Մաս 0: Ինչու՞ «անփորձ» senior-ներ

Հոդվածը կարող էր լինել ընդամենը մեկ նախադասություն. հարցին, թե որն է այն գաղտնի բանաձևը, որի միջոցով սկսնակը կգտներ աշխատանք, այն է՝ «Ստեղծիր օգտակար ինչ-որ բան» (Build something useful)։ Այո, կա բանաձև, որը գրեթե ոչ ոք չի կիրառում, որովհետև դա ձանձրալի է, երկար է, անորոշ է։ Ստեղծել օգտակար բան. ցանկացած ծրագիր, նույնիսկ ծրագիր, որը կրկնօրինակում է հայտնի ծրագրերից որևէ մեկը։ Վերցրեք և իրականացրեք Twitter-ի կրկնօրինակը։ Վատագույն դեպքում կստանաք անփոխարինելի փորձ, լավագույն դեպքում՝ աշխատանքի մի քանի առաջարկ։ Սկսնակին անչափ խիստ կարևոր է գիտակցել, որ շուկան գերլցված է սկսնակներով։ Միակ բանը, որի շուրջ պետք է անհանգստանալ աշխատանք փնտրելիս՝ մրցակցությունն է։ Ինչը շատ լավ է, ստիպում է կատարելագործվել, ստիպում է գտնել կամ կերտել մրցակցային առավելություն։

Ստեղծել օգտակար բան. ցանկացած ծրագիր, նույնիսկ ծրագիր, որը կրկնօրինակում է հայտնի ծրագրերից որևէ մեկը։

Հոդվածը տեղ-տեղ սթափեցնող է, փորձեք դուրս բերել ձեզ համար օգտակար կետեր, որոնց հետևելով կբարձրացնեք մրցակցային առավելությունը շուկայում։ Միանշանակ կգտնեք մի շարք օգտակար ճշմարտություններ, որոնց մասին շատերը կամ չեն խոսում կամ սահմանափակվում են՝ LinkedIn-ում կարճ գրառումներ կատարելով։

Որքան էլ տարօրինակ հնչի, դուք դեռևս պատրաստ չեք աշխատանքին։ Իհարկե կան բազմաթիվ հանգամանքներ, որոնք կարող են բացասական անդրադառնալ ձեր աշխատանքի փնտրտուքների հարցում, և մենք պատրաստվում ենք քննարկել այստեղ գրեթե բոլոր հնարավոր սցենարները, թերևս կսկսենք դաժան սցենարից, այն է՝ պատրաստ չեք աշխատանքին։

Կամ, եթե նույնիսկ պատրաստ եք, ապա լրջորեն տրամադրված չեք։ Հաճախ հանդիպող սցենար է՝ սկսնակը միայն խոսում է աշխատանք փնտրելու մասին, բայց լրջորեն տրամադրված չէ (ցույց չի տալիս, միգուցե ինքն էլ տեղյակ չէ)։ Մի պահ մտածեք, արդյո՞ք լրջորեն տրամադրված եք աշխատանք գտնելուն, թե ընդամենը խոսում եք դրա մասին։ Եթե լրջորեն տրամադրված եք, ապա որքա՞ն եք պատրաստվել մինչև այսօր.

  • Ստեղծել եք մի ամբողջական նախագիծ
  • Գծագրել և իրականացրել եք GUI (թեկուզ տգեղ)
  • Տիրապետում եք համակարգչային գիտության հիմունքներին
  • Ունեք նախագծողական մտածելակերպ, կարողանում եք նախագծել միջին բարդության նախագծեր
  • Չեք դժվարանում նոր նախագիծ սկսելուց
  • Անգլերենը բավարար մակարդակի է (ցանկալի է B2)
  • Կարողանում եք լուծել ալգորիթմական խնդիրներ
  • Տիրապետում եք բազային տվյալների կառուցվածքներին
  • Պատկերացնում եք ցանցային հաղորդակցությունը
  • Ունեք լավ մշակված ռեզյումե
  • Ունեք մի շարք կապեր (connections) LinkedIn-ում
  • Չունեք էնտուզիազմի պակաս, գրում եք օգտակար հոդվածներ, մասնակցում եք open-source նախագծերի
  • Պատկերացնում եք ծրագրի ստեղծման ընթացքը
  • Կիրառում եք գործիքներ, ինչպիսիք են git-ը
  • Ունեք թիմային աշխատանքի փորձ
  • Զարգացրել եք լավ հաղորդակցման հմտություններ
  • Ուսումնասիրել եք տեղական և միջազգային ընկերությունները
  • Փորձել եք ինքնուրույն լուծել ինժեներական խնդիրները, որոնց բախվում են ոլորտի կայացած ընկերությունները։

Այսպիսի ցուցակ ունենալով՝ կկարողանաք բավականաչափ լավ պլան կազմել, թե ինչպես դառնալ մրցունակ մասնագետ, որն արագ կգտնի համապատասխան աշխատանք։ Նույնիսկ, եթե չունեք ուղեցույց կամ մենթոր կամ չէիք հանդիպել այս հոդվածին, որը նաև համատեղությամբ հսկա ուղեցույց է ձեզ համար, ապա կարող եք դետալավորված ձեռնարկներ ստանալ՝ համացանցում համապատասխան որոնումներ կատարելով կամ օգտվելով ChatGPT-ից։ Եթե թերանում եք անգլերենից, ապա հոգ չէ, չէ՞ որ համացանցում կարելի է գտնել մի շարք ռեսուրսներ՝ ցանկացած խնդրի լուծման համար։ Կարևոր է ինքնակազմակերպվել և լինել ավելի նպատակասլաց, օրինակ՝ YouTube-ում որոնեք և դիտեք «English for beginners» հարցման ցանկացած տեսանյութ կամ տեսաշարք։ Դիտեք անգլերենով ֆիլմեր՝ օգտվելով subtitle-ներից։ Կամ թարգմանեք նյութերը հայերենի՝ օգտվելով Google Translate-ից՝ զուգահեռ նշումներ կատարելով։ Այս կերպ և՛ կլավացնեք անգլերենը, և՛ հնարավորություն կունենաք անգլալեզու տեխնիկական նյութերից օգտվել։

Փորձեք չծուլանալ և վերցնել ձեր կարիերայի հաջողության պատասխանատվությունը ձեզ վրա։ Միշտ էլ դյուրին է փնտրել մեղավորներ, մեղադրել շուկային կամ ՏՏ ընկերություններին, որոնք «շանս չեն տալիս» սկսնակներին, բայց երբեմն, եթե ոչ միշտ, պետք է լինել անկեղծ և ճիշտ վերլուծել սեփական նպատակասլացությունը։ Համեմատեք ժամանակը, որը վատնում եք սոց. հարթակների վրա այն ժամանակի հետ, որը պատրաստ եք ներդնել ինքնակրթվելու և կարիերայի հաջողության համար։ Եթե կա իրական նպատակ և ձգտում, ապա ժամանակի վատնումը բացառվում է՝ այլ, ոչ օգտակար գործառույթների վրա։

Դուք անընդհատ աճող ճնշման տակ եք

Սկսնակ ծրագրավորողի աշխատանքի փնտրտուքները բավական լարված և ընկճող պրոցես կարող է դառնալ։ Սկսնակը գտնվում է շատ մեծ ճնշման տակ. ճնշումը գալիս է հարազատներից, շրջապատից, այլոց հաջողություններից, համալսարանն ավարտելուց, ուսումնական կենտրոնն ավարտելուց, շուկայական ցնցումներից, տարատեսակ նորություններից, հաջողության և անհաջողության պատմություններից, AI հիմքով գործիքների սրընթաց զարգացումից։ Սկսնակն աշխատանքի տեղավորվելը երբեմն նաև ուղղակիորեն կապում է անհատական հաջողություն գրանցելու հետ և նախատեսված ժամկետից ուշ ընդունվելու դեպքում սկսնակի մոտ կարող են արձանագրվել՝ ընկճախտ, անարդարության զգացում, ատելություն շուկայի նկատմամբ, հիասթափություն ընտրած մասնագիտությունից։ Սա երբեմն հանգեցնում է ոչ այնքան օգտակար աշխատանքին համաձայնվելուն։

Մինչև քննարկենք, թե որ աշխատանքն է օգտակար և ինչպես գտնել լավագույն տարբերակը, պետք է նաև ընդունենք, որ սկսնակը չունի բազմաթիվ ընկերությունների առաջարկների միջև ընտրելու ճոխությունը, հետևաբար և հաճախ ստիպված է համեստորեն համակերպվել առկա առաջարկին, որքան էլ այն հակասական լինի սեփական ցանկություններին։ Սա իհարկե չպետք է նպաստի ցանկացած աշխատանքի համաձայնվելուն, վերջիվերջո ծրագրավորման գիտելիքներն ու հմտությունները պետք է ծառայեն՝ հենց ծրագրավորման կարիերան ստեղծելու և ամրացնելու համար։ Միշտ պետք է գիտակցել, որ անձն ու շուկան շարժվում են տարբեր ռիթմով և ակնկալիքներով։ Սովորաբար սկսնակներն ունեն արհեստական սահմանված ժամկետներ։ Շատ սկսնակների թվում է, թե շուկան անհամբեր սպասում է, թե երբ են նրանք ավարտելու համալսարանը կամ ուսումնական կենտրոնը, որպեսզի նվիրի լավ վարձատրվող և հարմարավետ պայմաններով աշխատանք։ Մինչդեռ շուկան ենթարկվում է ցնցումների, փոխում է դինամիկան, իսկ սկսնակի շրջանավարտ դառնալն ընդամենը ինչ-որ չնչին փոփոխություն է և մնում է աննկատ շուկայի կողմից։

Շատ կարևոր է չկապել շուկան սեփական հաջողությունների հետ, չընկճվել արհեստական սահմանված ժամկետում աշխատանք չգտնելուց, փորձել ավելի սթափ մոտենալ կարիերայի կայացմանն ու մշակել լավ ռազմավարական պլան՝ հաջողված կարիերա սկսելու համար։

Վերջիվերջո շուկան բարենպաստ է միայն նրանց համար, ովքեր ունեն համապատասխան առաջարկ։ Կենտրոնացեք նրա վրա, թե ինչ կարող եք առաջարկել դուք։ Ինչն է ձեզ տարբերակելու մյուսներից։ Որքան կշահի որևէ ընկերություն՝ ձեզ ընդունելով աշխատանքի կամ կստանա արդյոք ընկերությունն այն, ինչի դիմաց պատրաստ է վճարել։ Կվճարեի՞ք դուք մասնագետին, որը չէր տրամադրի խոստացված ծառայությունները կամ կկատարեր մի շարք թերություններով։

Մրցակցություն

Սկսնակներն անընդհատ մրցակցության մեջ են։ Պետք է պատկերացնել կամ փորձել քիչ թե շատ գնահատել ինքնակենսագրականների միջին քանակը, որը ստանում են ընկերությունները՝ մեկ ազատ հաստիքի մասին հայտարարություն տարածելիս։ Բազմաթիվ համալսարանների և ուսումնական կենտրոնների շրջանավարտներ անընդհատ դիմում են՝ յուրաքանչյուր ազատ հաստիքի համար, ինչը մրցակցային դաշտը շատ դեպքերում դարձնում է աղմկոտ։

Սկսնակին անհրաժեշտ է ոչ միայն պայքարել բարձր մրցակցության պայմաններում, այլև փնտրել առանձնանալու կետեր՝ ձեռք բերել մրցակցային առավելություն։

Եթե կոպիտ հաշվարկ կատարենք, ապա մեկ intern կամ junior հաստիքին միաժամանակ կարող են դիմել միջինում 100 դիմորդ (երբեմն թիվը հասնում է 500-ի)։ Մի կողմից սա ճնշող է, բայց նաև լավ հնարավորություն՝ հղկել հմտություններն ու հաղթահարել մարտահրավերները։ Այս թվին նաև միանում են նախորդ ուսումնական տարիներում ավարտած այն սկսնակները, որոնք դեռևս չեն գտել աշխատանք և այդ ընթացքում աշխատել են հմտությունները զարգացնելու վրա։ Շուկայի ցնցումների հետ մեկտեղ կրճատվում են մի շարք հաստիքներ, չեղարկվում են պլանավորված պրակտիկայի ծրագրերը, կազմակերպությունները սկսում են շեշտադրել փորձառու մասնագետների ընդունելությունը՝ ստիպված հետին պլան մղելով սկսնակներին։

Հիմա (2024-ին)՝ մրցակցությունը ոչ թե բարձր է, այլ գերբարձր է։ Ոլորտում սկսնակները ստիպված են պայքարել փորձառու ծրագրավորողների հետ, որոնք տարբեր հանգամանքներից ելնելով՝ փնտրում են նոր աշխատանք (տարբեր հանգամանքներն են՝ կրճատումները, կազմակերպությունների փակվելը, աշխատանքային պայմանների հնարավոր վատթարացումը)։

Որպես սկսնակ կարող եք տրամադրվել հնարավոր վատագույն սցենարին՝ պատկերացնելով, որ ոլորտի բոլոր փորձառու աշխատողներն այս պահին փնտրում են աշխատանք։ Նրանք ունեն փորձ, բավական լուրջ պորտֆոլիո, կոփված են՝ հարցազրույցները հաջողությամբ անցնելու համար։ Ձեր շանսերը նվազում են հետզհետե, հաշվի առնելով նաև, որ կազմակերպությունները չգիտես ինչու փնտրում են միայն ավագ (senior) ծրագրավորողների և երբեմն բացարձակ պատրաստ չեն դիտարկել սկսնակի թեկնածությունը։ Շատ տարօրինակ մոտեցում է առաջին հայացքից, բայց դա ունի շատ հիմնավոր և երկար հասունացած պատճառ. կազմակերպությունները փնտրում են իսկապես աշխատող մասնագետների։ Ըստ վերոնշյալի՝ կարող ենք հասկանալ մասնագետ, որն իր առջև դրված առաջադրանքն արագ ընկալում է, մտովի դուրս է բերում մի քանի լուծման մոտեցումներ, որակով հասցնում է լուծումն ավարտին և աշխատում է էֆեկտիվ՝ խնայելով իր և ընկերության ժամանակը։

Սկսնակների համար լավ նորությունն այն է, որ չնայած գերմրցակցությանը, կազմակերպություններն այդպես էլ չեն գտնում իրենց երազանքի աշխատակցին։ Եթե կարճ ներկայացնենք, թե ինչ են փնտրում կազմակերպությունները, ապա առանց որևէ գրագիտական ուղղումների կստացվի այսպիսի անիրական պատկեր.

աշխատակից, որը չի հոգնում, հանգստյան օրերին ևս կաշխատի, կստանա շատ ցածր աշխատավարձ, կունենա մի քանի տարվա աշխատանքային փորձ, հաղորդակցման հիասքանչ հմտություններ կունենա, բայց նաև թիմում ժամանակ չի վատնի՝ առավոտից երեկո սուրճ խմելու, թենիս խաղալու, վերջին արձակուրդից տպավորությունները պատմելու վրա, փոխարենը կենտրոնացած հայացքով առավոտից երեկո նստած կլինի համակարգչի դիմաց ու կլուծի խնդիրներն այնքան լավ, որ այլևս երբեք կարիք չլինի վերադառնալ նույն խնդրին։ Նույնիսկ կարիք չի լինի ունենալ QA Specialist, Project Manager, Product Manager, Release Manager, ու մի շարք այլ մենեջերներ, որովհետև աշխատակիցն ամեն ինչից կատարյալ գլուխ է հանում ու գործը հասցնում է ավարտին ավելի շուտ, քան նախատեսված էր։

Չնայած անհնար է ունենալ նման սուպերհերոս, այնուամենայնիվ կազմակերպությունները չեն ընկճվում և դեռևս շարունակում են փնտրել նրան՝ կատարյալ աշխատակցին։ Լավ նորությունն այն է, որ շատ կազմակերպություններ գնահատում են պոտենցիալ կադրերին և պատրաստ են ընդառաջել՝ տրամադրելով internship, շատ են դեպքերը, երբ խոստումնալից սկսնակին տալիս են շանս՝ ցուցադրել իր գիտելիքներն ու հմտությունները։

Նմանատիպ շանս ստանալու համար՝ սկսնակին հարկավոր է հետևել գաղտնի բանաձևին, այն է՝ ստեղծել ինչ-որ ավարտուն նախագիծ (ցանկալի է զրոյից)։ Սա նաև բազմիցս ծեծված՝ «Ինչպես ձեռք բերել աշխատանքային փորձ առանց աշխատելու» հարցի պատասխանն է։

Գործատուները աշխատանքային փորձը չեն կապում այն ֆորմալ թվի հետ, որը ծրագրավորողն աշխատել է որևէ կազմակերպությունում։ Գործատուների համար աշխատանքային փորձը կարճ նկարագրությունն է այն որակավորումների, որոնք փնտրում են թեկնածուի մեջ։

Վերջին տարիներին (2022–2024) շուկան անընդհատ ենթարկվում է ցնցումների։ Աշխատանք գտնելը բարդացել է ոչ միայն սկսնակների համար, այլ նաև փորձառու ծրագրավորողների համար։ Սկսնակ մասնագետների (ոչ միայն ծրագրավորողների) համար շուկայական այս լարվածությունը միայն դրական ազդեցություն կարող է ունենալ։ Առաջին հայացքից դա տարօրինակ է թվում, բայց վստահ եղեք, սկսվել է սկսնակների կողմից շուկան գրավելու շրջանը։ Փորձառուների համար սկսվել է տեղ-տեղ սթափեցնող, տեղ-տեղ վախեցնող անորոշությունը։ Անորոշ է, թե ինչ փոփոխություններ տեղի կունենան ընկերությունում՝ կմնա, կփակվի, կլինեն արդյոք կրճատումներ, իսկ եթե լինեն կրճատումներ, ապա ինչ հետևանք կթողնի դա նոր աշխատանք գտնելու վրա։ Կգտնեն արդյոք փորձառուները նոր աշխատանք առաջվա նման մեկ շաբաթում, թե՞ ամիսներ շարունակ փնտրտուքների մեջ կլինեն։ Կստանան արդյոք նույն աշխատավարձը, թե՞ ստիպված են համակերպվել նոր պայմաններին։ Կհաղթահարեն արդյոք՝ հետզհետե ավելի խիստ թվացող տեխնիկական հարցազրույցները։ Ինչու առաջ աշխատանքի ընդունվելիս՝ իրենց չեն հարցրել խորն ալգորիթմական խնդիրների լուծումներ, իսկ այժմ հարցազրույցները դարձել են FAANG հարցազրույցներ։

Ինչու՞ «անփորձ» senior

Ցավալին այստեղ այն է, որ վերացել է սկսնակ հասկացությունը։ Այսօր սկսնակն ու փորձառուն հանձնում են գրեթե նույն բարդության հարցազրույց։ Կարծես տարբերությունը միայն ակնկալվող աշխատավարձն է։ Սկսնակն անցնում է ավագ ծրագրավորողի հարցազրույց և, չունենալով աշխատանքային փորձ, սկսում է կարիերան ընկերության կողմից սահմանված նվազագույն աշխատավարձով, իսկ ավագ ծրագրավորողն անցնում է նույն հարցազրույցը և աշխատանքային փորձի շնորհիվ ակնհայտորեն ունենում է ավելի բարձր աշխատավարձի ակնկալիքներ։ Հենց սա է հանգեցնում ինձ հոդվածը վերնագրել՝ իբրև «անփորձ» senior-ները, որովհետև հիմա սկսնակ ծրագրավորողների առջև դրված պահանջները երբեմն անիրական են կամ արհեստական բարդացված։

Սա ունի պատճառներ, իսկ ամենամեծ պատճառն այն է, որ իսկապես կան եզակի սկսնակներ, որոնք ունակ են ավելի լավ անցնել տեխնիկական հարցազրույցները, քան մի քանի տարվա փորձ ունեցող ծրագրավորողները։ Նման սկսնակներն ունեն խորը տեխնիկական գիտելիքներ, բավական լուրջ թաթախվել են համակարգչային գիտության ֆունդամենտալ ենթաբաժինների մեջ, ունեն լավ նախագծողական մտածելակերպ, վարժ լուծում են ալգորիթմական խնդիրները, տիրապետում են բազային ալգորիթմներին և տվյալների կառուցվածքներին, ունեն հարուստ պորտֆոլիո, մասնակցել են open source նախագծերի, տիրապետում են մեկ կամ մի քանի ծրագրավորման լեզուների ու դրանց խորը տեխնիկական նրբություններին, հրապարակել են բլոգ հոդվածներ և ակտիվ շարունակում են ինքնակրթվել։

«անփորձ» senior-ներն ունեն ամենակարևոր բանը, որը վաղուց կորցրել են փորձառու ծրագրավորողները՝ անհագ հետաքրքրասիրությունը

Նման էնտուզիաստներին պատրաստ են աշխատանքի առաջարկ անել գրեթե բոլոր գործատուները։ Կան իհարկե տարրեր, որոնք պակասում են ֆորմալ աշխատանքային փորձ չունենալու պատճառով, բայց նկարագրված «անփորձ» senior-ներն ունեն ամենակարևոր բանը, որը վաղուց կորցրել են փորձառու ծրագրավորողները՝ անհագ հետաքրքրասիրությունը։ Նման սկսնակներին բարդ է կամ անհնար կտրել համակարգչից։ Նրանք օր ու գիշեր աշխատում են կոդի վրա, փնտրում նոր ու հետաքրքիր լուծումներ, սիրում են քննարկել իրենց շրջապատի հետ նոր ու հետաքրքիր խնդիրները, տեղյակ են ոլորտի զարգացումներից, ունեն մեծ ամբիցիաներ և չեն վախենում թաթախվել բարդ թվացող նախագծերում։ Եթե նման սկսնակների վրա գործատուն կատարի փոքր ներդրում՝ սովորեցնելով ֆորմալ աշխատանքային գործիքակազմն ու որակյալ պրոդուկտ ստեղծելու մի քանի նրբություններ, ապա շատ կարճ ժամանակում այդ սկսնակը կդառնա ընկերության հաջորդ սուպերինժեները։ Նման սկսնակները չեն կառչում մեկ լեզվից կամ տեխնոլոգիայից, նրանք ազատ նավարկում են տեխնոլոգիական ամբողջ օվկիանոսում՝ հերթով փորձարկելով և հմտանալով տարատեսակ տեխնոլոգիաների մեջ՝ կիրառելով տարբեր գործիքներ և լեզուներ։ Նման «անփորձ» senior-ին ավելի հետաքրքիր է քրքրել և ստեղծել Shazam-ի սեփական կրկնօրինակը, քան պայքարել հերթական պարզ վեբկայքի պատրաստման համար։

Ոլորտի նման տարօրինակ զարգացումը, երբ սկսնակն ու փորձառուն գրեթե հավասար պայմաններում են պայքարում աշխատանքի համար, ունի նաև դրական ազդեցություն։ Սկսնակը պետք է գիտակցի, որ ոլորտն այլևս առաջվանը չէ և անհրաժեշտ է քրտնաջան աշխատել արդյունքի հասնելու համար։

Դուք, սիրելի՛ սկսնակներ, արդեն անփորձ ավագ ծրագրավորողներ եք։

Ստիպված եք անցնել նույն հարցազրույցը և խաղալ մրցակցային այս դաժան խաղում՝ առաջարկելով կատարել նույն աշխատանքը գործատուին մի քանի անգամ ավելի ձեռնտու պայմաններով։ Սա վատ նորություն է նաև փորձառուների համար, որովհետև սկսնակները, ստիպված ադապտացվելով այս նոր ծանր մարտահրավերին, սկսում են ինչ-որ կետում հավասար պայքարի բռնվել փորձառուների հետ։ Մինչև քննարկենք, թե ինչպես դա անել, եկեք վերլուծենք, թե ինչ են փնտրում կազմակերպությունները կամ ինչպես են պատկերացնում լավագույն աշխատակցին։

Մաս 1։ Ի՞նչ են փնտրում գործատուները

Կազմակերպությունների կողմից փնտրվող կադրերն ըստ կազմակերպության տեսակի կարող են տարբերվել, բայց սկսնակին շատ հաճախ հետաքրքիր էլ չէ, թե ինչ ընկերության մասին է խոսքը, մեծամասամբ սկսնակները սիրում են ընկերություններ, որոնց անունը մի քանի անգամ լսել են կամ ընկերություններ, որոնց անունն իրենց հարազատները ևս գիտեն։ Ծրագրավորողները սիրում են աշխատել այնպիսի ընկերություններում, որոնց ստեղծած արտադրանքն ունի ամենամեծ ազդեցությունը մարդկանց վրա։ Հայաստանում շատ չեն նման ընկերությունները, կան ընկերություններ, որոնք ընդամենը համագործակցություն են մի քանի ֆրիլանսերների միջև՝ ինչ-որ ՍՊԸ-ի անվան տակ։ Հայաստանում սա ամենատարածվածն է, մասնավորապես՝ վեբ ծրագրավորման ոլորտում։ Մեկ պատվերը կարող է արդյունքում դառնալ մի ամբողջ ընկերության պատմության սկիզբ։ Սա, իհարկե, չի խանգարում սկսնակներին գտնել բարդ ինժեներական խնդիրներ, որոնց լուծումը կօգնի արագ աճել որպես մասնագետ։

Անկախ բիզնեսի տեսակից և կազմակերպության հայտնի կամ անհայտ լինելուց, գրեթե բոլոր կազմակերպությունների համար կարևոր են աշխատակցի հետևյալ որակավորումները.

