Ականապատված դաշտ

Artur Aleksanyan
Կյանքի Իրավունք
16 min readApr 28, 2020

1993 թվականի ամռանը Վաղուհաս գյուղի և ամբողջ Հաթերքի ենթաշրջանի ազատագրումը դարձավ շրջադարձային իրադարձություն, որը մոտեցրեց պատերազմի ավարտը: Վաղուհասի մարտերը անձամբ ինձ համար էլ էին բախտորոշ: Հենց այդ ժամանակ էլ ես հանդիպեցի իմ ապագա կնոջը՝ Նինա Հովնանյանին:

Մի անգամ Պարգև սրբազանը ռացիայով կապվեց ինձ հետ և, ասելով, որ կարևոր գործ կա, խնդրեց գնալ Գանձասար: Ես ստուգեցի մարտական դիրքերը և նախազգուշացնելով տեղակալիս, թիկնապահների ուղեկցությամբ ուղևորվեցի վանք: Սարի լանջին կառչած վեհապանծ վանական համալիրին չհասած, ճանապարհից աջ, փռված էր սքանչելի մի բացատ, որտեղ աճել էին ամենատարբեր ծաղիկներ: Բացատում զբոսնելով ծաղիկ էր քաղում փունջը գիրկն առած, կապույտ գլխարկով, վայելչակազմ ու գեղեցիկ մի աղջիկ: Սարսռազդու դող անցավ միջովս, քանի որ երկու ամիս առաջ ես էի հրամայել ականապատել այդ բացատը, որ հակառակորդի դիվերսանտները պատահմամբ չհայտնվեին մեր թիկունքում: Սա, իհարկե, մեզ լիարժեք չէր կարող ապահովագրել: Մի անգամ վանքի պահակի՝ Բենիկ քեռու աչալրջության շնորհիվ միայն մեզ հաջողվեց վնասազերծել անկոչ հյուրերին:

-Չշարժվե՛ք,- գոռացի ես աղջկան:- Մնացե՛ք կանգնած տեղում:

Ճամփեզրին կանգնած էր Լոլոն, անփույթ ծխում էր, հասկացնելով, թե իբր աղջկան է հսկում: Լոլոն իմ օգնականներից մեկն էր, ու երբ վիրավորվելուց հետո բուժվում էի, ես հանձնարարեցի նրան օգնել Պարգև սրբազանին:

-Էս ով է,- հարցրի ես Լոլոյին,- ինչ գործ ունի էս կողմերում:

-Նինան է, շեֆ, Ամերիկայից է, Պարգև սրբազանի հետ եկել է, որ ծանոթանա քեզ հետ:

-Ծանոթանա ինձ հե՞տ:- Ես զարմացած վեր քաշեցի ուսերս:- Գնա նրա ետևից, ճիշտ նրա հետքերով:- Դա հեշտ էր, քանի որ թավ բացատում կոխկրտած խոտը հստակ ցույց էր տալիս աղջկա հետքը:- Ու նույն կերպ, հետքով դուրս բեր նրան ճամփա:

-Ես չեմ ուզէր դուրս գալ ճամփա,- կամակոր տոնով ասաց աղջիկը, ականջի ծայրով որսալով իմ բառերը:- Ես ծաղիկ կքաղեմ, կքաղեմ այնքան, մինչև փունջ մը դառնա:

-Այդտեղ չի կարելի ծաղիկ հավաքել,- հստակ ու բարձր ասացի ես:- Դա շատ վտանգավոր է: Բացատն ականապատված է: Խնդրում եմ չշարժվեք:

Ինձ թվաց, թե աղջիկը չհասկացավ իմ նախազգուշացումը:

-Ո՞վ եք դուք, որ արգիլեք զիս,- վրդովվեց նա:- Ես կուզեմ ծաղիկ հավաքել ու պիտի հավաքեմ:

Այդ պահին Լոլոն պինդ բռնեց նրա ձեռքը ու քաշեց իր կողմը: Նա ավելի վրդովվեց, համառեց, փորձելով հրել նրան, ազատվել:

-Ինչպե՞ս կհամարձակվեք,- բարկացավ նա:- Բաց թողեք ինձ: Դուք կգիտնա՞ք ով եմ: Կգիտնա՞ք ինչ կանեն ձեզի ասոր համար:

Նրա կարճ, բայց շատ վստահ արևմտահայերեն արտահայտությունները մտածել էին տալիս, որ աղջիկը լավ չի տիրապետում մայրենի լեզվին. անիմաստ էր նրան բացատրել, թե ինչն ինչոց է: Հասկանալով, որ վիճակը առավել քան լուրջ է, Լոլոն սուսուփուս բռնեց ամերիկուհուն ու տրորված խոտերի վրայով մոտեցրեց ճամփեզրին: Աղջիկն ամբողջ ուժով պոկվեց նրա ամուր ձեռքերից ու փորձեց մի կողմ ցատկել: Ես լրջորեն կատաղեցի:

-Լսեք, չի կարելի չենթարկվել հրամանատարին: Եթե այսպես շարունակվի, ես իրավունք ունեմ ձեզ արտաքսել Ղարաբաղից:

-Ախ, այդ դո՞ւ ես հրամանատարը: Ինչ հիմարն եմ ես: Կմտածեի՝ շուտով կտեսնեմ պատերազմի հերոսին, որի մասին լեգենդներ են պատմում, սպասում էի, ծաղիկներ հավաքեմ, որ նվիրեմ հերոսին: Իսկ դու, պարզվում է, բռի ես ու անտաշ…

-Աղջիկ ջան, չի կարելի վիրավորել ինձ: Հետո կամաչես դրա համար:

-Չեմ ուզէր խոսել քեզի հետ, հեռացիր ճամփիցս: Ես կբողոքեմ սրբազանին, նա կպատժի քեզի:

