Ապրիլյան պատերազմը

Artur Aleksanyan
Կյանքի Իրավունք
22 min readApr 1, 2020

2016 թվականի ապրիլի 2-ի վաղ առավոտյան Ստեփանակերտից զանգահարեց եղբայրս՝ Ալիկը և ասաց, որ ադրբեջանցիները հարձակվել են Ղարաբաղի վրա, կան զոհեր: Սիրտս արագ բաբախեց: Ես անմիջապես հավաքեցի Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի համարը, բայց նա չվերցրեց լսափողը: Նրա ընդունարանից պատասխանեցին, որ նախարարը տեղում չէ, ադրբեջանցիների հարձակման լուրը հաստատեցին:

Ես սկսեցի զանգահարել իմ նախկին զինվորներին ու սպաներին, պայմանավորվել հանդիպման մասին: Ռազմաճակատ մեկնելուց բացի այլ բանի մասին ես չէի մտածում: Սա լսելով, Նինան բռնկվեց:

-Դու վաթսուն տարեկան ես, հինգ շունտ ունես: Գումարած՝ դիաբետը, և ճնշումն էլ՝ վրադիր: Դու ոչ թե զինվոր ես, այլ կենդանի թիրախ:

-Ես պարտավոր եմ, Նինա, հասկանո՞ւմ ես, պարտավոր եմ: Այնտեղ են մայրս, եղբայրներս, նրանց ընտանիքները, այնտեղ են ընկերներս, մանկությունս, իմ ժողովուրդը: Ծայրահեղ դեպքում՝ թեկուզ խորհուրդներով կօգնեմ:

-Դե, ոնց ուզում ես: Իմիջիայլոց, այստեղ էլ երեխաներ ու թոռներ ունես: Այստեղ, գրողը տանի, կին ունես, որը հանուն քեզ ամեն ինչից հրաժարվել է: Ո՞ւմ ես թողնում դու ինձ երկու պստլիկների հետ:

-Մի վախեցիր, ոնց էլ լինի՝ ես Ամարասի Արթուրն եմ ու գնում եմ Ղարաբաղ ոչ թե մեռնելու, այլ հաղթելու:

-Հա, ադրբեջանցիները երևի սպասում են, որ դու՝ ծերուկդ, գնաս ու ոչնչացնես իրենց:

-Այդպես էլ կա: Նրանք կռվել չգիտեն, հարյուր տարի էլ անցնի, մեկ է, կարգին չեն սովորի: Հույսները դնում են վարձկանների վրա՝ մոջահեդների, իսլամիստների, վահաբիստների: Իսկ նրանք օրացույցով են կռվում: Ամսական փողը ստանում են, աշխատում-վերջացնում, ու մնաս բարով, Ալիև:

-Դու գիտես, Արթուր: Ես շատ եմ վախենում քեզ համար: Եվ հիշիր, որ իմ եղբորը պարտք ես մեկուկես միլիոն դոլար՝ տոկոսներով:

-Հիշում եմ: Շանթին իմ պարտքը մեկուկես միլիոն դոլար է, հայրենիքին՝ մեկուկես միլիարդ:

Ես զանգահարեցի գեներալ Մանվել Գրիգորյանին՝ «Երկրապահ» միության նախագահին, որը Վազգեն Սարգսյանը ստեղծել էր որպես կամավոր աշխարհազորայինների կազմակերպություն: Նա ասաց, որ արդեն հավաքել է երկու հազար մարդ, և որ կամավորականները Հայաստանի բոլոր ծայրերից զանգում են իրեն:

-Ինչքա՞ն ժողովուրդ ունես,- հարցրեց Մանվելը:

-Քիչ, հինգ հարյուր մարդ: Հարկավոր է շտապ սկսել մարտիկների պատրաստման դասընթաց: Շատերը վերջին անգամ ավտոմատ բռնել են քսան տարի առաջ:

-Ճիշտ ես, բայց ժամանակ չկա: Բակո Սահակիչը շտապեցնում է:

-Թող համբերի: Հրաման տուր, Մանվել, թող սկսեն պարապմունքները:

Ինձ զանգահարում էին ընկերներս արտասահմանից, նախկին ծառայակիցներ, «Կարմիր բերետների» վետերանները: Ես ասում էի՝ ով ինչ կարող է, թող անի, ինքներդ եկեք, կամավորականների ուղարկեք, Ադրբեջանի դեսպանատների, Ամերիկայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի պառլամենտների, ՄԱԿ ներկայացուցչությունների դեմ միտինգներ արեք…

Իմոնց հրահանգեցի հավաքվել «Կարմիր բերետավորների» վետերանների շտաբում, որը վարձակալել էինք ԴՕՍԱԱՖ-ի շենքում, իմ մարտական ընկեր, գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանից՝ Կոմանդոսից: Հանդիպեցի Մանվելին, որ համաձայնեցնենք հետագա գործողությունները: Օրվա վերջում նրա մոտ արդեն հավաքվել էր մոտ երեք հազար կամավորական, ինձ մոտ նույն ժամանակ ցուցակագրվել էին մոտ յոթ հարյուրը:

Բոլորը պիտի բուժզննում անցնեին ու հավաքվեին «Հրազդան» մարզադաշտում, որի տերը 1998-ից իմ մարտական ընկեր Աշոտ Աղաբաբյանն է՝ Բուռնաշ մականունով: Լինելով Ազգային ժողովի պատգամավոր՝ նա արդեն քսան տարի ղեկավարում էր «Հանրապետականների» վետերանների ջոկատը: Հանրապետական կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանը և նրա զինակից Ազատ Արշակյանը պատերազմի ժամանակ Աղաբաբյանի հետ միասին ստեղծեցին իրենց ջոկատը, որը շատ ճակատներում մասնակցեց մարտական գործողությունների: Ջոկատը հռչակվեց մարտական ոգով: Աշոտ Նավասարդյանի անժամանակ մահից հետո ջոկատի վետերանների հոգսը իր վրա վերցրեց Բուռնաշը: Մենք միշտ հանդիպում էինք, քննարկում այն ողբալի վիճակը, որի մեջ հայտնվել էր հայրենիքը: Աշոտը դարձավ իմ ավագ որդու՝ Ալյոշայի կնքահայրը: Ինչպես և սպասում էի, Բուռնաշը անտարբեր չմնաց Արցախում ծավալված իրադարձությունների հանդեպ և նույնպես հավաքեց կամավորների: Խորհրդակցելով, մենք ստեղծեցինք ընդհանուր ջոկատ, որը գլխավորեցի ես:

Ջոկատի մոտ հարյուր հիսուն մարտիկ չկարողացավ հանձնել հարյուր մետր վազքի նորման: Դա զարմանալի չէր. նորահայտ մարտիկները այնքան էլ երիտասարդ չէին, շատերը անցել էին կես դարի սահմանագիծը, ոմանց էլ յոթանասունն էր լրացել: Բոլոր նրանց, ովքեր չհանձնեցին առաջին քննությունը, գումարած բարձր ճնշում և այլ հիվանդություններ ունեցողներին՝ չլսելով որևէ առարկություն, ուղարկեցի տուն: Մնացածներին տարա մայրաքաղաքային գունդ, նախապես խնդրելով խաղաղարար առաքելության հրամանատար գեներալ Արթուր Սիմոնյանին, որը նույնպես հատուկ նշանակության ստորաբաժանման նախկին ծառայող էր, իմ վետերանների հետ միասին անցկացնել մարտիկների պատրաստման դասընթաց: Դե, իսկ ինքս գնացի Պաշտպանության նախարարություն՝ պայմանավորվելու զենքի, հանդերձանքի, ռադիոկայանների, ավտոբուսների և այլ հարցերի շուրջ: Ինձ տասը րոպեով ընդունեց նախարարը, պատմեց ծանր վիճակի մասին, հանձնարարեց ապահովել ինձ անհրաժեշտ ամեն ինչով: Ես հարցրի՝ ոնց պատահեց, որ հակառակորդը մեզ հանկարծակիի բերեց: Մի՞թե ադրբեջանական բանակի հինգ հարյուր հոգանոց մոտոհրաձգային միավորումները անտեսանելի գլխարկ հագան ու անցան մի ամբողջ ութսուն կիլոմետր:

-Ո՞նց կարող էր նման բան լինել, Սեյրան ջան:

-Դու ճիշտ ես, Արթուր, հետախուզությունը զեկուցել է, որ նրանք մի ամբողջ կորպուս են մոտեցնում սահմանին: Բայց ամեն ինչ այդքան պարզ չէ: Հիմա ես չեմ պատասխանի քո հարցին: Ինքս էլ չեմ հասկանում: Այս մասին հետո կխոսենք, հիմա հարկավոր է փրկել իրավիճակը:- Եվ կտրուկ փոխեց թեման:- Ո՞ր ռազմաճակատ ես ուզում գնալ:

Ղարաբաղյան բանակի հրամանատարին զանգահարելուց պարզվեց, որ հարկավոր է գնալ Մարտունի, և որ ինձ կդիմավորի իմ վաղեմի ընկերը, բրիգադի հրամանատար, գնդապետ Հայկ Սարգսյանը: Ես սլացա Նուբարաշենի գունդ, որտեղ արդեն հանդերձավորվում էր իմ ջոկատը: Շուտով մենք ճանապարհ ընկանք: Գորիսի մոտ կեսգիշերին հանգիստ առանք: Սառը անձրև էր մաղում: Ես իմ տեղակալների՝ Աշոտ Աղաբաբյանի, Ազատ Արշակյանի և Ալիկ Մինասյանի հետ սկսեցի շրջայցը: Մարտիկներից մեկից բնորոշ հոտ էր գալիս: Նա չխոստովանեց, որ խմել է, ինքնավստահ էր պահում իրեն, իբր՝ ես կամավորական եմ, դու ինձ ոչինչ չես կարող անել:

-Քանի՞ տարեկան ես,- սառը հարցրի ես:

-Յոթանասուներկու:

-Ու չե՞ս ամաչում հակաճառել հրամանատարին: Դու հանցագործություն ես կատարել, զենքը ձեռքիդ մարտական տեղաշարժի ժամանակ մի լավ խմել ես: Բա որ հանկարծ հիմա հարձակվեն մեզ վրա. դու, ախր, չես կարող պաշտպանվել:

-Էդ արդեն իմ պրոբլեմն է, պարոն գնդապետ,- ատամների արանքից փնթփնթաց նա: Ես հրամայեցի կանչել ռազմական ոստիկանություն և զինվորին ետ ուղարկել Երևան: Երբ նրանից վերցրին ավտոմատը, և նա հասկացավ, որ իր հետ չեն կատակում, բռնեց իմ ուսերը և աղաչեց:- Պարոն գնդապետ, ես քեզ խնդրում եմ…- Նրա աչքերում արցունքներ հայտնվեցին:- Ինձ ամբողջ փողոցն է ճանապարհել, իմ տասը թոռները հպարտացել են, որ իրենց պապը հերոս է, գնում է հայրենիքը պաշտպանելու: Ես ի՞նչ եմ ասելու նրանց: Ավելի լավ է՝ գնդակահարեք տեղում, քան այսպես խայտառակ անեք մարդկանց առաջ:

Ես մնացի շփոթված: Ե՞տ կանգնեմ խոսքիցս: Իսկ հրամանատարի հեղինակությո՞ւնը: Բայց… զինվորը գիտակցել է իր մեղքը, բարոյապես ճնշված է… Ես փոխեցի հրամանը, սակայն մարտիկին չվերադարձրի զենքը, հանձնեցի այն «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանի անձնական հսկողությանը, որը ձախորդ հարբեցողի հարևանն էր:

Որդիս՝ Ալյոշան, ի դեպ, ոչ մի քայլ ինձնից չէր հեռանում. զբաղեցրեց վարորդի տեղը և հայտարարեց, որ ես իրենից չեմ կարող թաքնվել: Ես չկարողացա առարկել, ապրիլի 2-ին նրա տարեդարձն էր: Այդպես Ալյոշան դարձավ իմ վարորդն ու օգնականը: Նա տանում էր ինձ մեքենայով, օգնում փոխել հագուստներս («Հայրիկ, դու լրիվ թաց ես»): Ալյոշան ասաց, որ Նինան ճանապարհի համար դեղ է դրել ինձ հետ, տաք հագուստ, ինչ-որ մթերքներ:

-Մենք բանկ գնացինք,- ավելացրեց նա,- Նինան գրավ է դրել ոսկեղենը, փող է վերցրել: Մոտս 65 հազար դոլար կա, քսան հազար էլ նրա մոտ կա, որ պետք լինի՝ զանգիր:

«Իսկական հայրենասեր է, ոչ թե քո մոր նման»,- քիչ մնաց թռցնեի լեզվիցս, բայց ժամանակին զսպեցի ինձ: Ահագին ժամանակ լուռ էինք, հետո Ալյոշան հարցրեց.

-Ինչո՞ւ Արմենին արգելեցիր գալ մեզ հետ:

-Դու տանը երկու երեխա ես թողել, երկուսն էլ ես եմ թողել, Արմենն էլ մի աղջիկ ունի: Այսինքն՝ հինգը: Մենք երեքով գնում ենք կռվելու: Աստված չանի՝ մի բան պատահի մեզ: Ով է մեծացնելու մեր երեխաներին:

-Նա վիրավորվել է քեզնից, հասկացիր:

-Հասկանում եմ, ինչ կա չհասկանալու: Թող սառը ջուր խմի՝ հանգստանա:

-Ոչինչ էլ չես հասկանում,- մռթմռթաց Ալյոշան: Ապա մի պահ լռեց ու ասաց,- քնիր մի քիչ, ամբողջ գիշեր չես քնել: Բա փողերն ի՞նչ անեմ:

-Հետո կասեմ,- հորանջեցի ես ու քնեցի:

Լուսադեմին հասանք Մարտունի, որտեղ մերոնք նախօրեին հանձնել էին մեկուկես տասնյակ դիրքեր: Կային վիրավորներ ու սպանվածներ: Տեղի գնդի հրամանատարը հրամայեց մեզ խրամատավորվել, կարգի բերել խրամատները, ավելացնել ինժեներական կառույցները պաշտպանության համար: Ես վրդովվեցի:

-Իսկ հակահարձակո՞ւմը: Մենք եկել ենք օգնել ձեզ ետ բերել կորցրած դիրքերը: Դուք ի՞նչ եք խոսում, տղերք:

-Պարոն գնդապետ, մեզ հրամայված է խրամատավորվել և ամրացնել պաշտպանության գիծը:

Զարմացած, ես մերոնց հանձնարարեցի կատարել հրամանը, իմ փոխարեն թողեցի Աշոտ Աղաբաբյանին, իսկ ես Ազատ Արշակյանի հետ գնացի Ստեփանակերտ, իմանալու՝ ինչ է կատարվում: Ճանապարհին զանգահարեցի ԼՂՀ նախագահի գործերի կառավարչին, խնդրեցի ընդունելություն կազմակերպել: Նախագահը ընդունեց ինձ, և ես հարցրի, թե ինչու, կորցնելով մոտ 800 հեկտար, մենք անցանք պաշտպանության:

-Դե, հարկավոր է ոգին ամրապնդել ու անցնել հակահարձակման…

-Բակո Սահակիչ, իմ թանկագին, ես հաստատ գիտեմ, որ մենք պատրաստ ենք վերադարձնել կորցրած դիրքերը և առաջ գնալ Ադրբեջանի խորքերը՝ մի հարյուր կիլոմետր, ոչ պակաս: Ասացեք խնդրեմ ճշմարտությունը, և ես կհանգստանում:

-Դու ճիշտ չես, Արթուր, հակագրոհի համար մենք ուժ չունենք…

-Ո՞նց չունենք, ախր: Ես լսել եմ ադրբեջանցիների խոսակցությունները, նրանք շփոթված են, լսել են, որ այստեղ են գալիս վետերանները, իսկ մի երկու օրից կհասնեն կամավորականներ սփյուռքից: Ինչի՞ մասին ես դու խոսում, պարոն նախագահ: Եթե մենք այդքան թույլիկ ենք, ինչո՞ւ է Պուտինը ստիպում Խաչատուրովին՝ ստորագրել հաշտություն ադրբեջանցիների հետ, ընդ որում՝ նրանց խնդրանքով: Էլի խաղեր ենք խաղում…

-Դու գիտես, ցուցումները տրվում են Երևանից: Մեզ ինչ ասում են՝ անում ենք: Իսկ մեզ թույլ չեն տալիս մասնակցել բանակցություններին:

-Սերժը, Պուտինը, Ալիևը երեքով նստում են կլոր սեղանի շուրջ, թեյ խմում ու որոշում, թե ում ինչ ու երբ տան և ումից ինչ վերցնեն: Մեկը լուծում է մեծապետական խնդիրները, մյուս երկուսը՝ իրենց անձնականը: Առջևում ընտրություններ են, չէ՞: Ոնց ասեն, այնպես էլ կլինի, ճի՞շտ է:

-Ի՞նչ ես ուզում ինձնից, Արթուր: Դու ամեն ինչ գիտես, գնա և հարցրու…

-Իսկ ինչո՞վ է այսօր զբաղվելու բանակը: Տես՝ ինչքան կամավոր է եկել:

-Թերությունները վերացնելով,- գլուխը կախեց դեռ երեկ հաղթած, իսկ այսօր՝ ակամա պարտված երկրի նախագահը:

Զրույցը դառնում էր անտանելի, և ես կտրուկ փոխեցի թեման:

-Իսկ ոնց են գործերը Հաթերքում և Քարվաճառում: Դիրքերը Օմարի լեռնանցքում, Գոմշասարում, ընդհանրապես Մռավի լեռնաշղթայում, հուսալի՞ են: Վտանգավոր տեղամասեր են, այնտեղ, նրանց մի քանի անգամ հաջողվել է ճեղքել դրանք: Հիշո՞ւմ ես 90-ականների սկիզբը:

-Էն էլ ոնց. էն ժամանակվա քո ճակատը: Ես երեկ Պաշտպանության նախարար Մնացականյանի հետ գնացի Հաթերք: Առայժմ ձյունը շատ է, կարելի է չանհանգստանալ: Իսկ երբ հալվի, խնդիրներ կծագեն:

-Իսկ ինչպե՞ս ապահովել այնտեղ հուսալի պատնեշ:

-Գնա, տես ու ասա, թե ինչ է հարկավոր անել: Դու այնտեղ բոլոր կածաններն ու թփերը գիտես, տեղի ժողովուրդն էլ սիրում է քեզ: Համոզված եմ, որ դու այնտեղ հայտնվես, նրանք ավելի հանգիստ կզգան իրենց: Թե չէ բոլորը իրենց կանանց ու երեխաներին հանել են, գյուղերում միայն տղամարդիկ են: Ոգևորիր մարդկանց, դու դա կարողանում ես: Ի դեպ, Հաթերք է հասել օգնություն Երևանից, Ծաղիկ Ռուբոյի ջոկատը, երկու հարյուր մարդ: Եթե կարող ես, փոխարինիր նրան, շնորհակալ կլինեմ:

-Կփորձեմ: Բայց իմ մարդիկ հիմա Մարտունիում են: Կգնամ Երևան, կհավաքեմ նոր տղաների:

-Հոյակապ է: Աստծու զորությամբ:

Այնուհետև իրադարձությունները զարգացան ինչպես խճանկարում: Երեք-չորս օր անընդհատ տեղաշարժեր, իրավիճակի փոփոխություն, հանդիպումներ, զրույցներ, վերջապես՝ տեղեկություններ, որոնք միանգամից փոխեցին տագնապով հագեցած այդ իրավիճակը:

Մինչ կուղևորվեի Երևան, այցելեցի Պարգև սրբազանին: Նախ ես ու Ազատ Արշակյանը սարսափելի քաղցած էինք, և երկրորդն ու կարևորը՝ ես կարոտել էի Պարգևին: Ճաշի սեղանի շուրջ ափսոսանք հայտնեցի, թե որքան տղերք են զոհվել:

-Ոչ թե տղերք,- ուղղեց ինձ սրբազանը,- այլ հերոսներ: Որքա՜ն թշնամի են ոչնչացրել նրանք: Այն կողմում մեծ էքսկավատորներով հսկա փոսեր են փորում, որ թաղեն յուրայիններին: Եթե այդ դիերը Բաքու ուղարկեն, նախագահ Ալիևին կհոշոտեն: Ի՞նչ կպատասխանի, եթե հարցնեն, թե ուր են զինվորները: Կասի՝ անհետ կորե՞լ են, թե՞ գերի են ընկել: Իսկ հետո մեկ կամ երկու տարվա մեջ մեկ-մեկ կուղարկեն նրանց ցինկե դագաղների մեջ, իբր զոհվել են սահմանային փոխհրաձգության ժամանակ:

Ճանապարհին մտանք Շուշիի իմ սիրելի Ղազանչեցոց եկեղեցին, մոմ վառեցինք զոհված զինվորների հոգիների հանգստության համար: Զանգեցի Սեյրան Օհանյանին, խնդրեցի, որ որպես Պաշտպանության նախարար՝ կարգադրի ինձ համար կամավորականների նոր ջոկատ հավաքագրել: Սեյրանը խոստացավ՝ ձեր գալուն պես ջոկատը կկազմավորենք: Երեկոյան Երևանում էինք: Ռազմաճակատում լռություն էր տիրում, և ես որոշեցի գիշերել տանը: Իմ գեղեցկուհիները՝ Գայանեն ու Կատերինան, լսելով հայրական ձայնը, արթնացան ու երկար, մանրամասն հարցեր էին տալիս ռազմաճակատի գծի մասին:

Առավոտյան ութին ինձ արդեն սպասում էին տղաներս: Ես նրանց հանձնեցի դեղերի ու սննդամթերքի մի ցանկ երկու հարյուր հոգու համար, հանձնարարեցի այդ ամենը բերել Նուբարաշենի գունդ: Ետևներից կանչեցի՝ ինչքան կարող եք սիգարետ առեք ու կոնֆետ՝ թեյի համար, նաև լապտերների մարտկոցներ: Մտա հարևանիս՝ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանի տուն: Հրանտը սովորաբար քնում էր մինչև ցերեկվա երկուսը, շուտ արթնանալը մղձավանջ էր նրա համար: Խնդրեցի նրան հավաքել դերասանների ու երգիչների խումբ, ցանկալի է՝ ամենահայտնիներին, որ նրանք մի քանի համերգ տան ղարաբաղցիների՝ զինվորների ու բնակիչների համար, քաջալերեն նրանց և լավատեսություն ներշնչեն: Ավելի ուշ կապվելով Հրանտի հետ, լսեցի, որ բոլոր նրանք, ում դիմել է, միանգամից համաձայնել են, երգիչներից ոչ մեկը պայման չի առաջադրել, քմահաճույք չի դրսևորել և մահանա չի բռնել, թե զբաղված է: Ավելին. Հրանտն ասաց, որ իր ամերիկյան ընկերները արդեն հինգ հազար դոլար են ուղարկել, գեշերային դիտարկման սարքեր, հեռադիտակներ, լազերային նշանառուներ, արևային մարտկոցներ, ինչ-ինչ սնունդ ու դեղորայք: «Ինչ անեմ դրանք»,- հարցրեց Հրանտը: «Վերցրեք ձեզ հետ,- ասացի,- կգտնենք ում տանք»:

Նուբարաշենում Ազատ Արշակյանը զեկուցեց, որ մեզ են հատկացվել երկու հարյուր կամավորական Հայաստանի տարբեր շրջաններից: Շնորհակալություն հայտնելով գեներալ Վարդան Ավետիսյանին, որը ղեկավարում էր կամավորական ջոկատների կազմավորումը, և զինկոմ Հենդոյին, ես խնդրեցի նրանց երկու լրացուցիչ ավտոբուս հատկացնել արտիստների համար: «Ո՞ւմ »,- տարակուսած հարցրեց ղեկավարությունը:

-Ուզում եմ Հաթերքում, Մարտակերտում և Մարտունիում համերգներ կազմակերպել, բարձրացնել մարդկանց տրամադրությունը:

-Գերազանց գաղափար է,- Վարդանը տնկեց մեծ մատը:- Կեցցես, Ամարաս, դու միշտ ալիքի վրա ես:

-Լավ կլիներ՝ հարմարավետ ավտոբուսներ լինեին, կոնդիցիոներով. այնուամենայնիվ, մեր աստղերն են:

-Խնդիր չկա, ես նույնիսկ ուղեկցումը կկազմակերպեմ՝ ռազմական ոստիկանությունից, բացի այդ, «Զինուժ» հաղորդաշարի լրագրողներ ու օպերատորներ կլինեն,- ասաց գեներալ Վարդանը:- Թող աշխարհն իմանա, թե ոնց են հայերը կանգնած Ղարաբաղի համար, ու ինչ դուխ ունենք մենք:

Ազատը շարեց մեր ջոկատը: Մարդկանց դեմքերը ուրախ էին, խոհուն, նրանք մարտական տեսք ունեին, բայց տարիքը ճնշող էր: Մինչև երեսուն տարեկան երիտասարդները նրանց մեջ հազիվ մեկ քառորդն էին, մեծ մասը հիսունն անց էին կամ հիսունին մոտ: Ստիպված էի անգթորեն մաղել նրանց՝ շատ թե քիչ լուրջ հիվանդությունների պատրվակով. հիպերտոնիկներ, դիաբետիկներ… Ես բացատրում էի, որ մենք պետք է դիրքեր գրավենք բարձր լեռներում, որտեղ միշտ ձյուն է և սառը թափանցող քամիներ, երբ հանկարծ լսվեց ցածր, բայց հստակ մի ձայն:

-Պարոն գնդապետ, դու, օրինակ, ինֆարկտ ես տարել, շաքարային դիաբետ ունես: Ինչո՞ւ քեզ կարելի է, իսկ ինձ՝ ոչ:

-Որտեղի՞ց քեզ այդ տեղեկությունները, զինվոր,- շփոթված հարցրեց Ազատը:

-Դե, ես աշխատում եմ իրենց կողքի դեղատանը, գնդապետն արդեն ինը տարի է մեզնից դեղ է առնում,- հնչեց ի պատասխան:

«Այ քեզ սյուրպրիզ»,- սրտնեղած մտածեցի ես: Մոտեցա, ճանաչեցի նրան, ձեռք մեկնեցի: Խորամանկը մատ արեց ինձ:

-Ուրեմն այսպես, Սամվել,- ասացի: Հենց հիմա գնա քո դեղատուն, առ այն ամենը, ինչ հարկավոր է մեզ: Իսկ վաղը դերասանների հետ կգաս Հաթերք: Ես քեզ համար տեղ կհատկացնեմ շտաբում, կաշխատես քո մասնագիտությամբ: Ահա քեզ փող:

-Հրամանատար, փո՞ղն ինչու ես տալիս, նրա ինչի՞ն է պետք: Թող դեղատան հաշվին վերցնի,- բացականչեց ինչ-որ մեկը:- Պատերազմը բոլորին է վերաբերում:

-Դադարեցնել,- ընդհատեցի ես նրան,- կպատժեմ: Սա բանակ է, ոչ թե ավազակախումբ:

Քառորդ ժամ անց մեր շարասյունը, որը բաղկացած էր տասներկու ավտոբուսից, ռազմական ոստիկանության ուղեկցությամբ շարժվեց Վարդենիսի ուղղությամբ, որտեղից՝ Քարվաճառ, ապա Հաթերք: Ասել, թե Սևանի ափով ձգվող ճանապարհը վատն էր՝ կնշանակի հաճոյախոսել: Այն սոսկալի էր, անհնար, զզվելի: Այդ վիճակը կարող էր ստեղծվել միայն դիպուկ հրետակոծության արդյունքում: Հեշտ է երևակայել, թե ինչ արագությամբ էինք մենք գնում: Եվ դա որևէ մեկին չէր զարմացնում: Ով չգիտի, որ միջոցները, որ ամեն տարի հատկացվում են ճանապարհների վերանորոգմանն ու բարեկարգմանը, անհատակ կերակրատաշտ է մեր պետության բազմաթիվ աստիճանավորների համար, ամենացածրից մինչև ամենաբարձրը… Հիշեք մեկին, որ դրա համար պատժված լինի: Իզուր մի փորձեք, չեք հիշի:

…Ինձ զանգահարեց անկախ Հայաստանի առաջին արտգործնախարարը, կարելի է ասել՝ գլխավոր ընդդիմադիր քաղաքական գործիչներից մեկը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը և ասաց, որ հասել է մեր շարասյանը և գալիս է մեր ետևից: Ես նրան առաջարկեցի տեղափոխվել մեր ավտոբուս: Րաֆֆին նախօրեին երեկոյան ինձ խնդրել էր հետս տանեմ ռազմաճակատ: Վստահ եմ, ասաց, ինձ չես մերժի և ոչ մի պարագայում չես խաբի: Բնականաբար, նրան, անուղղելի ընդդիմադրին, պաշտոնյաներն ու պետական այրերն առանձնապես չէին սիրում, թեև նա Ազգային ժողովի պատգամավոր էր: Րաֆֆիի հետ մենք ծանոթ էինք անկախության առաջին օրերից: Երբ ինձ բուժում էին Նյու Յորքում, նա կանոնավոր այցելում էր ինձ հիվանդանոցում:

Մի պահ մեր շարասյունն ինձ թվաց ինչ-որ հայկական տապան, որտեղ ներկայացված էին խայտաբղետ ազգի բոլոր շերտերը: Նրա մեջ գնում էին տեղացիներ, հայեր ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Ավստրալիայից, Սիրիայից, Լիբանանից, Վրաստանից, քաղաքական գործիչներ, գործարարներ, դերասաններ, բժիշկներ, լրագրողներ, արհեստավորներ, բանվորներ, գյուղացիներ… Հայրենիքի համար օրհասական ժամին մենք համախմբված գնում էինք այն պաշտպանելու՝ անկախ քաղաքական հայացքներից, բանկային հաշվի չափից, առողջական վիճակից՝ մոռանալով անարդարության ու կոռուպցիայի մասին, որ քայքայում էին երկիրը: Վերջին նստարանին կիթառ էին նվագում: Երգում էր հանրահայտ հիթերի հեղինակ Քրիստ Մանարյանը: Ավտոբուսը ձայնակցեց նրան, և բոլորի տրամադրությունը նկատելիորեն բարձրացավ: Փոխարենը ինձ սարսափը պատեց այն մտքից, որ իմ ջոկատից շատերը վառոդի հոտ չէին առել ու երբևէ ավտոմատ չէին բռնել: Երբ հասանք Քարվաճառ, ռազմական փորձ ունեցողներին բաժանվեցին ավտոմատներ, որ մեզ անակնկալի չբերեր հակառակորդի՝ այդ վայրերում շատ հավանական դիվերսիոն խումբը: Սակայն ամեն ինչ բարեհաջող անցավ:

Գիշերվա չորսի կողմերը հասանք Հաթերք: Անձրև էր գալիս, ցուրտ էր: Լույս գրեթե չկար, առանձին տներում վառվում էին նավթավառներ կամ մոմեր: Բոլոր պատուհանները քողարկված էին: Մեզ դիմավորեց «Սասնա ծռեր» ջոկատի հրամանատար Ռուբեն Գևորգյանը: Տղերքը լրջորեն ուրախացան մեզ տեսնելով, ամեն ինչից բացի քանի որ մենք եկել էինք իրենց փոխարինելու: Երբ մեր մարդիկ հաց կերան ու տեղավորվեցին զորանոցում, Ռուբենն ինձ հրավիրեց իր մոտ (նա տուն էր վարձել), կերակրեց, խմեցրեց ու պատմեց, թե ինչ է կատարվում ռազմաճակատի այդ գծում, և ինչ առաջադրանք են իրենք կատարում: Այդ ռազմաճակատը ինչ-որ ժամանակ ինձ ծառայել է որպես հարազատ օջախ, ես գիտեի այստեղ ամեն կածան ու գրեթե բոլոր գյուղացիներին, եթե ոչ անուններով, ապա դեմքերով: Ռուբենի խոսքերը միայն հաստատեցին այն, ինչը ես էլ էի տեսել. որքան վտանգավոր է ծառայել այստեղ ու ինչ անմարդկային պայմաններում են տղաները պաշտպանում ռազմաճակատի գիծը, որը ձգվում է ամբողջ երեսունհինգ կիլոմետր:

Տասն անց երեսուն անձնակազմը շարված էր: Առաջին բանը, որ արեցի, ջոկատը բաժանեցի տասը մասի, և սկսվեցին պարապմունքները նորակոչիկների հետ, որոնք չէին տիրապետում զենքին, իսկ «ծերուկները» վերցրին նրանց շեֆությունը: Երեխաներին հանել էին գյուղից, կանանցից մնացել էին միայն նրանք, որոնց ամուսինները կանգնած էին սարերի հեռու դիրքերում: Սպասելով նրանց, նրանք սովորականի պես տնտեսությունն էին վարում, զբաղվում էին հավերով, անասուններով: Իմ գալու լուրը արագ տարածվեց Հաթերքի կիրճում, նրա չորս տասնյակ գյուղերում: Ու սկսեցին գալ ինձ հետ տեսակցության նրանք, որոնց հետ ավելի քան քսան տարի առաջ մենք կռվել էինք: Այս կողմերում տղամարդիկ աշխատանքի տեղավորվելու երկու տարբերակ ունեն. կամ պայմանագիր կնքել և հագնել զինվորական համազգեստ, կամ «Վալլեքս» գործարանում զբաղվել ոսկու արդյունահանմամբ ու վերամշակմամբ:

Ճիշտն ասած, ես չճանաչեցի Հաթերքի կիրճը: Ոսկի հանողները վերջնականապես ապականել էին բնությունը, երբեմնի ամենաբարեբեր, Ղարաբաղի ամենականաչ շրջանը: Երկրային այդ դրախտի միջուկը Սարսանգի ջրամբարն էր, հսկա ձեռակերտ լիճը, մինչև քսան կիլոմետր երկարությամբ և երեք-չորս կիլոմետր լայնությամբ: Այն ստեղծել էին՝ ամբարտակ կառուցելով Թարթառ գետի դեմ: Այստեղի ՀԷԿ-ը էլեկտրաէներգիայով ապահովում էր ամբողջ Ղարաբաղը: Բայց հիմա ես տեսնում էի չոր դարավանդ: Հսկա ջրավազանից պահպանվել էր չնչին մի մասնիկ, որովհետև թափոնները գործարանը լցնում է հենց ջրամբարի մեջ:

Հայտնի է, որ ոսկու արդյունահանումը կործանարար ազդեցություն է ունենում շրջակա միջավայրի վրա, պարզ ասած, անխղճաբար սպանում է բնությունը: Թունավոր աղբի տոննաները, վերածվելով թունավոր խյուսի, անարգել հոսում են Սարսանգ, որը խմելու ջրի աղբյուր է, կենարար խոնավություն այն ամենի համար, ինչ աճում և ապրում է այստեղ: Ասում են, որ ոսկու հանքերում տեղի են ունենում դժբախտ պատահարներ, բայց դրանց վերաբերյալ ամեն տեղեկություն խնամքով թաքցվում է. Աստված չանի՝ ժողովուրդը ըմբոստանա:

Մի ժամանակ ես գիտեի ոսկի արդյունահանող օպերատոր Վալերի Մեջլումյանին՝ «Վալլեքս գրուպի» ներկայիս գլխավոր տնօրենին, որը կարծես թե պարկեշտ մարդ էր: Բայց նրա հանցավոր արտադրությունը ոչ մեկ անգամ են փորձել փակել, իսկ նրան՝ ենթարկել պատասխանատվության: Այսինքն, նա ինքն իր տերը չէ, մեխանիզմի պտուտակ է, որը գործարկում են պաշտոնյաները և պետական գործիչները: Գործնականում ամբողջ եկամուտը լցվում է նրանց գրպանները, նվազագույն հարկերը դեր չեն խաղում:

Ճաշի ժամից առաջ հայտնվեց փոխգնդապետ Արարատ Քյոխյանը՝ հատուկ գումարտակի հրամանատարը, որը պաշտպանում էր ճակատի այդ՝ ամենից դժվար հատվածը: Մեկուկես ժամվա զրույցից ես հասկացա, որ գործ ունեմ նախկին զինվորի հետ և խնդրեցի շրջել ինձ հետ դիրքերում, որտեղ ծառայություն էին իրականացնում իր տղերքը: Գնացինք նրա «Ուազիկով», երկուսուկես ժամ: Ձյունը գոտկատեղից էր, ճամփա չկար: Մենք սողում էինք, ժամանակ առ ժամանակ ետ գնում մերկասառույցի կամ լպրծուն ցեխի պատճառով: Ոլորապտույտ ճանապարհի ամեն շրջադարձ ձգվում էր զառիթափով: Պատուհանից այդ կիլոմետրանոց անդունդներին նայելը նույնն էր, թե նայես հակառակորդին, որը նշան է բռնել ճակատիդ: Զգացողությունը հաճելիներից չէ, մաշկիդ վրայով մրջյուններ են վազվզում: Պիտի անհապաղ շեղվեի այդ ամենից: Սկսեցի հարցուփորձ անել գումարտակի հրամանատարին, թե ոնց են նրանք այդ անտեր ճանապարհով փոխում դիրքերը, սնունդ և ռազմամթերք հասցնում: Դիրքերից մեկի մոտ փոխգնդապետն ասաց, որ այստեղ մի չորս հարյուր մետր պետք է անցնել ոտքով, ավելի ճիշտ՝ սողալ չորեքթաթ, մեքենա չի գնում, նախ, քանի որ ճանապարհ չկա, և երկրորդ՝ թթվածինը չի հերիքում, երեք հազար մետր բարձրության վրա շարժիչը հանգչում է: Արարատը մնաց դիրքերում, իսկ ինձ ուղեկիցներ հատկացրեց: Մեկ ժամ անց ես նրանց հետ հասա 116-րդ դիրք, որտեղից հրաշալի տեսարան էր բացվում դեպի հզոր Քուռը, որը բաժանում է Ադրբեջանը Ուտիքից՝ պատմական Հայաստանի նահանգից, որի մեծ մասը նույնպես այժմ պատկանում է Ադրբեջանին: Այս պատերազմում մենք կարող էինք ետ նվաճել այն: Բայց մեր ռազմական ղեկավարությունը չկարողացավ դեմ գնալ Կրեմլի կամքին: Այն ժամանակ ես կանգնած էի Խանլարի դարպասների մոտ, Գյանջան մեզնից բաժանում էր մի քանի տասնյակ կիլոմետր…

Դիրքի տղաները՝ տեղացի երիտասարդ պայմանագրայիններ, փայտ գցեցին վառարանը, մի բաժակ օղի լցրին ինձ համար և չորացրին սառնամանիքից փայտացած կոշիկներս: Ես թեյ խնդրեցի, նրանք իրար նայեցին ու ասացին, որ իրենց ջուրը միայն ձնհալից է: Դա ինձ չշփոթեցրեց: Խոսք բացվեց ճանապարհ չունենալու մասին: Պարզվեց, այստեղ ճանապարհ առհասարակ չի եղել: Ամռանը տրակտորով հարթեցնում են, մեկ օր անց դարձյալ փլվում է: Ձմռանը ամեն ինչ ու միշտ շալակով են կրում: Այդ պատճառով էլ այստեղ միայն ձնհալի ջուր են խմում, ուրիշը չկա:

-Էյ, պարոն գնդապետ, արագ վերցրեք ջուրը, ոչ դա…,- տագնապած, իրար հերթ չտալով, գոչեցին զինվորները: Հալվող ջրով թասի հատակին ակնթարթորեն հայտնվեցին ու վխտացին ճկույթի երկարությամբ սպիտակ թելեր:

-Էս ի՞նչ է,- բացականչեցի ես, ի վիճակի չլինելով հաղթահարել զզվանքս:

-Ձյան որդեր,- բացատրեցին ինձ:- Եթե չես հասցնում ակնթարթորեն խմել հալված ջուրը, այն վերածվում է որդերի:

-Այ քեզ բան,- միայն հասցրի արտասանել ես և հանելով ուսիս գցած ավտոմատը, բարձրացրի այն: Հանկարծ ավտոմատը զնգաց: Պարզվեց, որ դա տեղի է ունենում օդի դրական լիցքերից, որոնք կուտակվում են վերևում: Իսկ զենքը, ընդհակառակը, ունի բացասական լիցքեր:

-Պարոն գնդապետ, թույլ տվեք ձեր ավտոմատը դուրս բերել, այստեղ անվտանգ չէ:

-Ինչո՞ւ,- չէի դադարում զարմանալ ես:

-Երեկոյան կողմ բաց դռան մոտ երբեմն գնդաձև կայծակ է անցնում: Ում ձեռքին մետաղական առարկա կա, տեղում կսպանի: Դրա համար էլ մեզ արգելված է զենքով մտնել ներս:

-Իսկ եթե հանկարծ թուրքերը…

-Դիրքի շուրջբոլորը ականապատված է, համ էլ երեք ժամապահ կա…

Ես լուռ հանձնեցի զենքը: «Ոսկի տղերք են»,- մտածեցի: Իմ զենքը տանող զինվորը հայտնվեց դռների մեջ մի խտիտ փայտով: Նրա գլխավերևով շինության մեջ թռավ կայծակը, կտրուկ լուսավորելով կիսամութը: Միայն այդ ժամանակ ես նկատեցի, որ այստեղ մի քսան հոգի կա, նրանցից շատերը քնել էին հեռավոր անկյունում: «Կռացի՛ր, կռացի՛ր»,- գոռացին ինձ, ինչ-որ մեկը տապալեց ինձ գետնին ու ընկավ ինձ վրա: Մյուսները ինչ պատահեր՝ կոշիկ, փայտի կտոր, նետում էին դեպի դուռը, փորձելով այն ավելի լայն բացել: Պտտվելով սենյակում ու քսվելով պատերին, կայծակն, այնուամենայնիվ, դուրս թռավ դռան արանքից: Հրա՜շք:

Ձեռքս բռնած՝ ուղեկցողներս օգնեցին ինձ իջնել ձյունապատ կածանով: Ճանապարհը չիմանալով՝ հեշտ կլիներ ընկնել թշնամու որջը: Քայլ առ քայլ, սայթաքելով ու ընկնելով, ինձ հասցրին մեքենայի մոտ, որտեղ սպասում էր գումարտակի հրամանատարը: Երկուսս էլ լուռ էինք. իմաստ չուներ հարցնել, թե ինչու է այդքան անմխիթար վիճակում Ղարաբաղի պաշտպանության բանակի՝ այդ օրերին կարծես թե ամենագլխավոր դիրքը: Հաթերքում ես փակվեցի ինձ հատկացված սենյակում, խմեցի դեղերս և քնեցի սպանվածի պես:

Նախաճաշին ես չկամությամբ հարցրի Արարատին.

-Ինչքա՞ն ժամանակ ես ծառայում այստեղ, Արո:

Ես չգիտեի ինչ ասել նրան՝ լսելով պատասխանը: Հանցանք կլիներ դիտողություններ անել մի տեղամասի մասին, որտեղ քո զինվորները քնում-զարթնում են գնդաձև կայծակների ընկերակցությամբ և խմում ջուր, վրայից ուտելով ձյան որդեր:

-Հինգ օր, պարոն Ալեքսանյան,- անտարբեր պատասխանեց հրամանատարը:- Ես հասկանում են ձեր վրդովմունքը: Ընդունելով այս դիրքերը, ես նույնն եմ զգացել: Չգիտեմ՝ ոնց սարքեմ այդ ճամփան: Այնտեղ ուղղակի սարքելու բան չկա:

-Իսկ դու չե՞ս հարցրել նախկին հրամանատարին, թե ոնց էր հաջողացնում ծառայել այստեղ: Դու զեկուցե՞լ ես քո նախարարին, նախագահին, չոռ ու ցավին, սատանային:

-Չորս օր առաջ Արցախի նախագահը եկավ այստեղ, խոստացավ ինձ հատկացնել նոր տրակտոր և շտապօգնության մեքենա:

Կարո՞ղ էի որևէ պահանջ ներկայացնել Արարատին:

Շտաբում խորհրդակցության ժամանակ փոխգնդապետը մատնանշեց հիմնական խնդիրները: Ես հատկացրի նրան հարյուր մարդ, որպեսզի ստեղծի երկրորդ պաշտպանական գիծը: Առանց դրան մենք մեծ ռիսկի առաջ կլինեինք: Եթե մեր պաշտպանությունը ճեղքեր, հակառակորդը հեշտությամբ կմտներ Հաթերքի կիրճ՝ իր բազմաթիվ գյուղերով: Չէին հերիքում տախտակներ, գործիքներ, մեխեր, թաթմաններ: Գյուղի խանութից ես առա այն ամենը, ինչ այնտեղ կար և գյուղխորհրդի նախագահին հանձնարարեցի մինչև օրվա վերջ պատրաստել բահի, քլունգի և կացնի ութսուն կոթ: Երկու խումբ ուղարկեցի դիրքեր, երկուսը՝ խրամատ փորելու, ևս երկուսին սպասվում էին պարապմունքներ:

Ճաշից հետո տեղ հասան արտիստները: Տասնհինգ րոպեից ամբողջ Ղարաբաղից զանգերի տեղատարափ էր. ժամը յոթից շուտ համերգը չսկսեք: Սահմանված ժամին ակումբն ու բակը ողողվել էին հանդիսատեսով: Համերգը փայլուն անցավ: Արտիստները երգեցին, պարեցին և ուրախացրին ժողովրդին, մինչև որ մարդիկ հոգնեցին ծափահարելուց: Համերգը տևեց չորս ժամ, մեկուկես ժամ էլ գյուղացիներն ու զինվորներն էին լուսանկարվում արտիստների հետ: Նրանց ուղարկելով Երևան, զինպատրաստության գծով իմ տեղակալ գնդապետ Ալիկ Մինասյանի հետ որոշեցինք անցնել զորանոցներով: Մանր անձրև էր մաղում: Գիշերվա մոտավորապես երկուսին հեռախոսը զնգաց: Արարատը զեկուցեց, որ հակառակորդի դիվերսիոն խումբը փորձել է ճեղքել 115-րդ տեղամասի դիրքերը, կան վիրավորներ և մեկ զոհ: «Հասկացա, Արո ջան, հրաման տուր մոտեցնել մեքենան զորանոցին»: Ես հեռախոսով հերթապահին մարտական տագնապ հայտարարեցի: Մենք Ալիկի հետ վազեցինք ու երեք րոպեից արդեն տեղում էինք: Անձնակազմը հագնվեց թեկուզ դանդաղ, բայց առույգ: Նորելուկ մարտիկները սրամտում էին, թե իրենց բերել ենք առողջարան, ոչ թե պատերազմ: Կռռացին: Տասը րոպեից «Ուրալները» առաջինի տակ սողում էին սարն ի վեր: Վարորդները լավ գիտեին իրենց գործը, բայց դրանից ճանապարհի անցանելիությունը չէր ավելանում: Շարժիչները գվվում էին, կուտակված գազերը անընդհատ պայթում ճիշտ և ճիշտ ականների պես: Մեր տղերքը առաջվա պես առույգ էին: Այո, ջոկատից ոչ բոլորն էին վառոդի հոտ առել, բայց քիչ չէին նաև փորձառու զինվորները, իսկական պրոֆեսիոնալները. հենց նրանք էլ եղանակ էին ստեղծում: Բացի այդ, դիվերսանտների հետ կռվում էին տեղացի հմուտ տղաները, մեզնից պահանջվում էր օգնել նրանց:

Տեղ չհասած՝ ես կանգնեցրի շարասյունը: Մնացածը գնացինք ոտքով: Մեզ դիմավորեց 112-րդ դիրքի հրամանատար կապիտան Հայկը և բացատրեց մեր խնդիրը. պահել իր տղաների թիկունքը՝ դուրս բերել վիրավորներին ու զոհերին և թևերից գրոհել թշնամուն օգնության եկող ուժերին: Կապիտանը վստահ ղեկավարում էր մարտը և հանդարտություն էր ներշնչում իմ տղաներին: Մեկ րոպեից նրանք փոթորկալից կրակ բացեցին, և թուրքերը, զգալով, որ ինչ-որ բան այն չէ, շտապ նահանջեցին: Ոգևորված կապիտանը հրամայեց փակել նրանց ճանապարհը, շրջապատել ու գերի վերցնել: Ես ռացիայով նրան խորհուրդ տվեցի նախ կտրել մեր հատվածը ականանետային կրակով, խուսափելով նոր զոհերից: Եթերին միացավ գումարտակի հրամանատար Արո Քյոխյանը և կրկնեց իմ խորհուրդը արդեն որպես հրաման: Ես ունեի երկրորդ ռացիան, որը միացված էր հակառակորդի հաճախականությանը և լսեցի, թե ինչպես են ադրբեջանցիները խնդրում նոր համալրում: Ի պատասխան՝ նրանց վրա լուտանքներ թափվեցին. դուք դիվերսիոն-հետախուզական խումբ եք, բայց կռվում եք ինչպես հետևակ, ձախողում եք առաջադրանքը, մեղքը ձեր վիզը, կկանգնեք տրիբունալի առաջ: Սպառնալիքը, որ հնչեց եթերում, ինձ լավ միտք հուշեց: Ես խցկվեցի խոսակցության մեջ և բացահայտելով ինձ, ադրբեջանցիներին առաջարկեցի հանձնվել. այդ դեպքում մենք երաշխավորում ենք նրանց կյանքը: Անձամբ իմ անունից խոստացա անել ամեն ինչ, որ նրանց Կարմիր խաչի միջոցով ուղարկենք չեզոք երկրներ՝ որպես քաղաքական փախստականներ: Կարճ հապաղումից հետո ես լսեցի. «Այ դու շան որդի Ամարաս, դու դեռ ո՞ղջ ես: Միևնույն է, մենք կբռնենք քեզ ու կտոր-կտոր կանենք: Մամեդ, Սամեդ, Թոֆիկ, չհավատաք նրան, դա մեր ոխերիմ թշնամին է: Եթե հանձնվեք, նա ձեզ կգնդակահարի»:

Ես կրկնեցի իմ առաջարկությունը և, հաստատելով այն, խնդրեցի գումարտակի հրամանատարին դադարեցնել ականանետային կրակը և հակագրոհը: Մեկ րոպեից լռություն տիրեց: «Որտե՞ղ է երաշխիքը, որ մեզ չեն սպանի»,- հարցրեց ադրբեջանցիներից մեկը: Ես ասացի, որ ինձ մոտ է գտնվում Կարմիր խաչի ներկայացուցիչը Ֆրանսիայից, որին էլ փոխանցեցի ռացիան: Մեր շարքերում կար լրագրող Մարսելից, ես երկու բառով բացատրեցի, թե ինչ է հարկավոր ասել ֆրանսերեն, նա ասաց: Դա չէր կարող արդյունք չտալ: Էական չէ, որ ադրբեջանցիներից ոչ ոք, առավել ևս՝ առավոտյան հինգին, չէր հասկանում օտար լեզուն: Դժոխքից հետո, որ թշնամու զինվորները զգացել էին Մռավի լեռնանցքում, բանտի և հայրենիքում խայտառակվելու փոխարեն Ֆրանսիա հրավեր ստանալը հրաշալի էր թվում: «Էյ, Թոֆիկ, Մամեդ, մտքներովդ չանցնի հավատալ Ամարասին, նա հանրահայտ խաբեբա է, եթե հավատաք նրան, հրաժեշտ կտաք ձեր կյանքին»: Եթերում դարձյալ հնչեց ֆրանսերեն խոսք: Նայում եմ հեռադիտակով ու տեսնում. հակառակորդը թափահարում է սպիտակ դրոշակ: Մեկ րոպեից, մի կողմ նետելով զենքը, դիվերսանտները, ձեռքերը բարձրացրած, ցած վազեցին դեպի մեր դիրքերը: Նրանք ութն էին: Երբ ես հասա բլինդաժ, գումարտակի հրամանատար Արոն արդեն ուրախ-ուրախ հարցաքննում էր գերիներին: Ես ադրբեջաներեն բարևեցի նրանց, ի պատասխան՝ նրանք ոտքի ելան: Ես ու գումարտակի հրամանատարը գրկախառնվեցինք: Ես գովեցի գերիներին տղամարդկային քայլի համար:

-Իսկ որտե՞ղ է Կարմիր խաչի ներկայացուցիչը, որ խոսում էր մեզ հետ, ընկեր Ամարաս,- հարցրեց նրանցից մեկը:

-Որտեղի՞ց գիտես ինձ:

-Ձայնից ճանաչեցի: Համ էլ հագել եք նատօ-ական համազգեստ, այն գեղեցիկ է:

-Դու կարծես թե խելամիտ ես: Բա ո՞նց չհասկացար, որ Կարմիր խաչի ներկայացուցիչները չեն մասնակցում մարտական գործողություններին: Ես ստեցի, որ պաշտպանեմ ձեր կյանքը, պա՞րզ է:

-Պարզ է,- ցածր ձայնով պատասխանեց մեկը:- Ուրեմն դուք մեզ խաբել եք…

-Ես չեմ խաբել ձեզ: Ինչպես ասել եմ, այդպես էլ կլինի: Անպայման կհետևեմ, որ ձեզ բոլորիդ հանձնեն Կարմիր խաչին, և դուք իրավունք ստանաք ընտրել ձեր ապրելու երկիրը:

Արդեն լուսանում էր: Ես զանգահարեցի Ազատ Արշակյանին և իմացա, որ իրենց դիրքի մոտ երկուսին սպանել են, վեցին՝ վիրավորել: Ադրբեջանցիները տվել են մեկուկես տասնյակ զոհ, կան նաև վիրավորներ: Վիրավորներին՝ և՛ մեր, և՛ ադրբեջանցիների, ուղարկում են հոսպիտալ: Ես խնդրեցի վիրավորներին ապահովել պահակախմբով, որ բորբոքված ամբոխը հանկարծ պատառ-պատառ չանի գերիներին: Քիչ անց զանգահարեցի Սեյրան Օհանյանին: Ուշացումով շնորհավորեց ծննդյանս օրը, շնորհակալություն հայտնեց իմ կամավոր բիձուկներին, գովեց «դիվանագիտությունս», որի շնորհիվ մեր տղերքից շատերի կյանքը վտանգի չենթարկվեց, իր բառերով՝ «դե, էդ տականքներինը նույնպես»:

-Իսկ դու գիտե՞ս էդ ովքեր են,- հարցրեց Սեյրանը և, չսպասելով պատասխանի, ասաց:- Ադրբեջանցիներ չեն, թալիշներ են: Նրանց հարկադրում են ծառայել բանակում, մասնակցել պատերազմին, որը պետք չէ նրանց, ընդ որում, տալիս են ամենավտանգավոր հանձնարարությունները, ինչպես դիվերսիան, հետախուզությունը կամ հակագրոհները:

- Այ, դա ես չգիտեի:

-Համ էլ՝ շնորհակալություն քեզ համերգի համար: Շատ լավ միտք էր: Մեզ մոտ ոչ բոլորն էին հավատում դրան: Դու ճիշտ դուրս եկար: Այսօր բոլոր թերթերն ու ինտերնետը այդ համերգի մասին են գրում: Հիմա ասա, դու և քո տղերքը ունե՞ք որևէ բանի կարիք:

-Ունենք, պարոն նախարար: Մեզ շտապ հարկավոր է «Կամացու» բուլդոզեր: Լեռնային դիրքերում ճանապարհ չկա, վիճակն աղետալի է, փորձենք ինչ-որ բան անել:

-Այնտեղ երկու տրակտոր կար, ո՞ւր են:

-Արդեն մի տարի է՝ չեն աշխատում:

-Բա պահեստամասերն ու դիզվառելիքը կանոնավոր դուրս են գրում:- Սեյրանը հայհոյեց:

-Այդ հարցերը ինձ չպիտի տրվեն, պարոն նախարար, նույնիսկ ոչ էլ գումարտակի հրամանատարին, որին նոր են նշանակել:

-Լա՞վն է:

-Հոյակապ: Վստահում եմ ինչպես ինձ: Դու «Կամացուն» չե՞ս մոռանա, խոստանո՞ւմ ես:

-Խոստանում եմ: Հենց այսօր կուղարկեմ:

Երեկոյան, ինչպես և խոստացվել էր, բուլդոզերը քարշակով հասցրին Հաթերք: Բոլորն ուրախացան և ուրախությունից պաչպչեցին վարորդին: Գումարտակի հրամանատարը չէր էլ հավատում, որ դա հնարավոր է: Ի նշանավորումն զարմանալի իրադարձության՝ մենք նույնիսկ մի-մի բաժակ թթի օղի խմեցինք: Ես հարցրի՝ ինչ-որ բան իմացա՞վ գերիներից, ինչպե՞ս վարվեցին նրանց հետ:

-Պատմեցին, թե ինչ ուժեր կան նրանց մոտ: Նոր նշանակումների մասին ասացին, գնած սպառազինության: Ըստ էության, ոչ մի նոր բան, այդ ամենը մենք գիտեինք: Չգիտեինք միայն նոր հրամանատարների անունները: Բայց ինչ-որ հարցում նրանք մեզ լուսավորեցին: Օրինակ, ինչ արժե վաշտի, գումարտակի հրամանատարի պաշտոնը, զինվորական կոչումները, մեդալները:

-Իմիջիայլոց. գերիների մասին: Այսօր ես խոսել եմ պաշտպանության նախարարի հետ: Խնդրեցի նրանց հետ մարդասիրաբար վարվել, նրանց բախտը կապել Կարմիր խաչի ու ԵԱՀԿ-ի հետ: Դու տեղյա՞կ ես, որ նրանք թալիշներ են:

Գումարտակի հրամանատարը հաստատական գլխով արեց, բայց կասկած հայտնեց, որ իմ միջնորդությունը կմեղմի նրանց վիճակը:

-Ես գիտեմ, պարոն Ալեքսանյան, դուք դա անկեղծորեն ուզում եք, բայց նրանք կռվել են մեր դեմ և պետք է կրեն իրենց պատիժը: Օրենքն օրենք է:

Ես ակամա համաձայնեցի:

Առավոտյան ճապոնական բուլդոզերը վերանորոգող բանվորների հետ բարձրացավ վեր, դեպի 116-րդ դիրք: Երբ ես ինքս հայտնվեցի այնտեղ, ի ուրախություն ինձ՝ «Կամացուն» այնտեղ ամբողջ ուժով դռռում էր, աջուձախ ցփնելով ձյունն ու ցեխը: Տեսնելով ինձ, տրակտորիստը կանգնեց: Բողոքեց, նախ, որ շարժիչը լավ չի աշխատում թթվածնի պակասի պատճառով, երկրորդ՝ կրակում են, և երրորդ՝ ինքը գրեթե չի քնել, քանի որ բլինդաժում ցուրտ է եղել: Դա ինձ դուր չեկավ:

-Մենք դրա համար էլ հարթեցնում ենք ճանապարհը, որ կարգավորենք մատակարարումը և բարելավենք զինվորների կենցաղային պայմանները: Ի՞նչ ես նվնվում:

-Ես վախենում եմ…

-Դու այլ տարբերակ չունես, հասկացիր: Դու պետք է վերջացնես թեկուզ էս փոքրիկ տեղամասը, որ «Ուրալը» այստեղ հասնի:

-Ես ամեն ինչ հասկանում եմ, բայց վախենում եմ: Բարձրությունից նույնիսկ գլուխս է պտտվում:

-Անունդ ի՞նչ է,- հարցրի ես, թեև գիտեի:

-Քաջիկ…

-Համա թե քաջ ես հա… Լավ, առայժմ աշխատիր, իսկ ես կգտնեմ ինչ-որ մեկին, որ փոխարինի քեզ: Պայմանավորվեցի՞նք:- Ես նստեցի մեքենան ու իջա շտաբ: Ուժեղ անձրև էր գալիս, և սառը-թափանցող քամի էր փչում: Բարձր լեռներում համարյա միշտ կամ ձյուն է, կամ անձրև, կամ կարկուտ, կամ ամպրոպ՝ կայծակով, քամին էլ նվեր: Կենդանի էակներից այստեղ կարելի է տեսնել միայն արծիվ ու մարդ, ուրիշ ոչ մեկի: Մարդ ու արծիվ՝ հետաքրքիր հարևանություն է: Անգամ, թերևս, խորհրդանշական, թեև դժվար է գլխի ընկնել, թե ինչ կարող է խորհրդանշել այդպիսի հարևանությունը:

Շտաբում ես զգացի, թե որքան հոգնած եմ: Եվ որոշեցի առավոտյան ոչ մի տեղ չգնալ, այլ աշխատել ռացիայով ու հեռախոսով: Ինձ հաղորդեցին, որ «Կամացուն» հազիվ է աշխատում, և տրակտորիստը անընդհատ փնթփնթում է ու բողոքում դժբախտ ճակատագրից: Ես զանգահարեցի նրան, փորձեցի քաջալերել, բայց ապարդյուն: Դա հասկացա, երբ օրվա վերջում զանգահարեցին ինձ ու ասացին, որ բուլդոզերը գլորվել է զառիթափից, փառք Աստծո, տրակտորիստը հասցրել է դուրս ցատկել ու ողջ է մնացել: Որոշ ժամանակ անց ես ու գումարտակի հրամանատարը ականատես եղանք ճնշող տեսարանի: «Կամացուն» ընկած էր կողքի, ճանապարհից մի երկու հարյուր մետր ներքև: Ես անտանելի ամաչեցի: Տրակտորիստին ես պիտի փոխեի, չփոխեցի, ու հիմա բուլդոզերը գլորվել էր զառիթափով, և հայտնի չէ՝ հնարավո՞ր կլինի այն դուրս քաշել, շա՞տ է վնասվել արդյոք: Առավոտից սկսվեցին հեռախոսազանգեր, փորձեր՝ փող ճարելու: Լեռնային դիրք տանող ճանապարհը մենք չսարքեցինք, մինչդեռ նման ճանապարհներ պետք են, շատ կարևոր է սարքել մի քանիսը: Սեյրան Օհանյանը հանգստացրեց ինձ, ասաց, նման վթարներ էլի են եղել: Խոստացավ քարշակներ ուղարկել, դուրս քաշել բուլդոզերը, հետո պարզ կլինի: Դեպի երկինք մեզ համար ճանապարհ կառուցելու փողեր նախարարի տրամադրության տակ չկային: Փողի փնտրտուքը շարունակվեց արդեն Երևանում: Հարևան Հրանտ Թոխատյանը խորհուրդ տվեց դիմել մեր ընդհանուր ծանոթին՝ «Ռոսգոսստրախ Արմենիայի» տնօրենին: «Այսպես թե այնպես՝ հարուստ կազմակերպություն է»: «Կարծում ես՝ կօգնի՞»: «Կարծում եմ՝ հա»: Եվ տնօրենը, նրա անունը Գագիկ է, օգնեց:

Փնտրտուքները շարունակվեցին: Նույնիսկ դժվար է ասել, թե քանի հոգի օգնեցին ինձ: Չեմ պատմի, թե ինչ ճանապարհով և ումից մենք փող ճարեցինք, կարևորն այն է, որ ճարեցինք: Ես նախնական պայմանավորվածություն ունեի մոլոկանների բրիգադի հետ, հրաշալի, շատ բարեխիղճ վարպետներ էին: Հանդիպեցի մոլոկան Միշային, հավելավճար տվեցի: Մեկ օր անց շինարար մոլոկանները սկսեցին գործը: Տասնհինգ օրից մինչև գլխավոր՝ 116-րդ դիրք ճանապարհն ամբողջությամբ պատրաստ էր: Շուտով այնտեղ հայտնվեց բաղնիք, ճաշարան, ջրի մեծ ցիստեռն, և զինվորներն սկսեցին ապրել մարդավարի: Լուրը, որ 116-րդ դիրք կարող են հասնել ոչ միայն ամենագնաց «Ուրալը», այլև «Կամազն» ու «Զիլը», թևածեց ամբողջ Մարտակերտի շրջանում: Մեզ մոտ հյուր եկավ անգամ շրջանի ղեկավար, պահեստի գեներալ Վլադիկ Խաչատրյանը: Գումարտակի հրամանատար Արարատը շատ խնդրեց շարունակել աշխատանքը և կառուցել նաև մյուս դիրքեր տանող ճանապարհները: Ու դարձյալ՝ փող, փող: Մոլոկան Միշան մտավ մեր դրության մեջ: Նրա բրիգադը ճանապարհներ էր կառուցում, և մենք վճարում էինք գրաֆիկով, մաս-մաս: Միաժամանակ մեր ջոկատը ստեղծեց անհրաժեշտ ինժեներական կառույցներ ու փորեց խրամատներ երկրորդ ու երրորդ պաշտպանական սահմանագծերում: Իսկ մայիսի վերջին պաշտպանության նախարարը հրաման ստորագրեց կամավորական ջոկատները արձակելու վերաբերյալ: Մենք վերադարձանք Հայաստան: Քառօրյա պատերազմը վերջնականապես ավարտվել էր: Եվս տասն օր անց ես խնդրեցի մեր ջոկատի անդամ Վազգեն Ասատրյանին, որը երաժիշտ է և Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի տնօրենը, վարձակալությամբ մեզ տրամադրել դահլիճը: Ջոկատի բոլոր կամավորականներին պարգևատրեցինք ու նվերներ հանձնեցինք և նրանց պատվին կազմակերպեցինք ճոխ համերգ:

--

--