Illustration by Burnt Toast

Ինչ է լինելու կարանտինից հետո․ մտածելով լավի մասին

Masha Hayrapetyan
Published in
3 min readApr 8, 2020

--

Այսօր մեր թիմի հերթական առավոտյան վիդեո քոնֆերանսի ժամանակ պարզեցինք, որ մեզանից շատերն արդեն չեն հետևում սթրեսահար անող նորություններին ու ճնշող թվային տվյալներին այնպես, ինչպես հետևում էին թեկուզ մեկ շաբաթ առաջ։ Որովհետև այս իրավիճակում կարծում ենք՝ լավ լուրը շուտ կհասնի ու ամեն դեպքում դժվար թե բաց թողնենք արտակարգ իրավիճակի դադարեցման կամ պանդեմիայի հաղթահարման նորությունը՝ բոլորս էլ ունենք սուպեր-տեղեկացված ու ափ-թու-դեյթ մամաներ/պապաներ/բարեկամներ, որ հաստատ մեզ կասեն։

Ու չմոռանալով, որ մշտական նեգատիվ ընկալելիս ու սթրես ապրելիս, մեր իմունիտետը թուլանում է ու մենք ավելի խոցելի ենք դառնում կորոնավիրուսով վարակվելու և ընդհանրապես հիվանդանալու տեսանկյունից, որոշեցինք մի քիչ վերանալ այս պահից ու իրավիճակից ու մտածել «վաղվա»՝ ավելի լավ օրերի մասին։ Ահա թե մեր պոզիիտիվ կարծիքով, ինչպիսին է լինելու աշխարհը պանդեմիայից հետո․

Ավելի ջերմ, քան երբևէ

Կարող է մտածեք՝ էլ ու՞ր ավելի ջերմ, փողոցում քայլելիս ավելի շատ պաչիկով բարևելու էխո՞ ենք լսելու։ Ոչ) Հուսով ենք տղամարդկանց միմյանց համբուրելով բարևելու սովորույթն ու սովորությունը կվերանա, բայց խոսքը դրա մասին չէ։ Խոստովանեք՝ չե՞ք կարոտել այնպիսի մարդկանց ու իրենց ստեղծած մթնոլորտը, որ երբեք չէիք էլ ենթադրի, որ կարող եք կարոտել։ Հիմա երևի մեր ամենահեռավոր ծանոթին ու բարեկամին տեսնելիս՝ վերապրածների պես գրկելու ենք ու լայն ժպիտներով բարևենք փողոցում տեսնելիս։ Միմյանց նկատմամբ դառնալու ենք ավելի հոգատար, հանդուրժող, տոլերանտ ու սիրով, որովհետև արդեն տեսանք, որ մի հոգու մտածելակերպը, պահվածքը ու կայացրած որոշումները կարող են ազդեցություն ունենալ գրեթե բոլորիս վրա։

Ռեալ շփում գրվելու փոխարեն

Արդեն լաաավ հոգնած կլինենք մեր սմարթֆոններից, լափթոփներից ու մնացած բոլոր սարքերից, որ էկրան ունեն։ Դրսում ավելի շատ ժամանակ ենք անցկացնելու ու վերանայելու այն գործողությունների ցուցակը, որ տան բազմոցի փոխարեն դրսում նստած կարելի է անել։ Երևի ազատ նստարան չենք գտնելու մեր սակավաթիվ ու սիրելի այգիներում։ Ինքնակրթվելուն ու ինքնազարգացմանը ժամանակ տրամադրելն իհարկե լավ է, բայց բնությանը մոտիկ լինելն է, որ մեզ սովորեցնում է շատ բաներ, որ մենք կիրառում ենք, բայց չենք նկատում։ Բնությունը մեծացնում է մեր տեսադաշտը, իքյուն, զգացմունքների սպեկտրը ու ստեղծարարությունը։

Պրոդուկտիվ՝ թե օֆիսում, թե տանից

Մեր թիմը երևի ամենասկեպտիկն էր տանից աշխատելու մտքին տրամադրված, բայց կորոնան ստիպեց, մենք հարմարվեցինք ու փորձեցինք պահել արդյունավետության մակարդակը։ Մինչ օրս դա հաջողվել է մեզ՝ չգիտենք այն մտքից, որ սա ժամանակավոր է թե արտակարգ իրավիճակում գերբնական կազմակերպչական ուժ է առաջացել, բայց փաստորեն սա հնարավոր էր անել։ Այսինքն կարանտինից հետո առնվազն չենք մտածելու, որ տանից աշխատողները ավելի քիչ գործ են անում ու իմանալու ենք, որ այդպես էլ ենք կարող, եթե ինչ։

Ավելի մաքուր ձեռքերով

Ամենալավ բանը, որ կարելի է քաղել ու անպայման շարունակել նաև կարանտինից հետո, դա ձեռքերը լաաաաավ լվանալն է։ Հուսով ենք, որ մեկ ամիսը հերիք էր դա սովորություն դարձնելու համար։ Որովհետև եթե մինչ այդ սրա մասին անհանգստանում էին հասարակական տրանսպորտից օգտվող մեր պարանոյիկ ընկերներն ու տուն հասնելուն պես հեռախոսը սպիրտի մեջ էին թաթախում, հիմա դրա մասին անհանգստանալու ենք բոլորս։

Աշխատանք ունենալն արդեն լավ է

Ոչ մի դեպքում չենք ասում, որ պետք է նվազեցնել ամբիցիաները կամ չեղարկել մեծն նպատակները, բայց կարանտինից հետո ստիպված ենք լինելու մի քիչ չափավորել մեր ախորժակը բոնուսների ու այլ հավելյալ բենեֆիտների համար։

Ավելի զգուշավոր ու խնայող

Միշտ էլ մտածում էինք ու ասում էինք, որ պետք է խնայենք, սև օրվա համար ինչ-որ գումար ունենանք ու պատրաստ լինենք տարբեր իրավիճակներին, բայց քանի դեռ երիտասարդ ենք, անընդհատ ուզում ենք ավելին ու գայթակղվում ենք ավելի ու ավելի, շատ դժվարությամբ էինք դա անում կամ ընդհանրապես չէինք անում այս սպառողականության դարում։ Բայց հիմա, երբ տեսանք սև օրը ու հասկացանք հնարավոր զարգացումները, կարանտինի վերջանալուն պես թեկուզ քիչ-քիչ, բայց ստաբիլ խնայելու ենք։

Այսօրվա օրով ուրախացող

Ահագին մտածում եմ այն օրերի մասին, երբ ակտիվ ու լի աշխատանքային օրից հետո գնում էինք ընթրելու ընկերների հետ, հետո հայտնվում էինք մեկ այլ տեղում՝ շարունակելու խմել ու շփվել, ընթացքում հանդիպում էինք ամենտարբեր ծանոթների ու բողոքում, որ դե տենց անհետաքրքրիր է անցնում։ Կորոնավիրուսը մեզ շատ ընկալելի ու նկարազարդված բացատրեց ու ցույց տվեց առնվազն անհետաքրքիր, պասիվ ու վատ օրերը որոնք են իրականում։ Ու հիմա հուսով եմ, որ այն օրերին, երբ ոչ մի վատ բան չի պատահել ու ոչ մի վատ լուր չեք ստացել ծանոթների ու անծանոթների մասին, արդեն կասենք, որ լավ օր էր ու մինչ վաղվա օրվա վրա հույս դնելը, այսօրը կգնահատենք ու մաքսիմալը կքամենք հաճելիի տեսքով։

Հեղինակ՝ Մաշա Հայրապետյան

--

--