ՀՀ նոր դրամատիկ դրամները

Հայաստանի նոր թղթադրամները շրջանառության մեջ դրվեցին 2018 թվականի նոյեմբերի 22-ին։ Հավանաբար կհիշեք մասնագիտական համայնքի զայրույթը, երբ Կենտրոնական Բանկը (ԿԲ) դեռ 2017թ.-ին ներկայացրել էր մրցույթը հաղթած էսքիզները։ Հարկ է նշել, որ տպված թղթադրամը շատ է տարբերվում էսքիզային տարբերակից։ Քանի որ թղթադրամների մրցույթը հաշվի չառավ մասնագիտական համայնքի դիտարկումները, ես կփորձեմ արդեն տպված թղթադրամի վերաբերյալ հնարավորինս օբյեկտիվ և պրոֆեսիոնալ կարծիք հայտնել որպես տարբեր երկրների թղթադրամների հետ քաջ ծանոթ գրաֆիկ դիզայներ։

Vahan Hovhannisyan
9 min readMar 28, 2019

Դիտարկենք նոր թղթադրամն ըստ 3 հիմնական չափանիշի՝

1. արտաքին տեսք,

2. պաշտպանվածություն,

3. թղթի որակ։

Յուրաքանչյուր չափանիշ կգնահատենք 1–10 միավորներով՝ այլ երկրների թղթադրամների համապատասխան չափանիշի հետ համեմատությամբ։

1. Թղթի որակ

Որոշեցի սկսել թղթի որակից, քանի որ դա, ցավոք, նոր թղթադրամների միակ դրական կողմն է։

Նոր թղթադրամն, ինչպես արդեն հայտնի է, տպվում է ոչ թե բամբակյա թղթի, այլ հատուկ հիբրիդային թղթի վրա, ինչն ավելի է երկարացնում գործածության ժամկետը։ Ես, օրինակ, շատ լավ եմ հիշում ինչ արագությամբ էին մաշվում երկրորդ սերնդի 50 եւ 100 դրամանոցները մինչեւ մետաղադրամով փոխարինվելը։

Նոր թուղթն, անշուշտ, ավելի դիմացկուն է եւ ուշ կեղտոտվող, սակայն, իր դրական կողմերով հանդերձ, կրկին զիջում է իրական պոլիմերային թղթին։

Պոլիմերային թուղթը և՛ ավելի դիմացկուն է ու պինդ, և՛ ունի մի քանի նրբություն, որոնց շնորհիվ շատ ավելի բարդ է կեղծելը։ Պոլիմերային դրամների տեխնոլոգիան հայտնագործվել է դեռ 1980-ական թվականների սկզբին։ 2011թ.-ին պոլիմերային թղթի կիրառումը Կանադայում խուճապ առաջացրեց երկրի կեղծարարների շրջանում. թափանցիկ հատվածները կեղծելը շատ բարդ խնդիր հանդիսացավ։

Մեր դրամի վրա, կարծես թե, թափանցիկ հատված ունենալու ինչ-որ փորձ է արվում՝ նիշի աջ կողմի վերին հատվածում։ Թափանցիկ, սակայն, միայն շատ աննկատ բարակ գծերով կատարված պատկերը իրականացման տեսանկյունից չես համեմատի այլ երկրների պոլիմերային թղթադրամների հետ։

Թափանցիկ հատվածների կիրառումը ՀՀ դրամի եւ կանադական դոլարի դիզայնում։ Կեղծարարների համար ամենաբարդը թափանցիկ հատվածի հետ հատվող պատկերներն են։ Մեր թղթադրամի դիզայնում այդ հատվածների լուծումը շատ թույլ է։

Այսպիսով՝ թղթադրամի նյութն անորակ չէ, սակայն իդեալական էլ չէ։ Համեմատելով որակյալ պոլիմերային թղթադրամների հետ (օրինակ, կանադական և ավստրալական դոլարի հետ) իմ գնահականն է՝

6/10 միավոր։

2. Արտաքին տեսք

Գաղտնիք չէ, որ ազգային արժույթը երկրի խորհրդանիշ է։ Այն, որպես կանոն, պետք է լինի ներկայանալի և բարձրորակ հենց էսթետիկ տեսանկյունից։

Առաջինն, ինչ աչքի է ընկնում մեր դրամների դիզայնում, պրոֆեսիոնալիզմի իսպառ բացակայությունն է՝

