Ինչո՞ւ է ցավում դինոյի ատամը

Gohar Khachatryan
Codzilla
Published in
3 min readMar 26, 2024
Ես էլ կաղին չեմ կարո՞ղ ուտել․․․

Ողջույն, ինձ ճանաչում ես չէ՞, ես Կոձիլլան եմ, նարնջագույն, ընկերասեր ու շատախոս դինոզավրիկ եմ։ Դե քանի որ շատախոս եմ, արի քեզ մի հետաքրքիր պատմություն պատմեմ։

Իսկ պատմությունս եղել է շատ տարիներ առաջ, երբ դեռ ապրում էի ջունգլիներում, որտեղ ծառերը հասնում էին երկնքին, իսկ երկինքն այնքան բարձր էր, որ ամենաբարձր ծառին էլ բարձրանայիր, չէիր հասնի։

Այդ օրը առավոտյան, սովորականի պես արթնացել էի, հագնվել, մեկ վայրկյանում լվացել էի ատամներս, նախաճաշել էի ու վազելով գնացել էի ընկերոջս հետ հանդիպման։ Ես ու իմ ամենամտերիմ ընկերը՝ սկյուռիկը, որոշել էինք գտնել ջունգլիի ամենահամեղ կաղինն ու ընկույզը։

Սկյուռիկները շատ ուժեղ հոտառություն ունեն, ընկերս հեշտությամբ կողմնորոշվեց, թե որ ծառի կաղիններն են ամենահամեղն ու խրթխրթանը։ Մենք հավաքեցինք կաղիններ և ընկույզներ, հարմար տեղ գտանք, տեղավորվեցինք խոտերի մեջ և սկսեցինք ուտել։

Կաղին ու մի փոքր էլ ընկույզ․․․

Խըրթ աջ կողմով, խըրթ ձախ կողմով, խըրթ-խըրթ, խըրթ-խըրթ երկու կողմով, թուշիկներում լիքը կաղին լցրած՝ խրթխրթացնում էինք ու ծիծաղում։ Մի հատ էլ խըրթ, այս ի՞նչ եղավ, շուրջս մթնեց միանգամից, բոլոր ձայները լռեցին, քարացա, բայց քիչ անց չդիմացա ու այնպես բարձր բղավեցի, որ թփերում թաքնված բոլոր թռչունները վախեցած դուրս թռան ու ինչքան ուժ ունեին հեռացան։

_Ի՞նչ եղավ,- զարմացած հարցրեց սկյուռ ընկերս։

_Ա՜յ, այ-այ-այ-այ, ատա՜մս, ա՜յ, ցավո՜ւմ է, վա՜յ։

Սկյուռիկը խելացի էր, առանց խուճապի արագ կողմնորոշվեց, թե ինչ է պետք անել։

_Կոձիլլա, արի շուտ գնանք մեր ջունգլիի ամենածեր ու ամենաիմաստուն բվիկի մոտ։ Նա քեզ կօգնի։

Մենք գնացինք անտառի ամենածեր ու ամենաիմաստուն բվիկի մոտ։

Իմաստո՛ւն բու, խնդրում եմ, օգնի՛ր ընկերոջս, նրա ատամը շատ է ցավում․․․

Նա խնդրեց, որ բացեմ բերանս, որպեսզի տեսնի, թե ինչու է ցավում ատամս։

_ Կոձիլլա՛, — ասաց բվիկը, — քո ատամների արանքում այնքան ուտելիքի մնացորդ կա, որ ես հանգիստ կարող եմ ասել, թե դու ինչեր ես կերել այս շաբաթ։ Ահա այս երկու ատամներիդ արանքում կա սունկ, կողքի ատամի արանքում կանաչի, այստեղ կա խնձորի մնացորդ, դու կերել ես նաև ելակ, լոլիկ և տանձ, դե մի փոքր էլ կաղին։ Կոձիլլա՞, դու ատամներդ լվանո՞ւմ ես։ Այսպես բոլոր ատամներդ կսկսեն ցավել։

_ Բայց այդ ինչպե՞ս, չեմ հասկանում, — կմկմալով ասաց Կոձիլլան, — ախր լվանում եմ, ամեն օր, ազնիվ խոսք։

_ Հը՜մ, — մտածեց բվիկը, — ես միայն մեկ լուծում եմ տեսնում, արի գնանք քո տուն, ցույց տուր, թե ինչպես ես լվանում ատամներդ։

Դե ինչ արած, գնացինք իմ տուն, այնտեղ լոգասենյակում, ես շատ ինքնավստահ էի, ես գիտեի, թե ինչպես են ատամ լվանում։ Վերցրի խոզանակս ու ցույց տվեցի, թե ինչպես եմ կարողանում մեկ վայրկյանում լվանալ ատամներս։

_ Ա՜ հա՜, — ասաց բվիկը, — ես հասկացա, թե ինչումն է խնդիրը։ Սպասեք այստեղ, հիմա կգամ։

Մի փոքր անց բվիկը վերադարձավ ճանկերում ավազե ժամացույց բռնած, և ասաց, որ այդ ժամացույցը նա նվիրում է ինձ։

Ես չեմ կարող ավարտել ատամներս լվանալը, քանի դեռ ավազի հատիկներն ամբողջությամբ վերևից ներքև չեն թափվել։

Բվիկը բացատրեց, որ ես շատ կարճ ժամանակ եմ ծախսում ատամներս լվանալու համար։ Որպեսզի ատամներս առողջ մնան, ես պետք է ավելի երկար ատամներս լվանամ։ Այդ հարցում ինձ կօգնի ավազե ժամացույցը։ Ես չեմ կարող ավարտել ատամներս լվանալը, քանի դեռ ավազի հատիկներն ամբողջությամբ վերևից ներքև չեն թափվել։

Ես այնքան ուրախացա, որ որոշեցի անմիջապես փորձարկել։ Պտտեցի ավազե ժամացույցն ու մանրամասն լվացի ատամներս։ Հետո խնդրեցի բվիկին, որ նորից ստուգի։

_ Շատ լավ է, — ասաց բվիկը, էլ ոչ մի ուտելիքի մնացորդ չեմ տեսնում։ Այսպես կանես առավոտյան և երեկոյան, ատամներդ կլինեն առողջ ու երկար ժամանակ ցավ չես զգա։

_ Շնորհակալություն բվիկ, դու ինձ շատ օգնեցիր։ Ես այնքան էի վախեցել, մտածում էի, որ էլ չեմ կարողանա իմ սիրելի կաղիններն ուտել։ Օ՜, մենք դեռ շատ կաղիններ ունենք։ Եկեք միասին գնանք խոհանոց և կաղինով թեյ խմենք։

Այդպես էլ արեցինք։ Հույս ունեմ, որ պատմությունս քեզ նույնպես կօգնի, դու էլ ճիշտ կլվանաս ատամներդ ու երկար ժամանակ կունենաս առողջ և ամուր ատամներ։

--

--

Gohar Khachatryan
Codzilla

Passionate Entrepreneur and Innovator I Co-Founder & CEO at Codzilla I Primary Education Methodologist I Product Manager I Author I Lifelong Learner