Ինչու՞ են Soft հմտություններն այդքան կարևոր և արդյո՞ք հնարավոր է դրանք զարգացնել

Ella Khachaturyan
Picsart Academy
Published in
4 min readApr 27, 2023

Որպես համապարփակ ուղեցույց սկսնակների համար, կարող եք դիտել հոլովակ այն մասին, թե Ինչպես հաջողել տեխնիկական հարցազրույցները https://youtu.be/mpdg5rk8OXo։

Մեր օրերում դժվար թե գտնեք աշխատանքային մի հայտարարություն, որտեղ պահանջվող հմտությունների շարքում նշված չլինեն նմանատիպ արտահայտություններ՝ թիմում աշխատելու կարողություն, արագ կողմնորոշվելու ունակություն, հաղորդակցման հմտություններ, սթրեսակայություն և կոնֆլիկտային իրավիճակների կառավարման կարողություն, ժամանակի կառավարման հմտություններ և այլն։ Այս ոչ մասնագիտական, բայց կարիերայի համար անչափ կարևոր հմտությունների համակարգն անվանում են soft skills (հայերենով՝ փափուկ հմտություններ)։

Գուցե հենց անվան (soft-փափուկ) պատճառով է, որ հաճախ այս հմտություններին պատշաճ ուշադրություն չեն դարձնում, բայց ժամանակակից աշխարհում դրանց կարևորությունն օրեցօր աճում է, և այժմ soft skills տերմինը power skills արտահայտությամբ փոխարինելու միտում է նկատվում նաև այն պատճառով, որ այս հմտությունները հաճախ նույնիսկ ավելի կարևոր և վճռորոշ են աշխատանքի բարձր արդյունավետության և առհասարակ հաջողությունների հասնելու համար։

Soft skills տերմինն առաջացել է ի հակադրություն hard skills՝ կոշտ հմտություններ տերմինի, որ ներառում է մասնագիտական և տեխնիկական կարողություններն ու հմտությունները։ Դրա առաջացման պատմությունը շատ հետաքրքիր է ու կապված է ռազմական ոլորտի հետ։ 1960-ականներին ԱՄՆ բանակում soft skills սկսեցին անվանել այն հմտությունները, որոնք կապված չէին տեխնիկայի և սարքավորումների կիրառության հետ։ Անձնակազմի պատրաստման համակարգի բարեփոխումների համար արվող հետազոտությունների ընթացքում զինվորականները հասկացան, որ շատ կարևոր գործողություններ ներառված են հենց այս կատեգորիայի մեջ, և իրականում խմբեր ղեկավարելու, զինվորներին մոտիվացնելու և պատերազմներում հաղթելու համար անհրաժեշտ սոցիալական հմտությունները նրանք դեռևս չէին ցուցակագրել կամ ամբողջությամբ չէին ուսումնասիրել։

Այս ցանկում ներառված են սոցիալական հմտությունները՝ օրինակ թիմում աշխատելու կարողություն, ակտիվ լսելու կարողություն, արդյունավետ հաղորդակցություն, որոշումների կայացման և խնդիրների լուծման հմտությունները, քննադատական մտածողությունը, առաջնորդության, բանակցություններ վարելու և հանրային խոսքի հմտությունները և իհարկե, էմոցիոնալ ինտելեկտը։

Շատերը թյուրիմացաբար ենթադրում են, որ այս հմտություններն ու կարողությունները տրվում են մեզ ի ծնե, և դրանք զարգացնելը կամ բարելավելը հնարավոր չէ, կամ հակառակը՝ կարդում են թեմատիկ որևէ գիրք և կարծում են, որ դրանից հետո արդեն ամեն ինչ պետք է միանգամից փոխվի, ու հուսահատվում են, երբ այդպես չի լինում։ Այս համատեքստում կարող ենք զուգահեռներ անցկացնել մասնագիտական հմտությունների հետ. օրինակ ծրագրավորման մասին գիրք կարդալով դժվար է չէ՞ ակնկալել, որ միանգամից կկարողանաք կոդ գրել, բնականաբար պետք է այդ ամենը կիրառել գործնականում, նույնն էլ soft հմտությունների դեպքում է. մի քանի դասընթացի մասնակցելով կամ միայն գրքեր կարդալով չենք կարող որևէ հմտություն ձեռք բերել, եթե ստացված գիտելիքները չենք կիրառում ու չենք զբաղվում ինքնաճանաչողությամբ և ինքնակատարելագործմամբ։

Օրինակ, շատերս կարող ենք թվարկել ժամանակի արդյունավետ կառավարման տեխնիկաներ կամ մեթոդներ, ինչպես օրինակ պոմոդորո մեթոդը կամ Այզենհաուերի մատրիքսը, բայց արդյո՞ք մենք իսկապես կիրառում ենք այդ տեխնիկաներն առօրյայում։

Մեր օրերում soft հմտությունների կարևորությունը գնալով ավելի է մեծանում և գերազանց տեխնիկական հմտություններով օժտված լինելը բավարար չէ պահանջված մասնագետ լինելու համար, և հաճախ նման մարդիկ դժվարությամբ են աշխատանք գտնում կամ գտնելիս չեն կարողանում իրենց առավելագույնս ռեալիզացնել ու արդյունավետ աշխատել։ Պատճառը հենց soft հմտությունների բացակայությունը կամ ոչ բավարար մակարդակն է, որն իհարկե կարելի է բարելավել։

Աշխատավայրում արհեստական բանականության, տարատեսակ հավելվածների և մեքենաների աճը ավտոմատացնում է սովորական, կրկնվող առաջադրանքները, որոնք ավելի արդյունավետ են լուծվում ալգորիթմների կողմից, ինչը շատերն ընդունում են որպես սպառնալիք։ Սակայն պետք չէ անտեսել այս իրավիճակի մյուս կողմը, որը թույլ է տալիս աշխատակիցներին ավելի շատ կենտրոնանալ այնպիսի աշխատանքի վրա, որը պահանջում է ստեղծարարություն և soft հմտություններ: Արհեստական բանականությունը կարող է իդեալական կոդ գրել կամ օգնել ձեզ ստեղծել հրաշալի պրոդուկտ, բայց թե ինչպես կմատուցեք ու կիրացնեք այդ պրոդուկտը կամ գաղափարը՝ մեծապես կախված է ձեր soft հմտություններից։

Soft հմտությունները ձեզ նաև հնարավորություն են տալիս տարբերվել գործընկերներից, որոնք կարող են ունենալ նմանատիպ որակավորում և փորձ: Հաճախ հարցազրույցների ժամանակ նույն հաստիքի համար դիմում են տարբեր մասնագետներ, որոնք ունեն գրեթե հավասար տեխնիկական գիտելիքներ ու փորձ, և ընտություն կատարելու հարցում որոշիչ դեր են խաղում հենց soft հմտությունները։

Plato ակադեմիայում անցկացնում ենք Էմոցիոնալ ինտելեկտի, արդյունավետ հաղորդակցության, սթրեսի և կոնֆլիկտների կառավարման, առաջնորդության, արդյունավետ բանակցությունների, կատարողականի բարձրացման և մի շարք այլ թեմաներով դասընթացներ, որոնց մասնակցությունը ձեզ միանշանակ կդարձնի պահանջված և մրցունակ մասնագետ արագ զարգազող ու փոփոխվող աշխատաշուկայում։

Plato Academy

--

--