Women in Technology

Կանայք, որոնք փոխեցին տեխնոլոգիական աշխարհը

Lia
Picsart Academy
Published in
15 min readMar 7, 2022

--

Ուժեղ կնոջ կերպարը յուրաքանչյուրիս մոտ ասոցացվում է ամենատարբեր անհատականությունների հետ։
Դա կարող է լինել Margaret Thatcher-ը, ով եղել է Եվրոպայի առաջին կին վարչապետն ու ամենահայտնի քաղաքական գործիչը՝ Winston Churchill-ից հետո, կամ Jeanne D’Arc-ը՝ Ֆրանսիայի ազգային հերոսուհին, որը եղել է հարյուրամյա պատերազմի ֆրանսիական զորքերի հրամանատարներից մեկը, սակայն գերվել և դատապարտվել է որպես հերետիկոս՝ մահվան արժանանալով խարույկի վրա, Cleopatra-ն՝ եգիպտական ​​թագուհին, ում կենսագրությունը քննարկվում է մինչ օրս՝ թույլ տալով միայն գուշակել այդ զարմանահրաշ կնոջ ինտելեկտուալ կարողությունների մասին, որը, արտաքինով գրավիչ չլինելով, կարողացավ գրավել երկու հայտնի հռոմեացի գեներալներ՝ Julius Caesar-ի և Marcus Antonius-ի ուշադրությունը։ Բազմաթիվ գրքեր են գրվել ու ֆիլմեր նկարահանվել այս սիրային եռանկյունու և Cleopatra-ի կերպարի մասին:
Դա կարող է լինել նաև Coco Chanel-ը՝ ֆրանսիացի հայտնի ոճաբանը, որը հանդիսանում է Chanel նորաձեւության տան հիմնադիրը։ Նորաձևության աշխարհում նա միակն էր, որ Time ամսագրի կողմից ճանաչվեց 20-րդ դարի 100 ամենաազդեցիկ մարդկանցից մեկը: Գուցե այդ աղջնակը Anne Frank-ն է, ում օրագիրը համարվում է նացիզմի սարսափների ամենաողբերգական և ամենահավաստի վկայությունը։ Պատերազմի տարիներին Anne-ի ընտանիքի իգական մասը թաքնվում էր նկուղում, իսկ հրեա աղջիկը գրեթե ամեն օր վավերագրում էր նոթատետրում այն ամենն, ինչին ականատես էր լինում։ Օրագիրը հրաշքով պահպանվել է և դարձել UNESCO-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված 35 առարկաներից մեկը:
Դա կարող է լինել նաև Maria Sklodowska-Curie-ն, որը պատմության մեջ առաջին կին Նոբելյան դափնեկիրն էր ու առաջին կրկնակի Նոբելյան մրցանակակիրը։

Ովքեր՞ են նրանք. կանայք, որոնք իրենց հետքն են թողել պատմության էջերում ու կոտրել այն կարծրատիպը, որ գոյություն ունեն ոլորտներ, որոնք հարմար են տղամարդկանց ավելի, քան կանանց, կամ մասնագիտություններ, որտեղ տղամարդիկ ավելի հաջողակ են, քան կանայք։
Շատ են կարծիքներն այն մասին, որ ՏՏ-ն համարվում է հենց այդ ոլորտներից մեկը: Նման կարծիք ձևավորվել է միգուցե այն պատճառով, որ տեխնիական բուհեր դիմում են թվով ավելի շատ տղամարդիկ, քան կանայք, բայց, չնայած այդ հանգամանքին, միևնույնն է, ասել, թե այս կամ այն ուղղությունը ավելի հարմար է միայն կանանց կամ միայն տղամարդկանց՝ տրամաբանական չէ, ու դուք դրանում շատ շուտով կհամոզվեք։
Չգիտես՝ ինչու, երբ խոսքը գնում է կանանց և ՏՏ տեխնոլոգիաների համատեղելիության մասին, շատ տղամարդիկ թերահավատորեն են մոտենում, քանի որ համոզված են, որ այս ոլորտի համար անհրաժեշտ է անալիտիկ մտածելակերպ, որը, իբրև թե, հատուկ է մեծամասամբ կամ միայն տղամարդկանց։
Զարմանալին այն է, որ այդպես են մտածում նաև որոշ կանայք։
Չնայած էմանսիպացիայի դարաշրջանը սկսվել է թվային դարաշրջանից շատ առաջ, շատերը դեռ կարծում են, որ կանայք ստեղծված են միայն աշխարհը գեղեցկացնելու, ընտանիքի և երեխաների մասին հոգ տանելու համար: Ժամանակն է հերքել այս ընդհանուր առասպելը։ Տեղեկատվական տեխնոլոգիաները, որոնք ամենադինամիկ և հեռանկարային ոլորտներից են, այսօր գրավում են բոլորին՝ անկախ սեռից և տարիքից: Դա է պատճառը, որը այս հոդվածի շրջանակներում խոսելու ենք այն կանանց մասին, որոնք մեծ ներդրում են ունեցել համակարգչային գիտությունների զարգացման գործում, բայց քիչ են հիշատակվում։

“The science of operations, as derived from mathematics more especially, is a science of itself, and has its own abstract truth and value.”

