Վերգինե Հարությունյան. «Եթե լինեք միասնական, ոչ ոք չի ընկնի»

Արդեն մի քանի տարի է, ինչ Հայաստանում անցկացվում է թատերական ազգային պատանեկան փառատոնը: Մանուել Քաջունու անվան համար 54 ավագ դպրոցը նույնպես, 2017-ին, մասնակցել է փառատոնին: Դպրոցի ֆրանսերենի ուսուցչուհի Վերգինե Հարությունյանը մեզ պատմել է փառատոնի մասին։

-Բարեւ ձեզ, շնորհակալություն, որ համաձայնվեցիք մեզ հետ հանդիպել:

-Բարեւ ձեզ, ես նույնպես շնորհակալ եմ:

-Կպատմեք, թե ի՞նչ մրցույթի մասնակցեց այս տարի ձեր դպրոցը:

-Մրցույթը թատերական փառատոն էր, որը կազմակերպվում է ամեն տարի Ֆրանկոֆոն աշխարհում: Այս տարի Հայաստանն առաջին անգամ էր ընդգրկված այդ փառատոնի մասնակցությանը: Փառատոնը կազմակերպվել է Հայաստանում «Ալիանս Ֆրանսեզ» կազմակերպության եւ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան աջակցությամբ: Փառատոնի անունն է «Տասը Տասի վրա» (ֆրանսերեն-«Dix Sur Dix»): Ընտրվել են տասը ֆրանսալեզու հեղինակներ, ովքեր պետք է տասը օրում գրեին տասը էջանոց տասը մասնակիցներից բաղկացած տասը պիեսներ: Պիեսները հատուկ գրվում են լիցեյների կամ ավագ դպրոցի աշակերտների համար, որպեսզի նրանք բեմադրեն դրանք հատուկ «Տասը Տասի վրա» փառատոնի շրջանակներում:

-Ինչպիսի՞ դպրոցներ էին մասնակցում մրցույթին:

-Այս տարի մասնակցել է 11 դպրոց:

-Ինչպե՞ս իմացաք այդ մրցույթի մասին:

-Տեղեկացվել եմ Հայաստանում Ալիանս Ֆրանսեզ կազմակերպության կողմից: Լուսինե Աբգարյանի , ինչպես նաեւ Ալիանս Ֆրանսեզի տնօրեն Սյուզան Ղարամյանի կողմից զանգ ստացա: Նրանք առաջարկեցին, ես էլ խոսել եմ աշակերտներիս հետ: Նրանք հաճույքով համաձայնել են եւ մասնակցել ենք փառատոնին:

-Ի՞նչ ներկայացում ընտրեցիք եւ ինչպե՞ս ընտրեցիք այն:

-Ներկայացումը ընտրել եմ ՝գրքից կարդալով տարբեր պիեսների փոքրիկ հատվածներ: Ի վերջո եկա այն եզրակացության, որ իմ աշակերտներին այս տարի հարմար էր հենց այդ ներկայացումը` Մարտին Բելմարի «Մորուքավորները լեռան գագաթին» պիեսը:

-Ինչի՞ մասին էր ձեր ներկայացումը:

-Այն ժանրով կատակերգություն է: Այնտեղ իրականում շոշափվում է ներկայիս աշխարհում տիրող շատ բարդ խնդիր: Պիեսը ահաբեկչության մասին է: Դերասանները կենդանիներ են եւ նրանք անընդհատ ենթարկվում են հալածանքի, մեղադրվում են ահաբեկչության մեջ, բայց իրական ահաբեկիչները թաքնված են լինում ուրիշ տեղում. պատժվում են հենց այս «անմեղները»:

-Ինչպե՞ս անցավ մրցույթը:

-Մրցույթը կայացավ երկու փուլով: Մրցույթի երկրորդ փուլը տեղի ունեցավ Գյումրիում։Եզրափակիչ փուլ անցած 5 թատերախմբերը հանդես եկան Երևանի Համազգային թատրոնում:

-Ո՞ր տեղը գրավեց ձեր ներկայացումը:

-Մեր ներկայացումը եզրափակիչ փուլում՝ ի ուրախություն մեզ, գրավեց երրորդ տեղը եւ հնարավորություն ունեցավ ֆրասերենի անվճար դասընթաց անցկացնելու «Ալիանս Ֆրանսեզ» կազմակերպությունում:

-Գո՞հ էիք ժյուրիի որոշումից:

-Նախ ասեմ, որ ժյուրիի անդամները պատահական մարդիկ չէին: Նրանցից որոշները հենց փառատոնի կազմակերպիչներն էին։ Ժյուրիի նախագահը Վարդան Մկրտչյանն էր, ով այդ ժամանակ Համազգային թատրոնի եւ ներկայիս Սոս Սարգսյանի անվան դրամատիկական թատրոնի ղեկավար-տնօրենն է: Անաչառ են դատել: Առաջին փուլում ժյուրին ոգեւորված էր մեր ներկայացմամբ: Եզրափակիչ փուլում նույնպես ոգեւորված էր, սակայն առաջինի ժամանակ դա ավելի շատ էր: Որեւէ կողմնապահություն չկար: Իմ կարծիքով ամեն ինչ ճիշտ է ընթացել։

-Կցանկանա՞ք նաեւ այս տարի մասնակցել եւ ի՞նչ ակնկալիքներ ունեք:

-Այս տարի արդեն ստացել ենք մասնակցելու առաջարկը: Արդեն իսկ համաձայնել ենք, պիեսը արդեն ընտրված է, նախապատրաստական աշխատանքների մեջ է: Մասնակիցները դեռ ընտրված չեն: Երբ պիեսը արդեն պատրաստ լինի, դերասանները կընտրվեն։

-Շնորհակալություն , ձեզ մաղթում եմ նորանոր հաջողություններ:

-Շնորհակալություն ձեզ նույնպես:

Հարցազրույցն անցկացրեց Մերի Ասատրյանը

One clap, two clap, three clap, forty?

By clapping more or less, you can signal to us which stories really stand out.