  1. խախտված են կոմպոզիցիայի տարրական կանոններ. որոշ դրամանիշներում ընտրված են շատ տգեղ գունային համադրություններ,
  2. կան բովանդակային ակնհայտ սխալներ. օրինակ, 20,000 դրամանոց թղթադրամի վրա Այվազովսկու պատկերի ետևում, պատկերված է 2 Մասիս (D+G տպագրատան աշխատակիցներին հարկ էր տեղյակ պահել, որ Արարատը բաղկացած է Սիսից ու Մասիսից), որոնք չեն պատկանում Այվազովսկու վրձնին (կարծեմ մեկը պատկանում է Բաշինջաղյանին):
  3. բացակայում է շատ կարևոր վիզուալ հավասարակշռությունը. թղթադրամների ձախ կողմում տեղադրված է դիմանկար, մեծ տառերով գրված արժեք, շրջանաձև պատկեր, դիմանկարի ետևում ու կողքը թափրտված են գրքի էջերի տեսքով պատկերներ, իսկ աջ կողմում՝ ձախ հատվածի հագեցվածությունը հավասարկշռող ոչինչ չկա։
  4. թղթադրամում պատկերված օբյեկտները հաճախ վիզուալ «իրենց տեղում» չեն. շատ դեպքերում դիմանկարը կամ շատ խոշոր է, կամ տեղադրված է թղթադրամի չափից ավելի ստորին հատվածում, ուղղահայաց արժեքի թվերը կարծես թռիչքի մեջ են «իրենց տեղում» ամուր մխրճված լինելու փոխարեն։
Ձախից իրական 5,000 դրամանոցն է իր բազում գունային եւ կոմպոզիցիոն սխալներով, աջից՝ իմ կողմից մի փոքր շտկած տարբերակը։ Աջ տարբերակում գույները համահունչ են, կոմպոզիցիան՝ հավասարակշռված, դիմանկարը իր տեղում է, տգեղ էջերի բացակայության շնորհիվ պատկերն ավելի պարզ է ու լակոնիկ։

Շատ վատն է նաև թղթադրամի դիզայնում երեք անգամ կրկնվող («քոփի-փեյսթ» արած) պատկերի գաղափարը՝ մեկը դրամի փայլող հատվածում, մյուսը՝ ֆոնային պատկերի վրա, երրորդն էլ՝ թափանցիկ լուսամուտի տեսքով։ Թղթադրամի դիզայնում, առհասարակ, ընդունված է հնարավորինս շատ իրարից տարբերվող մանր ու խոշոր պատկերներ տեղադրել։ Մերոնք, ենթադրաբար, ալարել են։ Այս կրկնությունը նման է մի նախադասության մեջ որևէ բառ անիմաստ երեք անգամ կրկնելուն։ Թղթադրամի հետին մասում հորիզոնական արժեքի վերջին զրոն գալիս ձուլվում է թղթադրամի ֆոնի հետ։

Կաղում է նաև գունային գամման 5,000, 10,000 և 50,000 դրամանոց թղթադրամների դիզայնում։ Կարմրավուն ու կանաչավուն երանգները բարդ է միմյանց հետ համադրելը, սակայն որոշ երանգներ կարելի է։5,000 դրամանոցի դիզայնում համադրում արված չէ։ 50,000 դրամանոցի դեղին գույնը, որի հետ կարելի էր համադրել բազում սիրուն, ոչ շատ վառ գույներ, չգիտես ինչու համադրված է ցեխագույն երանգի հետ։

Գունային տգեղության ապոֆեոզը, սակայն, 10,000 դրամանոցն է։ Նշեմ, որ նախկինում ևս ունեցել ենք մոխրագույն երանգի դրամանիշ՝ 1999թ.-ին թողարկված 2-րդ սերնդի 500 դրամանոցը։ Վերջինս, սակայն, ոչ միայն պրոֆեսիոնալ տեսք ուներ, այլև, ըստ իս, մեր երբեմնի թողարկված ամենագեղեցիկ թղթադրամն է։ Նոր 10,000 դրամանոցը կարծես հրդեհից հետո մոխրացած տնակ լինի։ Մոխրագույնի ու մանուշակագույնի համադրությունը կրկին կաղում է։

