10 սովորություն, որ կօգնեն դուրս գալ կոմֆորտ զոնայից

Galstyan Julya
Businessman
Published in
4 min readJan 16, 2022

Մարդկության մոտ 78%-ը կյանքի ընթացքում բախվում է կոմֆորտ զոնայից դուրս գալու խնդրին։ Շատերը չեն կարողանում, շատերը փորձում են, բայց չի ստացվում, շատերին էլ հարմար է մնալ այնտեղ, որովհետև ավել ջանք գործադրելու ցանկություն չեն ունենում։

Կոմֆորտ զոնայում մնալը մի մասին օգնում է՝ հավատացնելով ինքն իրեն, որ դա կյանքի լավագույն վիճակն է իր համար, իսկ մյուս մասին էլ դա այնքան է խանգարում, որ հնարավոր բոլոր մեթոդներով փորձում են դուրս գալ այնտեղից, բայց միշտ չէ, որ ստացվում է։

Այսօր խոսելու ենք 10 սովորություններից, որոնք կօգնեն ոչ թե ժամանակավոր, այլև ընդմիշտ դուրս կոմֆորտ զոնայից։

Գնացինք։

1. Ավելի շուտ արթնացեք

Գաղտնիք չէ, որ մի շարք հաջողակներ քնում են օրվա ընթացքում ոչ ավել, քան 5 ժամ։ Այս սովորությունը օգնում է լինել պրոդուկտիվ, համարձակ ու ինքնավստահ, քանի որ շուտ արթնանալով՝ արևածագից առաջ, Դուք վստահ եք լինում, որ ունեք ավելի շատ ժամանակ, քան նրանք, ովքեր դեռ քնած են: Մինչ մյուսները քնած են, Դուք կարող եք աշխատել, պլանավորել օրը կամ հանգիստ պառկել, լռության մեջ՝ պատրաստվելով արդյունավետ օրվան:

2. Առավոտը սկսեք ֆիզիկական ակտիվությամբ

Եթե մարզվելու մասին մտածելը ձեզ արդեն հոգնեցնում է, ապա նախ մտածեք ու պատկերացրեք, թե որքան լիցքաթափված ու էներգիայով լի կլինեք, եթե առավոտյան մարզվեք թեկուզ 15 րոպե (պարբերաբար ավելացնելով ժամանակը): Լիցքաթափվելը կօգնի քիչ մտածել ու կաշկանդվել որևէ քայլ անելուց առաջ ու սա քիչ-քիչ կօգնի մեկ քայլ դուրս անել կոմֆորտ զոնայից։

3. Սառը ցնցուղ ընդունեք

Համաձայն եմ՝ այս եղանակին, երբ անգամ մահճակալից դուրս գալն է բարդ տրվում, սառը ցնցուղի մասին մտածելը արդեն իսկ սարսափեցնում է։
Այս պրոցեդուրան խորհուրդ է տրվում պարբերաբար կատարել՝ արյան շրջանառությունը և մաշկի վիճակը բարելավելու, սթրեսը թեթևացնելու և տրամադրությունը բարելավելու համար։
Ելնելով ներկայիս եղանակային պայմաններից՝ փորձեք անել դա պարբերաբար։ Վաղը, երբ արթնանաք, ցնցուղ ընդունելիս, ամենավերջում՝ մոտ 10 վայրկյան ջուրը պտտեք դեպի սառը։ Պարբերաբար ավելացրեք 10 վայրկյանը, 15, 20 և այլն։

4. Հետևե՛ք Ձեր սննդակարգին

Սկզբնական շրջանում փորձեք սնվել առողջ՝ առանց որևէ մթերք սննդակարգից հանելու։ Այնուհետև սկսեք հետևել սննդակարգին՝ պարբերաբար անցնելով լրիվ առողջ սննդի։ Այնուհետև, երբ արդեն օրգանիզմը սովոր կլինի առողջ սննդին, անցեք ավելի հստակ քայլերի։ Տեղադրեք կալորիաների հաշվման հավելված և պահեք սննդի օրագիր: Դուք կզարմանաք, թե որքան քիչ են Ձեր օրգանիզմին անհրաժեշտ սննդանյութերը և որքան շաքար ու ճարպ եք օգտագործում: Կերեք անյուղ միս և բանջարեղեն և աշխատեք կրճատել հացահատիկի օգտագործումը:
Եվ միշտ լսեք Ձեր մարմնին՝ քանի որ այն հստակ ցույց կտա, թե ինչի պակաս կամ կարիք ունեք:

5. Ազնիվ եղեք ինքներդ ձեզ հետ

Սա, հավանաբար, ամենադժվար, բայց ամենաարժեքավոր սովորությունն է: Կազմեք մարդկանց ցուցակ, ում ասելիք ունեք՝ լավ կամ վատ, և Ձեր նամակներում նկարագրեք, թե ինչ եք զգում նրանց նկատմամբ: Դուք կարող եք այս նամակները տալ ոմանց և տեսնել, թե ինչպես է դա ազդում Ձեր հարաբերությունների վրա: Մտածեք նաև այն մասին, թե ինչ եք զգացել Ձեր զգացմունքները նկարագրելիս: Սա կարևոր փորձ է։ Այս սովորությունը կօգնի ազատվել այն վատ ու նյարդայնացնող մտքերից, որոնք ամենաշատն են խանգարում կոմֆորտ զոնան լքելու հարցում։

