Հետախուզություն Մոնթեի հետ

Artur Aleksanyan
Կյանքի Իրավունք
16 min readDec 27, 2019

1993-ի վաղ գարնանը ԼՂՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը ինձ ու Մոնթե Մելքոնյանին՝ Ավոյին, հանձնարարեց հետախուզության գնալ հակառակորդի խորը թիկունք՝ Ադրբեջանի Քելբաջարի շրջան: Տեղի զինյալները շատ էին նեղում մեր գյուղացիներին՝ հարձակվում էին մեր գյուղերի վրա, քշում անասուններին, կողոպտում և սպանում խաղաղ բնակիչներին: Պատահել է, որ գյուղ մտնելուց ու թալանելուց հետո թուրքերը գյուղը կրակի են տվել: Անկեղծ ասած, Քելբաջարն ազատագրելու միտքը ես եմ տվել: Նախ, ես այն ենթաշրջանի հրամանատարն էի, որի մեջ մտնում էր Հաթերքի կիրճը, որի բնակչությունն էլ տառապում էր Քելբաջարի ասպատակություններից: Երկրորդ՝ այդ ժամանակ ես չէի կասկածում, որ այդ խնդիրը լուծելի է: Երրորդ՝ Քելբաջարի շրջանն ուներ նույնպիսի ստրատեգիական նշանակություն, ինչպես Լաչինն ու նրա հարակից տարածքները: Քելբաջարը բաժանում էր Մարտակերտի շրջանը և Հայաստանը: Եվ այնտեղից հակառակորդին դուրս շպրտելը կնշանակեր միավորել արհեստականորեն բաժանված հայկական հողերը: Այդպիսով, Արցախի հյուսիսը կկապվեր հայրենիքի հետ, և Սևանի արևելյան ափ հասնելը կտևեր մոտավորապես երկու ժամ:

Ստանալով առաջադրանքը, Մոնթեի հետ գնացինք Չարեքթար գյուղում գտնվող իմ ղեկավարած շտաբը: Մոնթեի հետ ինձ ծանոթացրել էր Ղարաբաղյան շարժման անդամ, Երևանի պետհամալսարանի արևելագիտության ֆակուլտետի դեկան Գուրգեն Մելիքյանը: Առաջին հայացքից Մոնթեն շատ հանգիստ մարդու տպավորություն էր թողնում, բայց խոսակցության մեջ, չհամաձայնելով ինչ-որ մեկի հետ և պնդելով իր տեսակետը, դառնում էր զգացմունքային, կրքոտ, վառ: Նա լավ էր հասկանում մարդկանց, և, իմ տպավորությամբ, կարողանում էր կառավարել նրանց: Նա բառացիորեն իր կողմն էր քաշում բարու և չարի բևեռները: Ինձ միշտ թվում էր, թե երբեմն անգամ չար բան անելիս, Մոնթեն պաշտպանում է բարին, և բարի բան անելով, ձգտում է սպանել, ոչնչացնել չարը:

Չգիտես ինչու, ինձ միշտ թվում էր, թե նրան ծնողները հենց այնպես չեն տվել այդ տարօրինակ անունը: Նրանք, իմ կարծիքով, գիտակցաբար էին տղային անվանակոչել ի պատիվ Ալեքսանդր Դյումայի «Կոմս Մոնտե Քրիստո» վեպի հերոսի: Ըստ երևույթին ցանկացել էին, որ մեծանալով՝ իրենց որդին նմանվեր առնական ու խորագետ կոմսին, ընդունակ լիներ հավասարը հավասարի պես շփվել հասարակության տարբեր շերտերի մարդկանց հետ և իմանալ շատ լեզուներ, որ որդին մեկտեղի իր մեջ խելք, սեր արդարության հանդեպ, բարություն ու միաժամանակ վճռականություն, եթե հարկ լինի՝ անգամ դաժանություն: Եվ մեր Ավոն իր անսահման քաջությամբ, վիրավորողին պատժելու անկասելիությամբ, խորաթափանցությամբ և բնավորության շատ այլ գծերով նման էր նշանավոր գրական կերպարին: Այն տարբերությամբ, որ Մոնթե Մելքոնյանի կյանքի ողջ իմաստը դարձել էր Հայաստանի, Արցախի ու ամբողջ հայ ժողովրդի անկախության ու անվտանգության համար պայքարը: Եվ, իհարկե, հայոց ցեղասպանության վրեժը: Նա երդվյալ ժառանգորդն էր նրանց, ում հաջողվել էր ողջ մնալ կոտորածի սոսկալի մսաղացում: Ամեն անգամ Մոնթեին հանդիպելիս, ինձ թվում էր, թե դիմացս Կոմս Մոնտե Քրիստոյի վերափոխված Էդմոն Դանտեսն է, որը կտրել-անցել է մեկուկես հարյուրամյակ, որ դառնա մեզնից մեկը:

Կոմսի պես, մեր Մոնթեն էլ իր կարգախոսն էր դարձրել բարությունն ու սերը, սակայն, երբ բանը հասնում էր կարգապահությանն ու հրամանների պարտադիր կատարմանը, նա անողոք էր բոլորի հանդեպ, ենթականերից մինչև ընկերներ ու շտաբի բարեկամներ: Պատահում էր, որ նման պահերին նա կորցնում էր ինքնատիրապետումը և ուղիղ ասում էր այն ամենը, ինչ լցված էր հոգում: Իմիջիայլոց, նա գրեթե միշտ ճիշտ էր, այսուհանդերձ, շատերը վիրավորվում էին նրանից: Նույնչափ անողոք էր Ղարաբաղյան պատերազմում ևս մի հրամանատար՝ Խորհրդային բանակի գեներալ-լեյտենանտ, հրետանային ուսումնական կենտրոնի պետ Քրիստափոր Իվանի Իվանյանը: Արցախյան զինված հակամարտության ամենասկզբից Հայրենական մեծ պատերազմի վետերան, յոթանասունամյա Քրիստափոր Իվանյանը հայրենիք էր եկել Պետերբուրգից, դարձել Պաշտպանության կոմիտեի նախագահի խորհրդական, իսկ ավելի ուշ՝ ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ: Նա ղեկավարեց մի շարք մարտական գործողություններ և ամենքիս անգնահատելի օգնություն ցուցաբերեց: Ինչպես և Մոնթեն, Քրիստափոր Իվանովիչը աչքի էր ընկնում բարձր սկզբունքայնությամբ և տանել չէր կարողանում թափթփվածությունը, անպատասխանատվությունը, անկարգությունը: Իրենց ուժերին անվստահ, երբեմն անփորձ զինվորներին ու նրանց հրամանատարներին ղեկավարելով, Քրիստափոր Իվանովիչը և Մոնթեն, սովորեցնում էին ոչ թե խոսքով, այլ սեփական օրինակով:

Մոնթեն ծնվել է 1957 թվականի նոյեմբերի 25-ին կալիֆորնիական ոչ մեծ Վիսեյլիա քաղաքում: Մանկության տարիներին գրեթե չի խոսել հայերեն: Իր ազգային ինքնության մասին սկսել է մտորել դեռահաս տարիքում, ծնողների հետ հայտնվելով պապի ու տատի ծննդավայրում՝ թուրքական Մարզվան փոքր քաղաքում: Անցյալ դարա սկզբին այդ քաղաքում բնակվում էին հիմնականում հույներ ու հայեր, այժմ այնտեղ ապրում էր ընդամենը երեք հայկական ընտանիք: Բերկլիի համալսարանն ավարտելուց հետո Մոնթեն չշարունակեց ուսումը, այլ գնաց Իրան, ապա տեղափոխվեց Լիբանան և մասնակցեց հայկական ինքնապաշտպանական ուժերի գործողություններին: Ավելի ուշ մտավ ԱՍԱԼԱ, Ֆրանսիայում ձերբակալվեց և մի քանի տարի բանտում անցկացնելուց հետո եկավ Արցախ ու դարձավ թեժացող պատերազմի ամենահայտնի ու ամենավառ հրամանատարներից մեկը: «Եթե մենք կորցնենք Արցախը, կփակենք հայոց պատմության վերջին էջը»,- ասում էր Մոնթե Մելքոնյանը և ապրում ու գործում էր ըստ այդմ: Հաղթանակից բացի պատերազմի այլ ելքի մասին նա չէր էլ մտածում:

Բացի անգլերենից ու հայերենից, Մոնթեն գիտեր շատ լեզուներ. իսպաներեն, ֆրանսերեն, արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, ճապոներեն: Իսկ ես, օրինակ, միայն հայերեն գիտեմ (էն էլ՝ ոչ այնքան գրական լեզուն, որքան հարազատ ղարաբաղյան բարբառը, քանի որ սովորել եմ ռուսական դպրոցում), ռուսերեն և ազատ խոսում եմ ադրբեջաներեն: Մոնթեն պրոֆեսիոնալ զինվորական չէր, զենքին փայլուն չէր տիրապետում և աչքի չէր ընկնում ռազմական գործողությունների հմուտ մշակմամբ: Նրա փայլը այլ բանում էր. նա բնածին առաջնորդ էր, կարողանում էր ոգևորել ու զինվորներին տանել իր ետևից, նրանց վստահություն ներշնչել իրենց ուժերի հանդեպ և հավատարմություն՝ գաղափարներին: Նրա ենթակաները միշտ առանձնանում էին բարձր ոչ թե մահակային, այլ գիտակցական կարգապահությամբ: Այդ պատճառով էլ կարճ ժամանակում, շնորհիվ ղեկավարի իր վարպետության և անձնական քաջության, Մոնթեն դարձավ Մարտունու պաշտպանական շրջանի հրամանատար: Տարօրինակ է, բայց իր բոլոր արտաքին հատկանիշներով նա տեղի բնակչության համար ոչ թե յուրային էր, այլ օտար: Ոչ Ղարաբաղում էր մեծացել, ոչ էլ Հայաստանում, խոսում էր ուրիշ, մեզ համար անծանոթ հայերենով: Բայց նրան, միևնույն է, սիրում էին, հավատում էին ու վստահում ոչ միայն զինվորները, այլև հասարակ գյուղացիները: Ամեն անգամ, երբ Մոնթեն գնում էր Ստեփանակերտ՝ շտաբի խորհրդակցության, սկսում էին անհանգստանալ՝ գուցե նրան տանեն այլ տեղ, գուցե, ինչ-որ բանից վիրավորված, նա վերադառնա Ամերիկա, գուցե նա հիվանդացել է… Ժողովուրդը վախենում էր, քանի որ չէր կարող չվախենալ, պատերազմ էր, ամենուր վտանգ էր թաքնված, ոչ ոք ապահովագրված չէր: Մարդիկ պարզապես հավատում էին իրենց բանակին ու Ավոյին՝ իրենց հրամանատարին: Առաջ անցնելով ասեմ, որ մեր համատեղ հետախուզությունից չորս ամիս անց Մոնթե Մելքոնյանը զոհվեց արկի բեկորից, որն արձակվել էր հետևակի զրահամեքենայից: Հետմահու նրան շնորհվեց Արցախի Հանրապետության հերոսի, ապա և՝ Հայաստանի Հանրապետության հերոսի կոչում:

…Երեկոյան յոթի կողմերը, տեղ հասնելով, ընթրեցինք ու սկսեցինք քննարկել մեր գործողությունների ծրագիրն ու երթուղին: Մեզ մոտ հրավիրեցինք ջոկատների, գումարտակի, հետախուզական վաշտերի հրամանատարներին, հակառակորդի մասին թարմ տվյալներ ճշտեցինք: Մեզ հրաշալի ուղեկիցներ հատկացրին: Նրանք տեղանքը գիտեին հինգ մատի պես: Ինչ որ կարելի էր, Մոնթեի հետ նշեցինք օպերատիվ քարտեզի վրա ու պառկեցինք քնելու, որ առավոտյան չորսին շարժվեինք հետախուզության: Նախապես հագանք ադրբեջանական համազգեստ և վերցրինք սվին դանակներով «ԱԿՍՈՒ» ինքնաձիգներ, մի քանի նռնակ, կողմնացույց, լապտերներ և ռացիաներ: Մեզ սպասվում էր վտանգավոր և չուսումնասիրված ճանապարհ:

Մեզ հանձնարարեցին առավելագույն տեղեկություններ հավաքել հակառակորդի մասին՝ նրա զինտեխնիկայի, մասնավորապես՝ հրետանու, մարդուժի, պահեստի, դիրքերի տեղադրության և տեղաբաշխման վերաբերյալ: Տեղանքում ես վատ չէի կողմնորոշվում, քանի որ երկու անգամ նույն առաջադրանքով ես իմ հետախուզական խմբի հետ գնացել էի այդ երթուղով: Դա շատ լավ խումբ էր: Գլխավորում էր Ագոն: Նրան ասում էին «Խալաստոյ», քանի որ, թվում էր, թե ոչ արգելակ ուներ, ոչ գազ: Թե ինչ պիտի արվի, Խալաստոյը կռահում էի տեղուտեղը՝ վայրկենապես: Եվ մենք դեռ չհասկացած, թե ինչ է պատրաստվում անել, արդեն տեսնում էինք նրա արածի արդյունքը: Իմ ճակատում Խալաստոյից քաջ զինվոր չկար: Եվ Մարտակերտի ու Քելբաջարի շրջաններն ազատագրելիս մեր փառահեղ հաղթանակները այսպես թե այնպես կապվում են նրա անվան հետ: Իսկ մեր հետախուզական-դիվերսիոն գործողությունները, որոնց մասին պատմում եմ, հակառակորդին մեծ վնաս հասցրին: Ու երբ մենք Մոնթեի հետ գնում էինք հետախուզության, թևերից մեզ հսկում էր Խալաստոյը, որ հարկ եղած դեպքում իր խմբով հասներ օգնության:

Իմանալով ռուսերեն, ադրբեջաներեն, պարսկերեն և արաբերեն, մենք Մոնթեի հետ, հաջողության հասնելու համար, լսում էինք հակառակորդի հաճախականության ռադիոեթերը: Ադրբեջանցի հրամանատարները վստահ, որ ոչ ոք չի լսում իրենց և իրար հետ հաղորդակցվում էին բաց տեքստով ու հաղորդում շատ արժեքավոր տեղեկություններ իրենց տեղաշարժի, զինամթերքի հետ կապված դժվարությունների, ստորաբաժանումների համալրման մասին: Կարևորը՝ համոզվեցինք, որ հակառակ կողմում իշխում են սարսափն ու լարված սպասումը, որ մենք ուր որ է, ցանկացած պահի գրոհելու ենք:

Մի խոսքով պաշտպանական ամբողջ գծով տասնյակ կիլոմետրեր անցնելով, մենք բացահայտեցինք հակառակորդի դիրքերի ամուր ու խոցելի հատվածները, զինտեխնիկայի ու տանկերի, հրետանային մարտկոցների և նրանց թվակազմի տեղակայման և, վերջապես, քողարկված շտաբների և հրամանատարական կետերի գտնվելու վայրերը: Տասը օր առավոտից երեկո մենք օպերատիվ տեղեկություններ էինք հավաքում, որոնք էլ պիտի դառնային հրամանատարության որոշումների հիմքը: Միաժամանակ հրամանատարությունը հետևողականորեն ծրագրում էր հարձակողական գործողություններ հայկական պատմական տարածքների ազատագրման համար: Ամեն ինչից բացի, Քելբաջարի շրջակա տարածքները և բուն Քելբաջարը (հայերն այն հնում անվանել են Քարվաճառ՝ քարերի շուկա, տեղ, որտեղ զբաղվում են քարերի վաճառքով) մոտակա շրջանների նկատմամբ հակառակորդի ոտնձգությունների համար բազա էին ծառայում:

Մոնթեի հետ մեր հետախուզումն անցավ բավականին հարթ՝ առանց բարդության ու վտանգի: Մենք նույնիսկ մեզ թույլ տվեցինք մի փոքր թուլանալ: Եվ մի անգամ, երբ ուշ գիշերով քարից քար ցատկելով անցնում էին արագահոս Թարթառ գետը, ինձ վրա հանկարծ կրակեցին: Մոնթեն ինձ պաշտպանության առավ, սպասեց ձախ ափին, մինչ կհասնեի աջին: Թաք-թաք կրակողների ձայնից ես հասկացա, որ կրակողը դիպուկահար է, որը չունի գիշերային դիտարկման սարք: Կրակում էին մոտավորապես կես կիլոմետրից: Ես կտրուկ արագացրի ցատկերս գլաքարերի վրայով և սարսափից սահմանեցի համաշխարհային ռեկորդ: Հայտնվելով ափին, թաքնվեցի մի մեծ քարի ետևում և ռացիայով Մոնթեին հուշեցի, որ թաքնվի ու չփորձի վերացնել դիպուկահարին, եթե անգամ տեսնում է նրան: Իսկ ինքս բարձրաձայն և բառերը ձգելով, ինչպես դա անում են հովիվները, ադրբեջաներեն բղավեցի, էդ ի՞նչ եք վրաս կրակում, ես չոբան եմ, ոչ մեկին ոչինչ չեմ արել, գնում եմ տուն, Ղամշլու: Ու անմիջապես միացրի ռացիան հակառակորդի հաճախականության վրա, լսեցի, թե ինչպես է այդ դիպուկահարը բացատրում ինչ-որ մեկին, որ ինքը քիչ էր մնացել գետն անցնող հովիվին սպաներ: Ի պատասխան՝ նրան ասացին. սպանել պետք էր, ինչ է թրև գալիս գիշերով: Հետո այդ մեկը մայր հայհոյեց: Որից հետո հրամայեց պարեկային անձնակազմին գտնել այդ չոբանին ու բերել իր մոտ: Ես հասկացա, որ հովիվ ձևանալով հիմարություն եմ արել և ռացիայով անհապաղ կանչեցի Խալաստոյին:

-Ու՞ր ես,- հարցնում եմ:

-Սնայպերից քսան մետր հեռու:

-Կարո՞ղ ես վերացնել դրան:

-Արդեն վերացրել եմ: Երեքն էին:

Խալաստոյը Մոնթեին խորհուրդ տվեց, քանի դեռ ամեն ինչ հանդարտ է, արագ անցնել գետը: Երկու րոպե անց Մոնթեն ինձ մոտ էր, և մենք բարձրացանք դեպի լեռային լանջը՝ մեզ լռելյայն ուղեկցող Խալաստոյի խմբի հսկողության տակ:

-Ամարաս,- կանչեց ինձ Խալաստոյը:- Ես ձեր թիկունքը կպահեմ, իսկ իմ տղերքից երեքը դեմից կգնան: Նրանք ձեզ կհասցնեն մերոնց մոտ: Ավելի առաջ գնալ ձեզ չի կարելի, դուք փաստորեն հայտնաբերվել եք: Շուտով կգա պարեկախումբը, կտեսնի սպանված սնայպերներին ու տագնապ կհայտարարի:

-Հասկացա, վերադառնում ենք,- ասացի ես: Դեպի ամառային արոտավայրերը տանող անասունների բացած կածանով անտառապատ սարի գագաթը բարձրանալով՝ բռնեցինք ետդարձի ճամփան: Մոտ երկու օր էր պետք վերադառնալու համար, քանի որ քիպ մոտեցել էինք Քելբաջար ավանին: Խալաստոյն ասաց, որ կհասնի մեզ, իսկ առայժմ, ասաց, պետք է պատժել այդ ոչխարներին: Ես զգուշացրի նրան:

-Տեսնո՞ւմ ես պարեկային մեքենան:

-Դեռ ոչ,- պատասխանեց Խալաստոյը:

-Գործիր ըստ իրավիճակի: Գլուխդ սառը:

Երկու-երեք կիլոմետր անց, հանկարծ Մոնթեն կանգնեց ու ասաց.

-Ետ դառնանք, հարկավոր է օգնել Խալաստոյին:

-Ոչ մի դեպքում, Ավո,- առարկեցի ես:- Մենք միայն կխանգարենք նրան, նա իր գործը գիտի: Մի անհանգստացիր, արագ քայլիր:

Կես ժամից մեզ հասան Խալաստոյի երեք հետախույզները՝ Սամվելը, Բարմիկը և Ռաֆոն: Ես հարցական նայեցի նրանց:

-Ամեն ինչ կարգին է, շեֆ,- իմ համր հարցին պատասխանեց Բարմիկը:- Մինչև դուք մի քիչ շունչ քաշեք, մենք կանցնենք առաջ: Ու եթե խոչընդոտներ չլինեն, ձեզ իմաց կտանք: Վերցրեք, տաքացեք, ցուրտ է:- Բարմիկը մեզ մեկնեց մի փոքր տափաշիշ:

-Ինչ է դա,- հետաքրքրվեց Մոնթեն:

-Պարզ չէ՞: Թթի արաղ:

-Թթի արաղ,- սարսափահար բացականչեց Մոնթեն, ընդ որում, նրա սարսափը անկեղծ էր:- Ոնց որ տեսնում եմ դուք հարբեցող եք: Խմել հետախուզության ժամանա՞կ: Գնդակահարել է պետք նրանց, Ամարաս: Սա անթույլատրելի է:- Մոնթեի ձայնը խզվում էր, նա հիստերիայի եզրին էր: Ես հասկացա, որ հարկավոր է միջամտել:

-Առաջ անցեք, տղերք, մի կանգնեք: Կսպասենք ձեր ազդանշանին ու նոր կշարժվենք,- հրելով հետախույզներին՝ հեռացրի նրանց Մոնթեի ցասումից: Ապա դարձա նրան:- Հանգստացիր, Ավո, այդպես չի կարելի: Սա քեզ համար Մարտունին չէ, որտեղ միշտ տաք է ու ամեն ինչ երևում է: Էս տղերքը հարյուր տարվա հետախույզներ են: Գիտե՞ս ովքեր են: Այստեղի հովիվները: Նրանք այստեղ ամեն թուփ ու ամեն կածան փակ աչքերով կգտնեն: Նրանք այս սարերում ու անտառներում մանկությունից են ապրում: Քնում են ծառերին կամ ժայռերի ծերպերին՝ կնոջ փոխարեն ավտոմատը գրկած, սնվում են թռչուններով ու վրայից թթի ընտիր օղի են խմում: Իսկ դու ինչ գիտես: Երբ նրանց տները ադրբեջանցիները վառեցին ու քշեցին նրանց անասունները, նրանք գնացին կռվելու: Նրանք իսկական ֆիդայիներ են, հասկանո՞ւմ ես: Ես նրանց հետախույզներ եմ դարձրել: Ավելի լավ հետախույզ չես գտնի: Այո, բացառության կարգով նրանց ինչ-ինչ արտոնություններ եմ տվել:

-Ախր դու, Արթուր, գիտես, թե ինչ կարգուկանոն է մեզ մոտ, Մարտունիում,- շփոթված ասաց Մոնթեն, և ես խղճացի նրան:

-Իհարկե գիտեմ,- մեղմ ասացի ես:- Բայց այստեղ ուրիշ է, պետք է հաշվի առնել մարդկանց հոգեվիճակը, արդեն չորս տարի նրանք ապրում են առանց տուն, առանց տանիք, ոմանց ընտանիքները ապաստանել են Ստեփանակերտում, ոմանցը՝ Հայաստանում կամ ուրիշ տեղ: Չէ՞ որ ոչ բոլորին է ի ծնե տրված այնպիսի անկոտրում բնավորություն, ինչպիսին քոնն է, Մոնթե Մելքոնյան: Այ, պատերազմից հետո, երբ սկսենք կանոնավոր բանակ ստեղծել, ամեն ինչ այլ կերպ կլինի: Երիտասարդներին հարկ կլինի դաստիարակել զրոյից, էս չի կարելի, էն չի կարելի: Բանակ ես եկել՝ ենթարկվիր, երկաթե կարգապահությանը: Դե, իսկ առայժմ…

