10 սկզբունք, որոնք կօգնեն Ձեզ կառուցել արդյունավետ փոխհարաբերություններ գործընկերների և աշխատակիցների հետ

Rafayel Baghyan
Achigo Digital Marketing Agency

--

Ամեն ինչ բիզնեսում կախված է գործընկերների և ընկերության ներսում՝ աշխատակիցների հետ մարդկային հարաբերությունների կառուցումից, ինչպես նաև այդ հարաբերությունների ճիշտ զարգացումից:

Գրեթե չկա որևէ որոշում, որն իր մեջ չպարունակի էմոցիոնալ ազդեցություն: Ինչքան էլ փորձենք ռացիոնալություն տալ մեր որոշմանը, միևնույն է, մեր որոշումը հիմնված է էմոցիոնալության վրա:

1.Աշխատեք մարդկանց հետ, այլ ոչ թե ընկերությունների

Ցանկացած շփում գործընկերոջ հետ նախ և առաջ շփում է հենց տվյալ մարդու հետ և պետք է հաշվի առնել հենց իր անձնական շահերն ու էմոցիաները: Եթե նրա անձնական շահերը համընկնում են իր ընկերության շահերի հետ, ապա դա համարվում է իդեալական տարբերակ, բայց այս տարբերակը միշտ չէ, որ կհանդիպի Ձեզ:

Գործնականում Ձեր շփումները գործընկերների հետ պետք է կառուցեք այնպես, որ մշտապես հաշվի առնեք այն, որ Ձեր դիմացինը Ձեզ նման սովորական մարդ է, ով նույնպես ունի անձնական և առօրյա խնդիրներ, ունի տարբեր տեսակի և բարդության փոխհարաբերություններ իր ընկերության աշխատակիցների հետ, ունեցել է և ունի հուսահատություններ՝ կախված տարբեր հանգամանքներց և որոշ դեպքերում նաև գտնվում է «Mid-life crisis»-ի շրջանում, և ընդհանրապես կապ չունի, թե նա ինչ պաշտոն է զբաղեցնում կամ ինչ եկամուտներ ունի:

Եվ ի՞նչ անել․

Ա. Միշտ շփվեք Ձեր գործընկերոջ հետ, դիտարկելով նրան որպես անհատի, այլ ոչ թե X ընկերության «անշունչ» ներկայացուցչի: Հետաքրքրվեք, թե ինչպես է նա ապրում, ինչ է ուզում, ինչից է մտահոգվում և ինչն է նրան ուրախություն պարգևում: Փորձեք ուրախանալ իր հետ և կիսել իր տխրությունը:

Բ. Փնտրեք և գտեք նախագծի կամ գործարքի մեջ նրա անձնական հետաքրքրությունները։ Խոսքը ամենևին ֆինանսական հետաքրքրության մասին չէ, այլ՝ նրա էմոցիաների և ամբիցիաների:

2. «Կրկին հարցնելու» կանոնը

Ժամանակակից բիզնես պրոցեսներում ամենաօգտագործելի միջոցը առօրյա և ընթացիկ շփումների, բանակցությունների և պրոյեկտների քննարկումների ժամանակ հանդիսանում են էլ. նամակները (միջինում օրական 280 միլիարդ էլ.նամակ և այս թիվը դեռ շարունակում է աճել), որոնք մարդիկ հիմանականում կարդում են ոչ ամբողջությամբ, այլ «ուղղահայաց»՝ ուղղակի արտահայտություններից առանձնացնելով բանալի բառեր։ Մյուս կողմից, հարկ եմ համարում նշել, որ գրավոր տեսքով միտքը փոխանցելը դժվար է և ոչ միշտ է հաջողվում 100% — ով միտքը հասցնել նպատակակետին: Այս ամենի պատճառով, որպես շփման արդյունք, ստանում ենք թյուրըմբռնում, երբ գործընկերները, միմյանց ճիշտ չհասկանալով, ձևավորում են իրենց պատկերացումները դիմացինի պահանջների մասով և սկսում պարտադրել դրանք գործընկերոջը:

Իսկ հասկանալու համար, թե ինչ է պետք գործընկերոջը, ընդամենը պետք է լսել նրան, քանի որ գրեթե միշտ մարդիկ ասում են այն, ինչն իրականում ուզում են և ինչն իրականում անհանգստացնում է իրենց (բացառություն կարող են լինել, օրինակ, հատուկ ծառայություններում աշխատողները առօրյա պարտականությունները կատարելիս և, իհարկե, քաղաքական գործիչները ընտրություններից առաջ):

