Մահապարտները

Artur Aleksanyan
13 min readFeb 24, 2020

--

Մի անգամ զրույցի ընթացքում Սերժը բերանից թռցրեց, որ հետևողականորեն խնդրում էր Վազգեն Սարգսյանին օգնել ինձ, և նա խոստացել է, իսկ Վազգենը օդում խոսքեր չէր ասում: Այդ օրվանից, օգնությանը սպասելը ինձ համար ինչ-որ հեքիաթային երազ դարձավ. Քնում եմ, դյուցազնական մի ջոկատ եմ տեսնում, զարթնում եմ՝ նույնը: Հեքիաթային երազը զարմանալիորեն արագ իրականացավ: 92-ի օգոստոսի 30-ի գիշերը Վազգենը անձամբ ինձ մոտ ժամանեց 362 հոգիանոց գումարտակի հետ: Գումարտակը կոչվեց «Արծիվներ», իսկ դրա մարտիկները մահապարտներ էին: Վազգենն այն կազմավորել էր իր աղմկահարույց, Ղարաբաղը փրկելու՝ ազգին հասցեագրված հեռուստաուղերձից հետո: Դրանից բացի, Վազգենը պայմանագրայինների կամավորական ջոկատ էր հավաքել՝ մոտ երկու հարյուր հոգի կազակներ:

Այդ ժամանակ ճակատը ձգվեց 18 կիլոմետր՝ Գանձասարից մինչև Չլդրան գյուղ: Ինչպես արդեն ասել եմ, Մեյման-Չլդրան-Կիչան ուղղությունը ղեկավարում էր Հայկազ Բաղմանյանը: Նրա խնդրանքով՝ նոսրացող անձնակազմը համալրելու և մարտական ոգին բարձրացնելու համար ես նրան հարյուր հոգի տրամադրեցի: Մնացածին տեղավորեցի նոր դիրքերում, ճակատի այն խոցելի հատվածներում, որոնք մեզ չէր հաջողվում պաշտպանել:

Օգնությունը ժամանեց հանդիսավորությամբ, մեքենաների թափքին Հայաստանի և Ղարաբաղի դրոշներ ամրացված: Ինձ, մարտիկներին և գյուղացիներին դա խիստ ոգևորեց: Հետախուզության տեղեկությունների համաձայն՝ այդ ժամանակ թշնամու ճամբարում հաջողվել էր սարսափեցնող ասեկոսեներ տարածել, իբր Հայաստանից, Ռուսաստանից, Ամերիկայից մեքենաների երկու կիլոմետրանոց շարասյունն է ժամանել: Բուռն հանդիպումից և Վազգենի, նրա տեղակալ Աստվածատուր Պետրոսյանի և կամավորական-մահապարտների հասցեին շնորհակալական խոսքերից հետո, ես անմիջապես նկատեցի նորեկների անվստահությունը: Վազգենը չթաքցրեց և ասաց, որ իր մահապարտների իննսուն տոկոսը վառոդի հոտ չի առել և մինչ նրանք չհարմարվեն մարտական իրավիճակին, նրանց հանդեպ հատուկ ուշադրություն է պետք: Նույնն էլ կազակների մոտ էր: Դժբախտաբար, մենք չէինք կարող նրանց հարմարվելու ժամանակ տալ: Գալու հաջորդ իսկ օրը ես ստիպված էի, նախապես հրահանգավորելով, մարտի նետել անփորձ նորեկներին: Այդ օրը Վաղուհաս գյուղի մոտ մենք լուրջ կորուստներ կրեցինք, քանի որ թշնամին այնտեղ մեծ ուժեր էր կենտրոնացրել: Մենք գիտեինք այդ մասին, բայց մարտը հետաձգել հնարավոր չէր: Ունենալով կենդանի ուժի և տեխնիկայի բացարձակ առավելություն՝ ադրբեջանցիները կարող էին վերադասավորվել, հարված հասցնել և գրավել Վանք գյուղը, որի արևմտյան կողմում՝ բլրի վրա, վեր էր խոյանում Գանձասարը, իսկ հետո անխոչընդոտ շարժվել Ստեփանակերտի ուղղությամբ:

Ծանր մարտում սակայն պարզվեց, որ մենք հակառակորդից ավելի կազմակերպված ենք և նրան ստիպեցինք փոքր-ինչ նահանջել: Թշնամին խրամատավորվեց Վաղուհասում: Ժամանակն էր բարձրացնել մարտիկների ոգին: Վազգենի մտավախությունները հաստատվեցին: Մենք 15 զոհ և 20 վիրավոր ունեցանք: Միայն այդ ժամանակ ես հասկացա, որ մեր կամավորները և կազակները իսկապես մահապարտներ են. Չպատկերացնելով, թե որտեղ է թշնամին և որտեղ են յուրայինները, կամավորականները մեկը մյուսին էին կրակում: Այդտեղ ես հասկացա՝ նրանք ոչ մի մահապարտ էլ չեն, նրանք կենդանի դիակներ են, նրանց հետ մարտը շարունակելը հանցագործություն կլիներ: Ես անմիջապես հրամայեցի տեղափոխել նրանց ելման դիրքեր և հրետանու միջոցով ապահովել նահանջը: Պահեստային խումբն էլ ուղարկեցի, որ ռազմադաշտից հանեն զոհվածներին և վիրավորներին:

Ստորաբաժանումների հրամանատարների հետ միասին մենք սկսեցինք նորեկներին սովորեցնել ռազմի արվեստի այբուբենը: Ինչպես շարժվել տեղանքով, երբ և ինչպես զենք կրել, ինչպես օգնել ընկերոջը, ինչպես սողալ, ինչպես առաջին օգնություն ցուցաբերել ինքդ քեզ և ընկերոջը, մի խոսքով՝ ամեն ինչ, նորակոչիկ ռազմիկի ամբողջ ծրագիրը՝ այբ-ից մինչև ֆե:

Երբ դիակներն ու վիրավորներին դնում էին ուղղաթիռի և մեքենաների թափքերի մեջ, Վազգենն արցունքն աչքերին ինձ մի կողմ տարավ.

-Հասկանում ես,- մեղավոր ասաց նա,- երկու շաբաթ է,- աչքերով նա ուղղաթիռների կողմը ցույց տվեց,- նրանց եռանդուն սովորեցնում էին ինչը ոնց: Տեսականորեն նրանք կարծես ամեն ինչը սովորել էին, բայց մարտական պայմաններում…

Վազգենը չավարտեց և սրտնեղած ձեռքը թափահարեց: Իմ մտքով էլ չէր անցնում մեղադրել որևէ մեկին, առավել ևս՝ Վազգենին: Վերջիվերջո, ես ինքս էի օգնություն խնդրել: Եվ ահա… Դիմելով ազգին, Վազգենը կոչ արեց հայրենասերներին միանալ իրեն: Մահապարտ դառնալը նշանակում էր կյանքը զոհելու պատրաստակամություն, բայց ոչ այնպես անիմաստ, ինչպես որ եղավ: Մեր ստացած հարվածը հանկարծակի էր և հուժկու, բայց ռուսներն ասում են. «Մեկ փորձվածի դիմաց երկու անփորձի են տալիս»: Չարաբաստիկ մարտից հետո բոլոր մահապարտներին, կարծես փոխած լինեին: Նրանք անմիջապես խելքի եկան: Ճգնելով, տանջվելով ռազմի գիտությունն էին սերտում: Եվ տեղին էր: Դեռ մեկ-երկու մարտ էլ պետք էր մինչև նրանք սովորեին մարտական ինքնատիրապետումը: Տղաները հասկացան՝ վախենալն ամոթ չէ, ամոթ է, երբ վախը քեզ կաթվածահար է անում: Մի խոսքով՝ երկու շաբաթ անց, Վազգենի կոչով հավաքված տղաները մոռացան, որ իրենք մահապարտ են և կռվում էին ինչպես Ռեմբոն ամերիկյան մարտաֆիլմերում:

Կրակի մեջ չընկած երիտասարդությունը մարտական կարողություններ ձեռք բերեց էքստրեմալ պայմաններում: Միայն դրանից հետո տարբեր բնավորություն ունեցող երիտասարդներից հաջողվեց մեկ միասնական ռազմական միավոր կազմավորել: Ամեն ինչում տարբեր մնալով, նրանք շուտով միասնական ամուր բռունցք դարձան, տեղի տղաների պես: Եվ միայն այդ ժամանակ վրայիցս ընկավ երիտասարդ կյանքերի պատասխանատվության բեռը: Հիմա նրանք հենց այնպես չէին զոհի իրենց միակ, թանկարժեք կյանքը: Եվ իսկապես, մենք այլևս նմանատիպ կորուստներ չունեինք: Հակառակորդի դրությունն այլ էր. արդեն պատերազմից հետո, տեղեկատվական տարբեր աղբյուրներից ես իմացա, որ Հաթերքի կիրճում ռազմական գործողությունների ժամանակ ադրբեջանցիները հազարից ավելի կորուստ և երկու-երեք հազար վիրավոր էին ունեցել:

Տեղանքը, որտեղ խրամատավորվել էինք և պաշտպանական մարտավարության պարտիա էինք խաղարկում, շահավետ էր ամեն տեսանկյունից: Հակառակորդի զբաղեցրած տարածքը հստակ տեսանելի էր: Մեր դիպուկահարների համար հեշտ էր աշխատել, ի դեպ, այդ անզուգական գիտակները գործում էին թշնամու հրամանատարների ոչնչացման հստակ ծրագրով: Հրաշալի ուղեկցորդների շնորհիվ, ամեն գիշեր փոքր խմբերով մենք դիվերսիոն հարձակումներ էինք իրականացնում թշնամու թիկունքում՝ ոչնչացնում էինք զենքի, ռազմամթերքի, վառելիքայուղային նյութերի պահեստները, գերիներ էինք վերցնում և մշտապես գիտեինք, թե ինչ է կատարվում թշնամու ճամբարում: Այդ հարձակումները վախ էին առաջացնում, երբեմն էլ՝ խուճապ: Մի անգամ հերթական գերին ասաց, որ իբր ադրբեջանցի զինյալները ձեր հրամանատարին՝ ինձ Արթուր Բզեզ են ասում: Ես չէի հասկանում, թե ինչ ընդհանուր բան կար իմ ու այդ միջատի մեջ: Պարզվեց, բզեզը жук-ն է, նկատի ունեին մարշալ Ժուկովին: Իբր իմ քայլերն էլ Ժուկովի պես լավ հաշվարկված էին: Շոյված եմ, իհարկե, բայց չափազանցնում եք պարոնայք …

