Քառուղիներում

Artur Aleksanyan
Կյանքի Իրավունք
6 min readDec 4, 2019

Ընկերներով երազում էինք դպրոցն ավարտելուց հետո ընդունվել Սահմանապահ զորքերի ակադեմիա, դառնալ սպաներ: Սակայն ինձ խանգարեց առողջությունս. Բաքվի բժշկական հանձնաժողովը մերժեց ինձ: Փոխարենը զինված ուժերում շարային ծառայության համար բժիշկները խոչընդոտներ չտեսան, և ինձ զորակոչեցին բանակ:

Ես տասնինը տարեկան էի: Ծառայում էի Բաթումիի տանկային գնդում, զինվորական մասնագիտությամբ՝ տանկի վարորդ-մեխանիկ էի: Այդ մասնագիտությունն ստացել էի Գորիում, Իոսիֆ Ստալինի ծննդավայրում: Ուսուցումը տևեց կես տարի: Նոր զբաղմունքս սրտովս էր: Ուսումնական մասում՝ «ուչեբկա», բարեխղճորեն էին սովորեցնում, ինձ էլ հետաքրքիր էր գործը և ես դարձա T-154 տանկի օպերատոր-վարորդ: Տարօրինակ է, բայց ծառայությունն էլ դուրս եկավ: Կարգապահության ես վարժված էի դեռ մանկությունից, ինձ շատ բան էր սովորեցրել կոլխոզում աշխատելը: Որքան էլ տարօրինակ էր, ինձ համար ոչ միայն սովորական, այլև հաճելի էր ենթարկվել օրվա ռեժիմի երկաթե կարգապահությանը և առանց ներքին ըմբոստության էի ընդունում, որ մեզ՝ նորակոչիկներիս, անխնա «չլում» էին պարապմունքներին: Սիրելով բանակը, ես սիրեցի նաև զինվորական գործը, նույնիսկ՝ դաշտային պայմանները: Բանակային միջավայրում միանգամից զգացի ինձ ինչպես ձուկը ջրում: Ծառայում էի հաճույքով, արյունս եռում էր:

Ջանասիրաբար կատարելով հրամանատարների առաջադրանքները, ես դարձա օրինակելի զինվոր: «Ուչեբկայի» ավարտին ինձ շնորհեցին կրտսեր սերժանտի կոչում ու տվեցին մի փոքրիկ պաշտոն: Ես մի աստիճան վեր կանգնեցի իմ շատ հասակակիցներից ու առաջին անգամ զգացի իշխանության համը: Սկզբում ամաչում էի դրանից, ենթականերիս հետ պահպանում էի բարեկամական հարաբերություններ: Բայց շուտով ականջիս հասավ, որ խոսում են, թե ինչ առաջադրանք տալիս են, ձախողում եմ: Պարզվեց ենթականերս իմ հանձնարարությունները բանի տեղ չէին դնում, և ստիպված ինքս էի ավարտին հասցնում այն գործերը: Այստեղ հասկացա, որ պետք է քեզ այնպես դրսևորես, որ քո հրամանները կատարեն: Պիտի պահանջես, որ քեզ հարգեն: Բանակում այլ կերպ չի ստացվի՝ ոչ մի բարեհոգություն, այլապես կնստեն գլխիդ: Այսպես ես յուրացրի զինվորականի վարպետությունը:

Մեր գունդը տեղակայված էր Սև ծովի ափից ոչ հեռու, Խելվաչաուրի ավանում: Կլիման դրախտային էր, միշտ տաք, և ես ինձ հրաշալի էի զգում, քանի որ փոքրուց սարսափելի մրսկան եմ եղել: Մեր գնդում կային միութենական կարծես գրեթե բոլոր ազգությունները, շատերի հետ ընկերացանք: Կային վրացիներ, աջարներ, օսեր, չեչեններ, մոլդավացիներ, լատվիացիներ, լիտվացիներ, էստոնացիներ, տաջիկներ, ուզբեկներ, ղազախներ, մի խոսքով, ինտերնացիոնալն՝ իր ամբողջ հմայքով: Տղաները, անկախ ազգությունից, տարբեր էին, մեկը հարմարվող, մեկը՝ բռնկվող ու ագրեսիվ: Պետք էր զգոն լինել:

Ես իմացա, որ գնդում կան հայեր և անգամ ղարաբաղցիներ: Անմիջապես սկսեցի որոնումները և երեք-չորս օրվա ընթացքում հաջողացրի գտնել բոլորին: Պարզվեց, որ գնդում կա քսանհինգ հայաստանցի և տասից ավելի ղարաբաղցի: Իհարկե, բոլորի հետ չես ընկերանա, բայց հայ լինելը մեզ ակամա միավորում էր և հարկ եղած դեպքում շտապում էինք միմյանց օգնության: Թեև դրա անհրաժեշտությունը առանձնապես չկար: Բոլորի հետ մենք պահպանում էինք լավ, մտերիմ հարաբերություններ: Իհարկե, ադրբեջանցիների հետ չէինք շփվում, նրանք ևս գերադասում էին չնկատել մեզ ու հեռու էին մնում: Բայց թշնամանք չկար: Իմ հիշողության մեջ մնացած միակ կոնֆլիկտը չեչենների հետ էր: Նրանք կարծես հատուկ ընտրված կռվարարներ լինեին ու անընդհատ վեճի առիթ էին փնտրում: Ամեն կերպ փորձում էին ցույց տալ իրենց առաջնայնությունը: Ասում էին, որ երբեմն բանը հասնում էր անգամ սպանության: Բայց դա հայերիս չէր վերաբերվում: Բացի մի դեպքից, երբ չեչենները դաժանաբար մի հայի էին ծեծել: Անտեսելը ճակատագրական սխալ կլիներ: Ես հավաքեցի հայերին ու ոչ միայն: Շատերն էին մեր կողմից: Մենք դաղեցինք չեչենների քամակները: Դրանից հետո նրանք ակնհայտորեն խաղաղվեցին, հարաբերությունները դարձան սառը, բայց հարգալից: Միջադեպը բավական աղմուկ հանեց, ես էլ պարագլուխն էի: Այնպես որ մի ժամվա մեջ իմ մասին իմացավ գունդը և անգամ՝ դիվիզիան:

Հաջորդ օրը ինձ իր մոտ կանչեց գնդի հրամանատարի քաղաքական գծով տեղակալ Բեսսերեբրեննիկովը: Ձեռքով բարևեց՝ հազվադեպ բան է բանակում, երբ հրամանատարը ստորադասին ձեռք է մեկնում, առավել ևս՝ ոչ սպայի:

-Ծանոթացել եմ քո անձնական գործին, սերժանտ,- ասաց նա:- Դու, պարզվում է, երաժիշտ ես, լավ երաժիշտ: Ունես դիպլոմներ տարբեր մրցույթներից, անգամ՝ միութենական, իսկ դա կատակ բան չէ: Ու տես ինչ եմ մտածել: Ինչու մեր գնդում չկազմակերպենք էստրադային նվագախումբ, հը՞: Ու ոչ թե ստից՝ երկու չըխկ, երեք դըխկ, հոյակապ նվագախումբ, որի մասին խոսի ամբողջ դիվիզիան: Ի՞նչ կասես: Ե՛վ դիվիզիան, և՛ մարզը: Կարո՞ղ ես, կստացվի՞:

-Փորձենք, ընկեր փոխգնդապետ: Մեծ ուրախությամբ:

-Ըհը, ուրեմն սկսիր: Հարցե՞ր:

-Իսկ ի՞նչ անեմ իմ տանկը, ընկեր փոխգնդապետ: Ո՞վ է քշելու, սպասարկելու: Նվագախումբը շատ ժամանակ կխլի:

-Դարդ մի արա,- ասաց նա ընկերաբար ու աչքով արեց:- Հենց վաղը քեզ կնշանակենք դիվիզիայի հրամանատարի մոտ, նրա տանկը կքշես:- Դեմքս ձգվեց:- Մի վախեցիր,- խնդաց:- Հրամանատարի տանկը երբեք դուրս չի գալիս բոքսից: Մինչև հիմա, համենայն դեպս, դուրս չի եկել: Այնպես որ, ոնց որ ասում են՝ գնա, ֆռֆռա… Ֆռֆռալը՝ ֆռֆռալ, բայց արդյունք ակնկալում եմ: Սկզբի համար մի համերգ կազմակերպիր Սովետական բանակի օրվա առթիվ, մեզ համար: Մի ամիս ժամանակ ունես:

Կարգավիճակս կտրուկ փոխվեց: Այսուհետ ես ազատ կարող էի դուրս գալ զորամասից ու վերադառնալ: Հրամանով ինձ նշանակեցին կայազորի Սպայի տան գեղղեկ: Սպայի տունը գեղեցիկ, լավ ճարտարապետությամբ շենք էր՝ 150 տեղանոց դահլիճով: Իսկ ինձ այնպիսի աշխատասենյակ տվեցին, որ կարող էի մինի ֆուտբոլ խաղալ: Սպայի տան դիմաց հիանալի այգի կար՝ արմավենիներով տեսարանը մարդու տրամադրություն էր բարձրացնում: Բայց զմայլվելու ժամանակն չկար՝ մի ամիսը կարճ ժամկետ էր: Ու ես գործի անցա: Նախ հավաքեցի երաժշտական գործիքներ նվագող զինվորներին: Գնդում գտնվեցին տղաներ, որոնք այս կամ այն չափով նվագում էին՝ մեկը սաքսոֆոն, մյուսը՝ փող, մյուսը՝ տրոմբոն կամ կոնտրաբաս: Լսեցի և ընտրեցի երգիչների ու երգչուհիների՝ գլխավորապես սպաների կանանցից ու երեխաներից: Նախապես համաձայնեցնելով՝ ծրագրում ընդգրկեցի,, հայրենասիրական թեմայով ստեղծագործություններ: Սկսեցինք փորձերը: Տրված ժամկետում տեղավորվեցինք, համերգը մի ամիս հետո կայացավ: Այն հաջողվեց, և ես ինձ զգում էի «գյուղի առաջին լավ տղա», ավելի ճիշտ՝ գնդի:

Տանկերը նահանջեցին երկրորդ պլան, իսկ առաջինում փորձերն էին, համերգները, Սպայի տան գեղարվեստական ինքնագործունեության խմբակները: Ապրում էի ուրախ-զվարթ, հաճախ տուն էի գնում, համ ծառայություն էր, համ աղայություն: Այդ օրերին չէի էլ պատկերացնի, որ ինձ դեռ կվիճակվի իսկական լուրջ ծառայություն տանել, որ կգա օրը, երբ ես կամավոր կգնամ ռազմաճակատ, և իրադարձություններն էլ կզարգանան ոչ թե ինքնագործունեության բեմում, այլ ռազմական գործողությունների թատերաբեմին:

Այսպես թե այնպես, պատանեկությունս էլ մնաց անցյալում: Ծառայության երկու տարիներն անցան, ես զորացրվեցի, վերադարձա տուն և մի երկու տարի ազատ կյանքից հետո ամուսնացա: Մեկը մյուսի ետևից ծնվեցին զավակներս՝ Ալյոշան ու Արմենը:

Ցավոք, ընտանեկան կյանքս լավ չդասավորվեց: Հիմա անիմաստ է փնտրել պատճառները, պարզել ճիշտն ու մեղավորը: Հինգ տարի տևած մեր ամուսնությունն ավարտվեց, ես ու կինս բաժանվեցինք: Բայց երեխաներն ինձ համար միշտ եղել են գլխավորը: Այդպես է նաև հիմա, երբ նրանք, վաղուց արդեն հասուն, նվիրել են ինձ երեք թոռնիկ. Ալեքսեյը՝ Արթուրին ու Իզաբելային, Արմենը՝ Անիին:

Իմ առաջնեկին անվանակոչեցինք սիրելի հորեղբորս պատվին: Մանկությանս տարիներին նա ինձ համար իսկական կուռք էր: Ճիշտ է՝ մի ժամանակ ինձ կտրականապես դուր չէր գալիս նրա անհանդուրժողական վերաբերմունքը ադրբեջանցիների ու թուրքերի հանդեպ, հիմա էլ դուր չի գալիս, ես համարում եմ, որ մարդը պիտի պատասխան տա իր անձնական արարքների համար, իսկ կոլեկտիվ պատասխանատվությունը կարող է մոլորեցնել մեզ: Չէ՞ որ անգամ ցեղասպանությունը ծայրահեղության հասցված կոլեկտիվ պատասխանատվության գաղափարն է պարունակում: Այս հայերը՝ սա ու սա, տականքն են՝ սրիկա: Ուրեմն՝ բոլոր հայերեն են տականք ու սրիկա: Ուրեմն՝ բոլորին պետք է ոչնչացնել…

Այն ժամանակ՝ տասնհինգ, տասնվեց տարեկանում, գլուխս չէր մտնում, թե հորեղբայրս ինչու է այդպես կոշտ վերաբերվում թուրքերին: Բայց շուտով ամեն ինչ կամ գրեթե ամեն ինչ պարզվեց: Մի անգամ հորեղբայրս հավաքեց բոլորիս՝ ճյուղավորված գերդաստանի բոլոր երեխաներին և պատմեց հայոց ցեղասպանության մասին, այն մասին, թե թուրքերն ինչպես են մորթել մեր Ելեն տատի եղբայրներին ու քույրերին, նրա մայրիկին և նրա հորը Պետրոս պապին: Նա հաճախ էր պատմում մեզ Մեսրոպ Մաշտոցի, Սայաթ Նովայի, Կոմիտասի մասին: Դրանք ոչ թե քարոզներ էին, այլ շատ անձնական պատմություններ ինչ-որ կոնկրետ առիթներով: Ալյո ամին՝ ինչպես նրան դիմում էինք, Ղարաբաղի մարզխորհրդի կուլտուրայի բաժնի վարիչն էր, և, իմիջիայլոց, շատ երաժշտասեր էր: Նրա պարտականությունների մեջ էր ժողովրդին լուսավորելը, աջակցելն ու զարգացնելը: Ընդ որում, «կուլտուրա» հասկացությունը նա ըմբռնում էր բացառապես որպես «հայկական կուլտուրա»: Նա ամբողջ հոգով ճգնում էր, որ ղարաբաղցիները չկտրվեն իրենց արմատներից, իմանան ու հիշեն պատմությունը: Դժբախտաբար, այդ լուսավոր մարդը շատ շուտ և հանկարծակի հեռացավ կյանքից: Ապրեց ընդամենը երեսունհինգ տարի: Նրա մահով մենք՝ բոլորիս հոգեպես որբացանք…

Ինչ տվեց մեզ Ալյո ամին: Մեր հոգևոր աշխարհին նոր իմաստ հաղորդեց ու հայկական գիտակցություն: Նրա շնորհիվ ազգային ոգին մեր ցեղում դարձյալ արթնացավ, արմատակալեց ու շիվեր տվեց: Վրա հասավ 1986 թվականը: Սովետների երկրում նոր-նոր էին սկսվել փոփոխությունները, ոչ ոք չգիտեր՝ կիրականա՞ն արդյոք դրանք, և եթե այո, ապա ինչ կհետևի դրան: Ոչ ոք չգիտեր, որ հորիզոնին հայտնված թեթև ամպերը մոտ ապագայում պատերազմ են բերելու:

--

--