SMM-ը պանդեմիայի ժամանակ

Masha Hayrapetyan
Braind.am
Published in
3 min readMar 27, 2020

--

Հիմա ժամանակն է աշխատելու ոչ թե բիզնեսում, այլ բիզնեսի վրա։ Եթե մինչ այժմ այնքան տարված էիք բիզնեսի կազմակերպմամբ ու ղեկավարմամբ, որ գործը Ֆեյսբուք / Ինստագրամին չէր հասնում, հիմա որտեղից էլ լինի, պետք է գտնեք այդ ժամանակը։ Մանավանդ եթե արտադրող եք և կարող եք առաքել ձեր արտադրանքը, օգտագործեք սոց․ մեդիայի գործիքները՝ ներկայանալու և ներկայացնելու համար։ Չէ որ օնլայն սուպերմարկետներում կամ խանութներում ընտրությունն այնքան մեծ է, որ ձեզ կարող են չնկատել, եթե նախապես արդեն չէին լսել ձեր մասին։ Ու եթե այսքանը դուք արդեն գիտեիք, ուղղակի ուզում եք հասկանալ՝ ինչպիսին են սոց․ մեդիա թրենդերը հիմա, որպեսզի հասկանաք, ինչպես շարժվել օնլայն հարթակում, պետք է ասենք, որ հիմա այդ թրենդերը լղոզվել են և բիզնեսները գործում են սիտուատիվ։ Դրա համար այս պահի ձեր անելիքները պետք է լինեն հետևյալը․

Վերանայեք ձեր սոց մեդիա ռազմավարությունը

Հիմա սիտուատիվ մարքեթինգի ժամանակն է, երբ պետք է առավել իրազեկված լինել ժամից ժամ փոխվող իրավիճակից ու նորություններից թե՛ երկրի և թե՛ աշխարհի մասշտաբով։ Այս պայմաններում պետք է պատրաստ լինել ռազմավարությունը կառուցել ավելի կարճ ժամանակահատվածներով և ստեղծել փոփոխման ենթակա ճկուն քոնթենթ։ Հիմա կարևոր է փոստերի գրաֆիկում տեղ հատկացնել դրական էմոցիաներ ստեղծող, հնարավորինս լավատեսական, բայց պաշտոնական լուրերին չհակասող փոստերին՝ իհարկե առաջնորդվելով վարվող էջի առանձնահատկություններով։

Անպայման չէ միշտ ուրախ լինել

Գովազդը և դրա հնարավոր հետևանքները պետք է զգուշորեն մտածված լինեն։ Նույնիսկ վայրալ էֆեկտ ստեղծելիս կամ ինչ-որ հայպ անելիս, համոզված եղեք, որ տվյալ հրապարակումը չի կարող սխալ ընկալվելվել, վիրավորել որևէ մեկի զգացմունքները կամ օրինակ մինչև վերջ չկարդալու պատճառով խուճապ ստեղծել։ Դրական փոստեր ասելով, մենք ի նկատի ունենք ստեղծված պայմաններում լավը ընդգծելուն կամ ապագայինն ուղղված փոստերը և ոչ թե անիմաստ հումորային կամ սրան-նրան ծաղրող փոստեր, որոնք կարող են տարածում գտնել, բայց ոչ մի դրական ազդեցություն չեն ունենա ձեր բիզնես էջի վրա։

Վերանայեք ձեր ակտիվ Google և Facebook գովազդները

Ստուգեք և համոզված եղեք, որ չունեք ակտիվ գովազդներ, որ հակասում են ստեղծված իրադրությանը։ Օրինակ՝ անջատեք վերջապես Viber-ով «ճամփորդելու ժամանակն է․․․» գովազդը (իզուր նյարդայնացնում եք մարդկանց) կամ ռադիոյով պաշտոնական հայտարարությունը «խուսափեք կորոնավիրուսի վտանգ ներկայացնող երկրներ այցելելուց», կորոնավիրուսը կա արդեն բոլոր երկրներում, իսկ ավիաչվերթներ այսպես թե այնպես չկան։

