S.O.S.-ը՝ Գյումրու մտորումների թատրոնում

Michael Margaryan
2 min readMar 11, 2024

Երբ բեմն ու հանդիսականը դառնում են մեկ ամբողջություն։

ՏԵՂԵԿՈՒՅԹ

Վայր․ Գյումրու մտորումների թատրոն
Հիմնադրման տարեթիվ. 2019 թ․
Հիմնադիր․ ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյան
Տարածք․ Կոմպակտ, գողտրիկ, միստիկ, ինքնատիպ ժամանակի մեքենա

Տասը մարտի, օրը՝ կիրակի։ Թեպետ եղանակն արևոտ էր, սառը քամին չէր էլ պատրաստվում զիջել իր դերը տաքուկ կլորին, փչում էր ու փչում հայրաքաղաք Գյումրիում։ Թե ասեմ շատ դողդողացի, անազնիվ կգտնվեմ․ ի վերջո գտա էդ զորավոր ու տաքուկ թաքստոցը, կոչված՝ պաշտպանելու հոգիս ու մարմինս էդ քամուց մզցնող։ Էդ թաքստոցը թատրոն են կոչում՝ մտորումների թատրոն․ թատրոն, որտեղ բացահայտեցի խիստ ակադեմիական ֆորմատից յուրահատուկ տրանսֆորմացում դեպի ավելի մտերմիկ, կարծրատիպերից ազատ միջավայր։

․․․Ամեն ինչ պատրաստ էր, լույսերը խամրել էին, ակամա երդվյալ ատենակալները զբաղեցրել էին չհամարակալված աթոռները, չհայտարարված արարի անլսելի ղողանջները հնչել էին ու շպրտել մեզ մի աշխարհ, որն ի սկզբանէ ստեղծել էր հայտնի լեհ արձակագիր և դրամատուրգ Սլավոմիր Մրոժեկը։ Մենք՝ ատենակալներս դարձանք ականատեսը S.O.S. զգուշացման՝ 1 արարով․․․ ապրեցինք, շնչեցինք, գոռացինք, գոյատևման անհնարինության ու ազատության տենչանքի ցավից մռմռացինք՝ Խոշորի (Սամվել Հարությունյան), Միջինի (Արմեն Կուրղինյան), Մանրի (Էլեն Ղազարյան) և Փոստատարի (Լևոն Մայլամյան) հետ միասին՝ էքսպերիմենտ-վարկածի հեղինակ, պատանի բեմադրիչ Ռաֆիկ Հարությունյանի գլխավորությամբ։

Մշտնջենական հարցեր․․․

Ի՞նչ է իսկական ազատությունը։

Ի՞նչ է ինքնազոհողությունը։

Ո՞րն է փրկության բանալին․ փրկությունը յուրաքանչյուրիս ձեռքում է, ճիշտ տեղում գտնել է պետք, անգամ այն կրիտիկական պահին, երբ բաց ծովի էպիկենտրոնում, սովից վխկալով կանգնած ես երկմտանքի առաջ․ ո՞վ պետք է դառնա գոյի կերակուր․․․

․․․Դրայվ, նեռվ, պանտոմիմա, պլաստիկա՝ արվեստն ապահով ձեռքերում է, պատանին ապրում է․․․ ատամներով սեղմել է ազատության ձեռքը․․․ մենք խաղում ենք մեր դերերը․․․ ապրում ենք մեր դերերը․․․

Վարագույր․

--

--

Michael Margaryan
0 Followers

An art enthusiast and content writer hailing from Armenia shares his thoughts and creative pieces with a trusted community.