Նստեց մեքենան, շրխկացրեց դուռը ու առանց վարորդի ու Լոլոյի, որին սրբազանը ամրակցել էր նրան, միայնակ գնաց Գանձասարի ուղղությամբ: Մեզ մնում էր միայն հայացքով ուղեկցել նրան: Ես նստեցրի Լոլոյին իմ մեքենան, և մենք նրա ետևից շարժվեցինք դեպի վանք:

Հինգ րոպեից տեղում էինք: Տեսնեմ՝ Նինան արդեն բողոքում է սրբազանին և եռանդուն մատնացույց է անում ինձ: Նա վատ էր հասկանում մեզ, սրբազանն էլ, իր հերթին, չէր ըմբռնում, թե սիրելի հյուրը ինչու է բորբոքվել, ինչն է նրան ափերից հանել: Գլուխը տմբտմբացնելով, իբր, հա, ես ամեն ինչ հասկանում եմ ու լիովին համաձայն եմ, նա կիսաձայն, իմ կողմը չնայելով, հետաքրքրվեց, թե ինչ է պատահել, ինչու է Նինան այդպես բորբոքվել:

-Դատարկ բան է, ձերդ սրբազնություն,- հարգանքով ու նույնպես կիսաձայն բացատրեցի ես:- Ոչ մի լուրջ բան: Ուղղակի աղջիկն ուզում էր վերջ տալ իր կյանքին, իսկ ես թույլ չտվեցի:

-Այսինքն, ոնց վերջ տար կյանքին,- տագնապեց սրբազանը:- Խելքդ տե՞ղն է:

-Խաբում է, սրբազան,- մեջ ընկավ աղջիկը:- Ես միայն ծաղիկ կքաղեի: Անոր նման խելագար չեմ: Ես չէի ուզէր սպանել զիս: Դուն նաև ստախոս մըն ես, փաստորեն,- վրա տվեց նա՝ իմ կողմը չնայելով:- Այ թե հերոս է:

-Պարգև սրբազան, աղաչում եմ, բացատրիր մի կերպ, որ բացատը, որտեղ ծաղիկ էր քաղում, ականապատված է: Հիշո՞ւմ ես, ես քեզ զգուշացրել էի, որ քո ծառայողները պատահմամբ չհայտնվեն այնտեղ:

-Ախ հա, հիշում եմ, իհարկե, հիշում եմ,- մեղավորի պես բացականչեց սրբազանը և, անցնելով անգլերենի, բացատրեց աղջկան, թե ինչու են տղամարդիկ իրենց պահել ոչ ասպետավայել: Նրա խոսքը հյուրի վրա ցնցող տպավորություն թողեց: Նա սկսել դողալ ամբողջ մարմնով, հայացքը սևեռեց իր ոտքերին, ասես մահաբեր ականը կպել է իրեն ու հիմա կպայթի, և ուժ չունենալով տիրապետել իրեն, փորձեց նստել իր թիկունքում գտնվող լայնատարած թթենու ճյուղին: Հայտնվելով գետնին, աղջիկը լաց եղավ և հեծկլտալով կրկնում էր. «Oh, my God, oh, my God!»: Սրբազանը հանգստացնում էր նրան: Նա մի կերպ զսպեց արցունքները, մաքրեց թաշկինակով և անօգնական ժպտաց: Սրբազանը մեզ հրավիրեց եկեղեցու հյուրատան իր սենյակը: Սկսեց հարցուփորձ անել, ռազմաճակատի դժվարությունների, իմ առողջության մասին: Նինան ոչ մի կերպ չէր կարողանում ուշքի գալ: Նստած էր սփրթնած, ոչ մի բառ չէր արտաբերում: Թվում էր, եթե խոսի, նրան կխոցի ցավը: Դրա համար էլ լուռ էր:

Նա չէր մասնակցում իմ ու սրբազանի զրույցին, նույնիսկ ճաշի ժամանակ ոչ մի բառ չասաց: Ժամ, ժամուկես անց, երբ պատրաստվում էի վերադառնալ, սրբազանը պահեց ինձ:

-Էդ ո՞ւր: Ախր ես քեզ ոչ մի բան չասացի: Էդ ականապատված դաշտը լրիվ շեղեց ինձ: Մոռացա ինչի համար եմ կանչել քեզ:

Եվ նա ասաց, որ ինձ կանչել է Նինայի հետ ծանոթացնելու համար: Նինան Ամերիկայից է եկել (այդ մասին Լոլոն ինձ արդեն ասել էր), հարուստ բիզնեսմենի դուստր է, որը օգնում է մեզ վաղուց և շռայլորեն: Հիմա նա ուղարկել է աղջկան մեզ մոտ, որ նա իր աչքով տեսնի ու գնահատի իրավիճակը, հասկանա դժվարությունները, որոնց մենք բախվում ենք ամեն օր, և զեկուցի հորը, թե ինչի կարիք է զգում Արցախը առաջին հերթին, և էլի ինչով կարող է իր մարտնչող հայրենակիցներին օգնել նա՝ Վահագն Հովնանյանը: Սրբազանը հայտնեց, որ Նինայի ասելով՝ Ամարասի հրամանատարի մասին ամերիկացի հայերը լեգենդներ են պատմում:

-Մի խոսքով, նա խնդրել է ծանոթացնեմ ձեզ: Եվ ահա ես ձեզ ծանոթացրի:- Սրբազանը թեթևակի ժպտաց և հայացքը դարձրեց աղջկան:- Նինա, դու ուզո՞ւմ ես էլի ինչ-որ բան ասել հրամանատարին:

-Իհարկե… Նախ կուզեմ ձեզնից ներողություն խնդրել. դուք փրկեցիք իմ կյանքը: Հետո, եթե թույլ տաք, կուզեմ գրկել ձեզի ու լուսանկարվել ձեզ հետ: Կարելի՞ է:

-Կարելին՝ կարելի է, բայց մի պայմանով. այլևս երբեք չհակառակվեք հրամանատարներին: Սա պատերազմ է: Հրամանատարը միշտ ճիշտ է:- Ծիծաղելով՝ ես գրկեցի նրան:- Իսկ որ տուն վերադառնաս, հայրիկին շնորհակալություն հայտնիր: Ասա, որ շատ ենք գնահատում այն օգնությունը, որը ցուցաբերում է ձեր ընտանիքը մեզ: Առհասարակ, եթե չլինեք դուք և ձեզ նմանները, մենք այստեղ չենք դիմանա: Ազնիվ խոսք, ես զգում եմ, որ աշխարհի բոլոր հայերը, ամբողջ հայ ժողովուրդը կանգնած է մեր թիկունքին:

Բոլորս միասին լուսանկարվեցինք, ես հրաժեշտ տվեցի Նինային ու գնացի: Որոշ ժամանակ անց ես ծանր վիրավորվեցի Քելբաջարում: Ապաքինվեցի դժվարությամբ, ուժեղ ցավեր ունեցա, իսկ հարկադրված հաճախակի տեղափոխություններy սոսկալի տանջանք էին ինձ համար: Սկզբում ինձ բուժեցին Ղարաբաղում, ապա Երևանում, այնուհետև Ֆրանսիայում, և ի վերջո ինձ տարան Ամերիկա: Երևանում ու Ֆրանսիայում բժիշկներն ասացին, որ գանգրենա է սկսվել, և կյանքս փրկելու համար հարկավոր է կտրել ձախ ոտքս, ապա նույնն ասացին ձեռքիս մասին: Ես լրիվ խառնվել էի, ինչ խառնվել, ես հայտնվել էի հուսահատության եզրին: Ինչպես ասում են՝ օգտվելով անձնական կապերիցս, ես Վազգեն Սարգսյանին ու Պարգև սրբազանին խնդրեցի ինձ արտասահման ուղարկել: Գուցե, շնորհիվ բժշկական արվեստի ու նորագույն բուժտեխնոլոգիաների, այնտեղ կարողանան գործը գլուխ բերել առանց անդամահատման և փրկեն ոտքս ու ձեռքս: Իմ երկու ընկերներն այդ ժամանակ հայոց աշխարհում անվիճելի հեղինակություններ էին: Վազգենին, օրինակ, ամուր կպել էր Սպարապետ անունը: Ու հենց Վազգեն սպարապետը մտավ ինձ մոտ և ասաց, որ նշանավոր շանսոնյե Շառլ Ազնավուրը համաձայնել է իր վրա վերցնել ծախսերն ու հենց վաղն իմ ետևից ինքնաթիռ կգա և կտանի Ֆրանսիա: Շառլ Ազնավուրի մասին պատմելն ավելորդ է. նա իսկապես մարդ- լեգենդ է՝ ամբողջ աշխարհում հայտնի: Արժե՞ արդյոք ավելացնել, որ զգալով իրեն ոչ միայն հայ, այլև հարազատ ժողովրդի անքակտելի մասնիկ, նա Ղարաբաղյան շարժման ամենասկզբից ցուցաբերեց մեզ անգնահատելի օգնություն և շատ ու շատ բաներ արեց: Նույնչափ անգնահատելի էր նրա օգնությունը Հայաստանի աղետալի երկրաշարժից տուժածներին: Ամենքը, հավանաբար, մինչ այժմ հիշում են նրա գրած «Քեզ համար, Հայաստան» երգը, որը կատարեցին համաշխարհային հռչակ վայելող երգիչները: Իսկ որքան է օգնել նա Սումգայիթի, Կիրովաբադի, Բաքվի փախստականներին, որքան բարեգործական համերգներ է կազմակերպել համաշխարհային նշանավոր գործիչների մասնակցությամբ: Նա բազմիցս օգնել է նաև մեր «Ամարաս» բարեգործական միությանը: Հինգ տարի առաջ անցնելով՝ պատմեմ ինձ համար թանկ մի պատմություն: Այդ ժամանակ ես գլխավորում էի Հայաստանի հատուկ մարտական ստորաբաժանումների վարչությունը: Զանգահարեցին օդանավակայանից ու ասացին, որ իմ անունով կոնտեյներ է եկել Ֆրանսիայից, խնդրեցին գալ և անձամբ ստանալ: Ասում եմ՝ զբաղված եմ, տեղակալիս կուղարկեմ : Ոչ, առարկում են, գրություն կա՝ «Անձամբ իրեն»: Կոնտեյներները բացելով՝ տեսնեմ ինչ. հարվածային գործիքների մեծ հավաքածու «Tama»՝ «Zildjian» ծնծղաներով: Այդ ֆիրմաների թմբուկներն ու ծնծղաները, աշխարհում լավագույններից համարվելով, իմ ամենասիրելին էին: Ժամանակին ես երազել էի այդ հարվածային գործիքների մասին, բայց պատերազմը խանգարեց, և ես այդպես էլ չկարողացա ձեռք բերել դրանք: Ու հանկարծ… Կից կարճ նամակում Շառլ Ազնավուրը իր ձեռագրով գրել էր. «Լեգենդար հրամանատարին և իմ բազմաչարչար ժողովրդի հերոս Արթուր Ալեքսանյան-Ամարասին՝ ի նշան շնորհակալության Շառլ Ազնավուրից: Ես հպարտանում եմ քեզնով, միսյե Արթուր և պատիվ ունեմ հրամցնել քեզ այս երաժշտական գործիքները, որոնք երկար տարիներ նվագել են իմ համերգներում: Տեղեկանալով, որ Բաքվում և Սումգայիթում հայերի կոտորածներից հետո դու վաճառել ես քո թմբուկները, զենք ես առել և զինված ջոկատ ստեղծել, որ այլևս նման բան չպատահի ձեզ մոտ՝ Ղարաբաղում, ես չկարողացա զսպել արցունքներս: Դա նուրբ երաժիշտի և մարդու արարք է, որը շատ է սիրում իր ժողովրդին:

Հարգանքով և երբևէ ծանոթանալու հույսով՝ Շառլ Ազնավուր»:

Ծանոթանալու հարցում մեծ շանսոնյեն շփոթել էր, քանի որ, երբ ես Փարիզ գնացի՝ վիրահատվելու, նա անձամբ հանդիպեց ինձ ու տարավ հիվանդանոց: Բայց այն ժամանակ նա իմ մասին գիտեր միայն, որ ես Ղարաբաղի մարտական հրամանատար եմ, ուրիշ ոչինչ: Գուցե և այն, որ ես նախկինում երաժիշտ եմ եղել և վաճառել եմ թմբուկներս, որ իր հայրենի եզերքի ու ժողովրդին պաշտպանի ձեռքին զենք լինի…

Եվ ահա Ազնավուրը տարավ ինձ Փարիզի լավագույն հոսպիտալներից մեկը և խոստացավ, որ ամեն ինչ գերազանց կլինի, իմ ոտքն ու ձեռքը անպայման կփրկեն, և ես կապրեմ լիարժեք կյանքով: Ինձ տեղավորեցին բոքսում, և Շառլը, հրաժեշտ տալով ու հաջողություն մաղթելով, գնաց: Ցավազրկողներ սրսկեցին, ինձ լավ էի զգում ու թեթև: Զննումներ արեցին, մշակեցին վերքերը, նախապատրաստեցին վիրահատության: Հետո ես քնեցի: Արթնացրին հաջորդ առավոտյան, ինչ-որ բան ասացին ֆրանսերեն, ես, բնականաբար, չհասկացա: Մի գեղեցիկ աղջնակ հանվեցրեց ինձ: Մերկացրեց խաղալով, շատ վարժ, խեթ նայելով իմ առնանդամին, մկանուտ կրծքին ու ուսերին: Ինձ բավականություն պատճառեցին նրա գեղեցիկ աչքերը, երկար, սլացիկ ոտքերը, և այն, թե ինչպես էր ճախրում սենյակում, կախելով իմ հագուստը պալատի անկյունում: Ապա կռացավ իմ առաջ, հանելով գուլպաներս ու բացահայտ դանդաղելով, իմանալով, որ դեմս իր գեղեցիկ հետույքն է: Ուղղվելով և աչք չկտրելով իմ նռնականետից, իր առջև օճառաման դրեց, օճառի մածուկ և, երեք մատով վերցնելով մածուկը, սկսեց փրփրացնել օճառամանի մեջ: Տեսնելով, թե ինչպես են նրա մատները վարժ խառնում մածուկը, ես գրգռվեցի: Մարտական դիրք ընդունելով՝ նռնականետս նպատակակետ էր փնտրում, կազմ ու պատրաստ՝ խոցելու այն: Չգիտեի ինչ անեմ, երևի պետք էր ասել, որ նա ինձ դուր է գալիս ու ես դեմ չեմ անել այն, ինչ ինքը ևս բացահայտորեն դեմ չէր անել: Ի վերջո ես բարձրաձայն ծիծաղեցի: Ուշադրություն չդարձնելով ապուշ ծիծաղիս վրա, նա դանդաղ օճառում էր իմ ձախ ոտքը, սկսելով ամենավերևից և ասես պատահմամբ փրփուրը ցայտեցնելով արճիճի պես պինդ առնանդամիս: Գրգռվածությունից ուղեղս արդեն մշուշվել էր, վախենում էի, որ ինքս ինձ չեմ տիրապետի, երբ հանկարծ գիտակցեցի, որ նա օճառում է ոտքս, որ հետո սափրի, սայրը դրված էր օճառամանի կողքին: Եվ հասկացա, որ ծնկից վերև սևացած ոտքս սափրելը կարող էր նշանակել, որ պատրաստում են անդամահատման:

Գրգռված տարփալի մտքերն անմիջապես հոդս ցնդեցին: Ամուր բռնելով աղջկա ուսերը, ես շրջեցի նրան իմ կողմ և նախ հայերեն, ապա ռուսերեն հարցրի, թե ինչ են մտադիր ինձ հետ անել: Նա չհասկացավ, բայց վախեցավ ինտոնացիայիցս: Շփոթահար թոթվեց ուսերը, ցատկեց մահճակալից ու պալատից դուրս թռավ: Մեկ րոպե չանցած, ներս մտավ մի տղամարդ, հավանաբար բժիշկը, կոտրտված հայերենով հաստատեց, որ բժիշկն է, անունը՝ Սերժ: Ու սկսեց նյարդերս ուտել: Քեզ, ասաց, մահ է սպառնում, դա շատ լուրջ է, եթե մենք չկտրենք ոտքդ, սկսված փտախտը կսպանի օրգանիզմդ: Եվ պետք չէ խանգարել բուժքրոջը՝ կատարել իր պարտականությունները, տվյալ դեպքում՝ սափրել ոտքիդ մազերը: Ես կատաղեցի ու քիչ մնաց գոռայի խեղճ Սերժի վրա, որ Հայաստանում մեր ղասաբներն էլ էին պատրաստվում ոտքս կտրել: Էլ ինչու՞ են ինձ բերել այստեղ: Գուցե, ասում եմ, ուզում եք կտրված ոտքս համընդհանուր ցուցադրությա՞ն դնել Լուվրում: Թե այստեղ վերջույթը մեր բարբարոսների նման կացինով չեն կտրում, այլ կտրում են զգուշորեն, նրբագեղ ու սեքսուալ: Եվ նույնիսկ վիրահատությունից առաջ մինետ են անում, ես լսել եմ, որ ֆրանսուհիների մոտ դա հրաշալի է ստացվում, շատ ավելի լավ, քան մնացած բոլորի: Եվ հիվանդին նարկոզի փոխարեն բավականություն պատճառելուց հետո, նոր սկսում են վիրահատությունը: Հա՞, թե չէ, ես ձեր մերը: Ինչու Շառլը էդքան փող ծախսեց ինքնաթիռի համար, պատասխանիր: Սկզբում ես փորձում էի չբղավել, բայց արագորեն կորցրի ինքնատիրապետումս ու սկսեցի աղաղակել, ինչպես շուկայի առևտրական, մինչև որ ուժերս սպառվեցին: Պառկեցի անկողնում ու ձեռքով ցույց տվեցի Սերժին՝ չքվիր այստեղից, չեմ ուզում տեսնել քեզ:

Ցավը դարձյալ սեղմեց կոկորդս, թույլ չտալով շնչել, ու քիչ առաջվա գրգռվածությունս փոխվեց ագրեսիայի, ես պատրաստ էի սպանել բոլորին, ու թե մոտս ավտոմատ լիներ, կդատարկեի ամբողջ փամփշտակալը: Սավանով մաքրեցի օճառած ոտքս և ցնցվեցի ցավից: Շուտով պալատ մտավ նույն բուժքույրը կարճ խալաթով, ներքևի կոճակն արձակած, ասես ինձ գրգռելու համար: Բարձր պահած ձեռքում բռնել էր ներարկիչը, հասկացնելով, որ այս անգամ մտադիր չէ օճառել ուղեղս, այլ ուղղակի կսրսկի: Այլ կերպ ասած, հասկանում էր, որ ցավը տանջում է ինձ և ուզում էր օգնել: Անթարթ նայելով նրա սլացիկ ոտքերին և պատկերացնելով արձակված կոճակի տակի գաղտնարանը, ես գլխով արեցի՝ գործդ արա: Անմիջապես տաքություն զգացի և թեթևացա ու լկտիաբար ցուցամատս բերանս խոթեցի, հասկացնելով, թե ինչ եմ ուզում իրենից: Բայց այդ պահին պալատ մտավ Սերժը մի անծանոթ տղամարդու հետ: Նա ներկայացավ որպես Ֆրանսիայում Հայաստանի դեսպան և իսկույն սկսեց գովաբանել իմ հերոսությունը, անվեհերությունը և էլի ինչ-որ բան: Ես անքաղաքավարի ընդհատեցի նրան և կոշտ ասացի, որ այստեղ ժամանակն ու տեղը չէ դատարկախոսության:

-Այստեղ միայն մի բանն է հաստատ, անդամահատում չի լինելու: Ու վերջ: Այնպես որ, ինձ շտապ հետ ուղարկիր Հայաստան, ես պահանջում եմ:

-Ախր, դու հասկանում ես…

-Ամեն ինչ գերազանց հասկանում եմ,- կոպիտ ընդհատեցի ես:- Դու էլ հասկացիր, որ եթե չկատարես իմ պահանջը, էս բանը գլխիդ կջարդեմ:- Ու հայացքով ցույց տվեցի կաթիլայինի շտատիվը, որ դրված էր մահճակալի գլխավերևում: Նա նեղացավ, երևի նույնիսկ վիրավորվեց: Նման պաշտոն զբաղեցնելով, դեսպանը վաղուց ետ էր վարժվել կոպտությունից: Նա գերադասեց կապ չունենալ ինձ հետ, հեռացավ, իսկ Սերժը լուռ հետևեց նրան: Մեկ, երկու, երեք, չորս ժամ ոչ ոք գլուխս չտարավ: Իսկ երեկոյան դեսպանը Սերժի հետ վերադարձավ ու չոր տեղեկացրեց, որ ինձ ուղարկում են Ամերիկա, որտեղ մի լավ փտախտի մասնագետ հայ վիրաբույժ կա:

-Նրան նկարագրել են քո դեպքը, նա կփորձի փրկել քո ոտքն ու ձեռքը: Նրա խոսքով, շանսերը հիսուն-հիսուն են: Քեզ անկեղծորեն հաջողություն ենք մաղթում:

Հոգիս մի քիչ թեթևացավ: Չգիտեմ, որն է արժանիքս, որ Աստված բազմիցս օգնում է ինձ: Գուցե չեմ սպառել լիմիտս, և Աստված դարձյալ ուզում է փրկել ինձ գրեթե անհուսալի վիճակից: Ես շնորհակալություն հայտնեցի Սերժին ու դեսպանին և դեսպանից ներողություն խնդրեցի: Հույսն ու հավատը վերադարձան: Հետաքրքիր է, որտեղ էին քարշ գալիս, երբ կռիվ էի տալիս ղասաբների հետ, որոնք քիչ մնաց ոտքս ու ձեռքս թռցնեին: Երևի զբոսնում էին Փարիզում, այցելում Լուվր, բարձրանում Էյֆելյան աշտարակ, դիտում Փարիզի Աստվածամոր տաճարով հիանում և այնտեղ աղոթում ինձ համար: Եթե այդպես է, հանգիստը նրանց օգտին էր: Նրանք թարմացած վերադարձան, որ կիսեն ուժերն ինձ հետ: Իսկ ինչ վերաբերում է նրանց Փարիզյան զբոսանքներին, ապա ինձ երբեք չլքած հավատարիմ ու սիրելի ընկերներին հեշտ է հասկանալ: Մեկ էլ ե՞րբ առիթ կվիճակվեր լինել Փարիզում…

