Հայաստանի ապահովության ու ոստիկանության բացակայության մասին

Sedrak Mkrtchyan
4 min readApr 9, 2018

Խնդիր ունենալով հաղթահարելու լարվածությունը Երևանի նահանգում, խուսափելու հայկական բանակի թիկունքում ապստամբություններից ու հիմք դնելով ապագա պետականության համար՝ 1918 թվականի գարնանը Արամ Մանուկյանը հռչակվեց Երևանի դիկտատոր ու իրականացրեց պետության ստեղծման գործում կարևորագույն գործառույթներից մեկը՝ խաղաղության պահպանությունը։ Սա ընդունված է համարել Հայաստանում ոստիկանության հիմնադրման սկիզբը։

Վերջերս այդ նույն ոստիկանությանը փնտրելով՝ զբոսնում էինք Երիտասարդականից դեպի Հյուսիսային Պողոտա ու հետ։ Ամեն տարիքի մարդիկ՝ երիտասարդներ, արտասահմանցիներ, տեղացիներ ու տուրիստներ, քաղաքացիներ ու գյուղացիներ ու անկասկած բարոյական ու բարոյազուրկ՝ հասարակական վայրերում իրենց պահելու տարբեր վարքի տեր մարդիկ։ Սակայն այս ամենի կողքին այդպես էլ չնկատեցի որևէ ոստիկանի շուրջ երկու ժամ զբոսնելուց հետո։ Նույնն էր կատարվում նաև Կասկադում Նովրուզի տոնակատարությունների օրերին, երբ տուրիստների քանակը ավելի շատ էր, քան տեղացիներինը։

Հունվարին ԱՄՆ պետդեպարատամենտը Հայաստանը դասեց աշխարհի ամենաապահով երկների շարքին տուրիստների համար։

Հաճելի է, չէ՞։ Դրա կողքին կան երևույթներ, որոնց մասին թեև գրվում է, սակայն աշխատում են շատ բարձր չխոսել։ Օրինակ, որ քաղաքում անհատ խուժանները կարող են տաքսի վարել 15կմ-ի համար 10 000 դրամ պահանջել, այն էլ, ինչպես ասում է վարորդը, դա հատուկ գին է. այլոց համար կարող է 50 հազար լինել։

Տուգանվու՞մ են 100 հազար դրամով։ Հաշվի առնելով 50 հազար դրամանոց հաշվիները, դա իր մի քանի ժամվա աշխատավարձն է։ Մուծիր ու շարունակիր թալանել զբոսաշրջիկների։ Կանգնիր Հրապարակում հյուրանոցների մոտակայքում ու զբաղվիր թալանով։

Ու եթե տեղացին կարող է իր իրավունքները պաշտպանել դեռ մի կերպ, բայց զբոսաշրջիկը, ով գալիս է ամենաապահով երկներից մեկը, դա անել դժվար կարողանա։ Ի՞նչ անի զբոսաշրջիկը։ Մոտենա՞ մոտակա պատահած ոստիկանին։ Խնդիր չկա։ Եթե իհարկե չի վախենում հայտնվել բաժնում, քանի որ ոստիկանը երկու խոսք հասկանալ չի կարող ոչ մի լեզվով։

Իսկ դեպքը չինուհու բռնաբարության հետ կապված ուղղակի ապշեցնող էր. կինը Չինաստանից գալիս է քրիստոնեա առաջին երկիր, այցելում է Խոր Վիրապ, որտեղից իրենից երկու տարի առաջ Հռոմի քահանայապետը ու Հայոց կաթողիկոսը խաղաղության կոչ էին անում աշխարհին, հանդիպում է տեղացի տաքսիստի, ով նրան Երևան հասցնելու փոխարենը բռնաբարում է։

Ովքե՞ր են մեղավորները։ Բռնաբարողը կամ թալանչինե՞րը, ովքեր որոշում են այլոց հաշվին արագ հարստանալ։ Նման մարդիկ միշտ կան բոլոր երկրներում բոլոր ժամանակներում՝ միշտ։ Նման խուժաններին պատժելը ոստիկանության գործառույթն է։ Նման մարդիկ միշտ եղել են ու կլինեն։ Բայց չեն գործի, եթե չկարողանան, ու կգործեն, կթալանեն ու կբռնաբարեն, եթե կարողանան։