Ինչպես տեսնում եք հին 500 դրամանոցի եւ 5 եվրոյի օրինակով՝ մոխրագույն թղթադրամը նույնպես կարող է գեղեցիկ տեսք ունենալ գունային ճիշտ հակադրության եւ համադրության դեպքում։ Ցավոք, 10,000 դրամի դիզայնում, այդ ամենն ընդհանրապես արված չէ։

Անիմաստ է նաեւ թղթադրամի նիշի ետին մասում տեղադրել թղթադրամի առջևի մասում պատկերված անձանց արձանները հաշվի առնելով, որ այդ արձաններից ոչ բոլորն են հաջողվա), իսկ անձանց հետ կապ ունեցող շինությունների պատկերման գաղափարը որոշ դեպքում ուղակի զարհուրելի է։

20,000 դրամանոցը, մարդկության պատմության մեջ տպված երևի առաջին թղթադրամն է, որի վրա պատկերված է լրիվ այլ երկում գտնվող, այդ դրամը թողարկող երկրի մշակույթի համար արժեք չհանդիսացող շենք՝ Այվազովսկու տունը Ղրիմի Թեոդոսիա քաղաքում։ Համաձայնվեք, դա ո՛չ Անիի փլատակ է, ո՛չ էլ Երուսաղեմի հայկական եկեղեցի։ 1,000 դրամի հետեւում Պ.Սեւակի ոչնչով աչքի չնկնող տունը պատկերելը այլ բան չէ, քան կատարյալ ապուշություն։

1.վրացական լարի, 2. կանադական դոլար, 3.բելառուսական ռուբլի, 4.ուկրաինական գրիվնա,5. ավստրալական դոլար։ Ոչ մի երկիր իր ազգային արժույթի վրա չի պատկերում այլ երկրում գտնվող շինություն։

Առհասարակ, թղթադրամների դիզայնում շենքեր պատկերելը շատ սովորական պրակտիկա է, սակայն դրանք կարող են ուղիղ կապ չունենալ թղթադրամում պատկերված անձի հետ։ Կանադական 20 դոլարի առաջնամասում, օրինակ, պատկերված է Մեծ Բրիտանիայի իշխող թագուհի Եղիսաբեթ 2-րդը, իսկ ետնամասում, Բուքինգեմյան պալատի փոխարեն, պատկերված է Առաջին աշխարհամարտում զոհված կանադացի զինվորների հիշատակը հավերժացնող Վիմյան հուշարձանը։ 1,000 դրամանոցի հետեւում կարելի էր պատկերել, օրինակ, Ծիծեռնակաբերդը, որի ստեղծման ակունքներում էր կանգնած հենց ինքը Սեւակը, 20,000-ի հետեւում՝ Ազգային պատկերասրահը։ Լավ է գոնե 5,000 դրամանոցի ետնամասում Ֆրեզնոն կամ Սան Ֆրանցիսկոն չի պատկերված։

Վատ ձեւավորում, բովանդակային տգետ սխալներ։

Դրամի արտաքին տեսքը ստանում է նվազագույն

1/10 միավոր։

3. Պաշտպանվածություն

Պաշտպանիչ տարրերը կարելի է համարել թղթադրամի ամենակարեւոր հատկանիշը։ Ցանկացած դրամ, կամ այլ արժեքավոր թուղթ, միշտ էլ փորձում են կեղծել, ինչը մեծ վնաս է հասցնում երկրի տնտեսությանը։ Հայտնի է օրինակ, որ Առաջին աշխարհամարտում պատերազմող կողմերը նաեւ թշնամու արժույթը կեղծելու եղանակով էին դիվերսիաներ իրականացնում իրար դեմ։

Նախ նշեմ, որ նոր թղթադրամի հիբրիդային նյութը որոշակի դժվարություններ արդեն կստեղծի կեղծարարների համար։ Այնուամենայնիվ, կան լրացուցիչ մի քանի պաշտպանիչ տարրեր. բարակ գծերից կազմված պաշտպանիչ ցանցեր, թղթի մեջ մտնող-ելնող հատուկ ժապավեններ, գույնը անկյան տակ փոխող նյութեր, ջրային պատկերներ, հոլոգրաֆիկ նշաններ, միայն ուլտրամանուշակագույն լույսի տակ երևացող պատկերներ և այլն։