Եվ ի՞նչ անել․

Ա. Ինչի մասին որ խոսում եք բանավոր, պետք է ապահովեք նաև նամակի տեսքով, իսկ այն, ինչը փոխանցում եք նամակով, պետք է ներկայացնեք նաև բանավոր (ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս լուծել այս հարցերը շատ հեշտ և գրեթե անվճար):

Բ. Պետք է միշտ վերահսկեք, թե ինչ չափով է Ձեր միտքը ընկալվել Ձեր գործընկերոջ կողմից՝ ուշադրություն դարձնելով նրա կողմից հնչող մեկնաբանություններին:

3. Բոլորն էլ սխալվում են

Երբ Ձեզ ինչ-որ մեկը վստահորեն և շատ հստակ ասում է, որ ինչ-որ բան այսպես կամ այնպես է, փորձեք նույնը ճշտել այլ մարդկանցից ևս: Երբեմն մարդիկ իրենց հիշողության հետ կապված թերությունները կոմպենսացնում են իրենց երևակայությամբ և դա անում են ոչ թե չարությունից դրդված, այլ պարզապես նրանք այդպիսին են:

Եվ ի՞նչ անել․

Ա. Պետք է ամեն ինչ դնել կասկածի տակ։

Բ. Ինչ-որ բան կասկածի տակ դնելուց հետո միշտ ճշտեք այն մի քանի աղբյուրներից, ապա նոր միայն ամբողջացրեք ընդհանուր պատկերը։

4. Մի վախեցեք Ձեր որոշումներից

Ժամանակ առ ժամանակ անհրաժեշտ է լինում շատ կարևոր որոշումներ կայացնել, որոնց ճիշտ կամ սխալ լինելը ոչ ոք չի կարող միանշանակորեն պնդել: Պարզապես պետք է հիշել, որ չկա մեկ ճիշտ պատասխան բոլոր հարցերի համար։ Ընդամենը պետք է վստահեք Ձեր ինտուիցիային ու փորձագիտական վերլուծությանը:

Եվ ի՞նչ անել․

Ա. Ոչ մի դեպքում մի՛ արգելափակեք Ձեր գաղափարները, եթե նույնիսկ դրանք Ձեզ շատ տարօրինակ են թվում։

Բ. Հիշեք՝ հենց ոչ ստանդարտ գաղափարներն են տանում դեպի առաջընթաց։

5. Գտեք ճիշտ համադրություն

Գաղափարները հիմնականում առաջանում են կրեատիվ մտածելակերպ ունեցող մարդկանց մոտ, այլ ոչ թե համակարգային մտածողություն ունեցողների: Այդ իսկ պատճառով սովորաբար աշխատում է հետևյալ համադրությունը․ խենթ կրեատիվ մենեջեր + խենթությունը ֆիլտրող մենեջեր: Հենց այսպիսի համադրությունից է բաղկացած գրեթե բոլոր ընկերությունների կամ բաժինների թոփ մենեջմենթը:

Ինչ-որ մեկը ծնում է գաղափարները, իսկ մյուսը շտկում և իրականացնում է դրանք:

Եվ ի՞նչ անել․

Ա. Ընդունեք, որ աշխարհն առաջ են տանում «խենթերը», այլ ոչ թե անհետաքրքիր «ակնոցավորները»:

Բ. Եթե աշխատում եք կրեատիվ մենեջերի հետ, ապա պետք է գտնեք նրա հենարանը՝ «ֆիլտրող» մենեջերին, որը և հիմնականում հանդիսանում է որոշում ընդունողը (դեսիժոն մեյքեր):

6. Մի կառուցեք փոխհարաբերությունները միմիայն սուբորդինացիայի վրա

Փոխհարաբերություննեը դրանք անձնական հարաբերությունների և դրական ու բացասական էմոցիաների խառնուրդներ են, որոնց ղեկավարմամբ են զբաղվում ղեկավարները իրենց ժամանակի մեծ մասը:

Երբեմն նույնիսկ ամենափորձառու ղեկավարներն են վախենում սխալվել իրենց գործողություններում, որոնք կարող են ճնշել կամ թերի ազդեցություն ունենալ աշխատողների վրա, չափն անցնել կամ բաց թողնել վերահսկողությունը, չկարողանալ պաշտպանել աշխատակցին կամ ստեղծել կոնֆլիկտներ և այլն:

Եվ ի՞նչ անել․

Ա. Առաջնորդվեք էթիկայի և քաղաքավարության սկզբունքներով։

Բ. Արտաքին միջավայրում միշտ պաշտպանեք Ձեր աշխատակիցներն, եթե նույնիսկ նրանք սխալ են։

