Արհեստական բանականություն

Westworld. արհեստական բանականության ապագան, թե՞ պարզապես գիտաֆանտաստիկա

Academy Writer
Picsart Academy
Published in
6 min readSep 2, 2021

--

HBO-ի “Westworld” հեռուստասերիալը շատ հարցեր է առաջացրել ռոբոտների գիտակցության, արհեստական բանականության էթիկայի, նեյրոգիտության և տեխնոլոգիաների վերաբերյալ։

Տարբեր լրատվականներ պարբերաբար անդրադարձել են այս թեմաներին ու հարցազրույցներ անցկացրել հեռուստասերիալի ստեղծագործական անձնակազմի՝ մասնավորապես գիտական խորհրդատուի, սցենարի հեղինակների ու գլխավոր դերակատարների հետ։

Հոդվածում մենք հավաքել ենք այդ հարցազրույցների ամենաուշագրավ հատվածներն ու արհեստական բանականության ապագայի վերաբերյալ մասնագիտական կանխատեսումները։

Հեռուստասերիալի գիտական խորհրդատու David Eagleman-ը պատմում է, որ իր մասնագիտական գործունեության ընթացքում շատ երկար մտածել է գիտակցության ու գլխուղեղի այն գործընթացների վերաբերյալ, որոնցից սկիզբ է առնում մարդկային գիտակցությունը։ Հենց այդ մտորումների մասին էլ մի անգամ խոսել է սցենարի հեղինակների ու պրոդյուսերներից մեկի հետ, և այդտեղից էլ ամեն ինչ սկսվել է։

David Eagleman-ը

Այն հարցին, թե որքանով է մարդկությունը մոտ “Westworld”-յան ապագային, Eagleman-ը պատասխանում է. «Կարծում եմ, որ դեռ շատ հեռու է, ու պատճառները մի քանիսն են։ Ճիշտ է՝ արհեստական բանականությունն այսօր շատ տպավորիչ բաներ է կարողանում անել, օրինակ տարբերել կատվի նկարը շան նկարից, մարդուց ավելի լավ շախմատ կամ “Go” խաղալ, բայց սրանք շատ հազվագյուտ օրինակներ են։

Ընդհանուր առմամբ, արհեստական բանականությունը դեռ չի հասել 3 տարեկան երեխայի բանականությանը։ Երեխան կարող է լվացարանից ափսե վերցնել ու տեղավորել այն սպասք լվացող մեքենայի մեջ, նա կարող է շփվել մարդկանց հետ, համոզել նրանց, սենյակում շարժվել առանց ընկնելու կամ կահույքին հարվածելու, և շատ այլ բաներ, որ արհեստական բանականությունը դեռ չի կարող անել։ Իրականում, մենք դեռ մոտ չենք մարդանման արհեստական բանականություն ունենալուն։

Հաջորդ խնդիրն ինքնուրույն ապրող ռոբոտն է. մարդանման ռոբոտ ստեղծելն այդքան էլ պրակտիկ չէ ու իսկապես շատ բարդ է։ Պետք է անընդհատ հետևել ռոբոտի ներսում տեղի ունեցող «բնական» գործընթացներին, ինչը նշանակում է, որ պարբերաբար լարեր կամ այլ մասեր են վնասվելու։ Եթե մենք պատրաստվում ենք ֆիզիկական սարք ստեղծել, լավ կլինի, որ այն գերազանցի մարդուն՝ ունենա անիվներ կամ այլ լրացուցիչ հատկանիշներ։

Հետևաբար, ես չեմ կարծում, որ մենք կունենանք Westworld-ի զվարճանքի զբոսայգիներից, ավելի շուտ դրանք “Star Wars” -ի ոճով կլինեն. հետաքրքիր արտաքինով ռոբոտներ, որոնք այդքան էլ խելացի չեն։ Նրանք նման չեն մարդկանց, բայց փոխարենը, որոշ հարցերում կարող են գերազանցել մարդուն, իսկ որոշ հարցերում թերանում են»։

Ըստ Eagleman-ի՝ մարդու գլխուղեղի աշխատանքը կրկնօրինակելը բավականին բարդ է, քանի որ մենք դեռևս տեղյակ չենք այնտեղ կատարվող բոլոր գործընթացներին։ Խորը ուսուցման ցանցերի կամ կոնվոլյուցիոնալ նեյրոնային ցանցերի (convolutional neural network) շնորհիվ արհեստական բանականությունը կարող է տպավորիչ արդյունքներ գրանցել, բայց մարդու գլխուղեղն իրականում այլ կերպ է աշխատում։

Այնտեղ ավելի քան հարյուր միլիարդ նեյրոն կա, որոնցից յուրաքանչյուրն իր հարևան նեյրոնի հետ մոտ 10,000 կապակցություն ունի։ Այսինքն՝ մեր գլխուղեղում 1000 տրիլիոն հանգույց կա, և մենք դեռ չենք պարզել դրանց բոլոր գաղտնիքները։

Նեյրոգիտության գլխավոր հարցերից մեկն է՝ արդյոք հնարավոր է ստեղծել մի սարք, որը կունենա գիտակցություն։ Կարո՞ղ է արդյոք մեքենան օժտված լինել ինքնագիտակցությամբ։

Այս հարցը կարելի է դիտարկել մի քանի տեսանկյունից. մի կողմից մենք նույնպես կազմված ենք մասերից ու կտորներից։ Մեր ներսում բավականին բարդ կենսաբանական մասեր կան, որոնցից յուրաքանչյուրը հետևում է ֆիզիկայի և քիմիայի օրենքներին, և ինչ-որ տեղ կարելի է համարել, որ մենք նույնպես որոշակի կանոնների հետևող համակարգ ենք։ Հետևաբար, կարելի է ենթադրել, որ հնարավոր է ստեղծել գիտակցությամբ օժտված սարք, քանի որ մեր գոյությունը դրա ապացույցն է։ Մյուս կողմից՝ մենք գաղափար չունենք, թե արդյունքում ինչ կստացվի։ Մենք նույնիսկ դեռ չենք կարող ամբողջովին բացատրել, թե ինչ է գիտակցությունը։ Հետևաբար, դեռ շատ վաղ է գիտակից մեքենաների մասին խոսելու համար։

Eagleman-ը նաև անդրադարձել է նաև գիտակցության պահպանման միջոցով անմահությանը հասնելու գաղափարին. արդյո՞ք դա իսկապես հնարավոր է։

Եթե կարողանանք վերարտադրել մարդկային գիտակցությունը, հնարավոր կլինի վերբեռնել մարդու գլխուղեղն ու վերաստեղծել այն մեկ ուրիշ ենթաշտամով (sub-strain), այնուհետև, տեսականորեն հնարավոր է տեղադրել այն ռոբոտի մեջ։ Այս պահին մենք շատ հեռու ենք այս հնարավորությունից, բայց երբ ժամանակը գա, հարց է ծագելու, թե ինչ է նշանակում մարդու համար անմահությունը։ Կառաջանան նաև մի շարք էթիկական խնդիրներ, ինչպես օրինակ՝ հարուստ մարդիկ կարող են ապրել հավերժ, իսկ աղքատները՝ ոչ։ Այսպիսով, հարց է ծագում՝ կկարողանա՞նք արդյոք հասանելի դարձնել այդ հնարավորությունը բոլորին։

Արհեստական բանականության թեմային անդրադարձել են նաև հեռուստասերիալի հեղինակներ Lisa Joy-ն ու Jonathan Nolan-ը։

Վերջինս միշտ տարված է եղել արհեստական բանականությամբ, և իր աշխատանքներում հաճախ կարելի է նկատել այդ թեման։ Ըստ նրա՝ հետաքրքիր է ֆիլմերում պատկերել, թե ինչ են մտածում արհեստական բանականությամբ օժտված սարքերը մեր մասին, ինչպես է տարբերվում նրանց մտածողությունը մարդկային մտածողությունից, և թե ինչպես կարող ենք չափել գիտակցությունը։ Հենց այս մասին է խոսում Ford-ի դերակատար Anthony Hopkins-ը հեռուստասերիալի հայտնի էպիզոդում։

Anthony Hopkins-ը. հատված “Westworld” հեռուստասերիալից

Lisa Joy-ը կարծում է, որ “Westworld”-ի նման վայրերը տալիս են մարդկանց այն ազատությունը, որն անհնար է ունենալ իրական աշխարհում. այստեղ նրանք կարող են ցույց տալ իրենց ողջ դաժանությունը։

Thandie Newton-ը, որը հեռուստասերիալում մարմնավորում է Mariposa Saloon-ի տիրուհուն, ավելացնում է. «եթե մարդուն սովորեցնում ես լինել հոգատար, նա դառնում է այդպիսին, եթե սովորեցնում ես ատել, նա ատում է»։

Իսկ ինչպե՞ս ենք մենք վերաբերվում սարքավորումներին։

Jonathan Nolan-ը կարծում է, որ մարդը գտնվում է միակողմանի հարաբերությունների մեջ իր սարքավորումների հետ. մենք ցանկանում ենք, որ դրանք օգնեն ու ծառայեն մեզ, բայց չլինեն չափից շատ խելացի։ «Երբ դուք XBOX եք խաղում ու շփվում վիրտուալ կերպարների հետ, խաղն անջատելուց առաջ վստահաբար երկար չեք մտածում, -ասում է նա։ Քանի որ չգիտեք, թե ինչ են մտածում ձեր հեռախոսները»։

Իսկ դուք երբևէ մտածե՞լ էիք այս մասին։

Եթե ձեզ հետաքրքում է արհեստական բանականությունն, ու ցանկանում եք մասնագիտանալ այս ոլորտում, կարող եք մասնակցել Code Republic֊ում մեկնարկող նոր դասընթացին՝ «Տվյալագիտություն և արհեստական բանականություն» թեմայով։ Դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել անուն ազգանուն և հեռախոսահամար learn@coderepublic.am հասցեով՝ Subject դաշտում նշելով «Տվյալագիտություն և արհեստական բանականություն» դասընթաց։

Code Republic-ը ծրագրավորման գիտահետազոտական կենտրոն է, որն ունի նաև ուսումնական բաժին։ Ուսումնական բաժնում խմբավորում ենք խորացված ծրագրավորումը մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինժեներության հետ։

Մենք ջանք ու ժամանակ չենք խնայում և ստեղծում ենք այնպիսի որակյալ նյութեր, որոնք ցույց են տալիս ծրագրավորման իրական կողմը` արվեստը: Առայժմ դա ստացվում է, իսկ պատճառը պարզ է.

մենք սիրում ենք այն, ինչ անում ենք։

Ձգտում ենք ունենալ ծրագրավորման, մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինժեներության խորացված լավագույն դասընթացները և վարձավճարը սահմանել ամսական հնարավոր նվազագույնը` 42 000 դրամ։ Խոստանում ենք երբեք չթանկացնել, իսկ շատ ու շատ անվճար դասընթացներ էլ տեղադրել YouTube-յան մեր ալիքում, այստեղ՝

Բոլոր ցանկացողները կարող են ստեղծել և տեղադրել նոր դասընթացներ, կամ, ինչու ոչ, գրել հայալեզու հոդվածներ Medium-ում։ Համագործակցության համար գրեք մեզ contact@coderepublic.am հասցեով։ Եվ, իհարկե, հետևեք մեզ այլ սոց. ցանցերում. Facebook, Instagram, Telegram, և որ ավելի կարևոր է՝ LinkedIn, տեղադրում ենք միայն օգտակար նյութեր։

Ջանք ու եռանդ չենք խնայում լուծելու երկրում գլխավոր խնդիրներից մեկը՝ որակյալ ծրագրավորող-ինժեներների կրթումը։ Ժամանակատար է, դժվար է, բայց կանգ չենք առնում։

Ընտրել ենք բա՛րդ ճանապարհը

--

--