Ամեն մի երեխա առանձին աշխարհ է, իրենցից էներգիա եմ ստանում․․․Աստղիկ Հովհաննիսյան

Աստղիկը Գյումրի քաղաքից է, ավարտել է օտար լեզուների ֆակուլտետը, չնայած դրան աշխատում է Գյումրու ԹՈՒՄՈ կենտրոնում որպես համակարգող։ Հետաքրքիր պատմություն ունի նրա աշխատանքի ընդունվելը ԹՈՒՄՈ-ում։ «Նոր էի վերադարձել Հայաստան: Իմ ֆեյսբուքյան ընկերներից մեկը գրառում էր արել, որ աշխատանքի տեղ կա: Անգամ չգիտեի ԹՈՒՄՈ-ն ինչ է, որտեղ է գտնվում:Ուղարկեցի ռեզյումես վերջին պահին: Հետո զանգեցին ասեցին, որ ԹՈՒՄՈ-ի համար է, սկզբից ասեցի ի՞նչ ԹՈՒՄՈ, օօ, էն որ այսօր ուղարկել էի, ինչ-որ բան, ինչ-որ տեղ: Հետո փուլեր եղան, փաստորեն կարողացա հաղթահարել, չնայած շատ ուժեղ թեկնածուներ կային»,- պատմում է Աստղիկը։

Հարցիս, թե ի՞նչն է նրան դուր գալիս իր աշխատանքի մեջ, պատասխանեց՝ «Այն,որ ամեն օր, անգամ ամեն սեսիա տարբեր է,որովհետև աշխատում ես տարբեր երեխաների հետ, իսկ նրանցից յուրաքանչյուրը մի աշխարհ է, ամեն մի երեխա առանձին աշխարհ է, իրենցից էներգիա եմ ստանում, նաև փոխանցում:»

Եթե սա լիներ իր վերջին օրը, նա անպայման բոլոր ընկերների հետ կապ կհաստատեր, ջերմ կգրկեր, հաջողություն կմաղթեր, խորհուրդ կտար՝ ինչ էլ լինի միշտ նրանց համար առաջնային լինի մարդկայինը ու բարությունը:

Աստղիկը ազատ ժամանակ սիրում է ընթերցել․«Վերջին գիրքը, որ կարդացել եմ ՝ ուժեղ կանանց մասին էր, անգլերեն լեզվով։Նաև սիրում եմ ֆիլմեր դիտել: Իրականում շատ քիչ ազատ ժամանակ ունեմ, հետևաբար ինչ պլաններ ունեմ, բոլորը թողնում եմ չորեքշաբթի օրվա վրա: Ամեն ինչ՝ ընթերցանություն, ճամփորդություն: Շատ եմ սիրում օրս անցկացնել պլաներից շեղվելով, իմպրովիզները լավ են ստացվում ինձ մոտ»։

Չցանկացավ թույլ կողմերի մասին խոսել․«Կարծում եմ ճիշտ չէ մարդու թույլ կողմերից խոսելը, որովհետև ուրիշները իմանալով դրանք, կշահագործեն տվյալ մարդուն: Բայց կարող եմ ասել, որ իրականում բավականին փափուկ սիրտ ունեմ, որը կարող է խանգարել աշխատանքի ընթացքում, փորձում եմ կառավարել դա, աշխատում եմ կենտրոնանալ ուղեղի վրա, էմոցիաները թողնելով երկրորդ պլանում»,- ասում է Աստղիկը։

Երբ հարցրեցի գործած սխալների մասին, պատասխանեց, որ բավականին խիստ անձնավորություն է, հատկապես սեփական անձի նկատմամբ, շատ բաներ սպասում է իրենից ավելին, քան անում է։Հատուկ գործած սխալ չի կարող նշել։

Ֆոբիաներ չունի մթությունից, բարձրությունից և այլն,կարող է օրեր շարունակ միայնակ ճանապարհորդել:Իր մոտ վախը միայն հարազատի կորուստն է, այլ վախեր չունի։

Եվ իր խոսքն այսպես է ավարտում․ «Ուզում եմ, որ մարդիկ լինեն բարի,մեկը մյուսին միշտ պատրաստ լինեն օգնելու, ինչ-որ անում են սիրով անեն, ոչ թե գեղեցկությունը կփրկի աշխարհը, այլ՝ սերը»:

Like what you read? Give Մարգարիտ Գրիգորյան a round of applause.

From a quick cheer to a standing ovation, clap to show how much you enjoyed this story.