8 օգտակար SEO խորհուրդ լավ վեբ կայք ստեղծելու համար

Ե՞րբ սկսել կայքի օպտիմալացումը որոնողական համակարգերում (SEO - Search Engine Optimization)։ Նախապես իմանալով այս հարցի պատասխանը` հետագայում կարող եք խուսափել բազմաթիվ խնդիրներից։
Անկախ այն հանգամանքից` մշակվում է ամբողջովին նոր կայք, թե վերափոխվում է արդեն գոյություն ունեցողը, հարցի պատասխանը մեկն է` սկսեք իրականացնել SEO մինչև կայքի նախագծումը և ներդնումը։

Ինչպես հին ասացվածքն է հուշում` ծառ տնկելու լավագույն ժամանակը 20 տարի առաջ էր, երկրորդ լավագույն ժամանակը հիմա է:

Զինվելով անհրաժեշտ տեղեկատվությամբ կայքի` դեռևս նախագծման փուլում` կարող եք մեծացնել SEO-friendly կայք ունենալու հավանականությունը։

Եվ այսպես, ինչի՞ն պետք է ուշադրություն դարձնել։

Դոմեն անուն

Ամենակարևոր գործոններից մեկը կայքի համար ճիշտ դոմեն անուն (domain name) մշակելն է։
Կայքը համացանցում տեղադրելու համար պետք է ունենալ դոմեն։ Ըստ էության, դա կայքի հասցեն է համացանցում, որի միջոցով օգտատերերը կարողանում են գտնել այն։
Դոմենի ճիշտ ընտրությունը կարևոր քայլ է վեբ նախագծի երկարաժամկետ հաջողության ապահովման համար։ Դոմեն անուն ընտրելիս պետք է հիշել, որ թիրախը պոտենցիալ օգտատերերն են։

Փորձեք հնարավորինս հիշվող և կարճ դոմեն անուն մտածել։ Դուք կարող եք կիրառել ինչպես Ձեր բիզնեսի անվանումը, այնպես էլ ոլորտին առնչվող լայն ընդգրկման բանալի բառեր։ Եթե բանալի բառերը լրացուցիչ տեսանելիություն են ապահովում կայքին՝ շարունակելով պահել դոմեն անունը հակիրճ, հիշվող և ապրանքային նշանին համապատասխան, ապա ինչու՞ ոչ։

Կարևոր է նախապես ստուգել` արդյո՞ք նմանատիպ անվանում արդեն իսկ չի օգտագործվում մեկ այլ օգտատիրոջ կողմից: Պետք է հաշվի առնել նաև սոցիալական կայքերում դոմենի կիրառման հնարավորությունը, քանի որ դրա բացակայությունը կարող է գլխացավանքի պատճառ դառնալ։

Խորհուրդ է տրվում խուսափել գծերի, մեծատառերի և ոչ լատինատառ այբուբենի օգտագործումից։

Ուշադրություն դարձրեք նաև top-level դոմենին (TLD)։

Իսկ ի՞նչ է դա։

Դոմենները բաղկացած են երեք հիմնական մասերից՝

  • top-level դոմեն (TLD),
  • domain name (դոմեն անուն),
  • subdomain (ենթադոմեն):

Փորձեք Ձեր գործունեությանը համապատասխան top-level դոմեն ընտրել։ Օրինակ, եթե Ձեր թիրախային շուկան գլոբալ բնույթ է կրում, խորհուրդ է տրվում կիրառել .com top-level դոմեն, եթե ոչ` տվյալ երկրին համապատասխանը (օրինակ ՀՀ-ի համար`․am):

Հոսթինգ

Հոսթինգն այն ծառայությունն է, որի միջոցով կազմակերպություններն ու անհատներն իրենց պատկանող կոնտենտը՝ բովանդակությունը, տեղակայում են համացանցում` վիրտուալ սերվերի վրա: Երբ խոսվում է հոսթինգի մասին, հիմնականում ենթադրվում է վեբ հոսթինգը:

Ձեր կայքի աշխատանքի արդյունավետությունը կարող է մեծապես կախված լինել ընտրված հոսթինգային ծառայությունից։ Սխալ ու անորակ հոսթինգային ծառայությունները կարող են ոչ միայն վնասել SEO ցուցանիշները, այլև անդառնալի վնաս պատճառել մարքեթինգային նպատակներին առհասարակ։

Գոյություն ունեն հոսթինգային ծառայություններին առնչվող 3 հիմնական գործոններ, որոնք ազդում են մասնավորապես SEO գործընթացի վրա։

