Իմ մասին կպատմի իմ անունը

Անունդ ի՞նչ է: Առաջին հարցը՝ պարտադիրների շարքից, երբ ուզում ես ծանոթանալ: Եվ պատկերացրեք,որ այդ ծանոթության հաջողությունը կախված է պատասխանից՝ Աննա, Սյուզի, Ծատուր, թե Մասիս: Անունը թերևս այն միակ բանն է, որը մարդը լիովին իրենն է համարում և կրում կյանքի ամեն վարկյանին: Մանրուք, որը հիմնարար է մեր բնավորության, պահվածքի և դիմացինի վրա գործած առաջին տպավորության համար: Անունը նման է փոքրիկ անձնագրի ՝ մարդկանց հիշողության մեջ գրանցվելու համար: Եվ Ստեփանակերտի մի խումբ Թումոցիներ, ովքեր ունեն գեղեցիկ, յուրօրինակ անուններ և անվան հետաքրքիր պատմություններ, կարող են դա հաստատել:

Դայանա

Անունս երկու արմատ ունի: Հայրիկիս անունը Դավիթ է, մայրիկինս՝ Յանա: Այդպես էլ ստացվեց ՝ Դայանա: Երբ ծնվեցի տարբեր բարեկամներիս տներում տարբեր կենացներ էին խմում մեկ Արևիկի, մեկ մի ուրիշի համար: Իսկ հետո հանկարծ որոշեցին՝ ինչու և ոչ, թող լինի Դայանա: Չեմ կարծում, որ անունը գլխավորն է մարդու մեջ: Մարդ ինքը պետք է ներկայացնի իրեն և կայանա հասարակության մեջ: Անունը պետք է պարզապես օգնի: Ինձ իմ անունը օգնում է: Յուրահատուկ եմ այդ անունով, չնայած բոլոր մարդիկ էլ իրենց յուրահատուկ են համարում: Շատ եմ հավանում անունս: Չնայած եթե մի քանի տարի առաջ ինձ հարցնեիք, հնարավորության դեպքում երևի կփոխեի անունս: Բոլորն են այդպես, ցանկանում են փոխել ինչ-որ բան իրենց մեջ: Բայց հետո հասկանում են, որ իրենք կատարյալ են: Պարզապես պետք է սիրես քեզ այնպիսին, ինչպիսին դու կաս:

Ասուսենա

Հայրս 13–14 տարեկան էր,երբ իրենց հեռուստացույցով ցուցադրում էին մի բրազիլիական ֆիլմ `«Տրոպիկանկա» : Ֆիլմի գլխավոր հերոսուհիներից մեկի անունը, ում շատ էր հավանում հայրս, հենց Ասուսենա էր: Եվ հայրս երազում էր իր առաջնեկ դստեր անունը դնել Ասուսենա: Ընկերներս անունս չեն կարողանում կրճատել, երբեմն միայն ասում են Ասուս: Տարբերվում եմ իմ անունով և յուրաքանչյուր միջավայրում ինձ հիշում են: Բնավորությամբ հայրիկիս եմ նման, բայց չգիտեմ, թե ինչ դեր ունի այստեղ անունս: Շատ եմ սիրում իմ անունը և նույնիսկ հնարավորության դեպքում չէի փոխի:

Պետրոս

Հայրս վիրավորվում է Արցախյան պատերազմում: Ականների պատճառով բժիշկները չէին կարողանում նրան դուրս բերել: Պետրոս Ղևոնդյանն է ինջնում հորս օգնելու: Եվ դաշտից նրան դուրս հանելու պահին զոհվում է: Իր կյանքը փրկողի անունով էլ հայրս իր որդու անունը Պետո է դնում: Ուրիշ անուն չեմ էլ կարող պատկերացնել: Հերոսի անուն է և դա շատ պարտավորեցնող է:

Նանար

Մեր տանը շատ բառարաններ կան, որովհետև մայրս լեզվի ու գրականության մասնագետ է: Մինչ ծնվելս մտածում էր անվանս մասին և թերթում այդ բառարանները: Այդպես էլ արևմտահայերենի բառարանում հանդիպեց «նանայր» բառը ,որը նշանակում է անանուխ: Յ-ն սղվում է ու դառնում Նանար՝ արևմտահայերի շրջանում շատ տարածված անուն: Այդպես էլ որոշվեց իմ անունը: Տան փոքրն եմ, երբեմն Նանիկ են ասում: Արցախում անունս յուրահատուկ չէ, տարածված է շատ: Բայց Հայաստանում այն հազվադեպ ես հանդիպում: Ինձ նույնիսկ ասել են, որ առաջին անգամ են նման անուն լսում: Սնահավատ չեմ , նման բաների վրա չեմ կենտրոնանում և չեմ կարծում, թե անունս ազդում է բնավուրության կամ տրամադրության վրա: Կնքած անունս Շուշան է, եթե հնարավորություն ունենայի անունս Շուշանի կփոխեի: Չնայած չեմ բողոքում Նանարից:

Միրա

Մենք հինգ երեխա ենք: Բոլորիս անունները սկսվում են Մ տառով և մեծից փոքր կրճատվում մեկ տառով, բացառություն է միայն փոքր եղբայրս: Մերուժան,Մարիամ, Մանուշ, Միրա և Մեսրոպ: Հայրս է մեր անունները որոշել:Անունս կարծում եմ յուրահատուկ է, որովհետև ինքս շատ հազվադեպ եմ հանդիպել : Շատ առավելություններ ունի,ինձ շատ հեշտ են հիշում ու ճանաչում:Մի անգամ ուզում էի իմանալ անվանս առանձնահատկությունները: Պարզեցի, որ սլավոնական է, քիչ տարածված և շատ տաղանդներ է շնորհում: Ուսուցիչներիս համար է այն շատ արտասովոր, երբեն մեր տնօրենը կատակով կշտամբում է, որ եղբայրներիս ու քույրերիս անունները հայկական են, միայն իմն է բացառություն: Կրճատ ասում են Միր: Բայց մտերիմ ընկերներս Ճաղար են անվանում՝ կանաչ աչքերի պատճառով: Անունս շատ բան է ասում իմ մասին: Հանգիստ է, խաղաղ, հավասարակշռված: Երբեք այն չէի փոխի:

Ալինե

Մայրիկս Ռուսաստանից է,իսկ հայրս՝ Արցախից։Երբ ընտրում էին անունս, մայր ռուսական անուն ընտրեց՝ Ալինա։ Բայց քանի որ Արցախում պիտի ապրեի,հայրս որոշեց հայկական հնչերանգ տալ անվանս։ Կարինե,Մարինե,Նարինե, իսկ եթե այդ հայեցի հնչող ե-ն կցենք ռուսական անունին, կստանանք Ալինե։Կարծում եմ այս համադրությունը երկու բնավորությունների խառնորդ ստեղծեց իմ մեջ։ Եթե ինձ հնարավորություն տրվեր ի սկզբանե ընտրել անունս, երևի ուրիշ կնտրեի։ Շատ անուններ եմ հավանում, բայց իմն էլ վատը չէ։

One clap, two clap, three clap, forty?

By clapping more or less, you can signal to us which stories really stand out.