Հայկ Մանթաշյան. «Ամենախելացին ինձ տվեց բազում գիտելիքներ, հավատարիմ ընկերներ եւ հայտնի դառնալու հնարավորություն»

Լուսանկարը ՝Հայկ Մանթաշյանի անձնական արխիվից։

Ձեզ ենք ներկայացնում «Ամենախելացին» հեռուստաշոուի չորրորդ եթերաշրջանի ֆինալիստ Հայկ Մանթաշյանի հետ հարցազրույցը։

-Ինչու՞ որոշեցիք մասնակցել «Ամենախելացին» ինտելեկտուալ հեռուստախաղին։

-Ես բազմիցս դիտել էի «Ամենախելացին» հեռուստախաղի այլ եթերաշրջանների խաղերը և ես որոշեցի մասնակցել։ Նաև ծնողներս խրախուսում էին ինձ այդ հարցում։

-Կայի՞ն ինչ-որ նախընտրական փուլեր եւ հե՞շտ էին արդյոք դրանք։

-Այո, կային 2 նախընտրական փուլեր։ Առաջինը գրավոր փուլն էր, որը կազմված էր 40 հարցից։ Ըստ իս այն բավականին հեշտ էր։ Սակայն երկրորդ բանավոր փուլը բարդ էր։ Դրա ժամանակ տրվում էին հարցեր հանպատրաստից և դժվար էր արագ կողմնորոշվել, բայց ես հաղթահարեցի այն։

-Իսկ խաղերի ընթացքում խանգարու՞մ էր ձեզ հուզմունքը։

-Այո։ Առաջին խաղին հատկապես։ Բայց երկրորդ և երրորդ խաղերին ես կարողացա հաղթահարել իմ հուզմունքը և կենտրոնանալ հարցերի վրա։

Լուսանկարը ՝Հայկ Մանթաշյանի անձնական արխիվից։

-Ի՞նչ զգացումներ ունեիք երբ անցաք եզրափակիչ փուլ։

-Սկզբում անհավատալի էր։ Բայց հետո, երբ անցա, մտածում էի որ շատ ավելի լավ կպարապեմ և միգուցե հաղթեմ հեռուստաշոուն։ Սակայն հույսերս չարդարացան։

-Ի՞նչը ձեզ խանգարեց հաղթել եզրափակչում։

-Հիմնականում հուզմունքը, սակայն գիտելիքի պակասը նույնպես զգացվեց։

-Հեռուստաշոուի 3 փուլերից ո՞րը ամենաշատը ձեզ դուր եկավ եւ ինչու՞։

-Ամենաշատը դուր է գալիս երկրորդ «արագ» փուլը, քանի որ ես տրված թեմաներից կարող ես ընտրել քո ուզածը և պատասխանել միայնայդ թեմայի հարցերին։

-Եվ ո՞ր թեման էր ձեզ համար նախընտրելին երկրորդ փուլում եւ ինչու՞։

-Իմ համար նախընտրելին մաթեմատիկա թեման էր, քանի որ ես սովորում եմ Ֆիզմաթ դպրոցում և այդ իսկ պատճառով մաթեմատիկայի հարցերը ինձ համար դյուրին էին։

-Իսկ ինչպե՞ս էիք որոշում երրորդ փուլի ձեր թեման։

-Սկզբում ես տարակուսանքի մեջ էի, քանի որ նախընտրելի թեմաները շատ էին։ Սակայն մի անգամ ընկերս կատակով առաջարկեց ընտրել Երևանի մետրոպոլիտենը, իսկ ես լուրջ ընդունելով առաջին և երկրորդ խաղերիս ընտրեցի այդ թեման։ Երրորդ խաղիս թեման էլ ընտրել էի Ֆուձիյամա լեռը։

-Իսկ ինչու՞ հենց Ֆուձիյաման։

-Քանի որ շատ եմ սիրում Ճապոնիա երկիրը և բացի այդ այն նման է մեր Արարատ լեռանը։

-Ո՞ր հարցը ձեր մեջ ամենաշատը տպավորվեց եւ ինչու։

-Մուրմանսկ քաղաքի մասին հարցը։ Ես այդ պահին չկարողացա կողմնորոշվել, որ Մուրմանսկը ռուսական քաղաք է և հետևաբար այնտեղ խոսում են ռուսերեն ու չգիտես ինչու պատասխանեցի, որ այնտեղ խոսում են գերմաներեն։