Վստահելի քոնթենթով կիսվեք

Հիմա իդեալան ժամանակն է ոչ գովազդային օգտակար նյութեր գրելու, որոնք վստահություն կստեղծեն ձեր բրենդի ու ընկերության նկատմամբ։ Ներկայացրեք ձեր ապրանքը/ծառայությունները, դարձեք կարծիքի առաջնորդ և խորհրդատու ձեր ոլորտում։ Ստեղծեք ձեր սեփական ակտուալ ֆրեյմերը, խորհուրդները, լավ լուրերը ձեր կոնտեքստի մեջ։ Եթե ձեր էջում հրապարակում եք այլ աղբյուրներից ստացված ինֆորմացիա, համոզվեք, որ դրանք ճշմարիտ են և ֆեյք չեն։

Դարձեք թափանցիկ ձեր հաճախորդների համար

Օգտագործեք ձեր էջը ասելու համար, թե ինչ ձևով եք իրականացնում առաքումը, ինչպես եք հետևում և պահպանում հիգիենայի կանոնները՝ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար։

Ընտրեք հարթակ, որտեղ կկարողանաք խորանալ

Եթե կարող են ձեր մրցակիցները կամ արտասահմանյան գործընկերները, ուրեմն դուք էլ կկարողանաք։ Բացեք կամ ակտիվացրեք ձեր YouTube-յան ալիքները, Instagram-ի սթորիները կամ IGTV-ները, գտեք այն հարթակը, որում ձեզ հաճելի կլինի մի փոքր ավելի մանրմասն, խորը ու երկար ներկայացնել ձեր բրենդը, ապրանքը կամ ծառայությունները, ընդգծել դրա առավելությունները և ցույց տալ կիրառումը։

Եղեք հետևողական և պարբերական

Քանի որ բոլորը սովորականից մի քանի անգամ ավելի շատ ժամանակ են անցկացնում համացանցում, ավելի հակված են ժամանակ հատկացնել նաև ձեր էջն այցելելուն։ Գովազդը տեղադրելիս զգուշացում է գալիս, որ կորոնավիրուսի պատճառով գովազդի հաստատման համար կարող է ավելի շատ ժամանակ պահանջվել, բայց իրականում բավականին արագ են միանում։ Դրա համար մի թողեք՝ հիմա էջը դանդաղ մահանա, որովհետև վերականգնվելը դժվար է ստացվելու․ կարանտինից հետո բոլոր բիզնեսները միաժամանակ ակտիվանալու են ու սկսելու գովազդներ միացնել, ինչի արդյունքում նույնպիսի արդյունքին հասնելն ավելի թանկ է նստելու։ Մյուս կողմից էլ մարդիկ այդքան ժամանակ չեն տրամադրելու համակարգչի դիմաց նստելուն ու չեն հասցնելու հերթով առաջարկներին ծանոթանալ։ Իսկ այն էջերը, որ այս օրերին ակտիվություն են ապահովել, մնալու են մարդկանց լրահոսում։ Ամեն դեպքում պարբերականությունը ցանկացած ոլորտում միայն դրական է ազդում, պարբերական ակտիվությունը էջի հաղթաթուղթն է։

Եվ հիշեք՝ այս վիճակը կարող է տևել երկար, բայց ոչ ընդմիշտ։ Վերանայեք ձեր սոց․ մեդիա ռազմավարությունը, եղեք ակտուալ և ունեցեք պատրաստ մարքետինգ պլան, որպեսզի խստացաված ռեժիմի վերանալուն պես ավելի ուժեղացած վերադառնաք խաղադաշտ։

Հեղինակներ՝ Ստեֆանի Հարությունյան, Մաշա Հայրապետյան

--

--