Առաջին կայծը

Artur Aleksanyan
Կյանքի Իրավունք
8 min readDec 5, 2019

Արկադի Կարապետյանի հետ ծանոթացա 1987-ի ամռանը: Նա առաջարկեց անդամագրվել ընդհատակյա կազմակերպությանը: Ես համաձայնեցի: Արտաքուստ դա թվում է աբսուրդ: Հանգիստ ապրում էիր, ունեիր մասնագիտություն, զբաղվում էիր քո գործով, հուսալի աշխատավարձ, մտերիմներիդ հանդեպ պարտավորություններ, փոքրահասակ երեխաներ: Բայց ծավալելով գաղտնի գործունեություն, անմիջապես կյանքդ դնում ես հարվածի տակ: Ընդհատակյա գործունեությամբ զբաղվելը Խորհրդային Միությունում նշանակում էր, որ ցանկացած պահի կարող են քեզ ձերբակալել և կողպել ճաղերի ետևում: Այնուամենայնիվ ես և Ղարաբաղյան շարժումը սկսածների ճնշող մեծամասնությունը գիտակցում էինք, թե ինչ ենք անում: Հասկանում էինք, թե ինչ ռիսկ ենք անում, բայց, այսուհանդերձ, սկսեցինք: Որոշումներն ընդունում էի արագ, առանց երկմտանքի: Հոգեբանորեն ես վաղուց էի պատրաստ դրան: Ղարաբաղի հայերը հոգնել էին երկրորդ կարգի ազգ լինելուց և ամեն օր ենթարկվողի դերում զգալ: Մենք ապրում էինք մեր հողի վրա, այստեղ ապրել ու մահացել էին մեր նախնիները, ինչի տեսանելի վկայությունն էին հարյուրամյա եկեղեցիները, որոնց պատերը նախշված էին հայերեն գրերով: Հնագույն գերեզմանոցներում հայկական շիրմաքարեր էին, այլ ոչ թե մուսուլմանական: Բայց մեզ համառորեն ասում էին, թե այս հողը երբեք մերը չի եղել, թե նրա տերը ուրիշ ազգ է: Մենք պարտավոր էինք հաշիվ տալ այդ ուրիշին, թե ինչ ու որքան ցանեցինք, ինչ տներ կառուցեցինք, ինչ գրքեր կարդացինք և ինչ երգեր երգեցինք: Դժգոհությունը կուտակվել էր տասնամյակներ շարունակ, և հենց որ կապանքները փոքր-ինչ թուլացան, այդ կուտակումը պարզորոշ երևաց:

Արկադին ինձ զգուշացրել էր, որ հարկավոր է զգույշ գործել, քանի որ ՊԱԿ-ն ու միլիցիան հետևում էին մեզ: Հետո նա ծանոթացրեց ինձ ընդհատակյա խմբի անդամերի հետ, և ես ակտիվորեն միացա Ղարաբաղի բոլոր շրջաններում անցկացվող ստորագրահավաքին: Բաժանվելով մի քանի խմբերի, մենք գյուղից գյուղ էինք անցնում, սրտաբաց զրուցում գյուղացիների հետ, բացատրում, թե ինչ ենք ուզում:

Ինչ վտանգավոր բան կար դրանում, կհարցնեն երիտասարդները. ընդհատակյա խմբեր, գաղտնապահություն, պատժիչ օրգանների հետապնդում… Իսկ ի՞նչ էր պատահել: Դուք ուզում էիք դիմել իշխանություններին: Մի՞թե դա արգելված էր: Դուք ստորագրություններ էիք հավաքում: Դրա մեջ ի՞նչ քրեական բան կար: Ո՞վ էր հետապնդում ձեզ և ի՞նչ հիմքով, ի՞նչ օրենք էիք դուք խախտել:

Կարելի է շարունակել այս հարցերը, բայց իմաստ չունի: Այս բազմազան հարցերի ամբողջ շարքի պատասխանը մեկն է. մենք օրենք չենք խախտել, ու ոչ էլ որևէ մեկին հետաքրքրում էր՝ կխախտեի՞նք, թե՞ չէինք խախտի օրենքները: Խորհրդային Միության օրենսդրությունը վատը չէր, այն նախատեսում էր խոսքի և մամուլի ազատություն, դեմոկրատական ընտրություններ, ազատ դատարան: Բայց հետապնդում էին ոչ թե նրանց, ովքեր ոտնահարում էին օրենսդրությունը, այլ նրանց, ովքեր կոչ էին անում պահպանել այն: Մենք ուզում էինք հասնել նրան, որ իշխանության պաշտոնական մարմինը՝ երկրի կամ հանրապետության Գերագույն խորհուրդը, կամ, սկզբում՝ գոնե մարզխորհուրդը քննարկեր մեր հարցը, թե ում պիտի պատկանի Արցախը: Հենց դրա համար էլ մեզ հետապնդում էին: Օբյեկտիվ, համակողմանի և հրապարակային քննարկումը անմիջապես ցույց կտար կոնֆլիկտային իրավիճակից արդարացի ելքը, իսկ արդարացի ելքը կփլեր հսկայական համակարգը, որի վրա կառուցված էր պետությունը:

Ես ստեղծել էի ստորագրահավաքի իմ խումբը: Այդ խմբում էին Վլադիմիր Արզումանյանը, Աբրահամ Հարությունյանը, Գեորգի Բախշյանը, Վալերա Մովսիսյանը և իմ բոլոր եղբայրները՝ Ալիկը, Արամը, Անաստասը և Հրայրը: Շուտով մենք փողի պակաս զգացինք, քանի որ ուղևորությունները մշտական ծախսեր էին պահանջում: Ամեն օր պետք էր մոտ 50 լիտր բենզին, տրանսպորտ, ուտելիքի ու գիշերակացի ծախսեր: Ես վերսկսեցի շաբաթ-կիրակի հարսանիքներում նվագելը, որ ինչ-որ կերպ կարողանայի ապահովել շարժման բյուջեն:

Ակտիվորեն ներգրավվելով ստորագրահավաքին, ես սկսեցի քիչ ուշադրություն դարձնել հիմնական աշխատանքիս: Դա երկար շարունակվել չէր կարող: Շուտով նվագախմբի ղեկավար Կիմ Առաքելյանը ինձ կանգնեցրեց ընտրության առջև. կամ աշխատանք, կամ հեղափոխություն: Ինքս ինձ սրտապնդելով՝ ես հրաժեշտ տվեցի սիրած գործիս և խաչ քաշելով երաժշտության վրա, անմնացորդ նվիրվեցի ազգային-ազատագրական շարժմանը: Այն ամենը, ինչ մեր աչքի առջև և մեր մասնակցությամբ ծնվում էր Ղարաբաղում, ամենաիսկական ազատագրական շարժում էր:

Արդեն դրա վաղ փուլում մեր առջև խոչընդոտներ ծագեցին: Նախ վախ կար: Մարդիկ համամիտ էին մեզ հետ՝ մեր մտադրություններին ծանոթանալով. մեր նպատակները նրանց սրտով էին, բայց վախենում էին բացահայտ ստորագրել: ՊԱԿ-ը այն ժամանակ դեռ հզոր կառույց էր և այդ անուն արդեն վախեցնում էր ժողովրդին: ԿԳԲ-ականները անընդհատ կանգնեցնում էին մեզ ու հետևում ամենուր: Բռնություն դեռևս չէին կիրառում, սահմանափակվում էին պրոֆիլակտիկ զրույցներով ու հորդորներով: Այո, սպառնում էին նստեցնել, բայց չէին նստեցնում: Իրավիճակը երկրում փոխվում էր, դա գիտակցում էին ոչ միայն մեծ քաղաքներում, այլև սկսում էին հասկանալ նաև խուլ գավառներում: Սարսափը հեռանում էր, հասարակ մարդիկ հանկարծ վերագտնում էին սեփական արժանապատվության զգացումը: 1987-ի վերջերին մեր դիմումն ստորագրել ցանկացողներն այնքան շատ էին, որ ամենազոր պատժիչ կառույցը ՊԱԿ-ը, լռեց ու այլևս չհամարձակվեց սպառնալ մեզ:

Զանազան մարդիկ իրենց ստորագրությունն էին դնում հաճույքով ու մեծ բավականությամբ: Զգացվում էր, որ նրանք առաջնորդվում են ոչ թե ամբոխային բնազդով (ինչպես բոլորը, այնպես էլ ես), այլ վեհ մղումով՝ արտահայտել իր անձնական, կշռադատված կարծիքը: Տեսնելով դա, մենք թեթևացած շունչ էինք քաշում. քանի որ ժողովուրդը մեզ աջակցում է, ուրեմն մենք ճիշտ ուղի ենք ընտրել: Առաջին հաղթանակը իմ և ընկերներիս մեջ այն զգացումը ծնեց, որ շուտով տեղի է ունենալու ճակատագրական մի բան: Եվ ինձ բախտ էր վիճակվել գտնվել այդ պատմական իրադարձությունների էպիկենտրոնում:

Հավաքված ստորագրությունները ես հանձնեցի Արկադի Կարապետյանին՝ շատ օրինավոր, ազնիվ, անձնազոհ ու լուրջ մարդուն: Նա համակարգում էր բոլոր խմբերի աշխատանքները, այդ թվում և իմ, և մենք գործում էինք մանրակրկիտ մշակված ծրագրով: Այժմ մեր առջև դրված նպատակը հասանելի էր: Իրագործված խնդրի մասշտաբները պարզ դարձան, երբ ղարաբաղյան պատվիրակությունը դիմումով ու ստորագրությունների բազմաթիվ տրցակներով ուղևորվեց Մոսկվա:

Միայն հիմա, ավելի քան երեսուն տարի անց, ես ամենայն պատասխանատվությամբ ասում են, որ ստորագրություններ հավաքելու՝ ընդհատակյա խմբերի աշխատանքը, որ երբեմն թվում էր անհույս գործ, կարելի է առանց չնչին չափազանցության համարել հերոսական: Մարդիկ, ովքեր արեցին դա, մնացին անհայտ, նրանց այն ժամանակ ըստ արժանվույն գնահատող չեղավ, իսկ հիմա արդեն՝ վաղուց մոռացել են նրանց մասին: Արկադի Կարապետյանի գլխավորությամբ մենք ամենասկզբում 10–15 հոգի էինք: Բոլորն էլ խիզախ հայրենասերներ էին, որոնք, չնայած հետապնդումներին ու ահաբեկումներին, մրսած ու սոված, չնայած թունդ կոմունիստների թուքումուրին, ավարտին հասցրին սկսած գործը և հավաքեցին Լեռնային Ղարաբաղի բնակչության մեծ մասի ստորագրությունները: Փաստորեն մեր հաշվին մենք անցկացրինք առաջին համաժողովրդական հանրաքվեն դեռևս խորհրդային երկրի տարածքում՝ ղարաբաղյան հայերի ինքնորոշման հարցով: Եվ դա՝ Կրեմլի ու ՊԱԿ-ի քթի տակ, որոնց անունից դողում էին ոչ միայն Եվրոպան, այլև Ամերիկան: Իսկ ղարաբաղցիները անցկացրին ռեժիմի դեմ ուղղված օրինական հանրաքվե: Ու այդ ամեն ինչից հետո շատ անարդար և արտասվելու չափ վիրավորական է, որ այդ հայրենասերներին արժանին չմատուցեցին Հայրենիքը և անկախ Հայաստանի ու Արցախի ղեկավարությունը:

Չնայած դրան, ես ուզում եմ ինքս մարդկայնորեն շնորհակալություն հայտնել ու մինչև գետին խոնարհվել նրանց առջև: Շատերն արդեն չկան: Ոմանք զոհվել են պատերազմում, մյուսները՝ պատերազմից հետո՝ վերքերից, իսկ երրորդները (և դա մեր հավերժական ու անանց մեղքն է) աղքատությունից ու սովից:

1988 թվականին Ստեփանակերտի առաջին ինքնաբուխ միտինգից հետո մենք, դուրս գալով ընդհատակից, սկսեցինք բաց հանդիպումներ կազմակերպել մեր քաղաքի գործարաններում, ֆաբրիկաներում և այլ հաստատություններում: Ինչ վերաբերում է առաջին միտինգին, այն կայացավ փետրվարի 13-ին: Այդ ժամանակ հավաքվեց մոտ մեկուկես հազար մարդ: Թերևս դա իմ կյանքի ամենահիշարժան օրն էր, մեր տևական աշխատանքի ակնառու արդյունքը: Երբ ես նայեցի բազմաթիվ մարդկանցով լեցուն հրապարակին, իմ հոգին փառավորվեց: Այն, ինչ մասին երազում էինք, իրականացել էր:

Առաջին տարին ամենադժվարն էր: Հարկավոր էր համոզել մարդկանց, քանի որ ոչ ոք չէր հավատում, որ մեր մտադրությունը կարող է օգուտ բերել: Շատերը չէին կասկածում, որ այն դատապարտված է ձախողման: Շատերն էլ ուղղակի վախենում էին շփվել մեզ հետ: Անցավ մեկ տարի, և ամբիոնից արդեն այնպիսի ելույթներ էին հնչում, որ ապշում էիր: Երեկվա վախվորած ստրուկները այսօր արծիվների են նման, ելույթ են ունենում ու իրենց իրավունքների մասին խոսում են այնպես, ասես մարդու իրավունքները սովորել ու սերտել են դեռևս դպրոցական նստարանին:

Ամեն ինչ ակնթարթորեն փոխվեց, ասես օդում եթերային գազ էին բաց թողել, որը ղարաբաղցիներին ներշնչել էր անսահման քաջություն ու ազատամտություն: Ընդ որում, դա վերաբերում էր հասարակության բոլոր շերտերին՝ աշխատավորներին, կոլտնտեսականներին, մտավորականներին և պետական հաստատությունների ծառայողներին: Իսկ օրեր անց արդեն մեզ հետ միասին կանգնած էին կոմերիտական ակտիվիստներն ու պատասխանատու պաշտոնների տեր կուսակցության հավատավոր անդամները, գործարանների ու ֆաբրիկաների դիրեկտորները: Դա հաղթանակ էր, ամենաառաջինը և ամենալուսավորը, որը դեռ չէր մթագնվել կորուստներով:

Անտառային հրդեհի նման միտինգները նախ տարերայնորեն տարածվեցին ամբողջ Ղարաբաղով, ապա և՝ ամբողջ Հայաստանով: Դրանք վերաճում էին ցույցերի, երթերի, գործադուլների, հացադուլների: Շարժման գլխավոր քաղաքներ դարձան Ստեփանակերտը, Երևանը, Աբովյանը, Լենինականը, Չարենցավանը: Առանձնահատուկ պետք է նշել միտինգների հիրավի համաժողովրդական ընդգրկվածությունը: Ասում են, Երևանի օպերայի և բալետի թատրոնի շենքի դիմացի հրապարակում, որը ժողովուրդն անմիջապես վերանվանեց Ազատության հրապարակ, ու հարակից տարածքներում հավաքվում էր մի քանի հարյուր հազար մարդ: Չգիտեմ՝ արժանահավա՞տ է այդ թիվը, թե ոչ: Կարևորն այն է, որ ժողովուրդը վստահորեն բարձրացրեց գլուխը և արտահայտեց իր պահանջներն ու բողոքները:

Ղարաբաղում առաջին միտինգը գլխավորում էր Արկադի Մանուչարովը: Ելույթից հետո Մանուչարովը սկսեց ընկալվել որպես առաջնորդ: Հետագայում թե՛ Ղարաբաղում, թե՛ Երևանում առաջնորդները սկսեցին փոխվել, ինչպես ձգձգված սերիալի հերոսներ: Հիմնականում պայքարն ընթանում էր առաջնորդների միջև. ով է ավելի խելացի, ուժեղ, միտինգում բանավեճ էր բռնկվում, թե ով է ճիշտ և ով է մեղավոր: Ի վերջո ամենաուժեղ խումբը, որ հաղթահարեց մնացած ակտիվիստներին ու հռետորներին և մաքրեց ճանապարհը դեպի իշխանություն, դարձավ «Ղարաբաղ» կոմիտեն:

1988-ի փետրվարին, հանրահավաքների մի ամբողջ շարքից ու Ղարաբաղի մարզխորհրդի նստաշրջանից հետո, որը որոշեց դիմել երկու հարևան հանրապետությունների Գերագույն խորհուրդներին, գործի դրվեց ահաբեկման ու խառնակչության ծրագիրը: Մարզխորհրդի նիստից հաշված օրեր անց տեղի ունեցավ Սումգայիթի կոտորածը: Հայաստանն ու Ղարաբաղը հայտնվեցին երկաթուղային շրջափակման մեջ, որը մի ամբողջ Խորհրդային կայսրություն իբր չէր կարողանում բացել: Տարեվերջին Հայաստանին պատուհասեց կործանարար երկրաշարժը, և Կրեմլը, օգտվելով առիթից, ձերբակալեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամներին և կես տարի փակեց նրանց Բուտիրկայում: Ապա տեղի ունեցավ Բաքվի ջարդը, որից հետո այնտեղ հայ չմնաց, «Կոլցո» օպերացիան, որը համատեղ իրականացրին խորհրդային բանակի ու ադրբեջանական ՕՄՕՆ-ի ուժերը և, վերջապես, պատերազմը… Պատերազմից հետո առ այսօր Մոսկվան, միջազգային ասպարեզում տեղի ունեցող իրադարձություններին համահունչ, թելադրում է իր ծրագիրը իր իսկ կամակատարներին, թելադրում է նրանց վարքագիծն ու գործողությունները:

Սումգայիթյան կոտորածից հետո ես և Արկադի Կարապետյանը՝ Ագոն, սկսեցինք քննարկել, թե ինչպես ապահովենք մեր գյուղերի ու քաղաքների անվտանգությունը, ոնց պահպանենք անասուններին, որոնց ադրբեջանցիները սկսել էին գողանալ: Չէինք հասցրել լուծել Սումգայիթի փախստականների հարցերը, երբ… դժբախտությունը միայնակ չի գալիս՝ տեղի ունեցան Բաքվի ջարդերը: Ադրբեջանական այլ քաղաքներից քշված փախստականների հոսք սկսվեց: Հազարավոր ու հազարավոր փախստականներ: Նրանց տեղավորելու և կերակրելու համար հարկավոր էր շտապ ինչ-որ բան ձեռնարկել:

Առաջին բանը, որ արեցինք սահմանամերձ գյուղերը պաշտպանելու համար, զինված ջոկատների ստեղծումն էր: Բայց զինված ջոկատների կազմավորման ու փախստականների տեղավորման համար շտապ հարկավոր էին ֆինանսական մեծ միջոցներ: Մենք փող չունեինք, ով էլ ուներ և ապրում էր իր հաճույքի համար, չէին շտապում բաժանվել իրենց ունեցվածքից: Պետք էր գործել արագ և անհապաղ: Ես որոշեցի շտապ ստեղծել բարեգործական ֆոնդ այդ խնդիրների համար: Զուգահեռ հարկավոր էր Հայաստանում և Արցախում ընդունել և տեղավորել փախստականներին: Երևանում ինձ առաջարկեցին գնել 15 որսորդական հրացան: «Երկու հատը կնվիրենք,- ասացին,- իսկ մնացածի համար պետք է վճարել»: Ես թռա Ստեփանակերտ, հավաքեցի հարվածային գործիքներս՝ ինչ որ կար, բոնգերը, կովբելները, մի քանի ադամանդներով ոսկե մատանի ու վերադարձա Երևան: Վաճառեցի, հրացաններն առա և դարձյալ թռա Ղարաբաղ: Հնարավոր էր օդային ճանապարհով զենք ու զինամթերք տանել Ղարաբաղ, երբ «Էրեբունի» օդանավակայանում ծառայում էր միլիցիայի մի փառահեղ կապիտան՝ Յաշան, որը օգնում էր ծածուկ ընդունել մեր ուղեբեռը: Անկեղծորեն շնորհակալ եմ օդանավակայանի անձնակազմին՝ Սերգեյ Վանցյանին, կապիտան Յաշային, հրամանատարներ Գեղամին, Ստյոպային, Համլետին, բոլոր օդաչուներին ու ուղղաթիռավարներին՝ Սամվել Վարդանյանի գլխավորությամբ: Նրանք իսկական հերոսներ են: Հենց ուղղաթիռավարների շնորհիվ մենք կարողացանք փրկել Ղարաբաղը: Նրանք տեղափոխում էին մարդկանց, ջոկատները, զինամթերքը, զենքը, արկերը, հացը, դեղորայքը… Առանց նրանց՝ մենք չէինք կարող դիմանալ և հաղթել այդ սարսափելի անհավասար կռվում:

Այո, օդաչուներն ու ուղղաթիռավարները արժանի են առանձնահատուկ խոսքերի: Պինդ տղերք էին: Չէ՞ որ նորմալ մարդու համար ինձ հետ գործ բռնելը սարսափելի էր: Ամեն րոպե կարող էին ինձ ձերբակալել, ու թե նրանց մասին մի բառ բլթացնեի՝ նրանց բանը բուրդ էր լինելու: Բայց քանի որ մեր ժողովրդի ու Ղարաբաղի համար անչափ կարևոր գործ էր արվում, նրանք էլ խիզախ էին ու անձնազոհ:

Ես ձգտում էի նրանց հետ ծայրահեղ բարեկիրթ լինել: Ամեն անգամ, երբ նրանք իմ խնդրանքով զենքի հերթական խմբաքանակը առաքում էին Ղարաբաղ, ես շնորհակալախեղդ էի անում նրանց: Ես չէի ձևացնում: Սրտանց երախտապարտ եմ Սերգեյ Վանցյանին՝ այն ժամանակ օդանավակայանի բեռնափոխադրումների պետին ու նրա արծիվներին, օդաչուներին ու ուղղաթիռավարներին: 1988 և 1989 թվականներին, երկու, եթե ոչ երկուսուկես տարի ես, «Էրեբունի» օդանավակայանի հրաշալի աշխատակիցների աներկբա համաձայնությամբ, թաքուն ղեկավարել եմ այն: Գրեթե բոլոր չվերթները, որոնք բեռներ ու ուղևորներ էին տեղափոխում Երևանից Ստեփանակերտ, իրականացվում էին իմ պատվերով: Լինելով «Ամարաս» բարեգործական միության գործադիր տնօրենը, ես անձամբ էի ստանում օգնություն ամբողջ աշխարհից և համակարգում էի դրա բաշխումը: Օդանավակայանի բոլոր պահեստները կնքվում էին իմ կնիքով, առանց իմ թույլտվության ոչ ոք իրավունք չուներ բացել բեռները: Այլապես մենք անպայման կբռնվեինք:

ԿԳԲ-ն աչքը չէր կտրում ինձնից: Եվ ամեն անգամ Ղարաբաղ թռչելուց առաջ Սերգեյ Վանցյանին ու անձնակազմին հարցնում էին՝ ինչ է տանում Ալեքսանյանը, ուր է տանում և ում համար: Նրանք ինձ չէին հարցնում, գիտեին, որ ճիշտը չեմ ասի, բացի այդ, առանձնապես չէին էլ ուզում գլուխ դնել ինձ հետ:

--

--