Տանկերը կիրճում

Artur Aleksanyan
Կյանքի Իրավունք
5 min readDec 10, 2019

Արևային մի առավոտ ես օպերատիվ խորհրդակցություն էի անցկացնում ճակատի շտաբում Հաթերքի կիրճի ջոկատների հրամանատարների հետ: Անսպասելի մեզ մոտ է մտնում ԼՂՀ Պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետ, գնդապետ Սեյրան Օհանյանը՝ իմանալու, թե ինչպես են մեր գործերը, ինչ ծրագրեր և խնդիրներ ունենք: Իրավիճակի վերաբերյալ իմ զեկուցումից հետո նա, իր հերթին, պատմեց այլ ճակատներում տիրող օպերատիվ իրավիճակների մասին: Նրա պատմածը ընդհատեց շտաբի հերթապահը, զեկուցելով, որ ադրբեջանական 3 տանկ թիկունքից գյուղ են մտել և կիրճով շարժվում են ուղիղ դեպի շտաբ: Մենք դուրս թռանք բակ՝ վազելիս հետագա գործողությունների մասին մի քանի բառ փոխանակելով և ցրվեցինք դիրքերը: Սեյրանը հրամանատարների հետ բարձրացավ բարձր թմբի վրա, որտեղից լավ երևում էին կիրճն ու գյուղը, իսկ ես շարժվեցի դեպի ճանապարհը, որտեղից զրնգալով գալիս էին տանկերը: Ինչպես միշտ, ինձնից հետ չէր մնում Դավիթը: Հինգ րոպե անց տանկերը երևացին և ես, թաքնվելով ծառերի մեջ, տենդագին մտածում էի, թե ինչ նախաձեռնեմ: Տանկերը երեքն էին: Նրանցից յուրաքանչյուրի աշտարակի ետևում ինչ-որ կերպ դիզած և ամրացված էին կենցաղային իրեր՝ սառնարաններ, բազմոցներ, հեռուստացույցներ, գորգեր: Այդ ամբողջը քիչ առաջ թալանվել էր Ալիշան գյուղից: Նման բան նախկինում ես չէի տեսել, երևի՝ միայն ֆաշիստների մասին ֆիլմերում և վավերագրական հազվադեպ լուսանկարներում, ուր պատկերված էին ռազմավարով բերնեբերան լցված բեռնատարներ ու վագոններ, որոնք Հայրենական մեծ պատերազմի վերջում հայրենիք էին ուղարկում սովետական գեներալներն ու մարշալները: Այնուամենայնիվ, հայերիս հրեշտակ չներկայացնեմ՝ այդպիսի ռազմավարներից չէին խորշում և մերոնք, երբ ազատագրում էին Շուշին, Քարվաճառը (Քելբաջար)… Գուցե դա պատերազմական ժամանակի ցավալի, բայց գործնականում անխուսափելի բաղադրիչն է: Բայց թալանված ավարն այդպես՝ մարտերին մասնակցող տանկերի վրա տանել… Չեմ պնդի, բայց, ըստ իս, դա ադրբեջանական քաղաքակրթության հրաշալի բացահայտումներից է, որի ֆոնին խամրում է Արքիմեդի օրենքը…

Մի ասացվածք հիշեցի, որ լսել էի որպես տանկիստ արագացված ծառայություն անցնելիս. «Սարսափելին ոչ թե տանկն է, այլ անձնակազմը»: Ես հասկացա, որ այդ տանկերում հիմարներ են, որոնք չեն հասկանում, թե ինչ է կարելի և ինչ չի կարելի անել ռազմական մեքենայի հետ: Փաստորեն նրանք կրակելու համար չէին կարող, ավելի ճիշտ չէին էլ ուզի պտտել տանկի աշտարակը, որովհետև թեթևակի թեքելու դեպքում բոլոր սառնարանները, կահույքը և գորգերը կթափվեին թրթուրների տակ: Մի խոսքով՝ անձնակազմի ինտելեկտի մակարդակը ոչ թե չէր համապատասխանում ռազմագիտության սկզբունքներին, այլ վկայում էր պարզ տրամաբանության բացակայության մասին: Նշանակում է, ոչ միայն կարելի է, այլև անհրաժեշտ է վա-բանկ գնալ: Ես ռացիայով կապվեցի Սեյրանի հետ և զեկուցեցի իրավիճակը: Սեյրանն ասաց, որ տեսնում է թե՛ ինձ, թե՛ տանկերը:

-Դուրս չգաս,-զգուշացրեց նա,- մենք հիմա նրանց «Ֆագոտից» կխփենք:

-Սպասիր, Սեյրան, մի կրակեք,- խնդրեցի ես:- Հիմա կկանգնեցնեմ շարասյունը, իսկ հետո կրակեք երրորդ տանկին: Խնդրում եմ՝ միայն երրորդ տանկին:

-Ո՞նց կկանգնեցնես:

-Կտեսնես:

Դավիթին հրահանգեցի, որ ծածկի ինձ կրակով և ատրճանակը ձեռքս վազեցի դեպի առաջին տանկը: Մի 20 մետր տանկին չհասած, փոքրիկ մի փոս էի նկատել, քցվեցի դրա մեջ, սեղմվեցի քարերին ու հետևում եմ: Սկզբում կանգնեց առաջին տանկը, հետևից, բնականաբար, երկրորդն ու երրորդը: Մանևրելու տեղ չկար՝ նեղ ճանապարհի երկայնքով աջից և ձախից ձգվում էր բարձր, տեղ-տեղ ուղղաձիգ լեռնային զանգված: Ամեն դեպքում ես ռացիայով հիշեցրի Սեյրանին.

-Կրակեք միայն վերջին տանկին, պայմանավորվեցի՞նք:

Այդ ընթացքում առջևի տանկը սկսեց փողն ուղղել ինձ վրա, բայց ես այնքան մոտ էի պառկած, որ համոզված էր. ինձ դիպչել չի կարող, ընդամենը կարող է խլացնել և քարե բեկորներով թեթևակի վիրավորել: Բացեցի բերանս և կկոցելով աչքերս՝ պինդ փակեցի ականջներս:

Հնչեց համազարկը: Երկիրը դղդրաց փոշու մեծ և խիտ կույտը ծածկեց ինձ: Պայթյունը խլացրեց ինձ ավելի, քան սպասում էի: Բախտս բերեց, որ իմ փոս-թաքստոցը բավականին խորն էր ու քարերով լի: Ճանապարհը, որով կրիայի պես սողում էին ավար փախցնող տանկերը, քարքարոտ էր, կիրճի նեղ հատակն էր, որը ձևավորվել էր զանգվածեղ ժայռոտ լանջերից:

Մի րոպե անց, երբ փոշու ամպը հազիվ էր նստել, որոտաց երկրորդ պայթյունը: Սեյրանի «Ֆագոտի» կրակոցն էր: Ես դեռ ուշքի չէի եկել և վատ էի հասկանում, թե ինչ է կատարվում, իսկ ռացիայից խշշում էր Սեյրանի ձայնը. «Արթուր, պատասխանիր ինձ, Արթուր: Ո՞նց ես»: Ես կամաց-կամաց ուշքի էի գալիս: Ռացիան պահանջում էր արձագանքել, բայց հենց այդ րոպեին առաջին տանկի աշտարակի կափարիչը բարձրացավ: Այնտեղից դուրս եկավ սև սաղավարտով հրամանատարի գլուխը: Ըստ ամենայնի, որոշել էր ինձ գերի վերցնել: Ես հանեցի ատրճանակի ապահովիչը և սպասում եմ: Տանկի հրամանատարը կատարյալ ապուշի պես դանդաղ հանեց ավտոմատը լյուկից և նույնքան դանդաղ առավ ինձ նշանառության տակ: Դեռևս պայթյունի հզոր ալիքից լիարժեք ուշքի չեկած ՝ ես էլ ինձ ապուշ զգացի, բայց ոչ այդ աստիճան: Առանց երկար մտածելու բարձրացրի ատրճանակը և կրակեցի գլխին: Կպավ: Հիմա էլ բարձրանում է նշանառուի լյուկը ու տակից նույն կերպ դանդաղ դուրս է գալիս ևս մի սև գլուխ և… Դրվագը կրկնվում է: Տանկիստը վախվխելով պտտում է գլուխը, ես կրակում եմ, գլուխն անօգնական թրխկում է կափարիչին: Երևում է, Սեյրանը հեռադիտակով հետևում էր այս մնջախաղին և հավանաբար ծիծաղեց: «Ապրես»,- խռխռաց ռացիան: Տեսնում եմ երկրորդ տանկը փորձում է շարժվել տեղից, բայց ոչ առաջ, ոչ հետ, ոչ աջ, ոչ էլ ձախ շարժվել ի վիճակի չէ: Տանկը ծուղակում է՝ առանց դուրս գալու հավանականության: Բայց ինձ դեռ հետաքրքրում էր առաջին տանկը: Նրա մեխանիկ-վարորդը՝ անձնակազմի երրորդ անդամը, դեռ աչքովս չէր ընկել, բայց հո անվերջ տանկի մեջ չէ՞ր մնալու: Մի խոսքով՝ սպասում եմ և վերջապես ի՞նչ տեսնեմ. Խեղճը վախվորած, դանդաղ, ավելի դանդաղ, հետույքն առաջ գցած դուրս է սողում դեսանտային լկուկից, որ հարկ եղած դեպքում անմիջապես հետ սողա: Այդպիսի առիթը բաց թողնել, հավատացեք, չէի կարող: Ոչ, դա անհնար էր: Ես նշան բռնեցի, ոնց արտահայտվեմ… նրա ետնամասի ուղիղ տասանոցին: Հուսով եմ, որ համբարձման կարճատև ակնթարթում ադրբեջանցի տանկիստը հասցրեց գիտակցել, որ ճակատագրական հարվածն իրեն հասցրի հենց ես, Ամարասի Արթուրս՝ ողջ հայ ժողովրդի անունից:

…Վրա հասած տղաները գերի վերցրին երկրորդ և Սեյրանի խփած երրորդ տանկերի անձնակազմին: Ես անձամբ նստեցի գերի վերցրած տանկի ղեկին և քշեցի իմ շտաբի մոտ: Խփված երրորդ տանկը քարշակով շտաբ հասցրեց երկրորդ տանկը, իսկ այդ ընթացքում Սեյրանն ուղարկեց մարտիկներին անտառի մատույցները ադրբեջանական հետևակից մաքրելու, որտեղից նրանք ոգևորված հետևում էին կիրճում ծավալվող տանկային շոուին: Ի դեպ, այդ երեք տանկերը Դրմբոն էին ուղևորվել ամենևին ոչ պատահական: Թշնամին ծրագրել եր տանկերն առաջը գցած, հետևակային շարասյունով, տպավորիչ կերպով գյուղ մտնել և զեկուցել հրամանատարությանը փառահեղ հաղթանակի մասին: Այ այսպես էլ կռվում էին ադրբեջանցիները: Իսկ հիմա այստեղ-այնտեղ շաղակրատում են, թե մեզ հայերը չեն հաղթել, ինչ արել են, ռուսներն են արել: Նրանք ոչ միայն ղեկավարում էին հայերին, այլ նրանց փոխարեն կռվում էին ճակատում:

Իսկ ինչ վերաբերվում է որպես ավար մեր վերցրած երեք տանկերին, դրանք փառքով ծառայեցին մեզ մինչև պատերազմի ավարտը: Մինչ այժմ էլ դրանք գտնվում են մարտական շարքում են, ճիշտ է, առանց վրան բարձված հեռուստացույցների, սառնարանների, բազմոցների և հայկական կոնյակ խմելու համար հարմարեցված փոքրիկ սեղանների: Գուցե հեռավոր ապագայում ադրբեջանցիներն իրենց տանկերի համար հատուկ կատարելագործված նախագիծ ստեղծեն և այն, ինչ տեսանք, դեռ լաբորատոր փորձարկում էր: Չգիտեմ և չեմ հանդգնի դատել, բայց մտահղացումը, խոստովանեք, չափազանց խիզախ էր:

Բրավո:

--

--