Ո՞րն է մեր` հայկական կրթական մոդելը

Կրթության ամենաարդյունավետ մոդելը ֆիննականն է։
Սովետական կրթական մոդելից լավը չկա։
Մենք անցում ենք կատարում Բոլոնյան կրթական համակարգի։
Ամերիկյան կրթական մոդելը մրցակցում է ֆիննական մոդելի հետ։
Կրթության ոլորտում մենք պետք է գնանք գերազանցության խրախուսման ճանապարհով։
Այս տեսակետներից ցանկացածը կարող է կիրառելի լինել և ունենալ շատ դրական ազդեցություն սովորողի վրա։ Եվ նույն իրականությունում կա հետևյալ պատկերը՝
Լեռնագոգ գյուղի ազգագրության խմբակի ժամին ուսուցչուհի տիկին Քամալյանը դպրոցի դահլիճում քննարկում է հայկական ռազմապարերը, քայլերի հերթականությունը և նշանակությունը, աշակերտների հետ շուրջպար բռնում ու պարում։ Այդ դպրոցի միջին դասարանի ցանկացած աշակերտի հայ մշակույթից, պարարվեստից, պատմությունից մի հարց տաս, այնպիսի խորությամբ ու ոգևորվածությամբ կպատասխանի, որ հարց տվողին կթվա, թե այդ գիտելիքը գալիս է իր ներսից։ Կրթության ո՞ր մոդելն է սա։

Աշխարհահռչակ երաժիշտներ ջութակահար Պինկաս Ցուկերմանը, թավջութակահար Յո-Յո Ման, ջութակահար Ջոշուա Բելլը ուսանել են Նյու Յորքի արվարձաններից մեկում տեղակայված Meadowmount-ի երաժշտական դպրոցում։ Այնտեղ երաժշտական գործիք նվագելու տեխնիկան զարգացնելու համար կտրատում են տպագիր նոտաները և պատահական սկզբունքով ընտրված հատվածները միացնում իրար ու տալիս նվագելու։ Երաժշտական ոչ մի դպրոց չունի նման մոտեցում։ Բայց և այնպես, այս փոքրիկ դպրոցը կարողացել է տալ հանճարեղ երաժիշտներ։
2011 թ-ից սկսած Հայաստանում շախմատն ընդգրկվել է դպրոցներում՝ որպես պարտադիր առարկա: Մինչ այժմ կատարված հետազոտությունները փաստում են, որ շախմատը խթանում է աշակերտների տրամաբանական մտածողությունը, ստեղծագործ միտքը և շատ այլ հատկություններ: Բայց արդյո՞ք այն հանգամանքը, որ երեխան դպրոցում սովորում է նաեւ շախմատ խաղալ, նրան դարձնելու է ՍՈՒՊԵՐշախմատիստ կամ ՍՈՒՊԵՐտրամաբանող կամ ՍՈՒՊԵՐստեղծարար։
Բրազիլիայում ֆուտբոլը մեծ զարգացում ապրեց, երբ ստեղծվեց ֆուտզալ սպորտաձևը։ Այն շատ նման է ֆուտբոլին, սակայն այն խաղում են ավելի փոքր տարածքում, փոքր կազմով և փոքր գնդակով։ Ֆուտզալ խաղացողները զարգացնում են կարճ փոխանցումների և կարճ տարածությունում մանևրելու հմտությունները, ինչը շատ է օգնում մեծ ֆուտբոլ խաղալու ժամանակ։ Բրազիլիայում ֆուտզալ խաղում են ամեն մի քաղաքում, գյուղում ու բակում։ Միգուցե սա՞ է բրազիլական ֆուտբոլի ուսուցման մոդելը։

«Գրականությունը բոլորին է պետք և ոչ թե միայն նրան, ով բանասեր է դառնալու․ բոլորին և ոչ թե միայն նրան, որը որևէ բուհ է ընդունվելու կամ խցկվելու․․․ »։ Սա ուղղակի մեջբերում է Վարդգես Պետրոսյանի հեղինակած «Վերջին ուսուցիչը» վիպակի գլխավոր հերոս Վահան Մամյանից։ Մամյանը գրականության ուսուցիչ է, իսկ նրա դասավանդման մեթոդի շնորհիվ իր աշակերտները նախ և առաջ մեծանում են որպես հասարակությանը պիտանի մարդ և այնքան են սիրում գրականությունը, որ կարդում են բազմաթիվ գրքեր՝ սկսած «Մանոն Լեսկո»-ից մինչև Դոն Կիխոտ ու Տերյան։ Սա ո՞ր կրթական մոդելն է — սովետական, հայկական, ֆիննական, թե զուտ մարդակենտրոն։
Այս հոդվածը գրելիս մի քիչ ուսումնասիրեցինք կրթության ֆիննական մոդելը, քանի որ նախորդ հոդվածը մեծ քննարկումների առարկա դարձավ, և որոշ ընթերցողներ ուղղակի այն համարեցին «ֆիննական կրթական մոդելի» թաքուն պրոպագանդա։ Ֆիննական մոդելը դեռևս իր կայացման ծաղկուն շրջանում է, սակայն այն բնութագրելիս մասնագետները մատնանշում են մի քանի առանձնահատկություններ, որոնք հետաքրքիր է դիտարկել ։
Համագործակցություն և ոչ մրցակցություն
Նկարիչ, գրող Սամուլի Պառոնեն ասել է, «Իրական հաղթողները չեն մրցում»։ Հնարավոր է մտածեք` «դե Սամուլի Պառոնեն ազգությամբ ֆինն է և գովաբանում է իրենց դպրոցը»։ Բայց եթե այս մոտեցումը դիտարկենք կրթության ոլորտում և այս ժամանակաշրջանում, կարծում ենք՝ այսօրվա երիտասարդները, ուսանողներն ու աշակերտներն ավելի շատ պետք է սովորեն իրար հետ համագործակցել, միասին աշխատել, քննարկել, հաղորդակցվել, բանակցել ու համաձայնության գալ։
Միջառարկայական ուսուցում
Սևանի ավագ դպրոցում այս տարի հետաքրքիր բաց դաս էին կազմակերպել «Կենսաբանությանը, քիմիային ու երաժշտությանը նայել մաթեմատիկայի տեսանկյունից»։ Աշակերտները քննարկում էին մաթեմատիկական բանաձևերի և օրենքների կիրառությունն այլ ոլորտներում։ Շատերի մտքում միանգամից հարց է ծագում․ «Իսկ ո՞րն է դրա արդյունավետությունը, ավելի կարևոր է՝ աշակերտները սովորեն ու լավ իմանան մաթեմատիկա, կենսաբանություն, քիմիա և այլն»։ Միանգամայն համամիտ ենք, որ տարբեր առարկաներ սովորելը ու լավ իմանալը, շատ կարևոր է։ Բայց ցանկացած առարկա լավ իմանալուց բացի, իրական կյանքում՝ դպրոցական դասասենյակից դուրս, աշակերտներին համակցված գիտելիքներ և հմտություններ են պետք՝ տեղեկատվությունն ավելի լավ վերլուծելու ու հասկանալու համար։
Ֆիննական կրթական մոդելն ունի բազմաթիվ այլ առանձնահատկություններ, ինչպես ամերիկյանը, ռուսականը, հայկականը, որոնք կարող են դիտարկվել արդյունավետ կամ ոչ արդյունավետ։
Իսկ ո՞րն է մեր մոդելը։
Արդյո՞ք մենք ուղղակի պետք է վերցնենք այդ մոդելներից մեկը և կիրառենք մեր կրթական համակարգում։
Վերջին տարիների ընթացքում մեր կրթական համակարգը տարբեր փոփոխությունների և ռեֆորմների է ենթարկվել, տարբեր մոտեցումներ են փորձարկվել և փորձարկվում, սակայն դեռևս չկա այն կրթական մոդելը, որը հաշվի կառնի մեր՝ հայերիս, առանձնահատկությունները, մեր ուսուցման լավագույն փորձը. տիկին Քամալյանի աշակերտին նյութը մատուցելու ձևը, Վահան Մամյանի անհատական մոտեցումը, Սևանի ավագ դպրոցի ուսուցչի մի առարկայի գիտելիքները մյուս ոլորտներում կիրառելու հմտությունը։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվի՛ր ընկերներիդ հետ։
