Wave 5. Picsart Academy ընդունելության 5-րդ ալիքը

Համառոտ ուղեցույց դիմորդների համար

Nuard Khachatryan
Picsart Academy
5 min readNov 12, 2022

--

Picsart Academy-ում պատրաստվում ենք հերթական մեծ ընդունելությանը, որն ունենալու է տարբերակիչ Wave 5 անվանումը: Այս ալիքի ընդունելությանը դիմորդները սպասում են դեռ օգոստոս ամսվանից, ներառյալ հենց այն դիմորդները, որոնք դեռ հուլիսի ընդունելությանը, տեղերի խիստ սահմանափակ լինելու արդյունքում, չընդգրկվեցին մեկնարկող խմբում:

Wave 5-ի ընդունելության մեկնարկը և հայտագրումը կսկսվի դեկտեմբերի 1-ից: Դիմելու համար պարզապես անհրաժեշտ է այցելել Picsart Academy-ի կայքէջ և սեղմելով հայտադիմումների հղումը՝ լրացնել անուն ազգանուն, էլեկտրոնային հասցե, հեռախոսահամար, նշել թե կրթական մոդելի որ կտորին եք ցանկանում մասնակցել, լրացնել որոշ անձնական տվյալներ և հաստատել հայտադիմումը:

Բոլոր դիմորդները կունենան առավելագույնը 7 օր ժամանակ Picsart Academy-ի կրթական մոդելի Sandbox (սկսնակների համար), Level Up Bootcamp (վերապատրաստման դասընթացներ) և Code Republic Lab (փորձառուների համար) փուլերից որևէ մեկին դիմելու համար:

Հաշվի առնելով այն, որ դիմորդների քանակը յուրաքանչյուր ընդունելության հետ մեկտեղ կրկնապատկվում, երբեմն եռապատկվում է, ուստի ընտրական փուլերում դիմորդներին բավական թեժ մրցակցություն է սպասվում, որի արդյունքում հստակ գիտելիքներ ու հմտություններ ունեցող դիմորդներին է միայն հաջողվում միանալ մեկնարկող ալիքին:

Յուրաքանչյուր դիմորդ անցնում է թեստերի, քննությունների և հարցազրույցների մի քանի փուլ։

Հայտագրումների ավարտից անմիջապես հետո սկսվում են նախընտրական փուլերը: Յուրաքանչյուր դիմորդ անցնում է թեստերի, քննությունների և հարցազրույցների մի քանի փուլ, որոնց արդյունքում որոշվում է, թե Sandbox, Level Up Bootcamp և Code Republic Lab փուլերից որն է առավելապես համապատասխանում դիմորդին։

Հիմնական և ամենակարևոր փուլը նախնական թեստավորումն է: Այս կտորում դիմորդը հանձնում է դպրոցական մաթեմատիկայի և անգլերենի թեստեր: Առարկաների ընտրությունը պատահական չէ, քանի որ`

  1. մաթեմատիկական մտածողությունն օգնում է ծրագրավորման պարզագույն խնդիրներից մինչև բարդ գործողություններ կատարելու ժամանակ
  2. ծրագրավորման ոլորտի գրականությունը, ինչպես նաև տերմինաբանությունը հիմնականում անգլերենով է, ուստի անգլերենի մինիմալ գիտելիքները նույնպես կօգնեն արագ յուրացնել նյութը

Մաթեմատիկայից ներառված է մասնավորապես՝

  • Եռանկյունաչափություն
  • Թվային ֆունկցիա
  • Աստիճանային, ցուցչային, լոգարիթմական ֆունկցիաներ
  • Թվային հաջորդականություն, սահման
  • Պյութագորասի թեորեմը, կոորդինատային հարթություն
  • Շրջանագծի և ուղղի հավասարումները
  • Մակերեսներ, ծավալներ
  • Բազմանիստեր
  • Կոորդինատները և վեկտորները տարածության մեջ և այլն:

Անգլերենի նախընտրական թեստն ընդգրկում է մինչև A2-B1 մակարդակի քերականական կանոններ:

Դասընթացների շրջանակներում ծրագրավորման հիմնական առարկաների հետ մեկտեղ, իհարկե, այս երկու առարկաները նույնպես ներառված են` միտված լինելով ուսանողի մոտ էլ ավելի բարձրացնելու գիտելիքի մակարդակը:

Նախընտրական այս փուլերը բավարար են կրթական մոդելի Sandbox-ի կտորին դիմելու համար։

Նախընտրական թեստավորումը հաղթահարած դիմորդներն արդեն մասնակցում են բանավոր cultural/behavioral հարցազրույցի, որի ընթացքում ստուգվում է նաև դիմորդի տրամաբանությունը:

Նախընտրական այս փուլերը բավարար են կրթական մոդելի Sandbox-ի կտորին դիմելու համար, սակայն Level Up Bootcamp-ի դեպքում ուսանողները պետք է նաև հանձնեն այն բոլոր նախընտրական քննություններն ու թեստերը, որոնք որևէ դասընթացի մասնակցելու անհրաժեշտ նախապայման են:
Code Republic Lab-ի շրջանակներում ընդունելությունը իրականացվում է թեստավորման և տեխնիկական հարցազրույցի միջոցով, որոնք հաղթահարած դիմորդները կընդգրկվեն Lab-ի մասնակիցների կազմում։

Նախընտրական գործընթացը տևում է մեկ ամիս։

Նախընտրական ողջ գործընթացը տևում է մեկ ամիս, որից հետո, փուլերն հաջողությամբ հաղթահարած և մեկնարկող ալիքում ընդգրկված ուսանողները, ստանում են ակադեմիայում ինֆորմացիոն հանդիպման մասնակցելու հրավեր, որի ընթացքում էլ քննարկվում են մեկնարկող դասընթացի բոլոր մանրամասները, ստորագրվում է համաձայնագիր, ուսանողը միանում է ակադեմիայի ներքին հարթակին` պատրաստվելով դասընթացի մեկնարկին:

Ակադեմիայում կրթական փուլերն անցնում են հետևյալ հերթականությամբ

1. Sandbox

Ադապտացիոն ուսուցման մեթոդներով հագեցած ուսումնական հարթակ սկսնակների համար։

Տևողությունը՝ 6–12 ամիս։

Sandbox-ը նախատեսված է և՛ սկսնակների, և՛ գիտելիքների որոշակի պաշար ունեցող դիմորդների համար։ Այստեղ ուսանողները զինվում են հիմունքային գիտելիքներով՝ հետագայում կրթությունը մեկ կամ մի քանի մասնագիտացմամբ շարունակելու համար։

Ինժեներ-ծրագրավորող դառնալու համար՝ դիմորդից, անկախ ունեցած աշխատանքային փորձի, պահանջվում է անցնել ծանր և երկարատև հիմունքային կրթություն, որը ներառում է հետևյալ թեմաները՝

  • Համակարգչային ճարտարապետության հիմունքներ (Computer Architecture Fundamentals)
  • Համակարգչային ծրագրավորման լեզուներ, այդ թվում՝ C++, Java, Python, JavaScript
  • Օբյեկտ-կողմնորոշված վերլուծություն և նախագծում
  • Ալգորիթմներ և տվյալների կառուցվածքներ
  • Մաթեմատիկա (մասնավորապես ՝ մաթեմատիկական անալիզ, երկրաչափություն, գծային հանրահաշիվ, հավանականությունների տեսություն, վիճակագրություն)
  • Համակարգային ծրագրավորում (System programming)

Ամբողջական ցուցակը կարող եք տեսնել հղումով։

2. Level Up Bootcamp

Խորացված ինժեներական դասընթացներ՝ փորձառու ծրագրավորողների վերապատրաստման համար:

  • Խորացված ալգորիթմներ և խնդիրների լուծման էֆեկտիվ մեթոդներ
  • Բազմահոսք և ասինխրոն ծրագրավորում
  • Ծրագրային ճարտարապետություն և համակարգային նախագծում
  • Ծրագրավորման պարադիգմաներ, այդ թվում՝ ֆունկցիոնալ ծրագրավորում
  • Պատկերների և վիդեոների մշակում։

Ամբողջական ցուցակը կարող եք տեսնել հղումով։

Level Up Bootcamp-ում ուսման տևողությունը կարող է տևել մինչև 1 տարի: Դիմորդը նաև կարող է ընտրել մասնագիտացումներից որևէ մեկը.

  • Frontend վեբ ծրագրավորում
  • Backend վեբ ծրագրավորում
  • QA ինժեներություն
  • DevOps ինժեներություն
  • Մեքենայական ուսուցում
  • Տվյալագիտություն
  • Android հավելվածների մշակում
  • iOS հավելվածների մշակում
  • Պատկերների ճանաչում և մշակում

Հաջողությամբ հաղթահարելով այս փուլի քննական շեմը ևս՝ ուսանողը հրավիրվում է ուսումնահետազոտական նախագծերի լաբորատորիա՝ Code Republic Lab, որտեղ աշխատելու համար նրանից պահանջվում են ինժեներական հիմունքային գիտելիքներ և գործնական վարժ հմտություններ։

3. Code Republic Lab

Հետազոտական և ստեղծագործական նախագծերի վրա ամբողջ դրույքով աշխատանք՝ աշխատանքային անփոխարինելի փորձի ձեռք բերման համար։

Տևողությունը՝ 3–12 ամիս։

Առաջին երկու փուլերը հաղթահարելուց հետո, ուսանողը հնարավորություն է ստանում միանալու Code Republic Lab-ին, որտեղ ուսանողը ստանում է գործնական առաջադրանքներ, որոնք ենթադրում են մեծ և փոքր նախագծերի իրականացում, ինչպես՝

  • Ինտերպրետացվող լեզվի նախագծում և ինտերպրետատորի մշակում
  • Ալգորիթմների և տվյալների կառուցվածքների իրականացում
  • Տվյալների բազաների համակարգերի իրականացում
  • Ցանցային ծրագրավորման տարրեր պարունակող ծրագրերի իրականացում, այդ թվում՝ p2p շախմատ
  • Մեծ և փոքր նախագծերի համակարգային նախագծման առաջադրանքներ

Այստեղ ուսանողներն աշխատում են երկարատև և ավարտուն նախագծերի վրա, որոնց բարեհաջող իրականացման և հրապարակման դեպքում համարվում են Code Republic Lab-ի շրջանավարտներ։

Ուսանողը կարող է ավարտել փուլերից միայն մեկը կամ երեքն ամբողջությամբ։ Փուլերից ցանկացածը հաջողությամբ ավարտելու դեպքում, ուսանողը ստանում է համապատասխան որակավորում՝ հավաստագիր, որն երաշխավորում է տվյալ փուլում վերջինիս կողմից յուրացված գիտելիքների և հմտությունների բարձր որակական արժեքը։

Picsart Academy-ն համալրում է եզակի կրթական հաստատությունների շարքը, որոնք ստանձնում են իրական ինժեներ-ծրագրավորող կրթելու բարդագույն առաքելությունը։ Առաքելությունն իրականացնելու ընթացքում Picsart Academy-ն նաև ձգտում է քարոզել իրական ինժեներական հիմունքային կրթության կարևորությունը թե՜ տեղական, թե՜ միջազգային շուկայում։

--

--