Level Up Bootcamp at Picsart Academy

Picsart Academy Education Pipeline: Phase 2

Ella Khachaturyan
Picsart Academy
4 min readNov 19, 2022

--

Level up Bootcamp-ը Picsart Academy-ի կրթական մոդելի երկրորդ փուլն է, որը հաջողությամբ ավարտելու դեպքում ուսանողների առջև բացվում են նոր հնարավորություններ և հեռանկարներ։ Level Up Bootcamp-ը նախատեսված է փորձառու մասնագետների և Sandbox-ի շրջանավարտների համար։ Ի տարբերություն Sandbox-ի, որտեղ ուսանողները կարող են սովորել իրենց նախընտրած տեմպով, Level Up Bootcamp-ի դասընթացները կազմակերպվում են խիստ գրաֆիկով և ժամանակային սահմանափակումներով, թեև գործում են հատուկ մեթոդներ այն ուսանողների համար, որոնք զուգահեռ աշխատում են։

LUB-ի ուսանողների համար նաև գործում է կրթաթոշակ, որը տրամադրվում է Picsart-ի և/կամ գործընկեր կազմակերպությունների կողմից՝ ըստ նախապես սահմանված ընթացակարգի և պայմանների։

Level Up Bootcamp-ի նպատակը խորը ինժեներական դասընթացների կազմակերպումն է, որոնք մասնագիտական աճի հիմք կդառնան փորձառու մասնագետների համար։ Դասընթացները կազմակերպվում են track-երով (Deep Engineering Track, Probability and Statistics Track, Advanced English Track, և Engineering Practice Track։ Engineering Practice Track-ը 11 աճող բարդությամբ խնդիրների, առաջադրանքների ու նախագծերի հերթականություն է) և մոդուլներով, սակայն գործում են նաև առանձին խորացված կամ նեղ մասնագիտական դասընթացներ, ինչպես օրինակ՝ «Կիբերանվտանգության հիմունքները»։

Level Up Bootcamp-ի ընդունելությունը բարդ է և պահանջում է մի շարք ֆունդամենտալ գիտելիքների ու հմտությունների առկայություն, ինչպես նաև բավարար աշխատանքային փորձ կամ պորտֆոլիո։ Bootcamp-ում ուսանողները մասնակցում են խորը ինժեներական դասընթացների և վերապատրաստվում են մեկ կամ մի քանի մասնագիտացումներով, ինչպես օրինակ՝ Data Science, Data Engineering, Backend Web Development, Frontend Web Development, Machine Learning, Android App Development, iOS App Development, DevOps Engineering, Quality Engineering, և այլն։

Նախքան դասընթացներին մասնակցելը, դիմորդը հանձնում է Level Up Bootcamp-ում անցկացվող բոլոր թեմաներին ու իր ընտրած մասնագիտացմանը վերաբերող թեստեր, քննություններ, հարցազրույցներ, որպեսզի ընդունող հանձնաժողովը կարողանա որոշել նրա գիտելիքների ու հմտությունների պակասը՝ հստակ դասընթացների/մոդուլների մասնակցելու համար։

Level Up Bootcamp-ում բոլոր դասերը խորացված են և պահանջում են ուսանողներից ֆունդամենտալ գիտելիքների ու հմտությունների գերազանց տիրապետում, մասնավորապես այն թեմաների, որոնք նշված են Sandbox-ի ավարտական հավաստագրի պահանջներում։

Picsart Academy-ում մենք խրախուսում ենք ակտիվ ուսուցումը (Active Learning), որը ենթադրում է ուսանողի մաքսիմալ ներգրավվածություն ողջ դասապրոցեսին՝ ընդհուպ մինչև որոշ առարկաների ուսումնասիրություն՝ սեփական ընտրությամբ։ Օրինակ Sandbox փուլի շրջանակներում ուսանողներն իրենք կարող են ընտրել, թե որ մոդուլներին մասնակցեն, իհարկե անհրաժեշտության դեպքում մասնագետների օգնությամբ և ուղղորդմամբ, նաև հնարավորություն ունեն սահմանելու իրենց գրաֆիկը, ինչպես նաև դասերի հաճախականությունը։ Թեև Level up Bootcamp-ում շեշտադրումը խորացված մասնագիտական դասընթացներն են, ու հետևաբար պարտադիր ուսուցանվող մոդուլներն ավելի շատ, այս փուլում նույնպես ակտիվ ուսուցումն ունի իր կարևոր դերը։

Առհասարակ, ակտիվ ուսուցման հիմնական գաղափարախոսությունն այն է, որ ուսանողն ավելի լավ է յուրացնում իր իսկ կառուցած գիտելիքը, քան երբ այն մատուցվում է պասիվ կերպով` այսպես ասած սկուտեղի վրա։ Սա իհարկե չի նշանակում, թե դասախոսի դերն այլևս կարևոր չէ, կամ դասը մատչելի բացատրելն այլևս արդիական չէ, իհարկե՝ ոչ։ Բայց շատ կարևոր է նաև ուսանողին հնարավորություն տալ ինքնուրույն վերլուծել, տրամաբանել, հետազոտել, կարողանալ համադրել, ինքնուրույն ձևավորել գիտելիք, և իհարկե գործնականում կիրառել այն։

Ակադեմիայում մենք համադրում ենք տեսական և գործնական դասերը, և շատ ենք կարևորում յուրաքանչյուր ուսանողի անհատական աշխատանքը։ Հատկապես այս ոլորտում կարևոր է, որ ուսանողն անընդհատ գործնական կիրառություն տա իր գիտելիքին, ինքնուրույն կոդ գրի, սովորի տեսնել իր սխալներն ու ինչու չէ նաև մշակի իր աշխատելաոճը։

Level up Bootcamp-ում տեսական դասախոսությունները ևս կազմակերպվում են ինտերակտիվ մեթոդով կամ հարցուպատասխանի ձևաչափով և հաճախ դասախոսի ճիշտ ուղղորդման շնորհիվ, ուսանողը հենց ինքն էլ պատասխանում է իր մոտ առաջացած հարցին, այսինքն կարողանում է ճիշտ վերլուծել, համադրել արդեն իսկ ունեցած գիտելիքը նոր ինֆորմացիայի հետ։

Իսկ օրինակ նախագծի վրա հիմնված (project-based) ուսուցման ժամանակ, որը կիրառում ենք և՛ Level up Bootcamp-ում, և՛ Code Republic Lab-ում, ուսանողներն աշխատում են թիմերով, և կախված պրոյեկտի նպատակներից ու առաջնահերթություններից՝ ողջ ընթացքում ձեռք են բերում նոր գիտելիքներ։ Այս պարագայում նույնպես, ուսանողն արդեն ինքնուրույն է կառուցում այդ գիտելիքը, հետևաբար այն մոռանալու հավանականությունը շատ քիչ է։ Այս մոտեցումը նաև հնարավորություն է տալիս անհատականացված ուսուցման, այսինքն՝ յուրաքանչյուր ուսանողի անհատական մոտեցում ցուցաբերելուն՝ կախված իր անձնային առանձնահատկություններից, հիշողության տեսակից, սովորելու ոճից, և իհարկե տարիքից։

Level up Bootcamp-ում կոտրում ենք այն կարծրատիպը, թե կա հաջողության սահման, որից հետո կարելի է դադարել սովորել, և համարել, որ հասել ես քո գագաթնակետին։ Մարդկային պոտենցիալն անսպառ է, և մեր շրջանավարտները մեկ անգամ չէ, որ ապացուցել են դա։

Գաղտնիք չէ, որ ոլորտում կան բազմաթիվ մասնագետներ, ովքեր ունեն երկար տարիների փորձ ու հասել են շատ բարձունքների, սակայն հաճախ կանգնում են խնդիրների առաջ՝ բավականաչափ տեսական կամ խորը գիտելիքներ չունենալու պատճառով։

Մեզ համար շատ կարևոր է խթանել շարունակական կրթությունը` որպես կարևոր արժեք, քանի որ լավ մասնագետը երբեք չի դադարում սովորել ու զարգացնել իր գիտելիքները։ Level up Bootcamp-ում մենք հավատում ենք, որ ինքնակատարելագործվելու համար միշտ կա ժամանակ և եռանդ, եթե իսկապես սիրում ես այն` ինչով զբաղվում ես։ Արագ զարգացող աշխարհում և մասնավորապես ՏՏ ոլորտում, ժամանակին համընթաց քայլելու համար լավագույն ընտրությունը կրթությունն է, իսկ մեզ հետ այն դառնում է առավել արդյունավետ և հետաքրքիր։

--

--