Գիշերն արթնացրին ինձ: Ասացին, որ հրավերը պատրաստ է, շուտով ինձ կտանեն «Շառլ դը Գոլ» օդանավակայան: Նախ ստուգեցի՝ տե՞ղում է արդյոք ոտքս, և համոզվելով, բութս տնկեցի՝ ամեն ինչ կարգին է: Շառլ Ազնավուրը չեկավ ինձ ճանապարհելու, ես դա չէի էլ սպասում: Ամեն դեպքում խնդրեցի դեսպանին փոխանցել ներողությունս՝ պատճառած անհարմարության ու հոգսերի համար և շնորհակալություն հայտնել այն ամենի համար, ինչ նա արեց հանուն ինձ:

… Խորը քնից արթնացա, չգիտակցելով, թե ինչ է կատարվել, որքան ժամանակ է անցել, ինչ ինքնաթիռը թռել է Փարիզից և որտեղ եմ հիմա: Քիչ անց պարզվեց, որ ես դարձյալ հիվանդանոցում եմ, էլ ավելի ընդարձակ պալատում՝ երկու բուժքույրերի հետ, որոնք նստած էին մահճակալիս երկու կողմերում: Ժպտալով նրանց, հետաքրքրվեցի՝ որտեղ եմ ես, հանկարծ ինձ հայերեն պատասխանեցին՝ հիվանդանոցում: Ինձ ուրախացրեց ոչ թե այն, որ հիվանդանոցում էի, այլ որ հեtս հայերեն խոսեցին: Մայրենի լեզուն ասես վկայեր, որ ես Ամարասի Արթուրն եմ, իմ ժողովրդի զավակը, և որ իմ ժողովրդի մղած կռվում ես վերջին մարդը չեմ, այլապես կողքիս կանգնած չէր լինի հիվանդապահ հայուհիների մարտական պահակախումբը: Իմիջիայլոց ասեմ, որ հիվանդապահուհիները աչքի չէին ընկնում թարմությամբ և, ի տարբերություն իրենց փարիզյան գործընկերուհու, ամենևին էլ գայթակղիչ չէին: Սա ասում եմ, քանի որ ինքնազգացողության և տրամադրությանս վրա միշտ էլ ազդել են բուժանձնակազմի խնամված լինելը, գեղեցկությունը, բարեկրթությունը և, բնականաբար, հայրենասիրությունը: Անմիջապես իմ գրեթե անզգայացած վերջույթների գույքագրում կատարեցի և հավաստիանալով, որ տեղում են, հանգստացա: Դարձյալ դիմելով ինձ անթարթ աչքերով ժպտացող հիվանդապահուհիներին, հարցրի, թե կոնկրետ որտեղ ենք և ինչ է կատարվել ինձ հետ: Բանն այն է, որ ես բացարձակապես չէի հիշում, ոնց եմ հայտնվել ինքնաթիռում, ոնց եմ իջել և որքան ժամանակ եմ այստեղ գտնվում: Երկուսն էլ միանգամից, իրար հերթ չտալով, արևմտահայերենով տեղեկացրին, որ ես Նյու Յորքում եմ, Կոլումբիական համալսարանի հիվանդանոցում, որ ոտքս ու ձեռքս վիրահատել են, և, բժիշկ Ներսիսյանի խոսքով, վիրահատությունը հաջող է անցել, ու ես շուտով կքայլեմ: Այդ նորությունը ինձ իսկական երջանկություն պարգևեց, ես շնորհակալությունների հեղեղ տեղացի: Նրանցից մեկը, չպատասխանելով, դուրս վազեց պալատից ու վերադարձավ բարեկազմ, միջահասակ, գեղեցիկ, սևահեր մի մարդու հետ: Սա մտնելիս նետեց. «Hi, my hero». Գրողը տանի, մտածեցի ես ափսոսանքով, սա էլ չգիտի հայերեն:

-Բարև ձեզ,- հարգանքով պատասխանեցի ես:

-Շատ բարև, զորավար ջան, ոնց ես,- հեշտությամբ հայերենի անցավ բժիշկը՝ ի զարմանս ինձ:

-Լավ եմ և ուրախ եմ…,- ու գնա՜ց: Հայերենի երաժշտությունն ինձ համար զրույցի բովանդակությունից ավելի կարևոր էր: Բժիշկ Ներսիսյանը պատմում էր այն, ինչ ինձ հետաքրքրում էր, ընդ որում՝ բավականին մանրամասն: Պարզվեց, որ վիրահատությունը տևել է մոտ ինը ժամ, հետո հինգ օր ես անգիտակից վիճակում եմ եղել:

-Ես վստահ էի, որ դու դուրս կպրծնես,- ասաց վիրաբույժը,- սիրտդ, փառք Աստծու, ուժեղ է և առողջ: Ի դեպ, քո մարմինը լրիվ վիրավոր է, անվնաս տեղ չկա, դա ապշեցուցիչ է, ինչեր են գլխիդ եկել… Դե, էդ վերքերը հիմնականում բեկորային են, կարելի է ասել, դատարկ բան: Լրջորեն անհանգստացնում էին, ոտքդ և ուսդ, որի բոլոր մկանները վնասված էին: Ոտքիդ վերքի մեջ վարակ էր անցել, որի պատճառով էլ փտախտ էր սկսվել: Պետք եղավ փոխել քո ամբողջ արյունը, փոխներարկում անել, միաժամանակ մաքրել զարկերակդ և արյունատար մյուս անոթներդ:

-Էդ ո՞նց, արյունս փոխել եք,- ապշեցի ես,- բա հիմա ո՞ւմ արյունն է հոսում իմ մեջ:

-Մի անհանգստացիր, արյունն ընտիր է, վերցրել ենք հայ դոնորներից: Նրանք եկել էին հոսպիտալ ամբողջ Ամերիկայից, որ փրկեն քեզ: Այնպես որ, քո մեջ հիմա նախնիների արյունն է՝ Անդրանիկ փաշայի, Մախլուտոյի, Գևորգ Չավուշի, Արշիլ Գորկու, Վիլյամ Սարոյանի, Սիամանթոյի, Դանիել Վարուժանի: Ոմանք վիրավորվեցին, թե ինչու իրենցից արյուն չվերցրինք: Մի խոսքով, ցանկացողների պակաս չկար: Ասում ես՝ լա՞վ ես զգում քեզ:

-Մինչև չքայլեմ, չեմ ասի: Իսկ այ, սրա համար շնորհակալ եմ,- ես բարձրացրի աջ ձեռքիս ցուցամատը, որով քաշում եմ ավտոմատի ձգանը:- Գերազանց է աշխատում:- Ու ծիծաղեցի: Բժիշկն ու հիվանդապահուհիները ակնհայտ հաճույքով միացան ինձ:

-Քիչ մնաց մոռանայի,- հանկարծ սթափվեց բժիշկը:- Ընդունարանում քեզ համար սյուրպրիզ կա: Մտերիմ մարդիկ ուզում են տեսակցել քեզ: Դու դե՞մ չես: Թույլ տա՞մ հինգ րոպեով:

-Իհարկե, թող ներս գան,- ոչ առանց զարմանքի ասացի ես:- Մտերիմնե՞ր, ո՞վ ունեմ Ամերիկայում: Գուցե դոնորնե՞րս են…

Դուռը բացվեց, և զարմանքս չքացավ: Պարգև սրբազանը, իմ լավագույն և վաղեմի ընկերը, իմ եղբայրը: Ես երազել անգամ չէի կարող, որ կտեսնեմ նրան: Այ, սա անակնկալ է, իսկական անակնկալ:

-Ի՞նչ գործ ունես Ամերիկայում, սրբազան:- Աչքերս, ինչպես ասում են, թռան ճակատիս:

-Բա գիտեիր՝ քեզ մենա՞կ կթողնեմ: Քեզ համար այսքան դժվար պահին… Համա թե լավ կարծիքի ես իմ մասին:

Զրույցից պարզվեց, որ հենց սրբազանն է իր ամերիկացի բարեկամների հետ դասավորել իմ հրավերը, տոմսը, հոգացել հոսպիտալի ու վիրահատության ծախսերը: Իսկ ես, դարդ անելով միայն, որ ոտ ու ձեռից չզրկվեմ, երբեմն միայն թեթևակի զարմանում էի, թե ոնց է ամեն ինչ էսքան լավ ու սահուն դասավորվում: Ամենևին էլ ոչ ինքն իրեն: Այս ամենի մեջ, պարզվում է, Աստծո նախախնամությունն է:

-Շնորհակալ եմ, սրբազան, ես քեզ շատ պարտական եմ:

-Վերջացրու Արթուր, ես անհարմար եմ զգում, երբ շնորհակալություն ես հայտնում ինձ: Եվ ընդհանրապես, մենք ընկերնե՞ր ենք, թե օտարներ:

-Լավ,-համոզեցիր: Մեկ զրո՝ հօգուտ քեզ… Ղարաբաղում ոնց է, ինչ կա Հայաստանում ու սահմաններին:

-Ամեն ինչ իր հունով է ընթանում:

-Սրբազան, դու նեղացա՞ծ չես ինձնից:

-Տեր Աստված, էդ ինչո՞ւ պիտի նեղանամ քեզնից:

-Ո՞նց… մոռացել ե՞ս: Ախր մենք էդպես էլ եռագույն լողավարտիքներով չլողացանք Քռում: Չե՞ս հիշում: Դու էդ հաղթական վայելքի սպասումով լողավարտիքը նախօրոք էիր առել:

-Հա: Հիշում եմ, ոնց չեմ հիշում, ես շատ եմ երազել այդ մասին,- մտածկոտ արտաբերեց սրբազանը, դեպի վեր ոլորելով բեղերի ծայրերը, ասես պատրաստվում էր դրանցով օդ կրակել:

-Մի բարկացիր, սրբազան: Այ, կտեսնես, թուրքերը անտրտունջ կուլ չեն տա իրենց պարտությունը, կփորձեն շտկել իրավիճակը, դարձյալ կսխալվեն, կանեն հերթական հիմարությունը և դրանով իսկ առիթ ու հնարավորություն կտան մեզ՝ վերջացնել գործը, որը չհաջողվեց ավարտին հասցնել: Վաղ թե ուշ մենք կազատագրենք մեր պատմական հողերը: Քո փառապանծ գյուղն էլ կազատագրենք, չկասկածես:

Սրբազանը ծագումով նշանավոր Չարդախլուից էր, որտեղ ծնվել է երկու խորհրդային մարշալ, տասներկու գեներալ, տասնյակ, եթե ոչ հարյուրավոր սպաներ ու Խորհրդային Միության մի քանի հերոսներ: Չարդախլուն վաղուց ի վեր համարվել է հերոսների ու զորահրամանատարների դարբնոց: Մինչև 1987-ի դեկտեմբեր այնտեղ ապրում էր 15 հազար հայ: Իսկ հիմա Չարդախլուն վերանվանել են, այնտեղ ապրում են միայն ադրբեջանցիներ, որովհետև խորհրդային ներքին զորքերը տանկերի, զրահամեքենաների ու ուղղաթիռների աջակցությամբ , բռնի ուժով հայերին տեղահանել են նրանց հարազատ գյուղից: Այժմ ուր ասես, որ չեն ապրում չարդախլվեցիք, մեծ մասը՝ Ղարաբաղում ու Հայաստանում, բայց շատերն էլ գնացել են Ռուսաստան, ոմանք՝ Եվրոպա և Ամերիկա…

Այնպես որ, սրբազանը մեր հարևանների հետ իր անձնական հաշիվներն ուներ, չէ՞ որ այժմ վերանվանված Չարդախլուում առհավետ մոռացության են մատնված նրա մանկությունը, առաջին սերը, վաղ հիշողությունները, գերեզմանոցը, որտեղ հանգչում են նրա նախնիներն ու հարազատները…

