5 խորհուրդ բիզնեսներին․ ինչպես վերապրել կորոնավիրուսը

Masha Hayrapetyan
Braind.am
Published in
3 min readMar 24, 2020

--

Թե՛ Հայաստանի և թե՛ ամբողջ աշխարհի համար դժվարին ու աննախադեպ ժամանակներ են, որոնց պատրաստ չէր գրեթե ոչ մի բիզնես։ Եթե դուք էլ եք կանգնած դիլեմայի առջև՝ արդյոք ստեղծված իրավիճակում ավելի ճիշտ կլինի ավելի ագրեսիվ մարքետինգով զբաղվել թե ընդհանրապես լռել, որովհետև այս պայմաններում չեք կարողանալու մատուցել ձեր ծառայությունները կամ իրացնել ապրանքը, մենք ասում ենք, որ միանշանակ պե՛տք է ակտիվանալ հիմա, ավելի քան երբևէ։

Կարանտինի շրջանում մենք կիսվելու ենք մեր գիտելիքներով ու փորձով՝ բիզնեսներին օգնելու ու կողմնորոշելու նպատակով։ Առաջին բլոգ փոստի համար առանձնացրել ենք 5 մարքետինգ խորհուրդ բիզնեսներին․

1. խուճապի մի մատնվեք

Մի փորձեք շրջանցել օրենքները կամ արտակարգ իրավիճակի կանոնները, որոնց բոլորն են հետևում։ Օրինակ՝ մի հորդորեք մարդկանց այցելել ձեր փաբ, որովհետև պետք է կոմունալ կամ տարածքի վարձակալության վճարումներ անեք։ Փորձեք գոնե կես ժամ մտածել՝ արժե այս հակասական հրապարակումն անել Ֆեյսբուքում թե ոչ։ Մի կայացրեք հապշտապ որոշումներ, որոնք կբերեն ձեզ կարճաժամկետ եկամուտ, բայց կտապալեն ձեր բարի անունը, որն ավելի բարդ կլինի վերականգնել, քան կորցրած եկամուտները։

2. մի ձևացրեք, իբր ոչինչ չի փոխվել

Փոխեք ձեր մարքետինգային ռազմավարությունն ու պլանը, որովհետև իրավիճակ է փոխվել, փոխվել է մարդկանց վարքագիծը։ Փորձեք մտածել այնպես, ինչպես ձեր հաճախորդները, ով ցանկանում է այցելել օրինակ ձեր ռեստորանը, բայց ստիպված է մնալ տանը։ Կռահեք, թե ինչը հավելյալ արժեք կստեղծեր իր համար և ինչը կուրախացներ այս իրավիճակում։ Որովհետև մարդիկ չեն մոռանում, ով է իրենց կողքին եղել և դրական էմոցիաներ պարգևել դժվար պահին։ Դա կարող է լինել ձեր բիզնեսը։ Լավ օրինակ է առաքվող մենյուն զգալի զեղչելը կամ պատվիրված ուտեստի հետ լավ համադրվող գինի նվիրելը։ Որովհետև հավատացեք՝ այսպես թե այնպես այդ պատվիրող հաճախորդը սպասում է, թե երբ է կարողանալու արդեն ձեզ մոտ նստած այդ գինին խմելու։

3. ցուցաբերեք ճկունություն ամեն ինչում

Այս պահին կարևոր է հստակ հասկանալ, թե ինչքանով է հնարավոր

  • ձեր ծառայություններն օնլայն պրոդուկտի վերածելը,
  • արտադրության դեպքում վերապրոֆիլավորումը,
  • սոցիալապես օգտակար լինել՝ օնլայն կամ օֆլայն, առանց եկամուտ հետապնդելու,
  • ավտոմատացնել բիզնեսը կամ ձեզ փոխարինող գտնել այն դեպքի համար, եթե հիվանդանալու պատճառով չկարողանաք նույն չափով մասնակցել։

Եվ եթե սեփական մտքերը չեն առաջանում ավելի կրեատիվ լուծումներ գտնելու համար, նայեք ձեր շուրջը՝ հետևեք, թե ինչպես են փոխվում և ինչ են անում ձեր մրցակիցները, ինչ է կատարվում աշխարհում և ինչպես են գործում արտերկրի ընկերությունները, որոնք մոտ են ձեզ գործունեությամբ։

4. վերանայեք ձեր ծախսերը

Վերլուծեք ձեր վերջին 3–6 ամիսների ծախսային հոդվածները և առանձնացրեք նրանք, որոնք եկամուտի չեն վերածվել և վերացրեք դրանք։ Բայց և երբեք այդպիսի աչքով չնայեք ձեր մարքետինգին ուղղված ծախսերին։ Շատերն են այս սխալը գործում, բայց մարքետինգից հրաժարվելը շատ բիզնեսների համար կարող է կործանարար լինել այս պահին։ Հիշե՛ք մարքետինգով կարելի է չզբաղվել միայն այն ժամանակ, երբ այսպես թե այնպես ձեր ապրանքն իրացվում է լույսի արագությամբ կամ արտադրական ծավալները մեծացնելու հնարավորություն չունեք կամ էլ ավել գումար չեք ուզում աշխատել։ Մարքետինգով կարող եք չզբաղվել, եթե օրինակ հիմա զուգարանի թղթի, Ալկոգելի կամ դիմակների արտադրող եք, որովհետև սոց․ ցանցերում բոլորն անում են դա ձեր փոխարեն։

5. մտերմացեք ձեր պատվիրատուների/սպառողների հետ

Եթե մինչ այդ ժամանակ չեք ունեցել ավելի խորը ուսումնասիրման, թե ով է ձեր հաճախորդը և ինչ ցանկություններ ունի, որ կարող է բավարարել ձեր բիզնեսը, հիմա ճիշտ ժամանակն է լսելու ու գրանցելու։ Ընկերացեք նրանց հետ, որովհետև պանդեմիան անցնել գնալու է, իսկ ընկերները մնալու են։ Ուշադիր եղեք և հնարավորինս արագ պատասխանեք ձեր ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերին ստացված նամակներին։

Իսկ ձեր թիմի հետ արդյունավետ հեռահար աշխատանք կազմակերպելու համար կարող եք օգտագործել Slack , հարմար զանգվելու և screen-sharing-ի համար՝ Zoom և Google Hangouts -ը, իսկ նյութերով ու ֆայլերով հարմար փոխանակվել ձեզ կօգնեն Գուգլի բազմաթիվ պրոդուկտները՝ Google Docs (Word-ի հավասարազորը), Google Sheets (Excel-ի հավասարազորը), Google Slides (Powerpoint-ի հավասարազորը), իսկ պահպանել այդ ամենը կարող եք Google Drive-ում։

Եվ վերջապես հոգ տարեք ինքներդ ձեր և ձեր բիզնեսի մասին, որպեսզի ուժեղացած ու պատրատ լինեք ցանկացած պահին վերադառնալու բնականոն աշխատանքին ու կրկնակի արդյունք ապահովել։

Հեղինակներ՝ Մաշա Հայրապետյան, Էդուարդ Քանքանյան

--

--