Առաջին հերթին հոսթինգն ազդում է կայքի արագության վրա։ Մեր օրերում թե՛ մարդիկ, թե՛ որոնողական համակարգերը պարզապես ԱՏՈՒՄ ԵՆ դանդաղ աշխատող կայքերը։

Երկրորդ գործոնը հուսալիությունն է (uptime)` տարվա ընթացքում անխափան աշխատելու տևողությունը։

Ըստ էության` որոնողական համակարգերը պատասխանում են օգտատերերի հարցերին։ Եթե նրանք վստահ չլինեն, որ Ձեր կայքն անխափան է աշխատում և հասանելի է օգտատերերին ցանկացած պահի, ապա պարզապես չեն ուղարկի նրանց Ձեր կայք։

Եվ վերջին, բայց ոչ պակաս կարևոր գործոնն անվտագությունն է։ Եթե կայքը չբավարարի անվտանգության պահանջներին, որոնողական համակարգերը կկորցնեն նրա նկատմամբ վստահությունը, ինչն, իր հերթին, կազդի SEO ցուցանիշների և վարկանիշի վրա։

Հոսթինգային ծառայությունը պետք է ապահովի անվտանգությունը հակերային հարձակումներից և այլ նմանատիպ ռիսկերից։

Այսպիսով` հոսթինգային ծառայություն ընտրելիս ուշադրություն դարձրեք հետևյալ կետերին.

  • աշխատանքի արագությանը, ինչը պայմանավորում է կայքի բեռնման ժամանակահատվածը,
  • հուսալիությանը (uptime)` տարվա ընթացքում անխափան աշխատելու տևողությանը,
  • տեխնիկական աջակցության առկայությանը,
  • տվյալ ընկերության ծառայությունների մասին հաճախորդների կարծիքներին,
  • անվտանգության ապահովմանը,
  • HTTPS ապահովման հնարավորությանը:

HTTPS

HTTPS-ը (Hypertext Transfer Protocol Secure)՝ հիպերտեքստի փոխանակման անվտանգ պրոտոկոլ, որոնողական համակարգերում ինդեքսավորման ազդակներից մեկն է։ Ընդ որում, Google-ը հայտարարել է, որ շատ ավելի արդյունավետ է կիրառել HTTPS և ապահովել կայքի անվտանգությունը դեռևս կայքի մշակման փուլում, քան հետագայում իրականացել միգրացիա HTTP-ից դեպի HTTPS։

Google-ը պարբերաբար խրախուսում է կայքի սեփականատերերին անցնել HTTPS-ին՝ ինտերնետային անվտանգությունը խթանելու նպատակով: Բացի այդ, Google Chrome-ում բոլոր HTTP կայքերը նշվում են որպես վտանգավոր կայքեր։

Բանալի բառերի ուսումնասիրություն

Որոնողական համակարգերում կայքերի օպտիմալացման մասին խոսելիս այսօր ավելի հաճախ են ընդգծվում 2 հիմնական գործոններ՝ օրիգինալ կոնտենտ և ետ-հղումներ (Backlinks՝ այլ կայքից դեպի նշված կայք եկող հղումները)։ Արդյունքում`ակամա կարելի է մոռանալ SEO-ի հենասյունը համարվող բանալի բառերի ուսումնասիրության (Keyword research) մասին։

Ինչ էլ փոխվի SEO աշխարհում, մի բան հստակ է. եթե չկան բանալի բառեր, չկա SEO:

Ինչու՞ է այդքան կարևոր նախապես իրականացնել բանալի բառերի ուսումնասիրությունը։

Բանալի բառերը կողմնացույցի դեր են կատարում՝ հուշելով, թե որ ուղղությամբ է պետք շարժվել։ Բացի այդ, բանալի բառերի միջոցով կարելի է պատկերացում կազմել թիրախային շուկայի և նրա պահանջների մասին։

Նախապես իրականացրեք բանալի բառերի ուսումնասիրություն և պարզեք, թե որոնք են Ձեր ոլորտին առընչվող հիմնական բանալի բառերը։ Դրանց հիման վրա նախապես մշակեք կայքի կոնտենտը։ Փորձեք յուրաքանչյուր թիրախային էջի համար կիրառել այդ էջի բովանդակությունն արտացոլող առաջնային և երկրորդական բանալի բառեր։

