Ինչպես մոտիվացնել երեխաներին

Gohar Khachatryan
Codzilla

--

Մոտիվացիան շարժառիթ է, որը կարող է կախված լինել ներքին և արտաքին գործոններից, որոնք դրդում են մարդկանց, երեխաներին իրականացնել գործողություններ, որպեսզի հասնեն իրենց նպատակին։

Երբ կա նպատակ, որին հասնելու ցանկություն չկա, բայց պետք է դա կատարել ստիպողաբար, չի կարող ունենալ արդյունք, որին կարող եք հասնել, եթե մարմնիդ բոլոր բջիջներով ցանկանայիք դա անել։ Այս փաստն առավել նուրբ է, երբ խոսքը երեխաների մասին է, ստիպե՞լ երեխաներին անել դա, թե՞ մոտիվացնել։ Միգուցե թվում է, թե ստիպելը հեշտ է, արդյունքն արագ է երևում, հետևաբար նաև արդյունավետ է, բայց արդյունքում որքան է ճնշվում երեխան, որքան կապեր են քանդվում իր համար, և հարց է առաջանում, արդյո՞ք երեխային փոխանցեցինք լավը, ոգևորեցի՞նք, թե՞ հակառակը, սահմանափակեցինք, թույլ չտվեցինք պայքարել, ազատ մտածել, վերջիվերջո հաղթահարել իր առջև դրված փոքրիկ խոչընդոտը։

Որոշ երեխաներ մոտիվացված են, ոմանք էլ ունեն աջակցման կարիք…

Որոշ երեխաներ մոտիվացված են բնույթով, ոմանք էլ ունեն աջակցման կարիք այդ հարցում։ Հավատացե՛ք, երեխաներին մոտիվացնելը շատ ավելի հեշտ է, քան մեծահասակներին։ Կարևոր է ճանաչել երեխայի նախասիրությունները, հետևել առօրյային, իր կատարած ընտրություններին, որոշումներին և օգտվել ստորև թվարկված մեթոդներից՝

1․ Զրուցեք՝ Հաճախ զրուցեք երեխաների հետ, պատմեք Ձեր անելիքների և նպատակների մասին, պատմեք, թե ինչու եք որոշել այդ նպատակին հասնել, ինչու է դա կարևոր և ինչու է անհրաժեշտ, ինչն է խանգարում անել դա և ինչպես եք պատրաստվում հասնել դրան։ Զուգահեռ հարցադրումների միջոցով էլ իրեն ուղղորդեք արտահայտվել, ինչ է կարծում Ձեր ասածի մասին, միգուցե առաջարկի օգնել Ձեզ, պատրաստ եղեք ընդունել դա։

2․ Որոշել այն նպատակները, որոնց պետք է հասնի երեխան՝ Անմիջական զրույցի արդյունքում վերհանեք այն գաղափարները, որոնց շուրջ ցանկանում եք երեխան մտածի, ընտրեք նպատակները, քննարկեք դրանց կարևոր կողմերը, դրական կողմերը։ Կարևոր է ընտրել մի քանի հեշտ հասանելի նպատակներ, սակայն որոնց ի կատար ածելու համար պետք է ջանք գործադրել, և վերջում մի ավելի դժվար հասանելի նպատակ։

3․ Սահմանել քայլերը՝ Ցանկացած նպատակի հասնելու համար պետք է մշակել ստրատեգիկ պլան․ որն է այն լավագույն ճանապարհը, որով նպատակին հասնելը կլինի լավագույնը, հաճելին, հետաքրքիրը, երեխան ինքը պետք է ընտրի։ Երեխայի հետ պոստեռ պատրաստեք, որտեղ արտացոլված կլինեն իր նպատակներին հասնելու քայլաշարերը, և տեղ հատկացրեք դրանք կատարելուց հետո նշումների համար։ Ձևավորեք պոստեռը, գեղեցկացրեք և որքան հնարավոր է դրական էմոցիաներ փոխանցեք երեխային այդ ընթացքում։ Միասին պոստեռը փակցրեք իր սենյակում, հասանելի անկյունում, այնպիսի բարձրության վրա, որ աչքի առաջ լինի։

Մի պոստեռ էլ Ձեզ համար պատրաստեք, որտեղ ձեր նպատակները նշված կլինեն, եղեք օրինակելի, ներգրավեք իրեն այդ գործընթացում, թեկուզ կարող է օգնել ձևավորման հարցում, կամ օգնել որոշել, թե որտեղ եք փակցնելու։

4․ Խրախուսեք նրան՝ Բաց մի թողեք ամենափոքր ձեռքբերումները և անկեղծ արտահայտվեք այդ մասին, ցույց տվեք, որ Դուք հավատում եք իրեն և ոչ մի դեպքում կասկածի տակ մի դրեք, որ նա դա չի կարող անել։

5․ Ցուցաբերեք հետաքրքրվածություն՝ Պարբերաբար միասին մոտեցեք պոստեռին, ոչ թե ստուգելու, այլ ցույց տալու Ձեր հետաքրքրվածությունը և ներգրավվածությունը։ Շատ զրուցեք երեխայի հետ, թույլ տվեք, որ վստահի Ձեզ։

-Ինձ դուր են գալիս հրթիռները, դրանցից դուրս եկող կրակը շատ գեղեցիկ է․․․

6․ Բացահայտեք ոգևորության աղբյուրը՝ Փորձեք նորը, հետևեք և օգնեք երեխային էլ հասկանալ, թե ինչն է իրեն ոգևորում։ Զրուցեք այն մասին, թե ինչ զգաց նա, ինչը դուր եկավ, և հիշեք, զրուցեք, ոչ թե հարցաքննեք, մի՛ մոռացեք Դուք էլ ձեր զգացածով կիսվել իր հետ։

7․ Տոնեք հաղթանակները՝ Հատուկ օր հայտարարեք այն օրը, երբ նա կհասնի իր նպատակին, հետաքրքիր ուտեստ կամ կոկտեյլ պատրաստեք, կամ իր նախասիրություններին համապատասխան մի բան կազմակերպեք։ Միգուցե իրեն գերագույն հաճույք կպատճառի այն, որ դուրս գաք բակ և իր հետ ֆուտբոլ խաղաք։ Ոգևորեք նրան իր նպատակներով և հաղթանակներով, Ցույց տվեք, որ դուք էլ եք ոգևորված և փոխանցեք նրան դրական էներգիայի ամբողջ հոսանքը։

Երեխաներին մոտիվացնելը որքան կարևոր, այնքան էլ պատասխանատու գործ է, վստահ եղեք, արդյո՞ք ճիշտ նպատակներ եք ընտրել Ձեր երեխաներին մոտիվացնելու համար։

Եվ վերջում՝ հիշե՛ք, երեխաների հետ աշխատելիս արդյունքի հասնելու համար ծնողը կամ ուսուցիչը պետք է հետևեն կարևորագույն 2 պայմանի՝

1․ Լինել օրինակելի՝ Ձեր գործով ցույց տվեք, որ դա հնարավոր է, լավ է և արդյունավետ։

2․ Լինել հետևողական՝ առօրյա հոգսերից ծանրաբեռնված և ուժասպառ եղած ժամանակ էլ հիշեք, որ երեխան սպասում է Ձեր դրական վերաբերմունքին, գովեստի փոքրիկ, ամենակարճ խոսքին ու ժպիտին։

Հուսով եմ հոդվածս օգտակար կլինի և կօգնի Ձեզ գոնե փոքրիկ արդյունքներ գրանցել։

Շնորհակալություն։)

--

--

Gohar Khachatryan
Codzilla

Passionate Entrepreneur and Innovator I Co-Founder & CEO at Codzilla I Primary Education Methodologist I Product Manager I Author I Lifelong Learner