(Մոնտենեգրոյի 10 կանոնները)
Հնարավոր չէ քայլել քաղաքում ու չզրուցել. սա վայր է, որտեղ մարդիկ երջանիկ են ու չեն բողոքում․․․
Իսկ երթուղայիններում գեղեցիկ տղամարդիկ են աշխատում ու շատ հոգատար պապիկ — վարորդներ։
Ձեռքս ընկավ Մոնտենեգրոյի «ոսկե 10 կանոնները», երբ իմացա, որ գնում եմ Մոնտենեգրո. մի՛ մտածիր, գլխիդ կգա, իսկ իմ պարագայում ինչքան ուզում ես մտածի՛ր։
Ճանապարհորդությունը բնույթով նոր մշակույթի հետ հանդիպում էր ու ես երկար նախապատրաստվեցի․ նախ ճանապարհի ընկեր, իսկ հետո արդեն ո՞ւր գնալ, ի՞նչ տեսնել, ի՞նչ ուտել և որտե՞ղ քնել։ Եթե անկեղծ, մենք հարմարավետություն չէիք փնտրում․ վրանը մեզ հետ էր։ Բայց հաճելի է, երբ քեզ սպասում են։ Այդ իսկ պատճառով սկսեցինք փնտրտուքները Couch surfing-ում և երբ իմացանք, որ մեզ սպասում են, ճանապարհ ընկանք։

Բալկանյան երկրներն ավտոստոպով անցնելուց հետո վերջապես հասանք Պոտգորիցա։
Երևի հոգնածությունն էր պատճառը կամ էլ Wi-Fi հասանելիությունը ողջ քաղաքով մեկ, բայց ես ինձ զգում էի այնպես, ինչպես յուրաքանչյուր տղամարդ՝ Մոնտենեգրոյում։

Տղամարդը ծնվում է հոգնած ու ապրում հանգստանալու համար:
Քաղաքի հրապարակում ժամանակս վայելելուց հետո հանդիպեցինք մեզ հյուրընկալող երիտասարդին․ վերջինս երաժիշտ էր։ Օգտվելով առիթից, որ հյուրեր էր ունենալու՝ մեր Արմինը աշխատանքի չէր գնացել։ Դրա փոխարեն ընթրիք էր պատրաստել ու երաժշտական գործիքները հարմար դասավորել երեկոյի համար․․․ Կարծում եմ կարիք չկա ևս մեկ անգամ նշելու, որ Արմինի տեսակը տիպիկ մոնտենեգրոցու տեսակ էր ու հետևում էր ամենա-ամենականոնին`
Մի՛ աշխատիր․ աշխատանքը սպանում է ․․․
Մեր օրը երկար ու հետաքրքիր անցավ․ մշակույթների նմանություն, տարբերություն, պատմություն, արվեստ ու մերօրյա իրականություն։ Խոսակցության ընթացքում չեմ հիշում՝ երբ էի քնել, բայց հիշում եմ` ինչպես արթնացա։ Ծանոթ ու այդ պահին շաատ հարազատ երաժշտություն հասավ ականջիս․ Արմինը նվագում էի Արա Գևորգյանի Արցախը, ու ես ավելի ու ավելի սիրեցի Մոնտենեգրոն ու մարդկանց։
Մայրաքաղաքում երկար չմնացինք ու սկսեցինք Hitchhiking-ը՝ բացահայտելով այլ քաղաքներ․․․
Սա երկիր է, որտեղ մարդիկ կարող են խնդրել, որ իրենց երկրում ապրես․ գործ ու ամուսին կճարեն, երկիր է ուր կարող ես կանգնել ու զրուցել վաճառողներ հետ ,նույնիսկ օգնել ու մի փոքր աշխատել, տեղացիների աջակցությամբ ու ընկերակցությամբ կարող ես գնալ բաղջագող՝ կիվի կամ մոշ հավաքելու։
Ու ինչքան երկար էի մնում հարազատ դարձած երկրում, ավելի ու ավելի էի ճանաչում, զարմանում ու սիրում։ Ամեն առավոտ հյուրատան աշխատողը չէր զլանում ու կրկնում էր․ «Volite svoy krevet, kao shte cete voyite sebe» ( արտահայտության հստակ արտասանությանը ես չեմ տիրապետում, բայց թարգմանաբար մոտավորապես այսպես կլինի ՝
Սիրիր անկողինդ այնպես, ինչպես կսիրես ինքդ քեզ։
Առաջին անգամ, երբ զարմացած նայեցի, բացատրեց․ Մինչև ժամը 3-ը արևի ճառագայթները վնասակար են, հիմա քնեք, ժամանակ կլինի ծովափի համար ։)
Հանգստացի՛ր օրվա ընթացքում, որ կարողանաս քնել գիշերը
Հնարավոր չի քայլել քաղաքում ու չզրուցել տեղացիների հետ, ովքեր, պատճառաբանելով տաք եղանակը, զովանում են ծառերի ստվերում կամ ծովափին, իսկ երեկոյան քնում՝ ուժ հավաքելով հաջորդ օրվա հանգստի համար։ Եվ առավելագույն հանգիստն է, որ մոնտենեգրոյի ժողովրդին դարձնում է ուրախ, ընկերասեր ու ժպտերես․
Եթե տեսնում ես, որ մեկը հանգստանում է, օգնի՛ր նրան
Ու հաճախ, երբ բնիկների հոգեբանությունը որդեգրած հանգստանում էինք ափին, մեզ էր միանում տեղացիների խումբն ու առաջարկում միասին հանգստանալ։

