Մեր պլանները փոխվեցին

Eduard Kankanyan
Braind.am
Published in
3 min readMar 30, 2020

--

Այսօր շատերն են ուզում կիսվել, արտահայտվել և իրենց կարծիքը հայտնել ստեղծված իրավիճակի հետ կապված, բայց կա մի փաստ, որն անհերքելի է և միավորել է բոլորիս` պանդեմիան փոխեց մեր պլանները: Մի շարք երկրներ կանգնած են հետևյալ որոշման առջև` փրկել տնտեսությունը թե մարդկանց:

Մեր կյանքն ու վարքագիծը բաժանվելու է երկու փուլի՝ համաճարակից առաջ և հետո: Հիմնական փոփոխություններն արտահայտվելու են սովորությունների տեսքով, քանի որ կարանտինի ընթացքում մենք պայքարում ենք մեր տարիների ընթացքում ձեռք բերած սովորությունների դեմ:

Այս օրերին գործարար աշխարհն ուզում է հասկանալ, թե որ կողմ քայլի կամ քայլի թե առհասարակ կանգ առնի: Տեսանելի է մի բան. առաջիկա ժամանակահատվածում փակ սահմանների, մարդկանց տեղաշարժի սահմանափակումների և միջազգային առևտրաշրջանառության բլոկադայի պայմաններում կապրեն բոլոր այն բիզնեսներն ու գաղափարները, որոնք կկարողանան տրասնֆորմացվել երկրի ներքին պոտենցիալի վրա:

Կարևոր է նաև գործել այսօր, այս պահին և չթողնել, որ պարզ թվացող մտքերը դառնան հրեշներ, որոնք ի վերջո մարդուն դրդում են շտապողական լուծումների, ինչն էլ իր հերթին վարակիչ ազդեցություն է ունենում սոցիալ-տնտեսական կյանքի վրա:

Պլանները փոխվեցին նաև HoReCa սեգմենտի բոլոր գործարարների մոտ: Իրավիճակն այնպիսին է, որ «իրավիճակ չկա» և ընդամենը մնում է սպասել:

Online հարթակը ժամանակավոր փրկություն է, բայց այն չի կարող երկար գործել առանց offline–ի կամ իրական հատվածի, որովհետև տնտեսության իրական հատվածը ստեղծվում է հենց ֆիզիկական փոխհարաբերությունների արդյունքում: Վիրտուալ տնտեսությունը հետևանք է, բայց ոչ պատճառ: Առաջին հայացքից հարմարավետ թվացող օնլայն գործիքները շատ շուտ իրենց սպառելու են և մարդկանց մոտ կուտակվելու է ֆիզիկական շփման մեծ ցանկություն: Օրինակ՝ Իտալիայում այն արտահայտվեց պատշգամբներից երաժշտական կատարումների տեսքով: Եվ շատ կարևոր է Facebook-ում պոստեր անելիս հաշվի առնել տիրող իրավիճակն ու մարդկանց տրամադրությունը. վարակվածների թվի աճին զուգահեռ մարդիկ չեն ցանկանում «տիրամիսու վայելող անհոգ դեմքեր» տեսնել:

Այսօրվա մեր որոշումներից է կախված, թե ով ինչ կարգավիճակում է հայտնվելու «համաճարակից հետո» աշխարհում, և խոսքը բնավ շահույթի մասին չէ, այլ իրական կարգավիճակի և կերպարանափոխման: Եվ որքան երկար տևի այս ընթացքը, այդքան խորը կլինի մեր կերպարանափոխումը:

Հասարակության լայն շերտերի համար հասկանալի պատճառներով անընդունելի կլինի այս տեսակետը, բայց ոչ ոք չի խոստացել որ հեշտ է լինելու: Ավելորդ անգամ չեմ ուզում զգաստանալու կոչ անել, բայց այս համաճարակը բոլորիս ուժեղ ու թույլ կողմերը բացահայտելու է և լավ իմաստով փաստի առաջ է կանգնեցնելու մեզ:

Բացի այդ՝ լավ առիթ է, որ մրցավազքից դուրս գանք և մտածենք, մտածենք ու կրկին մտածենք: Այս օրերին պետք է զբաղված լինել, որպեսզի չձանձրանալ: Բոլորս ժամանակ շահելու խնդիր ունենք, մինչև ջրերը կպարզվեն:

Կառավարության աջակցությանը մի՛ սպասեք, ամեն մարդ հնարավորինս շուտ թող ինքնակազմակերպվի: Եթե հաջողացնեն ինչ որ բանով օգնել, դա համարեք բոնուս: Ոչ մի պետություն նման աղետի պատրաստ չէ ո՛չ հոգեբանորեն, ո՛չ ֆինասնապես և ո՛չ էլ հիվանդանոցներում մահճակալների քանակով:

Իսկ ինչ անեն օրավարձով աշխատող մարդիկ, անկեղծ չգիտեմ… բայց մարդկության պատմությունը ցույց է տալիս, որ միշտ մի դուռ բացվում է՝ ձեռք մեկնող մարդկանց, հանգամանքների դասավորման և պետության աջակցության տեսքով:

Դեռ հայտնի չէ, թե այս ամենը երկու ամիս կտևի, երեք թե վեց, սակայն այդ ամիսները պետք է դարձնենք վերաիմաստավորման, վերադիրքավորման և հմտությունների կուտակման ամիսներ, քանի որ եղանակները պտտվելու հատկություն ունեն, և հաջորդ պտույտի ժամանակ մենք շատ առումներով փոխված ենք լինելու:

Մենք այլևս պլաններ չունենք, շարժվում ենք՝ կյանքի ծանր և ուրախ վայրկյանները լիարժեք շոշափելով և խորը քնից արթնանալով, սկսում նորովի բացահայտել մեր ներսում թաքնված մարդուն:

Հեղինակ՝ Կարեն Բաբաջանյան

--

--