Բանալի բառերը կարող են կիրառվել հետևյալ On-page տարրերում՝

  • URL հղումներ,
  • մետա նկարագրություն (Meta description),
  • մետա վերնագիր (Meta title),
  • H1 - H2 վերնագրեր (H1 - H2 headings),
  • Alt տեգ (Alt tag)։

Կայքի ճարտարապետություն

Կայքի ճիշտ մշակված ճարտարապետությունը (Site architecture) ուղեցույցի դեր է կատարում կայքի այցելուների և որոնողական համակարգերի ռոբոտների (վեբ-սարդեր) համար՝ հեշտացնելով վերջիններիս կողմից կայքի սկանավորումը։

Շատ կարևոր է, որ վեբ-սարդերը հնարավորինս արագ ու դյուրին հասկանան, թե որոնք են կայքի կարևորագույն էջերը, ինչ կոնտենտ են նրանք պարունակում, ինչպես են կայքի տարբեր էջեր փոխհարաբերվում միմյանց հետ։ Այդ տեղեկատվությունն օգնում է որոնողական համակարգերին պատկերացում կազմել, թե ինչի մասին է Ձեր կայքն առհասարակ, և ինչպիսի հարցումների դեպքում այն ցույց տալ որոնման արդյունքների էջերում (SERP - Search engine results page):

Փորձեք ուշադրություն դարձնել հատկապես հիերարխիային, ներքին հղումներին, ապրանքային նշանին կցված հղումներին, պագինացիային, օգտագործեք breadcrumbs։

Նախ փոքրիկ լիրիկական շեղումով վերհիշենք Գրիմ եղբայների` «Հենզելն ու Գրետելը» հայտնի հեքիաթը։

Սովի պատճառով Հենզելի ու Գրետելի հայրը, տեղի տալով երկրորդ կնոջ հորդորներին`ազատվել երեխաներից, տանում է նրանց անտառ։ Քույր ու եղբայր, լսելով ծնողների զրույցը, չմոլորվելու ու տուն վերադառնալու համար ճանապարհին նախ շաղ են տալիս նախապես գրպանները լցրած քարեր, իսկ երկրորդ անգամ` հացի փշրանքներ։

Breadcrumbs-ը բառացի թարգմանությամբ նշանակում է հացի փշրանքներ/փշուրներ։ Թվային աշխարհում breadcrumbs-ը այն նույն գործառույթն է իրականացնում, ինչ հացի փշուրները հեքիաթում, քանի որ ցույց է տալիս այցելուի գտնվելու վայրը կայքում։ Վերջինիս կիրառումը հատկապես արդյունավետ է ծավալուն և բարդ կառուցվածք ունեցող կայքերի դեպքում։ Բացի այդ, breadcrumbs-ի յուրաքանչյուր առանձին հատված իրենից ներկայացնում է հղում, որի միջոցով կարելի է անցում կատարել համապատասխան էջ։

Հիերարխիա: Կայքի էջերը պետք է տրամաբանորեն բխեն մեկը մյուսից։ Բանալի բառերի` նախապես կատարված ուսումնասիրությունը թույլ կտա որոշել, թե որոնք են Ձեր կայքի հիմնական բաժիններն ու ենթաբաժինները։ Փորձեք կայքի կառուցվածքը պահել հնարավորինս պարզ և մի մոռացեք three-click rule հայտնի կանոնը, որի համաձայն`կայքի այցելուն ցանկացած էջ հասնելու համար պետք է իրականացնի առավելագույնը 3 անցում։

Ներքին հղումներ։ Ներքին հղումները կայքի տարբեր էջեր տանող հղումներն են։ Դրանցով այցելուն ճանապարհորդում է կայքի ներսում։ Վերջիններիս կիրառումը կայքի օպտիմալացման համատեքստում օգտակար է 3 հիմնական պատճառով՝ ներքին հղումներն ուղեցույցի դեր են խաղում կայքի այցելուների համար, թույլ են տալիս հասկանալ կայքի հիերարխիան և նպաստում են հղումների ranking power-ի բաշխմանն ու տարածմանը ողջ կայքով։ Հիշեք, որ ներքին հղումները պետք է լինեն էջի բովանդակությանը համապատասխան և բնական ընթերցողի համար։

Ապրանքանշանի հղում (Logo link)։ Ստուգեք` արդյո՞ք կայքի ապրանքանշանի նկարին կցված է դեպի կայքի գլխավոր էջ (Homepage) տանող հղում։ Ապրանքանշանը կարող է լինել կայքի տարբեր էջերում, բայց, բոլոր դեպքերում, այն պետք է տանի Homepage։ Եթե կայքն ունի բլոգ, որն, իր հերթին, ունի սեփական ապրանքանշան կամ ենթաապրանքանշան, ապա վերջինին կցված հղումը պետք է տանի համապատասխանաբար բլոգի գլխավոր էջ։

