Less or Mess
Nov 3 · 3 min read

Մեկը` հիմա, թե՞ երկուսը` հետո. ակնթարթային հաճույքի հետաձգումը

Photo by Patrick Fore on Unsplash

1972թ. Սթենֆորդի համալսարանում պրոֆեսոր Ուոլտեր Միշելի ղեկավարությամբ անցկացվեց մի գիտափորձ, որի մասնակիցները նախադպրոցական տարիքի երեխաներ էին։ Երեխաներին տրվում էր ընտրություն. ստանալ մեկ քաղցրավենիք անմիջապես կամ երկուսը՝ կարճ ժամանակ անց (մոտավորապես 15 րոպե, որի ընթացքում երեխաներին մենակ էին թողնում սենյակում)։

Տարիներ անց, հետևելով երեխաների զարգացմանը, հետազոտական խումբը բացահայտեց, որ այն երեխաները, որոնք կարողացել էին դիմակայել գայթակղությանն ու սպասել մինչև վերջ՝ ստանալով մեկի փոխարեն երկու քաղցրավենիք, ավելի լավ ցուցանիշներ էին գրանցել թե՛ ուսումնական, թե՛ առողջական և թե՛ կյանքի այլ ոլորտներում։ Նրանք ավելի բարձր միավորներ էին ստացել ավարտական քննություններից, ավելի սթրեսակայուն էին ու ավելի հմուտ հաղորդակցման մեջ, ավելի քիչ էին թմրամիջոցներից կախվածություն և ավելորդ քաշ ունեցողները։

Այլ կերպ ասած, հաճույքի հետաձգումը երկարաժամկետ հաջողության կարևորագույն գործոններից մեկն է, իսկ ակնթարթային հաճույքի բավարարումը, հակառակը, հեռացնում է մեզ մեր առաջ դրված նպատակներից։

Այստե՛ղ, հիմա՛, ամբո՛ղջը

Ակնթարթային հաճույքի բավարարում ասելով հասկանում են մարդու իմպուլսիվ ցանկությունը անհապաղ ունենալու այն ամենը, ինչ իրեն կարող է հաճույք պատճառել։

Այս երևույթը խորը արմատներ ունի. էվոլյուցիայի հազարավոր տարիների ընթացքում այն կենսական կարևորություն է ունեցել մարդկային տեսակի գոյատևման համար։ Հաճույքի հետաձգումը էվոլյուցիոն տեսանկյունից բնավ ադապտիվ չէ։ Եթե մեր նախնիները, օրինակ, մեղր հայթայթելիս, հետաձգեին այն վայելելու հաճույքը, ապա պահը կարող էր այդպես էլ վրա չհասնել։ Այսօր էլ, քաղցրավենիքի հանդեպ մարդկանց սերը երբեմն հիշեցնում է այդ նախաքաղաքակրթական իմպուլսիվ ցանկությունը։ Մինչդեռ աշխարհում ճարպակալումից ու դրա արդյունքում առաջ եկած հիվանդություններից տարեկան ավելի շատ մարդ է մահանում, քան թերսնումից։

Հաճույքի անհապաղ բավարարումը երբեմն ցանկալի է ու անհրաժեշտ, սակայն երբ այն դառնում է մարդուն առաջնորդող գերակա ուժ, ապա զգալիորեն կարող է ազդել կյանքի որակի վրա։ Հաջողակ մարդկանցից շատերն են նշում, որ ակնթարթային հաճույքի հետաձգումը իրենց հաջողության բանաձևերից մեկն է։ Երբեմն լավ է ներկայով ապրելն ու «հիմա»-ն վայելելը, սակայն կարճաժամկետ մտածողության գերակայությունը նվազեցնում է կյանքի որակը։

Ուշ լինի, նուշ լինի

Հաճույքի հետաձգումը, ի տարբերություն անհապաղ բավարարման, ենթադրում է գիտակցված զոհաբերություն՝ հանուն ապագա ձեռքբերման։ Օրինակ, երբ մարդը խնայում է գումարը՝ զրկելով իրեն ակնթարթային հաճույքներից, որպեսզի ավելի նպատակային ծախսի այն։ Հաջողակ մարդկանցից շատերը տիրապետում են այս կարևոր հմտությանը. նրանք առաջնահերթություն են տալիս ապագայի նպատակներին՝ ստորադասելով ներկայի ակնթարթային հաճույքները։

Ժամանակակից աշխարհը լի է ակնթարթային հաճույքի ծուղակներով։ Դրա վառ դրսևորումներից մեկը սոցցանցերն են։ Դժվարին առաջադրանքի ժամանակ հերթական շեղումը ոչ այլ ինչ է, եթե ոչ ակնթարթային հաճույք ստանալու մղում։ Այդպիսի «փախուստները» հետզհետե սովորություն են արմատավորում՝ թույլ չտալով հետամուտ լինել երկարաժամկետ ծրագրերին։

Գովազդները թմբկահարում են՝ «Պարզապես արա՛», «Որովհետև դու արժանի ես», «Մի հետաձգիր հաճույքը», «Հեշտ, ինչպես երբեք»… ասես ձեռքդ մեկնես ու ամեն ինչ քոնը կլինի։ Մինչդեռ նպատակներին հասնելը ժամանակ, եռանդ, համբերատարություն, իսկ երբեմն էլ ինքնասահմանափակումներ է պահանջում։ Անհրաժեշտ է պարբերաբար ժամանակ հատկացնել ու մտածել երկարաժամկետ ծրագրերի, ապագայի ու ձեռքբերումների մասին՝ խլացնելու անհապաղ հաճույքի ձգտող ներքին մղումը։

Ակնթարթային հաճույքի անընդհատ ձգտումը շեղում է մեզ երկարաժամկետ հաջողությունից։

Մենք մշտապես ընտրության առաջ ենք կանգնած՝ վայելել ինչ-որ բան անհապաղ կամ սպասել ու ստանալ կրկնակին։ Երբեմն դժվար է ամենօրյա փոքրիկ գայթակղություններին դիմակայելը, սակայն հաջողությունը գրեթե միշտ տևական աշխատանքի ու հաճույքի հետաձգման հետևանք է։ Անկախ ոլորտից՝ հաջողության հասնելու համար գրեթե միշտ կարիք է լինում ընտրել բարդ ճանապարհը՝ հրաժարվելով հեշտ տրվող ու հաճելի գործունեության տեսակներից։ Կարիք է լինում ընտրություն կատարել «դյուրին զվարճանքների» և «ցավոտ կարգապահության» միջև՝ նախապատվությունը տալով երկրորդին։

Less or Mess

Written by

insights on minimalism, productivity, mindfulness..

Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade