Կայացավ ֆիլմերի աշխատարանի պրեզենտացիան

Այսօր Ստեփանակերտի ՛՛ԹՈՒՄՈ՛՛ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի ունեցավ ֆիլմերի հատուկ աշխատարանի պրեզենտացիան:

Արցախցի կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանն արդեն մեկ ամիս է, ինչ աշխատարան է վարում ՛՛ԹՈՒՄՈ՛՛ կենտրոնում:

Ստեփանակերտի ՛՛ԹՈՒՄՈ՛՛ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ղեկավար Կորյուն Խաչատուրյանը հանդես եկավ բացման խոսքով, որից հետո Ջիվան Ավետիսյանը ներկայացրեց աշխատարանի ընթացքը:

Այնուհետև երեք թիմերը ներկայացրեցին ֆիլմերի հերոսներին, ապա` նկարահանման ընթացքը, թիմի պատրաստվածությունն ու առաջադրված խնդիրները:

Երեք ֆիլմերի հերոսները տարբեր էին: Առաջին ֆիլմի հերոսը պարսկահայ Արմոնդ Թահմազյանն է, ով տեղափոխվեց Արցախ և բացեց ՛՛Նռենի՛՛ հուշանվերների խանութը:

Երկրորդ ֆիլմի հերոսն Արցախի Հանրապետության վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանն է, ով իր համառության և նպատակասլացության շնորհիվ թումոցիների պատկերացմամբ ՛՛Մեր ժամանակի հերոսն է՛՛:

Երրոդ ֆիլմի հերոսն Ինգա Ավանեսյանն է, ով աշխատում է ՛՛Halo Trust՛՛ բրիտանական ականազերծման կազմակերպությունում: Կին-սակրավորի մասնագիտությամբ նա զբաղվում է 2015 թվականից:

Պրեզենտացիայի ժամանակ երեք ֆիլմի հերոսները գտնվում էին հանդիսատեսի դերում: Նրանք դիտում էին ուսանողների աշխատանքի արդյունքները:

Վերջում ֆիլմերի հերոսները հանդես եկան շնորհակալական խոսքով և իրենց երախտագիտությունը հայտնեցին Ջիվան Ավետիսյանին:


Պրեզենտացիայի վերջում ուսանողները կիսվեցին իրենց տպավորություններով:Սա ՛՛ԹՈՒՄՈ՛՛-ի ուսումնական ծրագրի վերջին օրն էր: Ուսանողները հաջողություն մաղթեցին կինոռեժիսորին կրկին տեսնելու ակնկալիքով:

Տեքստը և լուսանկարները՝ Անի Ավանեսյանի