Գ. Մի՛ գերագնահատեք ինքներդ ձեզ և Ձեր սխալները։

7. Մի դատեք ռեզյումեով

«Գլխով» մտածող և ճիշտ հարցադրումներ անող մարդն ավելի արդյունավետ է, քան մի քանի էջանոց ճոխ ռեզյումե ունեցողը: Այսպիսի մարդիկ այդքան էլ շատ չեն և այն ընկերությունները, որոնք կարողացել են գտնել նրանց, կարողանում են նաև հաղթողի դերում լինել։

Եվ ի՞նչ անել․

Ա. Հարցեր տվեք և ընդունեք աշխատանքի նրանց, ովքեր կարող են հարցեր տալ:

Բ. Պետք չէ հոգալ ռեզյումեն լրացնելու համար, պետք է կատարելագործեք Ձեր ունակությունները և խորանաք այն ոլորտի մեջ, որն ընտրել եք՝ առանց հետ նայելու։

8. Մի՛ ասեք՝ իմ գործը չէ

Պատասխանատվության գոտիները գործում են միայն ֆորմալ տեսքով և աշխատանքային պրոսեցում դրանք գրեթե միշտ մոռացվում են:

Եթե Դուք աշխատում եք ինչ-որ գործարքի կամ նախագծի վրա, որը պահանջում է այլ բաժինների ներգրավվածություն, եղե՛ք պատրաստ, որ ստիպված եք լինելու ժամանակ տրամադրել այդ բաժինների աշխատանքն ավելի խորը հասկանալու համար:

Երբեմն միայն խորապես հասկանալով այլ բաժինների կամ աշխատակիցների աշխատանքը, հնարավոր է լինում գտնել ճիշտ լուծումներ, որոնք էապես ազդում են նախագծի ճակատագրի վրա:

Եվ ի՞նչ անել․

Ա. Դադարե՛ք գոռալ և ասել, որ «դա քո գործն է»

Բ. Մոտիվացրեք աշխատակիցներին, հետաքրքրվեք՝ ինչի կարիք ունեն նրանք և ինչով կարող եք օգնել նրանց, որպեսզի արագացնեք ընդհանուր գործընթացը։

9. Ոգեշնչեք անել անհնարինը (Դրիմ բիգ)

Ուզու՞մ եք, որ աշխատակիցներն անեն ավելին, քան Դուք սպասում եք: Մարտահրավեր (չելենջ) նետեք նրան, հակառակ դեպքում նա պարզապես իր աշխատանքը կանի և վերջ, այլ ոչ թե սարեր շուռ կտա:

Առաջարկեք մեծ գաղափարներ գործընկերներին և աշխատակիցներին հանձնարարեք առաջին հայացքից անհնարին թվացող առաջադրաքներ:

Եվ ի՞նչ անել․

Ա. Որպես օրինակ հիշեք չինացիներին․ նրանց համար չկան անհնարին բաներ։

Բ. Մի՛ սառեցրեք այն նախագծերը կամ առաջադրանքները, որոնք այնքան դժվար ու անիրագործելի են թվում։ Մի՛ «փախչեք» և մի՛ «անցեք թոշակի»: Պլաններ մշակեք , բաշխեք աշխատանքները և վերջապես սկսե՛ք, ամեն ինչ կստացվի:

10. Բիզնես չեն կառուցում ուտել-խմելով և քեֆերով

Ոչ ֆորմալ հանդիպումները գործընկերների հետ իհարկե օգտակար են, բայց ոչ առաջնային:

Ամենակարևորը արժեքավոր և լավ պրոդուկտն ստանալն է վին-վին սկզբունքի, պրոֆեսիոնալ և արդյունավետ մարդային հարաբերությունների հիման վրա:

Եվ ի՞նչ անել․

Ա. Աշխատեք Ձեր պրոդուկտի և անմիջականորեն Ձեզ վրա: Փորձեք ապահովել վին-վին սկզբունքը։

Բ. Աշխատեք և կնքեք գործարքներ ոչ թե նրանց հետ, ում հետ հեշտ է և ուրախ, այլ նրանց հետ, ում հետ համատեղ հնարավոր է հասնել մեծ արդյունքի։

--

--

Rafayel Baghyan
Achigo Digital Marketing Agency

Start-Ups and Innovation lover, passionate about vision to make great Ideas something that can change people’s life & world. @DreamBig @Preezma @Achigo