  • Աշխատասիրություն
  • Վերլուծողական և ստեղծագործական մտածելակերպ
  • Պատասխանատվություն
  • Խորը տեխնիկական գիտելիքներ
  • Աշխատանքային հարուստ փորձ
  • Հաղորդակցման հմտություններ
  • Ճկունություն
  • Հաստատունություն

Աշխատասիրություն

Որքան էլ դա ակնհայտ հնչի, սա ամենակարևոր որակավորումներից է, որը փնտրում են ընկերությունները։ Սա միաժամանակ այն որակավորումն է, որը հնարավոր չէ ստուգել հարցազրույցներին։ Ընկերությունը կարող է սահմանել ֆորմալ աշխատանքային ժամեր, ներդնել մեխանիզմներ, որոնք կվերահսկեն կատարվող աշխատանքն ու արդյունավետությունը, բայց դրանք կարող են նաև հակառակ ազդեցություն ունենալ կամ շրջանցվել աշխատակցի կողմից։ Սովորաբար ստեղծագործական աշխատանքով զբաղվողներն արդյունավետ են աշխատում, երբ չունեն խիստ սահմանված աշխատանքային գրաֆիկ։ Ի վերջո, դժվար է ծրագրավորողին ստիպել գրել կոդ, եթե բավական երկար չի մտորել կոդի կառուցվածքի շուրջ։ Դժվար է ստիպել կենտրոնանալ առաջադրանքի վրա, երբ թիմակիցները քննարկում են սիրելի հեռուստասերիալի վերջին սերիան, և իհարկե դժվար է ստիպելը «անջատել» ուղեղն աշխատանքային օրվա ֆորմալ ավարտին՝ անմիջապես ժամը 19:00-ին։ Միապաղաղ աշխատանքի դեպքում սա խնդիր չէ, ծրագրավորման դեպքում՝ լուրջ խնդիր է։ Սա խնդիր է նաև արդարացման տեսանկյունից՝ երբեք հնարավոր չէ հստակ հաշվարկել, թե քանի ժամ կամ օր կտևի առաջադրանքների կատարումը։ Կոդի իրականացման ընթացքում միշտ կարող են առաջանալ անսպասելի խնդիրներ կամ կարող են ձևավորվել նոր պահանջներ, որոնց արդյունքում ընտրված մոտեցումը կամ լուծումը կարիք է լինում վերանայել կամ փոփոխել։

Գործատուները պատրաստ են ապահովել ազատ միջավայր, ոչ խիստ աշխատանքային ռեժիմ, որպեսզի ստեղծագործ ծրագրավորողների մոտ չառաջանա սահմանափակության զգացում և բացասական չանդրադառնա աշխատանքի որակի վրա։ Աշխատանքը լավագույնս կատարելու միակ նախապայմանը աշխատասիրությունն է, եթե իհարկե հաշվի առնենք, որ աշխատակիցն ունի նաև վերլուծողական և ստեղծագործական մտածելակերպ։

Վերլուծողական և ստեղծագործական մտածելակերպ

Երևի ամենամեծ խնդիրն է, որին բախվում են գործատուները։ Շատ են դեպքերը, երբ աշխատակիցը չի կարողանում հստակ գնահատել պոտենցիալ խնդիրներն ու ենթախնդիրները կամ չի կարողանում տրամադրել յուրահատուկ լուծումներ։ Հարցազրույցներին սա բարդ կամ անհնար է ստուգելը, շատ դեպքերում գործատուն ընդամենը լցվում է հույսով, որ աշխատակցի ընտրության հարցում չի սխալվել։

Հարցազրույցին հնչող երբեմն անիմաստ տրամաբանական խնդիրները երբեք չեն կարող բացահայտել թեկնածուի ստեղծագործական մտածելակերպը։ Հարցազրուցավարները փորձում են իրական նախագծերի օրինակներով թեկնածուի հետ խորանալ տեխնիկական իրականացման դետալներում, որպեսզի փորձեն պարզել թեկնածուի մտքի թռիչքն ու իրականացրած լուծումները։ Այստեղ գործատուները բախվում են կադրերի պակասի խնդրին։ Որքան էլ դա տարօրինակ հնչի, չնայած բոլորը փնտրում են աշխատանք, կա գործազուրկ տեխնիկական մասնագետների համեմատական աճ՝ ի համեմատություն նախորդ տարիների, միևնույնն է, գործատուները դժգոհում են կադրերի պակասից։ Խոսքն այն կադրերի մասին է, որոնց հետ համագործակցելը գործատուի համար ռիսկային չէ, թե՛ տեխնիկական/ինժեներական խնդիրներին լուծում գտնելու տեսանկյունից, թե՛ վերլուծողական ու ստեղծագործ մտածելակերպի ակտիվ դրսևորելու տեսանկյունից։

Սկսնակներին անհրաժեշտ է հստակ գիտակցել, որ անկախ աշխատանք փնտրող մասնագետների քանակից, լինի դա տասը, թե մեկ միլիոն, միևնույն է, գործատուն չի լուծում իր առջև դրված բիզնես խնդիրները, եթե հաստիքին դիմող թեկնածուներից ոչ ոք ի վիճակի չէ լուծել ինժեներական այն խնդիրները, որոնք կրիտիկական նշանակություն ունեն կազմակերպության համար։

Պատկերացրեք Հայաստանում կազմակերպություն, որտեղ իրականացնում են որոնողական համակարգ, որը կմրցի անմիջապես Google Search-ի հետ։ Կազմակերպությունը փնտրում է մասնագետի, որը կկարողանա իրականացնել բարդ ալգորիթմներ և տվյալների կառուցվածքներ՝ հսկա տվյալների պահպանման համար, դրանց ինդեքսավորման, հնարավորինս կարճ ժամանակում գոյություն ունեցող տվյալների բազաների ադապտացման կամ ըստ անհրաժեշտության սեփական լուծումները ստեղծող մասնագետի, որը կկարողանա օգտագործողների հարցումները բաշխել բազմաթիվ սերվերների միջև՝ հասնելով հարցման գերարագ պատասխան տալուն։ Փոխարենը գործատուն ստանում է հազարավոր ինքնակենսագրականներ, որոնցից գրեթե յուրաքանչյուրի տակ թաքնված է տեխնոլոգիաներին մակերեսորեն ծանոթ, որևէ լեզվի մեջ հմտացած, կոնկրետ ֆրեյմվորկ օգտագործած և մի շարք միանման նախագծեր կամ խնդիրներ լուծած մասնագետ, որը նյարդայնանում է, որ հարցազրույցին հարցնում են ալգորիթմներ կամ LeetCode խնդիրներ։

Որքան էլ շատ լինի աշխատանք փնտրող մասնագետների քանակը, գործատուն միևնույն է փնտրելու է իր առջև դրված բիզնես խնդիրները լուծող մասնագետի, և, որքան էլ շատ լինի աշխատանք փնտրող մասնագետների քանակը, մրցակցային առավելություն ունեցող լավագույն մասնագետը միշտ կգտնի գործատուին, ում առջև դրված բիզնես խնդիրները կկարողանա լուծել։ Երբեք ուշադրություն մի դարձրեք ճգնաժամերին կամ ոլորտի ճահճացմանը կամ ներքին վախերին, հղկեք ձեր գիտելիքներն ու հմտությունները, դարձեք լավագույնը՝ նոր և ավելի բարդ ինժեներական խնդիրներ լուծելով։ Հենց հիմա սկսեք իրականացնել հաջորդ լավագույն վեբ որոնողական համակարգը, հաջորդ Shazam-ը, կամ հաջորդ ChatGPT-ն (վերջինս պահանջում է լուրջ ֆինանսական ներդրումներ, ավելի լավ է սկսել քիչ ծախս պահանջող նախագծերից)։

Խորը տեխնիկական գիտելիքներ

Նախորդ հատվածում նկարագրվում էր հորինված սցենար, երբ գործատուն փնտրում է ուժեղ մասնագետի։ Որոշ ընկերությունների դեպքում սա այն վատագույն սցենարը չէ, որի համար փնտրում են հաջորդ սուպերինժեներին, բայց նաև կարևոր է, որ ցանկացած աշխատակից, որը կհամալրի ընկերության շարքերը, ունենա խորը տեխնիկական գիտելիքներ։ Գործատուների համար կարևոր է, որ նոր աշխատակիցը չդառնա պրոդուկտի կամ պատվերի իրականացման զարգացման խոչընդոտ։

ո՞րն է լինելու ձեզ համար առաջնային՝ դառնալ և մասնագիտանալ որպես բարդ ինժեներական խնդիրներ լուծող մասնագետ, թե աշխատել միապաղաղ և պարզ նախագծերի վրա

Պատկերացրեք, նորեկը տեղյակ չէ Design Pattern-ներից և հերթական տեխնիկական թիմային քննարկման ժամանակ անընդհատ բախվում է տարբեր Pattern-ների անունների, որոնք իր գործընկերներն օգտագործում են հանդիպման ընթացքում՝ այս կամ այն խնդիրն ու առաջարկվող լուծումը քննարկելիս։ Սա ընդամենը պարզ օրինակ է, բայց գործընկերները փաստացի ստիպված են լինելու կամ հրաժարվել նոր աշխատակցին ներգրավել նախագծում կամ տրամադրել ժամանակ՝ ծանոթանալու այս pattern-ներին և դրանց կիրառություններին։ Նույնը վերաբերում է մնացած բոլոր թեմաներին, այդ թվում՝ ալգորիթմներին և տվյալների կառուցվածքներին։

Հատկապես սկսնակներին և ինչու ոչ, միգուցե տարօրինակ է, բայց նաև որոշ փորձառու ծրագրավորողներին հասկանալի չէ՝ ինչ իմաստ ունի ուսումնասիրել զանազան սորտավորման ալգորիթմներ, եթե միևնույն է օգտվելու են լեզվի ստանդարտ գրադարանից և դրա sort() ֆունկցիայից։ Կարևոր է նաև հստակ հասկանալ, թե խնդիրների ինչ շրջանակների վրա է աշխատում մասնագետը որևէ ընկերությունում։ Ընկերությունը կարող է լինել պատվերներ կատարող պարզագույն վեբ կայքեր պատրաստող ընկերություն, որտեղ նախապատվությունը տրվում է արագ արդյունքներին՝ այս կերպ գոհացնելով հաճախորդներին, և ընդհակառակը՝ ընկերությունը կարող է աշխատել ինովացիոն պրոդուկտի վրա, որի համար կրիտիկական է յուրաքանչյուր նանովայրկյանը, որը կխնայվի նրբագեղ ալգորիթմների և կոդի օպտիմիզացիաների միջոցով։ Սկսնակին կարևոր է ճիշտ պատկերացնել սեփական կարիերայի զարգացումը, ո՞րն է լինելու ձեզ համար առաջնային՝ դառնալ և մասնագիտանալ որպես բարդ ինժեներական խնդիրներ լուծող մասնագետ, թե աշխատել միապաղաղ և պարզ նախագծերի վրա։ Ընդ որում՝ խորը տեխնիկական գիտելիքների իմացությունը բացարձակ կապ չունի ընտրած ենթամասնագիտացման հետ։ Նույն Frontend վեբ ծրագրավորողները, որոնք կիրառում են, օրինակ՝ React.js ֆրեյմվորկը, «ստիպված» են թաթախվել ծառերի և այլ տվյալների կառուցվածքների մեջ։ Հարմարության համար բերում են ChatGPT-ի պատասխանը։

հիմք չէ, բայց միևնույնն է՝ «օձի լեզու ունի»

Կարճ ասած՝ գործատուն բազմակի շահում է, եթե աշխատակիցը չունի տեխնիկական գիտելիքների բացեր, իսկ երբեմն գործատուն խիստ հետևողական է լինում աշխատակիցների ընտրության հարցում՝ կազմակերպելով մի քանի փուլերից բաղկացած բարդ տեխնիկական հարցազրույցներ։ Հատկապես հիմա դա ավելի ակտուալ է, որովհետև շուկայական ցնցումների արդյունքում մի շարք անփորձ և փորձառու ծրագրավորողներ պայքարում են թափուր հաստիքների համար, ինչը գործատուին հնարավորություն է տալիս ավելի «հարմար պայմաններով» ընտրել հաջորդ աշխատակցին։

ՏՏ ընկերությունները կարծես սկսում են վրեժխնդիր լինել՝ նախորդ տարիներին ծրագրավորողներին գերհարմարավետ պայմաններ տրամադրելու համար։

Պատասխանատվություն

Սա, ավելի շատ ոչ թե ընդհանուր ցանկալի որակավորում է, այլ կապված է առաջադրանքների կատարման մոտեցման հետ։ Գործատուների համար շատ կարևոր է, որ աշխատակիցը վերցնի պատասխանատվություն ոչ միայն կոնկրետ հանձնարարված առաջադրանքի կատարման, այլ նաև դրա արդյունքում շոշափվող այլ կոմպոնենտների համար։ ՏՏ ընկերություններում սիրում են անգլերեն ավելի հստակ արտահայտող բառը՝ «ownership»։ Աշխատակիցը, որը վերցնում է ownership-ը, այս կերպ վստահեցնում է, որ սկզբից մինչև վերջ հասցնելու է առաջադրանքն ավարտին, մինչդեռ շատ ընկերություններում հանդիպող խնդիրներից է պատասխանատվությունից ակնհայտորեն կամ ակամա խուսափելը։ Դա կարող է վերաբերել թերի ավարտված առաջադրանքն ավարտուն անվանելուն կամ կարող է վերաբերել այլ թիմի պատասխանատվության տիրույթին ուշադրություն չդարձնելը։ Օրինակ՝ ծրագրավորողն ավարտել է առաջադրանքը, բայց չի ստուգել տարբեր մուտքային տվյալների համար և միանգամից փոխանցել է առաջադրանքն իբրև կատարված՝ որակի ապահովման մասնագետի ստուգման համար։ Վերջինս գտնելով խնդիր՝ հայտնում է ծրագրավորողին խնդրի մասին, որը կրկին ստիպված է զբաղվել առաջադրանքով և կրկին ծախսել իր և այլ գործընկերների ժամանակը։ Այլ օրինակ՝ առաջադրանքը կատարելու ընթացքում ծրագրավորողը կարող է նկատել թերություն ինչ-որ կոմպոնենտում, որը ֆորմալ բաժանման արդյունքում իր կամ իր թիմի պատասխանատվության տակ չէ։ Այստեղ խելամիտ է առնվազն տեղեկացնելը համապատասխան թիմի գործընկերներին, սակայն ընկերություններում հաճախ ենք հանդիպում հակառակին՝ պարզապես լռելուն։

Իհարկե, նման մոտեցումը կարող է ունենալ հիմքեր և դրդապատճառներ, օրինակ՝ աշխատակիցը մի քանի անգամ պատասխանատու մոտեցում ցուցաբերելու արդյունքում չի տեսել պատշաճ վերահսկողություն և հիասթափվել է հետագա պատասխանատու մոտեցումից։ Այնուամենայնիվ, այստեղ կդիտարկենք ճիշտ կազմակերպված կազմակերպության օրինակ և ընդամենը կնշենք, որ գործատուների համար շատ կարևոր է աշխատակցի բարեխիղճ պատասխանատվությունը։ Վերջինս կարող է վերաբերել նաև նախագծի վերջնաժամկետին, մի քանի ժամ ավել աշխատելու պատրաստակամությանը կամ հաճախորդի կողմից հայտնաբերված կրիտիկական խնդրին արագ լուծում տալուն, անկախ նրանից, որ խնդիրը հայտնաբերվել է հանգստյան օրերին։

Աշխատանքային հարուստ փորձ

Սա պայմանականորեն կարող ենք կապել այլ ընկերություններում աշխատած տարիներին, սակայն ֆորմալ աշխատանքային փորձը երբեք կարևոր չէ ընկերության համար։ Ընկերության համար կարևոր է իրական փորձը։ Պատկերացրեք սկսնակ, որն ինքնուրույն ստեղծել է մի շարք պրոդուկտներ, որը թաթախվել է բարդ ինժեներական խնդիրների մեջ, բայց չունի ֆորմալ աշխատանքային փորձ։ Եվ պատկերացրեք մեկ կամ մի քանի ընկերություններում աշխատած ծրագրավորողի, ում չի հաջողվել մասնակցել բազմաթիվ նախագծերի, կատարել է միապաղաղ աշխատանք, չի բախվել ինժեներական մարտահրավերների և գրեթե չի զարգացրել հմտությունները։ Բնականաբար, անկախ ֆորմալ տարիների քանակից, ցանկացած ընկերությունում հարցազրույց անցնելիս, այս սցենարի դեպքում ընկերությունները նախապատվություն կտան սկսնակին, որը չունի ֆորմալ աշխատանքային փորձ։ Երբ ընկերությունները նշում են աշխատանքային փորձի առկայության կարևորությունը, նկատի ունեն իրական փորձը, ոչ թե ֆորմալ տարիների քանակը։ Մանրամասներն արդեն ճշգրտվում են հարցազրույցի ընթացքում, որովհետև ըստ հաճախության ամենաշատ տրվող հարցը՝ «Ի՞նչ նախագծերի վրա եք աշխատել»-ն է։

Հաղորդակցման հմտություններ

Բացի հաճելի անձնավորություն լինելուց, ընկերության համար կարևոր է աշխատակցի հաղորդակցման հմտությունները, որովհետև ծրագրավորման ոլորտը մեծամասամբ թիմային աշխատանք է ենթադրում։ Աշխատանքի ընթացքում ծրագրավորողները հաղորդակցվում են զանազան այլ մասնագետների հետ, օրինակ՝ որակի վերահսկման մասնագետների, պրոդուկտ և/կամ նախագծի ղեկավարների, DevOps մասնագետների և այլոց։ Կարևոր է՝ հաղորդակցումը լինի առողջ, փոխադարձ հարգալից մթնոլորտում և թիմակիցները կարողանան էֆեկտիվորեն փոխանակվել մտքերով, առաջարկներով։ Որոշ դեպքերում ղեկավար անձնակազմը ստիպված է նաև ահռելի ժամանակ ծախսել ֆորմալ պրոցեսների հաստատման և կարգավորման համար, կամ ընդունել մենեջերներ՝ հաղորդակցման էֆեկտիվությունը բարձրացնելու համար։ Սա իր հերթին բերում է նոր խնդիրներ, որովհետև նույն մենեջերի ընտրությունը հղի է ռիսկերով։ Ծրագրավորման աշխարհում կա կարծրատիպ (կամ ըստ հոդվածի հեղինակի՝ իրականություն), որ մենեջերները խանգարում են աշխատանքին՝ ոչ թե օգնում։

Ճկունություն

Սա վերաբերում է գրեթե բոլոր ուղղություններին՝ լինի դա տեխնիկական, թե թիմային աշխատանք, ընկերությունները ցանկանում են ընդունել աշխատակցի, որը դեմ չէ նոր տեխնոլոգիա ուսումնասիրել, այլ ծրագրավորման լեզու օգտագործել, ադապտացվել տարբեր թիմերի հետ աշխատանքին։

Հաստատունություն

Սա ավելի շատ պատկերացրեք լոյալության իմաստով, այսինքն՝ ընկերությունն ուզում է վստահ լինել, որ աշխատակիցը պատրաստ է պահպանել պայմանավորվածություններն ու տրամադրված է երկարաժամկետ աշխատանքին։

Ցանկացած կազմակերպության առջև դրված են մի շարք բիզնես առաջադրանքներ, որոնց հաջող կատարման դեպքում կազմակերպությունը շարունակում է ծաղկել կամ դիմադրել շուկայական ցնցումներին։ Կազմակերպությունները մեծ ցանկություն ունեն ունենալ լավ բրենդ, աշխատակիցների համար տրամադրել լավ միջավայր, պահպանել առողջ աշխատանքային մթնոլորտ, ունենալ հստակ ռազմավարական պլան, բայց հաճախ ստիպված են նաև ադապտացվել փոփոխություններին՝ ընկերությունը վատագույն սցենարներից խուսանավելու միտումով։ Այսպես, կազմակերպության համար կարևոր է նոր աշխատակցին ընտրել զգուշությամբ՝ համոզվելով, որ ջանքերն ու ծախսերն արդարացված են։ Ծախսերը կարող եք դիտարկել ավելի շատ ժամանակի տեսանկյունից։ Եթե նոր աշխատակցի ընդունելության համար հատկացվեն մի քանի աշխատակիցներ՝ հայտարարություն պատրաստել, դիմորդների հետ կապ պահել, հարցազրույցներ անցկացնել, onboarding կազմակերպելու համար, ապա դա ընկերության տեսանկյունից բավական մեծ ծախս է, որը ցանկալի է կրճատել կամ արդարացնել հաջող ընդունելությամբ։

