Վազգենը

Artur Aleksanyan
3 min readMar 5, 2020

--

Արցախի ազատագրման համար կռված յուրաքանչյուրի, առավել ևս՝ առաջնորդի, հավանաբար թվում է, թե եթե ինքը չլիներ, չէր լինի նաև մեր հաղթանակը: Եվ հաղթանակը, որ մենք տարել ենք, ձեռք է բերվել գլխավորապես իր ջանքերի շնորհիվ: Իրականում հաղթանակի գործում Վազգեն Սարգսյանի իսկական արժեքն ու վաստակը մենք այդպես էլ չենք իմանա, դրանց մասին կիմանան մեր սերունդները հիսուն և ավելի տարիներ հետո: Այն ժամանակ մեզնից ոչ ոք չի կարող իր կարծիքը պարտադրել պատմությանը, և մաքրված լինելով անկողմնակալությունից, այն կհստակեցնի ներկա դարաշրջանի հայերի վաստակը: Հնարավոր է, որ դեգերելով Ղարաբաղյան շարժման հորձանուտներում, մեր թոռները այդ շարժումը կկապեն նախ և առաջ Վազգենի անվան հետ, ինչպես այսօր մենք կապում ենք այս կամ այն դարաշրջանը Տիգրան Մեծի կամ Վարդան Մամիկոնյանի հետ: Չեմ կարծում, թե մեր դարաշրջանին կշնորհեն, օրինակ, Լևոն Տեր-Պետրոսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի անունները: Արդեն իսկ կենդանության օրոք նրանց մասին կամ մոռացել են, կամ լռում են: Իսկ ահա Վազգենի մասին շարունակ խոսում են ու պիտի խոսեն, քանի որ հայոց ոգու երկար սպասված հաղթանակը թուրքական մտրակի նկատմամբ առաջին հերթին կապվում է նրա անվան հետ: Սարդարապատի ճակատամարտից հետո այլ հաղթանակներ հայ ժողովուրդը չի տարել: Ուրիշ ի՞նչ կարելի է համադրել այդ ռազմական հաղթանակին: Անգամ եթե միատեղվեն ջանքերն ու ձեռքբերումները Հայաստանի ու Արցախի բոլոր նախագահների, նրանք կխամրեն նրա կողքին: Թեև նրանց տրամադրության տակ նույն ժողովուրդն էր, նույն ռեսուրսները և անգամ, գոնե սկզբնական ժամանակներում, հայության նույն հայրենասիրությունը:

Այո, Վազգենը ևս ուներ թերություններ ու սխալներ, հաղթանակը հենց այնպես չի տրվում: Դա արյուն է, քրտինք և արցունքներ: Ու քանի որ մեզ շուտափույթ հաղթանակ է պետք, չի կարելի, ըստ երևույթին, դատապարտել նրան, ով հարկադրված էր հեղել արյուն, քրտինք ու արցունքներ:

Վազգենը երկնաքար էր, որ պայթեցրեց մեր կոմունիստական լճացած մտածելակերպը. պայթյունից հետո մեր ուղեղներում առաջացավ դատարկություն, վակուում: Իսկ հետո այդ դատարկության մեջ աճեցին ազգային գիտակցության ծիլերը: Իզուր չէ, ու Վազգենը դարձավ հաղթանակի խորհրդանիշ, որին ավելի շատ էին հավատում, քան ուրիշներին: Դա ստացվեց ոչ կանխամտածված, ոչ ոք չընդգծեց նրա դերն ու նշանակությունը: Բայց ոմանց դուր չէր գալիս, որ ժողովուրդը բոլոր դափնիները վերագրում էր միայն նրան: Վազգենին սկսեցին նախանձել, վախենալ նրանից ու զգուշանալ՝ հանկարծ ու նա կվնասի իրենց, կթուլացնի իրենց դիրքերը: Հենց այդպես էլ ծնվեց դավադրությունը կամ խարդավանքը, իսկ արդյունքում՝ խռովության փորձը, Վազգենի սպանությունը խորհրդարանում: Ուշադրություն շեղելու համար կամ մարդկային կյանքը չգնահատելու հին սովորությամբ նրա հետ միասին խորհրդարանում գնդակահարվեցին տասնյակ պատգամավորներ: Վազգենի սպանությունը մնաց փաստորեն անպատիժ, համազգային սուգը հատուցում չէ: Ավելի վատ չէր կարող լինել:

Միայն հիսուն կամ հարյուր տարի հետո հայ ժողովուրդը կիմանա, թե ինչ է արել Վազգեն Սարգսյանը և որքան է նրա վաստակը: Եվ գուցե ամբողջ աշխարհը գնահատի, որ մեր հաղթանակը, որի համար ինքը ուժ չխնայեց, առաջին հերթին հարկավոր էր համաշխարհային հանրությանը, և միայն հետո մեզ՝ հայերիս: Քանի որ հենց այդ ժամանակ սկսեց շրջանառվել մեծ Թուրանի մտահղացումը, որը ենթադրում էր Եվրոպայի ու Ասիայի համատարած իսլամացում: Վազգենը ծնվել էր ճիշտ ժամին և ճիշտ տեղում, կարևոր չէ, որ նա ֆիզկուլտուրնիկ էր ու լրագրող: Ճիշտն ասած, մեզնից շատերը՝ Ղարաբաղյան շարժման մասնակիցներից ու նրա հրամանատարներից, հեռու էինք ռազմական մասնագիտություններից, բայց և այնպես մենք հաղթեցինք: Վազգենը մեզնից մեկն էր, թեև դարձավ պաշտպանության նախարար: Նա չէր էլ կարող չդառնալ, քանի որ դրսևորեց իրեն շատ ավելի լավ, քան կարող էինք մենք բոլորս: Նրան կյանք էր պարգևել ու հղկել Արարատը, որի ստորոտում նա ծնվել ու ապրում էր: Հենց Արարատյան դաշտավայրից ելածը պիտի միավորեր ցաքուցրիվ ռազմական ջոկատները, որոնք ինքնաբերաբար առաջացան հայրենիքը պաշտպանելու համար, հենց նրան էր վերապահված հայկական բանակն ստեղծելու և թշնամուն հաղթելու պատիվը: Ոչ, այդ ամենը պատահական չէր, այդ ամենը որոշված էր ի վերուստ:

Վազգենի հետ մենք, հաճախ կատակով, մրցում էինք, թե ով է ավելի հայրենասեր: Սկզբում, երբ խոսքը Արցախի մասին էր, ես, ուղն ու ծուծով լինելով ղարաբաղցի, գերազանցում էի նրան, բայց երբ նրա հորիզոնը ընդլայնվեց, ընդգրկելով ամբողջ Հայաստանը, Վազգենը քիչ-քիչ, աննկատ ու անկասելի՝ վերածվեց սպարապետի: Ես արդեն չէի կարող հասնել նրան: Հետաքրքիր է, որ դրա հետ մեկտեղ մեր միջև ոչինչ չէր փոխվել, նա առաջվա նման ինձ վերաբերվում էր եղբոր պես: Երբեք ամոթալի չէր համարում հրապարակավ հարցնել ինձ այն, ինչից ես ավելի լավ էի գլուխ հանում: Անգամ կառավարական ամառանոցներում, որտեղ նա տեղափոխվել էր, ինձ համար սենյակ էր առանձնացրել, որ թռչելով Երևան, մնայի այնտեղ: Իսկ երբ ստեղծում էր «Երկրապահ» կամավորականների միություն ռազմահայրենասիրական կազմակերպությունը, դրա հրամանատար Աստվածատուր Պետրոսյանի հետ միասին ինձ նշանակեց իր տեղակալ: Ես կհամարձակվեի նրան անվանել ամենահաս «սարդ-մարդ», նրա անձնական ծառայությունը հայոց պետության և հայկական պետականության վերստեղծման ու փրկության գործում անհնար է գերագնահատել ու չափազանցնել:

--

--