Ես սկսեցի սիրել մթությունը

Gohar Khachatryan
Codzilla
Published in
4 min readMay 6, 2024

Կար մի ժամանակ, երբ ես վախենում էի մթությունից։ Հիմա կասեք, թե ինչպես կարող է հսկա դինոզավրը վախենալ մթությունից, բայց դա այդպես էր։ Իմ ընկեր Սկյուռն ինձ օգնեց հաղթել վախս և ես հիմա ավելի քաջ եմ։ Ուզո՞ւմ եք իմանալ, թե ինչպես, դե հարմար տեղավորվեք և լսեք։

Գարնանային մի տաք օր ես ու իմ սիրելի ընկերը՝ սկյուռը, կրկին որոշել էինք կաղին և ընկույզ ուտել։ Կաղնու ծառին հենված խրթխրթացնում էինք կաղիններն ու զրուցում։ Արևի մի փոքրիկ շող ընկավ ինձ վրա և ես ասացի.

— Գիտե՞ս, այնքան եմ սիրում, որ ցերեկ է, արևը երկնքում է, ոչ մի տեղ մութ չէ։

— Իսկապե՞ս, ուրեմն երեկոները չե՞ս սիրում,- հարցրեց սկյուռը։

Ճիշտն ասած չէի ցանկանում այդ մասին խոսել, քանի որ մտածում էի, որ սկյուռն ինձ չի հասկանա, բայց այնուամենայնիվ ասացի.

— Սկյուռ, անկեղծ ասած, ես մթության մեջ անհանգիստ եմ լինում, ինձ անվտանգ չեմ զգում։ Դե, ո՞նց ասեմ, վախենում եմ մթությունից։

— Ընկե՜րս, ինչ լավ է, որ պատմեցիր ինձ այդ մասին. գիտե՞ս, կար ժամանակ, երբ ես էլ էի վախենում մթությունից, իսկ երբ հասկացա, թե ինչն ինչպես է, երբ իմացա, թե մթությունն ինչքան զվարճալի կարող է լինել, վախերս հեռացան, նույնիսկ սկսեցի սիրել մթությունը։

— Իսկապե՞ս, այդ ինչպե՞ս։ Ինձ էլ սովորեցրու, խնդրո՜ւմ եմ։

— Իհարկե։ Նախ արի մտածենք, թե ինչու ենք լարվում մթության մեջ։ Երբ մութ է, մենք հստակ չենք տեսնում առարկաները, մեզ կարող է թվալ, թե կոշիկը գլխարկ է, մկնիկը՝ ձկնիկ․ դե մութ է, չենք տեսնում։ Ու քանի որ չենք հասկանում մեր կողքն ինչեր կան, սկսում ենք լարվել։ Բայց իրականում դրանք նույն առարկաներն են, որոնք լուսավորության մեջ ընդհանրապես վախենալու չեն։ Իսկ հիմա փորձենք հասկանալ, թե ինչու է մթնում։ Սկսենք պարզից։ Դու գիտե՞ս, թե ինչպես է ստվեր առաջանում։

— Ը-ը-ը-ը-ը, ոչ։

— Հիմա քեզ կսովորեցնեմ, դա այնքան հետաքրքիր է։ Նայի՛ր,- սկյուռը վերցրեց ամենամեծ ընկույզը և պահեց արևի տակ։- Ի՞նչ կասես ընկույզի մասին, այն ամբողջությա՞մբ է լուսավորված։

— Դե, այս կողմը, որ արևի տակ է, ավելի է լուսավորված։

— Այո, ճիշտ է, իսկ հակառակ կողմում՝ գետնին, ընկույզի ստվերն է։ Այն ճառագայթները, որոնք ընկել են ընկույզի վրա, չեն հասել գետնին, և այդտեղ նկարվել է ստվեր։

— Ինչ հետաքրքիր է, այդ մասին չէի մտածել։

— Ես դեռ ամենահետաքրքիրը չեմ պատմել։ Գիտե՞ս, որ մենք ապրում ենք Երկիր մոլորակի վրա։ Իսկ արևը հսկա վառվող գունդ է։ Արևը բոլոր ուղղություններով լույսի շողեր է արձակում։ Իսկ Երկիրը միշտ պտտվում է իր շուրջը, գիտե՞ս։ Այ հենց հիմա, մենք կանգնած ենք պտտվող մոլորակի վրա ու դա չենք զգում։ Արի միասին «Արև ու Երկիր» խաղանք։ Դու արևն ես, իսկ ես՝ Երկիրը։

Սկյուռիկն ինձ կանգնեցրեց ու սկսեց պտտվել, շատ ծիծաղելի էր։ Հետո ինքն էր արևը, ես՝ Երկիրը, ինքը կանգնել էր, իսկ ես պտտվում էի։ Իսկ հետո կաղնու ծառն էր արևը, իսկ ես ու սկյուռիկը Երկիրն էինք։ Պտտվեցինք, պտտվեցինք, ընկանք ու ծիծաղեցինք։

— Հիմա արի հասկանանք, թե ինչպես է մթությունն առաջանում,- ասաց սկյուռը.- Հիշո՞ւմ ես, կաղնու այն կողմը, որն արևին էր նայում, ավելի լուսավոր էր, քան հակառակ կողմը։ Պատկերացրու, որ լուսավոր կողմում ցերեկ է, իսկ հակառակ կողմում՝ գիշեր։

— Ուզում ես ասել, երբ արևն ընկնում է Երկրի վրա, երկրի մի մասում լուսավոր է, իսկ հակառակ կողմում մո՞ւթ։

— Այո, ճիշտ այդպես է, Երկիրը պտտվում է, Արևը որ հատվածի վրա սկսում է քիչ-քիչ ընկնել, այդտեղ սկսվում է առավոտը, հետո արևն ավելի շատ է ծածկում այդ հատվածը, արդեն ցերեկ է լինում։ Իսկ երբ Երկիրն արդեն այնքան է պտտվում, որ Արևն այդտեղ չի ծածկում, արդեն սկսում է երեկոն ու գիշերը։

— Ի՜նչ հետաքրքիր է։ Հիմա հասկացա, թե ինչու է մթնում։ Մութն ընկնում է, բոլորը քնում են, իսկ երբ Արևը կրկին մեր կողմից է լինում, առավոտը սկսվում է և մենք արթնանում ենք։

— Իսկ դու գիտե՞ս, որ կան կենդանիներ, ովքեր ցերեկն են քնում, իսկ գիշերն արթուն են,- հարցրեց սկյուռը։

— Իսկապե՞ս, օրինակ կասե՞ս։

— Իհարկե, օրինակ բուն, կամ չղջիկը։

— Օօօ, ես այդպես չէի կարող, ես սիրում եմ քնել մթության մեջ։ Ես հասկացա, թե ինչու էիր ասում, որ մթությունը հետաքրքիր է, հիմա բացատրիր, թե ինչու է մթությունը զվարճալի։

— Որովհետև մթության մեջ կարելի է շատ խաղեր խաղալ։ Կինոթատրոններում պետք է մութ լինի, որ ֆիլմն ավելի հաճույքով դիտենք։ Պետք է մութ լինի, որ կարողանանք ստվերներով ներկայացում պատրաստել։ Պատկերացրո՛ւ, թղթից կտրում ենք սկյուռիկ, գնում ենք մութ սենյակ, թղթե սկյուռիկի հետևում լույս ենք պահում, հակառակ կողմում պատին ի՞նչ կհայտնվի։

— Սկյուռիկի ստվերը։

— Այո, եթե շարժենք թղթե սկյուռիկը, ստվերն էլ կշարժվի, եթե շարժենք ու խոսենք, հետո մի քանի հերոսներ էլ ավելացնենք, կստացվի հրաշալի ներկայացում։

Ես ու սկյուռիկը թղթից կենդանիներ կտրատեցինք, իսկ երբ մթնեց, կանչեցինք բվիկին և չղջիկին ու միասին ստվերների ներկայացում կազմակերպեցինք։

Այդպես ես հաղթեցի վախերս ու սկսեցի շատ սիրել մթությունը։

--

--

Gohar Khachatryan
Codzilla

Passionate Entrepreneur and Innovator I Co-Founder & CEO at Codzilla I Primary Education Methodologist I Product Manager I Author I Lifelong Learner