Լուսանկարը ՝ Հայկ Մանթաշյանի անձնական արխիվից

Իսկ դուք ունեի՞ք ծանոթ ընկերներ այդ հեռուստախաղում։

Այո, սկզբում մեր դասարանից մասնակցում էին 4 աշակերտ, սակայն նրանցից մեկը՝ Արևիկը չանցավ նախընտրական երկրորդ փուլը և մենք հեռուստատեսային փուլում մնացինք երեքով՝ ես, Արարատ Սահակյանը և Մարիա Առաքելյանը։

Լուսանկարը ՝ հեղինակի

Կուզեի՞ք նրանց հետ ընդգրկվել նույն խաղում։

-Այո, սակայն չստացվեց։ Մենք քառորդ եզրափակչում ընկանք իրար հաջորդող խաղերում։ Մարիան չանցավ կիսաեզրափակիչ և մենք երկուսով կիսաեզրափակչում ընդգրկվեցինք տարբեր խաղերում։ Արարատը չանցավ եզրափակիչ և այդպես էլ չստացվեց մասնկացել միևնույն խաղին։

Ըստ ձեզ արդյո՞ք «Ամենախելացին»-ի հաղթող Սամվել Դավթյանը արժանի էր հաղթանակի, թե՞ կար ուրիշ մասնակից ով գերազանցում էր նրան իր գիտելիքներով։

-Ըստ իս Սամվել Դավթյանը իրոք արժանի էր հաղթանակին։ Նա տեղյակ էր գրեթե ամեն ինչից և շատ բանիմաց երիտասարդ էր։ Սակայն կային նաև այլ արժանի մասնակիցներ, օրինակ՝ Վարդան Ղուկասյանը, Ժաննա Մինասյանը։

Լուսանկարը ՝ Ամենախելացին հեռուստանախագծի անձնական արխիվից

-Գրեթե բոլորը կարծում են որ «Ամենախելացին»-ին մասնակից աշակերտները լուրջ եւ ամբողջ օրը դասերով տարված երեխաներ են։ Իրո՞ք դա այդպես է։

-Դա այդպես չէ։ Մենք մինչ օրս ընկերներ ենք և նրանք շատ կատակասեր ու հետաքրքիր դեռահասներ են։

-Որոշ մարդիկ կարծում են, որ հարցերը նախապես տրամադրված են երեխաներին եւ «Ամենախելացին» ընդամենը կազմակերպված շոու է։ Իրականում դա այդպե՞ս է։

-Ես կարող եմ հաստատել, որ դա ապատեղեկատվություն է և հարցերը տրվում են հանպատրաստից։

Լուսանկարը ՝ հեղինակի

-Կուզեի՞ք կրկին մասնակցել նույն հեռուստաշոուին։

-Երևի թե ոչ, քանի որ հեռուստաշոուն շատ ջանքեր ու ժամանակ խլեց ինձնից։ Այժմ ուզում եմ ավելի շատ կենտրոնանալ դասերի վրա։

-Իսկ այլ ինտելեկտուալ խաղերի մասնացե՞լ եք երբեւէ։

-Ոչ, սակայն կուզեի մասնակցել օրինակ «Հայ ասպետ»-ին։

-Եվ վերջին հարցը, ի՞նչ ձեզ տվեց «Ամենախելացին» ինտելեկտուալ հեռուստախաղին մասնակցությունը։

-Նախ և առաջ այն ինձ տվեց բազմաթիվ գիտելիքներ։ Երկրորդ հերթին ես ունեցա շատ հավատարիմ ընկերներ։ Նաև ես հայտնվեցի հեռուստացույցի էկրանին և հայտնի դարձա որոշ հեռուստադիտողի համար։

Լուսանկարը՝ armeniatv.am-ի

Զրուցակից ՝ Արարատ Սահակյան

Like what you read? Give Ararat Sahakyan a round of applause.

From a quick cheer to a standing ovation, clap to show how much you enjoyed this story.