Ստեփանակերտյան սրճարանները տրամադրություն են ստեղծում

Ռեմարկ.այս անունն անշուշտ ձեզ շատ բան է ասում, սակայն Արցախում այն մեկ հասցե ունի. Ռեմարկն առաջին արտ-սրճարանն է Ստեփանակերտում: Այն բացվել է 2016թ-ի սեպտեմբերի 19-ին:

Ռեմարկի հիմնադիրներն են ստեփանակերտցի երեք երիտասարդներ` Կարո Թովմասյանը, Արթուր Մուսայելյանը և Հայկ Մայիլյանը:

Կարոյի խոսքով, նպատակն էր ստեղծել այնպիսի մի վայր, որտեղ մարդիկ կարող են հետաքրքիր ժամանակ անցկացնել:

Յուրաքանչյուր մարդ, ով կարողանում է երգել կամ երաժշտական ինչ-որ գործիք նվագել, կարող է պայմանավորվել և արվեստի հեղինակային երեկո անցկացնել: Շուշվա բենդ խումբը նույնպես երգում է Ռեմարկում: Այստեղ հաճախ կազմակերպվում են ոչ մեծամասշտաբ համերգներ:

«Անվանումն ընտրելիս բազում տարբերակներ կային, սակայն մենք ընտրեցինք Ռեմարկ անվանումը, քանի որ Ռեմարկը իմ և Արթուրի ամենասիրելի գրողն է»,-ասում է Կարոն:

Ռեմարկում յուրաքանչյուրն էլ սպասված հյուր է: Այստեղ միշտ տիրում է ջերմ մթնոլորտ:


Ռեմարկից հետո գնացինք Մուկլիմանդիլ սրճարան, որը ևս Արցախի երիտասարդության սիրելի վայրերից մեկն է:

Մուկլիմանդիլ սրճարանը պետք է բացվեր 2016թ-ի ապրիլի 6-ին, սակայն ապրիլյան պատերազմը խանգարեց: Այն բացվեց 2016թ-ի մայիսի 16-ին: Նպատակն էր Արցախում ստեղծել մի վայր, որտեղ կարող են գալ բոլորը, անգամ աշխարհի տարբեր կետերից և ցանցի նման միանալ Արցախին:

Այստեղ կարող են գալ անծանոթ մարդիկ և շփվել միմյանց հետ ինչպես հարազատներ:

Մուկլիմանդիլի աշխատակցուհի Իննա Բաղդասարյանն ասաց, որ հաճախորդներին գրավում են մտերմիկ միջավայրով և համեղ ուտեստներով: Այստեղ տիրում է այնպիսի հանգիստ մթնոլորտ, որը չես գտնի ոչ մի տեղ:

Սկզբում մտածում էին սրճարանն անվանել ցանց կամ սարդոստայն: Քանի որ այն պետք է բացվեր Արցախում, անվանեցին Մուկլիմանդիլ: Ի դեպ, Արցախում մուկլիմանդիլ նշանակում է սարդոստայն:

Տարբեր մշակութաժամանցային միջոցառումներ են կազմակերպվում այստեղ: Հաճախակի կազմակերպվում են սալսայի դասընթացներ, որի ընթացքում մարդիկ սովորում են պարի սկզբնական քայլերը:

«Սպասելիքներ դեռ կան, բայց դրանց մեծ մասն արդեն իրականացվել է», -ասաց Մուկլիմանդիլի աշխատակցուհին:

Ստեփանակերտյան սրճարանները տրամադրություն են ստեղծում` սրճարանային առօրյան գունազարդելով մշակութային, ժամանցային և ինտելեկտուալ հետաքրքիր ծրագրերով:

Հեղինակ` Նանե Սարգսյան, 12 տարեկան

Լուսանկարները` Նանե Սարգսյան, Աննա Անտոնյան

Show your support

Clapping shows how much you appreciated Նանե Սարգսյան’s story.