Ընկերության կողմից կատարվող ծախսն ավելի է շատանում, եթե ընդունում են աշխատանքի սկսնակ ծրագրավորողի, որովհետև սկսնակին անհրաժեշտ է կրթել, տալ ժամանակ ադապտացվելու համար, կոդային բազային ծանոթանալու համար, սկսել կատարել փոքր առաջադրանքներ, մինչև կսկսի իսկապես օգտակար փոփոխություններ կատարել նախագծում։ Այդ ընթացքում ընկերությունը վճարում է աշխատակցի աշխատավարձը և «կորցնում» այն աշխատակիցների ժամանակը, որոնք ներգրավված են ինտեգրացիայի պրոցեսում։

Փաստացի ընկերությունը ներդրում է կատարում սկսնակի կրթության մեջ՝ հույսով, որ նա արագ կզարգացնի հմտություններն ու շուտ կսկսի արդարացնել սպասելիքները։

Պրոցեսը կարող է տևել մինչև մեկ տարի։ Մեծաքանակ են դեպքերը, երբ սկսնակները կրթվելով, հավաքելով փորձ՝ հասնում են վերջապես այն կետին, երբ պետք է սկսեն ընկերությանը իրական օգուտ տալ և հենց այդ կետում փոխում են աշխատանքը՝ տեղավորվելով ավելի լավ պայմաններով մեկ այլ ընկերություն՝ արդեն ներկայանալով որպես քիչ թե շատ փորձառու մասնագետ։ Առաջին ընկերությունն այս պարագայում ինչ-որ տեղ տուժողի դերում է՝ ստացվում է կրթել է սկսնակին և դարձրել է փորձառու ծրագրավորող մեկ այլ ընկերության համար։ Նման սցենարներից խուսափելու համար՝ ընկերությունը կարող է փոխել ռազմավարությունն ու սկսել շեշտադրել փորձառու ծրագրավորողի ընդունելությունը, ում հմտությունները բավարարում են ընկերության պայմաններին և չափորոշիչներին, որը կկարողանա առաջին իսկ ամսվանից էական ներդրում ունենալ ընկերության նախագծերում։

Եթե սկսնակը սա շատ լավ պատկերացնի, ապա կարող է օգտագործել որպես մրցակցային առավելություն, ընկերությանը ներկայացնելով տնտեսվող ծախսերն ու ժամանակը, իր թեկնածությունը դիտարկելու դեպքում։ Ծախսերն ու ժամանակը տնտեսելուն կօգնի սկսնակի կողմից նախապես ծանոթանալ գործիքներին, աշխատանքային պրոցեսներին, բարելավել հաղորդակցման հմտությունները, կատարել առաջադրանքներ, որոնք կատարելով ընկերությունում պետք է սովորեր կամ արագացներ իր ինտեգրացիայի պրոցեսը, կարճ ասած՝ դառնալ մասնագետ, որն առաջին ամսվանից կկարողանա էական ներդրում ունենալ ընկերության նախագծերում՝ այս կերպ արդարացնելով բոլոր ակնկալիքները։

Ի՞նչ է պետք իմանալ կազմակերպչական խնդիրների մասին

Ցանկացած ընկերության համար ընդունելության պրոցեսը գլխացավանք է։ Անհրաժեշտ է հստակ սահմանել պահանջները, աշխատանքի նկարագրությունը, տրամադրել ժամանակ և ռեսուրսներ՝ համապատասխան թեկնածուների նախնական ընտրությունը կատարելու, հարցազրույցներ ու առաջադրանքներ կազմակերպելու համար։ Սովորաբար դիմորդները, մասնավորապես՝ սկսնակները, չեն պատկերացնում ընկերության կազմակերպչական տանջանքները և ինքնակենսագրականն ուղարկելուց 10 րոպե անց ընկնում են սպասողական խուճապի մեջ։ Սա ոչ միայն ինքնակենսագրական ուղարկելուց, այլ նաև հարցազրույցից անմիջապես հետո։

Պետք է հնարավորինս իրատեսական լինել և պատկերացնել, որ ընկերությունը ստանում է բազմաթիվ ինքնակենսագրականներ, ստիպված է հնարավորինս ճիշտ ֆիլտրել, անցկացնել հարցազրույցներ բոլոր թեկնածուների հետ, որից հետո կատարել բարդ որոշումը՝ հիմնվելով մի շարք հանգամանքների վրա։ Այս ընթացքում թեկնածուներին պետք է հստակ պատկերացնել ոչ միայն ադմինիստրատիվ զբաղվածությունը, այլ նաև պոտենցիալ խնդիրները, որոնք կարող են տեղի ունենալ ընկերությունում.

  • Կադրերի բաժին կամ չկա կամ աշխատանքը կատարում են թերացումներով։ Բոլորս սիրում ենք HRM մասնագետներին, սակայն ոչ միշտ է, որ աշխատանքը կատարվում է անթերի։ Սովորաբար LinkedIn-ում սպամ հրապարակումների մեծ մասը բաժանվում է գրեթե երկու հավասար մասի՝ թեկնածուները բողոքում են հավաքագրման/HR մասնագետներից, վերջիններս՝ թեկնածուներից։
  • Որքան էլ «վստահեցնեն» ընկերություններն ու հավաքագրման մասնագետները պրոֆեսիոնալ աշխատանքի հարցում, միևնույնն է, ցանկացած որոշում առաջին հերթին կատարվում է «մշակույթի» հիման վրա՝ փորձելով առաջնային դիտարկել թեկնածուի cultural fit լինելը (համապատասխանել կորպորատիվ մշակույթին), իսկ հաճախ վերջինս վերածվում է ընդամենը անձնական համակրանքի, քանի որ չկա հստակ սահմանում, թե ինչ է cultural fit լինելը։ Թեկնածուն «ռաբիզ» է հագնվում, ռեզյումեն լրացրել է հայերենով, էլ. փոստի հասցեն mail.ru դոմենով է, ամեն օր զանգում է՝ ճշտելու համար, թե երբ կկանչեն հարցազրույցի կամ երբ կասեն հարցազրույցի պատասխանը, թեկնածուն ռեզյումեում նշել է, որ կցանկանար իր շունիկին իր հետ բերել աշխատանքի և այլն։ Այս ամենը շատ արագ կարող է դիտվել որպես կորպորատիվ մշակութային անհամապատասխանություն (թեկնածուն «culturally fit» չէ)։ Սա իհարկե, երբեք չի բարձրաձայնվում այնպես, ինչպես ես գրեցի, բայց բոլորն էլ ակամայից հետևում են մշակութային համապատասխանությանը։ Փորձեք աբստրակտացվել և չվիրավորվել կազմակերպությունների նման «տարօրինակ» դիրքորոշումից, շատ դեպքերում նույն կորպորատիվ մշակույթի առկայությունը ձեզ հնարավորություն կտա վստահ լինել ապագա գործընկերների պրոֆեսիոնալիզմի հարցում կամ ընդհակառակը, վստահ լինել՝ երբեք չընդունել առաջարկ կազմակերպությունից։
  • Երկարատև պրոցեսներ։ Ընդունելությունը երբեմն կարող է ձգձգվել շաբաթներ կամ ամիսներ։ Սա հատկապես վերաբերում է ընկերություններին, որոնք արտասահմանյան ընկերության մասնաճյուղ են և ընդունելությունը պետք է հաստատվի գլխամասի կողմից։ Որոշ ընկերություններ փորձում են ավելի ճկուն գտնվել և արագ կայացնել որոշումն ու տեղեկացնել թեկնածուին, բայց երբեմն իրատեսական չէ։ Փորձառու HRM-ները երբեք չեն շտապում «վստահեցնող» նամակներով կամ զանգերով խոստանալ աշխատանքը ընտրված թեկնածուին։ Լինում են դեպքեր, երբ թեկնածուին բոլորը հավանում են, բայց գլխամասը չի հաստատում ընդունելությունը, օրինակ՝ ելնելով ընկերության ֆինանսական վերապլանավորումից։
  • Ընկերությունը «փոշմանել» է։ Սա ևս պատահող երևույթ է և շատ բնական։ Կան ընկերություններ, որոնք նոր պատվեր ստանալու ակնկալիքով և/կամ հաճախորդի հետ քննարկումների ընթացքում արդեն սկսում են ընդունելության պրոցեսը։ Մինչդեռ պատվերի շուրջ քննարկումները կարող են տևել շաբաթներ կամ ամիսներ, ընդունելության պրոցեսը կարող է տևել ավելի կարճ ու ընկերությունը ստիպված թեկնածուներին «սպասեցնի», քանի դեռ պատվերը չի հաստատվել։ Իսկ երբեմն, ընդունելության անմիջապես կեսից պատվերը չեղարկվում է։ Այս կետին կարող ենք վերագրել նաև ընկերության ֆինանսական ելևէջները. հաճախ պլանավորված ընդունելությունները կամ պրակտիկայի ծրագրերը ստիպված են չեղարկել՝ նախագծի, պրոդուկտի, հաճախորդների, պատվերների, ընթացիկ վիճակի և մի շարք այլ հանգամանքների հիման վրա։
  • HRM մասնագետի հաճախակի փոփոխությունը։ Երբեմն ընդունելության պրոցեսը կարող է սկսվել աշխատակցով, որը շուտով գնալու է արձակուրդ, կրճատվելու է, կամ դադարելու է համագործակցել ընկերության հետ։ Ընկերությունը փոխարինում է նոր աշխատակցով (հնարավորինս արագ), որը պետք է զբաղվի արդեն ընթացող ընդունելության պրոցեսով։ Ցիկլը կարող է կրկնվել։
  • Ընկերությունը չունի հստակ ճանապարհային քարտեզ։ Երբեմն կարող են հանդիպել սցենարներ, երբ ընկերությունը կամ տնօրինությունը չգիտի, թե ինչ է ուզում անել կամ ինչ ուղղություններով պետք է շարժվի։ Տվյալ պահի ազդեցությունից ելնելով՝ կարող են կայացվել կարճատև որոշումներ, օրինակ՝ սկսել իրականացնել Android հավելվածը, որի արդյունքում առաջանում է Android հարթակի ծրագրավորողի թափուր հաստիք, որն արագ չեղարկվում է, երբ ընկերությունը կամ տնօրինությունը փոփոխում է որոշումը։
  • Երբեմն աշխատանքի հայտարարությունը չի համապատասխանում իրական պահանջներին, իսկ շատ հաճախ՝ թեկնածուներն են առանց երկար-բարակ ուսումնասիրելու ուղարկում իրենց ինքնակենսագրականը, որը կարող է ակնհայտ չհամընկնել աշխատանքի հայտարարության հետ։ Նման դեպքերում տարօրինակ է թեկնածուի կողմից սպասել արձագանքի։ Փորձեք ավելի խորը վերլուծել հայտարարությունները, չնայած՝ հոդվածի հաջորդ հատվածում չեմ պնդում նաև անկախ պահանջներից ինքնակենսագրականը չուղարկելու հարցում։

Թեկնածուներին խորհուրդ է տրվում հնարավորինս լայն մտածել, զարգացնել աշխարհընկալումն ու մտահորիզոնը, պատկերացնել պոտենցիալ ընկերության ներքին աշխատանքային կյանքը, լինել աջակցող, չդառնալ հերթական բեռը ընկերության ադմինիստրատիվ աշխատակիցների համար։

Չկան կատարյալ կազմակերպություններ ու չկան կատարյալ թեկնածուներ, բայց կարող է լինել փոխըմբռնում, փոխադարձ հարգանք, համբերություն։

Նմանատիպ թեմաները զարգացնելով՝ սկսել է առաջ գալ փափուկ հմտությունների (soft skills) կարևորությունը։ Ավելի տարեց մասնագետների համար տարօրինակ է, որ նման պարզ բաները պետք է նախապես կրթել, սովորեցնել, կամ նույնիսկ խոսել դրանց կարևորության մասին։ Առավել տարօրինակ է, որ դրա շուրջ մի ամբողջ աժիոտաժ կարող է ձևավորվել դասընթացների, գրքերի, ուսումնական նյութերի և այլնի տեսքով։ Ժամանակին, մեծաքանակ և երկարատև չմտածված ընդունելությունները, հանգեցրել են խնդիրների, որոնք լուծելու համար ստեղծվել են նոր խնդիրներ՝ Soft Skills, Emotional Intelligence և այլ անուններով։ Ցանկացած տեղ, որտեղ նշում են soft skill-երի անհրաժեշտության մասին, ապա միշտ նկատի ունեն տեխնիկապես ուժեղ, համեստ և բարեխիղճ մասնագետ։ Տարեցների մոտ աշխատանքային էթիկան, պրոֆեսիոնալիզմն ու վերոնշյալ փափուկ հմտությունները կան՝ որպես default որակավորումներ, մինչդեռ շուկայի նոր իրականությունն ու նոր սերունդը չունի նույն ինժեներական կրթությունը, ՏՏ ոլորտը վերածվել է քաոսի կամ ավելի ճիշտ՝ wild west-ի, որին իհարկե՝ նպաստել են մի շարք փոքր ու կարճատև պատվերների վրա ձևավորված ընկերություններն ու այդ ընկերություններին պահանջվող աշխատակիցների հանդեպ ցածր տեխնիկական պահանջները, ինչի արդյունքում էլ շուկան գերլցվել է կարճաժամկետ դասընթացներ տրամադրող ուսումնական կենտրոններով, ինչի արդյունքում էլ ոլորտը լճացել է հազարավոր թերուս կադրերով, ինչի արդյունքում էլ շուկայում հիմա «թվացյալ» ճգնաժամ է, իբրև թե՝ գործ գտնելը դարձել է շատ բարդ։

Ճգնաժամը թվացյալ է, որովհետև գործ գտնելը բարդ չէ, բարդ է դառնալ այն որակյալ ու մրցունակ մասնագետը, որը հեշտորեն կգտնի աշխատանք։

Մաս 2: Աշխատանք գտնելու ճանապարհային քարտեզը սկսնակ ծրագրավորողի համար

աշխատանք գտնելու համար պետք է կատարել ընդամենը մեկ բան՝ ստեղծել ինչ-որ օգտակար բան (build something useful)

Վերջապես, հասանք այն հատվածին, որն ամենահետաքրքիրն է սկսնակների համար։ Ոլորտում համապատասխան ուղեցույցները շատ չեն, իսկ շատերը միջազգային շուկայում գործող ընկերությունների համար են նախատեսված, որոնց ևս խիստ խորհուրդ է տրվում ծանոթանալ (հարցազրույցների սեկցիայում կնշեմ մի քանի ռեսուրսներ)։ Որոշ մասնագետներ փորձում են լրացնել հայալեզու ռեսուրսների բացը, ինչը երբեմն բարդ է, երբ ստիպված ես ավելի ֆորմալ նկարագրել ընթացակարգերը՝ խուսափելով ներքին կազմակերպչական խնդիրները բարձրաձայնելուց։ Հաջորդիվ՝ ըստ հնարավորության կգտնեք մանրամասն ճանապարհային քարտեզ, որը կփորձենք հավերժ համալրել նոր խորհուրդներով, կարծիքներով և փորձով։

Աշխատանք գտնելու միակ գաղտնի բանաձևը

Ինչպես հոդվածի սկզբում նշել եմ, սկսնակ ծրագրավորողին աշխատանք գտնելու համար պետք է կատարել ընդամենը մեկ բան՝ ստեղծել ինչ-որ օգտակար բան (build something useful)։ Ամբողջությամբ, ավարտուն և ինքնուրույն։ Պետք չէ գեներացնել կոդը ChatGPT-ով, պետք չէ պատճենել հազարավոր գրադարաններ, պետք չէ ստեղծել պրիմիտիվ նախագծեր (հաշվիչ ծրագիր, Todo List կամ ցանկացած գաղափար, որը կգտնեք համացանցում արագ որոնման արդյունքում)։ Ստեղծեք մեծ պրոդուկտ, որը կստիպի անհանգստանալ ոչ միայն կոդի, դրա որակի, ոճի մասին, այլ նաև կզարգացնի ձեր նախագծման հմտությունները, UI կոմպոնենտների նկատմամբ կզարգացնի ձեր ճաշակը, կստիպի հետաքրքրվել կանոններով, օրինաչափություններով, լավագույն պրակտիկաներով։

Ստեղծեք այնպիսի բան, որը ոչ միայն կներառի ծրագրավորման լեզվի պարզագույն կոմպոնենտները, այլ կհամադրի համակարգչային գիտության մի քանի ենթաոլորտներ։ Փորձեք իրականացնել ձեր համակարգի համար և՛ backend, և՛ frontend, և՛ մոբայլ, և՛ desktop հատվածները, փորձեք պրոֆեսիոնալ կերպով դոկումենտացնել ձեր նախագիծը, կոդը, աշխատանքի արդյունքները, փորձեք ինքնուրույն տեղադրել այն սերվերում, որը ձեր տան լոկալ համակարգիչը չէ։ Սա կարող է հնչել անիրատեսական, բայց նույնիսկ մեկ քառորդն իրականացնելիս՝ այնքան կզարգացնեք հմտությունները, գիտելիքները և ճկունությունը, որ գործատուն ստիպված կլինի դիտարկել ձեր թեկնածությունը։

Ինչ-որ բան ստեղծելուն զուգահեռ, հիշեք երկու ամենակարևոր որակավորումների մասին.

  • Կենտրոնացում (focus)
  • Համբերություն (patience)

Անտեսված, բայց կարևորագույն հատկանիշեր են, որոնք ծրագրավորողին դարձնում են պրոֆեսիոնալ, իսկ սկսնակին հնարավորություն են տալիս ճիշտ կառուցել կարիերան։

Մի շտապեք գտնել աշխատանք, շտապեք դառնալ լավ մասնագետ։

Աշխատանքի փնտրտուքները կարող են ետ գցել ձեզ, վնասել կարիերային, խոչընդոտել ճիշտ զարգացմանը։ Աշխատեք կենտրոնացած և եղեք համբերատար։ Ամենահաճախ հանդիպող խնդիրը, որ տեսնում եմ սկսնակների մոտ՝ հաճախակի տեխնոլոգիայի և լեզվի փոփոխություններն են։ Միշտ զգուշորեն վերաբերվեք HRM մասնագետների կամ հավաքագրողների խորհուրդներին (եթե դրանք չեն վերաբերում հարցազրույցին կամ ինքնակենսագրականը կազմելուն)։ Նրանք ձեզ խորհուրդ կտան ուսումնասիրել շուկան, տեսնել ինչն է այս պահին ակտուալ, օրինակ՝ եթե աշխատանքի հայտարարություններին հետևեք և տեսնեք, որ պահանջվում է Python ծրագրավորող, փորձեք փոփոխել ձեր ինքնակենսագրականը, արագ սովորել Python և դիմել այդ հաստիքին։ Սա կեղծ և անիմաստ խորհուրդ է, որը ոչ միայն շեղում է կենտրոնացումից նույնիսկ ամենաուժեղներին, այլ նաև անիմաստ է շուկայի տեսանկյունից։ Նման խորհուրդներ տվողները հաճախ տեխնիկական գիտելիքներով զինված մարդիկ չեն, չեն մտածում որպես երկարատև կարիերա կառուցող ինժեներ-ծրագրավորողներ և փորձում են լավագույն մոտեցումը ցույց տալ՝ խորհուրդ տալով լինել ճկուն։ Մեղադրելի չէ, ընդհակառակը՝ գովելի է։ Մեղադրել կարելի է միայն սկսնակներին, որոնք մատնվում են խուճապի և ստիպված մոլորվում անիմաստ խորհուրդների մեջ։

Միակ խորհուրդը ու գաղտնի բանաձևը՝ ինչ-որ օգտակար բան ստեղծելն է։

Այն, ինչը ժամանակատար է, երբեմն ձանձրալի, թվում է երկար, միշտ աշխատում է ու օգտակար է։

Սա կարող եք դիտարկել նաև մրցակցային առավելություն, որովհետև ոչ բոլորն են պատրաստ կենտրոնացած աշխատել կոնկրետ մեկ մեծ պրոդուկտի իրականացման վրա, փոխարենը՝ միշտ փնտրում են կարճ ճանապարհներ։ Սկսնակները, որոնք սովորել են JavaScript (օրինակ) ու փնտրում են համապատասխան հաստիք, կարող են շեղվել ճանապարհից և դիտարկել Python, որովհետև այս պահին ակտուալ կարող է թվալ 1–2 աշխատանքի հայտարարությունների պատճառով։ Մի մոռացեք նախորդ հատվածում քննարկված կազմակերպչական խնդիրները, նման հաստիքներ կարող են առաջանալ և արագ չեղարկվել տնօրինության կամ ընկերության անորոշ ճանապարհային քարտեզի պատճառով, մինչդեռ սկսնակները չիմանալով դրա մասին, փոխում են իրենց ուղղվածությունը։ Սա, իհարկե, արհեստական օրինակ էր, բոլորս էլ գիտենք, որ ծրագրավորման լեզուն էական չէ, այն գործիք է, որը կիրառում եք ծրագրեր ստեղծելու համար։

Այ հենց վերջինի վրա էլ պետք է կենտրոնանալ՝ ստեղծել ծրագիրը ձեր իմացած գործիքով։ Կբախվեք նոր գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերելու անհրաժեշտությանը։ Ինչով են տարբերվում երկու շրջանավարտներ, որոնք ավարտել են ինչ-որ կրթական կենտրոն և սովորել ծրագրավորման լեզվի բոլոր կոմպոնենտները. ոչնչով։ Իսկ ինչով է տարբերվում աշխատող մասնագետը շրջանավարտից, որը սովորել է ծրագրավորման լեզվի բոլոր կոմպոնենտները։ Միայն կիրառությամբ։ Երբ ստեղծեք ծրագիր, ստիպված կլինեք կիրառել լեզուն և վերջապես կհասկանաք, թե ինչու լեզուն կարևոր չէ, որովհետև լուծելու եք այլ խնդիրներ։ Ինչպես ստանալ տվյալները, ինչպես ցուցադրել էկրանին, ինչպես դասակարգել, ինչպես արագացնել կոդի կատարումը, ինչպես հեշտացնել նախագծի կառուցվածքը, որպեսզի նոր ֆունկցիաների ավելացումը գլխացավանք չդառնա, ինչպես կազմակերպել կոդի փոփոխությունները, որ կորուստներ չլինեն, պատահական ջնջված կոդը անվերադարձ չկորչի, ինչպես պահպանել տվյալները ֆայլում կամ տվյալների բազայում, որպեսզի փոփոխություններն ու հարցումներն արագ կատարվեն, ինչպես ցանցով ուղարկել տվյալներ, ինչպես անվտանգ պահպանել օգտագործողի գաղտնաբառը և այլն և այլն։ Այս բոլոր խնդիրներին բախվելն է ձեզ դարձնելու փորձառու և պատրաստ աշխատելուն, որովհետև նման հարցերի շուրջ անհանգստանալու ու լուծումներ գտնելու արդյունքում եք զարգացնելու կարևորագույն հատկանիշեր, որոնցից են՝ ձգտումը, եռանդը, աշխատասիրությունը, ինքնուրույնությունը, որոշումներ կայացնելու ունակությունը, վերլուծողական և ստեղծագործական մտածելակերպը, ինչպես նաև հղկելու եք տեխնիկական գիտելիքները՝ արդյունքում խորացնելով ձեր տեսական և գործնական գիտելիքները։