Բավականաչափ ռեսուրս չունենք՝ ոչ մարդկային, ոչ գումարային — կհակադարձեն իսկ ոստիկանությունը։ Իսկ ես ձեզ ասեմ. ամեն օր աշխատանքի գալիս Պանարմենիան Մեդիա Գրուպ անցնում եմ Դավթաշենի կամրջով, որի վրա ոստիկանությունը մշտապես հերթապահություն է իրականացնում։

Երկու ոստիկան ձեռք ձեռքի տված քայլում են կամրջի այս ծայրից այն ծայր։ Նպատակը՝ կամրջից վայր նետվել ցանկացող մարդկանց չթողնել ինքնասպան լինել։ Սիրելիներս, ինքնասպան լինել ցանկացողը այնպես կցատկի, որ անգամ վազքի չեմպիոնը չի հասցնի նրան այդ հսկայական կամրջի վրա։ Ու փոխանակ կամուրջի կողքի մասերը ճաղերով փակվեն, իսկ նրանց ուղարկել այնտեղ, որտեղ կարիքը իրոք կա, մենք նրանց ստիպում ենք կամրջով այստեղ-այնտեղ քայլել՝ ձևացնելով աչալուրջ ծառայություն։

Մենք փաստացի ունենք այդ նույն ռեսուրսների անիմաստ վատնում։ Ու եթե միևնույն է ռեսուրսները քիչ են, լոբբինգ արեք ոստիկանության ֆինանսավորման ավելացում տարեկան բյուջեի կազման ժամանակ, աշխատակազմի ավելացում՝ եթե կազմը բավարար չէ։ Բայց հանգիստ ապրել՝ հպարտանալով, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը մեզ ներառել է ամենաապահով երկների կազմում՝ առնվազն անհեռատեսություն է։

Տուրիզմը զարգանում է, երբ գոհ զբոսաշրջիկը իր հետևից բերում է ևս մի քանիսին մյուս տարի։ Իսկ ամեն զբոսաշրջիկը տնտեսության համար իրական գումարների ներհոսք է։ Սա փայլուն հասկանում են հյուրանոցների, ռեստորանների, խանութների, թանգարանների ղեկավարները։ Բայց չի կարող տուրիզմը զարգանալ, երբ ենթակառուցվածքները թերի են, ու առավել ևս երբ անվտանգությունը կաղում է։

Ու դեռ տուրիզմն էլ մի կողմ. առաջին հերթին մենք՝ տեղացիներս պետք է մեզ ապահով զգանք։ Օրեր առաջ Խորհրդարանի պատգամավոր Հայկ Բաբուխանյանը ահազանգում էր, թե գիշերվա կեսին Բաղրամյանի վրա երիտասարդները բարձր երաժշտություն են լսել ու պարել։ Ոստիկանություն ահազանգելուց՝ պատասխան է ստացել, որ ոչինչ անել չեն կարող։

Ու քանի դեռ ոստիկանության քանակը չափից քիչ է փողոցներում, որ բնակչությունը բոլորը միասին տրամադրված են իրենք իրենց, քանի դեռ ոստիկանը իրեն դիմողների հետ երկու բառ կապել չի կարող ու դրա փոխարեն զբոսաշրջիկին տանում է բաժին, քանի դեռ մարդկանց այցելությունների հիմնական վայրերում ոստիկաններ չկան, որ խուժանները անում են ինչ ուզեն, թույլ տվեք նման բովանդակության հոլովակները դիտարկեմ գովազդային թոզ բոլորիս աչքերին։

Այն ընթացքում, որ դուք կարդում էիք այս նյութը, Դավթաշենի կամրջի հերթապահ ոստիկանները մեկ ուղղությամբ անցան կամուրջը, ու այժմ շարժվում են հետ՝ դեպի սկզբնակետ։

--

--

Sedrak Mkrtchyan

Data-Journalist / Infographer / Graphic Designer. PanArmenian Media Group/Design Dept Head; ArmeniaTV News/Graphics Team Lead; Infographics.am / Founder-CEO