Նոր թղթադրամները, չհաշված նյութի որակը, բարդ է անվանել հուսալի պաշտպանված։ Նախ՝ պոլիմերային նյութի գլխավոր խաղաքարտ հանդիսացող թափանցիկ գոտիները չկան, չգիտես ինչու, բացակայում են հոլոգրաֆիկ նշաններն, իսկ ցանցերն ուղղակի խայտառակություն են իրականացման տեսանկյունից…

Բարակ գծերով կատարված բարդ ցանցեր կարելի է նկատել բոլոր արժեքավոր թղթադրամների վրա։ Սա ամենահին, թեպետ ամենափորձված, պաշտպանության տարրն է։ Թվում է, թե այնքան նոր տեխնոլոգիաներ կան, որ բարդ ցանց հորինելն անիմաստ ժամանակի ծախս է։ Եվրոյի առաջին սերնդի դրամները թողարկելուց այդպես էին մտածում նաեւ Եվրոպայի կենտրոնական բանկում ՝ գծերը շատ հաճախ ուղակի իրար զուգահեռ էին շարված, բարդ պատկերներ գրեթե չկային։Եվրոն, որպես արդյունք, կեղծվեց արդեն 2002թ.-ին, թողարկումից անմիջապես հետո։ 2-րդ սերնդի եվրոները, եթե ուշադիր նայեք, արդեն շատ ավելի հուսալի են պաշտպանված։

Այն ցանցերը, որոնք առկա են հայկական նոր թղթադրամների վրա, կրկնեմ, պարզապես խայտառակություն են. բարդ պատկերների փոխարեն դրված են որոշ անկյան տակ իրար հետ հատվող երկու շերտ պարզ գծեր…

Հատկանշական է նաև, որ նույնատիպ դիզայնով ցանցերը կրկնվում են բոլոր 6 դրամանիշներում։Առհասարակ, թե 1,000, թե 50,000 դրամանոցները պաշտպանված նույն կերպ, երբ հիմնականում ընդունված է տարբերակել պաշտպանությունն ըստ արժույթի միավորից։

Հայկական դրամի ցանցը ներքեւի աջ պատկերում է։ Համեմատության համար բերված են հետեւալ արժույթների ցանցերը ՝ 1.շվեցարական ֆրանկ, 2. կանադական դոլար, 3.եվրո(2-րդ սերնդի) 4.վենեսուելական բոլիվար, 5.կոլումբիական պեսո, 6.ղազախական տենգե, 7.ավստրալական դոլար։

Եվս մի մեծ բացթողում. թղթադրամի վրա գրեթե բացակայում են մանր պատկերները։ Մանր պատկերների մեծաքանակ առակայությունը, սովորաբար, բարդացնում է թղթադրամի վերարտադրման գործընթացը։ Մեր թղթադրամները տպող գերմանական D+G տպագրատան մասնագետները վերցրել են մեկ պատկեր, որը տեսանելի է շրջանաձև պատկերում, և, քոփի-փեյսթ անելով այն, ստացել են թղթադրամի աջ և ձախ եզրերի, ինչպես նաև թվանիշի տեքստուրան։

Ձախից՝ բազում մանր էլեմենտներ պարունակող Հարավ Աֆրիկյան ռանդը, աջից՝ մեր նոր 20,000-նոցը իր ամեն տեղ կրկնվող նավակի նույն պատկերով։

Այս ամենը կարելի է հաշված ժամերի ընթացքում վերարտադրել վեկտորային ծրագրերում և հեշտ տպել։ Պարզապես հանճարեղ պաշտպանություն…

Եվ այսպես. ջրապատկերի, ժապավենի և դրամի երկու երեսներում գույնը փոխող ներկի առկայությունը վատ չէ, սակայն հոլոգրաֆիկ պատկերների, թափանցիկ հատվածների ու մանր պատկերների բացակայությունը, ինչպես նաև նախադեպը չունեցող պրիմիտիվագույն ցանցերը շատ մտահոգիչ են։

Պաշտպանվածության գնահատականն է

3/10 միավոր:

Ընդհանուր՝

Նյութը՝ 6/10 միավոր

Արտաքին տեսքը՝ 1/10 միավոր

Պաշտպանվածությունը՝ 3/10 միավոր

Թղթադրամի միջին գնահատականն այլ թղթադրամների համեմատությամբ՝ 3.5/10 միավոր... գրեթե անբավարար։