Augusta Ada Lovelace

Մարդկության պատմության մեջ հայտնի է որպես աշխարհի առաջին ծրագրավորող և տաղանդավոր մաթեմատիկոս. այո՛, խոսքը Ada Lovelace-ի մասին է։
Ada-ն ծնվել է Լոնդոնում՝ 1815 թվականին։ Հայրը անգլիացի հայտնի բանաստեղծ George Gordon Byron-ն էր, իսկ մայրը՝ Anne Isabella Milbanke-ը։ Զույգի ամուսնական կյանքն ավարտվում է ամուսնալուծությամբ, ինչից հետո բանաստեղծը հեռանում է Անգլիայից՝ թողնելով միակ օրինական դստերը՝ Ada-ին։ Համաձայն հին բրիտանական օրենքների՝ երեխայի խնամակալության իրավունքները պատկանում էին հորը, սակայն լորդ Բայրոնը հրաժարվում է դստեր կյանքին իր անմիջական մասնակցությունից։ Ada-ի կյանքում մոր՝ Anne Milbanke-ի դերի մասին տարբեր խոսակցություններ կան։ Ըստ վարկածներից մեկի՝ մայրն ու դուստրը բավականին մտերիմ հարաբերություններ են ունեցել, մյուսի համաձայն՝ Lovelace-ը մեծացել է առանց երկու ծնողներին ճանաչելու։ Մանկության տարիներին Ada-ն հաճախ էր հիվանդանում, նրան տանջում էին գլխացավերը, որոնք էլ մեծապես ազդում էին աղջկա տեսողության վրա, իսկ կարմրուկով հիվանդանալուց հետո նա երկար ժամանակ անդամալույծ մնաց։ Սակայն դա չխանգարեց, որ լեդի Byron-ը վարձի Լոնդոնի լավագույն ուսուցիչներին՝ աղջկա ուսումը տանը շարունակելու համար։
Ada-ի ուսուցիչներից է եղել շոտլանդացի մաթեմատիկոս և միստիկ Augustus De Morgan-ը։ Նա ամուսնացած էր հայտնի Mary Somerville-ի հետ, որը ժամանակին ֆրանսերենից թարգմանել էր աստղագետ Pierre Simon Laplace-ի «Երկնային մեխանիկայի մասին տրակտատը»:
Էզոթերիկ թվաբանության մեծ մասնագետ De Morgan-ը հմայեց աղջկան թվերի կախարդանքով՝ մաթեմատիկայի խիստ տրամաբանությունը վերածելով մոգության, որն էլ զգալի ազդեցություն ունեցավ նրա հետագա ճակատագրի վրա։ Պրոֆեսորը բարձր էր գնահատում իր աշակերտուհու ունակությունները և նույնիսկ համեմատում էր նրան իտալացի ականավոր մաթեմատիկոս Maria Gaetana Agnesi-ի հետ:

Սերը մաթեմատիկայի հանդեպ Ada-ն ժառանգել էր մորից, իսկ հորից, ի լրումն բազմաթիվ այլ հատկանիշների, ժառանգել էր զգացմունքային խառնվածքը։ Կան ապացույցներ, որ աղջիկը նույնիսկ գաղտնի պոեզիա է գրել՝ ամաչելով դրանից այնպես, ասես դա ինչ-որ ժառանգական հիվանդություն լիներ: Anne Isabella-ն՝ Ադայի մայրը, պատանեկության տարիներին հաջողություններ է ունեցել ճշգրիտ գիտությունների ոլորտում, ինչի համար ամուսինը նրան անվանել էր «զուգահեռանկարների թագուհի»:

Ada-ի գիտական ​​կենսագրության մեջ կարևոր իրադարձություն էր նրա ծանոթությունը Charles Babbage-ի հետ՝ 1833 թվականի հունիսին։ Մեկ ամիս անց մաթեմատիկոսը, որն անչափ գնահատում էր աղջկա ակնառու ունակությունները, հրավիրեց նրան տեսնելու իր ստեղծած շարժիչի նախատիպը։ Ada-ն փորձում էր հնարավորինս հաճախ այցելել Babbage-ին, որը, տպավորված լինելով Lovelace-ի վերլուծական տաղանդով, աղջկան տվել էր «Թվերի կախարդուհի» մականունը։
1842–1843 թվականներին Ada-ն ինը ամիս շարունակ թարգմանում է Babbage-ի դասախոսությունը վերլուծական շարժիչի մասին, որն էլ այնուհետ ձայնագրվում է իտալացի մաթեմատիկոս Luigi Menabrea-օ կողմից։ Հետաքրքրական է, որ թարգմանությանը կցված էին նաև Lovelace-ի գրառումները, որոնք հիմնական հոդվածից մեծ էին մոտ երեք անգամ։ Սրա պատճառը բրիտանական գիտական ​​հանրության անպատրաստությունն էր Menabrea-ի գրվածքին. բրիտանացի գիտնականներին այս թեման չէր հետաքրքրում, և Ada-ն ստիպված էր բացատրել նախ մեխանիզմի սկզբունքը՝ հոդվածի բուն բովանդակությունը հասկանալի դարձնելու համար։
Lovelace-ի աշխատանքը բարձր գնահատվեց հենց Michael Faraday-ի կողմից, որը հիացած էր նրա կարողություններով։
Ada-ի մեկնաբանություններից մեկում մանրամասն նկարագրված էր ալգորիթմը, որով Bernoulli թվերը կարող էին հաշվարկվել վերլուծական շարժիչի վրա։ Հետագայում այս աշխատանքը ճանաչվեց որպես առաջին ծրագիր, որը կարելի էր աշխատեցնել համակարգչով։
Ցավոք, Babbage-ի մեքենան երբեք չկառուցվեց Ada-ի կենդանության օրոք։ Գրառումների մեջ Lovelace-ը մեծ ապագա էր կանխատեսում Babbage-ի գյուտի համար՝ ասելով, որ այս մեքենան հետագայում կկարողանա ինքնուրույն ստեղծել բանաձևեր, երաժշտություն և նկարչություն։ Սրան զուգահեռ Ada-ն նաև հերքում էր արհեստական ​​ինտելեկտի առաջացման հնարավորությունը՝ կարծելով, որ սարքն ի վիճակի չէ ստեղծել այնպիսի մի բան, որը դուրս է մարդու կողմից ներդրված ալգորիթմների սահմաններից: Ունենալով ճկուն միտք՝ Ada-ն իր ողջ կյանքի ընթացքում հետաքրքրություն էր ցուցաբերել գիտական ​​մի շարք ուղղությունների նկատմամբ, որոնցից շատերը, սակայն, չդիմացան ժամանակի փորձությանը։
Նրան գրավում էր ֆրենոլոգիան կամ գանգագուշակությունը՝ մի գիտություն, որը գանգի ձևից թույլ էր տալիս որոշել մարդու հոգեկերտվածքը, մեսրոպիզմով, որն ուսմունք էր կենդանական մագնիսականության մասին։ Lovelace-ը նույնիսկ ցանկություն է ունեցել ստեղծել մաթեմատիկական այնպիսի մի մոդել, որը կնկարագրեր նյարդային համակարգի սկզբունքը, սակայն որը սկսելու համար նա ժամանակ չունեցավ:

Ada-ի ձեռքբերումներն ու ներդրումը համակարգչային գիտության մեջ դեռևս վեճի առարկա են: Ոմանք կասկածում են՝ արդյո՞ք Lovelace-ը իրավունք ունի կրելու առաջին ծրագրավորողի կոչումը։ Այս տեսակետը պաշտպանողները պնդում են, որ ոչ թե նա է մշակել ծրագրերը, այլ Babbage-ը, իսկ ինքը՝ Ada-ն, զբաղվել է միայն վերլուծական շարժիչի հանրահռչակմամբ։
Կնոջ՝ որպես առաջին ծրագրավորողի պաշտպանները պնդում են, որ Bernoulli թվերը հաշվարկելու վերաբերյալ նրա աշխատանքները զարմանալիորեն ճշգրիտ և նուրբ են՝ տվյալ ժամանակաշրջանի համար, հետևաբար չեն կարող համեմատվել Babbage-ի՝ նախկինում գրված աշխատանքների հետ:
Այնուամենայնիվ, հետազոտողների մեծամասնությունը համաձայն է, որ Ada Lovelace-ը միակ մարդն էր, որը լիովին գնահատեց վերլուծական շարժիչի ներուժը և կարողացավ կանխատեսել, թե ինչ փոփոխություններ կբերի նման հետազոտությունը մարդու կյանքում:
Հետաքրքիր փաստ. չնայած Ada-ի գիտական ​​նվաճումների վերաբերյալ բանավեճերին, հայտնի է, որ «աշխատանքային բջիջ» [work cell] և «ցիկլ» [cycle] ծրագրավորման տերմինները ներմուծվել են հենց նրա կողմից:
Ada Lovelace-ը, բացի անհերքելի ինտելեկտուալ ներուժից, ուներ նաև վառ արտաքին և կանացի անդիմադրելի հմայք, ինչի շնորհիվ նրա անձնական կյանքը հասարակության մեջ քննարկվում էր ոչ պակաս ակտիվությամբ, քան՝ գիտական ​​տաղանդները։
1835 թվականին Ada-ն դառնում է լեդի King՝ ամուսնանալով William-ի՝ 8-րդ բարոն King-ի հետ, որը հետագայում ստանում է լորդի տիտղոս։ Զույգն ունենում է երեք երեխա՝ երկու որդի՝ Byron-ը և Ralph-ը, և մեկ դուստր՝ Anna Isabella-ն, որին հաճախ անվանում էին Annabelle։
Ada Lovelace-ը մահացել է ինչպես իր հայրը՝ 36 տարեկան հասակում՝ 1852 թվականի նոյեմբերի 27-ին։ Մահը վրա է հասել արյունահոսության պատճառով, որն առաջացել է արգանդի քաղցկեղի ոչ ճիշտ բուժման հետևանքով։
Ինչպես արդեն գլխի ընկաք, Ada ծրագրավորման լեզուն նրա պատվին են կոչել։
Ada-ն ապրեց կարճ, բայց պայծառ կյանք՝ որպես կին, ում համար թվերի շարքերը բանաստեղծական տողեր էին, իսկ չոր մաթեմատիկական բանաձևերը՝ միստիկական երեւույթ։ Այս կինը մշտական ​​պայքարի մեջ էր հույզերի և տրամաբանության աշխարհի միջև, սուբյեկտիվի և օբյեկտիվի, պոեզիայի և մաթեմատիկայի, վատ առողջության և էներգիայի պոռթկումների միջև:

“To me, programming is more than an important practical art. It is also a gigantic undertaking in the foundations of knowledge.”

Grace Murray Hopper

Հայտնի կանանցից հաջորդը, որի կյանքի պատմությունը հիացմունքի է արժանի, Grace Hopper-ն է։ Նա ծրագրավորման առաջամարտիկներից է, մաթեմատիկոս, ԱՄՆ ռազմածովային ուժերի կոնտրադմիրալ։ Իրավացիորեն համարվում է «COBOL-ի տատիկը» և արժանացել է բազմաթիվ մրցանակների այս ծրագրավորման լեզվի զարգացման գործում իր անգնահատելի ավանդի համար։
Ծնվել է 1906 թվականի դեկտեմբերի 9-ին՝ Նյու Յորքում։ Ծնողները` հայրը՝ Walter Fletcher Murray և մայրը՝ Mary Campbell van Horne: Grace-ը վաղ է սովորել կարդալ և հետաքրքրվել է մաթեմատիկայով ու տեխնոլոգիաներով: Ավարտելով աղջիկների համար նախատեսված մասնավոր դպրոցը՝ նա ընդունվում է Vassar քոլեջ՝ Ամերիկայի առաջին քոլեջը, որտեղ կանայք կարող էին լիարժեք կրթություն ստանալ: Չորս տարի անց՝ 1928 թվականին, նա բակալավրի կոչում է ստանում մաթեմատիկայի և ֆիզիկայի բնագավառում և ընդունվում Yale-ի համալսարան, որն էլ ավարտում է 1930 թվականին՝ ստանալով մաթեմատիկայի մագիստրոսի կոչում։ Միաժամանակ Grace-ն ամուսնանում է Նյու Յորքի կոմերցիոն դպրոցի անգլերեն լեզվի ուսուցիչ՝ Vincent Foster Hopper-ի հետ։ Եվ, արդեն 1934 թվականին, Grace Murray Hopper-ը դառնում է պատմության մեջ առաջին կինը, որը պաշտպանեց իր դոկտորական ատենախոսությունը փիլիսոփայության և մաթեմատիկայի ոլորտում: 1940 թվականին՝ ամուսնալուծությունից հետո, երեսունչորսամյա Grace-ը անսպասելիորեն որոշում է զինվորագրվել։ 1943 թվականին, բանակի ղեկավարությանը համոզելուց հետո, նա զորակոչվում է նավատորմ և ստանում Mark I համակարգչի երրորդ ծրագրավորողի պաշտոնը՝ Հարվարդի համալսարանի զինամթերքի հաշվարկման նախագծերի բյուրոյում: Բալիստիկ հաշվարկների վրա մեկ տարի էլ չաշխատելով, Grace-ը մի կարևոր բացահայտում է անում. հաշվարկներում սովորական գործողությունները կարող են ձևակերպվել որպես ենթածրագիր: Նա առաջինն էր, որը 1944 թվականին ստեղծեց աշխարհում առաջին ենթածրագիրը էլեկտրոնային համակարգչի համար, որը հաշվարկում էր sin(x)-ը:
Grace Hopper-ը մշակեց նաև առաջին կոմպիլյատորը, որը թարգմանության ընթացքում իրականացնում էր ենթածրագրերի կազմակերպում, հիշողություն էր հատկացնում և pseudo- կոդերը վերածում էր մեքենայական հրահանգների։
1954 թվականին լույս տեսավ մի ամբողջ համակարգ, որը կոչվում էր AT-3 և ներառում էր իրական ծրագրավորման լեզու և կոմպիլյատոր։ Grace-ն այդ ժամանակ արդեն մշակողներից կամ ծարգրավորողներից բաղկացած մի խմբի ղեկավար էր։ Նոր ծրագրավորման լեզու ստեղծելու համար Grace-ը ընտրեց մոտ 30 անգլերեն բառ, որոնք սահմանում էին տվյալների վրա հնարավոր գործողությունները՝ add (ավելացնել), compare (համեմատել), transfer (ուղարկել): Բառերի ընտրության պայմանը դրանց եզակիությունն էր. հրամաններից յուրաքանչյուրը պարունակում է առաջին և երրորդ տառերի եզակի համակցություն այնպես, որ կոմպիլյատորը կարողանա պարզապես դուրս նետել մնացած բոլոր տառերը՝ մեքենայական կոդ գեներացնելիս:
1959 թվականին, որպես խորհրդատու, Grace Hopper-ը սկսեց աշխատել նոր, կատարելագործված և սարքերից անկախ լեզվի ՝ COBOL(Common Business Oriented Language) վրա, որն այսօր էլ օգտագործվում է ֆինանսների հետ կապված ծրագրերում: Գնահատելով նրա ներդրումն այս նախագծում՝ գործընկերները Grace-ին անվանեցին «COBOL-ի տատիկ»: Ի դեպ, Grace Hopper-ն էր, որ հայտնաբերեց աշխարհում առաջին «bug»-ը (ծրագրային սխալ)` դառնալով debugging տերմինի հեղինակը։
Դա տեղի ունեցավ 1951 թվականին, երբ ցեցը անհասկանալի կերպով հայտնվեց Mark II համակարգչի մեջ և փակեց այնտեղի ռելեներից մեկի կոնտակտները։ Ավելի ուշ Grace-ը ներկայացրեց դա այսպես. «Երբ մի սպա եկավ մեզ մոտ՝ պարզելու, թե ինչ ենք անում, մենք պատասխանեցինք, որ մաքրում ենք համակարգիչը միջատներից (վրիպազերծում): Այդ պահից ի վեր վրիպազերծում [debugging] տերմինը մտավ աշխարհի բոլոր ծրագրավորողների առօրյա կյանք, և «bug»-ը սկսեց նշանակել ցանկացած տեսակի անսարքություն: Համակարգչից հանված ցեցը խնամքով տեղադրվեց համակարգի գրանցամատյանում՝ «debugging»-ի առաջին դեպքի մասին զեկույցում։