Անհրաժեշտ է պահել կենտրոնացումը (focus) և յուրաքանչյուր շաբաթ չշեղվել ինչ-որ հայտարարություններով, այլ կենտրոնանալ ուղղվածության վրա, որի համար անվերջ կհղկեք ձեր հմտությունները։ Առաջին հայացքից աշխատանք գտնելու համար սա կարող է թվալ ավելի երկար, բայց դա միայն առաջին հայացքն է, որովհետև այս երկար ու բարդ ճանապարհով (հիշում ենք Ակադեմիայի կարգախոսը) դուք ոչ միայն կգտնեք աշխատանք, այլ նաև ճիշտ կդնեք ձեր կարիերայի աճի և զարգացման հիմքերը։ Մինչդեռ մյուսները շաբաթը մեկ կփոխեն լեզուն, տեխնոլոգիան, ֆրեյմվորկը, կտրվեն խուճապին, կընկնեն ընկճախտի մեջ, դուք հաստատուն քայլերով կզարգացնեք ձեր «ինչ-որ օգտակար բանը», այն է՝ նախագիծ, որը, օրինակ՝ պատճենում է նույն Google Search-ը, կամ Facebook-ի նման սոց. հարթակ է, կամ՝ Yandex Navigator-ի ձեր տարբերակն է iOS համակարգի համար։

Գաղափարները բազմազան են՝ վերցրեք այն, որն ամենից շատն եք հավանում, վերջացրեք անվերջ արդարացումներն ու դժգոհությունները և սկսեք ստեղծել և ստեղծագործել՝ համբերատար սպասելով շուկայի զարգացումներին։ Շուկան հենց այս պահին չունի առաջարկ ձեզ համար, բայց եթե դուք շեղվեք ձեր ընտրած ճանապարհից, օրինակ՝ մի շաբաթ զբաղվելով Python-ով, հետո մի շաբաթ՝ PHP, հետո մի շաբաթ՝ Go, ինչ-որ կետում դուք ամեն ինչին մակերեսորեն կտիրապետեք, բայց այդ ինչ-որ կետում կարող է պահանջվել JavaScript ծրագրավորող (ըստ վերոնշյալ սցենարի՝ ձեր առաջին լեզուն), որը կտիրապետի նաև տվյալների բազաների համակարգերին, կկարողանա կիրառել Git, կիմանա կամ կիրառական փորձ կունենա API նախագծելու/օգտագործելու։ Այն ժամանակը, որը դուք կորցրել եք մակերեսորեն մի շարք լեզուների, տեխնոլոգիաների, ֆրեյմվորկների ծանոթանալու համար, կարող էիք և պետք է ծախսեիք ձեր իմացածն ավելի զարգացնելու վրա։ Օրինակ՝ ստեղծելով նախագիծ JavaScript-ով, օգտագործելով տվյալների բազաների համակարգ կամ համակարգեր, կազմակերպելով տվյալների ցանցային տեղաշարժ, նախագծելով API, կոդի կազմակերպման համար օգտագործելով Git և այլն։

Այսպես, փորձենք հաջորդական քայլերով ներկայացնել, թե միջինում ինչպես է տեղի ունենում աշխատանքի տեղավորվելը և ինչպես հնարավորինս բարձրացնել շանսերը։

Քայլ 1. Հասկանալ՝ պատրա՞ստ եք արդյոք աշխատանքին

Փորձեք աշխատել հնարավորինս ուշ։ Բազմաթիվ են ու բազմաքանակ փորձառու թերուս ծրագրավորողները, որոնք երազում են չաշխատելու մասին, երազում են վերադառնալ ուսումնական հաստատություն՝ գիտելիքները ավարտին հասցնելու, բացերը լրացնելու համար։ Ամեն անգամ, երբ համացանցում հայտնվում է AI զարգացումներին վերաբերող նորություն, հարյուրավոր senior ծրագրավորողներ ապրում են ընկճախտի նոպա և վերհիշում բաց թողնված մաթեմատիկայի դասերն ու իրենց կայացրած սխալ որոշումները։ Մինչդեռ կարող էին աշխատել ուշ, կրթվել ավելի լավ, լինել ավելի պատրաստ, մտածել երկարատև (long term), պատրաստ լինել մարտահրավերներին։

Ամեն անգամ, երբ շուկայում փակվում է ինչ-որ ՏՏ ընկերություն կամ կատարվում են մեծ կրճատումներ, հարյուրավոր senior ծրագրավորողներ ապրում են ընկճախտի ավելի երկար նոպա, որն ուղեկցվում է նաև ակտիվ խուճապով՝ վերհիշելով ալգորիթմների, տվյալների կառուցվածքների, ցանցային ծրագրավորման, համակարգչային ճարտարապետության և այլ դասեր ու թեմաներ, որոնց պատշաճ ժամանակ չեն հատկացրել ժամանակին, փոխարենը՝ թերուս կարգավիճակով տարիներ առաջ սկսել են փնտրել աշխատանք այնպես, ինչպես հիմա դա անում եք դուք։ Տարբերությունն այն է, որ նրանց ի վերջո հաջողվել է տեղավորվել աշխատանքի՝ օգտվելով շուկայի բարենպաստ պայմաններից, իսկ դուք հիմա ստիպված բախվել եք շուկայի լարված կարգավիճակին։

Շուկան ունի ժամանակի իր ընթացքը, դուք՝ ձերը։

Պատկերացրեք շուկայում այս պահին մի շարք ընկերություններ՝ ընկերություններն իրենց հաճախորդներով, աշխատակիցներով։ Պատկերացրեք ծրագրավորող Կարենին, որը հիմա նստած է աշխատավայրում կամ տանը (նայած՝ քանիսին եք կարդում հոդվածը) ու մտածում, թե ինչ կարելի է կազմակերպել հերթական արձակուրդին, կամ մտածում, թե ինչպես կարելի է ուղղել ծրագրային սխալը, որի վրա թիմը տանջվում է վերջին օրերին։

Պատկերացրեք պրոդուկտ մենեջեր Լիդային, որը մտովի կազմում է պրեզենտացիայի ֆայլերը, որպեսզի շաբաթվա վերջ տնօրինությանը ներկայացնի, թե ինչ արդյունքներ կան, ինչ խնդիրներ ու թե ինչու ծրագրավորողներն ալարել են ժամանակին իրականացնել համապատասխան feature-ները։

Պատկերացրեք ընկերության տնօրենին, որը հաճախակի ապրում է տրամադրության ելևէջներ՝ տեսնելով ընկերության ֆինանսական տվյալները, մտովի պլանավորում նոր հաճախորդներ ներգրավելու անհրաժեշտությունը, փորձում չմոռանալ Աշոտի (կրտսեր ծրագրավորող) աշխատավարձը վերանայելու խնդրանքը, վերհիշում Backend թիմի անարդյունավետ աշխատանքը և այլն։

Պատկերացրեք մնացած ընկերություններն իրենց տասնյակ կամ հարյուրավոր աշխատակիցների հետ միասին։ Յուրաքանչյուրն իրենց հոգսերով, առօրյա առաջադրանքներով, հաճախորդներով։

Պատկերացրեք Ջեյսոնին՝ ամերիկացի ձեռնարկատեր, որը հավաքել է մոտ $120 հազար գումար և նպատակ ունի իրականացնել վաղեմի երազանքը՝ ստեղծել մոբայլ հավելված, որի միջոցով Starbucks-ի հաճախորդները կկիսվեն իրենց տրամադրությունով մյուս մասնաճյուղերի հաճախորդների հետ։ Ջեյսոնի հավաքած գումարից մնացել է $8000, որովհետև ամիսներ շարունակ փոխանցել է գումարը հայկական ինչ-որ ՏՏ ընկերության, որն իրականացնում է Ջեյսոնի պատվերը։ Ջեյսոնը սպասում է դեմո տարբերակին, ընկերությունը, որն իրականացնում է պատվերը, սպասում է հանդիպմանը, որտեղ պրոդուկտ մենեջերը պետք է ներկայացնի վերջին թարմացումները, պրոդուկտ մենեջերը սպասում է ավագ ծրագրավորողին, որը կլանված փորձում է ֆիքսել վերջին խնդիրները, կրտսեր ծրագրավորողը սպասում է ավագին, որպեսզի ստանա իր հարցի պատասխանը, թե ինչ գրադարան օգտագործել ինչ-որ կոդի կտորում և այլն և այլն։

Հիմա՝ հենց այս պահին, ինչ-որ համալսարանից կամ ուսումնական կենտրոնում ուսումը կիսատ թողնելով կամ ամբողջությամբ ավարտելով՝ շուկա դուրս եկավ նոր սկսնակ ծրագրավորող՝ Ժորան։ Ժորան թարմացնում է իր ինքնակենսագրականը և սկսում ուսումնասիրել աշխատանքի հայտարարությունները։ Ժորային թվում է, թե շուկան ոգևորված ու անհամբեր սպասում էր, թե երբ է նա որոշելու փնտրել աշխատանք, ընդ որում աշխատանք, որտեղ չեն պահանջի այն գիտելիքներն ու հմտությունները, որոնք Ժորան կիսատ է թողել կամ ալարել է ամբողջությամբ սովորել, աշխատանք, որտեղ աշխատանքային փորձ չեն ցանկանա, աշխատանք, որը կվարձատրի Ժորային, չի ունենա ակնկալիքներ Ժորայից ու շանս կտա Ժորային ամիսներ շարունակ կայանալ որպես ծրագրավորող։

Հիմա վերադարձեք նախորդ կադրերին. հիշեք Կարենին, Լիդային, Ջեյսոնին և մյուսներին։ Ըստ ձեզ, Ժորայի որոշումից հետո ինչ փոխվեց Կարենի, Լիդայի, Ջեյսոնի կամ հազարավոր այլ ընկերությունների ու աշխատակիցների մոտ։ Իհարկե ոչինչ չփոխվեց։ Ոչ ոք նույնիսկ տեղյակ չէ Ժորայի շուկա դուրս գալու մասին։ Լավագույն բանը, որ կարող է տեղի ունենալ, դա Կարենի LinkedIn հարթակ մտնելուց պատահական Ժորայի “Open to work” գրառումը տեսնելն է։ Սակայն Կարենը հաճախ ու հաճախ է նմանատիպ գրառումներ տեսնում, բայց չի տեսնում Ժորայի մրցակցային առավելությունները։ Իսկ ժորային պետք է պատկերացնել այս ամենը, հասկանալ, որ իր ժամանակի ընթացքն ու իրեն անմիջականորեն շրջապատող աշխարհը տարբերվում է շուկայի ժամանակի ընթացքից ու շուկայում գտնվող ընկերություններին, դրանց աշխատակիցներին անմիջապես շրջապատող աշխարհից։ Ժորան պետք է հետևի այս հոդվածի խորհուրդներին, սկսի ստեղծել ինչ-որ օգտակար բան, չկորցնի կենտրոնացումը և համբերատար սպասի նոր հնարավորությունների, որովհետև ամիսներ անց Ջեյսոնի նախագիծը կարող է ստանալ ներդրում պոտենցիալ ներդրողների կողմից, ինչը ստիպի Ջեյսոնին մեծացնել թիմն ու շատացնել ծրագրի ֆունկցիաները, ինչն էլ ստիպի հայկական ընկերությանն ընդունել նոր աշխատակիցների կամ կազմակերպել պրակտիկայի ծրագիր (internship), որտեղ Ժորան կփայլի իր գիտելիքներով ու հմտություններով ու կսկսի աշխատել Ջեյսոնի պատվերի Backend ենթահատվածի ինչ-որ կտորի վրա՝ առանց նույնիսկ իմանալու՝ ով է Ջեյսոնը և ինչու է պատվիրել անիմաստ թվացող այդ հավելվածը։ Կարող է լինել նաև հակառակը՝ Ջեյսոնի գաղափարը ներդրողները չհավանեն, իսկ մնացած $8000-ն արագ վերջանա և նա ստիպված լինի փակել նախագիծը, ինչն էլ ստիպելու է հայկական ընկերությանը վերաբաշխել նախագծի վրա աշխատող աշխատակիցներին այլ թիմեր կամ սրտի կսկիծով կրճատել աշխատակիցներին, որոնք դուրս գան շուկա և սպասեն մեկ այլ ընկերության թափուր հաստիքին։

Աշխատանք փնտրելու ընթացքում կարևոր է հետևել մի քանի կետերի.

Խուսափեք ճնշումից

Հարազատներն ու ընկերները կարող են ակամայից ճնշել հարցերով ու աշխատանք գտնելու ակնարկներով (երբեմն՝ ակնհայտ)։ Կիսվեք այս հոդվածով ձեր հարազատների հետ, որպեսզի քիչ թե շատ պատկերացնեն ձեր տանջանքներն ու սպասվող ծանր ճանապարհը։ Աշխատանք փնտրելը, իհարկե, դրական կարող է ազդել, որովհետև տարբեր պահանջներ դիտարկելիս՝ կարող եք աշխատել բացերի վրա, ավելի հստակ ու մոտիվացված շարժվել դեպի հաջորդ հարցազրույցը, բայց երբեմն ճնշման պատճառով կարող եք սկսել փնտրել արդարացումներ կամ նույնիսկ՝ մեղավորներ։ Կան նաև սկսնակներ, որոնք պատրաստ չեն աշխատելու, բայց արհեստական ճնշման տակ ստիպված են փնտրել աշխատանք ու պարբերաբար ձախողվել հարցազրույցներին (եթե ստանան հարցազրույցի հրավեր)։ Սա լրացուցիչ ազդելու է ներքին ինքնավստահության վրա և շեղելու է իրական խնդրից։ Իրական խնդիրը բացերը լրացնելն է, պորտֆոլիո ստեղծելը, գիտելիքներն ու հմտությունները հղկելը։ Ունեցեք ձեր ճանապարհային քարտեզն ու առանց շեղվելու շարժվեք այդ քարտեզով, որքան էլ գրավիչ կամ ճնշող պայմաններ լինեն ձեր միջավայրում։

Խուսափեք շատ երկար պատրաստվելուց

Օրինակ՝ իմանալով, որ պոտենցիալ գործատուին անհրաժեշտ է տվյալների բազաների հետ աշխատանքի բազային հմտություններ, կարիք չկա սկսել ուսումնասիրել տվյալների պահպանման մեթոդները ցածր մակարդակում, տվյալների բազաների տեսակները, իրականացման ալգորիթմներն ու տվյալների կառուցվածքները, տվյալների մոդելավորման նրբությունները, հարցումների օպտիմիզացիայի հնարքները և մի շարք այլ թեմաներ։ Սրանք բոլորն օգտակար թեմաներ են ու բոլոր ինժեներներին ցանկալի է ուսումնասիրել և խորանալ, բայց ավելի լավ է դա անել ժամանակի հետ՝ փորձ ձեռք բերելու ընթացքում։ Երբեմն բավարար է վերցնել տվյալների բազաների կոնկրետ համակարգ, սովորել հարցումների լեզուն, տվյալների մոդելավորման հիմունքները, պատրաստվել մի քանի հաճախ հանդիպող հարցազրույցի հարցերի և դիմել աշխատանքի։ Անհրաժեշտ է տարբերակել ֆունդամենտալ խորը գիտելիքներ ունենալու անհրաժեշտությունը՝ օգտագործվող գործիքների բազային ինտերֆեյսը տիրապետելուց։ Մանրամասներն ու դետալները ցանկալի է սովորել աշխատելուն զուգահեռ, սա նաև լավ առիթ է նշելու, որ չկա կատարյալ ծրագրավորող և չկա ուսումը դադարեցրած ծրագրավորող։ Նույնիսկ, եթե աշխատավայրում հանդիպեք գործընկեր ծրագրավորողների, որոնք աշխատանքային գրաֆիկն ավարտվելուց հետո կամ հանգստյան օրերին բացարձակ չեն զբաղվում ինքնուսուցմամբ, չտրվեք մոլորությանը, նման ծրագրավորողները ժամանակի ընթացքում կորցնում են մրցակցային առավելություններն ու երբեմն չեն կարողանում դիմադրել շուկայի նորանոր մարտահրավերներին։

Եղեք իրատես և խուսափեք ինքնախաբեությունից

Բազմիցս եմ հանդիպել ուսանողների, որոնք ուսման կարևոր կտորները բաց են թողնում (օրինակ՝ ալգորիթմներ և տվյալների կառուցվածքներ) ու սկսում են փնտրել աշխատանք, իսկ չգտնելու կամ հարցազրույցները ձախողելու դեպքում չեն ընդունում բացերը, հետևաբար չեն աշխատում բացերը լրացնելու վրա։ Փորձեք անկեղծ վերլուծել սեփական ունակությունները, հմտություններն ու գիտելիքները։ Երբեմն ուսումը կիսատ թողնելն ու աշխատանք փնտրելը հանգեցնում է ավելի վատ արդյունքների, քան համբերատար, նպատակասլաց ու կենտրոնացված աշխատանքը։

Աշխատանք պարտադիր կգտնեն բոլորը

Սա շատ կարևոր է հիշել. աշխատանք փնտրելու ընթացքում բախվելու եք տարատեսակ խնդիրների, երբեմն չեք ստանալու հարցազրույցի հրավեր, կամ պարբերաբար ձախողելու եք հարցազրույցները։ Որքան էլ ձեզ ոգեշնչեն հարազատները, ընկերներն ու դասախոսները, նման իրավիճակները չեն կարող չընկճել։ Հիշեք, որ ժամանակին ամենափորձառու ծրագրավորողը ևս եղել է սկսնակ ու ձեզ նման փնտրել է աշխատանք։ Ընկճվելու փոխարեն, անհրաժեշտ է հետևել հոդվածի խորհուրդներին և անդադար աշխատել բացերը լրացնելու վրա, և իհարկե՝ ստեղծել ինչ-որ օգտակար բան։ Ժամանակի ընթացքում հերթական հայտնված հնարավորությունը կարող է լինել հենց ձերը։

Ինքս տարիներ առաջ ճանաչում էի սկսնակի, որն ինքնուրույն իրականացնում էր սեփական նախագիծ՝ որոնման համակարգ։ Մինչդեռ Հայաստանում չկար ոչ մի ընկերություն, որ իրականացներ ամբողջական որոնողական համակարգ (Google Search-ի նման), բայց սկսնակը ոգեշնչվել էր հենց Google-ի պատմությունով և կենտրոնացած աշխատում էր նախագծի վրա՝ զուգահեռ դիտարկելով աշխատանքի հայտարարություններն ու պարբերաբար ստանալով մերժումներ։ Մի քանի ամիս անց անհայտ ընկերություն հայտնվեց՝ հայտարարությամբ, որ պահանջվում է ծրագրավորող, որը կաշխատի որոնողական համակարգի իրականացման վրա։ Չկար գեթ մեկ սկսնակ կամ փորձառու ծրագրավորող, որը կկարողանար մրցել այս պատմության հերոսի հետ, որը որպես սեփական նախաձեռնություն, ամիսներ շարունակ իրականացնում էր որոնողական համակարգը։ Հարցազրույցն ու նախագծի դեմոն ավարտվեց սկսնակի հաջող ընդունելությամբ։

Բաց մի թողեք կարևոր թեմաները

Կարևոր թեմաներ են՝ նախագծման հմտությունները, մասնավորապես OOP և այլ պարադիգմաների ուսումնասիրությունը, ալգորիթմներն ու տվյալների կառուցվածքները, համակարգչային գիտության ֆունդամենտալ ենթաոլորտները։ Եթե նույնիսկ խուսափեք այս թեմաներից, բայց ստանաք աշխատանքի հրավեր, ապա հաջորդ շուկայական ցնցման արդյունքում կարող եք հայտնվել այն թերուս փորձառուների շարքում, որոնք խուճապահար փորձում են կրկնել կամ սովորել հարցազրույցի բարդ հարցերը, որպեսզի կարողանան պահպանել մրցակցային դիրքը շուկայում։

Զարգացրեք ձեր փափուկ հմտությունները (soft skills)

Սա ևս մեծ ազդեցություն ունի աշխատանքի տեղավորվելու համար։ Հարցազրույցների ընթացքում հարցազրուցավարները ոչ ակնհայտորեն հետևում են նաև ձեր վարքին, պահվածքին, հաղորդակցման հմտություններին։ Նրանք կարող են հետևել նաև ձեր բաց հրապարակումներին (մասնավորապես՝ LinkedIn-ում)։ Գռեհիկ, ոչ ֆորմալ, սպամ հրապարակումներ հաճախ անելով՝ կարող եք վնասել ձեր պրոֆիլին և բացասական տպավորություն թողնել ապագա գործատուի մոտ։

Հարցազրույցի ընթացքում բարձր մտածելը, հստակ խոսքը, հիմնավորված պատասխանները, միմյանց չընդհատելը, հարգալից խոսելը, համեստ վարքագիծը, ինքնատիրապետումը և այլ հատկանիշներ ձեզ կառանձնացնեն մյուսներից։ Շատ սկսնակներ նախապես տրամադրված են վատ սցենարին (օրինակ՝ հարցազրուցավարի վատ պահվածքին) կամ ունեն գերուռճացված էգո, որը թույլ չի տալիս գնալ փոխզիջումների։ Փորձեք դրսևորել ձեր լավագույն հատկանիշները, տրամադրվել հարցազրույցին դրական և լինել սենյակում ամենապրոֆեսիոնալը՝ անկախ հարցազրուցավարի վարքից։

Մի փնտրեք դասընթացներ, մենթորներ, ուսուցիչներ, որպեսզի սովորեք կամ լրացնեք այս կամ այն բացը

Համացանցում կան մի շարք ռեսուրսներ, որոնցից օգտվելով կարող եք արագ լրացնել բացերը։ Մասնավորապես խոսքն անգլերենի մասին է։ Շատերը հակված են անգլերենի անհատական դասեր փնտրելուն, մինչդեռ ամենահարմար ու ամենատարատեսակ ռեսուրսներն ու հավելվածներն անվճար լողում են համացանցում։ Պետք է միայն կազմել փոքրիկ պլան ու հաստատուն քայլերով զբաղվել ինքնակրթությամբ։ Եթե դուք սպասում եք, որ ձեզ օգնեն, ուղղորդեն, աջակցեն, ապա հիշեք, որ հերթի մեջ կան հազարավոր նույն կերպ մտածող սկսնակներ։ Ինքնուրույնությունն ու նախաձեռնողականությունը կարող է դառնալ հենց ձեր մրցակցային առավելությունը։