Ցածր որակի պատճառները

1. Զուտ ձեւական բնույթ կրած մրցույթ

2017թ.-ի հուլիսին ՀՀ կենտրոնական բանկը մրցույթ հայտարարեց ՀՀ 3-րդ սերնդի թղթադրամների մշակման նպատակով։ Կենտրոնական բանկը սահմանել էր ոչ միայն պատկերվող անձանց, թղթադրամի ֆիզիկական չափեր ու հիմնական գունային գամման, այլեւ թղթադրամի բոլոր էլեմենտների չափերը եւ տեղադրությունը։ Փորձեցի այդ խիստ սահմանափակումներով մեկ-երկու էսքից ու զգացի, որ շատ նման են ստացվում եղած դրամներին։

Հետագայում, երբ մրցույթը դեռ բաց էր, հնարավորություն ունեցա հանդիպել շվեյցարական ֆրանկի դիզայնի հեղինակ Մանուելա Ֆրունդերին, որ եկել էր Երեւան Թումոյի սաներին իրենց տարբերակի ստեղծման գործում ուղղորդելու։ Երբ հարցրեցի իրեն, թե արդյոք իրենց առջև էլ են նման պայմաններ են դրվել, նա պատասխանեց, որ պայմաններում նշված է եղել միայն դրամների չափերը, գույները եւ թեման։ Թղթադրամի դիզայներներին տրվել է ստեղծագործական ազատություն և այն, որ շվեյցարական դրամի վրա պատկերվել են ձեռքեր, եղել է արդեն դիզայներների մասնագիտական որոշումը։

Մեր ԿԲ-ն հայտարարեց, որ իրենց «մրցույթում» հաղթել են ոմն պարոնայք Էդվարդ Կուրղինյանը, Վարդան Վարդանյանը ու Սուրեն Սիմոնյանը։ Ավելի քան մեկ տասնամյակ դիզայնի ոլորտում աշխատելով և տեղացի բոլոր լավ մասնագետներին գոնե հեռակա ճանաչելով, ես անկեղծ ասած այս պարոնների մասին լսեցի առաջին անգամ։

2. Դրամի 25-ամյակին պարտադիր հասցնելու ինքնանպատակը

Փող տպելը շատ բարդ ու ծավալուն, նաեւ ժամանակատար, գործընթաց է ։ Շվեյցարական ֆրանկի թողարկման ամբողջ գործընթացը, որը դեռ չի ավարտվել (դեռ պիտի լույս տեսնեն 100, 500 եւ 1,000 ֆրանկ արժողությամբ նիշերը) տեւեց 5 տարուց ավել, որից մոտ 3 տարի, Ֆրունդերի պնդմամբ, արվում էր միայն դիզայնը։

Մեր ԿԲ-ն հայտարարեց մրցույթ 2017թ.-ի հուլիսին, նույն թվականի նոյեմբերին ներկայացրեց հաղթող տարբերակը, իսկ ընդամենը մեկ տարուց արդեն տպագրության ուղարկեց բոլոր 6 նիշերը։ Մեզ մոտ նոր դրամի տպագրությունը տևեց մեկ տարուց մի փոքր ավել։

Պարզ է, որ նման շտապողականության պատճառով գերմանական D+G տպագրատան մասնագետները չպետք է կարողանային հարկ եղած ձեւով մշակել ամեն դրամանիշը։ Չեմ կարող հասկանալ ինչու հնարավոր չէր դրամի 25–րդ հոբելյանին թողարկել մեկ-երկու դրամանիշ, մնացածը՝ հերթով ըստ պատշաճ մշակվածության աստիճանի տպել հետագայում։

Մեր ԿԲ-ականները ընտրեցին խորհրդային «գռդոնչի» պաշտոնյայի սկզբունքը՝ «սա պետք է ամեն ձեւով շուտ հասցնենք, պիտի Մոսկվա զեկուցեմ, որ Հոկտեմբերյան Մեծ Հեղափոխության այսինչ ամյակի կապակցությամբ այնինչ թաղամասի կառուցումն ենք ավարտել։» Կարծում եմ Սպիտակի շենքերնել էին այդ նույն սկզբունքով կառուցվել. շուտ հասցնենք, խնայենք որակի վրա եւ …

3. Giesecke+Devrient տպատագրատանը վստահելը

ԿԲ-ականները հպարտորեն հայտնում էին, որ նոր դրամը տպվելու է ԳԵՐՄԱՆԱԿԱՆ տպագրատանը, որը գոյություն ունի, ուշադրություն 1862 թվականից։ Դա այդպես է, սակայն, այդ տպագրատան կողմից մշակված եւ տպագրված ոչ մի թղթադրամ էսթետիկ եւ այլ որակական հատկանիշներով աչքի չի ընկնում։

