Youtube-ն ու կրթական ոլորտը
--
Ինչու՞ են երեխաներն այդքան տարված youtube-յան տարբեր բլոգերներով։ Արդյո՞ք տեսանյութերը հայկական կրթության ոլորտում ապագա ունեն: Կարելի՞ է նմանատիպ միջավայրում պատկերացնել կրթական տեսանյութեր: Ի՞նչ ձևաչափով է պետք պատրաստել դպրոցական առարկաները սովորելու՝ աշակերտներին գրավող և մոտիվացնող տեսանյութեր։
Սրանք հարցեր են, որոնց պատասխանները ողջ աշխարհում տալիս են հաջողությամբ կիրառվող և օրեցօր տարածվող առցանց կրթական հարթակները, նոր տեխնոլոգիաների մուտքը ուսումնառության կամ դասավանդման գործընթաց։
Մեր կրթական համակարգի այսօրվա հիմնական խնդիրներից մեկը ռեսուրսների սակավությունն է, հատկապես՝ հայալեզու նյութերի: Ահա այս զարգացումներին ու պահանջարկին համահունչ հարթակ է տրամադրում «Քան» ակադեմիայի հայաստանյան գրասենյակը, որտեղ հայալեզու անվճար տեսանյութեր ու վարժություններ են ամենատարբեր առարկաների վերաբերյալ, և մենք մտադիր ենք ավելի ու ավելի ընդլայնել մեր բաժինները՝ հայ սովորողներին և ուսուցիչներին կրթական որակյալ նյութերի լայն բազմազանություն ապահովելու համար։
Քննարկումներ այն մասին, որ կրթական տեխնոլոգիաները Հայաստանի կրթական զարգացումներում անխուսափելի մաս են, հաճախ ենք լսում: Այդուհանդերձ, կրթական հաստատությունների, ուսուցիչների, ծնողների և աշակերտների պատկերացումները նույնքան հաճախ շատ տարբեր են լինում. որոշները տեխնոլոգիան դիտարկում են որպես օգնող գործիք, մյուսները պատկերացնում են, որ այն դպրոցներում բերելու է բովանդակային կամ դասավանդման լուրջ փոփոխությունների:
Մինչ բոլորը քննարկում և պարզաբանում են այդ բոլոր հարցերը, երեխաներն արդեն համակարգիչների, սմարթ սարքավորումների միջոցով գտնում են իրենց համար խաղալու, սովորելու ամենահետաքրքիր միջոցները: Այսօր սովորելու և ժամանակ անցկացնելու տարածված միջոց են դարձել youtube-յան տեսանյութերը, որոնց դիտումները երբեմն հասնում են միլիարդների։ Սա վկայում է այն մասին, որ անիմացիայի և մոնտաժի ամենապարզ գործիքները կարող են հետաքրքիր ու մատչելի դարձնել նյութը, հատկապես այն դեպքում, եթե դասի ժամանակ սովորողը մի փոքր ուշադիր չի եղել, կամ՝ լավ չի հասկացել ուսուցչի բացատրած նյութը:
Ունենալ օժանդակող առցանց նյութեր, այն էլ՝ տեսանյութի տեսքով, միանշանակ նախընտրելի լուծում է աշակերտների համար: Այսօր Հայաստանում երեխաները ինտերնետի հասանելիության խնդիր չունեն, թերևս ունեն միայն իրենց ուղղորդող ուսուցիչների, ծնողների աջակցության կարիք. օրական մեկ ժամ համացանցը, կրթական նմանատակով օգտագործելու դեպքում, կարող է շատ օգտակար լինել երեխայի համար: Տեխնոլոգիան շատ գրավիչ, բայց միաժամանակ գայթակղիչ գործիք է, և այսօր ծնողները, ուսուցիչները առավել ակտիվ պետք է ներգրավվեն երեխայի ուսման գործընթացում: Երեխան տարբեր բլոգային, խաղային տեսանյութերի միջոցով անընդհատ սովորում է, սակայն կարևոր է, որպեսզի նա ժամանակ հատկացնի նաև առավել կենտրոնացված թեմաները սովորելուն:
Բացատրական տեսանյութերը կիրառման մի քանի ակնհայտ առավելություն ունեն. տեսանյութերը կարելի է դիտել մի քանի անգամ, հետ և առաջ կարելի է տանել, անգամ կարելի է դանդաղեցնել և արագացնել` նյութը ավելի խորքային հասկանալու համար: Սա հնարավորություն է տալիս ինքնուրույն ուսուցում կազմակերպել: Նաև՝ աուդիո, տեսողական տեսանյութերը որոշ սովորողների համար կարող է լինել ավելի ներգրավվող, ինչպես նաև՝ լուծել ներառական կրթության խնդիրը:
Հայաստանի զարգացման տեսլականը խարսխված է տեխնոլոգիաների վրա, ինչը որոշ առումներով ճիշտ է նաև կրթական համակարգում: Լինելով փոքր պետություն` կրթական ոլորտում համակարգային փոփոխություն կատարելը այդքան ռեսուրսատար խնդիր չէ, սակայն համակարգային փոփոխությունները պետք է լինեն թիրախային և արդյունավետ: Այսօր Հայաստանի բոլոր դպրոցներն ունեն համացանցի հասանելիություն, բայց այն դեռ շատ սահմանափակ է: Թե այս խնդիրը լուծելու, թե ուսուցիչներին պատրաստելու համար բավականաչափ ժամանակ ու մարդկային ռեսուրս է պահանջվում։ Սակայն մենք համոզված ենք՝ ի վերջո ուսուցիչները կընդունեն, որ տեխնոլոգիաների կիրառմամբ կարող են նոր մակարդակի դասավանդում կազմակերպել և որ տեսանյութերը կունենան էական դեր ուսման մեջ: Մեր հարթակի օգնությամբ դասավանդում անցկացնող ուսուցիչների փորձն, ամեն դեպքում, վկայում է այս մոդելի արդյունավետության մասին։
Հեղինակ` Գայանե Արամյան
«Այբ» կրթական հիմնադրամ
«Քան» ակադեմիայի հայաստանյան գրասենյակի ղեկավար