10 սովորություն, որ կօգնեն դուրս գալ կոմֆորտ զոնայից

6. Հետևեք Ձեր ծախսերին և սովորեք խնայել

Ավտոմեքենայի գնումից, դրա վերանորոգումից մինչև մեկ գավաթ սուրճ․ հետևեք Ձեր ծախսած յուրաքանչյուր դրամին և մի քանի ամսվա ընթացքում կզարգացնեք Ձեր ֆինանսներին ուշադրությամբ վերաբերվելու սովորությունը: Փորձեք ամեն ինչի համար վճարել կանխիկ գումարով: Փողը ֆիզիկապես Ձեր ձեռքերում զգալու և դրանից բաժանվելու անհրաժեշտությունը Ձեզ կստիպի լավ մտածել՝ նախքան հերթական գնումը կատարելը: Իսկ «նեղ օրվա համար» գումար խնայելու սովորությունը կօգնի Ձեզ կյանքում հստակ հասկանալ փողի արժեքն ու միշտ բավարար գումար ունենալ որևէ գործողության կամ իր գնելու համար։

7. Զարգացրե՛ք համբերությունը

Ոչ ոք չի սիրում սպասել։ Բոլորն ունեն կարևոր հանդիպումներ և հրատապ գործեր։ Բայց երբեմն ամեն ինչ ըստ պլանի չի ընթանում. թռիչքների ուշացումները, վթարները, անպատասխանատու մարդիկ մեզ բարկացնում են: Այնուամենայնիվ, ինքներդ Ձեզ սթրեսի ենթարկելը և ուրիշներին կոպտելը խնդրի լուծում չէ: Այսպիսով, ամեն անգամ, երբ ինչ-որ բան չի ստացվում, պարզապես կանգ առեք և շնչեք: Սա կօգնի հարցերին ճիշտ լուծում տալ, տաք գլխով որոշում չկայացնել, պահպանել աշխատանքային անհրաժեշտ հարաբերություններ և այլն։

8. Ժամանակ տրամադրեք կարդալու համար

Գեղարվեստական ​​գրականություն (և ոչ միայն) կարդալը մեզ դարձնում է ավելի խելացի, բարձրացնում է հուզական ինտելեկտը և նույնիսկ կարող է օգնել պայքարել սթրեսի և դեպրեսիայի դեմ: Սովորեք կանոնավոր կերպով հետաձգել ամեն ինչ և որոշ ժամանակ հատկացնել գրքերի համար: Գիշերը, երբ պատրաստվում եք քնել, կամ առավոտյան, երբ նոր եք արթնացել, տրանսպորտով աշխատանքի գնալիս և այլն։ Այսօր կան աուդիո-գրքեր, որոնք լավագույն լուծումն են նման իրավիճակներում։

9. Սկսեք հոբբի կամ կողմնակի նախագիծ

Աշխատանքային օրերի եռուզեռում հաճախ դժվար է լինում մի քանի ժամ գտնել այլ գործունեության համար, բայց դրանք արժեն ծախսած ժամանակը։ Բազմակողմանի հետաքրքրությունները հավասարակշռված կյանքի բանալին են: Բայց մի շտապեք մի բանից մյուսը թռչել՝ ընտրեք այն, ինչ ձեզ դուր է գալիս և զարգացրեք այդ ուղղությունը: Հայտնի խոսք կա․ «եթե քո եկամտի միակ աղբյուրը աշխատավարձն է, ապա դու շատ մոտ ես սնանկանալուն»։ Ստեղծեք եկամտի նոր աղբյուրներ կամ պարզապես հոբբի, որը չի բերում եկամուտ, բայց հաղորդում դրական էմոցիաներ։

10. Հանդիպեք մարդկանց

Նոր մարդիկ նոր հնարավորություններ են բերում մեր կյանք: Կոմֆորտ զոնայից դուրս գալու լավագույն լուծումը որքան հնարավոր է շատ մարդկանց հետ շփվելն է։ Տեսնում եք, որ մարդը Ձեզ հետաքրքրում է, մոտեցեք, խոսեք նրա հետ ու ամեն անգամ կբացահայտեք նոր բան Ձեր մեջ։ Սա նաև կօգնի շփման մեթոդիկաները զարգացնել, ինչն էլ կօգնի հանրության առաջ ավելի ինքնավստահ ներկայանալու, սեփական կարծիքը հայտնելու ու փոքր, բայց վստահ քայլերով դուրս գալ կոմֆորտ զոնայից։

Ահա այն 10 սովորությունները, որոնք հստակ ու պարտաճանաչ կատարելու դեպքում Ձեզ չի սպառնում «կոմֆորտ զոնայի գերի» դառնալը։ Փորձեք ու կիսվեք Ձեր կարծիքներով։

--

--