Պագինացիա։ Պագինացիան (Pagination) էջի համարակալումն է, որը սովորաբար գտնվում է կայքի վերին կամ ստորին հատվածում։ Հնարավորության դեպքում ցանկալի է խուսափել էջի համարակալումից, քանի որ դրա առկայությունը կրկնակի կոնտենտի պատճառ կարող է դառնալ՝ վնասելով կոնտենտի որակը։
Նախընտրելի է, որ յուրաքանչյուր եզակի կոնտենտ ունենա իր առանձին URL հասցեն։

Mobile-friendly

Դուք չեք կարող չհամաձայնել, որ մենք ապրում ենք mobile-first իրականությունում, դրա համար էլ Mobile-friendly լինելն օդուջրի պես կարևոր է։ Այսօր համաշխարհային ինտերնետ-թրաֆիքի 52%-ը բաժին է ընկնում բջջային սարքերին:

Աղբյուրը՝ https://www.statista.com

Կայքի բջջային տարբերակը պետք է հնարավորինս հարմարեցված լինի օգտատերերի պահանջներին։

Կարևոր է ուշադրություն դարձնել հատկապես Google Mobile-first ինդեքսին։ Եթե նախկինում Google-ը կիրառում էր բջջային և վեբ արդյունքները միաժամանակ, այսինքն, երբ որոնումն իրականացվում էր վեբ տարբերակով, ցուցադրվում էին վեբ որոնման արդյունքները, իսկ բջջային որոնման դեպքում, համապատասխանաբար, բջջային արդյունքները, ապա այսօր, անկախ այն բանից, թե ինչ սարքից է իրականացվում որոնումը, Google-ը հիմք է ընդունում, նախևառաջ, մոբայլ տարբերակի արդյունքները։

Կայքի արագություն

Օպտիմալացրեք կայքի արագությունը, քանի որ այն մեծ ազդեցություն ունի օգտատիրոջ փորձառության վրա (UX - User Experience)։

Կայքի բեռնման արագությունը կարևոր գործոն է որոնողական համակարգերի համար, քանի որ կայքի դանդաղ աշխատանքն ազդում է Bounce rate-ի վրա։ Վերջինս ցույց է տալիս, թե կայքի այցելուների քանի տոկոսն են կազմում նրանք, ովքեր այցելել են կայքի որևէ էջ և դուրս են եկել այնտեղից առանց մեկ այլ էջ գնալու։
Ցածր Bounce rate-ը որոնողական համակարգերի համար ազդակ է այն մասին, որ Դուք օգտատերերին առաջարկում եք իրենց կարիքներին և պահանջներին համապատասխանող կոնտենտ։

Կայքի արագության ցուցանիշը բարելավելու համար կարող եք իրականացնել հետևյալ միջոցառումները.

  • օպտիմալացնել կայքի նկարները,
  • հնարավորինս կրճատել կայքի կոդը՝ CSS, JavaScript, HTML,
  • բարելավել սերվերի արձագանքման ժամանակը,
  • կիրառել վեբ բրաուզերի քեշինգի համակարգեր,
  • կիրառել արագացված բջջային էջեր (AMP - Accelerated Mobile Pages):

Բլոգ

Կայքում պարտադիր ներառեք բլոգ։

Ինչու՞։

Բլոգի կիրառումը SEՕ նպատակների իրականացման համատեքստում անգնահատելի է։ Այն հնարավորություն է ընձեռում ապահովել կայքը թարմ կոնտենտով, ինչի արդյունքում ներգրավվում են նոր այցելուներ, բացի այդ, ստեղծվում է ներքին հղումների և ետ-հղումների (Backlink) լրացուցիչ հնարավորություն։

Բլոգի վարման կարևորագույն առավելություններից հաջորդը long-tail բանալի բառերի և LSI-ի (Latent Semantic Indexing) օգտագործման հնարավորությունն է: Նշենք, որ LSI են համարվում հիմնական բանալի բառերին հոմանիշ կամ համարժեք բառերը։ Որոնողական համակարգը կայքի էջերն ուսումնասիրելու ժամանակ մեծ ուշադրություն է դարձնում տվյալ գործոնին։

Ստորև ներկայացնում ենք նաև մի քանի հետաքրքիր վիճակագրություն թվային աշխարհից։

--

--