Չնայած ամենօրյա կորուստներին, հակառակորդը շարունակում էր ժամանակ առ ժամանակ գրոհել մեր դիրքերը, մեզ երբեմն զգալի վնասներ պատճառելով: Որպեսզի օդուժի և հրետանու գնդակոծությունից մեծ կորուստներ չկրեինք՝ ստիպված էինք մշտապես մանևրել ռազմական հաշվարկներով և տեխնիկայով: Մեզ հաջողություն էին բերում հատուկ մշակված մարտավարական սխեմաները, ինչպես նաև յուրաքանչյուր հրամանատարի հանդեպ հատուկ վերաբերմունքը: Նորամուծությունն այն էր, որ մարտավարական լավ հմտություն ցուցաբերած հրամանատարին, այսպես ասած, ռազմական տաղանդին, ես թույլ էի տալիս ինքնուրույն ընտրել տեղային բախումների ռազմի մարտավարությունը: Բնականաբար, նա պարտավոր էր նախապես զգուշացնել ինձ՝ ճակատի հրամանատարիս և իր հարևաններին: Այդպես մենք հասանք օպերատիվ և մարտավարական լավ արդյունքների, որոնց, նշեմ, մեծամասամբ ղեկավարում էին խորհրդային լավ կրթություն ստացած պայմանագրայիններ:

Ռազմադաշտում հակառակորդին չէր հաջողվում մեզ նեղել, բայց նրա հրետանին մեզ զգալի, երբեմն էլ ծանր անախորժություններ էր պատճառում: Մտքիս մեջ հանդուգն ու արկածախնդիր մի նախագիծ ծնվեց՝ հակառակորդի թիկունք ուղարկել հետախուզադիվերսիոն հինգ խումբ՝ յուրաքանչյուրը հատուկ հանձնարարությամբ՝ պայթեցնել զինամթերքի պահեստները, հրետանային հաշվարկները և «Գրադ» համակարգերը… Մեծ ռիսկեր պարունակող այդ գործողությունը ես հանձնարարեցի Մորուքի գումարտակին և անձամբ նրա տեղակալ Холостой Ագոյին: Տեղանքը նա հրաշալի գիտեր, մենք միայն քննարկեցինք դեպի օբյեկտներ շարժման ուղղությունները: Ի երջանկություն մեզ՝ երեք օրվա ընթացքում հանձնարարությունը կատարված էր՝ մեր կողմից առանց կորստի, և հակառակորդի հրետանին երկար լռեց: Այդ ժամանակ կասկած չհարուցող հաղթանակից ոգևորված և մանրամասնորեն հաշվարկելով սեփական հնարավորությունները, մենք անցանք հակագրոհի. հակառակորդին Հաթերքի կիրճից դուրս նետելու ժամանակը եկել էր:

Այդ իրադարձությանը մենք հանգամանորեն նախապատրաստվել էինք: Մեր առաջին նպատակը Վաղուհասն էր՝ ադրբեջանցիների հենման կետը: Ես իմ շտաբականների հետ միասին Գանձասարում հատուկ հետախուզական գործողություն մշակեցի: Մեզ հետաքրքրող տեղանքը ոչ ոք եկեղեցու վանահայր Տեր Հովհաննեսից լավ չգիտեր: Ինքն էր խնդրել իրեն հնարավորություն տալ օգտակար լինելու որպես ուղեկցորդ և հետախույզ: Սկզբում ես այդ մասին չէի էլ ցանկանում լսել, բայց Տեր Հովհաննեսը երկար համոզում էր ինձ, որ պատերազմում հոգևոր ծառայողն էլ զինվոր է և հոգևոր իր ծառայությունները իրականացնում է ըստ իրավիճակի: Այսօրվա իրավիճակը հոգևորականներից զորանոցային ծառայություն է պահանջում: Մյուս հոգևորականները ևս սպասում էին, որ զենքը ձեռքներին օգնեին մեր զինվորներին, իսկ ես ոչ մի կերպ չէի համաձայնվում նրանց մարտի ուղարկել. «Առանց այն էլ քիչ եք,- պնդում էի:- Մի ամբողջ տարի սովորեցրել են, դաստիարակել: Աստված մի արասցե՝ ձեզ հետ մի բան պատահի, ստիպված կլինենք փակել Գանձասարը: Առանց այն էլ վանքը շուրջ յոթանասուն տարի դատարկ էր, մի համոզեք ինձ: Ոչ »:

Ես գիտեի ինչ էի ասում: Արցախի թեմը հոգևորականների, սարկավագների, եկեղեցու ծառայողների մեծ կարիք ուներ: Նորընծա քահանաների մեծ մասը պատրաստման արագացված կուրս էր անցել, թեմական դպրոցներ, առավել ևս հոգևոր ակադեմիաներ չէին ավարտել, ինչպես իրենց թեմական առաջնորդ Պարգև եպիսկոպոսը: Եվ այնուամենայնիվ, Տեր Հովհաննեսին կորցնելը անդառնալի հարված կլիներ, բայց երկար խնդրանքներից հետո ես հանձնվեցի: Նրանից ավելի լավ ուղեկցորդ մենք չէինք գտնի: Ավելի ուշ ինձ զեկուցեցին, թե հետախուզությունն ինչպես էր անցել:

Բայց մինչ այդ մենք միասին մեկնեցինք եկեղեցի: Այնտեղ մկրտութան ծես էր: Տեր Հովհաննեսին բախտ էր վիճակվել մկրտել մահապարտների գումարտակի 120 տղաներին, իսկ մարտիկների կնքահայրերն էինք՝ ես, նրանց հրամանատարը՝ իմ տեղակալը, Ֆրանսիայից կամավորական Հովսեփ Հովսեփյանը և, իհարկե, իմ կնքահայր Սամվել Շահմուրադյանը: Ավելի ուշ Տեր Հովհաննեսը խոստովանեց, որ նախկինում երբեք նմանատիպ զգացողություններ չէր ունեցել. «Երբ ամեն անգամ մի մարդու ճակատին, ծնկներին, կրծքին մեռոն ես քսում, ինքնին հուզիչ այդ արարողությունը սովորական է դառնում,- ասում էր նա:- Բայց երբ դիմացդ հարյուր քսան երիտասարդ է, որոնք, վաղը գնալու են մարտի, սովորական ծեսն ամբողջովին այլ կերպ է ընկալվում»: Զարմանալի էր, որ երկար ծեսը չհոգնեցրեց Տեր Հովհաննեսին. ընդամենը ժամուկես անց, հետախուզություն գնալիս, նա առույգությունից և գուցե ռազմական ազարտից բացի ոչինչ չէր զգում:

Գիշերը երեքին հետախուզական խումբը հասավ Վաղուհաս: Հակառակորդի դիրքերը շրջանցելով՝ մտավ թիկունք և ռացիայի միջոցով փոխանցեց այն տեղեկությունները, որի համար էլ ուղարկվել էր: Այժմ իմ մեջ պատկերացում ձևավորվեց թուրքերի մոտավոր քանակի, նրանց տեխնիկայի, պահեստների տեղակայման, լիցքավորման, շտաբի, զորանոցի մասին: Մի խոսքով՝ ամեն ինչի մասին: Նրանց հետևակը ստվար էր, փոխարենը ոչ մի տանկ և ԲՏՌ, որովհետև ճանապարհների իսպառ բացակայության պայմաններում, բաց տեղանքում ծանր տեխնիկան անելիք չունի: Անկեղծ ասած, մեր հույսն էլ դա էր՝ Գանձասարի և Խաչենի կիրճերը պաշտպանական սահման ընտրելիս:

Առավոտյան հետախուզական խումբը վերադարձավ: Առանց աչքս թարթելու ես բոլոր ստորաբաժանումներին հրամայեցի սկսել հարձակումը՝ ըստ նախօրոք հաստատված պլանի:

Մեր առջև դրված առաջին խնդիրը Խունգութալայի բարձունքին տիրելն էր: Կարճ խորհրդակցություն անցկացրինք: Դրան մասնակցում էին միայն տեղի գումարտակի, Հայաստանի մահապարտների, Ստեփանակերտի հատուկ գումարտակի, կազակների հարյուրյակի, ինչպես նաև հետախուզական, սակրավորների վաշտերի, կապի դասակի և բժիշկների հրամանատարները: Յուրաքանչյուրին ես հստակ բացատրեցի մարտական առաջադրանքը: Հանկարծ կազակների ատամանը հայտարարեց, որ հրաժարվում է կատարել հրամանը: Իբր տեղեկություն ունի, թե այն ուղղությունը, որով պետք է շարժվեն կազակները ու մտնեն մարտի, ականապատ է:

-Լսեք, Լոգինով,- բացատրում եմ՝ զսպելով ջղայնությունս,- ես ինքս եմ ասել, որ հակառակորդը ականապատել է բարձունքի մատույցները: Մարտից առաջ մենք դրանք մշակում ենք հրետանիով, ավելի ճիշտ՝ ականանետներով: Սակրավորները գիշերը կականազերծեն մեկ արահետը: Այդպես էլ կսկսենք գործողությունը: Ում հաջողվի հասնել բարձունքին՝ նա էլ հաղթողն է: Սա պատերազմ է, այստեղ փլավ չեն բաժանում: Սակրավորները բոլորին իրազեկել են: Եթե պետք լինի, նորից կիրազեկեն:

-Մեկ է, ես համաձայն չեմ: Փոխեք մեր և տեղացիների տեղերը: Մեզ տվեք նրանց առաջադրանքը, նրանց՝ մերը:

-Չի ստացվի, ատաման: Տեղացիները դրա համար էլ տեղացի են, որ ցանկացած ճանապարհ կանցնեն փակ աչքերով: Նրանք պետք է շրջանցեն ճակատի գիծը և ներխուժեն թշնամու թիկունք, իսկ մենք այդ ժամանակ եզրերից դեպի կենտրոն հարձակման իմիտացիա կանենք:

-Ոչ, մենք առջևից չենք գնա,- կտրուկ հրաժարվեց Լոգինովը:

-Ուրեմն այսպես կանենք: Ես իմ որոշումը չեմ փոխի, գործողության ծրագիրը հաստատված է նախարարի կողմից: Իսկ որպեսզի դուք չկասկածեք, թե ձեզ դեմ ենք տալիս, ես ինքս կղեկավարեմ քո հարյուրյակին: Դուք Ֆեդյայի հետ ինձ կաջակցեք թևերից,- Ֆեդյան Լոգինովի որդին էր,- կգտնենք պաշտպանական սահմանի թույլ օղակը, և ես կճեղքեմ այն: Համաձա՞յն ես:

Լոգինովը լուռ գլխով արեց, և ես հրամայեցի.

-Ցրվել: Բոլորս հանգստանում ենք:

Ես խնդրեցի Պարգև սրբազանին աղոթել մեզ համար և օրհնել օպերացիան: Առավոտյան չորսին լիակատար պատրաստականություն հայտարարեցինք: Մարտից առաջ քաջության համար բոլորին ալյումինե բաժակով 100 գրամ կոնյակ բաժանեցին: Ես էլ խմեցի: Հրաման տվեցի սկսել հրետակոծությունը: Հատուկ ուշադրություն էինք դարձրել ականապատ դաշտերին: Ի պատասխան՝ քաոսային գնդակոծություն լսվեց Խունգութալայի իշխող բարձունքից, որն էլ ուզում էինք ազատագրել: Պլանի համաձայն՝ գործի դրված բոլոր ստորաբաժանումները դանդաղ և անաղմուկ լքեցին տեղակայման վայրերը, նրանց թվում՝ կազակների հարյուրյակը: Առջևից գնում էինք ես և իմ հանձնակատար Դավիթը, ետևից՝ ատաման Լոգինովը, նրա որդին, հարյուրյակի շտաբի պետը, հետախույզները: Ես հրամայեցի քայլ առ քայլ գալ իմ ետևից և պահել ոչ պակաս, քան քսանհինգ մետր հեռավորություն: Տեղանքը ես գիտեի, գիշերը առաջանալը դժվար չէր: Ես միայն ականներից էի վախենում և զուր տեղը չէր իմ վախը: Վիճակը բաժին հասավ Ֆեդյային՝ ատամանի որդուն: Պայթյունը որոտաց, երբ ճանապարհի կեսից ավելին մնացել էր ետևում: Տղան տեղում զոհվեց, նրա ետևից եկող Լոգինովն ու ևս չորս հոգի վիրավորվեցին: Իմ ոտքը վիրավորվեց: Լոգինովը վրա հասած պատուհասից, թե վախից կորցրեց իրեն, բղավեց ռացիայով, թե կազակնե՛ր, վերցրեք դին ու վիրավորներին և հետ ենք քաշվում: Ես բավականին կոպիտ լռեցրի նրան, հիշեցրի, թե ով է հրամաններ տալիս: Հրամայեցի դուրս բերել Ֆեդյային և նրանց, ով չէր կարողանում քայլել.

-Ամեն մեկին՝ երկու հոգի, մնացածն իմ հետևից:

Ակնթարթորեն կազակների հարյուրյակը կարկամեց, ոմանք փորձեցին նահանջել:

-Եթե ինչ-որ մեկը փախչի, կգնդակահարեմ Լոգինովին և վիրավորներին,- չարացած ասացի ես: Րոպեանոց դադարից հետո դասակի հրամանատար Նիկոլայը ատամանի պարտականությունները վերցրեց իր վրա: Հարյուրյակը առաջ շարժվեց: Դավիթն ուզում էր կանչել Ասլանին՝ բուժեղբորը, որ վիրակապեր ինձ, բայց ես արգելեցի:

-Այստեղ բոլորը ռացիա ունեն, բոլորը լսում են եթերը: Կազակները կիմանան, որ ես վիրավոր եմ, առաջ չեն գնա:

-Բայց նրանք հայերեն չեն հասկանում:

-Կհասկանան,-ասացի:- Հետո այս անիծված բարձունքը չենք կարողանա վերցնել: Նրանք մեզ բոլորիս կգնդակահարեն այնտեղից որսի պես, կրակում են ուղիղ նշանառությամբ: Հիմա կամ երբեք: Քայլիր և մի շարժվիր: Ասա, թող Ասլանն օգնի մյուս վիրավորներին, հատկապես Լոգինովին:

Քայլելը դժվարանում էր: Վիրավորվել էր ձախ ոտքս՝ ծնկից վերև: Արյունը հոսում էր կոշիկիս մեջ, ոտնաթաթիս տակ տաք լճակ էր գոյացել, և ոտքս ճպճպում էր մեջը: Ինձ թվում էր, թե ձախ ոտքս առվակի մեջ էր, իսկ աջ ոտքս՝ քարքարոտ ափի: Սրան գումարած, վերքը ցավում էր: Կազակների հարյուրյակը և ես լողալով, թե քայլելով վերջաես հասանք նշանակված վայրը: Լուսադեմին դեմ մենք արդեն Խունգութալայի բարձունքի տակ էինք: Մնում էր այդտեղից քշել ադրբեջանցիներին:

Երբ լուսադեմին նայեցի հետ՝ մեր կազակների կողմը՝ շշմեցի: Աստված իմ, ո՞ւր է հարյուրյակը: Ետևիցս երեսուներեք հոգի էր գալիս, ոչ ավել, ոչ պակաս, մնացածը նպատակահարմար էր գտել հեռանալ վիրավորների հետ: «Այսքանի համար էլ շնորհակալ եմ»,- մտածեցի ես: Մենք դադար վերցրինք, և Դավիթն օգնեց ինձ վիրակապել արնահոսող սրունքս: Արյան կորստի հետևանքով գլուխս պտտվում էր, բայց այդ մասին մտածելու ժամանակ չկար և ընդհանրապես, վերքի վրա կենտրոնանալ չի կարելի, վիճակն ավելի կբարդանա:

Ես գումարտակի հրամանատար Մորուք Ռաֆոյին ու Խալաստոյ Ագոյին հրամայեցի դիվերսիոն-ճեղքիչ գործողություններ սկսել հակառակորդի թիկունքում, որպեսզի շեղենք նրանց մեր հիմնական գործողություններից, իսկ մահապարտներին և ստեփանակերտցիներին հրամայեցի բարձունքը գրոհել թևերից: Ծանր, համառ մարտ ծավալվեց: Մայրամուտին ամբողջ շրջակայքը ծխում էր և թնդում էր պայթյուններից: Կրակի ցոլքի մեջ փայլում էր կանաչ, խիտ անտառը, որն այժմ ստացել էր բոսորագույն երանգ: Ամեն ինչ ընթանում էր ըստ հերթականության, բայց հակառակորդը աննկուն էր, բարձունքի դիրքերը չէր հանձնում: Երկու կողմերն էլ կորուստներ ունեին: Հենց այդ մարտում զոհվեց փայլուն հրապարակախոս, Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Շահմուրադյանը՝ իմ կնքահայրը, որը մեկ տարի առաջ մկրտեց ինձ այստեղ՝ Գանձասարում: Նրա մահը ցնցեց մեզ բոլորիս: Սամվելն իրեն մեծ մարդու և իսկական հայրենասերի պես դրսևորեց: Հայր Հովհաննեսը, որը չէր մասնակցում մարտին, նրան զոհված տեսնելով, շշնջաց. «Մի բանի համար եմ ցավում, եթե մարտում նրա կողքին լինեի, ես նրան կպաշտպանեի…»:

Մարտը ձգվեց մինչև մթնելը, երեկոյան հակառակորդը ուժասպառ եղավ: Ոչ ուժ, ոչ զինամթերք չէր մնացել, իսկ ճանապարհը, որով կարող էր օգնություն գալ, ես փակել էի նախօրոք: Երբ մենք տղաների հետ բարձրացանք Խունգութալա, այնտեղ թաքնված ադրբեջանցիները, մեզ յուրայինների տեղ դնելով, բղավեցին. «Որտեղ եք, գրողի տարածներ, արդեն հինգ ժամ է սպասում ենք»: Ես վատ չեմ խոսում ադրբեջաներեն, ասացի՝ վիրավորվել եմ: Եվ ցույց եմ տալիս արյունից թրջված շալվարս: Խրամատներում վխտում էր 15 մարդ, նրանք գնդացիրներ ունեին, այդ թվում՝ խոշոր տրամաչափի հակատանկային գնդացիր: Տղաները սկսեցին գնդակահարել նրանց: Նրանց աչքերը ճակատներին թռան՝ ինչի՞ համար: Այ քեզ ժողովուրդ, նույնիսկ մեր հագուստից ու առոգանությունից չհասկացան, որ հայ ենք: Պետք է, որ հոգնած լինեին, արդեն երեկո էր, քունները տանում էր: Ինչևէ, մենք օգնեցինք նրանց՝ հավերժական քուն պարգևելով:

Բարձունքին հենակետ տեղակայելով՝ ես մնացածին հրամայեցի իջնել ցած և հավաքվել արդեն ազատագրված Վաղուհասում: Այնտեղ մեզ սպասում էր ճակատի ամբողջ անձնակազմը: Ես այլևս չէի կարողանում քայլել, և Դավիթն ու էլի ոմանք ստիպված էին ինձ շալակած տանել: Նախ անհրաժեշտ էր բեկորը հանել, իսկ շրջակայքում ոչ մի բժիշկ չկար՝ վիրավորներին տարել էին դաշտային հոսպիտալ: Գանձասարում հերթապահող բուժքույր Աիդան դեռևս ճանապարհին էր: Ես կանչեցի Բյուրեղավանից հենց նոր ժամանած նորեկներին՝ տասնութ տարեկան տղաներին և խնդրեցի նրանց հրամանատար Արթուրին շտապ ջուր եռացնել: Կրակ վառեցին: Իմ սվին-դանակը մեկնեցի Դավիթին և խնդրեցի դանակի շեղբը կրակի վրա հականեխել: Առանց շունչ քաշելու երկու բաժակ կոնյակ խմեցի, ինչքան ուժ ունեի՝ ատամներով սեղմեցի հաստ ճյուղը՝ ցավից չոռնալու համար, մինչև ծնկներս պատռեցի շալվարս: Համարձակություն հավաքեցի, կոնյակով մշակեցի վերքը և ձեռքերս, դանակի շեղբով կտրեցի վերքը և բութ մատով ու ցուցամատով մտա դրա մեջ: Բռնեցի բեկորը և արագ դուրս քաշեցի ճկույթի չափ այդ արճիճը: Ցավը պոկում էր ոտքս, ես ատամներով սեմում էի ճյուղը և միայն բառաչում էի: Պետք էր հանգստացնել ցավը և հականեխել վերքը: Համաձայն ժողովրդական բժշկական միջոցների՝ հրամայեցի Արթուրի ջահելներին միզել բաժակի մեջ: Բերանները բաց՝ նորակոչիկները պլշել էին վերքին և չէին շարժվում: Հանկարծ նրանցից մեկն ուշաթափվեց: Արթուրը չգիտեր ում օգներ. «Բարձրացրեք նրան, ջրով շփեք և մի քանի ապտակ տվեք»,- ցավից գալարվելով ասում եմ ես: Արթուրը զբաղվեց իր մարտիկով, իսկ ես բղավեցի նրա ջահելների վրա.

-Դե միզեք բաժակի մեջ, ես ձեր մերը:

Մեկը փորձեց, բայց, երևում է, նրա մոտ խառնաշփոթից ամեն բան լռվել էր:

-Գոնե ծխախոտ ծխեք,- հուսահատված տնքացի ես: Ինձ անմիջապես երեք հատ վառած «Պրիմա» մեկնեցին: Միանգամից դրանք բերանս մտցնելով՝ ես ուժեղ ձգեցի և վառեցի վերքը այրվող գլանակներով: Աչքերիս առաջ մթնեց՝ կարծեցի, որ կուշաթափվեմ, բայց ինձնից առաջ ընկավ ևս մեկ նորակոչիկ: Այրված մսի հոտը զգալով՝ խիզախ մարտիկը դրմփաց առանց գիտակցության: Ես անիծեցի բոլորին ու ամեն ինչ, բայց տղերքն իմ զահլան չունեին: Մինչ նրանք ուշքի էին բերում երկրորդին, առաջինը ինչ-որ կերպ ուշքի եկավ, երեսին արցունքներն էր լղոզում և դողում էր…

Այդ պահին, բախտի բերմամբ, վիլիս եկավ, մեքենայից դուրս եկան Պաշտպանության բանակի հրետանու հրամանատար Ժորա Գասպարյանը՝ Գրադ Ժորա մականունով, Տեր Հովհաննեսը և բուժքույր Աիդան: Մի ակնթարթում հասկանալով, թե ինչ է կատարվում՝ բուժքույր Աիդան մեզ երեքիս նաշադիր դեմ տվեց, վարպետորեն յոդով մշակեց վերքս, վիրակապեց և մորֆի սրսկեց: Այդ ընթացքում նա մռթմռթում էր քթի տակ, թե ինչ վտանգավոր է ինքնաբուժումը, չէ որ եթե ինֆեկցիա անցնի, կարելի է գանգրենա ստանալ:

Տխուր մտքերից մեզ ցրելու համար Գրադ ժորան սկսեց ուրախացնել մեզ. «Գնում ենք Գանձասարից,- պատմում է,- ամեն ինչ կարգին է, հանկարծ, Վաղուհասից ոչ հեռու մեքենան սկսեց տեղապտույտ տալ՝ հետևի անիվն ընկել էր փոսը: Արթուր, իսկ մեր հանրահայտ ուժեղին գիտե՞ս: Չգիտե՞ս: Աիդան սկսեց նյարդայնանալ, թե ինչպես ենք հասնելու, դե ես էլ լուռ նայեցի Տեր Հովհաննեսին: Նա ամեն ինչ հասկացավ և հրամայեց մեզ տեղից վեր չկենալ, իսկ ինքը դուրս եկավ, բռնեց վիլիսի հետևի բուֆերը, բմբուլի պես բարձրացրեց և հանեց ակը փոսից: Ահա ինչ քահանա ունենք Գանձասարում: Իսկական չեմպիոն»:

Այդ ընթացքում մեր չեմպիոնը ծոցից «Գանձասար» կոնյակի շիշ հանեց, մենք շնորհավորեցինք միմյանց Վաղուհասի գրավման կապակցությամբ՝ մեկ բաժակ խմեցինք, հետո ևս մեկը, ու հյուրերը պատրաստվեցին վերադառնալ: Ես էլի գործեր ունեի, գիշերեցի Վաղուհասում, որից միայն ավերակներ էին մնացել ձեռքից ձեռք անցնելուց և բազմաթիվ գնդակոծություններից հետո:

Մինչև առավոտ քնեցի թթենու տակ ու ինձ ավելի լավ էի զգում: Ինձ արթնացրեց Դավիթը, պարզվեց, որ ադրբեջանցիները անցել են հակահարձակման: Գետավանի կողմից շարժվում են Վաղուհասի ուղղությամբ: Նախորդ օրվա կորուստներից հետո, զոհերից խուսափելու համար, իմաստ ուներ նախկին դիրքեր նահանջել: Այդպես էլ արեցինք: Երկու ժամ անց մենք կրկին տեղակայվեցինք հին խրամատներում: Գլուխս դեռ պտտվում էր, ես մահապարտների հրամանատարի տեղակալ Ալիկ Պետրոսյանին խնդրեցի մեկ օրով փոխարինել ինձ, ինքս գնացի հոսպիտալ, որպեսզի վերականգնեմ ուժերս և վերամշակեն ոտքիս վերքը, որը շատ էր ցավում:

Վերադառնալով մահապարտներին և կազակներին՝ ուզում եմ հատուկ երախտագիտությամբ հիշել բոլորին, որոնք մեզ հետ էին ամենադժվար օրերին: Կրկին խոնարհվում եմ այդ անհավասար մարտերում զոհվածների առջև: Նրանց շարքում կային մարդիկ, որոնք չէին տիրապետում զենքին և ծանոթ չէին ռազմական գործին: Նրանք, այնուամենայնիվ, կանգնեցին մեր կողքին՝ մարտական շարքում: Եթե որևէ մեկն էլ թշնամի չի սպանել, ապա կրծքով փակել է մարտական ընկերոջը: Այդպես զոհվեց Սամվել Շահմուրադյանը: Մարտի ընթացքում նա մարմնով ծածկեց հրամանատարին: Սամվելն իմ կնքահայրն էր, ես խնդրում էի նրան չմասնակցել մարտերին, այլ ականատեսի տարեգրություն վարել սերունդների համար, ստեղծել ղարաբաղյան դյուցազներգություն: Սամվելը կտրականապես հրաժարվեց և վիրավորված ասաց, որ ինձնից նման բան չէր սպասում:

Սամվելի լուսանկարը արծաթե շրջանակի մեջ արդեն շուրջ երեք տասնամյակ իմ տանն է: Մի անգամ, երբ իմ երկվորյակ երեխաները՝ Գայանեն և Կատերինան տասը տարեկան էին, հարցրին.

-Պապ, սա ո՞վ է:

Ես ասացի.

-Իմ կնքահայրը:

-Իսկ ինչո՞ւ նա մեզ մոտ չի գալիս:

-Նա զոհվել է պատերազմում՝ Ղարաբաղում:

-Ինչի՞ համար են նրան սպանել:

-Ո՞նց ասեմ,- մտածեցի ես:- Ուզում էին սպանել նրա հրամանատարին, բայց նա հասցրեց մարմնով պաշտպանել նրան… Այդպես էլ զոհվեց, բայց հրամանատարը վրեժխնդիր եղավ նրան սպանողներից:

-Իսկ ինչո՞ւ են պատերազմում սպանում: Չի կարելի՞ պայմանավորվել կամ գնել:

-Ի՞նչը գնել:

-Ինչի համար որ պատերազմում են, այ դա գնել:

-Պատերազմում են հողի, հայրենիքի, պատվի համար: Իսկ դա չես գնի: Սովորաբար դրա դիմաց վճարում են ոչ թե ոսկով, այլ արյամբ:

-Ես, ոնց որ թե հասկացա,-ասաց Գայանեն, վերցրեց լուսանկարը, սեղմեց կրծքին և ավելացրեց:- Ես սիրում եմ նրան:

Լուսանկարը տեղը դրեց, և քույրերը վազեցին կռիվ կռիվ խաղալու: Թեև, որքան հիշում եմ, աղջիկները կռիվ կռիվ չեն խաղում: Նրանց ոչ էլ պետք են այդպիսի խաղեր:

Այնպիսի տղաներ, ինչպիսին Սամվելն էր, այդպիսի տղամարդիկ, ծնողներ, որդիներ ու կնքահայրեր Վազգեն Սարգսյանի մահապարտների ջոկատում երեք հարյուր վաթսուներկուսն էին:

Նրանք զինվորներ չէին և զոհվում էին ոչ որպես զինվորներ, այլ որպես իրենց ընտանիքը, հարազատներին և մերձավորներին պաշտպանող հայրեր և պապեր: Ես հպարտությամբ հերոսներ եմ կոչում իմ բոլոր ողջ մնացած և զոհված մահապարտ մարտիկներին, որովհետև հայրենիքի համար ամենադժվար ժամին նրանք ինքնակամ գնացին մարտի և պատվով պաշտպանեցին այն:

Փառք և պատիվ, հավերժ հիշատակ նրանց:

Հ.Գ.

Երկու տասնամյակ անց՝ 2012 և 2017թթ. ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հատուկ նշանակության ջոկատի կազմավորման 20-րդ և 25-րդ տարեդարձի կապակցությամբ «Արծիվ-մահապարտներ» ջոկատի մարտիկներին պարգևատրեց ԼՂՀ մեդալներով: «Արիության համար» մեդալին արժանացավ 70 հոգի, նրանցից 64-ը՝ հետմահու: «Մարտական ծառայությունների համար» մեդալով պարգևատրվեց 88 մարդ, որոնցից 10-ը՝ հետմահու:

--

--