Ստորջրյա խութեր

Artur Aleksanyan
Կյանքի Իրավունք
4 min readDec 5, 2019

1979 թվականին, ավարտելով ծառայությունս, վերադարձա Ստեփանակերտ: Ինձ նշանակեցին Կոշիկի գործարանի կուլտուրայի տան տնօրեն և գեղարվեստական ղեկավար: Բայց ժամանակը փոխել էր ինձ: Ես հասունացել էի: Եվ ինքնագործ նվագախմբի մակարդակն արդեն ինձ չէր ոգեշնչում: Դա արդեն անցյալ էր: Ես ուզում էի աճել, դառնալ բարձր կարգի պրոֆեսիոնալ: Դրա համար հարկավոր էր սովորել, հղկել տեխնիկական մակարդակը և աշխատել պրոֆեսիոնալ կոլեկտիվում: Բայց որտե՞ղ: Իմ քաղաքում պահանջներիս համապատասխանում էր միայն «Ղարաբաղ» Պետական էստրադային նվագախումբը, որի նոր կազմը ղեկավարում էր Կիմ Առաքելյանը: Ինձ ընդունեցին առանց որևէ մրցույթի ու ատեստացիայի, թեև ես այդպես էլ չուենցա ոչ երաժիշտի դիպլոմ, ոչ բարձրագույն կրթություն: Այն ժամանակվա համար շատ բարձր աշխատավարձ սահմանեցին՝ 350 ռուբլի, ինչը լիովին բավարարում էր ինձ: Պլյուս ինձ անհապաղ հատկացրին մեկ սենյականոց բնակարան և թույլ տվեցին շաբաթ-կիրակի նվագել ու փող վաստակել հարսանիքներում:

Կոլեկտիվը լավն էր, կազմված էր տեղի երաժիշտներից, բացառությամբ երկու բաքվեցիների՝ համերգավար Կարեն Ավանեսյանի և բաս կիթառահար Ալեքսանդր Ռուդենկոյի:

Երբ ինձ արդեն ընդունել էին նվագախումբ, մեզ մոտ աշխատելու ցանկություն հայտնեցին շատ հայտնի ջազմեններ Վլադիմիր Արզումանյանը, Վալերի Գասպարյանը և Վլադիմիր Օվչյանը՝ իմ հին ընկերները: Մենք նվագում էինք ցանկացած ժանրում:

Նվագախումբը հյուրախաղերով հանդես էր գալիս ոչ միայն Ղարաբաղում, որը ես չափել էի լայնքով ու երկայնքով, այլև ամբողջ հսկայական խորհրդային երկրում, որը դեռևս չէր փլուզվել: Ազատ օրերին էլ և՛ ես, և՛ ընկերներս, փող էինք աշխատում հարսանիքներում և այլ հանդիսություններում: Զուգահեռ ես աշակերտներիս հետ պարապում էի սեփական ստուդիայում:

1981 թվականին Բաքու էր ժամանել ԽՄԿԿ կենտկոմի գլխավոր քարտուղար Լեոնիդ Բրեժնևը: Այցի ծրագրում Հեյդար Ալիևի պարգևատրումն էր ինչ-որ շքանշանով՝ «հարազատ կուսակցությանը» և ոչ պակաս հարազատ երկրին մատուցած ինչ-որ հատուկ ծառայությունների դիմաց: Բնականաբար, այդչափ կարևոր միջոցառումը պիտի նշանավորվեր հանդիսավոր համերգով: Համերգը կայացավ: Մասնակցեցին մշակույթի ադրբեջանցի գործիչներ, նրանց թվում՝ երաժշտական տարբեր կոլեկտիվներ: Ծրագրում ներառված էր նաև «Ղարաբաղ» էստրադային խմբի ելույթը:

Մեր մենակատարուհին՝ Ադրբեջանի ժողովրդական արտիստուհի Նաիրուհի Ալավերդյանը, պետք է կատարեր հայկական ժողովրդական «Շողոտ, շաղոտ» երգը: Մեր ելույթից առաջ հանդես էր գալիս Ադրբեջանի ժողովրդական արտիստուհի Զեյնաբ Խանլարովան, ադրբեջանցի հանդիսատեսի իսկական կուռքը: Հիշեցնեմ, որ Խանլարովային սիրում էին նաև Հայաստանում: Նրա պարբերական համերգները Երևանում անցնում էին լեփ լեցուն դահլիճներում: Թվում էր, թե գնահատելով հայ հանդիսատեսի սերն իր հանդեպ, Զեյնաբը հայերիս պետք է որ ջերմորեն վերաբերվեր և գոնե՝ օձություն կամ կեղտոտություն չաներ: Քանի դեռ նա ելույթ էր ունենում, մենք կուլիսներում պատրաստ սպասում էինք: Բեմից հեռանալիս՝ նա կուլիսներում կանգնեց իմ դիմաց ու իբր պատահաբար ոտքով խփեց իմ մեծ թմբուկի ոտնակին՝ հեգնանքով նայելով վրաս ու սպասելով իմ արձագանքին: Բայց ինձ համար այդ պահին կարևորը նա չէր: Թմբուկի ոտնակը կոտրվել ու ընկել էր մի կողմ: Այդ պատճառով ալտ-թմբուկները վայր ընկան ու գլորվեցին տարբեր կողմեր: Հենց այդտեղ էլ հայտարարեցին մեր համարը, և վարագույրը բացվեց: Ես, իհարկե, շփոթվեցի, բայց հավաքեցի ինձ, սկսեցի հաշիվը, նվագախումբը սկսեց նվագել, ու մենակատարուհին երգելով բեմ դուրս եկավ: Մինչև վարագույրը բարձրանում էր, ուղեղիս մեջ մի միտք էր. իսկ եթե հանկարծ ադրբեջանցի երգչուհու լկտիությունից Նաիրուհին հրաժարվի երգե՞լ… Ի՞նչ կլինի: Բարեբախտաբար, մեր երգչուհին հիստերիա չսարքեց: Ինչ վերաբերում է ինձ, ես իմ գործը կատարեցի, մնացած երկու թմբուկով ու երկու ծնծղաներով, քանի որ հարվածային գործիքների կարևորագույն բաղադրիչները՝ մեծ թմբուկը, երկու ալտ-թմբուկները, հայ-հեթը և ծնծղան թավալվում էին բեմի կենտրոնում:

Նվագախմբի երաժիշտները, քաջ ծանոթ լինելով թմբուկների ամբողջ հավաքածուի ճոխ ներկապնակին, չշփոթվեցին ու երգը՝ առաջին տակտից սկսած, գերազանց հասցրին ավարտին: Հանդիսատեսի մեծամասնությունն այդպես էլ չհասկացավ, որ մեզ հետ, մեղմ ասած, «վթար» է տեղի ունեցել, ու բեմին թավալվող թմբուկներն հավանաբար ընկալվեցին որպես բեմի ձևավորման տարրեր: Տոկուն Նաիրուհին, հավաքելով կամքն ու ուժը, ի հեճուկս Զեյնաբ Խանլարովայի, երգեց առանձնահատուկ վերելքով, ու դահլիճը ցնծությամբ ընդունեց նրան: Ամենակարևորը՝ մենք չկոտրվեցինք: Մտածում էինք, որ կամ Զեյնաբը հիմար կատակ էր արել, կամ ուզել էր ձախողել մեր համարը և հեռացնել հայկական կոլեկտիվը և հայկական կուլտուրան ի պատիվ երկրի առաջին դեմքի՝ «անձամբ Լեոնիդ Իլյիչ Բրեժնևի» տրվող համերգից: Այդ դեպքում դա ոչ այլ ինչ էր, քան լկտիություն՝ քաղաքական աստառով:

Բայց ամեն ինչ լավ է, երբ լավ է վերջանում: Համերգից հետո Նաիրուհի Ալավերդյանը կազմակերպիչներին դժգոհություն չհայտնեց, առավել ևս՝ չբողոքեց Զեյնաբ Խանլարովայից: Ասենք՝ ո՞ւմ բողոքեր: Բաքվի չինովնիկների՞ն՝ իրենց սիրեցյալից: Դա ավելի հիմար քայլ կթվար, քան Զեյնաբի արածը, և հետևանքները կբարդվեին ոչ թե Զեյնաբի, այլ մեզ վրա:

Ելույթի ժամանակ ես աչքի պոչով հետևում էի երկու գլխավոր հանդիսատեսների՝ Բրեժնևի ու Ալիևի ռեակցիային: Նրանք նստած էին առաջին շարքում: Ալիևն ինչ-որ բան շշնջաց Բրեժնևի ականջին: Հետաքրքիր է, ինչպես է նա մեկնաբանում մեր ելույթը կամ ցանկացած այլ համար: Արդյոք հյուրի ուշադրությո՞ւնն էր սևեռում Նաիրուհի Ալավերդյանի գրավչությանը: Բա ուրիշ ի՞նչ կարող էին քննարկել արվեստի այդ «գիտակները»:

Որքան էլ տարօրինակ էր, Բաքվի բեմում կատարված այդ անմիտ միջադեպը երկար ժամանակ մտքիցս դուրս չէր գալիս: Ավելին. դարձավ հայ-ադրբեջանական հարաբերությունների յուրօրինակ խորհրդանիշը: Երկու ժողովուրդների միջև լարվածությունը սպառնում էր վերաճել լուրջ կոնֆլիկտի: Տատիկիս ու մասամբ՝ հորեղբորս հոգեցունց պատմությունները միայն ուժեղացնում էին նախատրամադրվածությունն ու կանխազգացումը: Այս անգամ Բաքվից մենք վերադարձանք վիրավորված, բայց ծանրացած սրտով ու գլուխներս բարձր: Մեկ րոպեն էլ բավական էր, որ զգայինք, թե ինչ մութ ամպեր են կուտակված Ղարաբաղի գլխին: Ես մեծացել էի որպես ինտերնացիոնալիստ ու մտածում էի, որ մարդու ազգային պատկանելությունը չի կանխորոշում նրա հոգևոր որակները: Իմ ժողովրդի ազգային պրոբլեմների մասին որոշ պատկերացում ունեի կենցաղային մակարդակով գիտեի այն, ինչ տեսել էի իմ աչքերով ու լսել իմ ականջներով նրանցից, ում հավատում էի: Դպրոցի մասին հիշատակել անգամ չարժե: Խորհրդային դպրոցն առհասարակ համառորեն շրջանցում էր ցանկացած լուրջ հիմնախնդիր: Երեխան սովորում էր միայն լոզունգներ և առաջին դասարանից հարմարվում էր երեսպաշտությանը: Կային հարցեր, որ չէր կարելի տալ ուսուցչին: Կային բաներ, որոնք չէին քննարկվում դպրոցում: Իսկ ես, բացի այդ, սովորել էի ռուսական դպրոցում, որտեղ ազգամիջյան հարաբերությունների մասին ցանկացած հարցի վրա խիստ տաբու էր դրված: Բայց եթե ինչ-որ թեմայի մասին թերթերում չէին գրում, հեռուստատեսությամբ ու կուսակցական կամ կոմերիտական ժողովներում չէին խոսում, չէր նշանակում, թե այն գոյություն չունի:

Բրեժնևը մեռավ, և մի քանի տարի անց կուսակցական գահին հայտնվեց Միխայիլ Գորբաչովը, որն ավելի ուշ թաղեց ԽՍՀՄ-ը: Սկզբում ամեն ինչ առաջվա պես էր, ընդամենը սկսվեցին փոփոխությունների մասին առաջին ակնարկները: Փոփոխություն դեռ չկար, միայն անհամարձակ հույսեր էին առկայծում, թե քարացած, սառցակալած երկիրը կհալվի ու կկենդանանա: Ու երբ օդում թևածեց փոփոխությունների մեղմ քամին, Ղարաբաղում սկսվեց Հայաստանին վերամիավորվելու շարժումը: Նախ ստորագրահավաքն էր համապատասխան դիմումով: Ստորագրությունները հավաքվում էին գաղտնի: Ընդհատակյա խմբերը, որոնք ստորագրություններ էին հավաքում, ղեկավարում էր Արկադի Կարապետյանը:

--

--