Քայլ 2։ Կազմել գրագետ ինքնակենսագրական և LinkedIn պրոֆիլ

Ինքնակենսագրական կազմելիս՝ ուշադրություն դարձրեք ակնհայտ ու ոչ ակնհայտ պահանջներին կամ կանոններին, որոնց հետևում են ՏՏ ոլորտում գրեթե բոլորը։ Կանոններից ամենատարածվածը ինքնակենսագրականի լեզուն է՝ այն պետք է կազմվի անգլերենով։ Սա կարող է մեծ բանավեճ դառնալ տարբեր մարդկանց մոտ, բայց երբեմն պետք է համակերպվել շուկայի իրականությանը և ներկայանալ ինքնակենսագրականով, որը հասկանալի կլինի նաև միջազգային շուկայում։ Վերջիվերջո, շատ են դեպքերը, երբ դուք դիմելու եք միջազգային ընկերության հայաստանյան մասնաճյուղ, որտեղ ընդունելությունն անցնում է նախապես սահմանված ընթացակարգերով, այդ թվում՝ գլխամասի վերանայմամբ և հաստատմամբ։

Ինքնակենսագրական կազմելու համար կարող եք օգտվել մի շարք ազատ ռեսուրսներից, ինչպիսիք են՝ resume.io, cvmaker.com կամ այլ հարթակներ։ Բավարար է որոնել համացանցում «cv maker», «create cv», «create resume» կամ ցանկացած նմանատիպ արտահայտություններ և մի փոքր ժամանակ տրամադրել գործիքներն ուսումնասիրելու վրա։ Վերջիվերջո, ինքնակենսագրական հնարավոր է կազմել նաև տեքստային խմբագրով։ Կարևոր է ինքնակենսագրականը տարածել PDF ֆորմատով։ Խուսափեք WORD/X կամ այլ ֆորմատներից։

Ինքնակենսագրականում պարտադիր ներառեք

  • Կոնտակտային տվյալները (email address, phone number), բայց ոչ գրանցման կամ ֆիզիկական հասցե։ Ֆիզիկական հասցեն կարող եք ներառել միայն միջազգային կամ հեռավար աշխատանքի դիմելիս, այն էլ՝ նշելով միայն երկիրն ու քաղաքը։
  • GitHub պրոֆիլի հղումը
  • Կատարված նախագծերի համառոտ նկարագրությունները, այդ թվում՝ օգտագործված լեզուները, տեխնոլոգիաներն ու ֆրեյմվորկները։ Ցանկալի է նաև նշել ինչ-որ սպեցիֆիկ խնդիր, որը լուծել եք նախագծի կատարման ժամանակ։
  • Ձեր իրական գիտելիքներն ու հմտությունները ցանկալի է՝ գնահատման սանդղակով, օրինակ՝ JavaScript (7/10), MongoDB (2/10)։ Գնահատումն արհեստական է, բայց սա հնարավորություն կտա ինքնակենսագրականը կարդացողին փոխանցել, որ դուք չեք փորձում ձևացնել՝ իբրև կատարյալ տիրապետում եք այս կամ այն գործիքին, փոխարենը՝ հնարավորություն ունեք նշել գործիքների և տեխնոլոգիաների ավելի լայն քանակ՝ համապատասխան գնահատականով։

Հետևեք այս կետերին ինքնակենսագրականը կազմելիս

  • Բացառեք տառասխալները։ Խիստ կարևոր է չթողնել տառասխալներ, որովհետև սա անուշադրության նշան է։ ՏՏ ընկերությունները սիրում են «դետալներին ուշադիր լինել» (detail-oriented), իսկ տառասխալն ինքնակենսագրականում հուշում է այն մասին, որ դուք ոչ միայն ուշադիր չեք դետալներին, այլ նաև իմիջիայլոց եք վերաբերվում ընկերության հետ առաջին կոնտակտին։
  • Հետևողական եղեք ֆորմատի հարցում։ Ինքնակենսագրականի տեքստում պահպանեք հետևողականությունն ու ընդհանուր ֆորմատը։ Օրինակ՝ բացառեք լրացուցիչ բացատները (space), պահպանեք մեծատառերի ու փոքրատառերի հաստատունությունը, օրինակ՝ «Design Patterns, Algorithms and data structures» արտահայտության մեջ «Data Structures» ևս գրեք մեծատառով։ Կետադրական նշանից հետո դրեք բացատ, բայց դրանից առաջ բացատ պետք չէ։ Տառասխալներն ու նման անճշտությունները բացառելու համար ցանկալի է օգտագործել գործիքներ, ինչպիսիք են Grammarly-ն։
  • Բացառեք սուտը։ Սկսնակները սեփական ինքնակենսագրականը ճոխ ցույց տալու համար փորձում են ավելացնել բոլոր լեզուների, տեխնոլոգիաների, ֆրեյմվորկների անունները, որոնց երբևէ հանդիպել կամ լսել են։ Ինքնակենսագրականում նշված ցանկացած տեխնոլոգիա դիտվում է այնպես, իբրև դուք շատ վստահ տիրապետում եք դրան։ Եթե կա լեզու, տեխնոլոգիա, ֆրեյմվորկ, հմտություն, որին վստահ չեք տիրապետում, բայց կիրառել եք աշխատանքում, ապա կարող եք ներկայացնել դա գնահատման սանդղակով, օրինակ՝ 2/10, 3/10, կամ կարճ մեկնաբանությունով, օրինակ՝ OOP (theoretical), կամ MongoDB (basic CRUD interface)։
  • Չներառեք լուսանկար։ Դուք դիմելու եք նախագծման, ծրագրավորման, թեստավորման, կամ այլ ՏՏ հաստիքի։ Ձեզ երբեք չեն դիտարկելու տեսքի համար, ավելին՝ չկա ՏՏ ընկերություն, որտեղ ծրագրավորողի տեսքն առաջնահերթ լինի հմտություններից։ Լուսանկար պետք չէ ներառել, իսկ ներառելու դեպքում կարող է ունենալ բացասական ազդեցություն։ Միշտ չէ, որ բոլորն ունեն նույն ճաշակը, խուսափեք ռիսկերից՝ ունեցեք ֆորմալ ինքնակենսագրական։
  • Խուսափեք կլիշեներից։ Մի ներառեք անընդհատ կրկնվող ու արժեզրկված հմտություններ ու արտահայտություններ, օրինակ՝ problem solver, quick learner, detail-oriented, team player։ Բոլոր ընկերությունները ենթադրում են, որ դիմորդն արդեն ունի այդ հատկանիշները, իսկ բացակայության դեպքում կարող են ստուգել հարցազրույցին։ Հատկապես տարօրինակ է, երբ ինքնակենսագրականում նշվում է «detail-oriented», բայց նույն ինքնակենսագրականում կան մեկից ավել տառասխալներ, անհավասար կազմված սեկցիաներ, անհասկանալի բացատներ կետադրական նշաններից առաջ։
  • Հոբբի նշելը պարտադիր չէ։ Սա երբեք չգիտեք, թե ինչ ազդեցություն կունենա։ Որոշ ընկերություններում հարցազրուցավարը կարող է ատել շախմատն ու շախմատ սիրողներին, իսկ դուք ձեր ինքնակենսագրականում նշել եք «Chess Lover», իսկ որոշ հարցազրուցավարներ, ընդհակառակը, կուրախանան, որ դուք նաև շախմատի սիրահար եք։ Նմանատիպ ռիսկերը ճիշտ գնահատելու համար փորձեք տարանջատել անձնական հետաքրքրությունները պրոֆեսիոնալ աշխատանքից։ Դուք դիմում եք աշխատանքի ձեր պրոֆեսիոնալ հմտությունները կիրառելու և համապատասխան վարձատրվելու համար, ընդունող հանձնաժողովին կամ հարցազրուցավարներին բացարձակ հետաքրքիր չէ, թե ինչ ժանրի երաժշտություն եք լսում ազատ ժամանակ կամ կոդ գրելիս։

Վերոնշյալ կետերը նաև վերաբերում են LinkedIn հարթակին, բացառությամբ լուսանկարի։ Այստեղ լուսանկարի բացակայությունը լրիվ հակառակ ազդեցությունն է թողնում։

Պարտադիր ունեցեք պրոֆեսիոնալ լուսանկար և տեղադրեք LinkedIn-ում։

Ինքնակենսագրականի օրինակ

https://issuu.com/vardanator/docs/academy-student-cv-template

Ինքնակենսագրականում ցանկալի է ներառել կոնտակտային տվյալներն ամենասկզբում.

Ցանկալի է նաև ներառել համառոտ ամփոփ նկարագրություն (Summary), որը կնկարագրի ձեր անցած ճանապարհը, գիտելիքները, հմտություններն ու պատրաստակամ տրամադրվածությունը։ Summary-ից անմիջապես հետո ավելացրեք առանցքային գիտելիքներն ու հմտությունները.

Ուսանողներն աշխատանքային ֆորմալ փորձ հաճախ չունեն, բայց դա չի խանգարում ինքնակենսագրականում նշել նախագծերն ու պրոդուկտները, որոնց վրա աշխատել եք, ընդ որում՝ խոսքը գնում է ոչ թե պարզ ուսումնական նախագծերի կամ տնային հանձնարարությունների մասին, այլ միջին կամ մեծ նախագծերի, որոնց իրականացումը կարող է տևել ամիսներ։ Անհրաժեշտ է հնարավորինս մանրամասն ներկայացնել պրոդուկտի կամ նախագծի կառուցվածքն ու լուծված խնդիրները։

Պարտադիր կարգի բերեք ձեր GitHub պրոֆիլը։ Ավելացրեք բոլոր նախագծերը համապատասխան ռեպոզիտորիաներում և փորձեք ցուցադրել լավագույն ձեր աշխատանքները։ Կոդի որակը պահեք բարձր, ընթեռնելի և ունեցեք կոկիկ ռեպոզիտորիաներ, որոնք պոտենցիալ գործատուն կկարողանա արագ ուսումնասիրել և դրական հետևություն անել։

Վերջում կարող եք ավելացնել կրթությունը, մասնավոր կրթական կենտրոնների ուսումնառության փորձը, ինչպես նաև մասնագիտականին առնչվող այլ նախաձեռնություններ։

Ձգտեք, որպեսզի ինքնակենսագրականի էջերի քանակը չգերազանցի 1-ը։

Քայլ 3. Աշխատանքի որոնումները

Մինչև աշխատանքի հայտարարություններ կարդալը, փորձեք ցուցակագրել, թե ինչ որակավորումներով աշխատանք եք նախընտրում կամ փնտրում։ Չնայած գայթակղությանը դիմել ցանկացած աշխատանքի, անհրաժեշտ է տեսակավորել և համբերատար լինել, որպեսզի ուսումնական կարիերան չխափանվի։ Խուճապից կամ արհեստական սահմանված վերջնաժամկետներից ելնելով լինում են դեպքեր, երբ ուսանողները փոխում են մասնագիտացումը, օրինակ՝ C++ ծրագրավորողից դեպի Manual QA հաստիք։ Սա իհարկե վատ չէ, բայց այսպես ձեր կարիերայում առաջին աշխատանքը կարող է ազդել հետագա ուղղվածությանը կամ աճին։

Ցուցակագրեք ձեր նախընտրությունները, զինվեք համբերությամբ և աշխատանքին դիմելուն զուգահեռ աշխատեք մեծ նախագծի իրականացման վրա։ Աշխատանքի որոնումների ընթացքում երբեք չդադարեք ինքնակրթվելն ու նախագծի վրա աշխատելը։ Երբեմն աշխատանք գտնելը կարող է տևել ամիսներ և այդ ամիսների ընթացքում սպասողական տրամադրվածության պատճառով դժվար է կենտրոնանալ ինչ-որ հստակ ուղղվածության վրա։ Կարծես անընդհատ սպասում եք պատասխանի այս կամ այն ընկերությունից և «իմաստ» չկա երկարատև պլանավորել այլ բան, սակայն շաբաթները կարող են անցնել, իսկ արդյունքում չի վերջանում անորոշությունը, բայց նաև չեք կարողանում կենտրոնանալ ինչ-որ մեծ նախագծի վրա։ Խնդրին լուծում կարող է լինել մեծ նախագծի վրա շարունակական աշխատելը, որին զուգահեռ կդիմեք տարբեր հաստիքների։

Հիշեք հիմնական չգրված կանոնները.

  • Ծանրութեթև անել այն հավաքագրողների (recruiter) կամ HRM-ների խորհուրդները, որոնք խորհուրդ են տալու տեսնել և վերլուծել աշխատանքի հայտարարություններն ու ըստ դրա փոփոխել մասնագիտացումը։ Փոխարենը ունեցեք կենտրոնացում, լրացրեք գիտելիքների ու հմտությունների բացերը, միշտ աշխատեք նախագծի վրա։ Խուսափեք պարզ ուսումնական առաջադրանքներից (ենթադրվում է, որ դրանք բազմիցս իրականացրել եք) և իրականացրեք ամբողջական աշխատող պրոդուկտ, որքան էլ դա երկար տևի։
  • Չլսել սկսնակ ընկերներին, որոնք ևս չունեն աշխատանք։ Խորհուրդ պետք չէ լսել այն մարդկանցից, որոնք սեփական փորձով չեն կարողանա հիմնավորել իրենց խորհուրդը։ Սկսնակներն առավել զգայուն են կողմնակի ազդեցությունների հանդեպ։ Մի քանի անգամ տարբեր մարդկանցից լսելով, օրինակ՝ Flutter բառը, սկսնակը կարող է ներքին խուճապի ենթարկվելով՝ սկսել փոխել ուղղությունը դեպի մոբայլ ծրագրավորում Flutter ֆրեյմվորկով։ Սխալ մոտեցում է որոշումներն ու ուղղվածությունը հաճախակի փոխելը։ Ճիշտ մոտեցում է ավարտել սկսածը, իրականացնել նախագծեր, այնուհետև սկսել ուսումնասիրել նոր ենթաոլորտներ։
  • Չտրվել սեփական վախերին։ Վախերը առաջանում են արհեստական սահմանված ժամկետներից։ Գրեթե միշտ սկսնակները սահմանում են կեղծ ժամկետներ, օրինակ՝ ավարտելով համալսարանը կամ ուսումնական կենտրոնը՝ սահմանում են մեկ կամ երկու ամիս ժամանակ աշխատանք գտնելու համար։ Հիշեք Ժորային և շուկային, որի համար Ժորայի շրջանավարտ դառնալն ավելի քիչ ազդեցություն ունի, քան եղանակի փոփոխությունները։ Արհեստական սահմանված վերջնաժամկետը հանգեցնում է խուճապի, ընկճվածության, վախերի աճի, եթե չի ստացվում գտնել աշխատանք համապատասխան ժամանակահատվածում։

Վախերի վրա կարող են ազդել նաև AI-ի և AI գործիքների սրընթաց զարգացումը։ Սա վախի զգացողություն առաջացնում է նաև փորձառու ծրագրավորողների մոտ։ Շատ ծրագրավորողներ, որոնք օգտվում են ChatGPT-ից կամ GitHub Copilot-ից, բարձրացնում են իրենց արդյունավետությունն առնվազն 4–5 անգամ։ Շատ դեպքերում GitHub Copilot կամ նմանատիպ գործիքներ օգտագործելն ավելի հաճելի է ու արագ, քան նույն առաջադրանքը կրտսեր ծրագրավորողին հանձնարարելը։

Փորձառու ծրագրավորողներն արդեն կանխազգում են, որ զարգացման տեմպը շարունակվելու դեպքում AI գործիքները նաև կսկսեն ավելի բարդ նախագծեր իրականացնել և հնարավոր է՝ ինչ-որ կետում ծրագրավորողների պահանջը կտրուկ նվազի։ Սա պետք չէ դիտարկել որպես կրիտիկական սցենար, այլ անհրաժեշտ է հնարավորինս ադապտացվել մարտահրավերներին, մասնավորապես՝ դառնալ համակարգերի նախագծող, ոչ թե կոդ գրող (coder)։ Ակադեմիայում բազմիցս քարոզել և պնդել ենք ֆունդամենտալ կրթության կարևորությունը՝ բարդ ինժեներական խնդիրներ լուծելուն պատրաստ լինելու համար, այս անգամ ևս բացառություն չէ և կրկնում ենք նույնը՝ չկենտրոնանալ կոնկրետ լեզվի կամ տեխնոլոգիայի վրա։ Լեզուն և տեխնոլոգիան գործիք է, որն օգտագործում եք խնդիրների լուծումները կյանքի կոչելու համար։

Հաջորդ սերնդի ծրագրավորողը մեծ համակարգերի նախագծողն է

Հաջորդ սերնդի ծրագրավորողն արդեն կոնկրետ գործիք օգտագործողը չէ, այլ մեծ համակարգերի նախագծողն է, որը կարող է միաժամանակ կիրառել մի քանի լեզուներ ու տեխնոլոգիաներ, ընդ որում՝ հանձնարարելով դրանք իր AI օգնականին։ Պատկերացրեք մասնագետ, որը նախագծում է ամբողջական համակարգեր, սահմանում կոմպոնենտներն ու դրանց փոխհարաբերությունները, իսկ արդեն փոքր կտորների իրականացումը հանձնարարում AI օգնականին, բայց ի վիճակի է նաև ստուգել օգնականի կատարված աշխատանքն ու կատարել շտկումներ՝ ըստ անհրաժեշտության։ Ակադեմիայում ունենք հատուկ դասընթաց՝ նմանատիպ մասնագետներ կրթելու համար, համակարգի նախագծողներ, որոնք օգտագործում են միաժամանակ մի քանի լեզուներ և տեխնոլոգիաներ։ Կրթական ծրագրի անունը Academy Blueprint է։

Աշխատանքի տեղավորվելն ավելի նպատակահարմար է կազմակերպել կենտրոնացված, մասնավորապես՝ հստակ ցուցակագրելով կազմակերպությունների ցանկը, որտեղ կցանկանաք աշխատել։ Սա հետաքննական փոքրիկ նախագիծ կլինի, որը շատ օգտակար է թե՛ աշխատանքի տեղավորվելու համար, թե՛ հնարավոր հարցազրույցին դրական տպավորություն թողնելու համար, որովհետև նախապես տեղեկացված կլինեք այն ընկերության մասին, որտեղ պատրաստվում եք աշխատել։ Կազմեք ընկերությունների ցանկը, սկսեք ուսումնասիրել բաց հասանելի ռեսուրսները, ծանոթացեք ընկերությանը, դրա կողմից ներկայացվող նյութերին, պահանջներին, վերջին և ընթացիկ հաստիքներին։ Հաստիքների գերակշռող մասն իհարկե կպահանջի «Senior Software Engineer» կամ նմանատիպ վերնագրով ավագ ծրագրավորողների։

Պետք չէ ընկճվել նրանից, որ ընկերությունները կարծես «միշտ» փնտրում են միայն ավագ ծրագրավորողների։ Հիշեք կամ վերընթերցեք հոդվածի սկիզբը, որտեղ նշվում են պատճառներն ու ընկերությունների ակնկալիքները, իսկ հաստիքների նկարագրություններն ուսումնասիրելիս՝ դուք կկարողանաք պատկերացում կազմել օգտագործվող գործիքների, տեխնոլոգիաների, լեզուների մասին, որոնց միջոցով կկարողանաք համալրել պորտֆոլիոն և հմտությունների ցանկը։ Փորձեք նաև իրականացնել ձեր նախընտրած ընկերության կողմից շուկային առաջարկվող պրոդուկտի ձեր տարբերակը։ Սա շատ դրական է ընկալվում ընկերությունների կողմից և երբեմն, նույնիսկ չունենալով համապատասխան հաստիք, ընկերությունը պատրաստ է ընդառաջել և ընդունել էնտուզիազստիկ սկսնակին։ Նաև կարևոր է ուշադրություն դարձնել հենց ընկերության կարիերայի բաժնին։ Երբեմն աշխատանքի հայտարարություններում կարող է չլինել ինֆորմացիա որոշ ընկերությունների թափուր հաստիքների մասին, բայց այդ հաստիքները հրապարակվեն անմիջապես ընկերության վեբ կայքի կարիերայի բաժնում։ Կարող եք ձեր հավանած կամ նպատակային ընկերությունների վեբ կայքերում փնտրել, օրինակ՝ Careers անունով էջ։

Այսպես, խորհուրդ չի տրվում ինքնակենսագրականն ուղարկել բոլոր հնարավոր ընկերություններին, բայց նաև զերծ չենք պահում այդ քայլից։ Լինում են դեպքեր, երբ նույնիսկ փորձառու ծրագրավորող փնտրող ընկերությունները, ստանալով սկսնակի ինքնակենսագրականը, փորձում են կազմակերպել հարցազրույց, եթե նկատում են ինքնակենսագրականում իրականացված նախագիծ, որը տեխնոլոգիաների կամ խնդիրների առումով մոտ է իրենց ընկերության ընթացիկ առաջադրանքներին։

Քայլ 4. Ինչպես դիմել աշխատանքի

Մինչև աշխատանքի հայտարարությանն արձագանքելը, փորձեք մանրամասն ծանոթանալ հենց աշխատանքի բնույթին։ Կարևոր կետերն են՝ պահանջվող աշխատանքային փորձը, աշխատանքային պարտականությունները, պահանջվող գիտելիքներն ու հմտությունները, ինչպես նաև ցանկալի հմտությունները։

Աշխատանքային փորձը հազվադեպ կարող է չպահանջվել, սովորաբար ընկերությունները ոչ միայն նշում են պահանջվող տարիների քանակը, այլև պահանջվող ծրագրավորողի մակարդակի անվանումը, օրինակ՝ Senior։ Սկսնակներին զերծ չենք պահում դիմել աշխատանքի հայտարարություններին, նույնիսկ եթե նշված է, որ աշխատանքային փորձը պարտադիր է, բայց խուսափեք դիմել հաստիքների, որտեղ պահանջվող աշխատանքային փորձն ավելին է, քան երկու տարին, ինչպես նաև վերնագրում պարունակում է Mid-Level, Middle, Senior, Staff Engineer, և այլ ավելի բարձր մակարդակներ։ Նման դեպքերում ձեր ինքնակենսագրականն ընդամենն անտեսվելու է։

Աշխատանքային փորձի պահանջին բացասաբար պետք չէ տրամադրվել

Շատ քիչ ընկերություններ են պատրաստ ներդնել ժամանակ և ֆինանսներ՝ բացարձակ սկսնակին կրթելու և որպես մասնագետ կայացնելու համար։ Փորձեք ձեռք բերել պահանջվող «փորձը»՝ սեփական մեծ նախագծերի վրա աշխատելով կամ այնպիսի եզակի ուսումնական հաստատություններում, ինչպիսին է Picsart Academy-ն։

Շուկայում հազվադեպ են պատահում ուսումնական հաստատություններ, որտեղ կազմակերպվում են պրակտիկայի երկարատև ծրագրեր կամ նույնիսկ՝ ամբողջական պրոդուկտների իրականացումներ։

Փորձեք մասը դառնալ նման միջավայրի, որովհետև այդ կերպ ոչ միայն ձեռք կբերեք աշխատանքային փորձ, այլ նաև կինտեգրվեք ինժեներական մշակույթում։ Ընթերցեք հոդվածի սկիզբը ևս մեկ անգամ, որտեղ մանրամասն նշվում է աշխատանքային փորձի պահանջների իրական պատճառները։

Աշխատանքի հայտարարությանն արձագանքելիս՝ սովորաբար էլ. փոստով ուղարկվում է ինքնակենսագրականը։ Այստեղ խիստ կարևոր է պահպանել մի քանի կետեր.

Նամակի Subject բաժինը երբեք դատարկ չթողնել

Ցանկալի է նշել անմիջապես հաստիքի անվանումը, որին դիմում եք։ Օրինակ՝ եթե դիմում եք Junior Software Engineer հաստիքին, ապա Subject-ում հենց այդպես էլ գրեք։ Երբեմն աշխատանքի հայտարարություններում հենց պարունակվում է ինֆորմացիա, թե ինչ է անհրաժեշտ գրել նամակի Subject բաժնում։ Սրանով գործատուն նաև կարող է ստուգել թեկնածուի ուշադրությունը։

Նամակի մարմինը դատարկ չթողնել

Առնվազն անհրաժեշտ է ողջունել գործատուին, և ֆորմալ ձևով նշել, որ ձեր ինքնակենսագրականը կցված է նամակին։ Որոշ դեպքերում ցանկալի է նաև գրել ամբողջական «cover letter», որտեղ նկարագրում եք ձեզ, ձեր նպատակները, սերը դեպի տեխնոլոգիաները, գովեստի խոսքեր ընկերությանը և ձեր անհագ ցանկությունը՝ տվյալ ընկերությունում աշխատելու։ Դրան կարող եք ավելացնել նաև շնորհակալական խոսքեր՝ թեկնածությունը դիտարկելու համար։ Ամեն դեպքում, փորձեք նամակը կազմել համառոտ, բացառեք կեղծ և կրկնվող արտահայտությունները և հիշեք, որ հավաքագրողը շատ զբաղված է և կարող է բավարար ժամանակ չտրամադրել երկար նամակներին և երկար ինքնակենսագրականներին, դրա համար միշտ ներկայացրեք կարևոր ինֆորմացիան՝ համառոտ և թիրախային կերպով։ Տեքստը կազմեք անգլերենով, առանց սխալների և հետևեք ֆորմալ նամակագրության կանոններին, բայց բացառեք «I hope this email finds you well» և նմանատիպ անիմաստ արտահայատությունները։ Շատ համառոտ նամակի օրինակ՝

Dear [Recipient’s Name],

Please find attached my resume for the [Job Title] position.
Looking forward to the opportunity to discuss my application.

Best,
[Your Name]

Ինքնակենսագրականի PDF ֆայլի անվանումը գրել կոկիկ

Ինքնակենսագրականի PDF ֆայլի անվանումը գրել կոկիկ, առանց սխալների և ավելորդությունների, ցանկալի է նշել անուն, ազգանուն և cv բառը՝ «name-lastname-cv.pdf»։ Փորձեք ֆայլի անվանումն ընդամենը «cv.pdf» կամ «resume.pdf» կամ առավել ևս՝ «my CV.pdf» չդնել։ Հիշեք, որ հավաքագրողներն ու HRM-ները կարող են ստանալ հարյուրավոր ինքնակենսագրականներ և անհամատեղելի անուններով ֆայլերը ներբեռնելիս՝ մասնագետի մոտ շատ շուտով կուտակվում են cv.pdf, cv (1).pdf, cv (2).pdf և այլ ֆայլեր, որոնք կարող են խճճել, կորել, կամ շփոթեցնել համապատասխան մասնագետին։ Շատ ավելի հարմար է միանգամից նշել ձեր անունը ֆայլում, ցանկալի է առանց բացատների և ամբողջ ֆայլի անվանումը գրել փոքրատառերով։ Եվ իհարկե, չմոռանաք կցել ինքնակենսագրականի ֆայլը նամակում։

Զգուշացեք ChatGPT-ի գեներացված տեքստերից

Անպայման օգտագործեք գործիքներ, որոնք կօգնեն ձեզ զերծ մնալ տառասխալներից և կբարձրացնեն ձեր արդյունավետությունը, բայց միշտ վերանայեք տեքստն ուղարկելուց առաջ։ Նախ պետք չէ անմիջապես պատճենել ChatGPT գեներացված տեքստը, որովհետև այն պատճենվում է նաև սպեցիֆիկ ֆորմատով, ինչը միանգամից հուշում է գործիքի օգտագործման մասին։ Բացի դա, նման գեներացված տեքստերը շատ ստանդարտ են և պարունակում են մի շարք ավելորդություններ, օրինակ՝ վերոնշյալ «I hope this email finds you well»-ը։ Փորձեք գրագետ մուտքերի միջոցով ChatGPT-ից ստանալ մի փոքր տարբերվող ու հստակ տեքստ։

Քայլ 5. Ինչպես սպասել պատասխանին

Ձեր ինքնակենսագրականն ուղարկելուց անմիջապես հետո մոռացեք աշխատանքի հայտարարության մասին։ Կենտրոնացեք ձեր նախագծի կամ գիտելիքների բացերը լրացնելու վրա և շարունակեք ինքնակրթվել նույն տեմպով (ենթադրվում է, որ ինքնակրթվում եք առանց ժամանակ վատնելու)։

Եղեք համբերատար և մի փորձեք յուրաքանչյուր ժամ սպասել զանգի կամ պատասխան նամակի։ Միջինում ընկերության արձագանքը կարող է տատանվել 2 օրից մինչև նույնիսկ մեկ ամիս։ Առաջին երկու շաբաթվա ընթացքում պատասխան չստանալու դեպքում կարող եք ենթադրել, որ ձեր թեկնածությունը չի դիտարկվել, ինչը պետք չէ ընդունել որպես ընկճվելու առիթ, փոխարենը վերընթերցեք հոդվածն ու կիրառեք բոլոր խորհուրդները։

Բացառիկ դեպքերում կարող եք նաև կապ հաստատել ընկերության ներկայացուցիչների հետ՝ թեկնածությունը դիտարկելու կարգավիճակը ստուգելու համար, բայց սա հազվադեպ է դրական արդյունք տալիս։ Եթե ձեզ գրել են հավաքագրողները, օրինակ՝ LinkedIn հարթակում, ապա դա շատ լավ հնարավորություն է անմիջապես հավաքագրողից ճշտել համապատասխան կարգավիճակը։ Վերջինս ևս պետք է անել զգուշությամբ, միշտ հիշեք, որ անհրաժեշտ է հարգել գործընկերների ժամանակը և չչարաշահել ֆորմալ քաղաքավարությունը։

Այսպես, եթե չունեք արձագանք, ապա

  • Մեկ շաբաթ անց կարող եք կապ հաստատել ընկերության Recruiter կամ HRM պաշտոնով աշխատակցին։ Ցանկալի է դա կազմակերպել LinkedIn հարթակի միջոցով։ Խուսափեք զանգելուց, բայց անորոշության խուճապից դուրս գալու համար՝ կարող եք դիմել ծայրահեղական այդ քայլին։
  • Եթե դուք չեք նախաձեռնել, այլ հավաքագրողն է ձեզ ուղարկել հարցումը (սովորաբար՝ LinkedIn հարթակով), ապա ինքնակենսագրականն ուղարկելուց երկու օր անց կարող եք ճշտել հավաքագրողից ընդունելության կարգավիճակի մասին։ Պահպանեք նամակագրության բոլոր ֆորմալ նորմերը։ Եթե չեք պատկերացնում, թե որոնք են ֆորմալ նորմերը, ապա փորձեք միշտ լինել զուսպ, թույլ չտալ ավելորդություններ, չտալ տարօրինակ գնահատականներ ընկերությանը կամ հավաքագրողին, չերևալ գերլավատես կամ գերվատատես, չօգտագործել անիմաստ էմոջիներ կամ անհասկանալի քանակի փակող փակագծեր))))։ ֆորմալ նամակի օրինակ կարող է լինել սա. «Հարգելի՛ <հավաքագրողի անուն>, ցանկանում էի ճշտել իմ թեկնածության կարգավիճակը։ Ըստ հնարավորության կխնդրեմ տեղեկացնել։ Շնորհակալություն։» Նամակն ուղարկելուց հետո յուրաքանչյուր անգամ, երբ կցանկանաք կապ հաստատել հավաքագրողի հետ, պատկերացրեք, որ ձեր շանսերը դրանով երկու անգամ նվազում են։ Դա կօգնի ավելի համբերատար սպասել պատասխանին։ Պրոֆեսիոնալ հավաքագրողներն օգտագործում են մի շարք գործիքներ, որոնք բարձրացնում են արդյունավետությունն ու հնարավորություն տալիս չմոռանալ թեկնածուների մասին։ Երկար ժամանակ պատասխան չլինելը դեռևս չի նշանակում, որ ձեզ մոռացել են։

Շատ դեպքերում կարիք չկա լրացուցիչ ճշտել կարգավիճակը, որովհետև լավ թեկնածուին գրեթե ոչ մի ընկերություն չի ցանկանա բաց թողնել և հնարավորինս արագ կապ են հաստատում և արձագանքում են՝ փորձելով ստաբիլ կապ պահել թեկնածուի հետ ամբողջ ընդունելության ընթացքում։ Սա կատարյալ աշխարհում, իսկ իրական աշխարհում ՏՏ ընկերությունների, դրանց աշխատակիցների, պատասխանատվության և ընթացակարգերի մասին ավելի լավ պատկերացնելու համար՝ կարող եք դիտել HBO-ի «Chernobyl» բազմասերիանոց ֆիլմը, որը կարելի է դիտարկել ցանկացած ՏՏ ընկերության ներքին աշխատանքային խնդիրների կամ ձախողումների փաստավավերագրական ֆիլմ։

Հոդվածի վերջում կգտնեք «կեղտոտ» խորհուրդներ, թե ինչպես բարձրացնել հարցազրույցի հրավեր ստանալու շանսերը։

Քայլ 6. Հարցազրույց

Հարցազրույցի հրավերը մեծամասամբ սկսվում է զանգով։ Զանգը կարող է լինել երկու տարբեր անձանցից.

  • HRM մասնագետից, որ կազմակերպում է առաջիկա հանդիպումը, որը կարող է լինել ճանաչողական հարցազրույց կամ միանգամից տեխնիկական։
  • Տեխնիկական մասնագետից, որը կարող է նաև կազմակերպել հեռախոսային կարճ հարցազրույց։ Վերջինս հաճախ անվանում են phone screening։

Վերջին տարիներին հաճախ հարցազրույցները կազմակերպվում են հեռավար, ինչը խնայում է և՛ ժամանակը, և՛ տալիս է ճկունություն հարցազրույցի ամսաթվի կամ ժամի կազմակերպման մասով։ Դուք պետք է պատրաստ լինեք բոլոր տարբերակներին։ Եթե հարցազրույցը կազմակերպվելու է գրասենյակում, սովորաբար կապ հաստատող աշխատակիցն արդեն առաջարկում է նախապես ֆիքսված օր և ժամ։ Ըստ անհրաժեշտության՝ կարող եք պայմանավորվել հարցազրույցը տեղափոխել ավելի ուշ, եթե վստահ չեք և ցանկանում եք ավելի լավ պատրաստվել, բայց լավագույն դեպքում կարող եք շահել ոչ ավել քան մեկ շաբաթ։ Ամեն դեպքում այդ մեկ շաբաթում սովորաբար ավելի լավ եք պատրաստվում, քան մինչև հարցազրույցի հրավերը ստանալը։

Վախը և անհանգստությունը ստիպելու են ընդհանրապես ժամանակ չկորցնել և առավոտից մինչև ուշ գիշեր պատրաստվել հարցազրույցին։

Պատրաստվելու ընթացքում ձեզ մոտ կարող է առաջանալ ափսոսանք բոլոր այն օրերի համար, որոնք վատնել եք և չեք օգտագործել այս հարցազրույցին ավելի պատրաստ լինելու համար։ Նման զգացողություններից խուսափելու համար անկախ հարցազրույցի հրավերից, ամեն օրն օգտագործեք արդյունավետ և խուսափեք ժամանակն անիմաստ վատնելուց։

Մինչև հարցազրույցի մանրամասները քննարկելը, կարևոր է հիշել, որ հարցազրույցին պետք է հնարավորինս լավ պատրաստված գնալ։ Ցանկալի չէ գնալ հարցազրույցին միայն ուժերը փորձելու համար, որովհետև կազմակերպություններում հարցազրույցի արդյունքները ֆիքսվում են և 6–12 ամիսների ընթացքում կարող է նույն կազմակերպությունից առաջարկ չստանաք՝ հիմնվելով նախորդ հարցազրույցի արդյունքների վրա։ Ավելի լավ է փորձնական հարցազրույցները կազմակերպել դասընկերների հետ կամ կրթական հաստատությունում, որտեղ սովորում կամ սովորել եք (օրինակ՝ Picsart Academy-ում փորձում ենք հաճախակի կազմակերպել փորձնական հարցազրույցներ, որպեսզի շրջանավարտներն ունենան իրական պատկերացումներ սպասվող տեխնիկական հարցազրույցների մասին)։

Նախքան անմիջապես տեխնիկական հարցազրույցը սկսելը, հիշեք.

  • Անհրաժեշտ է ներկայանալ ժամանակին
  • Փորձեք շատ պաշտոնական չհագնվել
  • Չօգտագործեք մեծ քանակի օծանելիք
  • Եթե ծխող եք, ապա խուսափեք անմիջապես հարցազրույցից առաջ ծխելուց
  • Հարցազրույցի ընթացքում ծամոն չծամեք
  • Փորձեք դրսևորել համեստ վարքագիծ
  • Անջատեք հեռախոսը
  • Ամենակարևորը՝ չլարվեք։ Հարցազրույցը դատական գործընթաց չէ։ Դուք ընդամենը շփվում եք մեկ այլ մասնագետի հետ, իսկ այդ մասնագետի որոշումը չի կարող ծայրահեղական լինել ձեր կարիերայի համար։

Հարցազրույցը դիտարկեք երկկողմանի շփում, որի ընթացքում հարցազրուցավարները փորձելու են պարզել ձեր ուժեղ կողմերը, իսկ դուք հասկանաք՝ կցանկանայիք արդյոք ամեն աշխատանքային օր աշխատել հարցազրուցավարների հետ մեկ թիմում։ Սովորաբար հարցազրուցավարները դա ևս ենթագիտակցորեն փորձում են հասկանալ ու տհաճ տպավորություն ստանալու դեպքում, նույնիսկ եթե տեխնիկական գիտելիքները բավարար են, աշխատանքի առաջարկ կարող է չստանաք։ Սա չի նշանակում, որ պետք է կեղծել պահվածքը, բայց միշտ հիշեք, որ գործի մեջ հմտացած մասնագետը միշտ լինում է համեստ և ինքնավստահ, միևնույն ժամանակ չի կաշկանդվում ընդունել սխալները կամ բացերը։

Տեխնիկական հարցազրույցներին ամենաշատ հնչող հարցը վերաբերում է ձեր կատարած աշխատանքներին։

Հարցազրուցավարներին հետաքրքիր է, թե ինժեներական ինչ խնդիրներ եք լուծել ձեր ուսումնառության կամ պրակտիկայի ընթացքում։ Ակնհայտ է, որ հարցազրուցավարները չեն տպավորվի պարզագույն ուսումնական նախագծերից, փոխարենը պատկերացրեք դուք ամիսներ շարունակ աշխատել եք մեծ նախագծի վրա, որը հասցրել եք որոշ ստաբիլ մակարդակի։ Վերջին դեպքում կունենաք բազմաթիվ պատմություններ, թե ինչ խնդիրների եք բախվել և ինչպես եք լուծել խնդիրները։ Լուծումների վրա հարցազրուցավարների մոտ կարող են առաջանալ նոր հարցեր, իսկ նման դեպքերում հարցազրույցի պրոցեսը դառնում է հետաքրքիր և հարցազրուցավարները սկսում են քննարկումն անցկացնել ոչ թե քննող դերում, այլ որպես կոլեգաներ, ում հետաքրքիր են ձեր լուծումներն ու որոշումները նախագիծը կամ նախագծերը իրականացնելու ընթացքում։ Հարցազրուցավարները նաև կփորձեն տալ մաքուր տեխնիկական հարցեր, օրինակ՝ ինչ տարբերություն աբստրակտ կլասի և ինտերֆեյսի միջև, որ տվյալների կառուցվածքում է ավելի արագ ստացվում տեղադրել նոր տարր, ինչպես են իրականացվում վիրտուալ ֆունկցիաները և այլն։ Սովորաբար հարցազրույցի հարցերը տեսակավորվում են հետևյալ կերպ.

  • Հարցեր իրականացրած նախագծերից և դրա դետալներից
  • Ցածր մակարդակի ծրագրավորման դետալներ
  • Նախագծողական մտածելակերպը ստուգող հարցեր
  • Ալգորիթմական խնդիրներ կամ հարցեր ալգորիթմներից և տվյալների կառուցվածքներից
  • Հազվադեպ, բայց կարող են հնչել նաև տրամաբանական հարցեր կամ խնդիրներ

Հարցերի ցուցակը ներկայացնելն իմաստ չունի, որովհետև կան մի շարք գրքեր և ռեսուրսներ, որոնք ամենայն մանրամասնությամբ ներկայացնում են թե՛ հարցազրույցի պրոցեսը, թե՛ տրվող հարցերն ու դրանց տեսակները։ Մասնավորապես՝ կարող եք օգտվել հետևյալ գրքերից ու ռեսուրսներից.

(Այլ ռեսուրսներ կարող եք թողնել մեկնաբանությունների սեկցիայում, իսկ գրքերի PDF տարբերակները փորձեք գտնել համացանցում)։

Ինչպես տեսնում եք, ռեսուրսների մեծ մասը կենտրոնանում է միջազգային ընկերություններում հարցազրույցներին պատրաստվելու վրա։ Հայաստանում ևս նկատվում է տենդենցը դեպի նմանատիպ բարդության հարցազրույցների անցկացում, իսկ սկսնակի կամ փորձառուի համար հարցազրույցի բարդությունը սկսել է հավասարվել, այդ պատճառով խորհուրդ եմ տալիս պատրաստվել բոլոր հնարավոր հարցազրույցներին այնպես, ինչպես կպատրաստվեիք Google կամ Facebook հարցազրույցներին։

Հիմա դիտարկենք զանազան սցենարներ և իրավիճակներ, որոնց կարող եք բախվել հարցազրույցի ընթացքում։ Սովորաբար հարցազրուցավարները բավական ջերմ մթնոլորտում են անցկացնում հարցազրույցը և հաճախ ոչ մի բացասական կամ տհաճ նստվածք չեք ստանում՝ նույնիսկ մերժվելու դեպքում, այնուամենայնիվ պետք է մտովի պատրաստ լինել մի քանի քիչ պատահող իրավիճակների.

  • Հարցազրուցավարը կարող է թույլ տալ սխալ։ Սա ընդունեք որպես բնական երևույթ և ըստ անհրաժեշտության փորձեք նրբորեն նշել սխալի մասին։ Սովորաբար հարցազրուցավարները պրոֆեսիոնալ մասնագետներ են և չեն կաշկանդվում սխալվելուց կամ սխալն ընդունելուց։
  • Հարցազրուցավարը կարող է դիտավորյալ թույլ տալ սխալ։ Նման դեպքերում կարևոր է համեստություն չանել կամ քաղաքավարության զոհ չդառնալ և փորձել հարցով կամ լրացուցիչ ակնկարկով ճշտել՝ արդյոք այլ բան նկատի ուներ հարցազրուցավարը, թե դիտավորյալ սխալվեց։ Երբեմն հարցազրուցավարները դիտավորյալ վստահ տոնով պնդում են ինչ-որ սխալ բան, որպեսզի տեսնեն, թե որքանով եք վստահ ձեր գիտելիքների վրա ու արդյոք չեք համաձայնի ասածին միայն այն պատճառով, որ դա հարցազրուցավարն ասաց ու վստահ տոնով։
  • Հարցազրուցավարը նշում է ձեր սխալի մասին, բայց դուք վստահ եք, որ սխալ չեք։ Նման սցենարներում փորձեք իսկապես վստահ լինել, բանավեճը տանել առողջ մթնոլորտում և ըստ հնարավորության տեղում ստուգել, թե ում պնդումն է ճիշտ։ Փորձեք հարցազրուցավարին նման սցենարում վատ դրության մեջ չդնել կամ չծաղրել, սա ևս կդիտարկվի որպես մշակութային անհամապատասխանություն։ Իհարկե, չեն բացառվում տհաճ սցենարները, բայց լավագույն լուծումը միշտ պրոֆեսիոնալ մնալն է։
  • Հարցազրուցավարը չի հասկանում ձեր պատասխանը։ Եթե չգիտեք հարցի պատասխանը, ապա առանց կաշկանդվելու ասեք դրա մասին։ Կարող եք լրացուցիչ նշել, որ դուք չգիտեք պատասխանը, բայց հենց այդ պահին փորձում եք տրամաբանել։ Դա ավելի լավ տպավորություն կթողնի, քան չընդունել սխալը կամ չիմացությունը և փորձել արդարանալ անհասկանալի ձևակերպումներով։ Ուսանողները սիրում են՝ «աչքերին թոզ փչելով» իբրև պատասխանել հարցերին, սակայն պետք է հիշել, որ հարցազրուցավարը ևս ժամանակին եղել է սկսնակ, ևս անցել է մի շարք հարցազրույցներ, ունի աշխատանքային փորձ և շատ արագ կարող է տարբերակել կեղծ գիտելիքներն ու իրական հմտությունները։
  • Դուք չեք հասկանում հարցազրուցավարի հարցը։ Նման դեպքերում շատ կարևոր է առանց կաշկանդվելու խնդրել հարցազրուցավարին կրկնել հարցը կամ ներկայացնել այլ տեսանկյունից։ Ավելի լավ է մի ակնթարթ անհարմար զգալ՝ ընդունելով, որ հարցը չեք հասկացել, քան թե ձևացնել իբրև հասկացել եք ու չկարողանալ պատասխանել հարցին։ Սա նաև հաճախ պատահում է հեռավար հարցազրույցների ընթացքում։ Ինտերնետ կապի խնդիրների պատճառով հարցը լավ չի լսվում կամ հասկանալի չի լինում։ Նման իրավիճակներում պետք չէ լարվել և անհրաժեշտ է առանց կաշկանդվելու խնդրել կրկնել հարցը՝ որքան պետք լինի։
  • Հարցազրուցավարներից մեկը լքում է սենյակը և կարճ ժամանակ անց վերադառնում։ Սա դիտարկեք նորմալ երևույթ և մի կենտրոնացեք բոլոր հարցազրուցավարների ներկա լինելու վրա։ Շատ դեպքերում փորձառու հարցազրուցավարին անհրաժեշտ է ընդամենը 20 րոպե, որպեսզի հասկանա ձեր գիտելիքների ու հմտությունների մակարդակը։ Կարևոր է հիշել, որ երբեմն նման սցենարների դեպքում հարցազրուցավարը, որը լքել է սենյակը, կարող է վերադառնալ և տալ նույն հարցը, որին մի քանի րոպե պատասխանել էիք սենյակում գտնվող մյուս հարցազրուցավարին։ Նման դեպքում ևս պետք է չզլանալ և նույն ջանասիրությամբ նորից պատասխանել հարցին՝ առանց կաշկանդվելու և չսպասելով, որ սենյակում գտնվող հարցազրուցավարը կտեղեկացնի բացակա հարցազրուցավարին, որ հարցին արդեն պատասխանել եք։
  • Հարցազրուցավարը շեղվում է այլ հարցերով։ Լինում են դեպքեր, երբ հարցազրուցավարը ստանում է զանգ, կամ պատասխանում է տեքստային նամակին։ Ըստ իրավիճակի կարող եք մի պահ դադարեցնել ձեր խոսքը և շարունակել ըստ հարմար պահի՝ առանց անձնական ընդունելու առաջացած անհարմար իրավիճակը։
  • Հարցազրուցավարը տհաճ անձնավորություն է։ Սա հազվադեպ պատահող սցենար է, բայց չենք կարող չնշել դրա մասին։ Երբեմն պատահում են հարցազրուցավարներ, որոնց հարցազրույցի առաջին փորձն է, որոնք կարող են լինել կոպիտ, թույլ տալ ավելորդ արտահայտություններ կամ նույնիսկ՝ ծաղրել թեկնածուին գիտելիքների/հմտությունների բացերի համար։ Փորձեք անձնական չընդունել նման իրավիճակները և հետևություն անել կազմակերպության լրջության ու որակի մասին։

Հարցազրույցի տևողությունը և հարցերի բնույթը

Հարցազրուցավարները ցանկանում են հարցերով պարզել ձեր գիտելիքների ու հմտությունների խորությունը, այսինքն հարցին, թե ծանոթ եք կլասներին, հարցազրուցավարները չեն բավարարվի կարճ «այո»-ով և կշարունակեն ավելի խորը հարցերի շարքը։ Ընդ որում՝ յուրաքանչյուր թեմայի շուրջ հարցերը կարող եք մտովի տարանջատել երեք փուլի.

  1. Փուլ 1. Ներածական հարց։ Հարց, որի միջոցով հարցազրուցավարը բացում է թեման, որպեսզի տա այն հարցը, որի պատասխանից կախված՝ հետևություն կանի ձեր գիտելիքների իրական խորության մասին։ Օրինակ՝ «Ծանոթ եք արդյոք պոլիմորֆիզմին»։ Այս հարցով հարցազրուցավարն ակնկալում է դրական պատասխան և կարճ նկարագրություն, որպեսզի շարունակի թեման խորացնելը։
  2. Փուլ 2. Տրամադրող հարց։ Հաջորդ հարցի միջոցով հարցազրուցավարը խորացնում է թեման՝ ուղղորդելով դեպի համեմատաբար բարդ հարցը, որի միջոցով պարզելու է ձեր գիտելիքների խորությունը։ Օրինակ՝ «Իսկ ինչպես են իրականացվում վիրտուալ ֆունկցիաները»։ Հարցի պատասխանից կարող են հնչել այլ ճշտող հարցեր ևս։ Փորձեք միշտ պատասխանել ցանկացած հարցի այնպես, կարծես բացարձակ սկսնակ է ձեր առջև նստած և ցանկանում է հասկանալ ծրագրավորման գաղափարները։ Սովորաբար սկսնակները կաշկանդվում են մանրամասն և ընդգրկուն պատասխաններ տալուց՝ մտածելով, որ հարցազրուցավարը ավագ ծրագրավորող է և նման պարզ պատասխաններ չի սպասում։ Մինչդեռ հարցազրուցավարն ուզում է կարճ ժամանակում հնարավորինս շատ հասկանալ ձեր գիտելիքների ու հմտությունների մակարդակը, հետևաբար միշտ առանց զլանալու մանրամասն, բայց լակոնիկ պատասխանեք հարցերին։
  3. Փուլ 3. Իրական հարցը։ Վերջին հարցը կամ հենց այն հարցը, որը հետաքրքիր է հարցազրուցավարին։ Պատասխանելով առաջին երկու հարցերին՝ դուք հնարավորություն եք տալիս հարցազրուցավարին հասնել այս փուլին և վերջապես տալ այն հարցը, որի համար տրվել են առաջին երկու հարցերը։ Օրինակ՝ «Իսկ որտեղ է պահվում կլասների ժառանգման մասին ինֆորմացիան և ինչպես է կատարվում dynamic cast այդ ինֆորմացիայի հիման վրա»։ Հարցազրուցավարին հենց այս հարցն է հետաքրքիր, իսկ առաջին երկու հարցերն ըստ հարցազրուցավարի պետք է իմանային բոլոր թեկնածուները։ Սակայն թեկնածուները հակված են այլ կերպ հաշվարկել ճիշտ և սխալ հարցերի «միավորները»։

լավատեսորեն տրամադրված սկսնակը կարող է կիսատ-պռատ պատասխանի համար ինքն իրեն վիրտուալ «կես միավոր» գումարել

Թեկնածուին թվում է, թե ինչ-որ չգրված տեղ վաստակում է «միավոր» ամեն անգամ, երբ պատասխանում է որևէ հարցի, և չի վաստակում «միավոր», եթե չգիտի հարցի պատասխանը։ Ընդ որում՝ լավատեսորեն տրամադրված սկսնակը կարող է կիսատ-պռատ պատասխանի համար ինքն իրեն վիրտուալ «կես միավոր» գումարել։ Վերևի փուլերի ու հարցերի օրինակների դեպքում, պատկերացրեք այսպես, երբ հնչում է առաջին հարցը և թեկնածուն ճիշտ է պատասխանում հարցին, հարցազրուցավարը մտածում է, որ կարելի է տալ հաջորդ հարցը (անցնել հաջորդ մինի-փուլին՝ տալով տրամադրող հարցը), որի ժամանակ կպարզեն ընդունակ է արդյոք թեկնածուն պատասխանել այն բարդ հարցին, որը հետաքրքրում է հարցազրուցավարին։ Առաջին հարցի պատասխանը ստանալիս՝ հարցազրուցավարը վիրտուալ «միավոր» չի գրանցում թեկնածուի օգտին, մինչդեռ թեկնածուն գրանցում է ինքն իրեն այդ միավորը։ Հաջորդ հարցին, եթե սկսնակը պատասխանի կիսատ-պռատ, հարցազրուցավարը կհասկանա, որ իմաստ չունի տալ երրորդ և իրենց կարևոր հարցը, մինչդեռ թեկնածուն իրեն կվերագրի ևս «կես միավոր»՝ հարցին քիչ թե շատ մոտենալու համար։ Հարցազրուցավարը կհասկանա, որ շարունակել նույն թեման իմաստ չունի և կանցնի հաջորդ թեմային՝ կրկին կիրառելով նույն սխեման՝ ներածական հարց, տրամադրող հարց, իրական հարց, իսկ թեկնածուն այդպես էլ չի իմանա, որ կար երրորդ և հարցազրուցավարի համար կարևոր հարց և կմտածի, որ բոլոր հարցերին կամ լավ է պատասխանել կամ կարողացել է առնվազն մոտենալ պատասխանին։ Նման սցենարներում, հարցազրույցի ավարտին թեկնածուն անհամբեր սպասում է դրական պատասխանի, մինչդեռ հարցազրուցավարը մտովի արդեն մերժել է նրան։

Որպեսզի համոզվեք, որ հաջողությամբ պատասխանել եք բոլոր հարցերին, ապա պետք է սպառել հարցազրուցավարի հարցերը՝ պատասխանելով բոլոր «փուլերի» հարցերին, ինչպես նաև պետք չէ վիրտուալ միավորներ գրանցել ձեր օգտին։ Պետք չէ նաև ենթադրություններ անել հարցազրուցավարի դեմքի արտահայտություններից։ Կարևոր է հիշել, որ դուք չեք կարողանա կարդալ մտքեր և կարիք չկա տրամադրվել, փոփոխել պատասխանը կամ առավել ևս լարվել՝ հարցազրուցավարի դեմքի արտահայտություններին հետևելով։ Պրոֆեսիոնալ հարցազրուցավարները շատ դրական մթնոլորտում են անցկացնում հարցազրույցը և միշտ սիրալիր են նույնիսկ այն թեկնածուների հետ, որոնք ակնհայտորեն մերժվելու են։ Հարցազրուցավարի դրական կամ բացասական տոնից չեք կարողանա հստակ դուրս բերել հարցազրույցի արդյունքը։ Պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերեք, այն է՝ լավ պատրաստվեք հարցազրույցին, հույսը մի դրեք հարցազրուցավարի խղճի վրա, դիտարկեք հարցազրույցը որպես երկկողմանի շփում ձեր ապագա գործընկերոջ հետ, ինչպես նաև հիշեք ծանր մրցակցության մասին։ Որպեսզի հաղթահարեք ցանկացած բարդություն, պետք է լինել լավագույնը, իսկ լավագույնը կարող է դառնալ ցանկացած ոք, ով չի տրտնջում, ժամանակ չի վատնում և ինչու ոչ՝ հետևում է այս հոդվածի բոլոր խորհուրդներին։

Հարցազրույցի տևողությունը երբեմն կարող է նաև ազդակ հանդիսանալ այն հաջող անցնելու կամ ձախողելու հարցում։ Եթե տեխնիկական հարցազրույցը կարճ է տևում, օրինակ՝ 20–40 րոպե, ապա դա անհանգստանալու առիթ է կամ շատ բացառիկ դեպքերում՝ հարցազրուցավարը հանդիպել է այնպիսի տաղանդի, որ իմաստ չունի երկար հարցազրույց անցկացնելը և արդեն մտովի կայացրել է դրական որոշումը։

Սովորաբար հարցազրույցը միջինում տևում է 1 ժամ, բայց կարող է ձգվել մինչև 3 ժամ։

Բացառիկ դեպքեր լինում են, երբ տևում է ավելի շատ, քան 3 ժամը։ Մեծ հաշվով, որքան երկար տևի հարցազրույցը, այնքան ավելի մեծ են շանսերը, որ կարողացել եք պատասխանել մինչ այդ հնչած հարցերին և հարցազրուցավարը շարունակում է ավելի շատ շոշափել ձեր ուժեղ և թույլ կողմերը։ Երկար տևող հարցազրույցը, սակայն դրական ազդակ չի կարող հանդիսանալ, եթե ամբողջ հարցազրույցին քննարկվել են ընդամենը մեկ կամ երկու հարցեր, կամ երբ ամբողջ հարցազրույցի ընթացքում ձեզ մենակ են թողել թուղթ ու գրիչով, որպեսզի կարողանաք լուծել մեկ խնդիր։ Մինչև հարցազրույցը, նաև շատ օգտակար է պարապել՝ անմիջապես թղթի վրա գրելով կոկիկ և աշխատող կոդ։ Գրեթե բոլոր հարցազրույցներն անցկացվում են թղթի վրա նշումներ կատարելով կամ ալգորիթմական խնդիրները թղթի վրա լուծելով։ Հազվադեպ է լինում, երբ ձեզ տրամադրեն համակարգիչ՝ ինտերնետ հասանելիությամբ և տեղադրված վերջին IDE-ով, որպեսզի կարողանաք որոնել համացանցում և օգտվել IDE-ի ավտոլրացման հնարավորություններից կոդը գրելու ընթացքում։ Ընդհակառակը՝ անհրաժեշտ է վարժ տիրապետել ծրագրավորման լեզվի շարահյուսությանն ու նրբություններին և կարողանալ արտահայտել թղթի վրա կոդի մեծ կտորներ։

Առաջադրանք ստանալու դեպքում

Երբեմն հարցազրուցավարը չկարողանալով հստակ որոշում կայացնել՝ կարող է հանձնարարել առաջադրանք։ Որոշ կազմակերպություններում առաջադրանքի հանձնարարությունը հենց ընդունելության ընթացակարգի մեջ է և ներկայացնում է հարցազրույցի հերթական փուլ։ Առաջադրանքի հանձնարարության նպատակը ձեր պրակտիկ գիտելիքներն ու հմտությունները ստուգելն է, որտեղ հարցազրուցավարը փորձելու է պարզել ժամանակի և ներդրումների տևողությունը, որին բախվելու է՝ ձեզ ընդունելով աշխատանքի։ Հարցազրուցավարը կխուսափի ձեզ աշխատանքի ընդունելուց, եթե ստիպված է աշխատանքի ընդունելուց հետո ձեզ սովորեցնել.

  • Գրել կոկիկ կոդ
  • Կարդալ և օգտվել դոկումենտացիայից
  • Որոնել համացանցում հարցերի պատասխանները
  • Գրել թեստեր՝ սեփական կոդը ստուգելու համար
  • Գրել ստաբիլ աշխատող կոդ՝ ստուգելով բոլոր մուտքային արժեքները
  • Պահպանել coding style-ը
  • Օգտագործել design pattern-ներ և լավագույն պրակտիկաներ (best practice)
  • Օգտագործել գրադարանների նոր ֆունկցիաներ և այս ոճի մեջ մի շարք այլ կետեր

Ստանալով առաջադրանք՝ պետք է կենտրոնանաք թվարկված կետերի և իհարկե՝ տեխնիկապես ավարտուն նախագիծ ներկայացնելու վրա։ Ամենակարևորը՝ առաջադրանքն անհրաժեշտ է կատարել ինքնուրույն։ Ոչ ոք չի արգելում օգտվել ընկերների խորհուրդներից կամ ոլորտի փորձառու ծանոթներից, բայց հիշեք, ավելի լավ է առաջադրանքը վատ կատարել և չընդունվել աշխատանքի, քան կեղծել և ազատվել աշխատանքից կարճ ժամանակ անց։

Վերջին փուլ

Սովորաբար ընդունելության պրոցեսն ավարտվում է վերջին փուլով, որի ընթացքում HRM մասնագետը կամ ընկերության տնօրենը (տեխնիկական կամ գործադիր) կարճ հանդիպում է ունենում թեկնածուի հետ։ Այս փուլը ստանդարտ չէ և ոչ բոլոր ընկերություններում է կազմակերպվում, սակայն պետք է պատրաստ լինել նաև այս փուլին, որին հասնելը նախանշում է բոլոր նախորդ հարցազրույցների հաջող ընթացք, բայց չի բացառում մերժումը։

Կարևոր է նաև հիշել, որ արտասահմանյան ընկերությունների հայաստանյան մասնաճյուղ աշխատանքի դիմելիս՝ վերջին փուլը կարող է լինել արտասահմանի որևէ ղեկավարի հետ, ինչը ենթադրում է ծանոթություն-հարցազրույցն անցնել անգլերենով։

Աշխատավարձի քննարկումները

Լինելով սկսնակ ծրագրավորող՝ անհրաժեշտ է բացարձակ չշեշտադրել աշխատավարձն ու համապատասխան հարցերը հարցազրույցին օգտագործել հօգուտ ձեզ՝ թողնելով դրական տպավորություն։ Սովորաբար կազմակերպություններն ունեն նախապես սահմանված միջակայք՝ տարբեր մակարդակների մասնագետների աշխատավարձերի համար. սկսնակի աշխատավարձը կարող է տատանվել 60–300 հազար դրամի շրջանակներում, սակայն միջինում լինում է 100–120 հազար դրամ ամսական։ Անհրաժեշտ է ոչ թե նշել այդ թիվը, այլ նշել, որ գումարն այս էական չէ, կարևոր է ընկերության ներդրումը նոր աշխատակցի գիտելիքների ու հմտությունների մեջ և դուք առաջնահերթությունը տալիս եք արագ աճելուն և կազմակերպությանը հնարավորինս շուտ պրակտիկորեն օգտակար լինելուն։ Այսպես, հայտնեք ձեր համաձայնությունը՝ կազմակերպության համար նախապես սահմանված միջակայքին։ Կոնկրետ թիվ նշելը կամ պահանջելը կարող է թողնել բացասական տպավորություն, վերջիվերջո, սկսնակը չունի ընտրությունների մեծ բազմություն և ընկերությունները կանգնած չեն հերթի մեջ՝ սկսնակին առաջարկ անելու համար։

Եղեք իրատեսական և իսկապես կենտրոնացեք հմուտ և պրոֆեսիոնալ մասնագետ դառնալու վրա։

Քայլ 7. Առաջարկ ստանալու դեպքում

Դրական պատասխանի դեպքում սովորաբար համապատասխան առաջարկը (offer) ուղարկվում է էլ. փոստին։ Առաջարկն ընդունելու դեպքում անհրաժեշտ է նամակում նշված ժամանակահատվածում պատասխանել, որպեսզի գործատուն ձեր ֆորմալ պատասխանի հիման վրա սկսի փաստաթղթերի կազմակերպման գործընթացը։ Եթե ունենաք լրացուցիչ հարցեր, կարող եք մինչև առաջարկն ընդունելու ֆորմալ պատասխանը, ուղղել հարցերը պատասխան նամակով։

Կարող եք ուրախանալ, որովհետև երկար տանջանքներն արդարացված են՝ հարցազրույցը հաջողությամբ հաղթահարելով, բայց պետք է լինել սթափ, որովհետև դժվարություններն ու մարտահրավերները դեռ առջևում են։ Ձեզ սպասվում է կամ պայմանագրային պրակտիկայի հատված (internship) կամ ֆորմալ սահմանված փորձաշրջան (probation), ընդ որում փորձաշրջանը միայն սկսնակների համար չէ, գրեթե բոլոր մակարդակների մասնագետների համար միշտ կազմակերպվում է փորձաշրջան՝ մինչև 3 ամիս տևողությամբ։ Այդ ընթացքում թե՛ գործատուն, թե՛ նոր աշխատակիցը փորձում են իրական աշխատանքային պայմաններում ցուցադրել և՛ իրենց լավագույն կողմերը և՛ ծանոթանալ միմյանց աշխատանքային պայմաններին։ Որպես սկսնակ դիտարկեք փորձաշրջանը՝ որպես ձեզ լավագույնս դրսևորելու ժամանակահատված։ Չհետևեք փորձառու աշխատակիցների աշխատանքային գրաֆիկին (որոնք սովորաբար աշխատանքի գալիս են ուշացած, իսկ օրվա վերջում հնարավորինս շուտ լքում են աշխատավայրը), այլ ագահորեն թաթախվեք նախագծի մեջ, ծանոթացեք ընկերության ներքին աշխատանքային կյանքին, կարդացեք բոլոր հասանելի փաստաթղթերը և տվեք տեխնիկական շատ հարցեր տարբեր հաստիքների ու մակարդակների ծրագրավորողներին՝ փորձելով չձանձրացնել ձեր գործընկերներին։

Եթե դուք ունեք առաջարկ ինչ-որ կազմակերպությունից, բայց վերջերս տվել եք հարցազրույց մեկ այլ կազմակերպությանը և սպասում եք հնարավոր առաջարկին, ապա կարող եք անկեղծ տեղյակ պահել երկու կազմակերպությանն էլ։ Փորձեք շահել ժամանակ՝ առաջին առաջարկը միանգամից չընդունելով, իսկ երկրորդ կազմակերպության ներկայացուցչի հետ կապ հաստատել՝ տեղեկացնելով, որ արդեն ունեք առաջարկ, բայց կցանկանայիք դիտարկել իրենց հնարավոր առաջարկը։ Եղեք համեստ և հնարավորինս քաղաքավարի։ Մի քանի առաջարկ ունենալու դեպքում ընդունեք այն առաջարկը, որը հնարավորություն կտա ձեզ մասնագիտապես արագ աճել, աշխատել միջավայրում, որտեղ կան շատ ավագ ծրագրավորողներ, և աշխատել խորը ինժեներական խնդիրների վրա։ Առաջին երկու տարվա ընթացքում աշխատավարձի վրա շեշտ կարող եք չնդել, փոխարենը՝ ագահորեն ինքնակրթվեք և հմտացեք մասնագիտապես՝ ընտրելով կազմակերպություն, որտեղ դա ամենաարագը կհաջողվի։ Ինչպես և ուսման շրջանում՝ աշխատելիս ևս ընտրեք բարդ ճանապարհը։

Քայլ N. Մերժում ստանալու դեպքում

Մերժում ստանալու դեպքում չընկճվեք։ Բոլորը՝ նույնիսկ ամենապրոֆեսիոնալ կայացած փորձառու ծրագրավորողները, մերժվել են մի քանի անգամ՝ ոչ միայն առաջին աշխատանքը փնտրելիս, այլև իրենց կարիերայի ընթացքում՝ տարատեսակ ընկերությունների բաց հաստիքների դիմելիս։

Մերժում ստանալու դեպքում փորձեք անպայման ստանալ մանրամասները (feedback), որպեսզի կարողանաք ավելի հստակ աշխատել բացերի վրա։ Երբեմն մերժում ստանում են առանց որևէ ակնհայտ պատճառի կամ ընկերությունը մեկ այլ մասնագետի ավելի շատ է հավանում։ Ընկճվելու առիթ բնավ չկա, շարունակեք աշխատել ձեր նախագծերի վրա, շարունակեք հղկել գիտելիքներն ու հմտությունները։ Ի վերջո, ինչ-որ մի օր ձեր մրցակցային առավելության համար ձեզ առաջարկելու են աշխատանք՝ մերժելով մի քանի այլ սկսնակների։ Երբ դուք ստանում եք մերժում, կարող եք ուրախանալ մեկ այլ սկսնակի համար, որը ձեր փոխարեն ստացավ աշխատանքի առաջարկ։ Մի օր այդ առաջարկը ստանալու եք դուք, իսկ մյուսներն ուրախանալու են ձեզ համար։

Մաս 3. Ակադեմիայի ուսանողի արտոնություններն ու առավելությունները

Picsart Academy-ի career-centric ռազմավարության հիմքում ընկած է ուսանողի գործնական գիտելիքների ու հմտությունների հղկումն այնքան, մինչև ուսանողը կդառնա որակյալ մասնագետ, որը չի զիջում շուկայում փորձառու մասնագետներին։ Ըստ այս ռազմավարության՝ բոլոր ուսանողները մասնակցում են պրոդուկտների ստեղծմանը՝ անկախ ուսման փուլից։ Առկա ուսանողները համադրում են տեսական դասերը՝ պրոդուկտի վրա զուգահեռ աշխատելով, իսկ շրջանավարտները, որոնք դեռևս չունեն աշխատանք, մասնակցում են պրոդուկտների ստեղծմանը լրիվ դրույքով՝ իբրև ամբողջական «աշխատակից»։

Բոլոր նախագծերը դառնալու են ամբողջական պրոդուկտ՝ ըստ նախապես սահմանված ժամկետների։ Ժամկետները տատանվող են, որոշ նախագծերի դեպքում սկզբից մինչև վերջնական ավարտուն պրոդուկտը կարող է տևել 3 ամիս, որոշ նախագծերի դեպքում՝ 6 և ավել ամիսներ։

Նախագծերն ընտրվում են այնպես, որ բավարարեն հետևյալ կետերից որևէ մեկին.

  • Հնարավորինս արագ տրամադրել մասնակից ուսանողին գործնական գիտելիքներ և հմտություններ
  • Տրամադրել հարուստ աշխատանքային փորձ ամբողջական պրոդուկտի ստեղծման միջոցով
  • Համընկնել գործընկեր կազմակերպություններում ստեղծվող պրոդուկտների հետ
  • Ունենալ շուկայական նախնական ենթադրելի պահանջ՝ որպես առանձին պրոդուկտ հնարավոր հաջողության հասնելու համար։
  • Պարունակել ինովացիոն, մարտահրավերային ինժեներական, նախագծման և դիզայնի լուծումներ։

Չնայած նախագծերին մասնակցությունն ուսանողների համար կրում է ուսումնական բնույթ, դա չի նվազեցնում լրջությունը և բոլոր մասնակիցները՝ այդ թվում Ակադեմիայի անձնակազմը, նպատակադրված են թողարկել նախագիծը որպես ավարտուն պրոդուկտ, որը կունենա առանձնացված բիզնես մոդել, օգտագործողների կրիտիկական բազա և հետագա զարգացման աջակցություն։

Որոշ դեպքերում ուսանողները կարող են նույնիսկ դառնալ, հաջողված պրոդուկտի հենքով ստեղծված ընկերության, առաջին և հիմնադիր աշխատակիցները։

Ուսանողները կարող են դիտարկել նախագծերին մասնակցությունը՝ իբրև նոր տեխնոլոգիական ստարտափի հիմնադրում։ Դա և՛ ոգևորիչ է, և՛ պատասխանատու, ինչի համադրությունն էլ արդյունքում մեր գաղտնի բաղադրատոմսն է՝ լավագույն մասնագետներին կերտելու համար։

Նախագծերի մասնակցությունը չունի սահմանափակում թե՛ գիտելիքների մակարդակի առումով, թե՛ մասնագիտացման։ Նախագծերի ազատ դերերն են.

  • Ծրագրավորողները
  • Գրաֆիկ դիզայներները
  • Պրոդուկտ դիզայներները
  • Ղեկավար անձնակազմ (Product and Project Management)
  • Բիզնես ղեկավարներ կամ ղեկավարի օգնականներ
  • Տեխնիկական ղեկավարներ կամ ղեկավարի օգնականներ

Ղեկավար դերերը մեծամասամբ լրացնում են Ակադեմիայի աշխատակիցները, սակայն ըստ նախագծի կարող են ընդգրկվել նաև փորձառու ուսանողներ կամ փորձնակներ։

Կան նաև դերեր/մասնագիտացումներ, որոնք անհրաժեշտ են գրեթե բոլոր նախագծերին, բայց պրոդուկտի իրականացման ավելի կարճ փուլերից մեկում կամ մի քանիսում։ Նման մասնագետներից կազմվում է առանձին թիմ, որը սպասարկում է բոլոր մյուս թիմերին։ Մասնագետներն են.

  • HRM
  • Product Quality Assurance Specialist
  • Marketing and Content Specialist
  • Legal Counsel
  • Software Architect
  • DevOps Specialist

Նախագծերին կարող են մասնակցել բոլոր խմբերի ուսանողներն ու շրջանավարտները, այդ թվում՝

  • Atlas
  • Arrakis
  • Orion
  • Bootcamps
  • Art&Design շրջանավարտները
  • Tech Entrepreneurship Internship մասնակիցները
  • Նոր պրակտիկայի ծրագրերի մասնակիցները (Marketing Internship, Content Internship, Business Administration and Education Management Internship)

Կարևոր է նշել, որ ուսման փուլը որում գտնվում է ուսանողը, չի խոչընդոտում նախագծի մասնակցությանը. սա հատկապես օգտակար նորություն է բացարձակ սկսնակների համար։ Ընդհակառակը՝ ուսման փուլին օգնում է նախագծերի մասնակցությունը, որովհետև ուսանողը ստանում է հստակ առաջադրանք, որի կատարման ինֆորմացիան և աշխատանքի մանրամասները կարող է ստանալ տեսական դասերից, որոնց զուգահեռ մասնակցում է։

Ի՞նչ է տալիս նախագծին մասնակցությունը

Բացի բացառիկ հնարավորությունից, որը գրեթե չկա ոչ մի համալսարանում կամ կրթական կենտրոնում, Ակադեմիան ստեղծում է միջավայր, որտեղ ուսանողները հմտանում են իրական նախագծերի վրա գործնական հմտություններ ձեռք բերելուն, որին ավելանում են թիմային, հաղորդակցման, անգլերենի, ճկունության, աշխատասիրության և այլ կարևոր որակավորումներ և հմտություններ։ Այս մոդելը ոչ միայն բացառիկ է, այլև գերօգտակար՝ շուկայական ցնցումներին ու անորոշություններին լավագույնս պատրաստ մասնագետ դառնալու համար։ Նախագծերին մասնակցելով՝ ուսանողները կոփվում են և դառնում ամբողջական մասնագետներ։ Յուրաքանչյուր մասնակից, իհարկե, ունի իր ժամանակը. ոմանց մոտ դա շատ արագ կստացվի, ոմանց մոտ շատ դանդաղ, բայց արդյունքը գերազանց է բոլորի համար։ Պատկերացրեք ուսումնական կենտրոն, որտեղ ուսանողը տեսական և գործնական գիտելիքներին զուգահեռ, իրական աշխարհի հետ ակնհայտորեն առնչվող աշխատանքային հմտություններով, դուրս է գալիս աշխատաշուկա։ Նման մրցակցային առավելությունը Picsart Academy-ն հանում է նոր մակարդակ։ Մենք երբեք չենք խուսափել թերություններն ընդունելուց և միշտ աշխատում ենք Ակադեմիայի կատարելագործման վրա։ Սա մեզ համար ավանդական դարձած հերթական քայլն է՝ որակի նշաձողը հետզհետե բարձրացնելու միտումով։ Հոգատարությունն ու ուսանողի անհատական հաջողությունը միշտ մեզ համար առաջնային են՝ անկախ ընթացիկ թերացումներից կամ շուկայական ցնցումներից։

Որակավորումների և հմտությունների առումով նախագծերի մասնակիցները ստանում են.

  • Խորը տեխնիկական գիտելիքներ (զուգահեռ մասնակցելով կրթական ծրագրերին)
  • Հաղորդակցման հմտություններ
  • Բարելավում են անգլերենը
  • Թիմային աշխատանքի հմտություններ
  • Եռանդ և աշխատասիրություն
  • Ճկունություն և ադապտացվելու ունակություն
  • Նախագծման խորը գիտելիքներ և հմտություններ
  • Բազային բիզնես և ձեռնարկատիրական հմտություններ
  • Գործնական աշխատանքային հմտություններ (այլ է մասնակցելը ուսումնական նախագծի, այլ է՝ ստեղծել իրական պրոդուկտ)
  • Նորարարական մտածելակերպի ձևավորում (շատ դեպքերում մասնակիցները բախվելու են բարդ խնդիրների, որոնց լուծումը հայտնի չէ և անհրաժեշտ է ստեղծագործել)
  • Մասնակցի ռեզյումեում նախագծի ամբողջական մասնակցությունը հավասարազոր է ՏՏ ընկերությունում աշխատելուն, որովհետև ոչ միայն չի զիջում այլ ընկերություններին, այլ նաև մասնակցի պատասխանատվությունների տիրույթն ավելի լայն է, քան սովորական ընկերությունում աշխատելիս։ Սրա արդյունքում մասնակիցը, պրոդուկտի իրականացումն ավարտելիս, դառնում է ՏՏ ընկերությունների փնտրվող կադրը (որը չի տրտնջում, խնդիրներից չի խուսափում, թիմի հետ ներդաշնակ աշխատում է, հասկանում է բիզնես խնդիրները, գտնում է ճկուն լուծումներ)
  • Ռիսկերի կառավարում և անորոշության հանդեպ ճկուն բալանսի ձևավորման հմտություններ (գերօգտակար հմտություն՝ արդի շուկայում ճիշտ կողմնորոշվելու համար)
  • Ինքնուրույնություն (գործատուների ամենասիրած հմտությունը, երբ աշխատակիցը չի փակվում խնդիրներից, այլ առաջարկում է լուծումներ)

Որքա՞ն կտևի մասնակցությունը կամ ե՞րբ կդառնամ լավագույն մասնագետը

Սա անհատական է և կախված է մասնակցից։ Լավ նորությունն այն է, որ մենք գիտենք, որ չկան արհեստական ժամկետներ՝ լավագույն մասնագետը դառնալու համար։ Հնարավոր չէ սահմանել երեք ամիս ժամանակահատված ու ստիպել բոլորին հավասարապես զարգացնել հմտությունները, այդ է պատճառը այս յուրահատուկ մեխանիզմի ստեղծման համար։ Մենք ստեղծել ենք միջավայր, որտեղ յուրաքանչյուրի անհատական աճն ընթանում է ըստ մասնակցի հմտությունների, ինքնազարգացման արագության և տեմպի վրա։ Ոմանց համար կարող է տևել մի քանի ամիս, ոմանց համար՝ ավելի քան մի տարի։ Որքան էլ տարօրինակ կամ անիրատեսական հնչի, մենք պատրաստվում ենք անհատապես աշխատել Ակադեմիայի բոլոր ուսանողների հետ։ Դա ևս մեկ միավոր՝ Ակադեմիայի ուսանող լինելու արտոնություններին։

Մասնակիցներին միայն խորհուրդ է տրվում լուրջ մոտենալ սեփական որոշումներին և տրամադրել ամբողջ ժամանակը՝ լավագույն մասնագետը դառնալու համար։ Օրական 2 ժամ տրամադրելով՝ կարող եք միայն դիտել ֆիլմեր կամ սերիալներ, իսկ լավագույն մասնագետը դառնալու համար՝ անհրաժեշտ է հղկվել ու կրթվել օր ու գիշեր՝ առանց հանգստյան օրերի։ Այս ծայրահեղական մոտեցումը միշտ առանձնացրել է Ակադեմիան և իր ուսանողներին, ինչն արդեն գաղտնիք չէ, որ նկատել և շարունակում են նկատել գործատուները՝ համեմատելով մեր շրջանավարտների ձգտումն ու եռանդը շուկայի միջին աշխատակցի ձգտման և եռանդի հետ։ Շուկայի նոր պայմանները թելադրում են նոր կանոններ։ Այս նոր career-centric ռազմավարության միջոցով մենք նպատակ ունենք ձեռնոց նետել շուկայի փորձառու մասնագետներին՝ կերտելով «անփորձ senior»-ների, որոնք կաշխատեն ավելի երկար, ավելի արդյունավետ, ավելի եռանդով, ավելի նպատակային, ավելի ճկուն և գործատուների համար ավելի մատչելի։

Ինչպե՞ս է ընթանալու նախագծի վրա աշխատանքը

Նախագծերը ցուցակով ներկայացվում են ուսանողներին. ըստ հնարավորության փորձելու ենք հաշվի առնել նաև ուսանողի հետաքրքրվածությունը՝ կոնկրետ նախագծին միանալու համար, սակայն կրթական անձնակազմը կփորձի առավելագույնս ուղղորդել ուսանողին լավագույն ընտրությունը կատարելու հարցում։

Նախագծի ընտրությունից հետո սկսվում են ձևավորվել թիմերը՝ վերոնշյալ կառուցվածքն ապահովելու համար, այսինքն՝ ընդգրկվում են ծրագրավորողներ, դիզայներներ, նախագծի ղեկավարներ և այլ ուսանողներ կամ փորձնակներ (intern)։ Թիմի բաշխումից հետո կազմակերպվում է թիմային հանդիպումը, որի ընթացքում մասնակիցները ծանոթանում են միմյանց հետ, նախագծի պահանջներին, պոտենցիալ ժամկետներին և ստանում առաջին հանձնարարությունը՝ փորձել ինքնուրույն նախագծել պրոդուկտը, պրոդուկտի մասին ընդամենը մեկ անգամ լսելուց հետո։ Սա հնարավորություն է տալիս բոլոր մասնակիցներին (անկախ մասնագիտացումից) խորն ընկղմվել նախագծի բնույթի մեջ, որոնել համացանցում նմանատիպ նախագծեր, կազմել նախնական ինտերֆեյսը, մտորել նախագծի իրականացման դետալների վրա։

Մասնակիցները պարբերական հանդիպումների ընթացքում ստանալու են անհրաժեշտ տեսական գիտելիքները՝ կարճ լսարանային կամ առցանց լեկցիաների տեսքով և նաև ստանան առաջին առաջադրանքները։ Քանի դեռ նախագիծը ստեղծման փուլում է, այն անվանում ենք նախատիպի փուլ, երբ ամբողջ գրված, գծագրված և նախագծված նյութերը կարող են փոխվել, իսկ նախատիպի փուլի նպատակը նախագծին ավելի սերտ ծանոթանալն է՝ պրոդուկտի ընդհանուր ճարտարապետությունը, տեխնոլոգիաների ցանկը և այլ դետալներ հստակ սահմանելու համար։ Հետո անցում ենք կատարում MVP-ին, սկսվում է ավելի ակտիվ իրականացման փուլը, որին զուգահեռ բիզնես ղեկավարներն անհանգստանում են նախնական առաջխաղացման և շուկայի ուսումնասիրման հիման վրա պրոդուկտի պոտենցիալ հաճախորդների ներգրավմամբ, իսկ ստեղծարարներն աշխատում են պրոդուկտի իրականացման վրա՝ աջակցություն ստանալով նախագծի ղեկավարներից, որակի վերահսկման մասնագետներից և այլն։

Պրոդուկտի իրականացումը կատարվում է և՛ Ակադեմիայում, և՛ հեռավար։ Յուրաքանչյուր թիմի համար կֆիքսվեն աշխատանքի և հանդիպումների գրաֆիկ՝ ըստ որի մասնակիցները միասին կաշխատեն նախագծի վրա, սակայն գրաֆիկը չի սահմանափակում թե՛ հաղորդակցումը, թե՛ պրոդուկտի ստեղծման աշխատանքները։ Սա նաև հնարավորություն կտա զարգացնել հեռավար աշխատանքի հմտությունները։ Նախագծի կարևոր փուլերն անցնելիս՝ թիմը կազմակերպում է պրեզենտացիա, որտեղ ներկայացվում են կատարված աշխատանքները, արդյունքները և պրոդուկտի դեմո տարբերակը։

Շատ կարևոր է նաև չկեղծել արդյունքները։ Մասնակցելով նախագծերին՝ ուսանողները հնարավորություն ունեն կիրառել ստացած տեսական գիտելիքները, ամրապնդել հմտությունները, ինչը չի կարելի և հնարավոր չէ կեղծել։ Խուսափեք կեղծ կերպարներ ստեղծելուց և կենտրոնացեք գիտելիքների բացերը լրացնելու վրա։ Անհրաժեշտ է լինել անկաշկանդ և չխուսափել հարցեր տալուց՝ չխնայելով ջանք ու եռանդ ստացած առաջադրանքները կատարելու և տեսական նյութերով հիմքը ամրացնելու վրա։

Վերջապես, անհրաժեշտ է կողմնորոշվել՝ իսկապես ցանկանում եք դառնալ լավագույն մասնագետը, թե դա ընդամենը անհիմն ցանկություններ են որևէ ֆիլմից կամ սեփական սխալ պատկերացումներից ոգեշնչված։ Եթե իսկապես կա ցանկություն լավագույնը դառնալու, ապա անհրաժեշտ է տրամադրել առավելագույն հնարավոր ժամանակը, կենտրոնացումը, ուժերը։ Խիստ կարևոր է խուսափել ժամանակն անիմաստ գործառույթներին վատնելուց և օգտագործել յուրաքանչյուր րոպեն՝ նպատակին հասնելու համար։ Պետք չէ խուսափել բարդ խնդիրներից միայն նրա համար, որ լավ չեք հասկանում խնդրի դրվածքը։ Անհրաժեշտ է դիտարկել յուրաքանչյուր խնդիր որպես մարտահրավեր, որը հաղթահարելով՝ ևս մեկ քայլ կմոտենաք լավագույն մասնագետը դառնալուն։ Ուղին բարդ է, երկար և պահանջում է նվիրվել ամբողջովին։ Վերջիվերջո, պետք չէ մոռանալ, որ դուք ընտրել եք բարդ ճանապարհը։

Վերջապես, դիտարկենք «կեղտոտ» խորհուրդները, որոնք ինչ-որ չափով կօգնեն բարձրացնել հարցազրույցի հրավեր ստանալու շանսերը։

«Կեղտոտ» խորհուրդներ (ինչպես բարձրացնել հարցազրույցի հրավեր ստանալու շանսերը)

Ստորև բերվող խորհուրդները չեն երաշխավորում հարցազրույցի հրավերի ստացումը, այլ ընդամենը մի քանի տոկոս բարձրացնում են շանսերը։

  • Գրանցվեք LinkedIn հարթակում և միացեք (connect) բոլորի հետ, մասնավորապես՝ HR, HRM, Recruiter մասնագետների հետ։
  • Փնտրեք ծանոթներ տարբեր ընկերություններում, որոնք կօգնեն փոխանցել ձեր ինքնակենսագրականը և խորհուրդ կտան ընկերությանը դիտարկել ձեր թեկնածությունը։ Հաճախ կազմակերպությունները վստահում են հենց իրենց աշխատակիցներին, որոնք իրենց կապերով կարող են խորհուրդ տալ լավ մասնագետներին։ Ընկերություններում գործում է այսպես կոչված «referral program», որի միջոցով աշխատակիցները կարող են «refer» անել իրենց ծանոթներին և հաջող ընդունելության դեպքում ստանալ նաև պարգևավճար։ Սա ընդհանրապես կապ չունի «ծանոթով գործի տեղավորվելու» հետ։ «Referral program»-ների պրակտիկան շատ տարածված է ՏՏ ոլորտում և անկախ ծանոթների քանակից թեկնածուն անցնելու է հարցազրույց, նախքան ընկերություն ընդունվելը։ Սա ընդամենը բարձրացնում է շանսը հարցազրույցի հրավեր ստանալու համար։
  • Գրեք բազմաքանակ հոդվածներ/բլոգ հրապարակումներ (օրինակ՝ Medium հարթակում)։ Ուշադրություն դարձրեք որակի վրա, անհրաժեշտ է գրել բարձրորակ տեխնիկական նյութեր, շատ սիրուն ֆորմատավորել հոդվածը, որպեսզի ընթերցողը բացասական նստվածք չստանա և իհարկե անհրաժեշտ է հաճախակի թողարկել հոդվածներ։ Այդ կերպ դուք ժամանակ առ ժամանակ կառանձնանաք սկսնակների մեծ մասսայից և երբեմն ձեր ակտիվությունը կարող է հավաքագրողների մոտ ֆիքսվել որպես մեծ էնտուզիազմ ունեցող մասնագետի ակտիվություն։
  • Անդադար և պարբերաբար թողարկեք նախագծեր GitHub-ում։ Որպես ծրագրավորող պետք է անեք այն, ինչի համար ընտրել եք այս արվեստ-մասնագիտությունը՝ ստեղծեք ծրագրեր։ Թողարկելով ծրագրերը GitHub-ում՝ կբարձրացնեք նաև ձեր պրոֆիլի տեսանելիությունն ու կշիռը։
  • Մասնակցեք միջոցառումներին, ձեռք բերեք նոր ծանոթներ, հաստատեք կապեր։ Փորձեք չմասնակցել բոլոր միջոցառումներին, բայց կարևոր և խիստ տեխնիկական միջոցառումները բաց մի թողեք։ Ըստ հնարավորության՝ փորձեք նաև լավ պատրաստված ելույթ ունենալ նման միջոցառումներում։
  • Ընտրեք մեկ կամ մի քանի ընկերություններ՝ որպես աշխատանքի ընդունվելու թիրախներ և սկսեք ձեռք բերել կապեր աշխատակիցների շրջանում։ LinkedIn-ն այս առումով շատ հարմար հարթակ է, քանի որ շատ դեպքերում միմյանց հետ կապված (connected) մասնագետները կարող են իրար չճանաչել։ Կապ հաստատելով թիրախային ընկերությունների աշխատակիցների հետ և դրսևորելով ակտիվ էնտուզիազմ՝ շանսերը հարցազրույցի հրավեր ստանալու կբարձրանան։
  • Մանրամասն ուսումնասիրեք թիրախային ընկերությունները, դրանց ստեղծման պատմությունը, պրոդուկտները, պրոդուկտների ֆունկցիոնալը, օգտագործվող տեխնոլոգիաները, ծրագրավորման լեզուները, բաց հասանելի բոլոր նյութերը։ Այս ինֆորմացիան կարող եք օգտագործել հերթական բաց նախագծերը կամ հոդվածները ստեղծելու ընթացքում։
  • Ստեղծեք շատ լավ պրոֆիլ համացանցում։ Կտրականապես խուսափեք տգեղ, անիմաստ և սպամ բովանդակություն հրապարակելուց։ Երբեք չհրապարակեք գռեհիկ, ծաղրող, մեծամիտ կամ անհիմն մտքեր։ Սրանով, իհարկե, չեմ փորձում սահմանափակել ձեր խոսքի ազատությունը կամ ցանկությունները, սա ընդամենը խորհուրդ է, որին հետևելով առնվազն չեք նվազեցնի հարցազրույցի շանսերը։ Տեսել եմ բազմաթիվ սկսնակների, որոնք տարբեր հրապարակումների տակ անիմաստ, անտեղին կամ գռեհիկ մեկնաբանություններ անելով կամ նմանատիպ հրապարակումներ անելով՝ ֆիքսվել են ընկերությունների աշխատակիցների կամ հավաքագրողների կողմից որպես «կորպորատիվ մշակույթին անհամապատասխան» թեկնածու։
  • Դրսևորեք ձեզ որպես բարձր պրոֆեսիոնալություն ունեցող անհատ և ձեր գործողություններն ու հրապարակումները կատարեք այդ ենթատեքստում։ Մասնավորապես՝ խուսափեք պարզ կամ բազմիցս ծեծված ինֆորմացիա հրապարակելով։ Պետք չէ հերթական անգամ գրել Steve Jobs-ի խոսքերը կամ ինչ-որ մոտիվացնող խոսքեր կամ կրկնել շատ հայտնի փաստ։ Եղեք յուրահատուկ, ստեղծեք որակյալ բովանդակություն և կիսվեք դրանով ձեր շրջապատի հետ։
  • Երբեք LinkedIn հարթակում չհրապարակեք «selfie». երբեք։
  • Ծանոթացեք Cognitive Bias-ների ցուցակին և սկսեք վերլուծել ձեզ և աշխատաշուկան ավելի խորը։ https://en.wikipedia.org/wiki/List_of_cognitive_biases
  • Երբեք չհանձնվեք։ Աշխատանք կգտնեն բոլորը, անհրաժեշտ է ընդամենը լինել հետևողական և անընդհատ հղկել գիտելիքներն ու հմտությունները։ Չկաշկանդվեք կիսվել ձեր գիտելիքներով համայնքի հետ։

Վերջապես, այս հոդվածն ավարտվեց։ Պահպանեք այն, որպեսզի հաճախակի վերադառնաք և ըստ հանդիպած սցենարի՝ վերընթերցեք համապատասխան մոտեցումներն ու խորհուրդները։ Հիշեք՝ սա ընդամենը մեծ ուղեցույց է և խորհուրդների մի մեծ փունջ, վերլուծեք ինֆորմացիան ինքնուրույն և ֆիլտրեք այն՝ քաղելով միայն այն, ինչը ձեզ համար օգտակար է։

--

--