Hopper-ի՝ մարդկությանը տված օգուտն այնքան մեծ էր, որ ռազմական իշխանությունները շնորհեցին նրան երրորդ աստիճանի կապիտանի կոչում։
1973 թվականին, երբ Grace-ը վաթսունն անց էր և այլևս չէր մտածում զինվորական կարիերայի մասին, գեներալները, որոնց անչափ դուր էր եկել «հավերժական թոշակառուի» ուսադիրները փոխելու միտքը, իրականացրին այդ գաղափարն ու տասը տարի անց Grace-ը հասավ մինչև հրամանատարի կոչման, իսկ յոթանասունինը տարեկանում դարձավ կոնտրադմիրալ։ Ութսուն տարեկանում նա վերջապես թոշակի անցավ։ Այս իրադարձությանը նվիրված հանդիսավոր արարողության ժամանակ հերոս ծովակալ Լեհմանը, «Գերազանց ծառայության համար» մեդալը կպցնելով գործընկերոջ կրծքին, ողբերգականորեն ասաց. «Grace, էլ որտե՞ղ կարող եմ գտնել քո տրամաչափի մեկին»:
Բայց, թոշակի անցնելով, միսիս Hopper-ը չհանդարտվեց։ Նա դարձավ Digital Equipment Corporation-ի գլխավոր խորհրդատուն և այդ պաշտոնում շարունակեց ճանապարհորդել աշխարհով մեկ և դասախոսություններ կարդալ:

Տպավորիչ է, այնպես չէ՞։

“We’re having an information explosion, and it’s certainly obvious that information is of no use unless it’s available.”

Sister Mary Kenneth Keller

1965 թվական՝ ավարտական ​​օր UW-Madison-ում։ Բոլորը հպարտ կանգնած են ավարտական ​​զգեստներով և անհամբերությամբ սպասում են իրենց դիպլոմներին։
Նրանց մեջ առանձնանում է միանձնուհու հագուստով մի կին՝ քույր Mary Kenneth Keller-ը՝ առաջին մարդը Միացյալ Նահանգներում, որը ստացել է համակարգչային գիտությունների թեկնածուի կոչում։ Keller-ը բարձրագույն կրթության ոլորտում նորարար էր: Նա անխոնջ աշխատում էր համակարգչային գիտության կիրառման շրջանակն ընդլայնելու համար:
Mary Kenneth Keller-ը եղել է Association of Small Computer Users in Education [ASCUE]-ի հիմնադիրը, մի կազմակերպություն, որը մինչ օրս ակտիվ է կրթության մեջ տեխնոլոգիաների կիրառումը խթանելու գործում։ Եվ սրա պատճառը հիմնադրի՝ Mary-ի տեսլականն էր՝ ուղղված համակարգիչների հսկայական ներուժին՝ որպես ուսուցման գործիք:
Keller-ը ծնվել է 1913 թվականի դեկտեմբերի 17-ին՝ Քլիվլենդում: Տասնութ տարեկան հասակում՝ 1932 թվականին, ընդունվել է Sisters of Charity of the Blessed Virgin Mary կաթոլիկ միաբանություն: Բակալավրի իր աստիճանը ստացել է մաթեմատիկայի ոլորտում, իսկ մագիստրոսի կոչումը՝ մաթեմատիկայի և ֆիզիկայի բնագավառում՝ DePaul համալսարանում։
1950-ականների վերջին հաճախել է Dartmouth-ի համալսարանի ամառային ինստիտուտը:
Dartmouth-ի մաթեմատիկայի ամբիոնի վարիչ John Kemeny-ը, ինչպես և Mary-ն, ևս այն կարծիքին էր, որ համալսարանի յուրաքանչյուր ուսանող պետք է ունենա իր անհատական համակարգիչը, և յուրաքանչյուր ուսուցիչ պետք է կարողանա օգտագործել համակարգիչը դասարանում, երբ անհրաժեշտ է:
Keller-ը կիսվել է այս տեսլականով նաև իր կարիերայում:
Dartmouth-ում իր աշխատանքն ավարտելուց հետո, Keller-ը եկավ UW-Madison ՝ փիլիսոփայության դոկտորի կոչում ստանալու համար։ Պրոֆեսոր Preston Hammer-ի ղեկավարությամբ նա գրում է իր թեզը՝ «Inductive Inference on Computer Generated Patterns»-ը, որտեղ անդրադառնում է այն ընդհանրացումներին, որոնք կարող էին կատարվել համակարգչային գեներացվող արտահայտությունների փոփոխության օրինաչափությունների վերլուծությունից:
UW-ն ավարտելուց հետո Keller-ը համակարգչային գիտության դասընթաց սկսեց Iowa նահանգի Clark քոլեջում և ղեկավարեց այն 20 տարի։
Համակարգիչների ուժով հիացած՝ նա ձգտում էր հնարավոր դարձնել տեղեկատվության հասանելիությունը և նպաստել կրթական ոլորտի առաջխաղացմանը:
Մի փոքր նման է հաքերության գաղափարին, չե՞ք կարծում։

Mary-ն պատկերացնում էր մի աշխարհ, որտեղ համակարգիչները մարդկանց դարձնում էին ավելի խելացի, և կանխատեսում էր տեղեկատվական այն պայթյունը, որը պիտի տեղի ունենար տասնամյակներ անց:
Քույր Mary-ն քրտնաջան աշխատեց՝ կերտելու իր ուրույն ուղին կյանքում։ Նա մեկն էր այն մարդկանցից, որը ջերմեռանդորեն պաշտպանում և խրախուսում էր կանանց ներկայությունը համակարգչային ոլորտում:
Clark քոլեջի համակարգչային կենտրոնը նրա պատվին անվանվել է «Համակարգչային կենտրոն Քելեր»:
Keller-ը մահացավ 71 տարեկան հասակում՝ Iowa նահանգի Dubuque քաղաքում՝ 1985 թվականի հունվարի 10-ին։

“We accepted education as the means to rise above the limitations that a prejudiced society endeavored to place upon us.”

Evelyn Boyd Granville

Evelyn Boyd Granville-ը երկրորդ աֆրոամերիկուհին էր, որն արժանացավ մաթեմատիկայի դոկտորի կոչման։ ԱՄՆ տիեզերական տեխնոլոգիաների լաբորատորիայում «Apollo» ծրագրի համար հրթիռների ուղեծրերի ու հետագծերի հաշվարկման մասին իր աշխատանքը նպաստեց տիեզերգնացության ոլորտի զարգացմանը:
Միջնակարգ դպրոցը, որը նա հաճախել է, Dunbar ավագ դպրոցն էր: Այն ակադեմիական ուղղվածություն ունեցող՝ հատուկ սևամորթ երեխաների համար նախատեսված դպրոց էր, որի նպատակն էր ուղարկել իր ուսանողներին լավագույն համալսարաններ։
Այնտեղ Granville-ը միանգամից դարձավ մաթեմատիկայի իր երկու ուսուցիչների՝ Ulysses Basset-ի և Mary Cromwell-ի սիրելի աշակերտը: Դպրոցն ավարտելուց հետո նա ընդունվեց Smith քոլեջ,որտեղ նրա ուսուցիչներից էր Neal McCoy-ը, որը խրախուսում էր կին մաթեմատիկոսներին ոչ միայն կանանց առաջխաղացման, այլ մասամբ նաև այն պատճառով, որ իր քույրը ևս մաթեմատիկոս էր:
1945 թվականին Granville-ը գերազանցությամբ ավարտելուց հետո Evelyn-ը կրթաթոշակ ստացավ Smith քոլեջի ուսանողական օգնության միությունից՝ իր՝ դոկտորականի աստիճան ստանալու համար նախատեսված ուսուցման համար։ Ե՛վ Michigan-ի, և՛ Yale-ի համալսարանները նրան թափուր տեղ առաջարկեցին, բայց միայն Yale-ը կարողացավ տրամադրել լրացուցիչ ֆինանսական աջակցություն, որի կարիքը նա ուներ: 1945-ի աշնանը, ընդունվելով Yale-ի համալսարան, նա սկսեց ֆունկցիոնալ վերլուծության հետազոտությունները՝ Hille-ի ղեկավարությամբ (Einar Carl Hille-ը ամերիկացի մաթեմատիկոս էր, որն աշխատում էր ֆունկցիոնալ վերլուծության շուրջ):
Նա գրեց իր դոկտորական ատենախոսությունը՝ «On Laguerre Series in the Complex Domain» թեմայով, իսկ 1949 թվականին Marjorie Lee Browne-ի հետ միասին, որը նույն թվականին ավարտել էր Michigan-ի համալսարանը, դարձավ առաջին սևամորթ ամերիկուհիներից մեկը, որը ստացավ մաթեմատիկայի դոկտորի կոչում։
1955 թվականի դեկտեմբերին Granville-ը սկսեց աշխատել IBM-ում։ Սկզբում նա աշխատում էր Վաշինգտոնում՝ գրելով ծրագրեր IBM 650 համակարգչի համար, այնուհետև, արդեն 1957 թվականին,
Evelyn -ը տեղափոխվում է Նյու Յորք՝ զբաղեցնելով թվային վերլուծության խորհրդատուի պաշտոնը՝ «New York City Data Processing Center of the Service Bureau Corporation»-ում, որը IBM-ի մաս էր կազմում: Երբ ԱՄՆ-ի տիեզերագնացության ոլորտը սկսեց արագորեն զարգանալ, NASA-ն պայմանագիր կնքեց IBM-ի հետ՝ նրանց ծրագրակազմ տրաւադրելու պայմանով:
Granville-ը ուրախ էր վերադառնալ Վաշինգտոն՝ որպես IBM Mathematics Group-ի մաս: 1960 թվականի նոյեմբերին նա ամուսնացավ և տեղափոխվեց Լոս Անջելես, որտեղ շարունակեց աշխատել տիեզերական ծրագրի ուղեծրի հաշվարկների վրա՝ Laboratories Space Technology-ում:
1967 թվականին Granville-ն ամուսնալուծվեց և վերադարձավ ակադեմիական աշխարհ՝ ուսուցչական պաշտոն ընդունելով Կալիֆորնիայի պետական ​​համալսարանում՝ Լոս Անջելեսում: Նրա աշխատանքը ներառում էր բակալավրիատի ուսուցում և ենթադրում էր ինչպես թվային վերլուծություն, այնպես էլ՝ համակարգչային ծրագրավորման դասավանդում: Նա նաև ներգրավված էր տարրական դպրոցի ուսուցիչներ դառնալ պատրաստվողների մաթեմատիկական կրթության մեջ: Մաթեմատիկայի նկատմամբ նրա հետաքրքրությունը ստիպեց նրան մասնակցել Miller Mathematics Improvement ծրագրին, և, որպես այս ծրագրի մաս, նա ամեն օր երկու ժամ մաթեմատիկա էր դասավանդում Լոս Անջելեսի տարրական դպրոցում՝ 1968–1969 թվականներին։
Այս փորձից է ծնվել նրա համատեղ հրատարակությունը Jason Frand-ի հետ՝ Theory and Applications of Mathematics for Teachers(1975 թ.): Գիրքը բավականին լավ ընդունվեց և կիրառություն գտավ շատ դպրոցներում: Երեք տարի անց լույս տեսավ երկրորդ հրատարակչությունը, բայց, մաթեմատիկայի դասավանդման մեթոդների փոփոխության պատճառով, լույս ընծայվելուց կարճ ժամանակ անց, այն դադարեց համապատասխանել ժամանակակից դասավանդման ոճին:
1985–1988 թվականներին Granville-ը դասավանդել է համակարգչային գիտություն և մաթեմատիկա՝ Տեխասի քոլեջներից մեկում՝ Tyler-ում, իսկ 1990 թվականին նշանակվել է մաթեմատիկայի պրոֆեսոր՝ Տեխասի համալսարանում:
Թոշակի է անցել արդեն 1997 թվականին։

“Computing is too important to be left to men.”

Karen Spärck Jones

Մինչդեռ գիտնականների մեծ մասը փորձում էր մարդկանց ստիպել համակարգիչների հետ հաղորդակցվելու համար օգտագործել ծածկագրեր, Karen Spark Jones-ը համակարգիչներին սովորեցրեց հասկանալ մարդկային լեզուն:
Նրա կողմից մշակված տեխնոլոգիան հիմք հանդիսացավ Google-ի նման որոնողական համակարգերի համար:
Բնական լեզվի մշակման ինքնուսույց ծրագրավորող և այդ ոլորտում կանանց ջատագով Spark Jones-ը նույնպես սպասում էր ներկայիս զարգացմանը տասնամյակներով՝ զգուշացնելով համակարգչային գիտնականների կողմից կիրառվող տեխնոլոգիայի ռիսկերի մասին, որոնք հաշվի չեն առնվում:
1960-ականներին Karen-ը սկսեց աշխատել տեղեկատվության որոնման (IR) համակարգերի վրա և ներկայացրեց Inverse Document Frequency (IDF) համակարգը՝ վիճակագրական մի միջոց, որն օգտագործվում է՝ գնահատելու բառի կարևորությունը փաստաթղթի համատեքստում, և որը հանդիսանում էր փաստաթղթերի հավաքածուի մաս: Ըստ այդ տրամաբանության բառի կշիռը համաչափ էր փաստաթղթում այդ բառի առաջացման հաճախականությանը և հակադարձ համեմատական՝ հավաքածուի բոլոր փաստաթղթերում բառի առաջացման հաճախականությանը: Այս համակարգն այսօր էլ շարունակում է օգտագործվել որոնողական համակարգերում:

Տեղեկատվական համակարգերի ըմբռնման գործում ունեցած իր նշանակալի ավանդի համար Karen Jones-ը մի շարք մրցանակների է արժանացել։ Նա Բրիտանական ակադեմիայի պատվավոր անդամ էր ևAssociation for Computational Linguistics-ի նախագահ (1994 թվական): Նա նաև ACL Lifetime Achievement Award-ի դափնեկիր էր և կրում էր BCS Lovelace շքանշանը, որը ստացել էր 2007 թվականին:
Իր ողջ կարիերայի ընթացքում նա փորձում էր ներգրավել կանանց համակարգչային գիտության ոլորտ։
Karen Spark Jones-ը մահացավ քաղցկեղից՝ 2007 թվականի ապրիլի 4-ին՝ Ուիլինգհեմում։

“I’ll bet you don’t have a computer in your living room.”
Mary Allen Wilkes

Mary Allen Wilkes՝ մի կին, որը բոլորիս տուն բերեց հաշվողական տեխնոլոգիաները։ Wilkes-ը ծնվել է 1937 թվականին և միշտ ցանկացել է իրավաբան դառնալ, սակայն ծնողները թույլ չեն տվել։ Արդյունքում նա ավարտել է փիլիսոփայության ֆակուլտետն ու սկսել աշխատել ծրագրավորման ոլորտում։
Եղել է LAP6 օպերացիոն համակարգի զարգացման առաջամարտիկը՝ MIT-ի Laboratory Instrument Computer-ում (LINC)։ 1964 թվականին նրա աշխատանքային խումբը Բոսթոնից տեղափոխվեց Սենտ Լուիս՝ Միսսուրի: Mary-ն չէր ցանկանում այնտեղ աշխատել, քանի որ մայրը հիվանդ էր և խնամքի կարիք ուներ: Խնդրի լուծումը տանը սառնարանի չափի LINC տեղադրելն էր, որի գործարկման համար միակ պարտադիր պայմանը հեռախոսագիծն էր: Այդպես Wilkes-ը դարձավ առաջինը, ով տանը օգտագործեց անհատական ​​համակարգիչ:
Հարկ է նշել, որ, ի վերջո, Mary Allen Wilkes-ը իրականացրեց իրավաբան դառնալու իր վաղեմի ցանկությունը։

Աշխարհում ընդունված է վերագրել նշանակալի բոլոր հայտնագործությունները տղամարդկանց, չնայած նրան, որ այդ պնդումն ամենևին չի համապատասխանում իրականությանը:
Վերոհիշյալ կանայք կարողացել են փոխել աշխարհն իրենց ինտելեկտուալ ներուժով, համառությամբ, աշխատասիրությամբ և հնարամտությամբ։
Մենք կարող էինք շարունակել շարքը՝ պատմելով Harvard-ի համակարգիչների ստեղծող Williamina Fleming-ի, առցանց ծանոթությունների ստեղծող Joan Boll-ի, Apollo տիեզերական ծրագրի համար նավիգացիոն ծրագրային ապահովման մշակող Marguerite Hamilton-ի և շատ այլ կանանց մասին, որոնք ոգեշնչման աղբյուր կարող են դառնալ շատերի համար։

Նման ականավոր կանայք բազմաթիվ են և նրանց մասին կարելի է խոսել անվերջ։
Հիշեք այս պատմություններն ու անունները, որպեսզի ոգեշնչման պակասի կամ սեփական ուժերին թերահավատորեն մոտենալու դեպքում օգտագործեք դրանք՝ որպես էներգիայի ու դրական լիցքերի աղբյուր, որը կառաջնորդի Ձեզ դեպի անկասելի հաջողություն։

Code Republic Research and Development LaboratoryPicsart Academy-ի ուսումնահետազոտական և գիտական նախագծերի լաբորատորիան է։

Միացեք ընթացիկ նախագծերին կամ ղեկավարեք դրանց անցկացումը Code Republic Lab-ում, եթե՝

  • պատրաստ եք եռանդուն աշխատանքի որևէ նախագծի շուրջ նվազագույնը երկու ամիս շարունակ,
  • նախագծի կամ պրոդուկտի ղեկավար եք և ցանկանում եք կոփել հմտությունները՝ բարդ ինժեներական խնդիրների վրա աշխատելով,
  • լավ ծրագրավորող եք, որը ձանձրացել է յուրահատուկ խնդիրների ու նախագծերի պակասից,
  • կարծում եք, որ կկարողանաք ղեկավարել մի ամբողջ թիմ ու ցանկանում եք ստուգել Ձեր հմտությունները մեր ուսանողական խմբերից որևէ մեկի օգնությամբ։

Ընթացիկ նախագծերին միանալու կամ սեփական նախագիծն առաջարկելու համար գրեք learn@coderepublic.am էլեկտրոնային հասցեին։

--

--