Շախմատի օր Code Republic-ում

Հուլիսի 20։ Ստեղծի՛ր սեփական շախմատային ծրագիր և մրցի՛ր…

Academy Writer
Picsart Academy
4 min readFeb 8, 2021

--

Շախմատը աշխարհում ամենատարածված խաղերից մեկն է: Շախմատ անունն առաջացել է պարսկերեն շահ-արքա, թագավոր և մատ-մահացավ բառերից: Հայերենում պարսկերենից փոխառյալ բառով կոչվել է ճատրակ, որն այժմ օգտագործվում է արևմտահայերենում: Շախմատը ծագել է Հնդկաստանում երկու հազար տարի առաջ: Այն ժամանակ խաղը կոչվում էր չատուրանգա (չատուր-չորս և անգա-մաս կամ անդամ բառերից) և նշանակում՝ քառանդամ, չորքմասնյա: Իր խաղաքարերի զանազանությամբ և դասավորությամբ նա ձգտում էր պատկերել այն ժամանակվա հնդկական զորքի կազմն ու շարքը:

Հնդկական շախմատի խաղաքարերը

Շախմատային պարտիայի (խաղի) սկզբում խաղացողներից յուրաքանչյուրը ունենում է 16 խաղաքար՝ մեկ արքա, մեկ թագուհի, երկու նավակ, երկու ձի, երկու փիղ և ութ զինվոր։ Ընդամենը վեց տեսակի խաղաքարերից յուրաքանչյուրը «քայլում» է յուրովի։ Խաղաքարերը օգտագործվում են հակառակորդի խաղաքարերին հարվածելու և վերցնելու համար: Խաղի նպատակն է «մատ հայտարարել» հակառակորդի արքային:

Շախմատը Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) կողմից ճանաչվել է որպես մարզաձև, իսկ 1999 թվականի հունիսին Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) ճանաչվել է որպես Միջազգային մարզական ֆեդերացիա:

Այժմ ՖԻԴԵ-ն կազմակերպում և իրականացնում է շախմատի մի շարք միջազգային առաջնություններ, որոնց թվում է նաև Համակարգչային շախմատի աշխարհի առաջնություն։

French: Fédération Internationale des Échecs

Շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսին առաջինն արժանացել է Վիլհելմ Ստեյնիցը 1886 թվականին։ Ներկայիս Աշխարհի չեմպիոնն է Մագնուս Կառսլենը։ Հայաստանը նույնպես հպարտանում է իր աշխարհահռչակ շախմատիստներով, ովքեր ունեն գրոսմայստերի կոչում: Նրանք են՝ Տիգրան Պետրոսյան, Ռաֆայել Վահանյան, Սմբատ Լպուտյան, Արշակ Պետրոյան, Վլադիմիր Հակոբյան. Արտաշես Մինասյան, Սերգեյ Մովսիսյան, Կարեն Ասրյան, Լևոն Արոնյան, Գաբրիել Սարգսյան, Տիգրան Նալբանդյան, Տիգրան Պետրոսյան: Շախմատի տարբեր տարիների օլիմպիադաներում Հայաստանը վաստակել է երեք ոսկի և երեք բրոնզե մեդալ:

Համակարգչային շախմատ

20-րդ դարի երկրորդ կեսից համակարգիչները ծրագրավորվում էին շախմատ խաղալու համար: Գործընթացի շարունակական հաջողության շնորհիվ այժմ անգամ անձնական համակարգիչները և սմարթֆոնները կարող են խաղալ շախմատ շատ բարձր մակարդակով:

IBM ընկերության Deep Blue գերհամակարգիչը առաջին մեքենան էր, որը հաղթեց գործող շախմատի աշխարհի չեմպիոն Գարրի Կասպարովին 1997 թվականին:

Գարրի Կասպարով vs Դիփ Բլյու համակարգիչ

Հուլիսի 20-ը նշվում է որպես շախմատի միջազգային օր, ուստի Code Republic-ն այդ առթիվ կազմակերպում է շախմատի յուրօրինակ մրցույթ ծրագրավորողների համար: Բոլոր ցանկացողները կարող են ստեղծել սեփական շախմատային ծրագիրը (մասնավորապես՝ սեփական շարժիչը, chess engine) և մրցել այլ ծրագրավորողների ստեղծած ծրագրերի դեմ։ Հուլիսի 20-ին Code Republic-ի գրասենյակում կանցկացվի մրցույթը, որտեղ մասնակիցները կներկայանան իրենց համակարգիչներով։ Համակարգիչներում նախապես պետք է տեղադրված լինի մասնակցի ստեղծած շախմատային ծրագիրը։ Մասնակիցը շարժում է համապատասխան խաղաքարը՝ հիմնվելով իր ծրագրի կողմից հրահանգվող քայլի վրա։ Հակառակորդը գրանցում է կատարված քայլը իր ծրագրում, սպասում ծրագրի պատասխանին և համապատասխանաբար կրկնում դա շախմատի տախտակի վրա։ Այսինքն, խաղի ժամանակ ցանկացած քայլ, որը կկատարեն մասնակիցները, հրահանգված է լինելու իրենց իսկ ստեղծած ծրագրերի կողմից։ Հայտնի է, օրինակ` Stockfish բաց կոդով շախմատի շարժիչը։ Անհրաժեշտ է ստեղծել սեփական նմանատիպ շարժիչ և մրցել այլ մասնակիցների կողմից ստեղծած շարժիչների դեմ։

Մասնակցության միակ պայմանն այն է, որ շարժիչի ենթահատվածը ստեղծելիս չի թույլատրվում օգտվել որևէ գրադարանից, ծառայությունից և/կամ API-ներից։ Պետք է ստեղծել այն ամբողջովին զրոյից և սեփական «ձեռքերով»։ Ծրագրային կոդի ստուգումն իրականացվում է մրցույթից առնվազն մեկ շաբաթ առաջ։

Դիմելու համար անհրաժեշտ է գրանցվել որպես մասնակից՝ ուղարկելով անուն ազգանուն, հեռախոսահամար և ձեր ստեղծած կամ ստեղծվող շախմատային շարժիչի (chess engine) անվանումը contests@coderepublic.am էլեկտրոնային հասցեին: Խոստանում ենք, թեժ է լինելու:

Code Republic-ը ծրագրավորման գիտահետազոտական կենտրոն է, որն ունի նաև ուսումնական բաժին։ Ուսումնական բաժնում խմբավորում ենք խորացված ծրագրավորումը մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինժեներության հետ։

Մենք ջանք ու ժամանակ չենք խնայում և ստեղծում ենք այնպիսի որակյալ նյութեր, որոնք ցույց են տալիս ծրագրավորման իրական կողմը` արվեստը: Առայժմ դա ստացվում է, իսկ պատճառը պարզ է.

մենք սիրում ենք այն, ինչ անում ենք։

Ձգտում ենք ունենալ ծրագրավորման, մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինժեներության խորացված լավագույն դասընթացները և վարձավճարը սահմանել ամսական հնարավոր նվազագույնը` 42 000 դրամ։ Խոստանում ենք երբեք չթանկացնել, իսկ շատ ու շատ անվճար դասընթացներ էլ տեղադրել YouTube-յան մեր ալիքում, այստեղ՝

Բոլոր ցանկացողները կարող են ստեղծել և տեղադրել նոր դասընթացներ, կամ, ինչու ոչ, գրել հայալեզու հոդվածներ Medium-ում։ Համագործակցության համար գրեք մեզ contact@coderepublic.am հասցեով։ Եվ, իհարկե, հետևեք մեզ այլ սոց. ցանցերում. Facebook, Instagram, Telegram, և որ ավելի կարևոր է՝ LinkedIn, տեղադրում ենք միայն օգտակար նյութեր։

Ջանք ու եռանդ չենք խնայում լուծելու երկրում գլխավոր խնդիրներից մեկը՝ որակյալ ծրագրավորող-ինժեներների կրթումը։ Ժամանակատար է, դժվար է, բայց կանգ չենք առնում։

Ընտրել ենք բա՛րդ ճանապարհը

--

--