Education

Կրթական նոր մոդել Code Republic-ից

Mary Shamiryan
Picsart Academy
Published in
5 min readNov 18, 2021

--

Որակի նշաձողեր սահմանելիս մեր դիտարկման կենտրոնում մշտապես եղել է ուսանողը. աշխատասեր, համառ, եռանդուն ու չընկրկող ուսանողը, որը բաց չի թողնում ոչ մի առիթ՝ սովորելու ու ստեղծելու նորն ու, գուցե, նաև անհնարինը։
Սակայն, ուսանելու ծանրաբեռնված ու հագեցած ընթացքի որոշ կետերում, չվհատվելն ու սեփական կարողությունները հարցարկելը լուրջ մարտահրավերի է վերածվում։
Ինչպե՞ս տանուլ չտալ նման բարդ ճանապարհի ընտրությունն ու գնալ մինչև վերջ։

Code Republic ուսումնահետազոտական կենտրոնում մենք վերաձևակերպել ենք այս հարցը՝ «Ինչպե՞ս շարունակել ճանապարհը՝ հերթական անհաջողությունից հետո»։
Իսկ հարցին պատասխանել ենք կրթական նոր մոդելի ներդրմամբ, որը, թեև չի խոստանում ավելի թեթև ու հեշտ գրաֆիկ (և երբեք էլ չի խոստացել), բայց առաջարկում է ուսուցման այնպիսի մի մոդել, որը ամբողջովին կառուցվել է ուսանողի կողմից չյուրացված նյութի շարունակական կրկնության վրա այնքան ժամանակ, քանի դեռ ուսանողներից գեթ մեկի մոտ մնացել է անհասկանալի հարց կամ թեմա։
Առաջնորդվելով այս մոտեցմամբ, մշակել ենք մի համակարգ, որը յուրաքանչյուր դասընթաց բաժանում է փուլերի՝ համապատասխան թեմաներով և ենթաթեմաներով։

Փուլերից ցանկացածը որոշիչ է, քանի որ, կախված քննության արդյունքից, ուսանողները կա՛մ անցնում են հաջորդ փուլ, կա՛մ ևս մեկ անգամ մասնակցում են նույն փուլին՝ կրկնելով թեման։

Յուրաքանչյուր փուլ, իր հերթին, բաղկացած է շաբաթներից, որոնցից յուրաքանչյուրն ունի հստակ սահմանված գրաֆիկ և զբաղվածությունների բաշխում։
Շաբաթվա կառուցվածքն ունի հետևյալ տեսքը՝

Ուսումնական շաբաթի կառուցվածքը

Առաջին օրն անցկացվում է թեստավորում, որի օգնությամբ ստուգվում է նախորդ շաբաթվա ընթացքում ուսումնասիրված նյութի յուրացումը։
Անկախ արդյունքից, անհրաժեշտության դեպքում, ուսանողները կրկնում են տվյալ նյութը և քննարկում թեստային բոլոր հարցերը՝ լսարանային հանդիպումների և նախապես ձայնագրված լրացուցիչ տեսանյութերի միջոցով։

Երկրորդ օրը կազմակերպվում է հիմնական դասախոսություն, որը տևում է 3–5 ժամ՝ 10–30 րոպե ընդմիջումներով և անցկացվում է ավագ դասախոսի կողմից։

Երրորդ և չորրորդ օրերը նախատեսված են տնային առաջադրանքների կատարման համար։ Ուսանողներն ուղարկում են կատարված առաջադրանքները, կարդում են հանձնարարված գրքերն ու հղում անհասկանալի հարցերը՝ մշտապես կապի մեջ լինելով դասախոսի օգնականի՝ Teaching Assistant-ի հետ և՛ օնլայն և՛ օֆֆլայն հարթակներում։

Հինգերորդ օրը կազմակերպվում է տեսական մասի կրկնություն՝ Supporting Teacher-ի կամ դասախոսի օգնականի/Teaching Assistant-ի կողմից։ Դասի ընթացքում վերանայվում են այն թեմաները, որոնց շուրջ ուսանողները թերացել են կամ ունեցել են հարցեր։
Դասը կարող է տևել մինչև 4 ժամ՝ ընդմիջումներով։