Ըստ իս, նիդեռլանադական Enskede ընկերությունը, որը թողարկել է մեր 2-րդ սերնդի դրամները, շատ ավելի լավ ընտրություն էր։ Տպագրատանը մեղադրելու պատճառն այն է, որ վերջնական մշակողը, միեւնույն է, իրենք են, եւ կարող էին փրկել դրությունը գոնե կոմպոզիցիոն սխալներն ուղղելով եւ գունային գամման շտկելով։ Ցանցերի խայտառակությունը, սակայն, կարծում եմ պատվիրատուի շտապողականության ու տգիտության արդյունք է։

Ինչու՞ մեզ պետք է մտահոգի դրամի անորակ լինելը

Ինչպես արդեն նշեցի, դրամը մեր երկրի խորհրդանիշն է։ Ամեն օր մենք տեսնում եւ շոշափում ենք մեր երկրի թղթադրամերը։

Մեր երկրի պաշտոնյաները հերթական անգամ փչացրեցին եւս մեկ խորհրդանիշ։ Սա, ցավոք, հետևանք է նրա, որ մեր երկրում անտեսվում է Հայաստանի էսթետիկ ներկայանալիությունը։

Ամեն մեկն իր տեղում՝ կառուցապատմամբ զբաղվող բիզնեսմենը մի տգեղ շենք է կառուցում, նախկին կառավարությունը ահռելի մեծ գումար է ծախսում տգեղագույն տուրիստական բրենդի մշակման վրա, սակայն, քանդում է բազում պատմական շենքեր…

Մեր հարևան Վրաստանում հասկացել են, որ իրենց երկրի պատմամշակութային արժեքները լավ պահպանելով, քաղաքները եվրոպական ճաշակին համահունչ նորոգելով եւ զարդարելով, փողոցներում էսթետիկ տեսանկյունից բարձրորակ պաստառներ ու նշաններ կախելով, նաեւ լավ ձեւավորված լարի տպելով նպաստում են տուրիզմի զարգացմանը։ Անգամ ավտոմասեր վաճառող Թբիլիսյան խանութի շենքը շատ անգամ ավելի էսթետիկ է, քան ողջ Հյուսիսային պողոտան։

Ադրբեջանում, օրինակ, հասկացան, որ իրենց երկրում չկա լավ ճարտարապետ և վարձեցին լեգենդար Զահա Հադիդին, որը Բաքվի համար նախագծեց ժամանակակից ճարտարապետության մի հրաշալի նմուշ։ Ադրբեջանի տուրիստական բրենդը պատվիրվել է աշխարհահռչակ Landor Associates-ին, իսկ ազգային արժույթի դիզայնը՝ նախկինում եվրոն նախագծած դիզայներ Ռոբերթ Կալինային…

Հայաստանում գուցե չկա Զահա Հադիդ, սակայն ունենք բազում շատ լավ մասնագենտներ, որոնք ի վիճակի են նոր խորհրդանիշներ ստեղծել։ Ստացվում է, որ Ադրբեջանում չկա լավ ճարտարապետ, բայց կա մոտեցում, մեզ մոտ կան լավ ճարտարապետներ ու դիզայներներ, բայց իրենց գնահատող չկա։

ԿԲ-ականները, եթե մի փոքր մտածեին մեր երկրի էսթետիկ ներկայանալիության մասին, կփորձեին ոչ թե ձևական մրցույթ անել, այլ ամեն գնով աշխատել հենց այն լավ գրաֆիկ դիզայների հետ, որոնք կան Հայաստանում՝ տալով նրանց ժամանակ և ստեղծագործական ազատություն։

Իհարկե կասեք, որ այս ամենը եղել է նախկին իշխանության ժամանակ։ Ճիշտ է։

Սա որոշեցի գրել, որ նորի ժամանակ հին կադրերը նույնատիպ սխալներ այլևս չգործեն։

Ստորեւ ներկայացնում եմ մրցույթը չհաղթած այլ տարբերակների մասին Հեթքի հոդվածը, հետեւությունները թողնում եմ Ձեզ։

https://hetq.am/hy/article/83763

--

--