Չիկագոյի ուսուցիչների արհմիությունը տասը օր և ավելի պայքարում էր աշխատանքային առավել նպաստավոր պայմանների և «ավելի լավ դպրոցների» համար: Չիկագոյի նորընտիր քաղաքապետ Լորի Լայթֆուտը և կրթության գծով պաշտոնյաները նախընտրական խոստումներ էին տվել դպրոցները վերափոխելու, սակայն ընտրություններից հետո հրաժարվել էին կատարել խոստումները և անգամ չէին պատրաստվում գրավոր արձանագրել դրանք: Ի պատասխան ուսուցիչների արհմիությունը օրեր շարունակ գործադուլ և բողոքի քայլերթեր էր իրականացնում՝ վանկարկելով «Միասին մենք ավելի ուժեղ ենք. վազի՛ր, Լորի, վազի՛ր» (Together we are stronger, run Lori run), «Սերը միշտ գերակայելու է» (Love will always prevail), «Պայքարելով դպրոցի համար. Չիկագոյի ուսանողները/աշակերտները արժանի են» (Fighting for the school, Chicago students deserve), «Ուսուցիչները, ուսանողները/աշակերտները և ծնողները միավորված են» (Educators, students, and parents united), «Հպարտ ուսուցիչ» (Proud educator) և այլն:
Արհմիութենականները պահանջում էին թեթևացնել ծանրաբեռնված դասարանները, դպրոցներին տրամադրել ամենօրյա գրաֆիկով աշխատող բուժակներ, սոցիալական աշխատանողներ և գրադարանավարներ: Աշխատողների դիմադրությունն ու բողոքն էր հարուցել նաև ուսուցիչների ընդմիջման ժամանակը (prep time) ուղղորդելու և վերահսկելու իշխանությունների ցանկությունը:
Համառ և անկոտրում պայքարից հետո Չիկագոյի ուսուցիչների արհմիությունը կարողացավ նոր կոլեկտիվ պայմանագիր կնքել Չիկագոյի կրթության պատասխանատուների հետ: Մինչև 2023 թվականը Չիկագոյի բոլոր դպրոցներում շաբաթական հինգ օր կաշխատեն առնվազն մեկ բուժակ և մեկ սոցիալական աշխատող. դպրոցներում կներգրավվեն նաև ավելի մեծ թվով հոգեբաններ, ֆիզիոթերապեվտներ, լոգոպեդներ և այլ մասնագետներ: Ուսուցիչները կունենան ազատություն տնօրինելու իրենց ընդմիջման ժամանակը: Դասարանների մեծ թվակազմը կկրճատվի: Տարեկան 10 միլիոն դոլարի հատկացումներ են նախատեսվում դպրոցական համայնքի հոգեկան և ֆիզիկական առողջության, երկարօրյաների, ուսուցչական անձնակազմի, աշակերտների/ուսանողների և ծնողների մասնագիտական զարգացման, սննդի և կարիքավոր սովորողների կեցության ծախսերի համար:
Չիկագոյի ուսուցիչների արհմիությունն ունի 25 000 անդամ:

