ԱՆՀՆԱՐ ՈՉԻՆՉ ՉԻ ԼԻՆՈՒՄ…

Եթե ընդամենը մի քանի տարի առաջ Արցախում էկզոտիկ բույսեր աճեցնելը հրաշք էր թվում, ապա այսօր այն իրականություն է:

2013 թվականին Արցախում բնակություն հաստատած հալեպահայ եղբայրներ Վրեժ և Հովիկ Ասմարյաններն Ասկերանի շրջանի Բերքաձոր գյուղում հիմնեցին 15 հեկտար պտղատու այգի: Այստեղ այսօր արդեն աճում է մեկ տասնյակից ավելի տեսակի շուրջ 3000 մրգատու ծառեր և բույսեր։

Սիրիահայ եղբայրները հենց սկզբից ձեռնամուխ եղան ցիտրուսի, ձիթենու և այլ մրգատու ծառերի մշակության գործին։Սիրիայում նրանք զբաղվում էին գարու և ցորենի մշակությամբ:

www.artsakhpress.am

Ինչպես նշեց Վրեժ Ասմարյանը մեզ հետ զրույցում, ջերմոցում այսօր արդեն աճում է ամեն տեսակի ցիտրուսային միրգ՝ մանդարին, պամելա, լիմոն, նարինջ, թուրինջ:

«Թեև ցիտրուսային ծառերը կարող են դիմակայել մինչև 0° ցրտին,ապա մենք հասել ենք նրան,որ նրանք արդեն ցրտադիմացկուն են նույնիսկ -8° ջերմաստիճանում: Բայց դրանով նույնպես չենք բավարարվելու . ձգտելու ենք հասցնել մինչև -12° ցրտադիմացկունության»:

Այգեգործի խոսքերով՝ Արաքսի ափի երկայնքով ցիտրուսային այգի ունենալը իրատեսական է, բայց անհրաժեշտ պայմանների բացակայության պատճառով (շրջաններում ջուր, հոսանք չկա) իրենք բախվում են օբյեկտիվ դժվարությունների:

«Եթե ապագայում կարողանանք գտնել անհրաժեշտ դրամական միջոցներ կամ կառավարությունը ֆինանսավորի հոսանքի, ջրի ծախսերը, ապա ծառերը արդեն պատրաստ են և կարող ենք այգի ունենալ այնտեղ: Դա Արցախի պատմության մեջ առաջին ցիտրուսային այգին կլինի»,- ասում է Վրեժ Ասմարյանը։

Այգեգործ եղբայրները սկզբից եկել էին Հայաստան և փորձում էին իրենց ծրագրերը կյանքի կոչել Երևանում: Սակայն տեղի կլիմայական պայմանները չարդարացրեցին նրանց սպասելիքները:

Արցախը հայրենադարձ եղբայրներին գրկաբաց ընդունեց:

«Արցախի իշխանությունները հենց սկզբից քաջալերեցին մեզ, իսկ բնակլիմայական նպաստավոր պայմանները մի նոր ոգի և եռանդ հաղորդեցին մեր նախաձեռնություններին»,-պատմում են «հրաշագործ» եղբայրները:

Հովիկ Ասմարյանի խոսքով, երկար տարիների ընթացքում Սիրիայում արդեն զարգացել էին ոչ միայն միրգ աճեցնելու տեխնոլոգիաները, այլև կայացել էր շուկան. բերքի սպառման հարցում այգեգործը ոչ մի դժվարության չէր հանդիպում:

«Մինչդեռ այստեղ՝ Արցախում ինքդ պետք է փնտրես սպառման շուկան, ինչը կապված է բավականին լուրջ դժվարությունների հետ»,- նշում է Հովիկ Ասմարյանը:

Բայց եղբայրները լավատես են: Արցախը սոսկ հայրենիք չէ, այլ իրենց և համայն հայության հպարտության խորհրդանիշը, իսկ խորհրդանիշը պետք է բարգավաճ ու շենշող լինի, հետևաբար յուրաքանչյուր հայ պետք է իր ներդրումն ունենա երազանքների հայրենիքի կայացման գործին:

Հեղինակ՝ Գոհար Ղուլյան

One clap, two clap, three clap, forty?

By clapping more or less, you can signal to us which stories really stand out.