Վեցերորդ օրը դասախոսի օգնականը/ Teaching Assistant-ը կազմակերպում է գործնական դաս, որի ընթացքում ուսանողներին հանձնարարվում են խնդիրներ, որոնք անհրաժեշտ է լուծել սահմանված ժամանակահատվածում։ Տրված ժամանակի լրանալուն պես, դասախոսի օգնականը լուծում է խնդիրը՝ դիտարկելով բոլոր տարբերակներն ու մեկնաբանելով լուծման ընթացքը։

Յոթերորդ օրը, հիմնականում, ազատ է կամ նվիրված որևիցե միջոցառման, օրինակ՝ live coding session, coding marathon, talk և այլն։

Ուսուցման այս նոր մոդելի համար այլ է նաև գնահատման համակարգը, որը կազմված է հետևյալ բաղադրիչներից՝

  1. Հաճախումներ 5%
  2. Տնային առաջադրանքներ 15%
  3. Նախագծեր 25%
  4. Լրացուցիչ միջոցառումներ 10%
  5. Քննություն 45%
Գնահատման համակարգ

Բաղադրիչների գումարի արդյունքում ստացված առավելագույն վերջնական միավորը 100-ն է, իսկ յուրաքանչյուր հաջորդ փուլ անցնելու անցողիկ միավորը՝ 61-ը:

Ուսուցման այս նոր մոդելն արդեն իսկ հասցրել ենք գործարկել վերջերս ձևավորված երկու խմբի հետ։
Հասկանալու համար, թե ինչ պատկեր ունի այն գործնականում՝ կդիտարկենք այդ խմբերի համար մշակված դասընթացի մոդելը։
Մեկ տարի տևողությամբ դասընթացը բաղկացած է վեց փուլից, որոնցից յուրաքանչյուրն իր մեջ պարունակում է թեմատիկ շաբաթներ՝ քննական բաժանումներով։
Յուրաքանչյուր խմբի համար փուլերը վեցն են՝

Դասընթացի փուլերն ըստ թեմաների

Առաջին չորս փուլերի նպատակը համակարգչային գիտության ու ծրագրավորման լեզուների հիմունքների ուսուցանումն է, որին հետևում է հինգերորդ՝ Specialization փուլը։
Այս փուլում ծրագրավորման հիմնարար գիտելիքներ կուտակած ուսանողը վեց ամիս անց ընտրություն է կատարում Android App Development, iOS App Development, Backend Web Development և ծրագրավորման այլ մասնագիտացումների միջև՝ հիմնվելով սեփական նախասիրությունների վրա։
Ընտրությունից հետո սկսվում է խորացված ուսուցումն արդեն իսկ ընտրված ուղղությամբ, որին էլ հաջորդում է բազմաբնույթ նախագծերի իրականացումը՝ գործնական մասի ապահովման և գիտելիքների գործարկման համար։

Իսկ ի՞նչ տրամաբանությամբ են կառուցվում թեմատիկ շաբաթները։
Պայմանավորված թեմայի ուղղվածությամբ, կատարվում է բաշխում շաբաթներից յուրաքանչյուրի համար, օրինակ՝ Introduction to Ptrogramming փուլի առաջին շաբաթվա թեման Introduction to Computer Science and Software Engineering-ն է. հենց այստեղ էլ սկսում է գործել վերևում նկարագրված մեխանիզմը՝ թեստային առաջադրանքի, հիմնական դասախոսության և դրան հաջորդող մյուս փուլերի շարունակականությամբ։

Մանրամասն մշակված օրակարգը, սակայն, դեռևս չի երաշխավորում դրա լիարժեք իրականացումը։ Հենց այդ նպատակով յուրաքանչյուր մեկնարկային խմբի համար առանձնացրել ենք մասնագետների մի թիմ, որտեղ յուրաքանչյուրը վերահսկում է ուսանողների զբաղվածության համակարգման իր կտորը։ Սա արդյունավետ է դարձնում մշակված բոլոր պրոցեսների իրականացումն ու արդյունավետ ամփոփումը։

Խմբերից յուրաքանչյուրին կցվող թիմն ունի հետևյալ տեսքը՝

Education Quality Assurance Specialist / Կրթական որակի ապահովման մասնագետ

Մասնագետի պարտականությունների մեջ է մտնում թեստերի կազմումն ու ուսանողների կուտակած գիտելիքների պարբերաբար և ըստ անհրաժեշտության ստուգումը։ Հարկ եղած դեպքում մասնագետը կարող է նաև կազմակերպել լրացուցիչ ստուգումներ և՛ ուսանողների, և՛ դասախոսական կազմի համար։

