Բաբոն

Artur Aleksanyan
Կյանքի Իրավունք
5 min readDec 5, 2019

Այստեղ կցանկանայի պատմել իմ սիրելի Ելենա տատիկի մասին: Ճիշտ է՝ հնարավոր է, որ նրա կյանքի նկարագրությունը չափազանց հոգեցունց և զգացմունքային թվա, բայց աչքերս արցունքով են լցվում, ես ուզում եմ բացել մանկական հիշողություններիս ամենաթանկ զարդատուփը:

Ելենա տատիկին բոլորս ասում էինք բաբո: Հենց նրա հետ են կապված իմ վաղ տարիների ամենաքաղցր, ինձ համար սուրբ պատկերները, կերպարները, պատմությունները, որոնք ակամա դուրս են հորդում իմ ենթագիտակցությունից: Հիշելով բաբոյին, ես ասես հայտնվում եմ վառ, անդառնալի աշխարհում, որ լի է գույներով ու բույրերով, որոնք անհնար է վերարտադրել: Դրանք թվում են աներևակայելի, բայց այդ ամենը եղել է իրականում: Դեռ մի մատ լակոտ էի ու հանգիստ չէի տալիս հորս ու Ալյոշա հորեղբորս. ինձ տանջում էր մի հարց: Ոչ մի կերպ չէի հասկանում, թե իմ ավագ ազգականները, ծնողներն ու մնացած բոլոր մոտիկները՝ բարի ու համակերպվող մարդիկ, ինչու են այդպես անհաշտ ու թշնամաբար տրամադրված ադրբեջանցիների ու թուրքերի հանդեպ: Դա անբնական էր ու ոչ մի կերպ համատեղելի չէր նրանց էության հետ: Ի վերջո պատասխանը ստացա, բայց չի կարելի ասել, թե այն պարզություն բերեց իմ մանկական հոգուն: Հակառակը. պարզությունը չքվեց վերջնականապես, փոխարենն ի հայտ եկավ տագնապալի խռովքը, չգիտես որտեղից ծնվեցին ատելության ծիլեր:

Ինձ պատմեցին, որ տատիկս ունեցել էր ութ քույր և չորս եղբայր, բայց միայն իրեն ու փոքր քրոջն էր հաջողվել փրկվել թուրքերի իրագործած ցեղասպանությունից, առաջին համաշխարհային պատերազմի տարիներին: Հիմա էլ իմ ուժերից վեր է՝ պատկերացնել այն սարսափը, որ ապրել են վեց և ինը տարեկան աղջնակները, որոնց աչքերի առաջ թուրքերը բռնաբարել են իրենց մորն ու հինգ քույրերին, սպանել նրանց, անդամահատել ու շպրտել շներին: Հենց նրանց աչքի առաջ կտրել են հոր գլուխը և ցցի հանել: Հազիվ փրկվելով, քույրերը երկար-երկար սպասել են հրաշքի, հուսալով, որ մի գեղեցիկ օր կհանդիպեն կորած եղբայրներին, որոնցից փոքրին, ինչպես քույրերն են տեսել, նույնպես բռնաբարել են ու ինչ-որ տեղ են տարել: Հույսերը չէին արդարացել, և միայն շատ տարիներ անց քույրերն իմացել են, որ եղբայրներից երեքը դարձել են ֆիդայիներ:

Փոքրիկ Ելենան հրաշքով է փրկվել: Հրաշք բառը ակամա կրկնում ես, երբ խոսում ես բնաջնջումից փրկվածների մասին: Հայերը չէին կարող դիմադրել, որովհետև հայկական գյուղերում դիմադրող չէր մնացել՝ բոլորին մինչ այդ զորակոչել էին բանակ: Այնտեղ, որտեղ, այնուամենայնիվ, հնարավորություն էր եղել պաշտպանվել, հայերը պաշտպանվել էին: Վանի, Սասունի, Մուսալեռի ինքնապաշտպանությունները դրա վառ օրինակներն են: Ցանկացած փրկություն, սակայն հավասարազոր էր հրաշքի: Դե, իսկ հրաշքը կրոնական հասկացություն է: Հրաշքը կատարվում է հակառակ մարդկային ու բնության օրենքների: Երևի աստծո կամոք են կատարվում բոլոր հրաշքները: Փոքրիկ, անպաշտպան էակը գլխին եկածներից կորցրել է գիտակցությունը: Բարի մարդիկ ուշքի են բերել աղջկան և սայլի վրա բարձած կահկարասիի արանքներում թաքցնելով, հասցրել Թիֆլիս: Հետո նա հայտնվել է Շեքիում, ապա և վերջապես Արցախում: Բաբոն պատմում էր իր ոդիսականը ցածրաձայն, երկար դադարներ տալով և ժամանակ առ ժամանակ արցունքները սրբելով:

Ես հիշում եմ Ելենային գեղեցիկ, բարձրահասակ ու վայելչակազմ: Նրա դեմքը լուսավորում էր բարի, արևային մի ժպիտ: Բայց նա ժպտում էր հազվադեպ, բացառություն անում էր միայն մեզ՝ իր թոռների համար: Ես անհամբերությամբ էի սպասում կիրակիներին, քանի որ կիրակի օրերին բաբոն մեզ լողացնում էր: Քանի դեռ նա օճառ էր քսում ինձ վրա և տրորում մարմինս սպունգով, ես դողում էի ցրտից և գոռում որքան ուժ ունեի: Այդ ժամանակ էր, որ իմ մեջ ձևավորվեց պատկերացում դժոխքի մասին, ընդ որում բացառիկ, քանի որ ոչ ոքից նման բան չեմ լսել: Եվ այսպես. դժոխքը ինձ թվում էր սառած ու ցուրտ մի տարածք, որը լցված էր օճառի փրփուրներով: Իմ պատկերացրած դժոխքում կրակներ առհասարակ չկային: Դժոխային տառապանքները շարունակվում էին այնքան, մինչև որ բաբոն ինձ վրա լցնում էր մի մեծ դույլ տաք ջուր: Եվ ես այդ պահին տեղափոխվում էի դրախտային մի խրճիթ, երևակայելով ինձ հեքիաթային խոխոջուն ջրվեժի տակ: Աննկարագրելի էին զգացողություններս. անգամ կես դար անց ես սրտի թրթիռով եմ հիշում կիրակնօրյա լոգանքներս, որ լուսավորվում էին տատիկիս երջանիկ ժպիտով: Անկասկած այդ պահին ինքն էլ էր երջանիկ՝ չէ՞ որ իր թոռները ապացույց էին՝ նա իզուր չի փրկվել և իզուր չի ապրել իր դառնաղի կյանքը:

Տատիկս երազել էր շատ երեխաներ ունենալ, որ հայերը շատանան աշխարհում: Եվ նա տասներկու երեխա էր բերել, իր առաջնեկին՝ երևի 13–14 տարեկանում: Զարմանալի չէր, որ թոռները նրա աչքի լույսն էին: Մենք գիտեինք, որ իր գոգնոցի գրպանում տատիկը միշտ կոնֆետ կամ գալեթ ունի պահած մեզ համար: Գայթակղելով այդ հասարակ համով բաներով, նա մեզ տուն էր կանչում: Ուրիշ ի՞նչ միջոցով կարելի էր թոռներին կտրել խաղից: Իսկ երբ մենք հայտնվում էինք նրա թևերի տակ, բաբոն ստիպում էր մեզ լվացվել, փոխում էր մեր շորերը, կերակրում, ջուր տալիս ու ավարտելով ամենօրյա այդ կարգը, թեթև շշուկով դարձյալ ուղարկում բակ:

Պատահում էր՝ ես նկատում էի, թե ոնց էր արցունքն աչքին հետևում մեր խաղին: Աստված չանի՝ մեկն ընկներ ու վնասվեր: Բաբոն վրա էր հասնում: Մեկի վզակոթին էր թեթևակի հասցնում, մյուսի գլուխն էր շոյում, տուժածին էլ սեղմում էր ծնկներին ու մխիթարում միայն իրեն հայտնի բառերով ու քնքշությամբ: Կարճ ասած, բաբոն մեզ համար պաշտպան էր, փրկիչ, ուսուցիչ, կերակրող և կատարյալ դարմանող: Բայց ես դեռ չեմ ասել, թե ոնց էր նա երգում: Երգում էր աննման, իսկ երբ ինչ-որ բառ էր մոռանում, մեղեդիով էր երգում կամ մրմնջում և դա այնքան գեղեցիկ էր հնչում, որ նույնիսկ մտածում եմ, որ տատս դիտմամբ էր բաց թողնում բառերը: Երբ բաբոն երգում էր, նրա հայացքը ուղղվում էր դեպի արևմուտք, հարազատ վայրերի կողմը, որ տեսանելի չէին Արցախից: Ընդ որում, ես վերջերս հասկացա, իսկ այն ժամանակ ոչ միայն չէի հասկանում՝ անգամ գլխի էլ չէի ընկնում՝ ախր բաբոն հազիվ թե շատ բան հիշեր, բացի այն սարսափներից, որոնք տպավորվել էին նրա աչքերում և ուղեղում: Գուցե հիշեր տունը, գուցե հորն ու մորը, գուցե աղոտ-լղոզված պատկերներ, ինչպես անհաջող լուսանկարում: Ախր ընդամենը ինը տարեկան է եղել, երբ հեռացել է հայրենիքից: Իմ կարծիքով նրա հայացքի դեմ հառնում էին ոչ թե կոնկրետ վայրեր, այլ սրբազան հողի ինչ-որ տեսիլք, որ ծնվում էր նրա հոգու խորքում զրույցների ազդեցության տակ: Ահա այդ սրբազան հողը նա հրաշալիորեն հիշում էր, քանի որ երբեք այն չէր էլ լքել: Գուցե քիչ էին նրա մանկական հիշողությունները, բայց նրա մեջ ապրում էր ցավը: Այն նույն ցավը, որը առ այսօր ի վիճակի չէ հաղթահարել իր ժողովուրդը: Եվ փառք Աստծո, որ բաբոյի ու նրա ժողովրդի մեջ գտնվեցին հոգևոր ուժեր, որ ապրեցնում են: Նա ապրելու ուժ գտավ իր մեջ ու պահպանեց սերը այն ամենի հանդեպ, ինչը հիշում է ոչ թե գիտակցաբար, այլ հոգով: Հիշում էր ու փոխանցում մեզ:

Դեռ մատղաշ հասակում հայտնվելով Արցախում, Ելենան մարդու գնաց, երեխաներ ունեցավ: Թվում էր՝ բոլոր դժբախտություններն արդեն անցյալում են: Բայց ոչ. նրա որդիներից չորսը, այդ թվում առաջնեկը՝ Բակոն, չվերադարձան Մեծ հայրենականից: Աշխարհը նորից փշրվեց ու ցաքուցրիվ եղավ, բայց բաբոն դարձյալ հավաքեց այդ փշուրները, կպցրեց իրար ու ոտքի կանգնեցրեց: Նա ունեցավ ևս ութ երեխա, որոնցից մեկն իմ հայրն է: Ճակատագրի հետ մենամարտում տատիկս հաղթող դուրս եկավ: Այդպես է: Բայց թող ազատի Աստված մեզ այդպիսի մենամարտերից:

Բաբոն ութսուն տարեկան էր, երբ ես՝ նրա թոռներից առաջինը, ավարտելով ծառայությունս, վերադարձա տուն: Գրկելով ինձ, ասաց, որ ամբողջ կյանքում երազել է, որ իր ցեղում լինի հայրենիքի պաշտպան, և որ երբեք չկրկնվեն հայոց պատմության սև էջերը: Տեսնելով իր երազանքն իրականացած, բաբոն խաղաղված հեռացավ մեզնից:

Եվ այժմ, սիրելի տատիկ, հիշելով իմ մարտական ընկերներին, որոնք զոհվեցին Հայաստանի ու Արցախի անկախության համար, ես ակամա հիշում եմ քեզ ու քո երազանքը:

--

--