-Արթուր, ես քեզ համար անակնկալ եմ պատրաստել,- խորհրդավոր արտաբերեց սրբազանը:- Դու պատրա՞ստ ես ընդունել:

-Էս ի՞նչ է, խոսքներդ մե՞կ եք արել: Ամբողջ օրը զարմացնում եք անակնկալներով:

-Էս անակնկալը առանձնահատուկ է: Երևի քո սրտով կլինի:

-Դե, եթե դու վստահ ես,- իր տոնով պատասխանեցի նրան,- էլ ի՞նչ ես ձգձգում: Արագացրու, ես վառվում եմ անհամբերությունից:

Սրբազանը դուրս եկավ ու անմիջապես էլ ներս մտավ: Նրա հետ միասին պալատ մտավ մոտ վաթսունամյա մի տղամարդ՝ իր տարիքի երևելի տիկնոջ հետ, որը թևանցուկ էր արել նրան, նաև՝ գեղեցիկ, ընտիր հագնված, ժպտադեմ մի աղջիկ: «Բարև ձեզ»,- հայերեն ողջունեցին երեքով, հերթով երկու ձեռքերով սեղմելով իմ ձախ ձեռքը: Աջ ձեռքս ուժեղ ցավում էր, այն մտցրել էի ծածկոցի տակ և մատներս սեղմելով ու թուլացնելով, փորձում էի մեղմել ցավը: Սրբազանը ինձ ներկայացրեց հյուրերին:

-Սա մեր խոշորագույն բարերար Վահագն Հովնանյանն է,- ձայնին նշանակալի տոն հաղորդելով ներկայացրեց սրբազանը:- Նա վաղուց օգնել ու հիմա էլ օգնում է մեր բանակին ու եկեղեցուն, այնպես որ ես, առանց դույզն-ինչ չափազանցության, համարում եմ նրան հայ ժողովրդի հպարտությունը: Տիկին Հասմիկը նրա կինն է, իսկ չքնաղ օրիորդը՝ նրանց դուստր Նինան:

-Շատ ուրախ եմ,- մի քիչ ճնշվելով ծանոթության կարևորությունից ու հանդիսավորությունից, ասացի ես:- Շատ սիրալիր է ձեր կողմից ինձ այցելելը: Շատ շնորհակալ եմ:

-Մենք այստեղ շատ ենք լսել քո մասին, սիրելի Արթուր, և շատ հպարտանում ենք քեզնով,- պարզ, ինչպես հին ծանոթ, ասաց Հովնանյանը:- Փառք Աստծո, մեր ժողովուրդը դեռևս ծնում է քեզ նման հերոսներ: Շնորհակալություն, որ պաշտպանում եք մեզ մեր դարավոր թշնամուց և ազատագրում եք մեր հայրենիքը այդ ժանտախտից: Ինձ քո մասին շատ է պատմել Նինան,- ասաց նա, շրջվելով աղջկա կողմը:- Նա ուզում էր ծանոթանալ ձեզ հետ և բոլորովին չի հիասթափվել: Ընդհակառակը:

-Դու կարծես չճանաչեցիր ինձ, ճի՞շտ է, Արթուր,- ժպտաց աղջիկը:

-Արթո՞ւր,- զարմացավ սրբազանը:- Դու իսկապե՞ս չճանաչեցիր Նինային: Անկեղծ ասած, չէի սպասում: Լավ հիշեցնեմ: Վանքի մոտի ականապատված բացատը, ու եկվոր աղջիկը, որը ծաղիկ էր հավաքում: Ու դու բղավում ես նրա վրա:

Ես կարմրեցի ու մեղավոր գլխով արեցի, չհասկանալով, թե ինձ ոնց պահեմ:

-Մըմմ,- անհոդաբաշխ փնչացրի ես:-Լավ չստացվեց, մենք իրար չհասկացանք:

-Դե, դու մի ամաչիր, սիրելի Արթուր, դու միանգամայն ճիշտ ես արել,- լայն ժպտաց Նինայի հայրը: Եթե դու չլինեիր, նա կզոհվեր, հիմա այստեղ չէր լինի: Այնպես որ, դու մեր ընտանիքի համար աշխարհի ամենահարազատ մարդն ես:

-Արթուր ջան, ես հատուկ հանուն քեզ արդեն մի քանի ամիս է հայերեն եմ սովորում: Ուզում էի մեր հանդիպման ժամանակ քեզ հետ ազատ շփվել,- ասաց Նինան և, քաջալերելով ինձ, ափը դրեց ձեռքիս:- Խնդրում եմ, մի ամաչիր մեզնից:

-Շնորհակալ եմ, Նինա, ուրախ եմ քեզ տեսնել…

Այդ պահին պալատում հայտնվեց դոկտոր Ներսիսյանը՝ բժիշկների խմբի ուղեկցությամբ և բոլորին խնդրեց հեռանալ: Եվ բոլորը զինվորների պես ենթարկվեցին հրամանատարին և սկսեցին հրաժեշտ տալ:

-Չվախենաս, մենք քեզ արագ ոտքի կկանգնեցնենք,- մտերմաբար աչքով արեց Հովնանյանը:

Հարցուփորձից ու նյարդային բջիջների զգայունությունը ստուգելուց հետո իմ վիրաբույժը հանձնարարեց մի քիչ քնել և պատվիրեց հիվանդապահուհիներին այլևս ոչ մեկին չթողնել ինձ մոտ:

Օր օրի ես ինձ ավելի ու ավելի լավ էի զգում: Մի ամիս հետո ինձ դուրս գրեցին հոսպիտալից: Սկսվեց ֆիզիոթերապիայի երկար ու տաղտկալի պրոցեսը, վերականգնման և իմունային համակարգի ամրապնդման փուլը: Թեև ես գրեթե ոչինչ չեմ հասկանում դրանցից:

--

--