Ապագայի սոց. ցանցը

Բարեւ սիրելի ցանցահեն, վաղուց չէինք շփվել։ Ամբողջ այս ընթացքում ես շրջում էի համացանցի մութ էջերով եւ փորձում գտնել մեր երազանքների սոց. ցանցը։

Եկել եմ ասելու, որ գտել եմ։ Բայց մինչ այդ ուզում եմ պատմել, թե ինչու լքեցի ֆեյսբուքը, ինստագրամը եւ թվիթերը։

Բանն այն է, որ մեր իմացած բոլոր սոց. ցանցերը պատկանում են մասնավոր ընկերությունների։ Ինչպես եւ կարող ես կռահել դրանց գլխավոր նպատակը գումար աշխատելն է։

Օրինակ ֆեյսբուքը վաճառում է մեզ գովազդատուներին։ Նրանցից վերցնում է գումար, որպեսզի մեզ գովազդ ցուցադրի։ Բայց ավելի վատ է այն, որ ֆեյսբուքը նախքան մեզ վաճառելը, սնուցում է կեղծ զգացմունքներով, նորությունների զտված հոսքով, անտեղի ծանուցումներով եւ այլն։ Այդ մասին նույնիսկ մի հիանալի ֆիլմ կա՝ «The Social Dilemma»։

Ես չէի ցանկանում ֆեյսբուքի կամ այլ սոց. ցանցի ապրանքը լինել, բայց հարցը միայն դրանում չէր։ Առհասարակ կենտրոնացված համակարգերը ինքնին չարիք են։ Չարիք ինչպես տեխնիկական առումով այնպես էլ խոսքի ազատության։ Այսինքն մեկը, տվյալ դեպքում կազմակերպությունը կարող է լռեցնել քեզ՝ արգելափակել հաշիվդ եւ ջնջել գրառումդ։ Ինչպես վերջերս լռեցրին Դոնալդ Թրամփին։

Իսկ ի՞նչ այլընտրանք կա

Ուրեմն ասեմ։

Շատ վաղուց բարի մարդիկ նախագծել եւ ստեղծել են ապակենտրոն սոց. ցանցեր։ Դրանք ազատ ծրագրեր են, որ չեն պատկանում ոչ մի կազմակերպության։ Տեխնիկական գիտելիք ունեցող ցանկացած մարդ կարող վերցնել այդ ծրագիրը եւ ստեղծել իր սեփական սոց. ցանցը (այսուհետ՝ հանգույց)։ Իսկ տեխնիկական գիտելիքներ չունեցող մարդիկ կարող են գրանցվել արդեն գործող հանգույցներից որեւէ մեկում։

Անկախ նրանից թե որտեղ կգրանցվեն, բոլոր հանգույցների մարդիկ կարող են շփվել իրար հետ։ Օրինակ ես գրանցվել էի «թութ.հայ»-ում իսկ հետո բացեցի իմ հանգույցը՝ «անքուն.հայ»-ը եւ շարունակեցի հետեւել թթի մարդկանց իմ մոտից։

Ինչեւէ, դու արդեն գիտես ուր գնալ։ Ստեղծիր քո հանգույցը կամ գրանցվիր բաց գրանցումով հանգույցներից որեւէ մեկում։

Մինչ հանդիպում 😎։

https://www.patreon.com/tigransimonyan