«Հանգստի մեջ է փրկությունը, ոչ ոք չի մահացել հանգստանալուց»
Աշխատի՛ր այնքան քիչ, որքան կարողանում ես, իսկ մնացածը հանձնարարիր ուրիշին։
Մոնտենեգրոյում նույն սկզբունքով են աշխատում բնակչության մեծամասնությունը, նույն աշխատելաոճն են որդեգրել նաև ներգաղթյալ սերբերն ու ալբանացիները։ Հիշում եմ, երբ Բուդվայում շրջայցի ժամանակ վաճառողը խնդիր ունեցավ ռուսերեն լեզվի հետ․․․ հանձնարարեց ինձ թարգմանել ռուս այցելույի խոսքը, այն բանից հետո, երբ իմացավ, որ Հայաստանից եմ։
Աշխատանքը ստեղծում է հիվանդություն, խնայիր երիտասարդությունդ։
Մոնտենեգրոյում մարդկանց մեծամասնությունը շատ երիտասարդ են։ Դե ես մտածում էի, որ դրան ծովն է նպաստում և առողջ սնունդը։ Բայց օրեր հետո, բացահայտեցի, որ տղամարդիկ իրենց հետ ունեն օրվա անբաժանելի մաս կազմող գարեջրի շիշը և կուրորեն հետևում են «սուրբ և ուրախ» կանոններին։ Մոնտենեգրոյում տղամարդիկ, եթե նույնիսկ աշխատում են, ապա շատ քիչ։ Բոլոր տղամարդիկ շատ համբերատար են, հանգիստ վայելում են օրն ու կյանքի բարիքները․․․ Ամեն դեպքում մեզ միայն այդպիսիններն են հանդիպել։
Եթե ունես աշխատելու ցանկություն, նստի՛ր, սպասի՛ր և կտեսնես, թե ինչպես է ցանկությունդ հեռանում։
Երբ տեսնում ես, որ մարդիկ ուտում և խմում են, միացի՛ր նրանց, երբ որ տեսնում ես՝ նրանք աշխատում են, հեռացի՛ր, որ չանհանգստացնես։
Դե իսկ երկու վերջին օրենքնեն էլ իմ ամենասիրելիներն են․․․
Բարի ու սիրուն հանդիպումներ շատ են եղել, ինչը ստիպեց ինձ, որ ես միշտ կապված լինեմ «Հանգստի երկրին»։
Մասնակիցներ՝
Ճանապարհորդ Անի
Ճանապարհորդ ընկերներ Սեդա և Արթուր
Քաուչսերֆեր Արմին
Ժպտացող ու բարի դեմքեր․․․