանակին արժանանալ, բայց հիմա էլ՝ կարծում է, որ երբեք աչքաթող չի անի երազանքը:

ԿՅԱՆՔԻ ՇՐՋԱՆԱԿԸ

Անի Ամիրջանյան, 20 տարեկան: Առաջին դիտած ֆիլմերը՝ «Դիսնեյի» մուլտֆիլմերն էին: Խոստովանում է. խորանալով ֆիլմերի մեջ, տեսնելով, դե դրանք ինչպես են նկարահանման հրապարակից ճանապարհ ընկնում դեպի մոնտաժի սենյակ, ապա՝ թափանցիկ էկրաններ, որոշում կայացրեց՝ դառնալ ռեժիսոր: Երբ մանուկ էր, ուներ մի բաղձալի երազանք, որին երբեք չի դավաճանելու…

Անի Ամիրջանյան /լուս. Տաթևիկ Մալխասյան/

Անիի հետ մեր զրույցը սկսվեց արդեն ծեծված /:)/ հարցից: Պատասխանն էլ՝ կարճ էր ու կոնկրետ. «Երբեմն տեսնում եմ իրականությունից շատ հեռու մի աշխարհ, որտեղ շատերն են ուզում հայտվել»:

Իսկ ֆոտոն ու կինոն, առհասարակ, մեր հերոսուհու համար զգացմունքներն արտահայտելու ու փոխանցելու ընտիր ու թերևս ամենաարդյունավետ միջոցն է։ Երբ խոսքը գնաց «ֆիլմմեյքերը ճակատագիր է, թե մասնագիտություն» հակասության մասին, Անին հավաստիացրեց. ցանկությունը լինի, հերիք է:

Անին /լուս. Արեն Գրիգորյան/

Մ.Մ. «Կին-տղամարդ հավերժ բախումը. հասարակության մեջ կարծրացած է մի թյուր կարծիք, թե կինոն միայն տղամարդու խելքի բանն է, թե իբր. «դա կնոջ գործ չէ, մոռացի՛ր, ոչ մի լավ կին ռեժիսոր չկա», հակադարձի՛ր»

Ա.Ա. «Իմ ներկայությամբ ոչ մեկ չի համարձակվի այդպես արտահայտվել կնոջ մասին, - /խմբ. ժպտում է/, — կարծում եմ նոր սերունդը այդպիսի զավեշտալի կարծիքներ չունի»։

Կինոն կարող է և՛ բիզնես լինել, և՛ խնդիրներ բարձրաձայնելու միջոց, ինչպես նաև՝ մի շարք այլ բաներ։ Կինոյի ընկալումը մարդուց է կախված:

Մ.Մ. «ԹՈՒՄՈ-ի և Ամերիկյան համալսարանի ուսանող ես: Առաջինը՝ կենտրոն է, որը ապահովում է պրակտիկ կրթություն. աշխատարաններ, անվանի գործիչների վարպետաց դասեր, քո դեպքում՝ անմիջական շփում խցիկի հետ: Երկրորդը՝ առաջատար համալսարան, որը ճանապարհ է հարթում դեպի պայծառ ապագա: Ի՞նչ են տալիս քեզ այդ երկուսը, որ չէիր կարող ստանալ այլ ուսումնական հաստատություններում»։

Անին ու մեր նախագծի նախորդ հերոսուհի Էլմիրա Հարությունյանը /լուս. Tumo News/

Ա.Ա. «Իհարկե տարբեր հաստատություններ են և չեմ կարող համեմատել։ Ամենակարևորը փորձառությունն է, որ ստանում եմ երկուսից էլ»։

Հասնելով ոգեշնչման թեմային, բացահայտեցի իր սիրելի ռեժիսորական տրիոն՝ Վուդի Ալեն, Քվենթին Տարանտինո, Վես Անդերսեն. տարբեր ձեռագրեր, ստեղծագործական մոլորակներ, որոնք անջնջելի հետք են թողել ժամանակակից կինոյի պատմության մեջ… վա՜յ՝ շարունակում են թողնել:

Ու այո՝ Ալեն-Տարանտինո-Անդերսեն եռյակը ու էլի շատերը, ըստ էության, ստիպում են Անիին արարել, հավատալ, որ իր բռնած ուղին ճշմարիտ է: Բայց ամենից առավել նրա վրա ազդում են /լավ իմաստով/, մարդու արտաքին և ներքին գեղեցկությունների համադրությունը, որը արտահայտվում է աննկարագրելի նրբությամբ:

Հա, մոռացա նշեմ, որ սիրած օպերատոր կամ լուսանկարիչ չունի :)

Հավես-հավես խոսում էինք, մեկ էլ եկանք ամենացավոտին՝ հարցրեցի, թե ի՞նչ կարծիք ունի նոր սերունդը, հանձինս նա՝ Հայկինոյի ներկայի, ապագայի, և առհասարակ, կինո ոչ բոլորի համար ուղղության մասին: Պատասխանը մտահոգիչ էր, բայց դառը ճշմարտություն գորշ շարքից.

Ա.Ա. «Նկատել եմ, որ ներկայիս սերունդը հայկական ժամանակակից ֆիլմերից կատակերգությունն է նախընտրում։ Փրադաքշններն էլ միայն դա են հրամցնում, գնալով որակազրկելով Հայկական ֆիլմը։»

Անին /լուս. Գեորգի Գևորգյան/

Մ.Մ. «Դու՝ առօրյայում, արվեստն այնտեղ էլ է քեզ հետապնդում»:

Ա.Ա. «Երբեմն երգ լսելիս նկատում եմ, որ մտովի սցենար եմ գրում ու արդեն կադրերն էլ պատրաստ տեսնում եմ»։

Մ.Մ. «Իսկ ե՞րբ սպասենք The Haters-ը»

Ա.Ա. «Ես և Էլմիրան արդեն երկու տարի է, ինչ մշակում ենք The Haters-ը: Մտքերի տեղատարափի պատճառով՝ նկարահանումները հետաձգվում են»։

Անին՝ մտածելիս /լուս. Արեն Գրիգորյան/

Հետաքրքրությունների, զբաղվածության այլ շրջանակների մասին Անին գաղտնազերծեց, որ այժմ Fanfiction-ների հեքիաթային արվեստն է ուսումնասիրում. արվեստ, որը թույլ է տալիս յուրաքանչյուրին, ով ֆանտազիա ունի, զարգացնել, ապրեցնել բոլորիս կողմից սիրված կինո, գրական, ռոքային հերոսներին:

Ամենավերջում, երբ եկավ հրաժեշտ տալու պահը, Անին սերնդակիցներին մաղթեց. «Միայն մի բանի վրա մի կենտրոնացե՛ք։ Տարբեր ոլորտներ ուսումնասիրե՛ք»։

Այսպիսին էր Անի Ամիրջանյանը՝ օբյեկտիվից ներս ու դուրս: Ստեղծագործ, լակոնիկ ու… լուրջ:

Անին ու ընկերները ներկայացնում են երեք սյուժետային իրավիճակ՝ ներկայացված տարբեր ժանրերում