-Դու, Արթուր, չափազանց փափուկ ես: Քեզ երևի հենց դրա համար էլ սիրում են: Իսկ ինձ չեն սիրում, այլ վախենում են:

-Հիմարություններ ես ասում, Ավո: Էդ՝ քե՞զ չեն սիրում: Ախր դու լեգենդ ես ամբողջ Ղարաբաղի, Հայաստանի, սփյուռքի համար: Իսկ լեգենդին չեն կարող չսիրել: Դու թերագնահատում ես քեզ:

Մեր զրույցն ընդհատեց Բարմիկը, հայտնեց, որ կասկածելի ոչինչ չի հայտնաբերվել ու ամփոփեց. «Շարժվեք»: Ու մենք Մոնթեի հետ ընդառաջ գնացինք լուսաբացին, որ նոր-նոր սկսել էր ողողել սարերի կատարները: Մենք արագ քայլում էինք երկու լեռնաշղթաների արանքով: Երթը նոր էր սկսվել, երբ կապի մեջ մտավ Խալաստոյը: Իմանալով, որ գնում ենք ընկուզենիների երկայնքով, նա հրահանգեց ճանապարհով իջնել: Մանրամասների մեջ չխորանալով՝ ես կարճ ասացի՝ եղավ: Խալաստոյն օդի մեջ խոսող չէր, եթե ինչ-որ բան էր ասում, պետք էր լսել: Ճանապարհով իջնելով, մենք մեր դիմաց «Ուազիկ»տեսանք, որի դռներին ադրբեջանական դրոշակներ էին նկարված: Ղեկին նստած էր նույն ինքը՝ Խալաստոյը: «Կառքը պատրաստ է,- քմծիծաղեց նա,- բարեհաճեք նստել, պարոնայք»: Երկրորդ անգամ առաջարկելու կարիք չկար, հինգ վայրկյանից Խալաստոյը քշեց մեքենան, ասես ամբողջ թափով ձի քշեր:

-Սա պարեկային «Ուազ» է,- բացատրեց Խալաստոյը,- գնում էր չոբանին փնտրելու: Կարող էր և գտնել, իմիջիայլոց: Մի խոսքով, ես պարեկներին սպանեցի, մեքենան էլ փոխ առա: Ո՞նց է, շեֆ ջան, հավանություն տալիս ե՞ս:- Նա կարճ քրքջաց:- Մինչև ադրբեջանցիք ուշքի գան, ես ձեզ մի երեսուն կիլոմետր կհեռացնեմ, իսկ այնտեղից մինչև ռազմաճակատի բերանը հեռու չէ: Դե, իսկ նրանց հետ ես հաշիվները կմաքրեմ, ժամանակ տվեք: Մեքենան պարտքով եմ վերցրել, պարտքի տակ հո չեմ մնա:

Մենք ծիծաղեցինք, և ես լուռ թփթփացրի նրա ուսին: Բառեր պետք չէին: Ես ռացիայով կանչեցի Բարմիկին ու հրահանգեցի շտապել:

-Մենք կսպասենք ձեզ ռազմաճակատի գծի մոտ, որտեղից դուք ուղեկցել եք մեզ:

-Հասկացա, շեֆ, վաղը երեկոյան տեղում կլինենք:

-Չեն հասցնի,- անվստահ տարուբերեց գլուխը Մոնթեն:- Հեռու է, ճանապարհն էլ դժվար է:

-Էն էլ ոնց կհասցնեն,- հանգստացրեց նրան Խալաստոյը:- Նույնիսկ ավելի շուտ կհասնեն: Իմ տղերքն են, ես հո գիտեմ, թե ինչի են ընդունակ նրանք:

-Պարզ է,- սարկազմով քմծիծաղեց Մոնթեն:- Թթի արաղը կկոնծեն ու կդառնան ռեակտիվ: Այդպե՞ս, այո՞:

-Ինչի՞ մեզ չես սիրում, Ավո ջան,- լուրջ հարցրեց Խալաստոյը:

-Որովհետև հետախուզության ժամանակ զինվորը խմելու իրավունք չունի:

-Այ, տեսնում ես: Այն, ինչ բոլորը սթափ են անում, իմ տղերքը մի թեթև կոնծած շատ հեշտ անում են: Ի՞նչ վատ բան կա դրա մեջ:

Զրույցն ինձ դուր չէր գալիս, այն կարող էր վերաճել վեճի իրենց գործն անձնազոհաբար կատարող երկու հրաշալի մարդկանց միջև: Ես չթողեցի Մոնթեն պատասխաներ ու բացականչեցի:

-Վերջ տվեք երկուսդ էլ: Մոռացեք էս թեման, վերջ: Ավելի լավ է՝ լսեք: Ես ուզում եմ լրացուցիչ ուժեր կանչել, ու քանի դեռ թշնամու թիկունքում ենք, հանկարծակի հարձակվենք Չարեքթարի շտաբի վրա, որ սպայակազմից լեզու վերցնենք: Մենք կհարձակվենք թիկունքից, օգնության հասած տղերքն էլ՝ դիմացից: Համաձա՞յն ես, Խալաստոյ:

-Ճիշտ այդպես, հրամանատար:

-Մենք երբ կլինենք այնտեղ:

-Քառասուն րոպեից, եթե նրանք մեր դեմ դուրս չգան:

-Դուրս չեն գա, ես եթերը լսում եմ: Նրանք գաղափար չունեն, թե իրենց քթի տակ ինչ է կատարվում: Ավո, դու դեմ չե՞ս:- Մոնթեն ձեռքով բացասական շարժում արեց, իբր, դեմ չեմ:- Դե, ուրեմն, հին օրերը միտները կբերենք:

-Ճիշտ է,- ձայն տվեց Մոնթեն:- Դատարկ ձեռքերով չենք վերադառնա:

Ես անմիջապես կանչեցի իմ տեղակալին՝ Մորուքին և տեղեկացրի մեր ծրագրի մասին: «Հասկացա, Ամարաս, քառասուն րոպեից տեղում կլինենք»,- հավաստիացրեց Մորուքը: «Բարմիկ, լսեցի՞ր ինչ ենք որոշել», «Լսեցի, շեֆ,- հաստատեց Բարմիկը:- Գուցե ես էլ հասցնեմ»: «Ոչ մի դեպքում,- արգելեցի ես,- ռիսկի չդիմես: Կհսկես մեր թիկունքը, եթե ադրբեջանցիները Քելբաջարից օգնություն ուղարկեն: Դե, դու ինքդ էլ գիտես, թե ինչ կանես, ես չեմ քեզ սովորեցնելու»:

Կես ժամից մենք տեղում էինք: Դուրս թռանք «Ուազիկից» ու բարձրացանք սարի անտառախիտ լանջով: Որպեսզի հակառակորդը չնկատի «Ուազիկը», Խալաստոյը ճամփեզրից դուրս եկավ դեպի անտառ ու թողեց մեքենան: Այդ պահին կապի մեջ մտավ Մորուքը, նա իր ջոկատի հետ արդեն հատել էր ռազմաճակատի գիծը: Լանջով ավելի վեր բարձրանալով, ես հեռադիտակով հայտնաբերեցի թշնամական Չարեքթարի գումարտակի շտաբը: Գումարտակը դիմակայում էր Հաթերքի կիրճի պաշտպանական շրջանին, բաժանելով ռազմաճակատի գիծը, որի մի կողմում ադրբեջանցիների դիրքերն էին Չարեքթարում, մյուս կողմում՝ մեր պաշտպանական դիրքերը:

Առավոտն արդեն բացվել էր: Մոնթեն ուշադիր ուսումնասիրում էր քարտեզի վրա օպերատիվ իրավիճակը թշնամու թիկունքում. մենք նրա հետ քարտեզին նշել էինք միայն այն, ինչ տեսել էինք սեփական աչքերով: Ես պառկեցի հանգստանալու: Ու հանկարծ Մորուք Ռաֆոն զեկուցում է ռացիայով, որ իրենք հանդիպել են հակառակորդի հետախուզական խմբին և բոլորին գերի վերցրել: Այ քեզ նորություն: Հարցնում եմ.

-Բոլորին՝ քանիսի՞ն:

-Յոթ հոգու:

Ես հրամայեցի Մորուքին մնալ տեղում և սպասել մեզ: Կանչեցի Խալաստոյին, բացատրեցի իրավիճակը և չեղյալ հայտարարեցի շտաբի վրա հարձակումը: Մոնթեն, ի նշան համաձայնության, գլխով արեց, այսինքն, իմաստ չունի շտաբից լեզու բռնել, քանի որ մենք արդեն ունենք լեզու, ավելի ճիշտ՝ յոթ լեզու: Ես գիտեի որտեղ է մեզ սպասում Մորուք Ռաֆոն իր զինվորներով ու գերիներով: Արագ քայլելով մի քսան րոպե, մենք արդեն նրանց մոտ էինք: Առանց մարտի թշնամու հետախույզներին գերի վերցնելը այնպիսի մի բացառիկ հաջողություն է, որի մասին միայն երազել կարելի է: Ի պատասխան հարցի, թե ինչպես դա հաջողվեց, Մորուքը բավականին ուսուցողական պատմություն պատմեց այն մասին, թե ինչպես չի կարելի պահել քեզ պատերազմի ժամանակ:

Ինչպես պարզվեց, ադրբեջանցիները նստել էին բացատում և ավտոմատներն էին մաքրում, առանց ժամապահ նշանակելու, առանց որևէ նախազգուշական քայլերի: Լիովին վստահ, թե քանի որ գտնվում են իրենց վերահսկողության գոտում, ուրեմն ոչ մեկից վախենալ պետք չէ: Մերոնք շրջապատել են նրանց, դեմ տվել ավտոմատները… Մի խոսքով, ոչ մի կրակոցի կարիք չի եղել:

Հաջողության համար շատ չոգևորվեցինք, քանի որ դեռ գտնվում էինք հակառակորդի տարածքում, և հարկ էր առանց հապաղելու անցնել ռազմաճակատի գիծը: Մենք Զարդախաչ գյուղի մոտակայքով մեր կողմը անցանք գերիների հետ միասին: Մի տասը րոպե անց մեզ մոտ սլացավ Բարմիկի խումբը՝ ձիերով: Որտեղից են ձիերը հարցին տղաները ծիծաղելով պատմեցին, թե երեք ձիերը վերցրել են որպես պարգև, որ հնարավորին չափ շուտ տեսնվեն մեզ հետ: Ավարտվեց նրանով, որ մենք տեղավորեցինք գերիներին բեռնատարի թափքում և Խալաստոյի ու նրա զինվորների հետ ուղևորվեցինք դեպի շտաբ, որը գտնվում էր Գետավան գյուղում:

Մոնթեի հետ որոշեցինք ոտքով գնալ, որ կողմնորոշվեինք այն տեղանքում, որտեղից պիտի սկսեինք ազատագրական գործողությունը և ի վերջո իսկական տերերին վերադարձնեինք և՛ Քարվաճառը, և՛ հնագույն Դադիվանքը, և՛ շատ այլ պատմաճարտարապետական հուշարձաններ: Եվ այդ պահին ինձ շտապ կանչեցին շտաբ:

-Ի՞նչ է պատահել,- տագնապեցի ես:

-Եկել են առաջինն ու երկրորդը,- խռպոտեց ռացիան չգիտես ինչու ռուսական առոգանությամբ:

-Շուտով կլինեմ,- ասացի:- Իսկ ո՞վ է խոսում:

-Դեդը:

-Ի՞նչ Դեդ,- բորբոքված հարցրեցի ու հանկարծ, ճանաչելով ձայնը, բացականչեցի:- Դեդ, դո՞ւ ոնց հայտնվեցիր այստեղ:

-Քամին բերեց: Լսել ենք, որ դու և Ավոն գնացել եք հետախուզման, և թռել ենք ձեզ մոտ՝ առանց միջնորդների ամեն ինչ իմանալու:

- Ավո գուշակիր, ով է բարեհաճել մեզ մոտ գալ Երևանից: Դե՛: Հայաստանի պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանը և Գլխավոր շտաբի պետ Գուրգեն Դալիբալթայանը: Շտապել է հարկավոր:

-Մենք առանց այդ էլ շտապում ենք, էլ ո՞ւր: Մենք հո փոքր տղաներ չենք՝ վազենք, դաշտային հրամանատարներ ենք, բացի այդ՝ հետախույզներ:- Մենք ծիծաղեցինք, իրար աչքով արեցինք, ձեռքներս զարկեցինք իրար ու արագացրինք մեր քայլերը: Շտաբի բակում մեծ բազմության և լրագրողի ու օպերատորի հետ միասին մեզ էին սպասում նախարարն ու Գլխավոր շտաբի պետը: Մենք գեներալի հետ, որին մտերիմ մարդիկ անվանում էին Դեդ, գրկախառնվեցինք: Հետո, արդեն շտաբում, զեկուցեցինք այն, ինչ տեսել էինք և վերլուծեցինք թշնամու ճամբարում տիրող իրական վիճակը:

-Եվ ի՞նչ եք առաջարկում:- Գեներալ Դալիբալթայանը հարցական նայեց Մոնթեի կողմը:

-Նախ թող Ամարասն ասի, քանի որ ծրագրի առյուծի բաժինը, որ ներկայացնելու եմ, իրագործելու են նա և իր մարդիկ:

-Նշանակում է, Ավո, դու համաձայն ես դրա հետ:- Ժպտաց գեներալը և դարձավ ինձ:- Իսկ քեզ ես չեմ էլ հարցնում, գիտեմ, որ դու այդ հույսով էլ ապրում ես: Դե լավ է, պայմանավորվեցինք:

-Ե՞րբ ենք սկսում, պարոն նախարար,- հարցրի ես, բայց նախարարը բերանը չբացած՝ գեներալը սաստեց ինձ.

-Մի՛ շտապիր: Հարկավոր է ամեն ինչ ծրագրել, հաշվարկել, կենտրոնացնել ուժերն ու միջոցները: Քո կարծիքով դա հե՞շտ բան է՝ մեկ, երկու, և վերջ: Լուրջ գործերն այդպես չեն արվում:

-Դեդ, շտաբային բյուրոկրատիան մի քոքիր,- զայրացա ես:- Մեզ արկեր տուր, չորս ուղղաթիռ և տասներկու ջոկատ: Մի շաբաթ անց Քարվաճառը մերը կլինի:

-Հա-հա-հա,- մի տեսակ անբնական ծիծաղեց գեներալը:- Կարծում ես, որդյակ, եթե կարողանում ես կրակել ու գնալ հետախուզության, ուրեմն ընդունա՞կ ես համազորային գործողություն ղեկավարել:

-Այո, Դեդ, ընդունակ եմ: Իմիջիայլոց, մեր հաղթանակները տարել ենք առանց ձեր էդ շտաբային բարդությունների: Ես շտաբային սպաներին տեսել եմ միայն այն ժամանակ, երբ զեկուցում էիք մարտերի արդյունքների մասին: Պետք չէ մեզ կռվել սովորեցնել, սա սովետական բանակը չէ: Խորհրդային Միությունը սնանկացավ ու փլվեց, նշանակում է՝ բանակն էլ չփրկեց նրան, չկարողացավ փրկել: Այսինքն սնանկացավ, ինչպես և երկիրը: Մենք միայն մի բան ենք խնդրում ձեզ. ժամանակին ապահովեք մեզ զենքով, տեխնիկայով, զինամթերքով, վառելիքայուղով, սնունդով ու ջոկատներով: Եվ այնպես արեք, որ ամբողջ ավարը, ամբողջ հարստությունը, որ մենք կվերցնենք Քարվաճառում, բաժին հասնի խեղճ ժողովրդին, ոչ թե մի խումբ պաշտոնյաների ու պետերի:

-Դու շատ բան ես քեզ վրա վերցնում,- մռայլ ասաց գեներալը ու մի կողմ քաշվեց:

-Ինչո՞ւ ես նեղացնում մեր գեներալին, Արթուր, չէ՞ որ նա քո ընկերն է,- տարակուսած հարցրեց Վազգեն Մանուկյանը:

-Այո, պարոն նախարար, իմ ընկերն է, բայց ես գիտեմ, դուք կվերադառնաք Հայաստան, կսկսվեն խորհրդակցությունները, պետք կլինի մի միլիոն դոլարի հայտ, կանցնի մեկ-երկու ամիս, մինչև դուք կուղարկեք անհրաժեշտ բաները: Էդ ընթացքում իրավիճակը կփոխվի, ու ամեն ինչ ջուրը կընկնի:

-Մի անհանգստացիր, ամեն ինչ լավ կլինի, խոսք եմ տալիս,- ասաց նախարարը: Նրանք գեներալի հետ շնորհակալություն հայտնեցին մեզ հայրենիքին ծառայելու համար, նստեցին մեքենաները և գնացին: Մոնթեն ասաց, որ իր կարծիքով ես ճիշտ էի ու ինքն ինձ հետ համաձայն է: Գեներալի հետ ես ռուսերեն էի խոսում, և մեր զրույցը Մոնթեի համար թարգմանում էին:

-Դե, արի հրաժեշտ տանք, Ավո,- ասացի ես:- Լավ էր քեզ հետ հետախուզության գնալը, դու հուսալի մարդ ես:

-Այո, Արթուր, ես կհիշեմ այս օրերը: Ո՞վ կմտածեր, որ ջազի թմբկահարը հրաշալի հրամանատար կդառնա: Հույս ունեմ, որ դեռ կհանդիպենք:- Ու գնաց իր Մարտունին:

Մեկ օր անց ինձ հետ կապվեց Սերժ Սարգսյանը և նախազգուշացրեց, որ ծիծեռնակն ինձ մոտ ծլվլալու կթռչի, ու ես պետք է տեղում լինեմ: Երկու ժամ անց Գանձասար վանքի մոտ վայրէջք կատարեց ուղղաթիռը, ու ես շտապեցի այնտեղ: Եկել էին Հայաստանի քաղաքացիական ավիացիայի օդաչուներ, ես նրանց ճանաչում էի Ղարաբաղյան շարժման գրեթե առաջին օրերից: Իմ լավագույն ընկեր Սերգեյ Վանցյանի խոսքով, Վազգեն Մանուկյանը խնդրել էր իրենց ցույց տալ հակառակորդի այն օբյեկտները, որոնք հարկավոր է ռմբակոծել մինչև Քելբաջարի օպերացիան սկսելը: Ուրախացա ու հանեցի իմ տեղագրական քարտեզը, խաչերով ու շրջանակներով նշեցի այն կետերը, որ ենթակա էին ոչնչացման օդից:

Անցավ ևս տասն օր, և ինձ կանչեցին Ստեփանակերտ՝ Սերժ Սարգսյանի մոտ: Նա շշմեցրեց ինձ, նշանակելով սպասվող գործողության հրետանու պատասխանատու: Այդ նշանակումից ապշած՝ ես հարցրի. իսկ ով է լինելու օպերացիայի հրամանատարը:

-Ոչ ոք,- անփույթ ասաց Սերժը,- մենք որոշեցինք, որ օպերացիան հրամանատար չի ունենալու: Նշանակված են ուղղությունների հրամանատարներ, ընդամենը չորս հոգի են, ամեն մեկն իր կոնկրետ առաջադրանքն ունի:

-Իսկ ով է լինելու իմ զորքերի հրամանատարը,- զսպելով ինձ, որ ավելորդ բաներ չասեմ, հարցրի ես:

-Նորիկ Դանիելյանը, Մարտակերտի հենակետի հրամանատարը:

-Ինչի՞ համար եմ ես պատժվել, Սերժ: Մի ամբողջ տարի պատրաստել եմ այդ օպերացիան, և վերջին պահին ինձ հեռացնում եք պաշտոնից ու նշանակում հրետանու…

-Դե, այդպես է որոշված,- մատնեց նա իրեն, փախցնելով հայացքը:

-Ես գիտեմ, դու չես որոշել, դու հաստատել ես ուրիշի որոշումը: Ճի՞շտ է:

-Խոսակցությունն ավարտված է, Արթուր, գնա պատրաստվիր: Մտածիր, գուցե այդպես ավելի լավ է…

Ես դուրս եկա առանց հրաժեշտ տալու, իսկ Գանձասար գնալու ճանապարհին հասկացա, որ նման որոշում կարող էին կայացնել միայն Ռոբերտ Քոչարյանը և ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանը: Նրանց հետ իմ հարաբերությունները չէին ստացվում, երևի այդ պատճառով էլ ինձ ցույց էին տվել իմ տեղը: Ինձ թույլ էին տվել մանրակրկիտ մշակել օպերացիան, իսկ պտուղները քաղելու էին իրենք: Նրանց համար դաս էր եղել Շուշիի գրավումը, որի հրամանատարը Արկադի Տեր- Թադևոսյանն էր՝ Կոմանդոսը: Հենց այդտեղ Քոչարյանն ու Բաբայանը տեսան, թե ինչպես նա մի ժամում դարձավ լեգենդ: Նրանք ոչ միայն նախանձում էին նրան: Կոմանդոսը դրանից հետո դարձավ միանգամայն ինքնավստահ ու անկառավարելի նրանց համար: Իսկ դա գցում էր նրանց հեղինակությունը: Շուշիի հաղթանակից հետո ոչ մի խոշոր գործողության ժամանակ նրանք հրամանատար չէին նշանակում, և, նստելով իրենց սենյակներում սուրճի բաժակի կամ կոնյակի գավաթի շուրջ, եթերում վերահսկում էին մարտը, որոնք տեղում ղեկավարում էին դաշտային հրամանատարները:

Շուտով մեզ մոտ բազա եկան տարբեր ջոկատների հրամանատարներ, հարցուփորձ արեցին, ճշտեցին, խնդրեցին բացատրել իրենց համար անհասկանալի պահերը: Նորիկ Դանիելյանը մեղավոր ձայնով ասաց, որ ինքը հարգում է ինձ ու հպարտանում, որ իմ ընկերն է, ինչ վերաբերվում է չարաբաստիկ նշանակմանը, այդպես է որոշել «կամանդույուշչին»՝ Սամվելը:

-Ինքդ էլ հասկանում ես, մենք զինվոր ենք, հրամանը հրաման է…

-Մոռանանք էդ մասին, Նորիկ: Իմ բոլոր տղաները նախազգուշացված են, որ դու ես իրենց հրամանատարը, այդպես է պետք: Հարցեր կառաջանան՝ կկապվես ինձ հետ պահեստային հաճախականությամբ, որի մասին միայն ես ու դու կիմանանք:

-Շնորհակալ եմ, Արթուր, մինչ հանդիպում Քելբաջարում:

-Չէ, Նորիկ, մինչ հանդիպում Կիրովաբադում, դա է մեր վերջնական նպատակը:

Ցավոք, վերցնել Գյանջան՝ նախկին Կիրովաբադը, մեզ թույլ չտվեցին: Բայց դա առանձնահատուկ խոսակցություն է…

Քելբաջարյան գործողությունը, ինչպես և ենթադրում էի, տևեց հինգ օր ու ավարտվեց մեր հաղթանակով: Մենք ամբողջությամբ մաքրեցինք Քարվաճառի շրջանը ադրբեջանցիներից և Արցախի հյուսիսը միացրինք Հայաստանին:

Հ. Գ. Քելբաջարի ազատագրումից մի քանի ամիս անց Նորիկ Դանիելյանին գնդակահարեցին: Սպանությունն այդպես էլ չբացահայտվեց, մեղավորները չպատժվեցին:

--

--