«Մենք վախելու բան չունենք, թող թուրքը վախենա»․․․

Հենց այս խոսքերը բերանին մեզ հրաժեշտ տվեց․․․

Մանչը իմ լավ ընկերն էր, իմ ու շատ-շատերի համար եզակի մարդ: Չեմ կարող արտահայտել այն ցավը, որն այժմ զգում եմ նրա մասին խոսելիս, երբևէ նրա մասին հիշատակելիս, կամ, ուղղակի, ինքս իմ մեջ հիշողություններ արթնացնելիս: Նրա մասին կարճ-կոնկրետ խոսելը, իր կյանքը երկու խոսքով արտահայտելը անհնար է:

Նա ապրեց 18 գարուն, բայց տեսավ ավելին, քան մինչև խոր ծերություն ապրած շատ ու շատ մարդիկ: Երբ այսպես խոսում եմ, կթվա թե մանկության ընկերներ ենք․ ծանոթացել ենք մոտ 4 տարի առաջ, բայց հասցրել ենք ճանաչել իրար: Մանչի և իմ ընկերությունը սկսել է ռադիոտիրույթում, ինչը երկար չտևեց: Մանչը բառերիս բուն և խորը իմաստով՝ հրաշք էր: Նրա կյանքի հետ կապված են բազմաթիվ պատահականություններ, դրական լիցքերով լի պատմություններ ու կյանքի ցավալի ավարտ: Նա իսկապես անսխալական, իդեալական մարդ էր, լավ խորհրդատու, ով մի քանի խոսքով կարողանում էր քո բոլոր հարցերին պատասխան տալ: Նրա պատասխաններից հետո դու էլ ասելիք չէիր ունենում, ասես արգելափակեր խոսելու ունակությունդ: Մանչը ռեփ էր գրում, բայց այնպես չէ, ինչպես հայ երեխաները, նա ուրիշ էր, նրա գրածն ուրիշ էր, նրա խոսքերը տարիներ հետո իմաստ ունեն, տեղ են հասցնում Մանչի ասելիքը, նոր բան եմ սովորում իր ասածներիս…

Օրերս խոսեցի Մանչի մայրիկի հետ, ով քաջատեղյակ էր, որ իրենց տուն գնալու եմ որպես լրագրող և պատրաստվում եմ իրենց որդու մասին պատմություն գրել: Երբ զանգեցի նրան, հուզված էի, չգիտեի ինչ ասեմ, ոնց ասեմ, թե ով եմ, ինչի համար եմ պատրաստվում հերթական անգամ խոսել Մանչի մասին, բայց այս անգամ հրապարակալից:

Զանգիս պատասխանեց մի հաճելի ձայնով կին, ում տեսել էի լուսանկարներում, դիտել նրա մասնակցությամբ տեսանյութեր, բայց երբեք առիթ ու հնարավորություն չէի ունեցել հանդիպել նրա հետ, ծանոթանալ: Չեք կարող պատկերացնել ինչքան կուզենայի, որ մեր ծանոթությունը տեղի ունենար Մանչի օրոք, կամ ոնց մայրն է նրան կոչում՝ Մոշի:Տիկին Նաիրան առաջին իսկ խոսքից ինձ համար ստեղծեց մի մթնոլորտ, որտեղ ես անչափ հանգիստ էի, թվում էր, թե տարիներով ճանաճել եմ նրան:

Զրուցեցինք, ու նա խոստացավ, որ մոտ ժամանակներս կզանգահարի ինձ հայտնելու , թե երբ կարող եմ գնալ նրանց տուն: Շնորհակալություն հայտնեցի…խոսակցությունն ավարտվեց: Խոսելուց կես ժամ անց նա զանգահարեց ինձ և ասաց, որ ավելի հարմար օր մոտ ժամանակներս չի լինի և սիրով կհյուրընկալի ինձ հենց այդ օրը:

Երկար էի տրամադրվել այդ խոսկցությանը, բայց տեղս չէի գտնում, չգիտեի ինչ եմ խոսելու նրա հետ: Նա այնքան հոգատար գտնվեց, որ նույնիսկ ասաց, թե որ համարի երթուղիով կարող եմ նրանց տուն գնալ, ապա, հասնելուն պես, դիմավորեց ինձ: Նա այնքան հարազատ էր, այնքան ջերմ, որ տեսնելուն պես գրկեցի նրան ու զգացի այդ ջերմությունը: Նրա հավասարակշռվածությունը մինչ վերջին րոպեն զարմացնում էր ինձ: Հանդիպեցի նրան դեպքից մի տարի անց, երևի, հենց այդ տարին էլ նրան այդքան ուժեղ էր դարձրել: Ես պետք է ձայնագրեի մեր խոսակցությունը, իհարկե իր թույլտվությամբ, բայց դրա կարիքը այդպես էլ չեղավ: Նա ստեղծեց ինձ ու իրեն հարազատ միջավայր, որտեղ լսում ու բառ առ բառ ընկալում է իր պատմած յուրաքանչուր դրվագ Մանչի կյանքից:

Խոսակցությունը սկսվեց նրանից, թե որտեղից եմ Մանչին ճանաչել: Պատմեցի, նա քաջատեղյակ էր մեր ռադիոալիքի մասին: Նա հսկայական ընկերական շրջապատ ուներ, ու ամեն տեղ սիրված էր:

Ապա սկսեց պատմել Մոշից․․․էն Մանչից չէ, ում ես էի չանաչում, էն Մանվելիկից չէ, ում հարազատներն էին ճանաչում, այլ այն Մոշից, ում կորցրել էր նա շատ վաղ: Մանչը ծառայում էր ԼՂՀ Մարտունու 3-րդ պաշտպանական շրջանում: Այդ ուղղությամբ տեղակայված Ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում պատժիչ և կանխարգելիչ գործողությունների ընթացքում նա իր հետևից պահելով բազմաթիվ զինվորների, աորտայի վնասվածք ստանալուց հրաժեշտ տվեց կյանքին:

Մանչի գերեզմանը գտնվում է Եռաբլրում, Ապրիլյան պատերազմին զոհվածներից հեռու…բլրի ծայրին:

Եռաբլուր

«Մոշը հետաքրքիր ու խելացի երեխա էր, շատ ուժեղ ու կշռադատված», պատմում էր մայրը։ Փոքր ժամանակվանից այքան պատմելու բան կա, որ մի քանի ժամվա մեջ լսեցի Մանչի մայրիկից, բայց էնքան հարզատ դարձան այդ պատմությունները, որ ոչ մեկի հետ դրանցով կիսվել չեմ ուզում: Ինչպես պատմում էր Տիկին Նաիրան, Մոշին փոքր ժամանակ հայաթի պապիկները այլանդակ խոսքեր էին սովորեցնում, ինքն էլ առանց հասկանալու կրկնում էր, բայց հենց ուղարկեցին մանկապարտեզ, նա այլևս ոչ մի վատ բառ չէր ասում, դեռ պապիկներն էին նեղանում ու մայրիկին ամոթանք տալիս, թե ինչի երեխային ուղարկեց մանկապարտեղ, որ գնաց ու մոռացավ սովորածները:

Մանչի հետ շփվելով ինքս էլ հասկացել էի, թե ինչ դաստիարակություն էր ստացել, ինչքան կիրթ ու համեստ էր, հասկացող ու կարեկցող:

Մանչը ամեն րոպե գիտեր, թե ինքն ինչ է ուզում, թե ինչ է իրեն պետք դիմացինից ու ինքն էլ իր հերթին ինչ կարող է տալ:

Մայրը պատմում է՝

«8 տարեկան էր, դեռ 9-ը չէր լրացել, երբ կարատեի մրցումներից առաջ մարզիչը հայտնեց, որ Մոշն էլ պետք է մասնակցի: Անգամ այդ փոքր տարիքում, երբ հայրը հարցրեց ուզում է գնալ թե ոչ, նա պատասխանեց, որ կանի այնպես, ինչպես նա կասի… Հայրը ասաց, որ նա անպայման գնալու է… Անսպասելի էր, երեխային ուղարկել էինք հանգստանալու ու մի քանի օր արտասահմանում շրջելու, իսկ նա վերադարձավ Եվրոպայի չեմպիոն: Ինքնաթիռը պետք է վայրէջք կատարեր, բայց Մոշը այնպես էր հոգնել, որ գավաթը ձեռքին քնել էր ու ոչ մի կերպ ընկերներն ու մարզիչը չէին կարողանում նրան արթնացնել: Ընկերն ասել է, թե ինքը արթնացնելու ձևը գիտի… Հենց փորձել է գավաթը ձեռքից վերցնել, Մոշն արթնացել է… բա իր հալալ քրիտինքով վաստակածը հո ուրիշին չէ՞ր տա»։