Senior Teacher / Ավագ ուսուցիչ

Ավագ ուսուցչի պարտականությունն է մատուցել շաբաթվա թեման հնարավորինս մանրամասն ու հասկանալի։

Supporting Teacher / Աջակցող դասախոս

Աջակցող դասախոսի պարտականությունն է ներկայացնել ավագ դասախոսի մատուցած թեման սեփական վերաշարադրմամբ՝ դասը կառուցելիս հիմնվելով առավելապես ուսանողների հարցերի վրա։

Teaching Assistant / Դասախոսի օգնական

Դասախոսի օգնականի պարտականությունն է մշտապես աջակցել և ուղղորդել ուսանողներին անհասկանալի հարցերի, տնային աշխատանքների ստուգման և ընթացիկ մյուս հարցերի դեպքում։

Training Coordinator / Դասապրոցեսի համակարգող

Դասապրոցեսի համակարգողը զբաղվում է դասընթացի կազմակերպչական մասին վերաբերող քայլերի մշակմամբ և ուսանողների շրջանում դրանց իրազեկմամբ։

Education Program Manager / Կրթական ծրագրի ղեկավար

Կրթական ծրագրի ղեկավարը վերահսկում և կազմակերպում է դասընթացի իրականացման ողջ ընթացքը՝ վերոնշյալ բոլոր պրոցեսների ընդգրկմամբ։ EQA թիմի կողմից հավաքագրված արդյունքների հիման վրա էEPM-ը որոշում՝ արդյո՞ք խումբը պատրաստ է անցնել ծրագրի հերթական շաբաթ, թե՝ ոչ։

Մասնագետների այսպիսի կազմի ներգրավման ու նման հագեցած օրակարգի մշակման նպատակը մեկն է՝ աջակցել ուսանողին կրթական ընթացքի յուրաքանչյուր մասում և համոզվել, որ գիտելիքի փոխանցումն ու ընկալումը իրականացվել է ամբողջապես և առանց բացթողումների։
Մենք լիահույս ենք, որ ուսուցման նման մոդելը թույլ կտա հասնել այդ նպատակին և պատրաստել ինժեներ-ծրագրավորողների՝ ոլորտի որակական նշաձողը հնարավոր ամենաբարձր կետում պահելու համար։

Code Republic-ը ծրագրավորման ուսումնահետազոտական կենտրոն է, որտեղ խմբավորում ենք խորացված ծրագրավորումը մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինժեներության հետ։

Մենք ջանք ու ժամանակ չենք խնայում և ստեղծում ենք այնպիսի որակյալ նյութեր, որոնք ցույց են տալիս ծրագրավորման իրական կողմը` արվեստը: Առայժմ դա ստացվում է, իսկ պատճառը պարզ է.

մենք սիրում ենք այն, ինչ անում ենք։

Ձգտում ենք ունենալ ծրագրավորման, մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինժեներության խորացված լավագույն դասընթացները և վարձավճարը սահմանել ամսական հնարավոր նվազագույնը` 42 000 դրամ։ Խոստանում ենք երբեք չթանկացնել, իսկ շատ ու շատ անվճար դասընթացներ էլ տեղադրել YouTube-յան մեր ալիքում, այստեղ՝

Բոլոր ցանկացողները կարող են ստեղծել և տեղադրել նոր դասընթացներ, կամ, ինչու ոչ, գրել հայալեզու հոդվածներ Medium-ում։ Համագործակցության համար գրեք մեզ contact@coderepublic.am հասցեով։ Եվ, իհարկե, հետևեք մեզ այլ սոց. ցանցերում. Facebook, Instagram, Telegram, և որ ավելի կարևոր է՝ LinkedIn, տեղադրում ենք միայն օգտակար նյութեր։

Ջանք ու եռանդ չենք խնայում լուծելու երկրում գլխավոր խնդիրներից մեկը՝ որակյալ ծրագրավորող-ինժեներների կրթումը։ Ժամանակատար է, դժվար է, բայց կանգ չենք առնում։

Ընտրել ենք բա՛րդ ճանապարհը։

--

--