Ինչպե՞ս զարգացնել անգլերեն բառապաշարը

Ella Khachaturyan
Picsart Academy
Published in
3 min readSep 28, 2023

Անգլերեն սովորելու ընթացքում ուսանողներին ամենից հաճախ հետաքրքրող հարցերից մեկն այն է, թե ինչպես կարելի է զարգացնել բառապաշարը, ինչն էլ իր հերթին դրական ազդեցություն է ունենում գրավոր և բանավոր հաղորդկացման վրա։

Անգլերենն ունի բավականին հարուստ բառապաշար, իսկ համապատասխան նախդիրների և մասնիկների օգնությամբ նույն բառը ձեռք է բերում տարբեր իմաստներ։

Հարուստ բառապաշարն օգնում է ոչ միայն հաղորդակցվելիս, այլև օգնում է ավելի լավ հասկանալ լեզվակիրներին, հնարավորություն է տալիս կարդալ բարդ մասնագիտական նյութեր, դիտել հոլովակներ, ելույթներ, ինչպես նաև օրիգինալ ֆիլմեր առանց թարգմանության։

Շատ կարևոր է հիշել, որ նոր բառեր սովորելը չպետք է լինի ինքնանպատակ. այն պետք է լինի կիրառելի, օգտագործվի ճիշտ կոնտեքստում, իսկ հիշելու համար շատ արդյունավետ է այն կապել հիշողության մեջ արդեն իսկ առկա բառերի և արտահայտությունների հետ։

Ստորև ներկայացնում ենք բառապաշարը զարգացնելու մի քանի արդյունավետ մեթոդ։

Կարդալը դարձրեք սովորություն. բառապաշար ձևավորելն ավելի հեշտ է, երբ բառերը հանդիպում են կոնտեքստում: Գրքերում կամ հոդվածներում նոր բառեր հայտնաբերելը կարող է շատ ավելի օգտակար լինել, քան պարզապես բառապաշարի ցանկում տեսնելը: Այս տարբերակով ոչ միայն ծանոթանում եք անծանոթ բառերին, այլև տեսնում եք, թե ինչպես են դրանք կիրառվում:

Սովորեք ճիշտ օգտվել բառարաններից. առցանց բառարաններն օգտակար ռեսուրսներ են, եթե դրանք ճիշտ օգտագործվեն: Ստորև կգտնեք լավագույն բառարաններից մի քանիսի հղումները, որոնք շատ օգտակար կլինեն ձեր ուսումնառության ընթացքում։

Cambridge Dictionary

Oxford Dictionary

Merriam-Webster Dictionary

Collins Dictionary

Այս բառարանների օգնությամբ յուրաքանչյուր բառի բացատրությունից կամ թարգմանությունից բացի կարող եք սովորել նաև դրա արտասանությունը, գտնել հոմանիշներն ու հականիշները, հասկանալ բառի կիրառությունը կոնտեքստում, ծանոթանալ բառակազմությանը, ինչպես նաև սովորել այդ բառով կազմվող կամ բառին առնչվող այլ արտահայտություններ։ Այսպիսով, բառը սովորում ենք ոչ թե պարզապես իր թարգմանությամբ կամ բացատությամբ, այլ որպես ամբողջական համակարգ։

Կիրառեք մնեմոնիկան: Մնեմոնիկան կամ մնեմոտեխնիկան հիշողությունն ամրապնդելու մեթոդների համակարգ է, որը լայնորեն կիրառվում է ինֆորմացիայի տարբեր բնագավառներում, օրինակ՝ թվեր, տեքստեր, մարդկանց անուններ, բանաձևեր, գիտական տերմիններ և անվանումներ հիշելու համար։

Այն տարբերվում է մեխանիկական հիշողությունից տեխնիկայի առկայությամբ, մինչդեռ մեխանիրորեն հիշելու ՝ անգիր սովորելու համար որևէ տեխնիկա չի կիրառվում։ Ինֆորմացիան մեխանիկորեն հիշվում է կրկնության միջոցով կամ առանց կրկնելու՝ տեսողական հիշողության շնորհիվ։

«Տեխնիկա» ասելով տվյալ դեպքում հասկանում ենք պատկերացումների, համեմատությունների և զգացմունքների օգտագործումը ինֆորմացիան հիշելու ժամանակ։ Մնեմոնիկայի հիմնադիր է համարվում Սիմոնիդես Քիոսացին։ Մնեմոնիկ շատ տեխնիկաներ մշակվել են հույն սոփեստների և փիլիսոփաների կողմից և հաճախ վերագրվում են Պլատոնին և Արիստոտելին։

Այդ ունակությունը բավականին ակտիվ է երեխաների մոտ, բայց տարիների ընթացքում բթանում է, քանի որ այլևս ակտիվորեն չի կարառվում։ Մնեմոտեխնիկան վերականգնում և ակտիվացնում է զգայարանների միջոցով ինֆորմացիան ընկալելու ունակությունը։

Բաժանորդագրվեք «Word of the Day» ալիքների և հարթակների: Այսօր շատ տարբեր հարթակներ (Britannica Dictionary, Collins Word of the Day) տրամադրում են օրական մեկ բառ՝ կա՛մ վեբկայքում, կա՛մ հավելվածում, կա՛մ էլփոստի միջոցով, որպեսզի օգնեն ընդլայնել ձեր բառապաշարը: Կարող եք ավելացնել այս բառերը ձեր բառարաններում, սովորել և կիրառել դրանք։

Օգտագործեք flash քարտեր: Բառապաշարն ընդլայնելու արագ ու արդյունավետ միջոցներից է flash քարտերի միջոցով բառեր ուսումնասիրելը: Այսօրվա թվային աշխարհում սմարթֆոնների հավելվածների լայն շրջանակը flash քարտերը դարձնում է հարմար և հեշտ կիրառելի: Այս տարբերակով օրական մեկից երեք բառ սովորելը լավագույն տարբերակն է։

Կիրառեք նոր բառերն առօրյայում: Հնարավոր է կուտակել հսկայական բառապաշար առանց իրականում այդ բառերն օգտագործել իմանալու: Եթե կարդալիս բառը հասկանում եք, սակայն չեք կարող այն կիրառել, նշանակում է, որ այն ձեր պասիվ բառապաշարում է։ Իսկ դրանք ակտիվ բառապաշար տեղափոխելու համար պետք է պարբերաբար կիրառեք այդ բառերն ու արտահայտությունները համապատասխան կոնտեքստում։ Եթե ​​ձեր ընթերցանության ժամանակ որևէ նոր բառ եք հանդիպում, միանգամից փորձեք մտածել, թե ինչպես կարող եք այն օգտագործել զրույցի ընթացքում: Շատ օգտակար է նաև բառակապակցություններ և նախադասություններ կազմելը, որը հնարավորություն է տալիս ամրապնդել նոր բառապաշարը։

Եթե պարբերաբառ կիրառեք այս մեթոդներն ու տեխնիկաները, ձեր բառապաշարը կդարձնեք ավելի հարուստ և կկարողանաք հեշտությամբ կիրառել նոր բառերը համապատասխան կոնտեքստում։

--

--