Նա ասաց, որ Մանչը լիքը-լիքը մրցնումների է մասնակցել, հաղթել, պարտվել, բայց միշտ մարտական տրամադրություն ուներ, չնայած որի, երբեք բազկի ուժը խոսքից առաջ չէր գործածում:

«Փոքր ժամանակ հոր մեքենան շատ էր տանում ընկերների հետ քշում, խփում, բայց ծառայության ընթացքում գտել էր ինտերնետով մի մեքենա ու հորը խնրդեց, որ նա գնի․ Երբ արձակուրդ էր եկել, միայն մի շրջան արեց ու բանալիները վերադարձրեց պապային»:
«Մոշը շատ ուշադիր էր, ամեն օր զանգում էր ժամը 10-ին… գիտեինք, որ իր զանգելու ժամն ա, սպասում էինք»:

Նույնիսկ էն ժամանակ, երբ ամբողջ երկիրը խառնված էր, նա ժամանակ էր գտնում մեզ զանգահարելու համար: Ասում էին թե պատերազմ ա, կրակոցներ, բայց նա մեզ միշտ նենց տեղից էր զանգում, որ մտածում էինք հիմա մեր պես սենյակում նստած ա: Քանի ու քանի զինվոր են շոնրհակալություն հայտնել, որ սանմասում իրենց եղբոր պես պահել է Մանչը:

Նա սանհրահանգիչ էր, նա դիրքեր չպիտի բարձրանար: Որ զանգեց ու հայտնեց, որ դիրքերում է, բարկացանք, թե ինչու է բարձրացել, նա էլ պատասխանեց, իբրև ամբողջ վաշտը գնացել էր, հո ինքը չէր մնալու… Բայց այն ինչ…նա իր ցանկությամբ բարձրացել էր դիրքեր:

Մանչի անունով կա երկու դասաենյակ իր դպրոցում,

Մանվել Գևորգյանի անվան հայոց պատմության դասասենյակ

2014 թվականն էր, Ice Bucket Challenge-ը սկսվեց: Մեր ընդհանուր ընկերներից մեկին մարտահրավեր էին ուղարկել, նա էլ իր հերթին ուղարկել էր Մանչին, ու էլի որոշ մարդկանց, բայց ինձ չէր նշել… Մանչն էլ էր մոռացել ինձ նշի, նեղվեցի… Մեկ էլ տեսնեմ գրել ա ֆեյսբուքում, որ ես էլ պիտի մասնակցեմ: Իր ուշադրությունը ընկերների հանդեպ ու կարցեկցանքը ստիպում էր յուրահատուկ նշանակություն տալ նրան իմ կյանքում:

Մոր խոսքերով, երբ սկսեց որդուն «Մոշ» անվանել, բոլորն ասում էին, իբր մի որոշ ժամանակ անց «Մալինա» էլ կանվանի: Իսկ նա ասում էր, որ Մոշն իր քաղցր տղան է, մոշի նման…

Նրանց տան մի մի մեծ անկյուն նվիրված է Մանչին: Կան նկարներ, մեդալներ, թե սպորտային, թե զինծառայողական… Ներքևի դարակներում իր շորերն են, կառատեի կիմանոն, լիքը-լիքը իրեր, որ մի հայացք, ու կարող են ստիպել վերապրել բոլոր հիշողություններդ: 
Ու՞մ են պետք այդ մեդալները, շքանշանները, պատվոգրերը, հետմահու պարգևատրումները… Ոչ ոքիս, ոչ ինձ, որ ընտանիքին, ոչ մյուս ընկեներին… 
Դրանք միայն սփոփանք ինձ համար, որ ճանաչել եմ նման հրաշալի անձնավորության, մի յուրահատուկ մարդու…

Ցավ կա մեր սրտում, կա կարոտ ու մեծ սեր, որ ոչ մի կերպ փոխանցել նրան այլևս չենք կարող…

Մանչը յուրահատուկ մարդ էր, նրա մասին կարճ-կոնկրետ խոսելը, նրա կյանքը երկու բառով նկարագրելն, անհնար է…